ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ելք 4.21-5.3
Զաքարիայի մարգարեությունը 9.9-16
Ավետարան ըստ Մատթևոսի 27: 27- 37
ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ ՅԻՍՈՒՍԸ ԿԸ ԾԱՂՐԵՆ
27 Այն ատեն կուսակալին զինուորները պալատէն ներս առին Յիսուսը ու բոլոր զինուորներուն գունդը անոր վրայ ժողվեցին. 28 Զանիկա մերկացնելով կարմիր վերարկու մը հագցուցին անոր, 29 Ու փուշերէ պսակ մը հիւսելով՝ անոր գլուխը դրին ու եղէգ մը անոր աջ ձեռքը եւ անոր առջեւ ծունկի վրայ գալով կը ծաղրէին զանիկա ու կ՚ըսէին. «Ողջո՜յն քեզ, Հրէից թագաւոր»։ 30 Եւ թքնելով անոր վրայ՝ եղէգը կ՚առնէին ու անոր գլխուն կը զարնէին։ 31 Շարունակեցին ծաղրել զանիկա, վերարկուն վրայէն հանեցին ու իր հանդերձները հագցուցին անոր եւ տարին զանիկա խաչը հանելու։
32 Դուրս ելլելով, Կիւրենացի մարդ մը գտան Սիմոն անունով, զանիկա պահակ բռնեցին որպէս զի անոր խաչը վերցնէ։ 33 Եկան Գողգոթա ըսուած տեղը, որ է գանկի տեղ։ 34 Լեղիով խառնուած քացախ տուին անոր, որպէս զի խմէ։ Երբ համը առաւ, խմել չուզեց։ 35 Զանիկա խաչը հանեցին եւ անոր հանդերձները վիճակով բաժնեցին. [որպէս զի մարգարէէն ըսուածը կատարուի, «Իմ հանդերձներս իրենց մէջ բաժնեցին եւ իմ պատմուճանիս վրայ վիճակ ձգեցին»]։ 36Անոնք նստեր զանիկա կը պահէին։ 37 Անոր գլխուն վրայ իր յանցանքը գրուած դրին, թէ ‘Ասիկա է Յիսուս, Հրէից թագաւորը’։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ, Ողորմած Աստված թող մեզ խոսելու և ձեզ լսելու ունակություն տա, որպեսզի կարողանանք Ավետարանի վերջին գլուխները միասին վերլուծելու: Երբեմն կատարված անարդարությունների պատճառով մտածում ենք, որ Հիսուս Քրիստոս նա՛խ տառապեց Իր երկրային ծառայության տարիներին, քաղաքներ և գյուղեր շրջելով մարդկանց ուսուցանելով, հազարավոր բժշկություններ կատարելով: Ապա վիրավորանքի ու տառապանքի ճանապարհով անցավ քահանայապետի բակում հարցաքննելով և զգալով մատնության ու ուրացության դառնությունը: Առավել մեծ էր տառապանքը, երբ հռոմեական զինվորները ծաղրում, անարգում և ապտակում էին Նրան բազմապիսի ծաղրուծանակի ենթարկելով; Տառապանքը ամբողջացավ Գողգոթա տանող խաչի վրա և նա անարգական մահը ճաշակեց նրանց ձեռքից, ում փրկության համար որ եկել էր: Քրիստոսի տառապանքը չի ավարտվել նաև այսօր, որովհետև չի տեսնում մեր մեջ Իր Պատկերն ու նմանությունը, որով որ ստեղծել է մեզ:
Երեկվա սերտողության մեջ նկատեցինք, որ Պոնտացի Պիղատոսը ելք էր փնտրում Հիսուսին արդարացնելու համար, քանի որ Նրա մեջ ոչ մի չար բան չէր տեսնում: Ժամանակ առ ժամանակ մոտենում և հարցեր էր տալիս Նրան, որպեսզի արդարացնի Հիսուսին Իր խոսքի համաձայն: Մի կողմից կրոնավորների անլռելի աղաղակն ու պահանջն էր՝ Հիսուսին խաչը հանելու վերաբերյալ, մի կողմից իր կինն էր վկայում Հիսուսի արդարության մասին, Մյուս կողմից Հիսուսն էր կանգնած իր առջև՝ առանց մեղքի: Մեկ անգամ ևս մտավ ապարանք և հարցեր տվեց Հիսուսին, իսկ Հիսուս դարձյալ չէր պատասխանում:
Իսկ երբ ասաց, որ իշխանություն ունի Նրան ազատ արձակելու, այդ խոսի վրա Տէր Հիսուս նրան պատասխանեց: Բայց ո՛չ թե արդարանալու համար պատասխանեց, այլ Պիղատոսի աչքերը բացելու համար:
,,Դու Իմ վրա ո՛չ մի իշխանություն էի չէիր ունենա, ասաց Քրիստոս,- եթե քեզ ի վերուստ տրված չլիներ: Դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է:
Մենք գիտենք, թե ո՛վ Պիղատոսի ձեռքը հանձնեց Տէր Հիսուսին և դա նրա համար մեծ մեղք համարվեց; Կրոնական առաջնորդները զգում էին, որ Պիղատոսը զրուցում է Քրիստոսի հետ, և նրա մեջ մեղք չի տեսնում, քանի որ ամեն զրույցից հետո դուրս էր գալիս ժողովրդի առջև և հայտարարում, որ այս մարը չար բան չի արել: Հրեաները վախեցան, որ Պիղատոսը Հիսուսին ազատ կարձակի, վերջին ամբաստանությունը արեցին, ասելով,- Եթե Դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Քանի որ ով իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսրին; Այս անգամ ծուղակը պատրաստեցին Պիղատոսի համար: Իսկ նա դուրս բերեց Հիսուսին և հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի: Որովհետև նրանք միաբերան գոռում էին, որ իրենք ուրիշ թագավոր չունեն, բացի կայսրից:
Այս բոլոր անարդար և կեղծիքով պատած նկարագրությունները կարդալիս, ուրիշ միտք չի գալիս կարդացողի գլխում, բայի այն, որ մարդկությունը իրո՛ք արժանի չէ փրկության:
Քահանայապետների դասի և բոլոր հրեաների աչքի առջև հռոմեական զինվորների ամբողջ գունդը հավաքվեց Տէր Հիսուսի գլխին; Մերկացրին Նրան և ծաղրելու համար կարմիր վերնազգեստ գցեցին վրան և փշե պսակ դրեցին գլխին; Ձեռքը տվեցին մի եղեգ և նրա առջև ծնկի գալով ասում էին,- Ողջո՛ւյն, հրեաների թագավոր: Թքելով Նրա վրա հարվածում էին Նրա գլխին: Երբ որ ավարտեցին իրենց անարգությունները, իր նախկին զգեստը նորից հագցրին և տարան խաչը հանելու: Սա՛ է մարդու վերաբերմունքը Աստծու հանդեպ, երբ նրա սրտում, մտքում և լեզվի վրա Աստված չկա: Սակայն Հիսուս Քրիստոս խաչվեց նաև այս զինվորների համար: Բայց միևնույն ժամանակ մեր Տէր Հիսուս Քրիստոս այս բոլոր անարգանքները և ծաղրը հանդուրժեց մեզ համար, և հանո՛ւն մեր փրկության. Իրականում այդ փշե պսակին արժանի է մե՛ր գլուխը, ո՛չ թե Արդարի, որովհետև մեր գլուխների մեջ են առաջանում այդպիսի նենգ ու դավադիր մտքեր: Իրականում մե՛ր ձեռքերն ու ոտքերն են արժանի այդ գամերին, որովհետև մեր ձեռքերն ու ոտքերն են անվերջ ձգտում դեպի ստորաքարշ մեղքը, ինչի համար որ խաչվեց Անմեղը:
Ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա գրվածքների մեջ ոչ մի տեղեկություն չկա աշակերտների մասին, թե որտե՞ղ են, ինչո՞վ են զբաղված, կամ ի՞նչ հոգեվիճակում են, երբ իրենց Վարդապետի հետ այսպես են վարվում: Վախը պատել էր նրանց, նախ՝ հռոմի այդ հրամանի պատճառով, երկրորդն էլ իրենց վարդապետը, որ երեք տարի շարունակ քահանայապետներին ու օրենսգետներին հանդիմանել էր իրենց անօրենության համար, հիմա լուռ է և ոչինչ չի խոսում: Պիղատոսը հասկանում էր Քրիստոսի լռությունը և Քրիստոս առավել հեղինակություն էր դառնում նրա աչքին, քանի որ հասկացել որ, որ կազմակերպված էր նենգ դավադրություն նախանձի պատճառով և Հիսուս Քրիստոս ո՛չ մի հանցանք չուներ:
Հրեական ավանդությունն ասում է, որ Քրիստոսի հարությունից և Համբարձումից հետո, Պիղատոսը արգելեց, որպեսզի Իր պատկերը դաջվի դահեկանի վրա: Սա ևս մի քայլ է, որը ենթադրում է զղջում, ափսոսանք, ամոթ և այլն; Սակայն Ավետարանը մեզ ոչինչ չի ասում քահանայապետների զղջման մասին, թեկուզ Քրիստոսի Հարությունից հետո: Հակառակը կարդում ենք, որ զինվորներին շատ դրամ են տալից, որպեսզի դարձյալ սուտ վկայություն տան Քրիստոսի Հարության վերաբերյալ, իբրև աշակերտները Նրա մարմինը գողացել են իրենց քնած ժամանակ:
Մատթևոսի Ավետարանի մեջ մի ուշագրավ միտք կա, որին չեն անդրադարձել մյուս ավետարանիչները: Իսկ մենք գիտենք, որ Մատթևոսը իր Ավետարանը գրել է հրեաների համար, և բավական հանգամանալից է նկարագրում ամեն մանրունք: Այս տողերը չի վրիպել Մատթևոսի ուշադրությունից, որպեսզի հետագայում սերունդները կարդան և խորհելու թեմա ունենան իրենց համար: Մենք երեկ անդրադարձանք, որ Պիղատոսը ամեն կերպ փորձում էր ազատել Քրիստոսին մահվան դատապարտումից և հայտարարեց, որ ինքը անմասն է այդ արդարի արյունից; Այդ պահին ամբոխը, որն աղաղակում էր քահանայապետի հրահանգով, ասացին,- Դրա արյունը՝ մեր վրա և մեր որդիների վրա: Սա մեծ անեծք է հրեա ազգի համար: Մատթևոսը լինելով ազգությամբ հրեա, արձանագրել է այս միտքը հավանաբար իրեն ու իր ընտանիքին չվերագրելով այս նզովքը, քանի որ ինքը վերնատանը արդեն ճաշակել էր Քրիստոսի արյունը՝ որպես փրկություն, ո՛չ թե նզովք;
Հրեա մեկնաբանները այս հատվածի վերաբերյալ ասում են, իբրև այդ երդումը, որը տվեցին Հիսուսի արյան համար, վերաբերում է միայն այդ պահին այնտեղ ներկա գտնված մարդկանց, որոնց թիվը չէր գերազանցում հարյուրից: Սակայն մեկ այլ մեկնաբանության մեջ գրված է, որ մեծ տոնի առթիվ Երուսաղեմում հավաքվել էին մոտ երկու միլիոն ուխտավորներ՝ հիշատակելու իրեն ազատագրումը Եգիպտոսից: Անշուշտ մեր նպատակը չէ փաստեր հավաքել ապացուցելու համար, որ այդ երդումը հրեա ազգի վրա է, կամ ոչ: Սակայն եթե նույնիսկ այդ պահին այդտեղ ներկա էր հարյուր մարդ և նզովքը նրանց է վերաբերում, ապա նրանց սերունդն էլ տարիների ընթացքում աճելով մաս է կազմում հրեա ազգի:
Որևէ նշանակություն չունի, թե ո՞ր ազգից մերժվեց Քրիստոս, և ո՞ր ազգից խաչվեց, կարևորը Նրա խաչելության փաստն է մարդկության համար: Եթե հրեաները խաչել են Քրիստոսին, ապա այսօր մյուս ազգերը չեն պահում Խաչյալի պատվիրանները, որը նույնպես անարգանք է իրենց սեփական փրկության նկատմամբ:
Ֆիզիկական տանջանքի ենթարկելուց հետո հավանաբար Տէր Հիսուս չկարողացավ իր խաչը վերցնել, և հռոմեացի զինվորները գտան մի մարդ՝ Սիմոն անունով, որին ստիպեցին, որ նա խաչափայտը տանի մինչև Գողգոթա, որը թարգմանաբար նշանակում է գանգ: Պատմաբանները փաստում են, Հիսուս Քրիստոսի գերեզմանը, որը գտնվում է հարության տաճարի մեջ, կառուցված է հենց այդ վայրում, որտեղ խաչել են Քրիստոսին; Իսկ Գողգոթա հասնելուն պես Նրան տվեցին լեղախառն գինի, որը ըստ նկարագրության ծարավ հագեցնող մի միջոց է, որը տալիս էին բոլոր խաչյալներին, քանի որ պատահում էր, որ նրանք խաչի վրա մնում էին մեկ կամ երկու օր դեռ կենդանի, իսկ այդ միջոցը պահպանում էր սաստիկ ծարավից;
Բավական է ուշադրություն դարձնել, թե որքան մարգարեություններ են կատարվում Քրիստոսի հետ կապված բոլոր գործողություններում, սկսած Նրա Ծնունդից, հանրային ծառայությունից, և խաչելությունից: Սակայն ո՛չ մեկ մարգարեություն այդ ամբողջ երեք տարիների ընթացքում չբացեց կրոնավորների փակ աչքերը, որ տեսնեին իրենց առջև կանգնած Աստծու Որդուն: Նույնիսկ այն պահին, երբ Քրիստոս խաչի վրա էր և Նրա հագուստների վրա վիճակ գցելով բաժանում էին իրենց մեջ, դարձյալ չհիշեցին մարգարեությունը այդ մասին, թե՝ - Իմ զգեստները բաժանեցին իրենց մեջ և Իմ պատմուճանի վրա վիճակ էին գցում:
Ավետարանն ասում է գրեցին Նրա հանցապարտության գիրը և դրեցին Նրա գլխավերևում: Ի՞նչ էր այս հանցապարտության գիրը: Սա այն գիրն էր, որ գրեց Պիղատոսը, թե՝ - Սա է Հիսուսը՝ հրեաների թագավորը: Ընդ որում այս գրությունը գրվել է երեք լեզուներով, որպեսզի Երուսաղեմ եկած բոլոր մարդկանց համար հասկանալի լինի գրվածը: ամեն դեպքում նույնիսկ այս գրությունից կարել է ենթադրել, որ Պիղատոսը իր մտքում հավատացել է, որ Քրիստոս մի պարզ մարդ չէր իրենց նման:
Քահանայապետները Քրիստոսին խաչի վրա տեսնելուց հետո նույնիսկ հանդիմանում են Պիղատոսին, թե՝ մի գրիր հրեաների թագավոր, այլ գրիր ինչպես ինքն էր ասում,- թագավոր եմ հրեաների:
Սիրելիներ, այս ամբողջ ընթացքում մենք տեսանք Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած վերաբերմունքի երկու տեսակն էլ: Տեսանք պարզ ժողովրդի անսահման սերը Նրա նկատմամբ: Տեսանք նաև անսահման ատելությունը՝ օրենքի ուսուցիչներից: Տեսանք նաև, որ Հիսուս Քրիստոս լուռ էր ամբողջ ժամանակ, երբ նույնիսկ անհավանական զրպարտություններ էր լսում իր հասցեին; Լռեց Պիղատոսի առջև: Լռեց Հերովդեսի առջև: Լռեց քահանայապետների և ամբաստանող ծերերի առջև: Սակայն խաչի ճանապարհին, որ ծեծված ու անարգված էր, չլռեց իրեն սիրողների առջև: Ղուկաս ավետարանիչը նկարագրում է խաչի ճանապարհը, երբ Նրա հետևից գնում էր ժողովրդի մի հսկա բազմություն, և կանայք, որոնք կոծում էին ու ողբում Նրան; Հիսուս դարձավ և նրանց ասաց, - Երուսաղեմի դուստրեր, Ինձ վրա լաց մի եղեք, այլ լաց եղեք ձեր և ձեր որդիների վրա, որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ երանի չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և չսնեցին: Այն ժամանակ մարդիկ պիտի ասեն լեռներին, թե ընկեք մեզ վրա, և բլուրներին, թե՝ ծածկեք մեզ: Որովհետև երբ դալար փայտին այսպես անեն, չորին ի՞նչ կպատահի: Սիրելիներ Տէր Հիսուս աշխարհ էր եկել մարդկանց խոսելու և բացատրելու համար, սակայն լռում էր նենգ մարդկանց առջև, և պատասխան էր տալիս մաքուր և պարզ սրտերին; Հուսանք, որ հրեաները իրենք կյանքի պատմությունը կարդալիս կհիշեն այդ երդում նզովքւ, որ արել են իրենց հայրերը և կզղջան եղածի համար:
Այստեղ ավարտենք մեր սերտողությունը՝ և վերադառնանք Գողգոթայից, մեր սրտում ունենալով Հիսուս Քրիստոսին; Հաճախ կարդանք խաչի ճանապարհը, որը մեզ զերծ կպահի ամեն տեսակ մեղքից:
Մնացեք սիրով՝ հավատարիմ Տիրոջը, եթե երբևէ տեսնեք մեկին հանիրավի ծաղրելիս, հիշեք Հիսուս Քրիստոսին՝ զինվորներից ծաղրվելիս, և թող ծաղրը ձեր կյանքից իսպառ հեռանա:
Հարց. Ի՞նչ էր գրված հանցապարտության գրի մեջ: