ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Դանիելի մարգարեությունը 7.2-27
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 12.1-7
Ավետարան ըստ Մատթևոսի. 27:1-14
ՅԻՍՈՒՍ ՊԻՂԱՏՈՍԻՆ ԿԸ ՏԱՐՈՒԻ
1 Առտուն, բոլոր քահանայապետներն ու ժողովուրդին ծերերը Յիսուսի դէմ խորհուրդ ըրին որ զանիկա մեռցնեն։ 2 Կապելով զանիկա տարին Պոնտացի Պիղատոս կուսակալին ձեռքը տուին։
3 Այն ատեն Յուդա, որ զանիկա մատնեց, տեսնելով որ դատապարտուեցաւ, զղջաց ու երեսուն արծաթը ետ դարձուց քահանայապետներուն եւ ծերերուն 4 Ու ըսաւ. «Մեղա՜յ, անմեղ արիւն մատնեցի»։ Անոնք ըսին. «Մեզի ի՞նչ, դուն նայէ»։ 5 Դրամը գանձանակին մէջ ձգեց ու դուրս ելաւ եւ գնաց ինքզինքը խեղդեց։ 6 Քահանայապետներն ալ արծաթը առնելով՝ ըսին. «Արժան չէ ատիկա կորբանին մէջ դնել, վասն զի արեան գին է»։ 7 Ուստի խորհուրդ ըրին եւ անով բրուտին արտը ծախու առին՝ օտարներու գերեզմանատուն ըլլալու համար։ 8 Այս պատճառաւ այն արտը «Արեան արտ» կոչուեցաւ մինչեւ այսօր։ 9 Այն ատեն կատարուեցաւ Երեմիա մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Եւ առին երեսուն արծաթը, գին կտրուածին գինը, որ Իսրայէլի որդիներէն ոմանք գին կտրեցին, 10 Ու տուին զանիկա բրուտին արտին, ինչպէս ինծի հրաման ըրաւ Տէրը»։
11 Յիսուս կուսակալին առջեւ կայնեցաւ. եւ կուսակալը հարցուց անոր ու ըսաւ. «Հրէից թագաւորը դո՞ւն ես»։ Եւ Յիսուս ըսաւ անոր. «Դուն կ՚ըսես»։ 12 Բայց քահանայապետներէն եւ ծերերէն ամբաստանուած ատենը բնաւ պատասխան մը չտուաւ։ 13 Այն ատեն Պիղատոս ըսաւ անոր. «Չե՞ս լսեր թէ ո՛րչափ քեզի դէմ կը վկայեն ատոնք»։ 14 Անոր ալ պատասխան չտուաւ, այնպէս որ շատ զարմացաւ կուսակալը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Աստծու կամքով այսօր սկսում ենք 27 րդ գլխի առաջին մասի սերտողությունը: Նախորդ գլուխն ավարտվեց Կայիափա քահանայապետի գավթում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ Տէր Հիսուս արդեն ձեռբակալված էր Հուդայի մատնության պատճառով, իսկ Պետրոսը երեք անգամ ուրացել էր Հիսուս Քրիստոսին; Մինչ այս պահը մենք մյուս աշակերտների մասին որևէ լուր չունենք; Մղձավանջային գիշեր էր. Տէր Հիսուս մատնվա՛ծ, ուրացվա՛ծ, լքվա՛ծ մյուս աշակերտնեից, ծաղրվա՛ծ հռոմեական զինվորներից, սուտ վկայություններով ամբաստանված՝ իր սեփական ժողովրդից:
Մովսեսի օրենքը հրեաներին տրվել էր որպես լուսավոր ճանապարհ՝ դեպի Հիսուս Քրիստոս: Իսկ նրանք իրենց խստասրտության պատճառով Հիսուս Քրիստոսի համար ժողով են հրավիրել օրվա ներկայանալի դեմքերից կազմված, որպեսզի հաստատեն իրենց հորինած զրպարտությունը և մահվան դատապարտեն Նրան:
Համապատասխան հրեական օրենքի, մեղադրանքի ենթարկված մարդու համար, եթե նույն օրվա մեջ գտնվեր արդարացնող հանգամանքներ, ապա պարտավոր էին նրան ազատ արձակել նույն օրը, իսկ եթե ո՛չ, գիշերը պետք է կայացվեր նրա մեղադրանքի դատավճիռը՝ մինչև լուսաբաց:
Մենք տեսանք, որ քահանայապետը տեղյակ էր գործող օրենքից, այդ պատճառով էր հավաքել սուտ վկաներ, որպեսզի կարողանան հաստատեն իրենց մեղադրանքը: Երեք տարի շարունակ բոլորը տեսան Տէր Հիսուսի գործած բժշկությունները և հրաշագործությունները: Եթե կամենային արդարացնող հանգամանքներ փնտրել, կկանչեին բուժված կույրին, բժշկված անդամալույծին, հարություն առած Ղազարոսին, և բոլորը կփաստեին Նրա աստվածությունը: Բայց քանի որ ժամանակավոր իշխանությունը քահանայապետի ձեռքն էր, վարվեց այնպես. ինչպես որ որոշել էին կրոնական առաջնորդները:
Գիշեր էր, և քահանայապետի տան գավիթը տրամադրվել էր ամբաստանություններ համար: Այս բոլոր կեղծիքները կատարվում աշխարհի Արարչի աչքի առջև և Նրա դեմ: Մատթևոս ավետարանիչը նկարագրելով այս բոլոր անարդար երևույթները, գրում է,- Երբ առավոտ եղավ...
Բոլոր քահանայապետերը և ժողովրդի ծերակույտը խորհուրդ արեցին Նրան սպանելու համար: Տեսե՛ք, սիրելիներ, ովքե՛ր են հավաքվել և ո՛ւմ մահվան դատավճիռն են կայացնում: Նրա՛, Որի խոսքով եղավ այդ առավոտը և այդ երեկոն: Կապեցին Նրան և տարան կուսակալի ապարանքը: Կապեցին Նրա՛ն, որը արձակել է համայն մարդկության մեղքերը: Հուդան, որը երեսուն արծաթի գայթակղությունից մոլորված մատնեց Հիսուսին, տեսնելով այս բաները, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետին, ասելով,- Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի: Հուդայի այս խոսքերը վերջին հնարավորություն էր քահանայապետի համար՝ բացելու իր կուրացած աչքերը և տեսնելու իր առջև կանգնած Մեսիային: Սակայն նրանք ասացին,- Մեր հոգը չէ, դու գիտես: Իմաստությունն ասում է,- Սուրբ Գիրքը մեզ հետ է պահում մեղքից, իսկ մեղքը մեզ հետ է պահում Սուրբ Գրքից: Ընտրությունը մարդուն է; Հրեա առաջնորդները ընտրեցին մեղքը և անտեսեցին իրենց օրենք ու մարգարեությունները:
Աստված թույլ էր տալիս, որպեսզի ամեն ոք բացահայտի իր անհավատությունը, կեղծավորությունը և իր ոչնչությունը, որպեսզի գուցե զղջան և դառնան իր այդ ճանապարհից, թեկուզ Իր վիրավորանքի և անարգանքի գնով: Կանգնած է Երկնավոր Թագավորը՝ երկրավոր թագավորի առջև՝ պատասխան տալու համար որպես ազգը պառակտող.
Պիղատոսի առջև նորանոր սուտ վկայություններ բերեցին, իբրև խռովություն է առաջացնում ժողովրդի մեջ, արգելում է կայսրին տուրք տալ, և ինքն Իր մասին ասում է, թե Քրիստո՛սն է թագավոր:
Գիտե՞ք ինչու Պիղատոսի առջև բոլորովին այլ ստեր ասացին Հիսուսի մասին: Որովհետև եթե ասեին, թե Քրիստոս Աստծու Որդի է հռչակում իրեն, դրա համար նրան ոչ մի մեղադրանք չէր հասնի Հռոմի օրենքով: Քանի որ մովսեսի Օրենքին դեմ գնալը Հռոմի համար վտանգ չէր, իսկ ժողովրդի մեջ խռովություն առաջացնելը, կամ կայսրին տուրք չտալը մեծ վտանգ էր Հռոմի կայսրի համար:
Այս պահի նկարագրության համար Հովհաննես ավետարանիչը մի ուշագրավ տեղեկություն է տալիս իր Ավետարանում: Ասում է, Քրիստոսին կուսակալի ապարանքը տարան, բայց իրենք ներս չմտան, որպեսզի չպղծվեն՝ և զատկական ընթրիքը կարողանան ուտել: Պիղատոսը ինքը դուրս եկավ նրանց մոտ:
Ինչքա՛ն ճիշտ բնութագրեց Տէր Հիսուս, քահանայապետներին, համեմատելով նրանց սպիտակեցրած գերեզմանի, որ դրսից մաքուր է, իսկ ներսից՝ ապականություն: Իրենց մաքուր կարծող քահանայապետները մեծագույն պղծությունը իրենց հոգում ունենալով, ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն: Սուտ վկայություններով արդարին մահվան են դատապարտում, իսկ իրենք ապարանք չեն մտնում որպես արդարներ: Նույնիսկ այդ պահին մտածում են օրենքը պահել և զատկական ընթրիքը մաքրությամբ ուտել:
Աշխարհի արարման սկզբից մինչև մեր օրերը ավելի անարդար վճիռ չի կայացվել աշխարհում, քան այն, ինչ արեցին քահանայապետները Քրիստոսի հանդեպ: Նույնիսկ Հուդան չկամեցավ տեսնել, թե ի՞նչ է լինելու որից հետո, արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և գնաց ու իրեն կախեց: Իսկ ծերակույտը մեկը մյուսի հետևից կեղծիքներ հորինելով շարունակում են իրենց դավադրությունը: Արդարին մահվան են դատապարտել, մյուս կողմից ասում են, թե օրինավոր չէ այդ արծաթ դրամները տաճարի գանձանակի մեջ դնել, քանի որ արյան գին է: Միթե սրանից մեկն ու մեկը չհիշեց, որ Հիսուս իրենց ասում էր,- կեղծավորներ և իժերի ծնունդներ, ինչպե՞ս եք ազատվելու գեհենի դատապարտությունից:
Նորից հավաքվեցին իրենց գերագույն խորհրդով և որոշեցին այդ արծաթ դրամով մի ագարակ գնել, որպես գերեզման՝ օտարների համար: Արդարի արյան գնով կեղծ բարեգործություն են անում օտարների աչքին հոգատար երևալու համար: Այդ ագարակի տարածքը պահպանվում է մինչ օրս, որի մասին գրված է Երեմիայի մարգարեության մեջ՝, իսկ ավելի հանգամանալից՝ Մաղաք. 11:13 թե վաճառվածի գինը երեսուն արծաթ էր, որը որոշել էին Իսրայելի որդիները, և այն տվեցին բրուտի ագարակի համար:
Գործք Առաքելոցի առաջին գլխում Ղուկաս Ավետարանիչը մանրամասն նկարագրում է Հուդայի մասին, որն իր անիրավության վարձով մի ագարակ գնեց և ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց: Այս բանը հայտնի եղավ Երուսաղեմի բոլոր բնակիչներին և այդ ագարակի անունը մնաց արյան ագարակ: Երուսաղեմ ուխտի գնացած մարդկանց այդ ագարակը ցույց տալիս անպայման նշում են, որ այդ հատվածում երբեք ոչ մի բուսականություն չաճեց մինչ օրս: Իսկ սաղմոսներու Հուդայի մասին գրված է,- թող նրա տունը ավերակ լինի, և չգտնվի մեկը որ նրա մեջ բնակվի, և նրա պաշտոնը թող ուրիշն առնի: Իսկ մենք գիտենք, որ հետագայում վիճակահանությամբ այդ պաշտոնը ընկավ Մադաթիային:
Վերջին ընթրիքի ժամանակ Հուդայի հաղորդվելու մասին սուրբ Գրիգոր Լուսավորիչը գրում է. «Խմեց Հուդա Իսկարիովտացին այդ բաժակը և այրվեց, քանզի տկար էր նրա ծառը» (այսինքն` Հուդան անարժանորեն ընդունեց հաղորդությունը): Մատնության համար Հուդան ընտրել էր համբույրով ողջույնը, որը համարվում էր հրեական ավանդական ձև և կիրառվում էր արտահայտելու ընկերությունը, սերն ու բարեկամաբար մոտենալը: Այսօր այդ համբույրը ստացել է «Հուդայի համբույր» անվանումը և մատնանշում է ընկերության քողով ծածկված դավաճանությունը, կեղծավորությունը: Հարազատի կողմից չսպասված դավադրությունը, մատնությունը հաճախ է անվանվում «հուդայաբար»: Խորհրդավոր ընթրիքը, Հուդայի մատնության տեսարանը դարեր շարունակ եղել են աշխարհահռչակ նկարիչների ուշադրության կենտրոնում: Պատկերներում Հուդան հիմնականում ներկայացվում է առանց լուսապսակի կամ սև լուսապսակով, հիմնականում կիսադեմ, կողքից: Մյուս առաքյալներից տարբերվելու համար շատ նկարիչներ Հուդային ներկայացնում են մեկուսի, սեղանի հակառակ կողմում:
Սիրելիներ, այս ծանր օրինակները գալիս են մեզ մեկ անգամ ևս փաստելու, որ Հուդայի արծաթասիրությունը, կրոնական առաջնորդների կեղծիքն ու փառասիրությունը միայն Քրիստոսի ժամանակաշրջանի մոլություն չէ, այն գործում է նաև այսօ՛ր, նաև նո՛ւյն տեղերում: Որտեղ իշխում են այս մահացու մեղքերը, բաժանումներն ու կեղծավորությունը, այստեղ Աստված չի բնակվում: Աստված այնտեղ է, որտեղ հույսը Իր վրա են դրել, ո՛չ թե փառքի և արծաթի:
Այնուհետև Հիսուս կանգնում է կուսակալի առաջ՝ պատասխանատվության: - Դո՞ւ ես հրեաների թագավորը,- հարցնում է նրան Պիղատոսը: Տէր Հիսուս միայն պատասխանում է,- Դո՛ւ ես ասում:
Պիղատոսը շեշտում է հրեանե՛րի թագավոր բառը: Այո, Հիսուս եկավ հրեաների համար, որպեսզի նրանց կարծրացած սրտերը մեղմացնի, բացի նրանց հոգու կույր աչքերը, բայց նրանք չընդունեցին այդ պարգևը:
Սակայն Հիսուս ոչ մի բառ չխոսեց, երբ իր դեմ այդքան կեղծիք և սուտ հորինվեց քահանայապետների և ծերերի կողմից: Եվ սա եղավ Քրիստոսի վերջի պատասխանը՝ որից հետո այլևս չպատասխանեց ո՛չ մի հարցի: Կուսակալը զարմացավ Նրա այդ պահվածքի վրա, թեպետ Հիսուսի մեջ ո՛չ մի հանցանք չէր տեսնում և այդ մասին բարձրաձայնեց կրոնական առաջնորդների առջև:
Ինչո՞ւ չէր պատասխանում Քրիստոս ոչ ոքի: Ինչո՞ւ էր լռել Խոսքը: Ինչո՞ւ չէր արդարանում Պիղատոսի առջև: Որովհետև կարիք չուներ արդարանալու նրանց առջև, որոնք աչքեր ունեն և չե՛ն տեսնում: Ականջներ ունեն և չե՛ն լսում: Գիտություն ունեն և այդ գիտությանը չեն հավատում: Նրանց ոչինչ կարելի չէ ապացուցել, քանի որ երեք տարի շարունակ փարիսեցիները հետևելով Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը, կեղծիք են փնտրել և նախապատրաստել Նրա համար: Ուրեմն ո՞րն էր նրանց առջև արդարանալու նպատակը; Կեղծավորության մեջ հաստատված կրոնավորները անդրդվելի մնացին իրենց փառասիրության մեջ և չկամեցան իրենց տեսնել Քրիստոսի մաքրամաքուր հայելու մեջ:
Գուցե Պիղատոսը կամենում էր, որ Հիսուս արդարանա և չդատապարտվի, բայց Պիղատոսն էլ չգիտեր, թե ո՞վ էր առջև կանգնած՝ ծեծված և անարգված: Իրեն կուսակալ էր զգում Աշխարհի Տիրակալի առջև, բայց ինքն էլ չէր հասկանում: Բայց միևնույն ժամանակ հուշում էր Քրիստոսին, որ ժամանակի քաղաքական և կրոնական հայտնի դեմքերը վկայություն են տալիս ՔՈ դեմ, ինչո՞ւ չես արդարանում նրանց առջև: Պիղատոսը սովոր էր, որ իր առջև կանգնած մեղավորը արդարանա, օգնություն խնդրի, և այլն,: Դրա համար զարմացավ, որ մահվան դատապարտված մեկը արդարանալ չի ուզում;
Բայց Պիղատոսը շատ մանրամասներ չգիտեր Հիսուսի և կրոնական առաջնորդների միջև եղած խոսակցությունների մասին: Սակայն մենք գիտենք, որ Տէր Հիսուս աշակերտներին անվերջ զգուշացնում էր, որպեսզի չհետևեն փարիսեցիների գործերին, այլ միայն նրանց խոսքերը լսեն; Փաստորեն նրանց խոսքերն էլ վտանգավոր է լսել, քանի որ բազում սուտ վկայություններ արեցին Պիղատոսի առջև:
Հիշո՞ւմ եք վայերի մեջ Քրիստոս ասաց,- վա՛յ ձեզ, որ Աստծու արքայությունը դուք չե՛ք մտնում և այլոց էլ թույլ չեք տալիս, որ մտնեն: Այս պահին այս խոսքերը առավել հասկանալի դարձան, քանի որ տեսանք, որ իրենք չկամեցան մտնել Աստծու արքայությունը, և իրեն հետ չթողեցին նաև այն սուտ վկաներին, որոնց կանչել էին ամբաստանելու համար, նաև՝ իրենց հետևորդներին, որոնք կուրորեն հետևում են իրենց:
Սիրելիներ, այստեղ ավարտենք 27 րդ գլխի առաջին բաժինը, պայմանով, որ այն կլինի մեր այսօրվա խորհելու թեման, քանի որ նման է մեր օրերի արդարության կեղծմանը, սուտ վկայություններին, դատավարությանը, կեղծավորությանը, մարդահաճությանը և այլն:
Մնացեք սիրով՝ եղեք արդարության կողմնակից, թեկուզ հալածվեք, բայց ո՛չ երբեք սուտ վկայություն տվող:
Հարց. Ինչո՞ւ երեսուն արծաթը չգցեցին տաճարի գանձանակի մեջ: