ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Իմաստություն Սողոմոնի 10.9-20
Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 4.12-17
Ավետարան ըստ Հովհաննեսի 11.1-54
Առակներ 14.27-35
Ավետարան ըստ Հովհաննեսի 11.55-12.11
Ավետարան ըստ Մատթևոսի. 27:57- 66
ՅԻՍՈՒՍԻ ԹԱՂՈՒՄԸ
57 Երբ իրիկուն եղաւ, Արիմաթիայէն հարուստ մարդ մը եկաւ, որուն անունը Յովսէփ էր, որ ինքն ալ Յիսուսի աշակերտ էր։ 58 Ասիկա Պիղատոսին քով երթալով՝ Յիսուսին մարմինը խնդրեց. այն ատեն Պիղատոս հրաման ըրաւ որ մարմինը տրուի։ 59 Յովսէփ մարմինը առաւ, մաքուր կտաւով փաթթեց, 60 Ու դրաւ իր նոր գերեզմանին մէջ՝ որ քարէ փորուած էր եւ գերեզմանին դուռը մեծ քար մը գլորելով՝ գնաց։ 61 Հոն Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը՝ գերեզմանին դիմաց նստած էին։
62 Հետեւեալ օրը, որ ուրբաթէն յետոյ էր, քահանայապետներն ու փարիսեցիները ժողվուեցան Պիղատոսին քով 63 Ու ըսին. «Տէ՛ր, կը յիշենք թէ այն մոլորեցուցիչը իր կենդանութեան ատեն կ՚ըսէր թէ՝ ‘Երեք օրէն յետոյ յարութիւն պիտի առնեմ’, 64 Ուստի հրաման ըրէ, որ մինչեւ երրորդ օրը գերեզմանին զգուշութիւն ընեն։ Չըլլայ թէ իր աշակերտները գիշերով գան զանիկա գողնան եւ ժողովուրդին ըսեն թէ՝ ‘Մեռելներէն յարութիւն առաւ’. ու ետքի մոլորութիւնը առաջինէն գէշ ըլլայ»։ 65 Պիղատոս անոնց ըսաւ. «Դուք ունիք պահապան զինուորներ. գացէ՛ք, զգուշութիւն ըրէք, ինչպէս որ կ՚ուզէք»։ 66 Անոնք ալ գացին գերեզմանին զգուշութիւն ըրին, քարը կնքելով ու պահապան զինուորներ դնելով։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս բոլորիդ, սիրելիներ, որ սպասում եք մեր ուղիղ եթերին: Այսօր շաբաթ է, Ղազարոսի հարության հիշատակն է: Իսկ սա նշանակում է, որ վաղը Ծաղկազարդն է:
Մենք այսօր կավարտենք Մատթևոսի Ավետարանի 27 րդ գլխի վերջին համարները, որում նկարագրվում է Հիսուսի թաղումը; Երեկվա սերտողության մեջ մեզ հայտնի դարձավ, որ Խաչափայտի մոտ ներկա էին Հովհաննես առաքյալը և կանայք, որոնք հետևում էին Հիսուսին, իսկ մյուս աշակերտների մասին լուր չունենք; Ավարտվեց օրը և եղավ երեկո և քանի որ հաջորդ օրը շաբաթ էր, պետք էր, որ խաչից իջեցնեին խաչյալներին, եթե մահացած լինեին; Հրեական օրենքի համաձայն խաչից իջեցրած դին այլևս հարազատին չէին վերադարձնում; Արիմաթե քաղաքից մի բարեպաշտ մարդ կար, Հովսեփ անունով, որը տեղյակ էր թաղման վերաբերյալ հրեական օրենքներին, հրեաների ժողովի անդամ էր, և ինքն էլ Աստծու Արքայությանը սպասող մարդ էր, համարձակվեց հանձն առնել այդ պարտականությունը, և գնաց Պիղատոսի մոտ՝ խնդրելու Հիսուսի մարմինը:
Այս բարեգործ և արդար մարդը Քրիստոսի գաղտնի հետևորդներից էր և չէր միաբանվել կրոնաքաղաքական խմբավորումների սպանության նենգ ծրագրին; Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ նրան միացավ նաև Նիկոդեմոս անունով մի հրեա, որի մասին նույնպես կարդում ենք, որ թաքուն գիշերով եկավ Հիսուսի մետ՝ Նրան լսելու համար; Քանի որ երկուսն էլ վախի պատճառով թաքուն են հետևել Քրիստոսին, այս բարի գործի մեջ միաբանվեցին և իրենց կյանքը վտանգի տակ դնելով Պիղատոսից խնդրեցին Տէր Հիսուս Քրիստոսի մարմինը իջեցնել խաչից; Հավանաբար այս երկուսը նաև գաղտնի հետևել և տեսել են, որ Հիսուս մահացել է արդեն և կարող են վերցնել Նրա մարմինը;
Պիղատոսը հարյուրապետի միջոցով ճշտեց, արդյո՞ք այդքան շուտ մահացավ Հիսուս և շատ զարմացավ, որ հայտնեցին, թե մահացել է; Ստացան Պիղատոսի թույլտվությունը և խաչից իջեցրին Քրիստոսի մարմինը:
Քանի որ հաջորդ օրը շաբաթ էր, և օրենքը թույլ չէր տալու թաղումը կատարել, նրանք շտապեցին թույլտվություն ստանալ ուրբաթ երեկոյան և պատրաստել մարմինը թաղման համար:
Ավանդությունն ասում է, որ նրանք մեծ դժվարության հանդիպեցին խաչից իջեցնելու պահին, քանի որ դժվար էր մարմինը ազատել այդ գամերից: Նրանք աղոթել սկսեցին, որպեսզի կարողանան վերցնել Մարմինը: Աղոթքը բոլորիս կողմից շատ սիրված Երեքսրբյան աղոթքն է, որ երգվում է Պատարագների և ժամերգությունների ժամանակ; Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,Որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ: Այս շարականը երգվում է Տերունական բոլոր տոներին ըստ տոնի խորհրդի: Ամեն անգամ այս բառերը կրկնելով, կարողանում էին ազատվել այդ գամերից, որոնցով խաչված էր մեր Տէր խաչափայտին; Այնուհետև ըստ սահմանված կարգի և հրեական օրենքի համաձայն խնամեցին Տիրոջ մարմինը զմուռսով և հալվեով, խնկերով, և փաթաթեցին կտավներով: Իր խաչված վայրում կար մի պարտեզ, այդ պարտեզի մեջ կար մի գերեզման, որի մեջ դեռ ոչ ոքի չէին դրել:
Դրեցին Տիրոջը այդ գերեզմանի մեջ, և մի մեծ քար դրեցին գերեզմանի դռան առջև: Այս մասին ևս մարգարեություն կա Եսայի մարգարեի գրքում, որն ասում է,- Նրա գերեզմանի համար չարությամբ, իսկ մահվան համար մեծամեծ հարվածներով վրեժխնդիր պիտի լինեմ, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ Նրա բերանում: Ժողովրդի անօրենությունների պատճառով Նա մահվան մատնվեց: Եսայի.53:9
Այդ գերեզմանները մեր պատկերացրած գերեզմաններից չէ, այլ վիմափոր խուցեր էին ժայռի մեջ, որոնց մեջ դրվում էին դիակները, և մնում էր այնքան ժամանակ, մինչև հավաքում էին ոսկորները և ամփոփում մեկ այլ վայրում; Կանայք, որոնք խաչափայտի մոտ էին տեսան այդ բոլորը և իմացան, թե ուր դրվեց իրենց Վարդապետը: Վերադարձան կանայք, պատրաստեցին խնկեր ու յուղեր, սակայն քանի որ հաջորդ օրը շաբաթ էր, հանգիստ արեցին:
Պարականոն գրքերը պատմում են, որ հրեաները իմանալով Հովսեփի այս քայլի մասին ձեռբակալեցին Հովսեփին մի քանի օր, և նա այնտեղից մի հրաշքով ազատվեց; Այդ ժամանակի համար Հովսեփի քայլը մեծ համարձակություն էր, և հակառակ էր կրոնական իշխանությանը, քանի որ նրանք ատելությամբ էին լցված Հիսուս Քրիստոսի հանդեպ, նույնիսկ խաչի վրա, և նույնիսկ՝ մահից հետո:
Քահանայապետներն ու փարիսեցիները իմանալով, որ Քրիստոսի մարմինը դրվել է Գերեզման, շաբաթ օրը հավաքվեցին Պիղատոսի մոտ՝ խորհրդակցության: Մատթևոս ավետարանիչը միտումնավոր նշում է շաբաթ օրը, որպեսզի հասկանանք, որ փարիսեցիները խախտեցին իրենց օրենքը, քանի որ շաբաթ օրը սինագոգից բացի ուրիշ տեղ հավաքվել չէր կարելի, իսկ իրենք իրենց անձնական հարցերով խախտել էին շաբաթը, ինչ համար տասնյակ անգամները հանդիմանում էին Հիսուսին;
Այս բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցավ քրիստոսի խաչելությունից և մահից հետո, ներկա էին նաև քահանայապետները: Սարսափած լինելով պատահած երկրաշարժից, խավարը պատելուց, տաճարի վարագույր պատռվելուց, նրանք հիշել էին, որ Վարդապետն ասում էր, թե երեք օրից հարություն կառնեմ: Իրենց այդ մտահոգությունը հայտնեցին Պիղատոսին, և նրան Տէր անվանելով, խնդրեցին, որ Պիղատոսը իր զինվորներին հրամայի՝ երեք օրով գերեզմանը հսկել, գուցե աշակերտները գիշերով գան և գողանան Հիսուսի մարմինը, և ժողովրդին տարածեն, թե մեռելներից հարություն է առել: Այստեղ մի ուշագրավ միտք են արտահայտում, ասելով, թե վերջին մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը: Իրենց մարգարեությունը կատարվեց իրենց վրա: Քրիստոսի Հարությունը պատռեց քահանայապետների և փարիսեցիների կեղծավոր դիմակը և իրենց վերջին մոլորությունը ավելի վատ եղավ, քան առաջինը:
Պիղատոսը այս անգամ էլ բախվեց նրանց նախանձի ու կեղծիքի ու նենգության հետ,և ասաց, - Զինվորներ ունեք, գնացեք ապահովությանը հոգ տարեք, ինչպես որ գիտեք: Գնացին փարիսեցիները և իրենց ուժերով կարգավորեցին գերեզմանի ապահովությունը՝ կնքելով այդ վեմ քարը որը Հովսեփը դրել էր Գերեզմանի դռան առջև, և զինվորներ նշանակեցին, երեք օրով գերեզմանը հսկելու համար:
Սիրելիներ, ես այս բոլորը ձեզ առավել մանրամասն եմ պատմում, որպեսզի դուք զուգահեռներ տանեք մեր օրերի հետ, նմանություն տեսնեք և հասկանաք, որ շատ մարդիկ կրոնը ձևափոխում և դարձնում են իրեն գործունեությանը հարմար, ոչ թե մարդկանց հոգիները փրկելու նպատակով; Կրոնական առաջնորդների սարսափած քայլերը մեկը մյուսի հետևից փաստում են այն մասին, որ նրանք հասկացել էին, որ Հիսուսն է Քրիստոսը և Նա է Մեսիան, բայց քանի որ առաջին սխալը թույլ էին տվել Նրա հանդեպ, ստիպված եղան թույլ տալ նաև հաջորդ կեղծիքները: Ինչ առնչություն ունեն այս առաջնորդները հոգևոր ոլորտի հետ, կամ կրոնական դաշտում: Մենք շատ ենք հանդիպում մարդկանց բարձրաստիճան հոգևորականների մեջ նաև, որ առհասարակ որևէ առնչություն չունեն քրիստոնեության հետ: Ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, Կորնթացիներին ուղղված երկրորդ թղթի վեցերորդ գլխում, Պողոս առաքյալը շատ հստակ հարցեր է ուղղում Կորնթոսի քրիստոնյաներին, որ այժմ ևս հարկ է, որպեսզի քրիստոնյան այդ հարցերը պարբերաբար ինքն իրեն ուղղի: Արդ, կարդում ենք. «Անհավատներին լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ. և կամ ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև. և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև. կամ ի՞նչ առնչություն ունի հավատացյալը անհավատի հետ. կամ ի՞նչ նմանություն ունի Աստծու տաճարը մեհյանների հետ:
Սիրելիներ, ուզում եմ, որ դուք ուշադիր վերլուծություն անեք այս թեմաների շուրջ: Քահանայապետները հիշում էին որ Քրիստոս ասել է, թե՝ Հարություն է առնելու մեռելներից: Ամեն դեպքում վաղը կար այդ ուղղությամբ:
Մյուս կողմից տեսնում ենք վախեցած աշակերտների փախուստը և թաքնվելը: Կանայք յուղեր և խունկեր են պատրաստում կիրակի օրվա համար, այսինքն նրանք էլ պատրաստություն են տեսնում մահացածի համար, որ թե սպասում են Քրիստոսի Հարությանը:
Մենք չորս Ավետարաններից և ոչ մեկում չենք կարդում, որ աշակերտները թեկուզ վախեցել փախել էին, սակայն ի մի հավաքված, նստած սպասում էին Քրիստոսի հարությանը: Այդ վստահության մասին չենք կարդում ոչ մի տեղ: Որովհետև Ավետարանները գրվել են ո՛չ թե մարդու միջամտությամբ, այլ՝ Սուրբ Հոգու շնորհով, որի համար աչառություն չկա: եթե մարդկային միտքը թելադրեր և մարդու ձեռքը գրեր, ապա հարյուր տոկոսով եմ ասում ձեզ, շատ բաներ գրված չէր լինի Աստվածաշնչում: Փառք Աստծու, որ Աստծու մասին Աստծու Սուրբ Հոգին է ներշնչել գրել:
Սակայն մենք կարող ենք մի համեմատություն անցկացնել Քրիստոսին խաչողների և աշակերտների միջև: Քրիստոսի աշակերտները անփորձ էին, անուս էին և երեք տարում չկարողացան իրենց տկարությամբ ընկալել աստվածային գործերը և հայտնվեցին այդ կարգավիճակում: Իսկ ինչ ասենք կրոնի առաջնորդների մասին, որոնք գրքերից շատեր անգիր գիտեին՝ սպասվող Մեսիայի մասին;
Ուրեմն այս բոլոր մանրամասները գրվել է, որպեսզի մենք չմնանք միամիտ՝ աշակերտների պես, և չլինենք նենգ փարիսեցիների նման՝ մեր գիտելիքի մեջ:
Փարիսեցիները իրենց մեջ եղած վստահությունը՝ Հարության նկատմամբ, դարձյալ կամեցան կեղծել, և սուտ հորինեցին, իբրև աշակերտները եկել և գողացել են: Այո մահվան և Հարության գաղափարը համընդհանուր հասկացողության համար անհասանելի է, բայց կարելի է ընդամենը խոնարհաբար ասել,- չեմ հասկանում, բայց հավատում եմ, որպեսզի Աստված լուսավորի մեր մտքերը՝ չհասկացածները հասկանալու համար:
Սիրելիներ, այսպես կատարվեցին բոլոր մարգարեությունները Հին կտակարանից Քրիստոսի ծնունդից մինչև մահ ընկած ժամանակահատվածում, և կատարվեցին նաև դրանից հետո: Կրեց մեզ համար խաչի բոլոր չարչարանքները, համբերեց նաև մահը: սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Մենք գիտենք, և տերունական օրերին նաև երգում ենք, որ Քրիստոս մահվամբ հաղթեց մահին և Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց: Հետևաբար ամեն անգամ երբ մի մեղք ենք գործում, կամ պատրաստվում ենք մեղք գործել, խորհուրդ եմ տալիս մեկ անգամ ևս կարդալ Մտթևոսի Ավետարանի 27րդ գլուխը: Իսկ առհասարակ մեր կապը ամուր պահենք Ավետարանի հետ, որպեսզի մեր սրտերը չկարծրանա այս անսիրտ աշխարհում:
Սիրելիներ, ավարտեցինք նաև այս գլխի վերջին համարները, մեզ համար հայտնաբերելով ևս երկու դրական կերպար՝ մեծահարուստ Հովսեփը, և Նիկոդեմոսը, որոնք հրեական ժողովից էին, բայց համախոհ չէին նրանց հետ: Ինչո՞ւ համարձակություն համարվեց այս մարդկանց կատարած քայլը՝ Պիղատոսից խնդրել մահացած Հիսուսի մարմինը: Ինչպես որ ո՛չ ոք չէր հավատում և սպասում Քրիստոսի հարությանը, այնպես էլ Հովսեփն ու Նիկոդեմոսը: Սակայն նրանք այդ քայլին գնացին, Հիսուսի մահից հետ, որը ըստ տրամաբանության, այլևս ոչինչ չէր կարող անել իրենց համար, իսկ հակառակը՝ քահանայապետներից կարող էին իրենք քարկոծվել և ձեռբակալվել: Ժողովրդի բազմությունը Հիսուսի հետևից գնում էր ակնկալիքով, որպեսզի կբժշկեր, կերակրեր, ուսուցաներ և այլն: Իսկ մահից հետո այս բազմության մասին ոչինչ գրված չէ: Իսկ Հովսեփը իր կյանքը վտանգի տակ դրեց՝ Հիսուսի մահից հետո, որովհետև հավատաց Նրան: Սա է հավատքի ուժը, որ մոռացնել է տալիս սպասվող վտանգը: Այսպես նահատակվեցին նաև շատ շատեր՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Այսքանն էր այսօրվա խորհրդածությունները, որ կամեցա փոխանցել ձեզ սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ:
Մնացեք սիրով՝ վաղը տեսնվելու ակնկալիքով; Թող ձեր ամուր հավատը հիմք հանդիսանա ձեր խիզախությանը:
Հարց. Ինչո՞ւ փարիսեցիները կնքեցին գերեզմանը: