ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Հովհաննեսի 12.27-43
Եսայու մարգարեությունը 60.20-22
Եզեկիելի մարգարեությունը 36.24-31
Ավետարան ըստ Մարկոսի. 1:1-13
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏՉԻՆ ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆԸ
1 Աստուծոյ Որդիին Յիսուս Քրիստոսի աւետարանին սկիզբը։ 2 Ինչպէս մարգարէներուն մէջ գրուած է. «Ահա ես իմ դեսպանս կը ղրկեմ քու երեսիդ առջեւէն, որ քու ճամբադ պատրաստէ առջեւդ»։ 3 Անապատին մէջ կանչողին ձայնը, «Տէրոջը ճամբան պատրաստեցէք, անոր շաւիղները շտկեցէք»։ 4 Յովհաննէս անապատին մէջ կը մկրտէր եւ ապաշխարութեան մկրտութիւնը կը քարոզէր՝ մեղքերու թողութեան համար։ 5 Բոլոր Հրէաստանի երկիրը ու Երուսաղէմացիները կ՚երթային անոր։ Ամէնքը կը մկրտուէին անկէ Յորդանան գետին մէջ՝ մեղքերնին խոստովանելով։ 6 Յովհաննէս հագեր էր ուղտի մազ եւ իր մէջքը՝ կաշիէ գօտի ու իր կերակուրը մարախ ու վայրենի մեղր էր։ 7 Ան կը քարոզէր ու կ՚ըսէր. «Իմ ետեւէս ինծմէ զօրաւորը կու գայ։ Ես արժանի չեմ ծռելու եւ անոր կօշիկներուն կապերը արձակելու։ 8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց անիկա ձեզ Սուրբ Հոգիով պիտի մկրտէ»։
ՅԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ
9 Այն օրերը Յիսուս Գալիլիայի Նազարէթէն եկաւ ու Յովհաննէսէն մկրտուեցաւ Յորդանանի մէջ։ 10 Ջուրէն ելլելուն պէս երկինքը բացուած տեսաւ եւ Հոգին աղաւնիի պէս՝ որ իր վրայ կ՚իջնէր 11 Եւ ձայն մը եկաւ երկնքէն, որ կ՚ըսէր. «Դուն ես իմ սիրելի Որդիս, որուն հաւներ եմ»։
12 Անկէ յետոյ Հոգին անապատը հանեց զանիկա։ 13 Քառասուն օր հոն էր՝ անապատին մէջ՝ Սատանայէն փորձուած եւ գազաններու հետ էր ու հրեշտակները իրեն սպասաւորութիւն կ՚ընէին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Աստծու կամքով այսօր սկսում ենք Մարկոսի Ավետարանի սերտողությունը: Այսօր Ապրիլ ամսվա առաջին եթերաժամն է, Մարկոսի Ավետարանի առաջին գլուխն է: Այսօր նաև Ավագ Հինգշաբթի է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Վերջին Ընթրիքի նկարագրությունը: Մնացեք եկեղեցական կյանքից ներս, արագ անդամագրվելու Քրիստոսի ընտանիքին:
Տարվա առաջին երեք ամիսները տրամադրեցինք Մատթևոսի Ավետարանին, իսկ հետագա ամիսները կտրամադրենք մյուս երեք Ավետարանիչներին: Մեր տարին մենք կանցկացնենք մեր Ավետարանիչների հետ:
Չորս Ավետարանների մեջ Մարկոսի Ավետարանը ամենից կարճն է՝ 16 գլուխ և ամենայն հավանականությամբ ամենից հինը: Սկսնակ հավատացյալների համար շատ հեշտ է հասկանալ Մարկոսի Ավետարանը, իր պարզության և համառոտության պատճառով: Ողղափառ սրբերից մեկը պատմում է, որ երբ առաջին անգամ ստիպված եղավ կարդալ Ավետարանը, քանի որ չէր կարողանում հակաճառել մարդկանց որոնք պնդում էին աստվածաշնչյան ճշմարտությունների մասին, իսկ ինքը դեռ չէր կարդացել, չորս ավետարանիչներից ընտրեց կարդալ Մարկոսի Ավետարանը՝ կարճության պատճառով, և երկու գլուխ կարդալուց հետո զգաց, որ ինքը մենակ չէ նստած և իր առջև է այն զորությունն է, որի մասին պատմում է Մարկոսը այդքան վստահությամբ.
Եթե Մատթևոսի Ավետարանը գրված էր հրեաների համար, ապա Մարկոսի Ավետարանը գրված է հռոմեացիների համար: Ավետարանի առաջին իսկ տողերից Մարկոսը Հիսուսին նկարագրում է որպես Աստծու Որդի: Մարկոսի անունը մենք աշակերտների մեջ չե՛նք գտնում, սակայն ավանդությունն ասում է, որ նա համագործակցել է Պետրոսի հետ և իր աղբյուրները Պետրոսից են: Եղել է Պետրոսի թարգմանիչը և օգնականը: Մարկոսը Հիսուսի Ծնունդի և ազգաբանության մասին ոչինչ չի գրել, սակայն Գիրքը սկսում է մարգարեների մասին հիշատակությամբ, հղում անելով Հին Կտակարան և սկիզբ:
Մարկոս Ավետարանիչը հաճախ ընդգծում է Հիսուսի հեղինակությունը ինչպես մարդկանց կանչելու ժամանակ, որպեսզի Իրեն հետևեն, այնպես էլ երբ Նա ուսուցանում է բազմություններին և բժշկում է հիվանդներին: Իր պատմության երկրորդ մասում Մարկոսը ցույց է տալիս, թե ինչպես Հիսուս գնում է դեպի չարչարանքները, դեպի մահն ու Հարությունը, որ սպասում են Նրա Երուսաղեմում:
Ավետարանները գրված են աշխարհի եզակի և գլխավոր իրադարձության մասին, գրված են տարբեր ոճերով, տարբեր նկարագրություններով, սակայն միևնույն դեպքի մասին: Ցանկացած Ավետարանն էլ որ կարդանք, ավարտին հարյուրապետի պես պետք է բացականչե՛նք,- Արդա՛րև Աստծու Որդին էր Սա:
Սերտողությունից առաջ հիշենք մի գեղեցիկ միտք, որն ասում է,- Եթե մեր մտքում ծաղիկ բուսնի, այնտեղ մեղու կհայտնվի և նեկտարից մեղր կպատրաստի, որը շատերին պետք կգա: Իսկ եթե մեր մտքում վատ մտածումներ առաջանան, այնտեղ ճանճեր կհայտնվեն, որոնց ներկայությունը տհաճ է բոլորին:
Մեր մտքերը միշտ պահենք Ավետարանների լույսի տակ, քանի որ մարդ արարածը իր մեղավոր վիճակից ոչնչով չի փոխվում բացի Աստծու շնորհից ու խոսքից:
Մենք նշեցինք, որ Մարկոսն իր Ավետարանը սկսում է Հիսուս Քրիստոսին Աստծու Որդի անվանելով և հայտնում է, որ եկավ Ավետարանի բարի լուրը, որի մասին գրված էր մարգարեների գրքերում, և միանգամից մեջբերում է անում Եսայի մարգարեության այն հատվածը, որով հայտնվում է մեկ այլ մարգարեի՝ Հովհաննես Մկրտչի մասին, որն էլ որ պատգամավորն է Հիսուս Քրիստոսի համար, որը պետք է պատրաստեր ճանապարհը Նրա առաջ: Աշխարհի Փրկչի առջևից գալիս է մի պատգամավոր, որը ո՛չ թե երևելի մեկն էր, այլ՝ պարզ Հովհաննեսը, որը պետք է ծնվեր Հիսուս Քրիստոսից առաջ, իր ծառայությունը սկսեր Քրիստոսից առաջ, և պետք է մեռներ Քրիստոսից առաջ: Քրիստոսից առաջ է մտնում դժոխք՝ այնտեղ քարոզելու համար, որ հասավ Փրկչի գալու ժամը: Այսինքն Եսայի մարգարեն մարգարեանում է մեկ այլ՝ վերջին մարգարեի՝ Հովհաննես Մկրտչի մասին, որը նույնպես պետք է մարգարեանար Հիսուս Քրիստոսի մասին: Հովհաննես Մկրտիչը Պատգամաբերն էր Հիսուս Քրիստոսի: Ավետարանն ասում է, որ Հովհաննեսը մկրտում էր անապատում, և քարոզում էր ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար: Ինչո՞ւ Հովհաննեսը իր գործունեությունը սկսեց անապատում: Գրված է, որ ամբողջ Հրեաստանը և երուսաղեմի բնակիչները գնում էին նրա մոտ մկրտվելու և խոստովանում էին իրենց մեղքերը: Գուցե ավելի ճի՛շտ էր, որ միայն Հովհաննեսը շրջեր և քարոզեր, սակայն Հովհաննեսը հաստատվեց անապատում, որպեսզի հիշեցնի Իսրայելի ժողովրդին, որ իրենց ապաշխարության ճանապարհը սկսվել է անապատից, երբ Աստված իրենց դուրս բերեց Եգիպտոսի գերությունից: Քառասուն տարի շարունակ Մովսեսը առաջնորդեց նրանց անապատով, մինչև խոստացված երկիր մտնելը: Մարդկության կյանքը նոր դարաշրջան և նոր փուլ պետք է մտներ Հիսուս Քրիստոսով, որի նախակարապետը եղավ Հովհաննես Մկրտիչը: Անապատի քարոզության պատճառներից մեկը թերևս սա էր, որպեսզի հրեա ժողովուրդը վերագտնի գտնի իրեն Աստծու պատվիրանների կատարման մեջ, որ խոստացել էին Աստծուն, թե՝ կլսեն և կկատարեն; Կարող էր նաև պատճառ հանդիսանալ այն հանգամանքը, որ հրեա ազգը պետք է հեռանա իր հարմարավետ կյանքից դեպի անապատ, որպեսզի տեսնի իր ներքին դատարկությունը, հպարտությունը, կրոնամոլությունը, ձևապաշտությունը, որը աշխարհի աղմուկի մեջ չի նշմարվում:
Իսկ ի՞նչ բան էր այս մկրտությունը, որը ծանոթ էր հրեա ազգին, քանի որ ո՛չ ոք չէր զարմանում այդ մկրտության առաջարկից: Սա հրեական մի ծես էր, որի մասին մանրամասն գրված է ղևտական գրքում, մաքուրի և անմաքուրի մասին: Սա քրիստոնեական մկրտություն չէր, որին մենք ծանոթ ենք: Այս Մկրտությունը ամբողջական ընկղմում էր Հորդանան գետի մեջ, եթե մարդը շփվել էր, կամ երկար ժամանակ մնացել էր հեթանոսների մեջ, համարելով, որ պղծվել է: Սակայն մկրտվողների մեջ կային նաև Երուսաղեմ քաղաքի բնակիչներ, որոնք ապրելով Սուրբ քաղաքում, նույնպես կարիք ունեին ազատվելու իրենց մեղքերից:
Հետաքրքիր նկարագրություն ունի Հովհաննես Մկրտչի հագուստը: Ուղտի մազից պատրաստված զգեստ և մեջքին՝ կաշվե գոտի: Իսկ կերակուրը՝ վայրի մեղր և մորեխ: Ինչպես որ քարոզության վայրն էր անապատ և տարօրինակ, այնպես էլ հագուստն ու ուտելիքը: Հովհաննես Մկրտիչը իր այս կերպարով հիշեցնում էր Եղիա մարգարեին, որի մասին գրում է թագավորությունների գիրքը: Զարմանալի է, որ Հովհաննես Մկրտիչը այդ արտաքինով, և անապատում հաստատված, սակայն նրա մոտ գալիս էին քաղաքակիրթ մարդիկ, գեղեցիկ հագնված և նրան խոստովանում էին իրենց մեղքերը: Այսինքն նա գրավել էր մարդկանց սրտերն ու վստահությունը: Եթե պետք է քարոզել Մաքուրի, Կատարյալի՝ այսինքն Հիսուս Քրիստոսի մասին, ուրեմն Հովհաննեսի պատկերացմամբ քարոզողն էլ պետք է կրի այդ արժեքները, ինչպես որ անում էր ինքը: Հովհաննեսը ճգնավորական կյանք էր վարում և նրա խոսքը ազդեցիկ էր և հատու՝ մարդկանց համար:
Հետագայում մենք կարդում ենք, որ մեր Տէր Հիսուս Քրիստոս ասում է Հովհաննեսի մասին, թե, եթե ուզում եք իմանալ, Հովհաննեսը Եղիայի հոգով է եկել: Նա Եղիան չէր, Եղիան չի մահացել, այլ վերցվել է երկրի երեսից, գալու է Տիրոջ երկրորդ Գալուստից առաջ, նեռի ժամանակաշրջանում և սպանելու են նրան:
Մկրտում էր Հովհաննեսը, քարոզում էր մարդկանց և տեղեկացնում էր Հիսուս Քրիստոսի գալուստի մասին: Տիրոջ առաջին գալուստը, որը փրկության համար էր, Հովհաննես Մկրտիչը ավետեց, իսկ Երկրորդ Գալուստը, որը Դատաստանի համար է լինելու, Եղիա մարգարեն է գալու դրանից առաջ:
Տիրոջ պատգամաբեր Հովհաննեսը ներկայացնում է իրենից հետո եկող Հիսուս Քրիստոսին, որը իրենից հզոր է լինելու, և Նրա կոշիկների կապերը արձակելու արժանի չէ Հովհաննեսը: Կոշիկները կապելու և արձակելու պարտականությունը սովորաբար ծառաների պարտականության մեջ է մտնում, երբ ծառայի տերը տուն է գալիս, սակայն Հովհաննեսը Քրիստոսի հանդեպ նույնիսկ այդ ծառայի իրավունքն էլ չի վերապահում իրեն՝ իր խոնարհության պատճառով;
Իսկ իրենից հետո եկող Հզորը արդեն ժողովրդին մկրտելու է Սուրբ Հոգով: Ինչպե՞ս ենք մենք մկրտվում Սուրբ Հոգով: Հիսուս Քրիստոս խաչի վրա գնեց մեզ Իր Սուրբ արյամբ, համբարձվեց և ուղարկեց Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, որի շնորհով և մկրտվում ենք մենք Հիսուս Քրիստոսի անունով:
Ահա և հասավ այն ժամանակը, երբ Հորդանան եկավ Հիսուս Քրիստոս և նույնպես մկրտվեց Հովհաննես Մկրտչից բոլորի պես, ինչպես որ օրենքն էր պահանջում, որ լինի: Մարկոսը այստեղ նույնպես ոչինչ չի ասում, թե որտեղի՞ց եկավ Հիսուս, կամ ո՞ւր է մինչ այդ պահը: Այստեղ հարց է առաջանում, ինչո՞ւ մկրտվեց Հիսուս Քրիստոս, ո՞րն էր անհրաժեշտությունը, քանի որ նա զերծ էր ամեն տեսակ մեղքից:
Եկեղեցու հայրերն ասում են,- Քրիստոս մկրտվեց, ո՛չ թե նրա համար, որ սրբագործվեր, այլ՝ սրբացներ ջո՛ւրը Իր անարատ մարմնով, որպեսզի հետագայում մկրտվողների համար ջուրը սրբված լինի: Ուրիշ տեսակետներ կան նաև այս մասին, որ Հիսուս Քրիստոս ի՛նչ որ պատվիրեց մարդկությանը անելու, նախ՝ Ինքը կատարեց, հետո պատվիրեց:
Մենք Մատթևոսի Ավետարանի մեջ տեսանք, որ Հովհաննես Մկրտիչը չէր համարձակվում մկրտել Քրիստոսին, սակայն Քրիստոս ասաց,- թույլ տուր, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն:
Ջրից դուրս գալիս երկինքը պատռվեց և Աստծու Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա: Աղավնուն մենք հանդիպում ենք նաև Նոյի տապանից դուրս գալու ժամանակ, որը նույնպես փրկության խորհրդանիշ էր:
Երկնքից ձայն լսվեց, որն ասում էր,- Դո՛ւ ես Իմ սիրելի Որդին, որ ունես Իմ ամբողջ բարեհաճությունը: Ահա Հայրը ուղարկեց իր սիրելի Որդուն՝ մարդկության փրկության համար, քանի որ սիրում էր աշխարհը:
Մարկոսի Ավետարանի հակիրճ նկարագրությունը ընթերցողին մի գլխավոր պատգամ է տալիս, ժամանակը կարճ է, պետք է կենտրոնանալ գլխավոր դեմքերի և գլխավոր իրադարձությունների վրա, որպեսզի ընկալել սեփական անելիքը:
Եկեղեցու ավանդությունն ասում է, որ Մարկոսը իր Ավետարանը գրի է առել Պետրոս առաքյալի քարոզների հիման վրա և հիմնականում Պետրոս առաքյալի տվյալներից: Ոճաբանությունը նույնպես նման է Պետրոս առաքյալի խոսքին և հակիրճ է գրված ամեն ինչ, ինչպես որ Պետրոս առաքյալն է խոսել հակիրճ հռոմեացիների համար, քանի որ առաջին հիմնադիրն ու Պապն է եղել Հռոմի եկեղեցու:
Մարկոս Ավետարանչի մոտ մենք շատ կհանդիպենք հակիրճ նկարագրությունների, որոնց մանրամասներին կարող ենք ծանոթանալ մյուս Ավետարաններում: Նաև սրանով է գեղեցիկ Ավետարանների ընթերցումը:
Մարկոսը նկարագրում է, որ Հիսուսի մկրտությունից անմիջապես հետո Հոգին Նրան հանեց և տարավ անապատ փորձվելու, և այնտեղ քառասուն օր փորձվում էր սատանայից: Գազանների հետ էր և հրեշտակներն էին ծառայում Նրան; Այստեղ դարձյալ հարց է առաջանում: Ի՞նչ կարիք ուներ Քրիստոս փորձվելու սատանայից: Ինչպես որ կարիք չուներ մկրտվելու և մկրտվեց աշխարհի ջրերը սրբագործելու մեզ համար, այնպես էլ փորձվելու կարիք չուներ և փորձվեց՝ մեզ սովորեցնելու համար: Եթե երբևէ մենք հայտնվենք հոգևոր անապատում փորձության ժամին, կարողանանք Տիրոջ զորությամբ հաղթահարել չարին:
Եթե Աստծու Որդին փորձվեց սատանայից, ապա ի՞նչ կլինի մեղավոր մարդու հետ, եթե Քրիստոսի փորձության օրինակը չունենա; Իսկ մենք արդեն գիտեն, որ սատանան առաջին հերթին մոտենում է սրբագործված մարդուն, մեղքերից ազատագրված մարդուն՝ նորից պղծելու համար: Սխալ է այն տեսակետը, որ կարծում են, թե մկրտությամբ մենք ազատվում ենք չարի ամեն տեսակ փորձությունից և ապահով ենք արդեն:
Այստեղ հարկ է հիշել Սիրաքի իմաստության գրքից մի գեղեցիկ համար, որն ասում է,- Որդյակ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր: Սիրաք.2:1
Հետևաբար Քրիստոսի փորձությունից մեր մեր դասը պետք է լինի այն, որ հիշենք Տիրոջ փորձության ձևը և մենք վարվենք նույն կերպ: Այսինքն՝ սատանան մեջբերում էր սուրբգրային համարներ, և որպես պատասխան Քրիստոսից ստանում էր պատասխաններ դարձյալ Սուրբ Գրքից: Սատանան ասում է,- Ասված է քո մասին: Իսկ Հիսուս պատասխանում է,- Գրված է...
Սատանայի հետ հակառակության մեջ պետք չէ մտնել, այլ վարվել այնպես, ինչպես որ մեր Տէրը վարվեց:
Մկրտվեց, փորձությունը հաղթահարեց և մեզ համար մահը պարտության մատնեց վերջնականապես Աշխարհի Փրկիչը, որ մեր Տէրն է;:
Եթե ուշադրություն դարձրիք, Մարկոսը առհասարակ չի անդրադարձել Տէր Հիսուսի անապատում քառասնօրյա ծոմի մասին և առհասարակ Մարկոս Ավետարանիչը գրել է այնպես, ինչպես որ անվերապահ հավատացել է իր գրածին: Դրա համար էլ իր Ավետարանը սկսել է Աստծու Որդու բարի լուրի ավետիսով; Սա այն բարի լուրն է, որը համայն մարդկությունը պետք է փնտրի, լսի, կատարի, ազատվի իր մեղքերից և փրկվի հավիտենական տանջանքից: Ավարտեցինք Մարկոսի Ավետարանի առաջին գլխի մեկից տասներեք համարները: Քրիստոսի սերը և խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինի, և Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Հարց. Քանի՞ գլուխներից են կազմված Ավետարանները՝ Մատթ. Մարկ. Ղուկ. Հովհ.