ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Երգ երգոց 2:8- 6:11
Եսայու մարգարեությունը 62.11-12
Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 1.3-10
Ավետարան ըստ Մարկոսի 10.46-11.11
Ավետարան ըստ Հովհաննեսի 11.1-46
Երգ երգոց 1.1-2.3
Ավետարան ըստ Մատթևոսի. 28:1-5
ՅԱՐՈՒԹԻՒՆԸ
1 Շաբաթ գիշերը, երբ մէկշաբթին կը լուսնար, եկան Մարիամ Մագդաղենացին ու միւս Մարիամը գերեզմանը տեսնելու։ 2 Ահա մեծ երկրաշարժ մը եղաւ, վասն զի Տէրոջը հրեշտակը երկինքէն իջնելով, գնաց դռնէն մէկդի գլորեց քարը ու անոր վրայ նստաւ։ 3 Անոր տեսքը փայլակի պէս էր ու անոր հանդերձները՝ ձիւնի պէս ճերմակ։ 4 Անոր վախէն պահապանները խռովեցան ու մեռածի պէս եղան։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ; Այսօր կիրակի է, Ծաղկազարդի տոնն է, որը սիրելի տոն է բոլորիս համար: Ինչպես որ նախորդ կիրակիները, այնպես էլ այս կիրակի երկու խոսքով տեղեկացնեմ տոնի խորհրդի մասին, և կտեղադրեմ տեսանյութը, որի մեջ հանգամանալից խոսում եմ բուն խորհրդի մասին; Երեկ մենք հիշեցինք Ղազարոսի Հատության հիշատակությունը, իսկ Ղազարոսի հարության հաջորդ օրը Հիսուս Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ Երուսաղեմ՝ Զատիկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ներքո: Նրա առջև մարդիկ գետնին էին սփռում իրենց զգեստները և ծառերի ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր այդ ցնծությունը, որ փարիսեցիները նախանձելով՝ Հիսուսից պահանջեցին լռեցնել նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն»:
Իսկ այսօր սկսենք 28 րդ գլխի առաջին հինգ համարների սերտողությունը, որը վերջին գլուխն է Մատթևոսի Ավետարանի:
Երեկվա մեր սերտողությունը ավարտվեց այնտեղ, որ Հիսուս Քրիստոսի գերեզմանը կնքվեց փարիսեցիների կողմից, և զինվորների հերթապահության եռօրյա կարգ սահմանվեց Գերեզմանի մոտ; Ըստ ավանդության փարիսեցիները նորից այն նույն հեթանոս հարյուրապետին առաջարկեցին, որպեսզի երեք օր հսկի Քրիստոսի գերեզմանը, իսկ հեթանոս հարյուրապետը, որի աչքերը բժշկվել էր Հիսուսի կողից բխած ջրի և արյան ցողից, հրաժարվեց կատարել նրանց պատվերը, քանի որ իր աչքերի վրա էր զգացել Քրիստոսի աստվածության հրաշքը: Փարիսեցիներ այլ զինվորներ վարձեցին գերեզմանի պահակության համար:
Հարության զորությունը հասկանալի չէ ո՛չ ոքի բացի Աստծուց, օրենքի ուսուցիչները նույնպես չհասկացան և կարծեցին, թե գերեզմանի քարը կնքելով կարող էի սահմանափակել Անսահմանին: Կամ Գերեզմանի մեջ ամփոփելով կարող էին սահմանափակել տիեզերքի Արարչին: Կամ մի քանի զինվորներով կարող էին հսկել Մեկին, որին սպասավորում են երկնքի հրեշտակներ գնդերը, սերովբեները և քերովբեները: Ինչևէ…
Մեր Տէրը գերեզմանի մեջ է: Զինվորները արթուն հսկում են գերեզմանը՝ քահանայապետների հրահանգով; Աշակերտները ցիրուցան եղած են անորոշության մեջ: Կանայք խունկ ու յուղեր են պատրաստում Գերեզման գնալու համար: Քահանայապետները նորանոր զրպարտություններ մշակում իրենց վախից, որ եթե հանկարծ հարություն առնի Քրիստոս, ի՞նչ կերպով արդարացնեն իրենց իրենց հերթական նենգ քայլը: Մտահոգության մեջ է նաև Պիղատոսը, քանի որ նրան էլ լուր տվեցին, որ Քրիստոս նախապես ասել է Իր Հարության մասին; Հրեաների մեծ տոնակատարությունը և Քրիստոսի խաչելությունը Երուսաղեմի համար խոշոր իրադարձությունների դաշտ էր բացել և միլիոնավոր մարդիկ այդ օրերին Երուսաղեմում էին: Քահանայապետները փոխարեն խորագիտությամբ մարգարեանային, թե ինչո՞ւ հենց մեծ տոնի ժամանակ պատահեց այս բոլորը, չէ՞ որ ժամանակը իրենց տրամադրության տակ էր: Նրանք զբաղված էին զրպարտություններ հորինելով, մարդկանց ներքաշելով իրենց մեղավոր գործերի մեջ:
Սովորաբար Աստվածաշնչի հետ գործ ունեցող մարդիկ առաջին հերթին նկատում են Աստծու նախախնամությունը, թե՝ որ դեպքը ինչի համար է պատահել: Իսկ մեր այս քահանայապետները Սուրբ Գրքերը միայն անգիր են արել, ուրիշ ոչինչ: Քրիստոս աշխարհ էր եկել խաչվելու առաքելությամբ, սակայն խաչելությունն էլ իր ժամանակը պետք է ունենար: Հիշո՞ւմ եք Կանայի հարսանիքին Իր մորն ասաց, -Իմ ժամանակ դեռ չի՛ հասել: Իսկ զատկական ընթրիքի սեղանը պատրաստելու ժամանակ աշակերտներին ասաց,- Իմ ժամանակը մոտեցե՛լ է; Ընթրիքի ժամանակ արտոնեց, որ Հուդան գնա և անի այն, ինչ անելու էր: Հիշում ենք նաև, որ ընթրիքից հետո սաղմոսներ երգելով աշակերտներին տարավ Գեթսեմանի կոչվող մի խաղաղ և ո՛չ մարդաշատ տեղ: Քրիստոս չկամեցավ մարդաշատ Երուսաղեմի մեջ ձեռբակալվել, այլ առանձնացավ, որ ավելի հեշտ լինի և խոչնդոտ չլինի իրեն ձեռբակալելը
Քանի անգամ տաճարի մեջ կամեցան Հիսուսին բռնել, իսկ Նա նրանցից խույս տվեց, որովհետև ժամանակը դեռ չէ՛ր հասել; Իսկ հիմա հասավ ժամանակը՝ փառավորվելու, երբ Երուսաղեմը հեղեղված էր ուխտավորներով; Մինչ աշակերտների քարոզությունը սկսելը այս ուխտավորները կդառնային լավագույն քարոզիչեր՝ իրենց երկրներ վերադառնալիս, և կպատմեին, թե ինչ պատահեց մեծ տոնի նախօրյակին;
Սիրելիներ, ես ուզում եմ, որ մենք մի քիչ ավելի խորը վերլուծություններ կատարենք Մեր Տիրոջ նախ՝ երկրային կյանքի, հետո՝ մահվան, և հետո հարության և համբարձման մասին; Մեր Տերը մահացավ խաչի վրա::
Ի՞նչ ենք անում մենք, երբ մասնակցում ենք մեր հարազատի կամ որևէ մեկի հոգեհանգստյան արարողությանը: Սովորաբար մահախոսականի մեջ հիշում են ննջեցյալի հա՛տկապես վերջին օրերի և ժամերի նրա արտաբերած մտքերը, նպատակները և հիշողությունները: Այսպիսով մարդիկ իրենց ունեցած տեղեկություններով հարգում են ննջեցյալի հիշատակը, խոսելով իր մասին;
Մենք՝ քրիստոնյաներս, ամեն օր իրավո՛ւնք ունենք և պարտավո՛ր ենք խոսել մեր Տիրոջ կյանքի, մահվան և հարության մասին: Իսկ այս վերջին ժամանակներում առավել մեր խոսակցությանը պետք է ավելացնենք նա՛և Նրա Երկրորդ Գալուստի մասին սուրբգրային տեղեկությունները:
Մի պահ վերհիշենք Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերի՝ խաչելության նախորդ օրվա Նրա երկխոսությունը Երկնավոր Հոր հետ, որը իր տեսակի եզակի աղոթք է, որ խոսում է Հոր հետ՝ մեր մասին, մեր միասնության մասին: Չի՛ խոսում էկումենիկ ժողովների միասնության մասին, այլ խոսում է Քրիստոսի և Երկնավոր Հոր հետ ընտրեալների միասնության մասին: Տէր Հիսուս աչքերը երկինք բարձրացնելով, տեղեկացնում է Հորը, որ հասել է ժամը, որ Հայրը փառավորի Որդուն, և Որդին փառավորի Հորը: Այս աղոթքը կարծես հաշվետվություն լինի Հորը՝ Հիսուս Քրիստոսից: Ներկայացնում է Երկնավոր Հորը, որ Իր տված իշխանությամբ բոլոր մարդկանց հայտնել է հավիտենական կյանքի մասին: Իսկ հավիտենական կյանքի մասին մի բացառիկ բանաձև է տալիս, որպեսզի մենք պատկերացում ունենանք հավիտենական կյանքի մասին, ո՛չ թե որպես հրաշքների աշխարհ, այլ՝ հավիտենական կյանքն այն է, որ ճանաչենք Երկնավոր Հորը, որպես միակ Ճշմարիտ Աստված, և Նաև Հիսուս Քրիստոսին, որին Հայրը ուղարկեց; Ահա, թե ի՞նչ է նշանակում հավիտենական կյանքը: Ես ձեզ համար հիմա կկարդամ մի քանի համար այդ աղոթքից, բայց դուք ամբողջությամբ կարդացեք այս չքնաղ աղոթքը որի նմանը այլևս չեք գտնի ոչ մի տեղ: Լսեն՛ք:
«Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տուիր, որ անեմ. եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը։ Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին։ Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուիր, ես նրանց տուեցի. եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։ Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տուեցիր, որովհետեւ նրանք քոնն են։ Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մէջ փառաւորուած եմ»։ Հովհ.17:1-26
Սիրելիներ, անկարելի է այս աղոթքը կարդալ առանց սրտի ցավ զգալու: Հայրը սիրելի Որդուն աշխարհ է ուղարկել մեր փրկության համար: Սիրելի Որդին կատարել է Հոր կամքը՝ խմել է դառնության բաժակը՝ մահվան ելքով: Խաչելությունից առաջ հաշվետվություն է տալիս Երկնավոր Հորը Իր խոստումը կատարելու մասին: Այս խոսքերը կարդալուց հետո աշխարհում ամեն ինչ փոշիանում է մեր աչքի առջև, հարստություն, պաշտոն, կիրք և ամեն մեղք, որը ստիպեց, որպեսզի Աստված խաչը բարձրանա: Հարստությունը միայն դրամը չէ, այլ այն, ինչը սիրում ենք Աստծուց առավել, և կախում ունենք նրանից: Աստված կամենում է, որ Իր տված սիրով սիրենք աշխարհը և մարդկանց, որպեսզի մեզ չվնասենք:
Մենք չենք կարող աշխարհը ավելի լավը դարձնել առանց Հիսուս Քրիստոս. Տէր Հիսուս աղոթում է, որ Հայրը պահի մեզ չարից: Երբ Նա աղոթում էր, ե՛ս և դո՛ւ Նրա մտքի մե՛ջ էինք; Այսօր մենք այդ միության մեջ կատարյալ չենք: Այդ միության մեջ կատարյալ չէ նաև եկեղեցին, որովհետև Քրիստոսի խոսքերը մեր սրտում չեն: Լավագույն դեպքում դրանք գիտելիք են մեզ համար:
Դուք ավելի խորը մտածեք այս մասին և տեսեք, որ Խաչին գամված Իր Միածնի բաց ձեռքերը Աստված Սեր է անվանում: Միածինը խաչի վրա` իրեն խաչելը` Նրանց՝ մեղք չի համարում… Ինչո՞վ կարող ենք վարձահատույց լինել այս իրողությանը, եթե ո՛չ միայն մերժե՛լ աշխարհը և ի՛նչ մեղք որ կա նրանում, որովհետև չար դևը նստած է բոլոր մեղքերի վրա, որին էլ որ մենք առնչվենք:
Այսօրվա սերտողության մեջ կարդում ենք, որ շաբաթ օրվա ավարտին, երբ կիրակին էր լուսանում, կանայք եկան գերեզմանը տեսնելու: Սիրելիներ, եթե ուշադիր եք եղել հրեաների մոտ սովորություն չկա շաբաթվա բոլոր օրերը անուններով անվանել: Այլ՝ ասում են կամ առաջին օրվա անունը, կամ վերջին; Կամ էլ անվանում են այբենական հերթականությամբ: Օրինակ՝ Ալեֆ, որ առաջին տառն է, կամ Թավ, որը վերջին տառն է: Սա հանդիպում ենք նաև սաղմոսների մեջ, հատկապես 118 ի մեջ: Ի՞նչ է նշանակում գերեզմանը տեսնել: Ասում է, կանայք եկան գերեզմանը տեսնելու: Դարձյալ հրեաների պարականոն գրքերում գրված է, որ սովորություն կար, որ թաղումից հետո երեք օր շարունակ հարազատները գնում էին գերեզմանը տեսնելու: Պատմում են, որ եղել են դեպքեր, որ մարդը ողջ է եղել և արթնացել է հաջորդ օր: Որից հետո ապրել է ևս 25 տարի և հետո մահացել:: Մեկ այլ դեպքում, որ մահացածը երիտասարդ է եղել, և հայտնաբերել են նրան գերեզմանում՝ ողջ, որից հետո հինգ երեխա է ունեցել ու մեծ տարիքում մահացել:
Առաջին դարում, ինչպես որ մենք տեսանք Ղազարոսի թաղման և մեր Տէր Հիսուսի թաղման պարագան, ժայռի խորշում են դնում, և թաղում են նույն օրը: Մեր սովորություն պես չէր թաղումը՝ խորը գերեզմանում և այդքան հեղի տակ: Նաև հերձելու սովորությունը չկար, այնպես որ թյուրիմացություններ եղել են: Հիշո՞ւմ եք Անանիայի և Սափիրայի թաղումը՝ մահից հետո՝ նույն պահին;
Ավետարանն ասում է, մեծ երկրաշարժ եղավ, և Տիրոջ Հրեշտակը երկնքից իջնելով գերեզմանի դռնից վեմ քարը մի կողմ գլորեց և նստեց վրան; Թո՛ղ հարյուր զինվոր հսկի գերեզմանը, և հարյուր քահանայապետ իր կնիքով կնքի՛ գերեզմանը: Աստծու հրեշտակի համար որևէ կնիք վավեր չէ: Հրեշտակի համար Տիրոջ պահապանները իրենք են և երկնային հրեշտակների գունդը, ո՛չ թե զինվորները: Հետևաբար հրեշտակը խոսեց ո՛չ թէ զինվորների հետ այլ՝ կանանց; Իսկ զինվորները, որ հսկում էին գերեզմանը, հրեշտակի ահից մեռելների պես եղան այդ պահին: Քանի որ հրեշտակի տեսքը փայլակի նման էր, և նրա զգեստը՝ սպիտակ ինչպես ձյուն: Եթե օրինակ այս զինվորները վախից ուշագնաց լինեին և նույն օրը սովորության համաձայն նրանց թաղեին, նրանք հաջորդ օրը կարող էին վեր կենալ:
Սիրելիներ մեր սերտողությունն ավարտենք այս հետաքրքիր տեղում, և անհամբեր սպասենք վաղվա սերտողությանը՝ ծանոթանալու համար հետագա զարգացումներին:
Մնացեք սիրով՝ հավատարիմ Ավետարանի ամեն խոսքին, և մի՛շտ հիշեք, որ Հիսուս Քրիստոսի առաքելությունը մահն էր մեզ համար, և Նա գերեզմանում չէր կարող երկար մնալ, Նա նաև Աստված է:
Հարց. Ո՞րն է Հավիտենական կյանքը ըստ Քրիստոսի աղոթքի.