ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 12.8-27
Ավետարան ըստ Մատթևոսի 27: 15:26
ՅԻՍՈՒՍ ՄԱՀՈՒԱՆ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԻ
15 Բայց կուսակալը սովորութիւն ունէր տօնին ատենը կապուած մը արձակելու ժողովուրդին, ով որ ուզէին։ 16 Այն ատեն Բարաբբա անունով երեւելի բանտարկեալ մը ունէին։ 17 Երբ ժողվուեցան, ըսաւ անոնց Պիղատոս. «Ո՞րը կ՚ուզէք որ ձեզի արձակեմ. Բարաբբա՞ն, թէ Յիսուսը՝ որ Քրիստոս կ՚ըսուի». 18Քանզի գիտէր թէ նախանձի համար մատնեցին զանիկա։
19 Երբ անիկա ատեանը նստեր էր, անոր կինը մէկը ղրկեց անոր ու ըսաւ. «Դուն այն արդարին հետ գործ մի ունենար, վասն զի այսօր երազիս մէջ շատ դիպուածներ անցան գլխէս անոր համար»։
20 Քահանայապետները եւ ծերերը ժողովուրդը համոզեցին որ Բարաբբան խնդրեն ու Յիսուսը կորսնցնեն։ 21 Կուսակալը կրկին խօսեցաւ ու ըսաւ անոնց. «Այս երկուքէն ո՞րը կ՚ուզէք, որ ձեզի արձակեմ»։ 22 Անոնք ըսին. «Բարաբբան»։ Ըսաւ անոնց Պիղատոս. «Հապա ի՞նչ ընեմ Յիսուսը, որ Քրիստոս կ՚ըսուի»։ 23Ամէնքն ալ ըսին անոր. «Թող խաչուի»։ Եւ կուսակալը ըսաւ. «Բայց ի՞նչ չար գործ ըրաւ»։ Անոնք ա՛լ աւելի կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Թող խաչուի»։ 24Պիղատոս տեսնելով որ օգուտ մը չունի, հապա ա՛լ աւելի խռովութիւն կ՚ըլլայ, ջուր առաւ, ձեռքերը լուաց ժողովուրդին առջեւ ու ըսաւ. «Ես այդ արդարին արիւնէն անպարտ եմ. դո՛ւք մտածեցէք»։ 25 Բոլոր ժողովուրդը պատասխան տալով՝ ըսաւ. «Ատոր արիւնը մեր վրայ ու մեր որդիներուն վրայ ըլլայ»։ 26Ստիպուած՝ Բարաբբան արձակեց անոնց եւ Յիսուսը ծեծելով անոնց ձեռքը տուաւ, որպէս զի խաչուի։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա սերտողության միտքն ավարտվեց այնտեղ, որ բազում ամբաստանություններով և սուտ վկայություններով Քրիստոսին տարան Պիղատոսի առջև: Երբեմն մեղքերի ծանրության մասին մտածելիս հարց է առաջանում, թե ո՞ր մեղքն է ավելի ծանր հետևանքներ թողնում: Սակայն ո՛վ ինչ մեղքից որ տուժել է, նրա համար այդ մեղքը ծանր է համարվում: Եթե մեկը սպանությունից կորցրել է իր հարազատին, նրա համար սպանությունը ծանր մեղք է: Գողությունից տուժածի համար անտանելի մեղք է գողությունը: Շնությունից բաժանված ընտանիքի համար սոսկալի ծանր մեղք է շնությունը: Այո, բոլոր մեղքերը կործանարար են, եթե ժամանակին չի առաջանում մեղքի գիտակցությունը:
Ավետարանի վերջին գլուխների սերտողության ժամանակ տեսնում ենք, որ պակաս կործանարար չէ նաև զրպարտության և նախանձի մեղքը, որի մեջ մասնագիտացած էին օրենքի և կրոնի ուսուցիչները:
Երեք տարի զղջում և ապաշխարություն քարոզող Քրիստոսին զրպարտեցին ժողովրդի մեջ խռովություն գցելու մեջ: Կայսրին և Աստծուն տուրք տալու միակ ճշմարիտ բանաձևը տվողին՝ զրպարտեցին այն բանի մեջ, իբրև ժողովրդին մոլորեցնում է, որ կայսրին տուրք չտան: Խաղաղություն սերմանողին զրպարտեցին ըմբոստության մեջ՝ Պիղատոսի առջև: Հետևաբար մեղքը մնում է մեղք, և հետևանքը կործանարար է:
Սակայն Տէր Հիսուս հանդեպ գործած մեղքերը ծանրագույն մեղքեր էին՝ մատնություն, ուրացում, զրպարտություն, ծաղր, նախանձ և անտարբերություն:
Սա Ավետարանի միակ հատվածն է, որը կարող է մեզ օգնել վիրավորանքը ներելու, վրեժխնդիր չլինելու հարցում: Ուրիշ ոչ մի ճանապարհ չկա ներելու առաքինությանը հասնելու համար: Բավական է վիրավորանքի պահին ի մտի ունենալ Քրիստոսի վիրավորանքները և զրպարտությունները, մեր ունեցած զրպարտությունը և վիրավորանքը հօդս կցնդի նույն պահին: Սակայն գիտե՞ք ինչու մենք չենք ներում: Որովհետև այդ պահին ո՛չ թե հիշում ենք Քրիստոսի վիրավորանքները, այլ ապավինում ենք մեր վրեժխնդրությանը:
Քրիստոս որպես չարագործ կանգնած է կուսակալի առջև՝ պատասխան տալու համար: Եթե մենք արդարանա՛նք ասելով, թե՝ Քրիստոս Աստված էր, իսկ մենք՝ մարդ: Այո, Քրիստոս Աստծու Որդին է, սակայն մեր դատապարտությունն էլ խաչելություն չէ, այլ՝ պարզ վիրավորանք: Փորձենք և զգանք որ օգտակար է հիշել:
Մովսեսի օրենքը գրվել էր Աստծու թելադրանքով և տրվել էր մարդկանց՝ կատարելու համար: Այս պահին քահանայապետը, որը քաջատեղյակ է օրենքից ու պատվիրանից, անտեսելով մի պատվիրանը՝ կատարել է տալիս մյուսը: Այսինքն զրպարտում է Հիսուս Քրիստոսին՝ ըմբոստության մեջ՝ անտեսելով ,,Սուտ վկայություն մի տուր,, Պատվիրանը, և Պիղատոսին պարտադրում է սպանել Քրիստոսին, ասելով,- Մեզ համար որևէ մեկին սպանելը օրինավոր չէ: Քանի որ Պիղատոսը նրանց առաջարկեց, որ իրենց օրենքով դատեն: Մենք չգիտենք, Պիղատոսը որքանո՞վ էր տեղյակ հրեական օրենքներից, կանոններից, որովհետև հաճախ էր կրկնում, որ Քրիստոսի մեջ ո՛չ մի հանցանք չեմ տեսնում: Սակայն հստակ երևում է կրոնական առաջնորդների անփոփոխ չար նպատակը՝ Քրիստոսին խաչը հանելու:
Ավետարանն ասում է կուսակալը սովորություն ուներ տոնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկյալ, ում որ նրանք կամենային; Այնպես, ինչպես մեծ տոների առթիվ մեր հանրությունը կառավարությունից համաներում է ակնկալում իրենց ազատազրկվածների համար, որպես պարգև մեծ տոնի առթիվ: Պիղատոսը փորձեց օգտագործել նաև այս տարբերակը, քահանայապետներին կողմնորոշելու առումով, որովհետև զգացել էր, որ նրանք նախանձից են մատնել Նրան; Եթե նախանձը հոգևոր մարդկանց մղում է հանցագործության, ապա ինչ ակնկալիք կարող էր լինել հեթանոս կուսակալից:
Պիղատոսի այն հարցին, թե՝ այդ երկուսից որի՞ն բաց թողնեմ, նկատի ունենալով այդ օրերին բանտարկված Բարաբբային, թե Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին: Քահանայապետներն ու ծերերը ժողովրդին համոզեցին որ Բարաբբային ուզեն, իսկ Հիսուսին կորստյան մատնեն:
Պիղատոսը երկու անգամ տվեց նույն հարցը քահանայապետներին, երկու անգամ էլ լսեց նույն պատասխանը, ազատ արձակելու մի հանցագործի, որը մեղադրվում էր ինչ որ մեկի սպանության մեղադրանքի մեջ:
Նախընտրեցին Բարաբբային, որի ձեռքերը արյունոտ էր, և մերժեցին Հիսուսին, որը չէր արդարացրել իրենց հույսերը հռոմի լծից դուրս գալու առումով, իսկ Բարաբբան վտանգ էր ներկայացնում Հռոմի կուսակալի համար:
Մինչ Պիղատոսը բանակցություններ էր վարում առաջնորդների հետ, նրա կինը լուր ուղարկեց և զգուշացրեց ամուսնուն, որ իր և արդարի միջև ոչինչ չկա: Այլ արդարը ամբաստանված է, քանի որ երազ էր տեսել այդ մասին և դա վկայություն էր, որ Հիսուս արդար է; Մեկնաբաններն ասում են երազը չտրվեց Պիղատոսին, քանի որ նա չէր հավատա: Բայց կնոջ միջոցով գուցե հավատար և դա լիներ իր համար փրկություն: Ավանդություն ասում է, որ հետագայում Պիղատոսի կինը՝ Կլավդիան շատ հալածվեց Քրիստոսին հավատալու համար, և որպես պատիժ ձեռբակալվեց և բանտում օգնում էր Քրիստոսին հավատացող մարդկանց: Չնայած, որ վաղ Ղպտի քրիստոնեական ավանդությունն ասում է, որ Պիղատոսը ևս դարձի եկավ, բայց մեր ավանդությունը այդ մասին ոչինչ չունի գրված:
Եթե կրոնական առաջնորդների պնդումները, մոլորված ժողովրդի պահանջ չլիներ, հավանաբար Պիղատոսը այլ որոշում կայացներ: Բայց ամբոխը բղավում և պահանջում էր Քրիստոսի մահը: Կուսակալը կարծես չէր հավատացել նրան զրպարտություններին, և նորից հարցնում է,- Ի՞նչ չար բան արեց: Նրանց աղաղակները մտահոգություն էր Պիղատոսի համար, քանի որ բազմության խռովությունից էր վախենում:
,,Պիղատոսը լված իր ձեռքերը,, հայտնի արտահայտությունը այստեղի է առաջացել, քանի որ նա տեսավ, որ գնալով ավելի է ուժգնանում ընդվզումը և աղաղակը, վերցրեց ջուրը և լվաց իր ձեռքերը այդ գործից, ասելով,- Այդ արդարի արյունից ես անմասն եմ, դո՛ւք գիտեք: Պոնտացի Պիղատոսը դավանեց, որ Հիսուս Քրիստոս արդար է: Դավանեց լեզվով, բայդ ինչպես տեսնում ենք դա բավական չեղավ, պետք էր դավանել նաև գործով; Սակայն կայսրության ներսում խռովություններ չառաջացնելու պատճառով կատարեց ամբոխի պահանջը: Բոլոր ժամանակների համար էլ կառավարության համար անհրաժեշտ պայման է, որ ժողովրդի մեջ խռովություն չառաջանա, որովհետև խռովությունը առանց արյուն չի ավարտվում: Ընտրություններում հաղթեց Բարաբբայի կուսակցությունը...
Հովհաննես ավետարանիչը այս պահի նկարագրության մեջ գրում է, որ Պիղատոսը ժողովրդի ամբաստանության մեջ լսեց, որ Հիսուս Գալիլիայից է, իսկ այդ տարածաշրջանը գտնվում էր Հերովդես արքայի տիրապետության ներքո, Հիսուսին ուղարկեց Հերովդեսի մոտ, որը նույնպես Երուսաղեմում էր այդ օրերին: Իսկ Հերովդեսը շատ ուրախացավ, երբ տեսավ Հիսուսին, քանի որ երկար ժամանակ էր ուզում տեսնել Նրան: Բայց ո՛չ թե արդարադատության համար, այլ բավարարելու իր հրաշք տեսնելու մեծ ցանկությունը: Նա շատ հարցուփորձ արեց, սակայն Քրիստոս ոչինչ չպատասխանեց Հերովդեսին: Հերովդեսի առջև էլ օրենսգետները և ուսուցիչները ամբաստանեցին Քրիստոսին: Իսկ Հերովդեսը Հիսուսի լռելու պատճառով բարկացավ և իր զորականների հետ սկսեցին ծաղրել ու արհամարհել Նրան, ծիծաղելով Նրա վրա, սպիտակ զգեստներ հագցնել տվեց Նրան և կրկին ուղարկեց Պիղատոսի մոտ: Ղուկաս ավետարանիչն ասում է,- Պիղատոսն ու Հերովդեսը այդ օրերին բարեկամներ դարձան, քանի որ նախկինում թշնամիներ էին իրան:
Ամբոխը պահանջում էր, որ կուսակալը որոշում կայացնի մահվան դատապարտելու, և ասացին,- Դրա արյունը մեր վրա և մեր որդիների վրա: Այս լսելով Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային և Հիսուսին գանակոծել տալով հանձնեց նրանց ձեռքը, որ խաչը հանեն:
Սիրելիներ, դուք ուշադիր հետևեցիք իրադարձություններին, թե ինչպես էր սատանան հերթով բոլորին ամբաստանել տալիս: Նույնիսկ ժողովրդի բազմությանը համոզեցին, որ Հիսուսի փոխարեն Բարաբբայի արձակումը պահանջեն; Այսինքն ժողովուրդը գուցե անմասն մնար արդարի արյունից, բայց քահանայապետները նրանց ևս մասնակից դարձրին այդ արյանը: Արդարի արյունը մինչև այսօր էլ նրանց և նրանց որդիների վրա է, մինչև չընդունեն Քրիստոսին, որպես Աստծու Որդի, որին խաչը հանեցին; Իսրայելի պատմությունից տեսնում ենք, թե ինչ պատահեց իրենց ազգի հետ, ցրվեցին աշխարհով մեկ, և գրված է, որ հռոմեական կայսրության հրամանով շրջափակված էր Երուսաղեմը և եթե որևէ իսրայելացի փորձեր դուրս գալ Երուսաղեմից, խաչն էին հանում նրան: Քանի որ Երուսաղեմի շուրջ պատած էր խաչերով: Խաչը հանելը անարգ սպանություն էր նրանց համար:
Հռոմեական կուսակալը Քրիստոսի մեջ չար բան չտեսավ հեթանոս լինելով, և պատրաստ էր արձակել Հիսուսին, իսկ օրենքի ուսուցիչները, և քահանայապետները, որոնց կարդացածը միայն Հիսուսի մասին էր, Նրա փոխարինեցին մի ավազակի հետ, նախանձի պատճառով և Նրա սպանությունը պահանջեցին;
Սիրելիներ, մի շատ կարևոր նկատառում կա, որ երեք ավետարանիչներն էլ արձանագրել են այս փաստը, որ Պիղատոսը գիտեր, որ Հիսուսին նախանձի պատճառով են մատնել: Քիչ համարեցին զրպարտությունները, նաև նախանձի պատճառով մատնեցին Նրան; Նախանձը ևս ծանր մեղք է, որի վրա շատ ժամանակ լուրջ չենք նայում, սակայն նախանձի պատճառով Աշխարհի Փրկիչը մատնվեց; Այս մեղքը ներքին և չերևացող մեղք է, բայց ավերներ է գործում; Առաջին նախանձողը եղավ Կայենը, որի արդյունքում սպանություն եղավ: Իսկ ինչու Կայենը նախանձեց Աբելին, քանի որ Աբելը հավատարիմ էր ծառայում Աստծուն, խոնարհ սրտով մատուցեց իր զոհը, իսկ Աստված ընդունում է խոնարհ սրտից բխած ծառայությունը: Բարեպաշտ քրիստոնյային նախանձում են և բամբասում, ծառայասեր հոգևորականին նախանձում են և բամբասում: Նախանձն է մղում սպանության, ինչպես որ տեսանք Տէր Հիսուսի պարագայում և Աբելի պարագայում;
Ժողովրդի բազմությունը, որը օրեր առաջ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ ձիթենու ճյուղերով էր դիմավորում, աղաղակելով՝ Օվսաննա,Դավթի որդի Որդի, այսօր գոռում է,, խա՛չը հանիր դրան;
Երբ ժողովուրդը կողմնորոշված չէ իր հավատքի մեջ, նրան հեշտ է համոզել և մեղքի մեջ գցել: Օրվա նշանավոր դեմքերը, որոնք ժողովրդի հոգևոր պատասխանատուներ էին, համոզեցին ժողովրդին՝ ճշմարտությունը փոխարինել կեղծիքով, արդարին փոխել հանցագործի հետ, անդամալույծին առողջացնողին փոխել մարդասպանի հետ: Մենք չգիտենք, թե ինչո՞ւ այդ ժողովուրդը գնաց այդ քայլին և իր սեփական կարծիքը չհայտնեց, այլ ենթարկվեց օրվա քահանայապետի քմահաճույքին:
Մենք նույն երևույթը տեսնում ենք այսօր մեր բաժանված և չկողմնորոշված ժողովրդի մոտ; Ժողովրդի մի զանգված աղաղակ է բարձրացնում իրեն համոզողի պատվին, մյուս մասը աղաղակ է բարձրացնում իրեն համոզողի պատվին: Սակայն չկա մի ուժ, որը միավորի այս բոլոր ուժերին մի գաղափարի շուրջ: Այնպես որ ,,Խաչը հանիր,, գոռացողներ միշտ եղել են, ժողովրդին համոզող և ապակողմնորոշողներ միշտ եղել են, կան նաև այսօր և ավելի մեծ թվով:
,,Դրա արյունը՝ մեր վրա և մեր որդիների վրա,, արտահայտությունը չի վերաբերում միայն հրեա ազգին, այլ՝ համայն մարդկությանը, այդ թվում նաև մեզ: Նայած թե մենք ում ենք ընտրում մեզ համար որպես թագավոր, Տէր Հիսուսի՞ն թե՞ Բարաբբային: Մենք ընտրում ենք Խաղաղության Իշխանին, թե բանսարկության դևին; Աշխարհի քաղաքական ալիքը հաճախ է տատանվում և ժողովուրդը երբեմն ընտրում է Բարաբբային՝ իրեն պաշտպանելու այս կյանքի համար, մոռանալով հավիտենականի մասին; Քրիստոնյաները կարիք չունեն ամբոխային մտածելակերպ ունենալու, հատկապես, երբ պահանջվում է մեկի արյունը: Միակ թագավորը, որին պետք է ընտրենք, որին մեր ձայնը պետք է տանք, և վստահությամբ հետևենք Նրան, Քրիստոս Հիսուսն է, մեր հավիտենական Փրկիչ Թագավորը: Այստեղ ավարտենք մեր սերտողությունը: Մեր այսօրվա դասը թող լինի սովորել սթափ մտածել և չտրվել ամբոխային մտածելակերպի, միշտ չէ որ բազմությունը ճիշտ որոշում է կայացնում:
Մնացեք սիրով՝ ձեր կյանքում միշտ ընտրեք Հիսուս Քրիստոսին, Նա է աշխարհի խաղաղությունը: Հարց. Ի՞նչ ասաց Պիղատոսը, երբ լվաց ձեռքերը: