ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Հովհաննեսի 13.16-18.1
Ավետարան ըստ Ղուկասի 22.1-65
Ավետարան ըստ Մարկոսի 14.27-72
Ավետարան ըստ Մատթեոսի 26.31-56
Զաքարիայի մարգարեութիւնը 11.11-14
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 6.14-18
Եսայու մարգարեությունը 3.9-15
Ավետարան ըստ Մարկոսի. 1:14-20
ՅԻՍՈՒՍ ՉՈՐՍ ՁԿՆՈՐՍՆԵՐ ԿԸ ԿԱՆՉԷ
14 Յովհաննէսին մատնուելէն յետոյ Յիսուս Գալիլիա գալով, Աստուծոյ արքայութեան աւետարանը կը քարոզէր 15 Ու կ՚ըսէր. «Ժամանակը լրացած է եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է. ապաշխարեցէք ու աւետարանին հաւատացէք»։
16 Երբ Գալիլիացիներու ծովուն քովերը կը պտըտէր, տեսաւ Սիմոնը ու Սիմոնին եղբայրը Անդրէասը, ծովը ուռկան ձգած, վասն զի ձկնորս էին։ 17 Յիսուս ըսաւ անոնց. «Իմ ետեւէս եկէք ու ես ձեզ մարդոց որսորդ ըլլալու պիտի պատրաստեմ»։ 18 Անոնք ալ շուտ մը իրենց ուռկանները թողուցին ու անոր ետեւէն գացին։ 19 Անկէ քիչ մը յառաջ երթալով՝ տեսաւ Զեբեդեան Յակոբոսը ու անոր եղբայրը Յովհաննէսը, որոնք նաւին մէջ ուռկանները կը կարկտնէին։ 20 Զանոնք ալ կանչեց։ Անոնք ալ իրենց հայրը Զեբեդէոսը վարձկաններուն հետ նաւին մէջ ձգելով՝ անոր ետեւէն գացին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Այսօր Ավագ ուրբաթն է և հիշատակն է մեր Տէր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, և թաղման: Այս արարողությունների հետ կապված բոլոր եկեղեցիներում կատարվում են համապատասխան ծեսեր: Աղոթակից եղեք նաև դուք ձեր ներկայությամբ.
Մենք երեկ համառոտ տեղեկացանք Մարկոս ավետարանչի ոճաբանությանը և մտքերի շարադրման ձևին, իսկ այսօր ծանոթանանք նրա գործնական ոճին, որ նկարագրության մեջ միանգամից անցնում է իր գլխավոր ասելիքին: Առաջին գլխի մեջ Մարկոսը արդեն անդրադարձել է Հովհաննեսի ձեռբակալությունից հետո՝ Հիսուսի Գալիլիայում կատարած քարոզությանը:
Սիրելիներ, այս փաստերը կարդալիս ակամայից հասկանալի է դառնում, որ Աստված երբեք չի լքել մարդուն՝ իր մեղավոր կյանքի ընթացքում: Նույնպես և այստեղ տեսնում ենք, որ Աստված դարձյալ մտահոգ է Իր ժողովրդի անկարգ կյանքի համար և այս անգամ արդեն այլ կերպ է գործում ժողովրդի կյանքում՝ ուղարկելով մի վերջին մարգարե Հովհաննես անունով, որ կհարթեր այն ճանապարհը, որով գալու էր Իր Միածինը՝ Իր առաքելությամբ: Ե՛վ Հովհաննես Մկրտիչը և՛ Տէր Հիսուս Քրիստոս իրենց քարոզությունը սկսեցին ապաշխարության հորդորով: Իսկ սա նշանակում է, որ մարդկությունը դարձյալ մեղքի մեջ ընկած վիճակում էր: Հովհաննեսը ընտրեց անապատը որպես քարոզության դաշտ, քանի որ մարդու սիրտն էլ անապատ է և մարդը հաճախ պետք է մտնի այդ անապատ տեսնելու համար ամեն տեսակ վայրի գազաններ՝ մեղքերի տեսքով: Հովհաննեսը անապատում քարոզում էր ապաշխարության մկրտություն, լվանում էր ջրով, իսկ Տէր Հիսուս պետք է մկրտեր նրանց Սուրբ Հոգով՝ արձակելով մեղքերից: Հովհանները իր քարոզության կարճ ժամանակահատվածում դարձավ հանրաճանաչ ու վստահելի անձնավորություն, չնայած, որ խիստ էր իր խոսքի և հանդիմանության մեջ: Հովհաննեսը այնքան ժողովրդականություն էր վայելում մարդկանց մեջ, որ հաճախ շատերը կասկածում էին, որ ինքն է Մեսիան: Նույնիսկ հարցնում էին նրան այդ մասին, և նա ասում էր,- Ոչ, ես չե՛մ Քրիստոսը: Իսկ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված երկնքից ցույց տվեց Իր Որդուն՝ Աղավնին Հիսուսի վրա իջնելով, որպեսզի մարդիկ զանազանեն Աստծու Որդուն՝ Հովհաննես Մկրտչից:
Ահա Աստծու Որդին Գալիլիայում քարոզում է Աստծու Ավետարանը և ասում,- Ժամանակը հասե՛լ է, և մոտեցե՛լ է Աստծու արքայությունը, ապաշխարեցե՛ք և հավատացե՛ք Ավետարանին: Այս պատգամը, որ լսում էին հրեաները՝ և՛ Հովհաննեսից և՛ Հիսուսից, զարմանք էր պատճառում նրանց այն առումով, որ իրենք իրենց արդար էին համարում և անհասկանալի էր թե ի՞նչ է պահանջը և ինչի՞ համար պետք է իրենք փոխվեն: Քանի որ ապաշխարություն բառը ենթադրում է փոփոխությունը նախկին վիճակից: Նրանց համար անակնկալ եղավ Քրիստոսի աշխարհ գալու պատճառը, քանի որ նրանք իրենց կարծրացած սրտերում պահպանում էին այն օրենքը, որ յուրաքանչյուր հրեա կարող է երկնքի արքայություն մտնել երկու պայմանի դեպքում: Նախ՝ որ ծնունդով լինի Աբրահամի սերնդից և պատրաստ լինի կատարելու ողջ օրենքը: Սակայն Քրիստոսի բերած ապաշխարության պատգամը նրանցից այլ բան էր պահանջում, որ սրտի փոփոխություն է պետք և պետք է երկրպագել և փառաբանել Աստծուն, ո՛չ թե սեփական անձը: Եթե այս փոփոխությունը չկատարվի անհատի կյանքից ներս, նրա փրկությունը անհավանական է դառնում:
Սկսեց Իր ծառայությունը Տէր Հիսուս՝ Գալիլիայի ծովեզերքից, վերցնելով երկու եղբայրներ՝ Սիմոնին և Անդրեասին, որոնք ձկնորսներ էին և Հիսուս խոստացավ Իրեն հետևելու դեպքում նրանց մարդու որսորդներ դարձնի: Զարմանալի առաջարկը անմիջապես ընդունեցին առանց վարանելու և թողնելով իրենց ուռկանները գնացին Նրա հետ: Միասին շարունակեցին ճանապարհը և Հիսուս ընտրեց ևս երկու աշակերտ՝ Հովհաննեսին և իր եղբայր՝ Հակոբոսին, որոնք նույնպես ձկնորսներ էին: Սրանք էլ թողնելով իրենց հորը նավակի մեջ, հետևեցին Հիսուսի կանչին: Այս գեղեցիկ և պարզ նկարագրությունը, որ կատարել է Մարկոս Ավետարանիչը մեզ ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն, թե ի՛նչ է նշանակում առաջին կանչից հետևել Հիսուսին, ինչը որ մե՛ր կյանքում երբե՛ք չի ստացվում; Սա մե՛ծ համարձակություն է: Մե՛ծ վստահություն է, որը բխում է ձկնորսների ազնվությունից և պարզամտությունից: Իրենք էլ էին հրեա, իրենք էլ էին Աբրահամի սերնդից, բայց վստահ չէին, որ արժանի էին Աստծու արքայությունը մտնելու համար: Մենք հետագայում էլի կանդրադառնանք, թե մյուս աշակերտները ինչպես ընտրվեցին, սակայն ուշագրավ է առաջին աշակերտների արձագանքը Հիսուս Քրիստոսի խոսքին: Առաջին համարձակ քայլերը հոգևոր կյանքի մեջ աստիճանաբար տանում են ավելի պատասխանատու քայլերի, քանի որ Աստծու խոսքը շարժման մեջ է զորավոր, այն հանգիստ չունի, մինչև չպտղաբերի ըստ արժանվույն; Ինչպես որ հետագայում մենք տեսանք, որ Տէր Հիսուս Պետրոսին ուրանալուց հետո ավելի պատասխանատու հանձնարարություն տվեց, ասելով,- սիրո՞ւմ ես Ինձ, արածեցրո՛ւ իմ գառները:
Սիրելիներ, անդրադառնալով հրեա ազգի առանձնահատկություններին, մեզ համար ավելի հեշտ է հասկանալ Աստծու գործելաոճը: Հրեա ժողովուրդը Աստծու միջամտությամբ դուրս էր եկել Եգիպտոսից, սակայն ուներ ստրուկի հոգեբանություն: Աստված կամեցավ անապատում քայլեցնելով նրանց ազատել այդ հոգեբանությունից և մտցնել խոստացված երկիր՝ նոր մարդ դարձած՝ այսինքն՝ որպես ազատ կամքի տեր, ինչպես որ Աստված է ստեղծել մարդուն; Այդ գործընթացը տևեց քառասուն տարի, սակայն մասնագետներն ասում են, որ Եգիպտոսից մինչև խոստացված երկիր կարելի էր հասնել առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում: Այս երևույթը նույնպես խոսում է այն մասին, որ մարդ արարածը հեշտությամբ չի ազատվում մեղքի գերությունից, դրա համար էլ չի կարողանում ընդունել Աստծու թագավորությունը;
Սիրելիներ, անկարելի է ակնթարթորեն դառնալ քրիստոնյա, ժամանակ է պետք, կոչում է պետք, Աստծու կանչին անմիջապես արձագանքել է պետք: Մեր Տէրն առաջարկում է մեզ աշխարհից հրաժարվել, իսկ մեկ այլ տեղում ասում է, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածնին ուղարկեց խաչվելու աշխարհի համար: Այս բոլորը հասկանալու համար պետք է խորքը մտնել, որովհետև թանկարժեք մարգարիտը խորքում է գտնվում: Աշխարհից հրաժարվել նշանակում է աշխարհի բարիքները որպես միջոց ծառայեցնել Աստծու փառքի համար: Այդ բարիքների մեջ մտնում են՝ կին, ամուսին, երեխա, պաշտոն, դրամ, հեղինակություն և այլն; Հոգևոր կյանքը աստիճան է դեպի երկինք: Պետք է կարողանանք սովորել բարձրանալ այդ աստիճանով; Անկումները անխուսափելի են, սակայն պետք է ձգտել միշտ վեր կենալ և դեպի վեր բարձրանալ, հասնելու համար Աստծու արքայությանը և Ավետարանի ճշմարտությանը: Մեր մարմինը պետք է լինի մեր ծառան, ոչ թե մեր տերը: Մենք պետք է փնտրենք այն մարդկանց, որոնք կօգնեն մեզ տեսնել մեր մեղքերը և ազատվել դրանցից, ո՛չ թե բարեկամություն անենք մարդահաճների հետ, որոնք մեզ գովում են իրենց օգուտի և մեր վնասի համար: Մենք անվերջ պետք է մտածենք մեր մահկանացու մարմնի և անմահ հոգու մասին: Մեր հոգոցները թող չլքեն մեզ՝ հիշեցնելու համար մեր հանդիպումը մեր Փրկչի հետ:
Երբ Հովհաննեսը քարոզում էր ապաշխարության մկրտություն, հասկանալի էր, իսկ ի՞նչ է նշանակում Տիրոջ խոսքը, որ ասում է,- Ժամանակը հասել է, Աստծու արքայությունը մոտեցել է, հավատացեք Ավետարանին: Ի՞նչ է Աստծու արքայությունը, ի՞նչ Ավետարանը, այդ մարդիկ նոր էին տեսնում Քրիստոսին, ի՞նչ Ավետարանի մասին է խոսքը, երբ դեռ Քրիստոս չէր խոսել: Հատկապես, Տէր Հիսուս Հովհաննեսի բանտարկությունից հետո Իր քարոզությունը սկսեց Գալիլիայից և մենք գիտենք որ գալիլիայի ժողովուրդը ավելի պարզ և անուս մարդիկ էին, քան Երուսաղեմի բնակիչները, որոնք զարգացած էին ու ավելի հպարտ: Տէր Հիսուս քարոզում է Արքայության Ավետարանը, ասելով հասել է ժամանակը: Այսինքն հասել է ձեզ Նոր կտակարանը և Աստծու արքայության բարի ավետիսը, որին պետք է հավատաք, որ փրկվեք: Իսկ Աստծու արքայությունն այն է, որտեղ թագավորում է Աստված, ո՛չ թե մեղքը: Մեր Տիրոջ միակ նպատակն էր մարդկանց հոգիներում փոխել մեղքի թագավորությունը Աստծու թագավորության հետ: Ապաշխարեցեք, և հավատացեք Արքայության Ավետարանին, այլ բան չի նշանակում, քան հանեք ձեզնից մեղքի թագավորությունը և այն փոխարինեք Աստծու թագավորությամբ:
Մարկոսի Ավետարանի առավելությունն այն է, որ միշտ շտապում է, այնպես, կարծես թե չենք հասցնելու ոչինչ: Եվ դա՛ է ճիշտը: Իր Ավետարանը սկսում է այս խոսքերով՝ Աստծո Որդի և Ավետարանի սկիզբ; Մարկոսը շտապեցնում էր մարդկանց երկու հազար տարի առաջ, որ չուշանան հանդիպելուց Աստծու արքայությանը: Նույնն է նաև այսօր, և ո՛չ մի տարբերություն չկա: Ժամանակ չկա նա՛և այսօր, թեպետ անցել է երկու հազար տարի, բայց այսօր էլ մե՛նք չենք հասցնում հասկանալ Ավետարանը և մոտենալ Աստծու արքայությանը: Չե՛նք հասցրել փոխվել մեր հին մարդուց, չե՛նք հասցրել ազատվել նախկին մեղքերից: Ժամանակը վազում է նաև մե՛ր օրերում: Գուցե այս երկու հազար տարին այն երկու օրն է Աստծու աչքի համար, որ գրված է: Չգիտենք:
Այսօրվա քաղաքակիրթ մարդու համար միշտ ժամանակ չկա, Ավետարանի խոսքերը նրա սրտին հաղորդ չեն պարզության պատճառով, քանի որ ժամանանակից մարդը ավելի բարդ ծրագրերի է տիրապետում և ժամանակ չի գտնում Աստծու արքայության Ավետարանի մասին մտածելու այնպես, ինչպես պարզ գալիլիացիները հավատացին, որ կդառնան մարդկանց որսորդներ, և նո՛ւյնիսկ չհարցրին, թե ինչպե՞ս են մարդ որսում: Կամ մի՞թե մարդուն որսում են: Սակայն Ավետարան կարդացող մարդը գիտե, որ համայն քրիստոնյա աշխարհը, որ հավատում է Քրիստոսին, առաքյալների հոգևոր ուռկանների մեջ են ապահով զգում իրենց:
Սիրելիներ, հետաքրքիր նաև Մարկոսի Ավետարանը իր եզակի հակիրճությամբ, և մեր այսօրվա սերտողությունը թող մեզ դաս լինի, որպեսզի մենք էլ շտապենք մեր ներքին մարդու փոփոխության հարցում: Մեղքի թագավորությունը փոխենք Աստծու թագավորության հետ և Արքայության Ավետարանի բարի լուրը և մենք սովորենք, և հասցնենք չիմացողի ականջին՝ ամենահարմար առիթով:
Թող Քրիստոսի սերը և խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Հարց. Ի՞նչ է Աստծու արքայությունը: