ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Մատթեոսի 27.62-66
Ծննդոց 1.1-3.24
Ելք 12.1-24
Հովնանի մարգարեությունը 1.1-4.11
Եսայու մարգարեությունը 60.1-13
Ավետարան ըստ Մարկոսի 1:21-28
ՊԻՂԾ ՈԳԻՈՎ ՄԱՐԴ ՄԸ
21 Ու մտան Կափառնայում, ուր շաբաթ օրը ժողովարանը մտնելով՝ կը սորվեցնէր։ 22 Ամէնքն ալ կը զարմանային անոր վարդապետութեանը վրայ, վասն զի իշխանութիւն ունեցողի մը պէս կը սորվեցնէր անոնց, ոչ թէ դպիրներուն պէս։ 23 Ժողովարանին մէջ մարդ մը կար, որ պիղծ ոգի ունէր իր ներսիդին, որը աղաղակեց՝ ըսելով. 24 «Թող տուր, դուն մեզի հետ ի՞նչ բան ունիս, Յիսո՛ւս Նազովրեցի. միթէ մեզ կորսնցնելո՞ւ եկար։ Գիտեմ թէ ո՛վ ես՝ Աստուծոյ Սուրբը»։ 25 Յիսուս սաստեց՝ ըսելով. «Պապանձէ ու ել ատկէ»։ 26 Պիղծ ոգին սաստիկ ցնցեց զանիկա ու մեծ ձայնով մը աղաղակեց ու անկէ ելաւ։ 27 Ամէնքը զարմացան, այնպէս որ իրարու հարցուփորձ կ՚ընէին. «Այս ի՞նչ է, ի՞նչ նոր վարդապետութիւն է այս, որ իշխանութիւնով պիղծ ոգիներուն ալ կը հրամայէ ու իրեն կը հնազանդին»։ 28 Շուտ մը իր համբաւը Գալիլիայի բոլոր կողմերը տարածուեցաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր Ավագ շաբաթն է. և Ճրագալույց է: Երկու խոսքով ձեզ տեղեկացնեմ օրվա խորհրդին, և անցնենք մեր սերտողությանը:
Ավագ Շաբաթ է կոչվում Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը, որի յուրաքանչյուր օրը Ավագ անունն է կրում, քանի որ այդ ընթացքում Քրիստոս իրականացրեց Իր վերջին, գլխավոր տնօրինությունները: Շաբաթվա սկզբից ես ձեզ խոսեցի այդ մասին: Այդ օրերին Եկեղեցին հանդիսավոր արարողություններով մասնակից է դառնում Տիրոջ երկրային կյանքի այս վերջին շրջանին՝ քայլ առ քայլ ընթանալով Նրա հետ և հիշատակելով միմյանց հաջորդող խորհրդավոր և փրկարար իրադարձությունները:
Ճրագալույց է կոչվում Աստվածահայտնության և Զատիկի տոներին նախորդող երեկոյան արարողությունը: Նրա անունը ծագել է «ճրագ լուցանել (վառել)» արտահայտությունից, քանի որ եկեղեցում երեկոյան բազմաթիվ լապտերներ ու կանթեղներ են վառվում, և պատարագ է մատուցվում, որի ընթացքում բոլոր հավատացյալները վառվող մոմեր են բռնում: Արարողությունից հետո շատերը եկեղեցում վառած մոմերը, որպես օրհնություն, տանում են տուն: Ճրագալույցի լապտերների ու մոմերի լույսը խորհրդանշում է այն հոգևոր լույսի ճառագումը մեր մեջ, որ մեզ պարգևեց Փրկիչն Իր տնօրինություններով: Իրականության մեջ մեր հոգում պետք է վառ մնա ո՛չ թե ճրագ տանելու օրը, այլ Ինքը՝ Լույսը՝ մեր Տէր Հիսուս Քրիստոս. Մենք պետք է սովորենք զանազանել տոնը՝ խորհրդից, կրոնը՝ հավատքից, եկեղեցին՝ եկեղեցականից և մեր հավատքի հիմքը պետք է լինի Աստվածաշունչը, որի Հեղինակը Աստված է: Մնացած բոլորը միջոցներ են, որոնցով մոտենում ենք Աստծուն:
Այսօրվա մեր սերտողությունը դիվահարի բժշկության մասին է, որը կատարվել է Կափառնայում քաղաքում, երբ Հիսուս ժողովարանում ուսուցանում էր նրանց: Մենք արդեն իմացանք, որ ժողովարաններ կար ամեն տեղ և փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները ներկա էին այդ ուսուցումներին մշտապես: Կափառնաում քաղաքը մոտ է Տիբերիական ծովին և աշակերտներից շատերը այդ քաղաքից էին և նրանց հիմնական մասնագիտությունը ձկնորսությունն էր: Շաբաթ օրը պահում էին նաև աշակերտները և ժողովարանում լսում էին օրենքի ուսուցիչների քարոզությունները: Այս շաբաթ օրը Տէր Հիսուս է ուսուցանում ժողովարանում. Ներկաները անմիջապես զգացին տարբերությունը օրենսգետների և Հիսուս Քրիստոսի արտաբերած խոսքի և քարոզության ձևի միջև, և զարմանում էին Նրա քարոզության վրա: Ի՞նչը զարմացրեց նրանց Հիսուսի խոսքի մեջ:
Ներկաների ականջը սովոր էր փարիսեցիների ներկայացրած չոր օրենքի դրույթները և դրանք պարտադիր կատարելու պահանջը՝ իրենց մարդկային իշխանությամբ գործադրելու իրավունքով: Օրենքի ուսուցիչները ժողովրդի համար կարդում էին օրենքի գրքերը, առանց բացատրելու դրանք կիրառելու կանոնները և սովորեցնում էին որպես դաս, ո՛չ թե որպես կյանք: Իսկ երբ առաջին անգամ լսեցին Տէր Հիսուսի քարոզությունը, Նրա խոսքը միանգամից մարդկանց սրտի մեջ մտավ, քանի որ Նրա խոսքի մեջ կյանք տեսան, ո՛չ թե միայն օրենք: Որովհետև երբ քարոզիչը իր մարդկային իշխանությամբ է քարոզում, այն որպես բռնություն և պարտադրանք է նկատվում, իսկ երբ Սուրբ Հոգու շնորհով է Աստծու խոսքը քարոզվում, այն միանգամից սրտեր է գրավում; Դրա համար էր որ ներկաները զարմացան Հիսուս Քրիստոսի քարոզության վրա, թեպետ դեռ ոչինչ չգիտեին Նրա մասին: Այդ պահից սկսեցին փնտրել հանդիպումներ Նրա հետ; Տեսե՛ք, թե ի՛նչ պատահեց նրանց ժողովարանում:
Ներկաների մեջ կար մի մարդ, որը բռնված էր պիղծ ոգուց: Նա նույնպես լսելով Հիսուսին, աղաղակեց և ասաց,- Թո՛ւյլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Հիսո՛ւս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելո՞ւ եկար, գիտե՛նք Քեզ, թե ո՞վ ես Դու, Աստծու Սո՛ւրբն ես:
Սիրելիներ, երեկվա սերտողության մեջ իմացանք, թե ի՛նչ է նշանակում՝ հասել է ժամանակը, և մոտեցել է Աստծու Արքայությունը: Հիմա ժողովարանում Աստծո թագավորությունը կանգնած է մեղքի թագավորության առջև և պիղծ ոգին չի դիմանում այդ զորությանը և աղաղակում է, ասելով՝ Հիսուս Նազովրեցի: Որովհետև դևը ճանաչում է Աստծու Որդուն և բարձրաձայնում է այդ մասին և բոլորը լսում են և չեն հասկանում թե ի՞նչ կատարվեց; Ո՞վ է այս մարդը, որ իշխանություն ունի դևերի վրա, և նրանց դուրս է հանում մարդուց: Հիսուս Քրիստոսի խոսքը հասավ մինչև պիղծ ոգուն և նա չդիմացավ այդ իշխանությանը, որովհետև դա սիրո իշխանություն էր, մարդասիրության իշխանություն էր, կարեկցանքի իշխանություն էր, բոլոր առաքինությունների իշխանությունն էր, ոչ թե օրենսգետների ու փարիսեցիների ցուցադրական կեղծ իշխանությունն էր; Սա էր նպատակը, որ Տէր Հիսուս ասում էր հավատացեք Արքայության Ավետարանին, և ձեր մեջ եղած մեղքի թագավորությունը կփոխվի Աստծու թագավորության և ձեր մեջ կիշխի Աստված, ոչ թե պիղծ դևը; Տէր Հիսուս սաստեց պիղծ դևին, ասելով,- Ձայնդ կտրի՛ր և դուրս ել դրանից: Ժողովարանում անմիջապես զգացին, որ սա նոր վարդապետություն է, որովհետև դևերն էլ հնազանդվում են Նրան: Այդ լուրը տարածվեց ողջ Գալիլիայում և Հիսուսի համբավը հասավ բոլոր կողմերում:
Սիրելիներ, երբ Աստծու խոսքը քարոզվում է Աստծու նպատակի համար, և մարդկանց փրկելու ձգտումով, անկարելի է, որ պտուղ չտա, և մեղավոր մարդը չտեսնի իր ընկած վիճակը: Ինչպե՞ս դևերը ճանաչեցին Հիսուս Նազովրեցուն: Չէ՞ որ նրանք մինչև իրենց ըմբոստությունը և մեղանչումը Աստծու ստեղծվածներ էին և ճանաչում էին Աստծուն, իսկ մեղքից հետո ընկան չարի իշխանության տակ և ծառայում են չարին; Նույնը կատարվում է մարդու հետ, երբ հեռանում է Աստծու խոսքից, նրան սիրով դիմավորում է չարի իշխանությունը: Հիսուս Քրիստոս ողջախոհություն մտցրեց օրենքի մատուցման մեջ, որովհետև մարդիկ կորցրել էին Սուրբ Հոգու զորությունը իրենց մեջ՝ մեղքի պատճառով, և ծառայում էին չարին: Այսինքն հրաժարվելով Բարձրյալից, ծառայության էին անցել ստորին իշխանության: Այս էր պիղծ ոգուց բռնված լինելու տառապանքը, որը նկատվում էր մարդկանց մեջ: Իրենք լինելով պիղծ, մարդկանց ձգում են դեպի պիղծ գործեր ու արարքներ կատարելու: Առաջինը ընկած պիղծ ոգին տեսավ Հիսուսին և վախեցավ, քանի որ ասում էր,- մեզ կորստյան մատնելո՞ւ եկար: Մարդացած Աստված եկել էր ընկած մարդուն ազատելու՝ ընկած սատանայի ձեռքից: Սակայն Տէր Հիսուս չէր կամենում, որ պիղծ ոգիները իրեն դավանեն ճշմարտությամբ, այլ՝ կամենում էր, որ աշակերտները, օրենքի ուսուցիչները, քահանայապետները և իրեն լսող ամեն մարդ սրտով դավանի և հավատա իրեն: Այդ պատճառով էր սաստում պիղծ ոգուն, որ չխոսի:
Ավետարանի բարի լուրը առաջին հերթին նա էր, որ Աստծու Որդին եկավ և սովորեցրեց մարդուն՝ ազատվել մեղքից ինքնակամ և Ազատության ինքնիշխան թագը չփոխարինել մեղքի ստրկության հետ:
Մարկոս ավետարանիչը բացահայտում է մի պարզ ճշմարտություն, նկարագրելով ձկնորսներին, որոնք զբաղված էին իրենց հանապազօրյա հաց վաստակելու ծանր գործով, երբեմն շաբաթ օրերը գնում էին ժողովարան, լսում էին օրենքի ուսուցիչների ոչինչ չտվող դասերը, և շարունակում էին ապրել իրենց մեղքերի մեջ՝ ունենալով Մովսեսի օրենքը; Ձկնորսների կերպարը բնութագրում էր տվյալ ժամանակաշրջանի հոգևոր կյանքի գաղջությունը:
Վերադառնանք մեր կյանք: Ինչո՞վ ենք զբաղված մենք, եթե ո՛չ նույն գործով: Մեր առօրյա հոգսերն ու մտածումները մեզ գամած են պահում մեղքի ծառայության մեջ, չնայած, որ մենք էլ կիրակի օրերը գնում ենք եկեղեցի, լսում ենք Ավետարանի խոսքը և ոչինչ չի փոխվում մեր կյանքի մեջ: Մենք էլ ապրում ենք նույն գաղջ վիճակում, ինչպես որ ապրում էին ձկնորսները իրեն ժամանակում: Տարբերությամբ, որ մենք այսօր ունենք ավելի մեծ մեղք՝ կախվածություն ժամանակակից գերհագեցած տեխնիկայից: Բայց ո՛չ թե ինքնակրթության համար, այլ՝ աշխարհի ալեկոծությանը բաժնեկից լինելու համար: Ի՞նչ է մեր անելիքը այսօր, որ զգում ենք ժամանակի սղությունը, իրադարձությունների անորոշությունը, հիվանդությունների շատացումը, մահերի ավելացումը, ընտանիքների բաժանությունները՝ անհավատարմության պատճառով, ժողովրդի բաժանումը և այլ տարատեսակ աղետներ: Մի՞թե սա չի փաստում այն մասին, որ մենք էլ չենք հասկացել ապաշխարության մասին քարոզը: Մենք էլ չենք հասկացել, որ մոտեցել է Աստծու արքայությունը, և հասել է ժամանակը, որ մենք ինքնամաքրվենք: Մենք չենք կարող մտնել այդ արքայության մեջ մեր ունեցած զգեստներով: Եթե հիշում եք նախորդ սերտողություններից, թագավորի Որդու հարսանիքին մասնակցելու համար պայմաններ որոշակի կար:
Մենք պետք է ձկնորսների պես արձագանքենք Քրիստոսի կանչին և միանգամից գնանք Նրա հետևից, թողնելով ամեն ինչ որ կա մեր ձեռքերում, որովհետև ժամանակի Տերը նույնպես Քրիստոսն է:
Շաբաթ օրը ժողովարանում հավաքվել էին կրոնասեր, աստվածավախ մարդիկ, որպեսզի լսեին Աստծու օրենքների մասին: Բայց ինչպես տեսանք նրանց մեջ կար նաև պիղծ ոգուց բռնված մի մարդ, որը հավանաբար ամեն շաբաթ գալիս էր ժողովարան աղոթք անելու: Բայց միայն այս անգամ նա զգաց Աստծու զորությունը ժողովարանում և աղաղակեց վախից, որովհետև իր առջև կանգնած էր Նա, որն ասում է,- լսե՞լ եք, թե ի՞նչ ասվեց. Մի Շնանար: Իսկ ե՛ս ձեզ ասո՛ւմ եմ, ամեն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդե՛ն շնացավ նրա հետ իր սրտում:
Այսպիսի իշխանությամբ էր խոսում Հիսուս Քրիստոս ժողովարանում, հասնելով մարդկանց ստի խորքը և դուրս բերելով այդտեղից մեղքի գիտակցությունը:
Մեզ համար նույնպես օրինակելի է այս դիվահարի կերպարը այն առումով, որ մեր մեջ եղած չարն էլ մեզ է խանգարում մոտենալ Սուրբ Գրքին, Սուրբ Մասունքներին և Աստծու Ավետարանի քարոզությանը և առավել ևս Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան Հաղորդությանը:
Հիսուս Քրիստոս խաչի վրա անուշահոտ զոհ էր Հայր Աստծու համար, քանի որ մարդկության փրկությունը ապահովեց իր խաչելությամբ: Սակայն Անուշահոտ Զոհի գինը վճարելու ենք մենք՝ Տիրոջ Երկրորդ Գալուստին, եթե շարունակենք ապրել մեր մեղքերի մեջ, որի համար անպատիվ մահով խաչվեց Հիսուս Քրիստոս: Այս դիվահարի բժշկությունը Մարկոսի Ավետարանի առաջին հրաշքն էր, որ կատարեց Տէր Հիսուս շաբաթ օրը ժողովարանի ուսուցման ժամանակ:
Սիրելիներ, Աստծու արքայությունը՝ սիրո՛ արքայություն է, ազատությա՛ն արքայություն է, և Աստված կամենում է, որ Իր պատկերով արարված մարդը դավանի և վկայի Աստծու Որդուն, և ո՛չ թե պիղծ ոգիները, որոնք իրե՛ց հարմարավետ տեղը գտնում են մարդու խորախորհուրդ սրտում: Մաքրենք մեր սրտերը, մեր միտքը, մեր լեզուն, քանի դեռ ժամանակ է հատկացված մեզ՝ խաղաղ պայմաններում: Մենք այսօր ավելի լավ վիճակում չե՛նք, քան նրանք, որոնք Քրիստոսի ժամանակ էին ապրում: Այստեղ ավարտենք այսօրվա մեր սերտողությունը բժշկության հրաշքի մասին, ինչին բավական շատ է անդրադարձել Մարկոս Ավետարանիչը: Հուսամ, որ բոլորդ համբերությամբ անցաք մեծ պահքի ոսկե շղթայի բոլոր կիրակիների խորհուրդների միջով՝ վերցնելով գլխավորը և կարևորը: Հոգևոր զենքերով զինված պատրաստ եք դիմավորելու մեր Փրկչի Հրաշափառ Հարության տոնը՝ սրտի ուրախությամբ: Ովքեր սննդային պահք են պահել, թող Աստված ընդունի ձեր պահքը որպես զոհաբերություն: Ովքեր մտքի և խոսքի պահք են պահել, թող Աստված ընդունելի անի և զորացնի նպատակի մեջ: Ո՛վ ի՛նչ նպատակով որ պահք է պահել, թո՛ղ Աստված օրհնի այդ նպատակը: Իսկ ովքեր չե՛ն պահել պահքը հարգելի պատճառներով, և միայն հոգևոր ընթերցանությամբ և քարոզներով են լրացրել իրենց հոգևոր պակասը, թո՛ղ Աստված առավել զորացնի և ամուր պահի հոգևոր կյանքի մեջ:
Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Հարց. Ինչո՞ւ էր Քրիստոս սաստում պիղծ ոգուն, երբ նա ճշմարտությունն էր ասում.