ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Մարկոսի 12.13-44
Ծննդոց 6.9-9.17
Առակներ 9.1-10.6
Եսայու մարգարեությունը 40.9-17
Ավետարան ըստ Մատթեոսի 24.1-26.2
Ավետարան ըստ Մատթևոսի. 28: 11-20
ՊԱՀԱԿՆԵՐՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ
11 Երբ անոնք կ՚երթային, պահապան զինուորներէն մէկ քանին քաղաքը գացին ու քահանայապետներուն պատմեցին բոլոր եղած բաները։ 12 Անոնք ալ ծերերուն հետ հաւաքուելով ու խորհուրդ ընելով՝ շատ ստակ տուին զինուորներուն, 13 Ու ըսին. «Ըսէք թէ ‘Անոր աշակերտները գիշերով եկան զանիկա գողցան, երբ մենք կը քնանայինք’։ 14 Եթէ այդ բանը կուսակալին ականջը հասնի, մենք զանիկա կը հաճեցնենք եւ ձեզ ապահով կ՚ընենք»։ 15 Անոնք ալ ստակը առին ու սորվածնուն պէս ըրին. եւ այս ձայնը Հրեաներուն մէջ տարածուեցաւ մինչեւ այսօր։
16 Իսկ տասնըմէկ աշակերտները գացին Գալիլիա, այն լեռը ուր Յիսուս իրենց որոշեր էր։ 17 Երբ զանիկա տեսան, երկրպագութիւն ըրին անոր, բայց ոմանք տարակուսեցան։ 18 Յիսուս մօտենալով՝ խօսեցաւ անոնց ու ըսաւ. «Ամէն իշխանութիւն ինծի տրուեցաւ երկնքի ու երկրի մէջ։ 19 Ուրեմն գացէ՛ք բոլոր ազգերը աշակերտեցէք, մկրտեցէ՛ք զանոնք յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. 20 Սորվեցուցէք անոնց որ այն բոլոր բաները պահեն՝ ինչ որ ես ձեզի պատուիրեցի։ Ահա ամէն օր ես ձեզի հետ եմ, մինչեւ աշխարհիս վերջը։ Ամէն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Աստծու կամքով այսօր մենք կավարտենք Մատթևոսի Ավետարանի վերջին՝ 28 րդ գլխի մնացած համարները: Մենք երեկ կանգ առանք շատ կարևոր մի հատվածի վրա, հետևաբար՝ անմիջապես վերադառնանք Երուսաղեմ և տեսնենք, թե Հիսուս Քրիստոսի հարության ցնցող ավետիսից հետո ի՞նչ իրարանցում է տեղի ունենում այնտեղ: Գերեզմանի պահապան զինվորները հրեշտակի լուսավոր տեսքից սարսափած մեռելի տեսք ընդունեցին: Յուղաբեր կանայք Հարուցյալ Քրիստոսին հանդիպեցին: Էմմավուսի ճանապարհի երկու աշակերտները երկար ճանապարհ անցնելուց հետո միայն իմացան, որ Քրիստոս էր իրենց հետ զրուցողը: Մեռելները գերեզմաններից հարություն են առել և երևացել են մարդկանց; Աշակերտները տագնապի մեջ են, քանի որ Հիսուս իրենց հանդիպում է նշանակել Գալիլիայում: Քահանայապետները մոլորված են իրենց արարքից, որովհետև զինվորները լուր տարան, որ Հրեշտակը հայտնել է Հիսուսի Հարության մասին: Մի խոսքով խառնաշփոթ է Երուսաղեմում:
Դուք պատկերացնում ե՞ք, Թե ի՞նչ եռուզեռ է Երուսաղեմում, հատկապես, որ այդքան ուխտավոր կա քաղաքում՝ տոնի առիթով: Յուրաքանչյուրը պատասխան է փնտրում իր կատարած քայլը արդարացնելու համար: Ծանր է աշակերտների վիճակը այդ առումով, սակայն աննկարագրելի ծանր է քահանայապետների և օրենքի ուսուցիչների վիճակը: Սակայն նրանք իրենց սովորության համաձայն անմիջապես խորհուրդ գումարեցին հերթական խարդախության ծրագրավորման համար, և շատ դրամ տվեցին զինվորներին և ստիպեցին կեղծել իրականությունը, իբրև աշակերտները գիշերով եկել գողացել են Քրիստոսի մարմինը, երբ զինվորները քնած են եղել: Իսկ եթե լուրը կուսակալին հասնի, քահանայապետը կգոհացնի նաև նրան՝ իր խորամանկ քայլերով, և զինվորներին կազատեն պատասխանատվությունից: Հերթական անմտություն էր քահանայապետների կողմից թույլ տրվում, քանի որ կարծում էին, թե ամեն հարց դրամով կարող են լուծել: Նույնիսկ պարզ տրամաբանությամբ կարելի էր զինվորներին հարցնել,- եթե քնած էիք, ապա ինչպե՞ս տեսաք, որ աշակերտները եկան և գերեզմանից գողացան Քրիստոսի մարմինը: Մեր դատական համակարգերն էլ շատ հաճախ աչք են փակում զրպարտությունների վրա: Ծանոթ երևույթ է:
Սակայն այս սուտ զրպարտությունը Մատթևոս Ավետարանչի համար դատարկ խոսակցություն է համարվել և ինքը հանգամանալից գրել է այդ դավադրության մասին, առանց վատ զգալու:
Զինվորները չդիմացան գայթակղությանը, վերցրին մեծ գումարը՝ կեղծ ցուցմունք տալու համար, թե իբրև աշակերտները գողացել են մարմինը գերեզմանից: Այդ լուրը հասավ հրեաներին և այդ զրույցը տարածված է նրանց մեջ մինչև այսօ՛ր: Այս կեղծիքը քահանայապետների թեթև ձեռքով ժողովրդին բաժանեց երկու մասին; Մի մասը իր իշխանությունը պահելու համար պնդում էր որ աշակերտները գիշերով գողացել են Քրիստոսի մարմինը և լուր են տարածել, իբրև Քրիստոս հարություն է առել:
Իսկ մյուս մասը, որ Քրիստոսի աշակերտներն էին և Նրան հավատացողներն ու հետևողները տարածում էին ճշմարտությունը, ինչ որ իրենք տեսել էին իրենց աչքով: Մենք հետագայում տեսնում ենք թե քրիստոնյաների ինչ մեծ հալածանք է սկսվում և ինչքան նահատակություն է տեղի ունենում հանուն Քրիստոսի: Միամտություն կլինի մտածել, որ մարդիկ նահատակվում էին հորինված կեղծիքի համար: Քրիստոնյաներին մի կողմից առյուծների առջև էին նետում, մյուս կողմից մարդիկ քրիստոնյա էին դառնում: Հետևաբար մենք կարող ենք հասկանալ, թե ինչո՞ւ Քրիստոս չհայտնվեց քահանայապետներին: Քանի որ Քրիստոսի առաքելության նպատակը ավելի վեր էր, քան կեղծիքների բացահայտումը: Ճշմարտությունը երբ իր տեղում է, կեղծիքը այդ տարածքում երկար չի դիմանում:
Յուրաքանչյուրը պատասխան կտա իր ասած ամեն մեկ բառի համար, ըստ Ավետարանի, իսկ մենք ուշադիր լինենք մեր խոսած արտահայտությունների մեջ:
Աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռ, ուր ժամադրվել էին: Երբ տեսան, երկրպագեցին Հիսուսին, սակայն ոմանք երկմտեցին իրենց մեջ: Հիսուս մոտեցավ նրանց, խոսեց և ասաց,- Ի՛նձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա: Ինչպես Հայրը Ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցեք նրանց պահել բոլոր այն բաները, ինչ որ ձեզ պատվիրեցի: Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը: Մատթևոս ավետարանիչը այստեղ ավարտում է իր Ավետարանի վերջին 28 րդ գլուխը: Ուրեմն Քրիստոս ո՛չ միայն Իր աշակերտների հետ է մինչև աշխարհի վախճանը, այլ Իր հաստատած Քրիստոսի եկեղեցու և իրեն փնտրող ամեն մեկ հավատացյալ մարդու հետ է:
Թեպետ մեզ համար շատ բաներ կիսատ ու անհասկանալի մնաց, սակայն Աստծու խոսքը ոչինչ անհասկանալի չի՛ թողնում Իրեն փնտրողի համար, խնդրողի համար և բախողի համար:Մենք շնորհակալ ենք Մատթևոս Ավետարանչից՝ իր հանգամանալից բացատրության համար, և զուր չէր, որ Տէր Հիսուս ընտրեց այս մաքսավորին, ազատեց այդ անպատիվ աշխատանքից և ծառայեցրեց նրան՝ Իր փառքի համար, և նաև Մատթևոսի հետագա երկնքի վարձատրության համար:
Մատթևոսի Ավետարանում Ծնվեց Մանուկ Հիսուս աղքատ Մսուրում, թաղվեց մեծահարուստ Հովսեփի գերեզմանում, Հարություն առավ Հոր փառքով և հանդիպեց աշակերտների հետ: Տվեց նրանց գլխավոր և կարևոր պատվիրանը՝ աշակերտ դարձնել բոլոր ազգերին, որպեսզի հասկանալի դառնա, որ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ ո՛չ միայն հրեա ազգի համար, այլ ողջ աշխարհի բոլոր ազգերի:
Որդին աշխարհ եկավ բացահայտելու Հոր կամքը մարդկության համար, և Իր ուսուցումը տալու համար: Իր Հարությամբ և Համբարձմամբ աշակերտներին մենակ չթողեց, այլ ուղարկեց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որը հիշեցրեց աշակերտներին այն ամենը ինչ ուսուցանել էր Որդին: Այսպիսով Հայր Աստծու ուսուցումը ամբողջությամբ բացված է Որդու միջոցով և պահպանված է Սուրբ Հոգու շնորհիվ:
Մկրտության խորհուրդը այսպես պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մկրտվող անձ ծանոթանում է Հայր Աստծու ուսուցմանը, որը լուսաբանեց Որդի Աստված և որը հիշեցնում և պահպանում է Սուրբ Հոգի Աստված:
Այսպես պետք է աշակերտները շրջեին աշխարհով և աշակերտ դարձնեին, մկրտեին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Աշակերտ լինել, նշանակում է հետևել Հոր ուսուցմանը, որը փոխանցվեց Որդու միջոցով և պահպանվեց Սուրբ Հոգու միջոցով: Այդ նույն հոգով փոխանցել այլոց, որպեսզի փառավորի Աստծու Սուրբ անունը: Տէր Հիսուս ուղարկում է առաքյալներին՝ աշակերտներ պատրաստելու, իսկ դա նշանակում է, որ այդ ուսուցումը ավարտ պետք է չունենա մինչև աշխարհի վախճանը: Ավետարանը ավարտվում է գոտեպնդող և հուսադրող խոսքերով, թե՝ Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը:
Սիրելիներ, աշխարհի բոլոր կրոնների հիմնադիրները հանգչում են իրենց գերեզմաններում, միայն մեկ գերեզման կա աշխարհում, որ գտնվում է Երուսաղեմ քաղաքի մեջ, դա մեր Տիրոջ գերեզմանն է, որը թափուր է: Մահը չի կարող հաղթել մեկին, որը կյանքի ակունքն է: Վերցրեք մարդուց օդն ու ջուրը և մարդը մեռած է: Իսկ Աստված աղբյուրն է կյանքի, որը հարություն առավ մեռելներից և մեզ խոստացավ;
Եթե ամփոփելու լինենք Մատթևոսի Ավետարանը, մեր աչքի առջև և մեր մտքում են գլխավոր հերոսները՝ իրենց կերպարներով: Յուրաքանչյուրն իր վաստակած հեղինակությամբ: Յուրաքանչյուրն իր տարած հաղթանակով: Սակայն աշխարհի պատմության ընթացքը փոխեց Հիսուս Քրիստոս Իր Հարությամբ, որը մեր հավատի հիմքն է, մեր վստահությունն է մահվան նկատմամբ, մեզ գոտեպնդող զորությունն է
մեր կյանքի ընթացքի համար:
Մեր տիրոջ վերջի պատգամը՝ առաքյալներին աշխարհում աշակերտներ պատրաստելու վերաբերյալ, շարունակվում է մինչև մեր օրերը՝ բոլոր ազգերի մեջ: Եթե մենք միայն մեր ազգի պատմությունը ուսումնասիրենք, ապա բազում նահատակ սրբերի շիրիմներն ու մասունքները լուռ վկաներն են դրա, որ նրանք դարձել են աշակերտներ, և այնուհետև՝ այլոց են դարձրել, և նահատակվել են իրենց հավատի համար՝ հանուն Քրիստոսի: Աշակերտ դարձնելու գործընթացը շարունակվում է նաև այսօր՝ մեր օրերում ճեմարանները պատրաստում են աշակերտներ, աշակերտները դառնում են քահանաներ, կատարելու համար Աստծու այն խոսքը, որ ասաց, հունձը առատ է, մշակները՝ սակավ, աղաչեցեք հնձի Տիրոջը, որպեսզի մշակներ հանի հնձի համար:
Թե ինչպես են մշակները ծառայում հնձի Տիրոջը, դա հայտնի միայն Աստծուն և իրենց՝ մշակներին, երբեմն՝ նա՛և հնձին...
Բայց մենք գոտեպնդվենք մեր Տիրոջ այն խոսքով, որ ասաց,- Մի վախեցեք: Նաև Հրեշտակը ասաց, մի վախեցեք:
Ինչպես որ ժողովրդական խոսքն է ասում,- Մեղավոր գլուխը ոտքերին հանգիստ չի տալիս: Այնպես էլ մեր քահանայապետները իրենց մեղավոր գլխի պատճառով հանգիստ չգտան Տիրոջ ներկայության մեջ և մինչև վերջ ավարտի հասցրին իրենց կեղծիքը, նենգությունը և զրպարտությունը: Փառք Աստծուն ամեն ինչի համար, որ սովորեցինք Մատթևոսի ավետարանից: Փառք Աստծուն Իր աշակերտների համար: Փառք Աստծու նաև այն բանի համար, որ նախախնամեց այս հաղորդաշարը և պատվով հասանք առաջին գրքի սերտողության ավարտին: Եթե Աստված կյանք պարգևի և կամենա, կշարունակենք Մարկոսի Ավետարանը:
Բայց ես ձեզ մի լավ լուր ունեմ: Յուրաքանչյուր Ավետարանի ավարտին ձեզ մեկ օր արձակուրդ եմ տալու, հանգստանալու և խորհելու համար: Հետևաբար մենք մեր հաջորդ եթերաժամով կհանդիպենք Ապրիլի 1 ին:
Մնացեք սիրով՝ ձեր սովորածը ամրապնդեք կրկնելով, փոխանցե՛ք այլոց ճշգրտությամբ, ուղղափառությամբ, սիրով, և անհրաժեշտաբար: Քրիստոս մեզ հետ է Իր խոսքով և Իր Մարմնի և Արյան Հաղորդությամբ: Դուք էլ Քրիստոսի խոսքերը միմյանց փոխանցեք այն ուրախությամբ, որ ուրախությամբ յուղաբեր կանայք հարության լուրը հասցրին աշակերտներին՝ երկյուղով և ուրախությամբ;
Մեր Տէրը Իր առաջին պատգամով ասաց,- ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը: Իսկ վերջին պատգամով ասաց,- մի վախեցեք:
Քանի որ այսօր երկնքի արքայությունը մեզ ավելի մոտ է արդեն:
Հարց. Ի՞նչ դեր ունի քո կյանքում Աստվածաշունչը և որքա՞ն ժամանակ ես տրամադրում Նրան: