ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Հովհաննեսի 20.1-18
Գործք առաքելոց 1.1-8
Ավետարան ըստ Մարկոսի 16.2-8
Ավետարան ըստ Ղուկասի 23.50-56
Ավետարան ըստ Մատթեոսի 27.57-66
Ավետարան ըստ Մարկոսի. 1:29-39
ՅԻՍՈՒՍ ՇԱՏԵՐ ԿԸ ԲԺՇԿԷ
29 Յիսուս ժողովարանէն ելլելով՝ Սիմոնին ու Անդրէասին տունը մտաւ Յակոբոսին եւ Յովհաննէսին հետ։ 30 Սիմոնին զոքանչը ջերմէ բռնուած՝ պառկած էր։ Զոքանչին համար ըսին իրեն։ 31 Յիսուս մօտեցաւ, անոր ձեռքէն բռնեց, վերցուց զանիկա եւ իսկոյն ջերմը թողուց զանիկա ու անոնց սպասաւորութիւն կ՚ընէր։
32 Իրիկունը՝ արեգակին մարը մտած ատենը՝ բոլոր հիւանդները եւ դիւահարները իրեն կը բերէին։ 33 Բոլոր քաղաքը դուռը ժողվուեր էր։ 34 Շատ հիւանդներ՝ կերպ կերպ ցաւերէ՝ բժշկեց ու շատ դեւեր հանեց։ Դեւերուն խօսիլ չէր տար, վասն զի զինք կը ճանչնային։
35 Առաւօտուն շատ կանուխ ելլելով՝ դեռ չլուսցած՝ գնաց անապատ մը եւ հոն աղօթք ըրաւ։ 36 Սիմոն եւ իրեն հետ եղողները գացին անոր ետեւէն։ 37 Երբ գտան զանիկա, ըսին անոր. «Ամէնքը քեզ կը փնտռեն»։ 38 Ան ըսաւ. «Եկէք երթանք մերձակայ գիւղաքաղաքները, որպէս զի հոն ալ քարոզեմ, վասն զի այս բանին համար եկեր եմ»։ 39 Բոլոր Գալիլիայի ժողովարաններուն մէջ կը քարոզէր ու դեւեր կը հանէր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Այսօր Հարության տոնն է. Քրիստոս Հարյավ ի մեռելոց: Դուք պատասխանում եք. Օրհնեալ է Հարությունը Հիսուս Քրիստոսի: Շնորհավորում եմ բոլորիդ Կյանքի տոնի առթիվ, քանի որ Հարությունը ինքնին կյանք է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ է կոչվում մահացած մարդու վերակենդանացումը, որը կատարվում է աստվածային զորությամբ: Սուրբ Գրքից հայտնի են հարության բազմաթիվ դեպքեր, որոնք կատարվել են սրբերի միջոցով՝ Իր իսկ՝ Աստծո Որդու կողմից: Սակայն դրանք բոլորն էլ անհամեմատելի են Քրիստոսի հրաշափառ հարության հետ, որով Աստված տնօրինեց մեր փրկությունը և բացահայտեց համընդհանուր հարության խորհուրդը: Հարության մանրամասներին մենք նախորդ սերտողությունների ժամանակ անդրադարձել ենք մանրամասնորեն: Միայն համառոտ ձեզ տեղեկացնում Հարության խորհրդին և սկսենք մեր սերտողությունը:
Հիսուսի հարությունը լոկ վերակենդանացում չէ, ինչպիսին էր Ղազարոսի հարությունը, որից հետո նա ապրեց ինչպես առաջ և ի վերջո դարձյալ մահացավ: Քրիստոսի հարությունը անմահության մեջ էր՝ այնպիսի մարմնով, որն այլևս ենթակա չէ երկրային օրենքներին: Նա հայտնվում էր անսպասելի, մտնում փակ դռներով ու անհետանում նույնքան անսպասելի: Եվ միաժամանակ դա նույն՝ խաչի վրա չարչարված մարմինն էր՝ Իր ձեռքերին ու ոտքերին, Իր խոցված կողին կրած վերքերով: Նա տեսանելի էր ու շոշափելի և միևնույն ժամանակ այլ աշխարհում էր՝ հավիտենության մեջ: Նա նաև մարդկանց մեջ էր՝ նրանց սրտերում: Այս պատճառով աշակերտները, երբ տեսնում էին հարություն առած Հիսուսին, իսկույն երկրպագում էին Նրան որպես Աստծո:
Շատերը ասում են, թեթ Քրիստոս մնար երկրի վրա, մարդիկ ավելի պարկեշտ կյանքով կապրեին: Դա այդպես չէ, որովհետև մենք տեսանք Քրիստոսի ժամանանակից հոգևոր առաջնորդներին, որոնք ատեցին Նրան՝ չհավատալու պատճառով: Մինչդեռ իրենք օրենքն ասում էր սիրիր Աստծուն և մերձավորիդ նույնպես: Նույնիսկ որպես մերձավոր չսիրեցին Քրիստոսին:
Բացի դրանից Քրիստոս մարմին առավ, մտավ մարդկային սահմանափակության մեջ՝ մարդու փրկության համար: Նա չէ՛ր կարող սահմանափակվել որոշակի վայրի մեջ ապրելով: Եթե Գալիլիայում էր, չէ՛ր կարող միաժամանակ լինել Երուսաղեմում: Իսկ Աստված անսահմանափակության մեջ է գործում: Ինչպես որ մեկի սրտո՛ւմ է, այնպես էլ մյո՛ւսի և հազարավորների և ամենուր:
Իր հարությամբ Հիսուս Քրիստոս ո՛չ միայն մեզ հարություն տվեց մեր մեղքերից, այլև դարձավ արարածների անդրանիկ Պտուղը՝ առաջին հարություն առած Մարդը՝ այդպիսով խորտակելով մահվան իշխանությունը մարդկային բնության վրա, կատարելով մարգարեների կանխագուշակությունը և իրականացնելով մարդկության բոլոր ակնկալիքներն ու հույսերը, ինչպես ասում էր Օսէէ մարգարեն. «Որտե՞ղ է քո հաղթանակը, մա՛հ, Որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք» Օսէէ. 13:14: Սուրբ Հարության տոնը Եկեղեցին անվանում է նաև Սուրբ. Զատիկ, քանի որ այն տեղի ունեցավ Իսրայելի Զատիկի մեծ տոնի օրը՝ դրանով միաժամանակ խորհրդանշելով Քրիստոսի հարությունը իբրև նոր Զատիկ:
Սիրելիներ այս տեղեկությունը ձեզ տալիս եմ որպես գիտություն, որպեսզի միշտ հիշեք, թե ինչո՞ւ կոչվեց Զատիկ, և ի՞նչ է դա նշանակում:
ԶԱՏԻԿ է կոչվում ամենամեծ, կարևոր և սիրված տոներից մեկը թե՛ նախկինում՝ Իսրայելի, թե՛ այժմ՝ քրիստոնյաներիս համար: Եբրայերեն այն կոչվում է Պասեք, որ նշանակում է անցում որևէ տեղից կամ վիճակից դեպի մյուսը: «Զատիկ» բառը հավանաբար սրա ոչ բառացի թարգմանությունն է՝ «զատում, անջատում» իմաստով: Աստված Պասեքը Իսրայելի մեջ հաստատեց Եգիպտոսից նրանց դուրս գալուց առաջ՝ խորհրդանշելով նրանց ազատագրումը Եգիպտոսի գերությունից և զատումը հեթանոսական միջավայրից: Այն ժամանակ Տերը պատվիրեց, որ յուրաքանչյուր իսրայելացի ընտանիք մի գառ մորթի, նրա արյունը քսի իր տան մուտքի դռան սեմին, իսկ միսը խորովի և ուտի մինչև առավոտ: Սրանով իսրայելացիները զերծ մնացին այն պատուհասից, որ այդ գիշեր Տերը բերեց ողջ Եգիպտոսի վրա. նա ոչնչացրեց եգիպտական բոլոր ընտանիքների առաջնեկներին, և դրանից սարսափելով՝ փարավոնն ազատություն շնորհեց իսրայելացիներին:
Այս մեծ իրադարձության հիշատակն Իսրայելը տոնում էր դարեր շարունակ: Սակայն Զատիկը, ինչպես և ամեն ինչ հին ուխտում, խորհրդանիշն էր նոր ուխտի՝ այն մեծագույն իրադարձության, որ կատարվեց Քրիստոսի կողմից. քանզի մորթվող զատկական գառը խորհրդանշում էր Աստծո Գառի զոհաբերությունը խաչի վրա. դռան սեմին քսվող գառան արյամբ պատուհասից զերծ մնալը խորհրդանշում էր մեր մեղքերի թողությունը Քրիստոսի արյամբ՝ Սուրբ Հաղորդության միջոցով: Իսկ իսրայելացիների ելքը Եգիպտոսից՝ քրիստոնյաների զատումն էր հեթանոսությունից, ազատագրումը մեղսալից կյանքի ստրկությունից:
Այս խորհրդով էլ Քրիստոս խաչ բարձրացավ հրեաների Զատիկի տոնին և երրորդ օրը հարություն առնելով՝ մեզ հարություն տվեց մեղքի մահից: Նրա հարության հիշատակը մեզ համար դարձավ քրիստոնեական Ս. Զատիկի փառավոր տոնը, որով եզրափակվում է Ավագ շաբաթը:
Այն տոնվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնին հաջորդող կիրակի օրը:
Այսքանը ձեզ՝ Զատկի տոնի մասին, իսկ այժմ տեսնենք թե ի՞նչ ունենք սովորելու այսօրվա մեր սերտողությունից: Կափառնայում կոչվող գյուղաքաղաքում էր մեր Տերը Իր նորընտիր աշակերտների հետ, որոնք նույնպես այդ քաղաքից էին: ժողովարանի ուսուցումից և բժշկությունից հետո Տէր Հիսուս այդ աշակերտների հետ գնացին Սիմոնի և Անդրեասի տունը, նրանց հետ էին նաև Հակոբոսն ու Հովհաննեսը: Այստեղ նա բժշկեց Սիմոնի զոքանչին, որը մեզ ծանոթ է նախորդ սերտողություններից: Երբ լուրը տարածվեց, որ Նա Սիմոնի տանն է, մինչև երեկո և մայրամուտ մարդիկ բերում էին իրենց դիվահարվածներին և զանազան հիվանդություն ունեցողներին: Կռահեցի՞ք, թե ինչո՞ւ էին մայրամուտին բերում իրենց հիվանդներին բժշկության: Որովհետև շաբաթ էր և մարդիկ չէին խախտում սահմանված շաբաթի օրենքը, իսկ երեկոն արդեն շաբաթը ավարվում էր: Եթե անկեղծ լինենք ասելու համար, որ այս մարդիկ Քրիստոսի մոտ բերում էին իրենց հիվանդներին ո՛չ թե նրա համար, որ խիստ հասկացել էին Նրա վարդապետությունը կամ Աստծու Որդի լինելու հանգամանքն էին հաշվի առել, այլ բուժումը անվճար էր, անհավանական բժշկություն էր, որ մինչ այդ երբեք չէին տեսել նման հրաշքներ: Պատկերացրեք, եթե այսօր այդ հնարավորությունը լիներ, ի՞նչ կանեին մարդիկ հերթերի պատճառով: Եկողները պարզ մարդիկ էին, գուցե հիվանդանում և մեռնում էին իրենց հիվանդության մեջ, առանց հասկանալու, թե ի՞նչն է պատճառը: Հիսուս Քրիստոսի իշխանությունը դևերի վրա ակնհայտ դարձավ առաջին դիվահարի բժշկությունից, երբ նա սաստեց դևին և դուրս հանեց: Դուրս հանեց դևին և արգելեց խոսել և վկայել Իր մասին: Որովհետև գիտեին Իր մասին, որ Քրիստոսն է: Մենք տեսնում ենք, որ նույնը անում է նաև Սիմոնի տանը, հանում է դևերին և արգելում է նրանց խոսել: Տէր Հիսուս չէր կամենում չար ոգիների վկայության միջոցով ներկայանար մարդկանց, որպեսզի նաև չդառնար կախարդությունների և գուշակությունների առիթ ժողովրդի մեջ, իբրև թե Նա խոսում է դևերի հետ: Չնայած մենք հետագայում կտեսնենք, որ քահանայապետները նաև այդ բանում են մեղադրում Նրան՝ ասելով թե դևերի հետ է համագործակցում;
Ավետարանն ասում լույսը բացվելուց առաջ Քրիստոս գնաց մի ամայի տեղ և աղոթքի կանգնեց: Ինչքան էլ որ մենք փորձենք լիարժեք հասկանալ Քրիստոսի աղոթքի պահը, միևնույն է անկարող ենք: Մենք գիտենք, թե ի՞նչ ենք աղոթում, ինչո՞ւ ենք աղոթում, ո՞ւմ ենք աղոթում: Սակայն հասկանալի չէ, թե ի՞նչ էր աղոթում Հիսուս Քրիստոս ծանր բժշկությունների գիշեր ունենալուց հետո: Տէր Հիսուս և՛ մարդ էր, և՛ Աստված էր: Աղոթում էր մարդը՝ Աստվածությանը: Նա մշտական կապի մեջ կարող էր լինել ինչպես Երկնավոր Հոր, այնպես էլ Սուրբ Հոգու հետ, քանի որ Նրանք Մի են:
Նրան գտնում են աղոթքի վայրում Սիմոնն ու մյուսները և ասում են,- բոլոր Քե՛զ են փնտրում: Բնական է որ մարդիկ պատրաստ էին նույնիսկ գիշերները չքնել, միայն թե ստանային իրենց կենդանարար բուժումները:
Մարդիկ ավելի շատ հակված էին արագ բժշկվելու, քան սովորելու մեղքից ազատվելու գաղտնիքը: Տէր Հիսուս թեպետ բժշկում էր մարդկանց, սակայն այստեղ Սիմոնից մի գաղտնիք բացեց, ասելով,- գնանք այստեղից այլ գյուղաքաղաքներ, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հե՛նց դրա համար եմ եկել…
Չէր ժխտում բժշկության կարևորությունը, սակայն գլխավոր շեշտը դնում է քարոզության վրա: Ինչո՞ւ է պետք քարոզել: Ավելի լավ չէ՞ր, որ մարդկանց բժշկեր և մարդիկ առողջանան ու գնան իրենց կյանքը երջանիկ ապրեն: Այսպես էին մտածում այն մարդիկ: Այսպես են մտածում նա՛և այսօր: Գուցե այն ժամանակ շատ հայտնի չէր, որ հիվանդությունը մեղքի արդյունք է: Իսկ հիմա, Ավետարաններ կարդալուց հետո հասկացել ենք որ մեղքի հետևանքը հիվանդություն է և դրա վարձն էլ մահ է:
Այդ պատճառով էր Տէր Հիսուս կարևորում իր քարոզությունը, որպեսզի մարդկանց սրտերում առաջացնի մեղքի գիտակցություն և յուրաքանչյուր ոք ինքն ազատվի իր մեղքից ու հիվանդությունից: Այսօրվա ժամանակակից մարդն էլ ավելի շուտ կկամենա բուժվել իր հիվանդությունից մի հրաշքով կես ժամվա ընթացքում, քան մեկ ժամանոց քարոզ լսել՝ մեղքի գիտակցության և ապաշխարության մասին: Տէր Հիսուս Իր աշակերտներին, որպես իր հետևորդներ մի քանի շատ կարևոր պատգամներ տվեց, որոնցից մեկը քարոզությունն է, ուսուցումը՝ ինչ որ ինքը սովորեցրեց աշակերտներին, որովհետև առանց Քրիստոսի վարդապետության ուսուցման, ձախողված է ամեն բան: Մեր Տէրը խոսում էր բազմության համար, խոսում էր աշակերտների համար, խոսում էր անհատ մարդկանց համար, որոնք մոտենում էին իրենց համար անհասկանալի հարցերով; Յուրաքանչյուրի հետ խոսում էր ըստ իր ընկալելու աստիճանի և կարողության: Որպեսզի անդամալույծը հասկանա, որ իր հիվանդությունը իր մեղքից էր առաջացել, նրան ասում է,- քո մեղքերը քեզ ներվա՛ծ են և մարդը վերցնում է իր մահիճը և գնում է իր տուն; Տէր Հիսուս այսօր էլ կամենում է որ մարդը անձամբ մասնակից դառնա իր սեփական փրկությանը՝ ազատվելով մեղքերից: Ֆիզիկական առողջությունը հետևում է հոգևոր առողջությանը Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը հետևելու դեպքում:
Կափառնայում քաղաքի բնակիչները շատ կուզենային, որ Հիսուս մնար իրենց քաղաքում և միշտ իրենց օգտակար լիներ: Նույնը ուզում ենք նաև մենք այսօր, որ մեկը մեզ համար հոգ տանի: Մեկը մեզ համար աղոթք անի: Ես առիթ ունեցել եմ ներկա լինելու մեռելոց հիշատակության պատարագներին, որտեղ ննջեցյալների անունները անթիվ անհամար են, իսկ աղոթողների թիվը՝ չափազանց սակավ: Այսինքն սա նշանակում է, որ իրենց ննջեցյալի անունը գրում են, որ քահանան աղոթի, իսկ իրենք չեն մասնակցում այդ աղոթքին: Իսկ Տէր Հիսուս այլ բան է սովորեցնում մեզ. մե՛նք պետք է ջանք թափենք մեր աղոթքի, մեր ողորմության, մեղքից հեռանալու և բոլոր հոգևոր քայլերի մեջ՝ հիմք ունենալով Աստծու խոսքի քարոզությանը: Մենք միմյանց համար նույնպես պետք է աղոթենք անպայման, որովհետև տեսնում ենք, որ մարդիկ Քրիստոսի մոտ բերում են նաև այլ մարդկանց, այսինքն մեկը բարեխոսում է մյուսի համար: Ինչպես օրինակ Պետրոսի զոքանչը: Հավանաբար Պետրոսը իրենց տուն բերեց Քրիստոսին՝ խնդրելով, որ բուժի իր զոքանչին: Զոքանչի բժշկության մեջ ևս մի ուշագրավ բան կա: Բոլորս հիվանդացել ենք և ջերմություն ենք ունեցել: Բոլորիս ծանոթ է այս երևույթը: Նույնիսկ եթե դեղահաբից հետ ջերմությունը թողել է մեզ, միևնույն է մենք դեռ տկար ենք զգացել այդ ժամանակ, և աշխատելու ցանկություն և ուժ չի լինում այդ ժամանակ: Իսկ Պետրոսի զոքանչը ջերմը թողնելուց անմիջապես հետո ծառայում էր նրանց: Սա նշանակում է Տիրոջ բժշկության զորությունը իսպառ վերացնում է հիվանդության հետքերը այնպես, որ մարդը կատարյալ առողջ է դառնում: Ի՞նչ կարող ենք սովորել այսօրվա դասից: Ինչպես որ Տէր Հիսուս ծանր աշխատանքային օրվանից հետո առանձնացավ մի ամայի տեղ աղոթելու, այնպես էլ մենք հատկացնենք տեղ ու ժամանակ աղոթքին և մեր հոգևոր կապը մեր Երկնավոր Հոր հետ երբեք չկտրենք: Նաև սովորենք Տիրոջ այն խոսքից, որն ասում է, թե Ես հենց քարոզելու համար եկա: Հոգևոր քարոզները թող մնայուն տեղ ունենան ձեր ժամանակացույցի մեջ՝ կրթվելու համար: Կրթվելուց հետո այլոց հրավիրելու համար, որպեսզի Քրիստոսի խոսքի քարոզությունը հասնի իր նպատակին, ինչի համար որ եկել է Մեր Տէրը: Ավարտենք այսօրվա սերտողությունը, իսկ ես ձեզ կրկին շնորհավորում եմ մեր Տիրոջ Հրաշափառ Հարության տոնի առթիվ և մաղթում եմ, որ Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք Հավիտյան: Ամեն:
Հարց. Ինչո՞ւ մարդիկ մայրամուտին էին բերում իրենց հիվանդներին