ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Երկրորդ օրենք 11.10-25
Հոբի գիրքը 21.1-34
Եսայու մարգարեությունը 46.3-47.4
Ավետարան ըստ Մատթևոսի. 27: 45-56
ՅԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ
45 Վեցերորդ ժամէն մինչեւ իններորդ ժամը բոլոր երկրին վրայ խաւար եղաւ։ 46 Ժամը իննին ատենները Յիսուս մեծ ձայնով աղաղակեց ու ըսաւ. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի». որ ըսել է՝ «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ զիս թողուցիր». 47 Անոնցմէ ոմանք որ հոն կայներ էին, երբ լսեցին՝ ըսին. «Ատիկա Եղիան կը կանչէ»։ 48 Շուտ մը անոնցմէ մէկը վազեց սպունգ մը առաւ՝ քացախով լեցուց ու եղէգի մը անցընելով տուաւ անոր որպէս զի խմէ։ 49 Միւսները ըսին. «Թո՛ղ տուր, տեսնենք թէ Եղիան պիտի գա՞յ ատիկա ազատելու»։
50 Յիսուս դարձեալ մեծ ձայնով աղաղակեց ու հոգին աւանդեց։
51 Ահա տաճարին վարագոյրը վերէն վար երկուքի ճեղքուեցաւ, երկիր շարժեցաւ, քարերը պատռեցան, 52 Գերեզմանները բացուեցան ու շատ մը սուրբ ննջեցեալներու մարմիններ յարութիւն առին։ 53 Եւ գերեզմաններէն ելան անոր յարութենէն յետոյ, մտան սուրբ քաղաքը ու շատերու երեւցան։
54 Բայց հարիւրապետը եւ անոր հետ Յիսուսը պահողները, երբ տեսան երկրաշարժը ու եղած բաները, շատ վախցան ու ըսին. «Արդարեւ ասիկա Որդի Աստուծոյ էր»։
55 Հոն շատ կիներ կային, որոնք հեռուէն կը նայէին, որոնք Գալիլիայէն Յիսուսին ետեւէն եկան իրեն ծառայութիւն ընելու։ 56 Անոնց մէջ էին Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբոսին ու Յովսէսին մայրը Մարիամը եւ Զեբեդէոսի որդիներուն մայրը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք. Աստծու կամքով մենք նորից միասին ենք, մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների մասին միասին խորհրդածելու համար: Նախորդ սերտողությունը ընդհատեցինք այնտեղ, որ խաչի վրա խոսում էին ավազակները Տէր Հիսուսի հետ, և անցնողները ծաղրում էին և հրաշք էին պահանջում Նրանից՝ նույնիսկ խաչի վրա:
Այսօրվա սերտողության մեջ Մատթևոս ավետարանիչը մեզ մի զարհուրելի տեսարան է նկարագրում, որը պատահել է Գողգոթայի խաչելության ժամանակ: Ամբողջ երկրի վրա,- ասում է ավետարանը,- խավար եղավ մինչև ժամը երեքը և լսվեց Հիսուս Քրիստոսի բարձր ձայնը, որն ասում է,- Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր: Այս խոսքերը Դավթի 21 սաղմոսից են; Այս մտքի վերաբերյալ բազում մեկնաբանություններ են եղել, մեկն ասում է Տէր Հիսուս իբրև Մարդ էր ասում այս խոսքերը՝ մահանալուց առաջ, որովհետև Աստված չի մահանում: Մի մասն ասում է մարդկության անունից էր ասում այդ խոսքերը՛ Ներկա գտնվողները կարծեցին թե Եղիային է կանչում: Սակայն Ավետարանն ասում է այդ բաժակը Հայրն է տվել Որդուն, իսկ Որդին հոժարակամ է ընդունել՝ հանուն մարդկության փրկության: Սա նաև պատգամ է, մեզ՝ նույնիսկ ամենածանր փորձության ժամին իսկ աղոթել Երկնավոր Հորը:
Հիշենք մի դրվագ Գեթսեմանիի պարտեզից, Տէր Հիսուս երեք անգամ աղոթքի կանգնեց և խնդրեց, որ այդ բաժակի իրենից հեռու տարվի, բայց ո՛չ թե Իր, այլ՝ Հոր կամքով; Նաև, երբ Պետրոսը սուրը քաշեց և կտրեց քահանայապետի ծառայի ականջը, Տէր Հիսուս ասաց, - Այդ սուրդ նորից իր պատյանի մեջ դիր, այն բաժակը, որ Հայրն է ինձ տվել, չպիտի՞ խմեմ: Սակայն մինչ այս խոսքերը ասելը ավելի ուշագրավ երևույթ տեղի ունեցավ: Երկրի վրա խավար տիրեց մի՛նչև Հիսուսի մահը: Տէր Հիսուս տեսավ, որ Հայրը նշան ցույց տվեց ներկաներին: Իսկ խավարը տարբեր բաներ կարող է նշանակել; Ավանդությունն ասում է, երբ արդար մեկն էր մահանում, կամ մի մարգարե, նրա մահից հետո երկու ժամ խավար էր տիրում երկրի վրա; Արդարը և մարգարեն խորհրդանշում են լուսավորություն; Քրիստոսի պարագայում խավար տիրեց՝ մինչև Նրա մահը: Իսկ դա նշանակում է, որ հրեա ազգից վերցվեց լույսն ու մարգարեությունը Քրիստոսին խաչելու պատճառով:
Ներկաներից մեկը, որ լսեց Քրիստոսի ձայնը, իսկույն մոտ բերեց քացախով թաթախված սպունգը, որպեսզի խմի: Նախորդ անգամ ասացի, որ քացախը ծարավը հագեցնելու համար էր, սակայն տեսակետ կա նաև, որ այդ լուծույթը իր մեջ պարունակում էր նաև ցավազրկող միջոց; Ներկաների մեջ կային նաև անսիրտ մարդիկ, որոնք իրենց հետաքրքրությունից դրդված կամեցան տեսնել, արդյո՞ք Եղիան կգան Նրան փրկելու:
Մինչդեռ Տէր Հիսուս ոչ թե Եղիային էր կանչում, այլ այդ արտահայտությունը եբրայերենով նման է էլիագա անվանը, որ Եղիային էին անվանում:
Ներկաների համար խաչի վրա տառապողների ցավը հետաքրքիր չէ, խաչի վրա մարդկանց մահը հետաքրքիր չէ, այլ նրանց հետաքրքիր է հրաշք տեսնել և բավարարել իրենց հետաքրքրությունը:
Այդ պահին Տէր Հիսուս բարձր ձայնով աղաղակեց և հոգին ավանդեց…
Ավետարանն ասում է, տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց, և երկիրը շարժվեց: Ժայռերը ճեղքվեցին և գերեզմանները բացվեցին: Ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան: Քրիստոսի հարությունից հետո մտան Սուրբ քաղաք և շատերին երևացին: Ինչպե՞ս դա պատահեց:
Որովհետև Քրիստոս հաղթեց մահին Իր Հարությամբ, և մեռածները հարություն առան և դուրս եկան գերեզմաններից, ըստ այն խոսքի, որ ասում է առաքյալը, թե՝ - Ո՞ւր է ո՛վ մահ քո խայթոցը և ո՞ւր է ո՛վ գերեզման, քո հաղթությունը: Ա.Կրնթ.15:55
Նաև նշում է ավետարանիչը, որ ննջեցյալ սրբերի մարմիններ հարություն առան, ըստ այն խոսքի որ սաղմոսերգուն ասում է, Քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, և քո սրբին ապականություն տեսնել չես տա:
Մենք նախորդ սերտողությունների մեջ անդրադարձել ենք հագուստները պատռելու տեսարանին, և մենք տեսանք, որ քահանայապետը իր հագուստները պատռեց, երբ լսեց, որ Քրիստոս ասում է, թե Աստծո Որդին է; Այսինքն երբ մի արհավիրք է տեղի ունենում, կամ մի մեծ աղետ, պատահար, մարդիկ ի նշան ողբի պատռում են իրենց հագուստները: Սա հրեական սովորույթուն է; Այստեղ տեսնում ենք, որ պատռվեց Տաճարի վարագույրը: Ի՞նչ է նշանակում այս երևույթը: Քանի որ տաճարի վարագույրը հոգևոր իմաստ ունի, Մեկնաբաններից ոմանք ասում են, երկու մասի բաժանվելը խորհրդանշում են Հին և Նոր Կտակարանները, այսինքն ավարտվեց հին ուխտի զոհաբերությունը, քանի որ Քրիստոս եղավ զոհը՝ համայն մարդկության համար: Երկուսի բաժանումը նաև երկու ազգերի բաժանումն է խորհրդանշում՝ հրեաների և հեթանոսների: Ոմանք պնդում են, որ նախկինում երբ մի արդար մարդ է մահացել, կոտրվել են բոլոր արձանները և վայր են ընկել բոլոր այն նկարները որ այդ արդարին են հիշեցրել: Մեկ այլ տեսակե կա, որ տաճարի վարագույրը խորհրդանշում է Աստծուն, որը պատռեց Իր հագուստը՝ Հիսուսի մահը տեսնելով;
Սրանք բոլորը տեսակետներ են, խորհրդանիշներ են, որոնք պահպանվել են պարականոն գրքերում: Մենք կարող են իմանալ այս մասին, և կարող ենք նաև չիմանալ: Կարևոր չէ; Մեզ համար կա մի գերագույն իրողություն, որ Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց մարդկության փրկության համար, իսկ մարդը չհավատալով՝ Նրան խաչը հանեց; Մեզ համար կա մի անվերջանալի ուրախություն, որ Տէր Հիսուս Քրիստոս իշխանություն ունի մահվան վրա և Նրա մարմինը Գերեզմանում չէ, այլ՝ հարություն առավ; Մեզ համար կա մի լուսավոր հույս, որ գալու է մեր Տէր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ և լինելու է մեռելների հարություն և դատաստան:
Գողգոթայի խաչելությանը ներկա էին նաև հեթանոս հարյուրապետն ու նրանք որոնք հսկում էին Հիսուսին, տեսնելով Հիսուսի մահից հետո տեղի ունեցած արհավիրքները, և երկրաշարժը, սաստիկ վախեցան, և ասացին,- Արդարև Աստծու Որդին էր սա; Սա այն հարյուրապետն էր, որ Գեղարդով խոցեց մահացած Հիսուսի կողը և այնտեղից արյուն և ջուր հոսեց: Սա այն հարյուրապետն էր հռոմեական զորքի, որի տեսողությունը շատ թույլ էր, և հենց այդ պահին վերականգնվեց իր տեսողությունը և հետևեց Հիսուսին, որից հետո;
Մատթևոս ավետարանիչը պատմում է, որ այնտեղ ներկա էին նաև Գալիլիայից եկած շատ կանայք, որոնք հեռվից հետևում էին: Նրանց մեջ էր Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի և Հովհաննեսի մայր Մարիամը, Սողոմեն և Հիսուսի մայր՝ Մարիամը:
Ավետարանիչներից միայն Հովհաննեսն է արձանագրել այն փաստը, որ խաչի վրա Հիսուս խոսել է իր և Մարիամ Աստվածածնի հետ: Հավանաբար այն պատճառով է միայն ինքը արձանագրել այս խոսակցությունը, որովհետև միայն ինքն է մոտ կանգնած եղել խաչին, քանի որ Տէր Հիսուս Իր մորը դիմելով ասում է,- Ո՛վ կին, ահա՛ քո որդին: Իսկ Հովհաննեսին դիմելով, ասում է,- Ահա՛ քո մայրը: Ավետարանն ասում է, որ այդ պահից ի վեր Մարիամ Աստվածածինը ապրել է Հովհաննեսի մոտ;
Թեպետ Ավետարանները մեզ այդ մասին տեղեկություն չեն տալիս, սակայն մենք հիշում ենք, թե ինչ ասաց սիմեոն Ծերունին Մարիամ Աստվածածնին, երբ նրանք Հովսեփի հետ մանուկ Հիսուսին տաճար տարան Նրա քառասուն օրը լրանալուն պես; Քո սրտի միջով էլ սուր պիտի անցնի,- ասաց Սիմեոն Ծերունին, որպեսզի շատ սրտերի գաղտնիքներ հայտնի դառնա; Ահա կանգնած է Աստվածածինը իր խաչված որդու խաչափայտի մոտ՝ սուրը սրտի մեջ, և հիշում է ծերունու խոսքերը՝ իրեն ասված: Հիշում է նաև իր մարգարեությունը, որ ասաց Եղիսաբեթին, թե այսուհետ բոլոր ազգերը ինձ երանի կտան;
Ավետարանիչներից միայն Ղուկասն է արձանագրել, որ երբ Հիսուսին խաչը հանեցին ավազակների հետ միասին, և Տէր Հիսուս խաչի վրա աղոթեց Հորը՝ Իրեն խաչողների համար, ասելով, - Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում: Այ՛ս խոսքերը լսեց աջակողմյան ավազակը, որ բացվեց նրա հոգու աչքերը և դավանեց Քրիստոսին որպես Աստծու Որդի:
Հռոմեացի հեթանոս հարյուրապետը մարմնավոր և հոգևոր աչքերը բացվեցին և նա դավանեց Քրիստոսին, որպես Աստծու Որդի: Ավազակի աչքերը նույնպես բացվեցին և դարձյալ դավանեց Նրան որպես Աստված; Միայն խստասիրտ քահանայապետները մնացին անդրդվելի և կասկածամիտ՝ իրենց խստասրտության պատճառով:
Սիրելիներ, Ավետարանները կարդալիս մեր աչքի առջև հերթով բացահայտվում են Հիսուս Քրիստոսի խոսքերի ճշմարտությունը: Օրինակ՝ շատ առաջիններ՝ վերջիննե՛ր կլինեն, մարգարեությունը կատարվել է դեռ Իր երկրային քարոզության ժամանակ: Փարիսեցիները իրենց առաջիններ էին կարծում, դարձան վերջիններ: Հուդան առաջին էր իր հանգամանքով, դարձավ վերջին; Ավազակը վերջին էր, սակայն դարձավ առաջին; Հրեաներին երբեք չլքեց իրենց ընտրյալ լինելու հպարտությունը: Հուդային նույնպես չլքեց ընտրված լինելու հպարտությունը և չկարողացավ իր մեջ հաղթահարել արծաթսիրությունը: Հետևաբար հրեաները իրենց անձնական փորձից նույնպես չկարողացան դասեր քաղել և սովորել, որ Եգիպտոսից դուս գալը բավական չէ, պետք է արժանանալ Ավետյաց երկիր մտնելուն; Իրենք իրենց արդար ներկայացրին մարդկանց աչքին, իսկ Աստված Եզեկիել Մարգարեի բերանով ասում է,- Արդարը չի կարողանալու ազատվել իր մեղքերի օրը; Երբ ես արդարին ասեմ ապրելով ապրելու ես, իսկ նա հույսը դնի իր արդարության վրա և անօրենություն գործի, նրա բոլոր արդար գործերը չեն հիշվելու, այլ իր կատարած անօրենության համար մեռնելու է: Եզեկ 33 :13
Նրանց արարքի պատճառով Սուրբ Հոգին լքեց իրենց տաճարը և տարիներ հետո հռոմեական կայսրության Տիտոս զորավարի կողմից քանդվեց Երուսաղեմը հիմնահատակ:
Սիրելիներ, մենք տեսանք, որ Ավետարանները Սուրբ Հոգու շնորհներով մեկը մյուսին լրացնելով ամբողջացնում ենք ողջ իրականությունը և մեզ համար այսօ՛ր հասկանալի է դառնում առաջին դարում կատարված իրադարձությունները: Այսօր մեզ հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ Հիսուս Քրիստոս Իր համար աշակերտներ չընտրեց փարիսեցինեից, որոնք անգիր գիտեին գրքերն ու մարգարեությունները; Այլ ընտրեց նոր մարդկանց, այնպիսիներին, որոնք կկարողանան թողնել ամեն ինչ և հետևել իրեն: Ամեն ինչ թողնել, նշանակում է, նպատակը դարձնել միջոց և ծառայեցնել Աստծուն: Տաճարն ու ծեսերը նույնպես միջոց են, որի միջոցով պետք է ծառայել Աստծուն; Աստված փնտրում է ողորմած սիրտ, ո՛չ թե հպարտ միտք:
Նույնիսկ մաքսավորներից ընտրեց Իր Համար աշակերտ, բայց կրոնական առաջնորդներից ո՛չ մեկին չընտրեց՝ նրանց կեղծավորության և փառասիրության համար;
Այսօր գուցե փարիսեցի այլևս գոյություն չունի, սակայն փարիսեցիության խմորը մինչև մեր օրերը դեռ խմորում է եկեղեցուց ներս: Աստված թող հեռու պահի ամենքիս այդ խմորից, և մեր նպատակները թող միջոց դառնան Աստծուն ծառայելու ճանապարհին; Այստեղ ավարտենք մեր այսօրվա սերտողությունը, վաղը սկսելու ակնկալիքով: Մնացեք սիրով՝ Հավատարիմ Ավետարանին, և խոնարհ Աստծու առջև:
Հարց. Ի՞նչ է նշանակում ,,Էլի, էլի, լամա սաբաքթանի.