ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Եզեկիելի մարգարեությունը 37.1-14
Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 3.14-16
Ավետարան ըստ Մատթևոսի. 27: 38 -44
ՅԻՍՈՒՍ ԽԱՉԻՆ ՎՐԱՅ ԳԱՄՈՒԵՑԱՒ
38 Այն ատեն անոր հետ երկու աւազակ խաչուեցան, մէկը անոր աջ կողմը ու մէկը ձախ կողմը։
39 Անոնք որ կ՚անցնէին՝ կը հայհոյէին անոր, գլուխնին կը շարժէին, 40 Ու կ՚ըսէին. «Դուն որ տաճարը կը քակէիր եւ երեք օրուան մէջ կը շինէիր, ինքզինքդ ազատէ։ Եթէ Աստուծոյ Որդին ես, իջիր այդ խաչէն»։ 41 Նոյնպէս ալ քահանայապետները դպիրներուն ու ծերերուն հետ ծաղրելով՝ կ՚ըսէին. 42 «Ուրիշները ազատեց, ինքզինք չի կրնար ազատել։ Եթէ Իսրայէլի թագաւոր է, թող հիմա իջնէ խաչէն եւ իրեն հաւատանք։ 43 Աստուծոյ յուսացեր է, հիմա թող փրկէ ատիկա՝ եթէ կ՚ուզէ։ Վասն զի ըսաւ, թէ ‘Ես Որդի Աստուծոյ եմ’»։ 44 Իրեն հետ խաչուած աւազակներն ալ նոյնպէս կը նախատէին զանիկա։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա մեր միտքն ավարտվեց այնտեղ, որ աշխարհին արդարություն բերողին խաչեցին և հանցապարտության գիր գրեցին Նրա համար: Բացի դրանից, Նրա խաչեցին երկու ավազակներ մեջտեղում՝ նրանց արժանի պատժով: Ներկա գտնվող մարդկանց մեջ կային, որ լացուկոծ էին անում, սակայն կային նաև այնպիսիք, որոնք հեգնանքով հիշեցնում էին Հիսուսին քահանայապետի զրպարտության խոսքերը, թե՝ կքանդեմ տաճարը և երեք օրում կկառուցեմ, ուրեմն ինչպես է որ դու քեզ փրկել չես կարողանում, և ասում էին, եթե Աստծու Որդի ես՝ իջի՛ր այդ խաչից: Մարդկանց մեծամասնությունը այդպես էլ չընկալեց Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու իրական նպատակը: Նրանք մինչև վերջ Քրիստոսից հրաշքներ ակնկալեցին, և ակնկալում են նույնի՛սկ խաչի վրա: Սակայն զարհուրելի է քահանայապետների ծաղրը, թե՝ ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել, եթե Իսրայելի թագավոր է, թող այդ խաչից իջնի և դրա՛ն կհավատանք: Այսինքն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասաց, - Բժիշկ, բժշկի՛ր ինքդ քեզ:
Եթե մարդը կույր է մտքով, դա աշխարհի մեծագույն դժբախտությունն է, որովհետև դրանից բխում է աշխարհի մեծագույն մեղքը՝ անհավատությունը: Փարիսեցիները երեք տարի լսելով Քրիստոսի վարդապետությունը չկարողացան հասկանալ, որ Քրիստոս աշխարհ էր եկել ուրիշներին փրկելու համար, ո՛չ թե Իրեն, ինչպես որ իրենք էին պահանջում, թե՝ ուրիշներին փրկեց, թող իրե՛ն փրկի:
Օրենքի ուսուցիչները Քրիստոսին հարցնում էին,- Մի՞թե մենք էլ կույր ենք: Նկատի ունենալով իրենց վարդապետությունը և իրենց գիտելիքը օրենքի և մարգարեության հարցում; Տէր Հիսուս նրանց պարզ պատասխանեց, որ, եթե կույր լինեիք, դա ձեզ մեղքը չէր համարվի, սակայն հիմա ասում եք, որ տեսնում եք և հաստատված եք ձեր մեղքերի մեջ:
Աստվածաբանական գիտելիք պետք չէ՛ մեր օրերում հասկանալու համար, որ քահանայապետները ո՛չ թե օրենքի ու մարգարեության ուսուցիչներ էին, այլ իրենց մեծ բիզնեսը ապահով պահելու արտոնյալներ: Ինչո՞ւ: Որովհետև եթե նրանք Քրիստոսի խոսքին չէին հավատում, որ ասում է,- Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը։ Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին։ Հովհ. 15: 23, հետևաբար պետք է հավատային մարգարեություններին, որոնք իրար հետևից կատարվում էին Քրիստոսի ձեռքով: Ուրեմն նրանք չէին հավատում նաև մարգարեություններին, որոնց մեջ այդքան վարժված էին ըստ իրենց խոսքի:
Ավետարանն ասում է,- նրանք անցնում էին Խաչյալի կողքով, հայհոյում էին և շարժում էին իրենց գլուխները ծաղրելով Նրան: Այս հատվածի վերաբերյալ մարգարեություն կա Երեմիայի գրքում Աստված խոսում է Երեմիայի բերանով և ասում,- Երբ իրենց երկիրը ենթարկվի ապականության, ամենքը անցնելու են նրա միջով սուլոցով և շարժեն իրենց գլուխները և ես նրանց ցրիվ եմ տալու իրենց թշնամիների առաջ, և ոչ թե երեսս, այլ ծոծորակս եմ ցույց տալու նրանց, իրենց կորստյան օրը: Երեմ.18:16 Կամ մեկ այլ մարգարեության մեջ Երուսաղեմի կործանման մասին դարձյալ ասում է.- մարդիկ պիտի անցնեն Երուսաղեմի կողքով, ծաղրելով պիտի շարժեն իրենց գլուխները և ասեն,- սա այն քաղաքը չէ՞ր, որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը: Ողբ. 2:15
Հետևաբար, սիրելիներ, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է Աստծու գործելաոճը: Աստված նույնն է Հին Կտակարանում և նույնն է նոր Կտակարանում: Աստված չհանդուրժեց, որ Իր Որդու նկատմամբ այդպես վարվեցին և ցիր ու ցան արեց Իսրայելի ժողովրդին: Ուրեմն ինչպե՞ս կարող է Աստված հանդուրժել հետագա ազգերին, որոնք խաչելության մեկ ա՛յլ տեսակ են որդեգրել՝ անտեսել Աստծու Որդու խոսքը:
Բազում պատերազմների միջոցով Աստված ցույց տվեց Իր զորությունը Իսրայելի ժողովրդին: Մովսեսի միջոցով ազատեց նրանց գերությունից, սակայն կարճ ժամանակ հետո նրանք նորից դարձան իրենց մեղավոր կյանքին: Նույնիսկ լռեց Աստված նրանց համար չորս հարյուր տարի, նրանք դարձյալ դարձի չեկան:
Գրված է,- Միևնույն ժամանակ Նրա հետ խաչը հանեցին երկու ավազակների՝ մեկը՝ աջից, մյուսը՝ ձախից: Սա և՛ս մարգարեություն էր, որ կատարվեց, թե անօրենների հետ դատվեց: Մարկոս ավետարանչի մոտ կարդում ենք երկու կողմերում խաչվածների զարմանալի խոսակցությունը Հիսուս Քրիստոսի հետ, որ անհավանական մի բան է, քանի որ այդ սոսկալի ցավերի մեջ ինչպե՞ս կարող է մեկը խոսել:
Չարագործներից մեկը հայհոյում է Քրիստոսին և ասում,- Դու չե՞ս Քրիստոսը, փրկիր ինքդ քեզ և մեզ: Նրա ընկերը, որ Քրիստոսի աջ կողմում էր, սաստում է նրան, ասելով,- Աստծուց չե՞ս վախենում դու, որ նույն պատիժն ես կրում: Մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ Սա որևէ վատ բան չի արել: Այս ավազակը դարձավ դեպի Հիսուս և ասաց, Հիշի՛ր ինձ Տէ՛ր, երբ գաս քո թագավորությամբ: Ստացավ փրկության պատասխանը՝ թե՝ ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես:
Սիրելիներ Քրիստոսի աջակողմյան և ձախակողմյան ավազակները խորհրդանշում են մարդկության երկու տեսակները, որոնք հավասարապես մեղքի մեջ են, սակայն մի մասը ունի մեղքի գիտակցությունը, իսկ մյուս մասը՝ և՛ մեղքի մեջ է, և՛ ազատություն է պահանջում՝ առանց զղջման; Հիսուս Քրիստոսի գրեթե բոլոր առակները խորհրդանշում են մարդկության երկու տեսակները, որոնք ընտրում են իրենց ազատ կամքով, այնպես, ինչպես որ խաչի վրա ընտրեց աջակողմյան ավազակը և անմիջապես արժանացավ դրախտի տեսությանը, որին գուցե մի վանական ճգնել և սպասել է մի ողջ կյանք:
Տէր Հիսուս այդպիսի զղջում էր սպասում Հուդայից, քահանայապետներից, օրենսգետներից, այսօր՝ մեզնից, մեր քահանայապետներից, մեր ժողովրդից, մեր իշխանավորներից և առհասարակ ողջ մարդկությունից:
Եթե մարդկությունը անվանենք մեր անունով՝ Ադամ, ապա Ադամը կորցրեց դրախտը մեղքի պատճառով և Աստծու Հայրական ծոցից ընկավ սատանայի գիրկը: Մարդկության ողջ պատմության գործող անձերն են՝ Աստված, Ադամ և սատանա:
Ձախակողմյան ավազակի կերպարը շատ նման է այսօրվա մարդուն, որը չի կամենում կարդալ Աստվածաշունչ, չի ուզում ենթարկվել Աստծու խոսքին, կամենում է ապրել ինչպես որ ինքն է պատկերացնում, իսկ նեղության մեջ ասում է,- Եթե Աստված կա, ինչո՞ւ է թույլ տալիս, որ այս բաները պատահի: Երկար ժամանակ է մեր ժողովուրդը լսում է այս նույն գանգատը, թե ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այսպես լինի: Իսկ ժողովրդի այն զանգվածը, որը նման է աջակողմյան ավազակին, ասում է,- ինչ որ ցանել ենք, այն էլ հնձում ենք և փառք Աստծուն, որ այսքան հանդուրժել է մեզ՝ մեր մեղքերի մեջ:
Այսօր ժողովրդի այդ երկու տեսակը բախվել են միմյանց՝ Քրիստոսի աջ և ձախ կողմերում: Երկու կողմն էլ մեղավոր են: Տարբերությունն այն է, որ աջակողմյան ավազակը զղջաց, իսկ մեր ժողովրդի պարագայում՝ առայժմ զղջացող չկա, այնպես, ինչպես որ չզղջացին քահանայապետն ու օրենքի ուսուցիչները:
Քրիստոս ամեն ինչ սովորեցրեց միմյանց սիրելու համար, միմյանց ծառայելու համար, միմյանց խոնարհվելու համար: Խորհրդավոր ընթրիքին աշակերտների ոտքերը լվանալը խոնարհության մեծագույն օրինակն էր մարդկության համար, իսկ մեր օրերում մարդիկ Խորհրդավոր Ընթրիքի նկարով միայն զարդարում են իրենց դղյակների պատերը, և ուրիշ ոչինչ: Այդ պատճառով մեր կյանքը նույնն է, ինչ որ Նոյի օրերին, Բաբելոնի օրերին և Սոդոմ Գոմորի օրերին: Քրիստոնյաները միմյանց ոտքեր լվանալու փոխարեն միմյանց ոսկորներն են լվանում առավոտից երեկո:
Մարդը սովորաբար վշտի մեջ է դարձի գալիս, և Աստված գիտե այդ մասին: Եթե վայելքի մեջ մարդը դարձի գար, Առատաձեռն Աստծու համար ափսոս չէր լինի մարդուն պահել վայելքի մեջ: Ադամի օրինակից մեզ էլ է հայտնի, որ վայելքից մարդը վնասում է իրեն; Դեպի Աստված ձգտումը կա մարդ արարածի բնության մեջ: Հայրերն ասում են, այնպես ինչպես արևածաղիկը թեքվում է դեպի արևը, այնպես էլ մարդն է ձգտում դեպի Աստված: Ավազակներից մեկը ձգտեց դեպի Արևը, իսկ մյուսը՝ ոչ:
Ավետարանիչների այսքան հանգամանալից նկարագրությունները այն բանի համար են, որպեսզի մարդկությունը այլևս թույլ չտա նույն սխալը, ինչ որ եղավ իրենց ժամանակ: Օրինակ՝ քահանայապետները խաչի վրա մեռնող Հիսուսի մեջ տեսան ամեն ինչ բացի կարևորից՝ Աստծու Որդու հանգամանքը: Սակայն հեթանոս հարյուրապետը տեսավ դա, և բարձրաձայնեց, ասելով,- Ահավասիկ, Աստծու Որդին էր սա:
Ուշադրություն դարձրեք քահանայապետների արարքներին, որոնք բխում են միայն սատանայի թելադրանքից և այնտեղ ոչ մի տրամաբանական բան չկա: Նախ՝ գոռում են Պիղատոսի առջև, թե խա՛չը հանիր դրան, և բոլոր կեղծ վկայությունները բերեցին, մինչև հասան նրան, որ Հիսուս դատապարտվեց խաչելության, իսկ այստեղ Գողգոթայի խաչի մոտ կանգնած գոռում են,- ցա՛ծ իջիր խաչից, որպեսզի քեզ հավատանք;
Ժամանակակից քրիստոնյաներս այս ծանր նյութերը կարդալիս զարմանում ենք, թե ինչպե՞ս կարող էին օրենքի ուսուցիչները և կրոնական առաջնորդները չհիշել մարգարեություններում գրվածները Հիսուս Քրիստոսի մասին, Նրա խաչելության և հարության մասին: Այ՛ո զարմանում ենք: Սակայն կարելի է մեկ այլ բանի վրա զարմանալ: Դատաստանի օրը մեզ էլ է տրվելու այս հարցը, թե, - ինչո՞ւ էիք զարմանում հրեաների վրա, որ չէին հիշում մարգարեությունները: Մի:թե դուք հիշում էիք Ավետարանի գրվածքները, որոնք դուրս եկան անմիջապես Հիսուս Քրիստոսի բերանից: Մի՞թե դուք ձեր օրերը ապրում էիք այդ խոսքերով:
Տեսեք սիրելիներ, Քրիստոսի խաչափայտը կրելուն արժանացավ հեթանոս Սիմոն Կյուրենացին, բայց ո՛չ հրեա ազգից, ում համար որ եկել էր Քրիստոս: Կարդացեք Եսայի մարգարեության 53 գլուխը, ամբողջությամբ մարգարեություններ են այս մասին: Մենք այս երևույթների մասին խոսում ենք շատ մանրամասն, որպեսզի տպավորվի ամեն դրվագ, որը տեղի է ունեցել խաչի ճանապարհին, և դրանցից ոչ մեկը ինքնանպատակ չէ; Գլխավոր նպատակն այն էր որ Քրիստոս մարդկության մեղքը իր վրա վերցրեց և պատվով տարավ մինչև խաչելություն, մինչդեռ կարող էր խուսափել այդ ծանրությունից:
Նույնը պատվիրված է մեզ՝ երբեք չհրաժարվել սեփական խաչից: Ինչպես որ եկեղեցու սրբերից մեկն է ասում,- Խաչից չե՛ն իջնում, խաչից իջեցնում են,- երբ իրեն հալածում են Քրիստոսի պատճառով, և ստիպում էին հրաժարվել Նրանից: Այս գեղեցիկ մտքի վրա ավարտենք մեր սերտողությունը, լցվենք համբերությամբ ամեն նեղության հանդեպ հա՛նուն Քրիստոսի, որովհետև Նա կրեց այս ամենը հանուն մեզ, որպեսզի խաղաղ ապրենք:
Մնացեք սիրով՝ հավատացեք անվերապահ հավատքով, մի օր բոլորս ենք պատասխան տալու դրա համար:
Հարց. Ինչո՞ւ էին քահանայապետները այդպես վարվում Քրիստոսի հետ.