ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Մատթեոսի 21.18-22.14
Ծննդոց 1.1-3.24
Առակներ 1.2-9
Եսայու մարգարեությունը 40.1-8
Ավետարան ըստ Մատթեոսի 20.17-28
Ավետարան ըստ Մատթևոսի. 28: 5-10
Հրեշտակը ըսաւ կիներուն. «Մի՛ վախնաք, քանզի գիտեմ թէ կը փնտռէք Յիսուսը որ խաչուեցաւ։ 6 Ան հոս չէ, վասն զի յարութիւն առաւ (ինչպէս ըսած էր)։ Եկէք տեսէ՛ք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ 7 Շուտ մը գացէք անոր աշակերտներուն ըսէք թէ՝ ‘Անիկա մեռելներէն յարութիւն առաւ եւ ձեզմէ առաջ Գալիլիա կ՚երթայ, հոն պիտի տեսնէք զանիկա’. ահա ձեզի ըսի»։ 8 Անոնք շուտ մը գերեզմանէն ելան վախով ու մեծ ուրախութիւնով եւ վազեցին աշակերտներուն պատմելու։
9 Երբ կ՚երթային անոր աշակերտներուն պատմելու, Յիսուս անոնց դէմը ելաւ ու ըսաւ. «Ողջո՜յն ձեզ»։ Անոնք մօտենալով անոր ոտքերը բռնեցին ու երկրպագութիւն ըրին անոր։ 10 Այն ատեն Յիսուս ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, գացէք իմ եղբայրներուս ըսէք, որ Գալիլիա երթան։ Հոն զիս պիտի տեսնեն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ հայրենակիցներ. Մեր պահքի ոսկե շղթան մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Այսօրվանից սկսվում է Ավագ Շաբաթը; Փոքրիկ տեղեկություն տամ ձեզ Ավագ շաբաթվա խորհրդի մասին և անցնենք մեր սերտողությանը:
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ: Այսպես է կոչվում Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը, որի յուրաքանչյուր օրը Ավագ անունն է կրում, քանի որ այդ ընթացքում Քրիստոս իրականացրեց Իր վերջին, գլխավոր տնօրինությունները: Այդ օրերին Եկեղեցին հանդիսավոր արարողություններով մասնակից է դառնում Տիրոջ երկրային կյանքի այս վերջին շրջանին՝ քայլ առ քայլ ընթանալով Նրա հետ և հիշատակելով միմյանց հաջորդող խորհրդավոր և փրկարար իրադարձությունները:
Ծաղկազարդին, կիրակի օրը, իրականացավ Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ: Այս օրը վերապրում ենք Փրկչին դիմավորող ժողովրդի ցնծությունը: Եվ այդ խորհրդով եկեղեցում հավատացյալներին ուռենու նորաբողբոջ ճյուղեր են բաժանվում:
Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին. դա խորհրդանշում է հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասող պատուհասը: Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման վերաբերյալ սուրբգրային համապատասխան հատվածը՝ այդպիսով զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության:
Երեքշաբթի օրը Քրիստոս ընդհարում ունեցավ փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես վճռեցին մահվան մատնել Տիրոջը: Այս օրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը՝ իբրև հորդոր առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին, որի մասին մենք արդեն խոսել ենք նախորդ սերտողություններում:
Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է Հուդայի մատնությունը, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարությունը, որն անուշահոտ յուղով օծեց Հիսուսի ոտքերը:
Ավագ հինգշաբթի խորհրդավոր ընթրիքի հիշատակն է: Այս օրը եկեղեցում պատարագ է մատուցվում և կատարվում ոտնլվայի արարողությունը:
Ուրբաթ օրը Հիսուսի չարչարանքների, Նրա խաչելության և թաղման հիշատակն է: Իբրև սգո նշան՝ եկեղեցու խորանը ծածկվում է սև վարագույրով: Կեսօրին կատարվում է խաչելության, իսկ երեկոյան՝ թաղման կարգը՝ թափորով: Շաբաթ օրը Տերը մարմնով մնաց գերեզմանում, իսկ հոգով իջավ դժոխք և այն ավերելով՝ազատագրեց ննջեցյալների հոգիները: Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման: Երեկոյան կատարվում է ճրագալույց և Զատիկի նախատոնակը, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Սիրելիներ, գեղեցիկ կերպով համընկավ Մատթևոսի Ավետարանի Ավարտը և Ավագ շաբաթվա սկիզբը, քանի որ թարմ տեղեկություններով ձեզ ավելի հեշտ կլինի մասնակցել Ավագ շաբաթվա բոլոր արարողություններին, որովհետև բոլոր թեմաներին մենք հանգամանալից անդրադարձել ենք մեր սերտողություններում:
Երեկ մենք հետաքրքիր տեղում ավարտեցինք մեր սերտողությունը: Յուղաբեր կանայք, որոնք տեսել էին, թե Հովսեփն ու Նիկոդեմոսը ուր դրեցին Քրիստոսի մարմինը, կիրակի օրը արևածագին գերեզման եկան այն ակնկալիքով, որ պետք է օծեն Տիրոջ մարմինը, բայց ո՛չ այն հավատով, որ գերեզմանը թափուր են տեսնելու, քանի ճանապարհին անհանգստանում էին, թե գերեզմանի քարը ո՞վ է գլորելու, որպեսզի իրենք ներս մտնեն, քանի որ վաղ առավոտ էր: Երեկվա սերտողության մեջ ձեզ ասացի հրեական այն սովորության մասին, որ մահից հետո, երեք օր շարունակ հարազատները գնում էին գերեզման, ստուգելու համար ո՞ղջ է իրենց հարազատը, թե՞ ո՛չ: Բացի դրանից այդ ավանդության մեջ կանանց իրավունք էր վերապահված օծելու իրենց մահացած հոր և նաև իրենց վարդապետի մարմինը: Իսկ դրան հակառակ՝ տղամարդկանց չէր կարելի մասնակցել ննջեցյալ կանանց օծման արարողությանը:
Սակայն երբ յուղաբեր կանայք մոտեցան, տեսան, որ քարը գլորված էր գերեզմանի առջևից: Անշուշտ հրեշտակը գերեզմանի քարը գլորել էր ո՛չ նրա համար, որ Հիսուս այնտեղից դուրս գա, Տէր Հիսուս արդե՛ն այնտեղ չէր: Այլ նրա համար, որ կանայք կարողանան ներս մտնել և տեսնել որ Քրիստոս այնտեղ չէ, այլ հարություն է առել: Ներս մտան և տեսան, որ մի երիտասարդ՝ սպիտակ պատմուճան հագած, նստած է աջ կողմում: Զարհուրեցին կանայք:
Հրեշտակի ներկայությունը պահապան զինվորների մոտ նույնպես սարսուռ առաջացրեց Իր լուսեղեն տեսքով: Սակայն հրեշտակը եկել էր ինչպես կանանց լուր տալու համար, այնպես էլ զինվորներին ցույց տալու համար, որ ձեր պահպանության ջանքերը անզոր են աստվածային զորության առջև: Համայն մարդկության ճակատին Քրիստոսի կնիքն է դրված, իսկ քահանայապետը վեմ քարն է կնքում իր մարդկային կնիքով: Ավետարանիչն ասում է, որ Տիրոջ հրեշտակի իջնելուն պես մեծ երկրաշարժ եղավ: Ինչո՞վ է պայմանավորված այս երկրաշարժները, այդ ի՞նչ ընդվզում է, ո՞ւմ ցասումն էր դա, ի՞նչի համար է լինում երկրաշարժը: Այս հարցերին գեղեցիկ պատասխան է տալիս Եսայի մարգարեն, ասելով,- Արդարությունը վերացավ նրանց միջից, արգելք դրեցին իրենց սրտին, որ օրենքը չկիրառեն: Տեսա՛վ Տէրը և չհավանեց դա, որովհետև իրավունքը բացակայում էր: Նայեց, բայց մարդ չկար: Չկա՛ր մեկը, որ օգնական լիներ: Աստված հատուցում պիտի տա հակառակորդներին, քանի որ արդարությունը իբրև սաղավարտ դրեց գլխին և իր վրա վերցրեց ողջ վրեժխնդրությունը: Եսայ.59:15
Հրեշտակը խոսեց կանանց հետ և ասաց,- Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց: Այստեղ չէ Նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր նախօրոք: Եկե՛ք, տեսեք այնտեղը, ուր պառկած էր: Հրեշտակը պատվիրեց կանանց, որ լուր տանեն աշակերտներին և Պետրոսին, թե Ինքը Գալիլիա է գնում և այնտեղ կհանդիպեն Իրեն:
Գերեզման եկած կանանց մեջ էր նաև Մարիամ Մագդաղենացին: Երբ կանայք սարսափահար դուրս եկան գերեզմանից, ահա նրանց առջև դուրս եկավ Հարուցյալ Փրկիչը և ասաց,- Ողջույն ձեզ: Կանայք մոտեցան և փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին Նրան: Տէր Հիսուս նրանց Պատվիրեց, որ չվախենան և լուրը տանեն Իր եղբայրներին, որպեսզի նրանք Գալիլիա գնան և այնտեղ հանդիպեն Իրեն:
Սիրելիներ այստեղ ուշադրություն դարձնենք մի կարևոր իրադարձության վրա, որ բոլոր ավետարանիչները անդրադարձել են այդ փաստին; Հրեշտակը խոսեց յուղաբեր կանանց հետ, որոնց մեջ վստահություն չկար, որ Քրիստոս Հարություն է առել, քանի որ եկել էին օծելու Տիրոջ մահացած մարմինը, բայց նրանց սրտերը մաքուր էր Քրիստոսի հանդեպ: Սակայն Հրեշտակը չխոսեց քահանայապետի հետ, որը համոզված էր, որ Քրիստոս հարություն է առնելու, դրա համար էր զինվորներ կարգել, որ հսկեն գերեզմանը: Որովհետև քահանայապետի սրտում նենգություն և կասկած կար: Քրիստոսի համար քահանայապետի հանգամանքը կարևոր չէր, այլ նրա մաքուր սիրտը, որ չունե՛ր: Քրիստոսի համար Մարիամ Մագդաղենացու մեղավոր անցյալը կարևոր չէր, այլ նրա նվիրումը՝ որ ուներ մեղքից ազատվելուց հետո:
Յուղաբեր կանայք եղան առաջին վկաները Քրիստոսի Հարության լուրը տարածելու պատասխանատու գործի մեջ, որը հանձնարարեցին իրենց նախ՝ հրեշտակը, ապա՝ հենց ինքը Հարուցյալ Հիսուս Քրիստոս: Այս կանայք նույնպես եղան հարության լուրը առաքող առաքյալներ՝ մյուս առաքյալների համար: Մինչդեռ աշակերտները կրոնական առաջնորդների վախից մոտ չէին գնում գերեզմանին՝ ձեռբակալությունից խույս տալու համար:
Գուցե մեզ համար այսօր նշանակություն չունի թե լուրը ո՞վ բերեց, որովհետև կարևորը լո՛ւրն է, ո՛չ թե բերողը; Իսկ առաջին դարի մարդկանց համար սա բացառիկ նորություն էր, որ կանանց բերած լուրը կարող է հավաստի լինել, դրա համար աշակերտների համար անհավանական թվաց, ու իրենք վազեցին գերեզման՝ տեսնելու համար կանանց պատմածը: Հեթանոսների համար նույնպես զավեշտ էր կնոջ վկայությունը, այն էլ հարության վերաբերյալ: Նրանք համարում էին, որ բացառապես տղամարդիկ կարող են վկայություն անել Աստծու գործերի մասին; Նույնիսկ Պողոս առաքյալը իր թղթերում այդ մասին չի հիշատակում, որ առաջինը կանաց երևաց Քրիստոս հարությունից հետո և պատվիրել լուր տանել մյուս աշակերտներին և Պետրոսին: Այս մտավախությունը կապված էր ժամանակի բարքերի հետ և հետքերը հասնում են մինչև մեր օրեր և որոշ վերապահումներ կա նույնիսկ մեր եկեղեցում այդ առումով: Օրինակ հաճախ ընդվզում է առաջանում մարդկանց մոտ, թե ինչո՞ւ է զղջման աղոթքը կինը կարդում: Ինչո՞ւ կինը առաջինը մոտեցավ Հաղորդությանը, ինչո՞ւ Սուրբ գիրքը առաջինը կինը համբուրեց և այլն: Սակայն ո՛չ ոք չի ասում, թե ինչո՞ւ է այսօր Պատարագի ժամանակ եկեղեցու հավատացյալների 80 տոկոսը կանայք: Ու՞ր են տղամարդիկ: Մի՞թե աղոթքի կարիք չունեն մեր տղամարդիկ:
Սակայն Քրիստոս այդ տարբերությունը վերացրեց՝ մեղավո՛ր կնոջ, քանանացի՛ կնոջ, սամարացի՛ կնոջ և յուղաբե՛ր կանանց միջոցով: Անշուշտ քրիստոնյա կանայք անվերապահ ընդունում են, որ տղամարդն է կնոջ գլուխը, և Քրիստոսն է տղամարդու գլուխը, և կանայք հնազանդ են իրենց ամուսիններին և ծառայում են Քրիստոսին՝ ծառայելով իրենց ընտանիքին: Բայց նաև գաղտնիք չէ, որ կանայք եկեղեցում շատ օգտակար գործեր կարող են անել: Հետևաբար եթե անվերջ հիշում ենք, որ մեղքը Եվայի միջոցով աշխարհ մտավ, ուրեմն հիշե՛նք նաև, որ հարության լուրը Հիսուս յուղաբեր կանանց միջոցով փոխանցեց տղամարդկանց: Սա ուրիշ թեմա է, մի օր կանդրադառնանք այս հարցին՝ կլոր սեղանի շուրջ՝ ձեզ հետ միասին:
Կանայք սարսափահար փախան գերեզմանից, և ոչ ոքի ոչինչ չասեցին, քանի որ վախեցել էին:
Պատմեցին աշակերտներին իրենց տեսածի մասին, բայց նրանց պատմածը աշակերտներին բարբաջանք թվաց: Քանի որ չհավատացին, և վազեցին դեպի գերեզման: Պետրոսը, նորից իր բնավորության համաձայն առաջինը վազեց գերեզման, մինչդեռ պատվեր էր ստացել Գալիլիա գնալ, ոչ թե գերեզման, այնուամենայնիվ գնաց և գերեզմանը թափուր գտավ, և միայն կտավներն էր անտեղ: Ավետարանն ասում է, - և գնաց մտքում զարմացած, թե ի՞նչ է եղել: Որովհետև դեռ ժամանակ պետք է անցներ, որպեսզի Սուրբ Հոգին բացեր նաև Պետրոսի և մյուսների հոգևոր աչքերը:
Սիրելիներ, թողնենք յուղաբեր կանանց՝ իրենց լուրը տարածելու առաքելության մեջ և տեսնենք, թե մյուս աշակերտները ինչով էին զբաղված այդ օրերին: Ղուկաս Ավետարանիչը մեզ մի հետաքրքիր տեղեկություն է տալիս երկու աշակերտների մասին, որոնք Քրիստոսի խաչելությունից և մահից հետո, հուսահատությունից և հիասթափությունից դրդված հեռանում էին Երուսաղեմից, մեկնելով մի գյուղ, որ Էմմավուս էր կոչվում: ճանապարհի այդ երկու աշակերտները խոսում էին Երուսաղեմում տեղի ունեցած իրադարձությունների մասին, թե ինչեր պատահեց: Երբեմն նաև վիճում էին, իրենց չհասկացած բաների շուրջ: Այդ պահին նրանց միացավ Տէր Հիսուս և քայլում էր նրանց հետ, բայց նրանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն Նրան: Հիսուս հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ բաների մասին են վիճում և ինչո՞ւ են հատկապես տրտմած: Երկուսից մեկը, որի անունը Կղեովպաս էր, ասաց,- Երուսաղեմում միայն դո՛ւ ես, որ չգիտե՛ս, թե ինչե՛ր է կատարվել այս օրերն: Աշակերտի այս խոսքերից հասկանալի է, որ չեն ճանաչել Հիսուսին՝ իրենց կողքից քայլող: Հիսուս հարցնում է,- Ի՞նչ:
Հիմա դուք ուշադիր լսեք այս աշակերտների մեկնաբանությունը և իրենց պատկերացումը Հիսուս Քրիստոսի մասին; Նրանք սկսեցին պատմել Հիսուս Նազովրեցու մասին, որ մարգարե մարդ էր, հզոր գործերով ու խոսքերով՝ Աստծու և ժողովրդի առաջ: Պատմեցին նաև, թե ինչպես քահանայապետները և իշխանավորները Նրան մատնեցին մահվան դատաստանի և խաչը հանեցին;
Այդ երկուսը նաև ասում են, որ իրենք ակնկալում էին, թե նա՛ է փրկելու Իսրայելը, սակայն արդեն երրորդ օրն է, ինչ այս բաները պատահեցին: Բայց նաև մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք գերեզման էին գնացել և Նրա մարմինը այնտեղ չէին գտել, և ասում էին, որ մի հրեշտակի տեսիլ էին տեսել, որն ասել էր, թե Նա կենդանի է; Մենք էլ գերեզման գնացինք,- ասում են այդ երկուսը,- և նույնը տեսանք, ինչ որ կանայք ասել էին;
Ուշագրավ է այստեղ Քրիստոսի պատասխանը նրանց, որ ասում է նրանց,- Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ մարգարեներին, որոնք ասացին այդ ամենը: Չէ՞ որ Քրիստոս պետք է չարչարվեր և հետո մտներ Իր փառքի մեջ: Այդ աշակերտները այնքան ժամանակ չճանաչեցին Հիսուսին, մինչև որ սեղան նստեցին և Նա հացը վերցնելով, օրհնեց, կտրեց և տվեց նրանց, ինչպես որ անում էր միշտ: Նրանց աչքերը բացվեցին և ճանաչեցին Նրան, իսկ ինքը՝ քրիստոս նրանց աչքին աներևույթ դարձավ; Երկու աշակերտն էլ չենթադրեցին, որ Հիսուս հարություն է առել, այլ հակառակը Հիսուս նրանց հիշեցրեց, և հանդիմանեց, ասելով՝ անմիտ, և թուլասիրտ մարդիկ: Այս երկու աշակերտները տրտմած ասում էին միմյանց, թե,- Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, մինչ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՛ս էր բացատրում գրքերը; Սրանք վեր կացան նորից և վերադարձան Երուսաղեմ, որտեղից որ եկել էին և հավաքված գտան տասնմեկին: Իրենք էլ պատմեցին, թե ինչ պատահեց իրենց հետ ճանապարհին, երբ Տէր Հիսուս Իրեն ճանաչել տվեց հաց կտրելու պահին:
Սիրելիներ, այսօր երկարեց մեր սերտողությունը, ասելիքի շատության պատճառով, բայց մենք այստեղ ավարտենք մեր հետաքրքիր փաստերը Հարության և հետագա հանդիպումների մասին, թե ինչպե՞ս են հանդիպելու աշակերտները առաջին անգամ Հարությունից հետո իրենց Վարդապետի հետ, որն թողել էին մենակ;
Մնացեք սիրով, թող ձեր սրտերը միշտ ճմլվեն Քրիստոսի անունը լսելիս, քանի որ Նա ներկա է այնտեղ, որտեղ Իր մասին խոսում են:
Հարց. Ինչո՞ւ աշակերտներից ո՛չ մեկը չէր հիշում և սպասում Քրիստոսի հարությանը: