ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Իմաստություն Սողոմոնի 1.15-2.22
Միքիայի մարգարեությունը 7.7-10
Պողոս առաքյալի թուղթը փիլիպեցիներին 1.12-21
Ավետարան ըստ Մատթեոսի 16.24-28
Ավետարան ըստ Մաթևոսի. 26: 57-68
ՅԻՍՈՒՍ ԺՈՂՈՎԻՆ ԱՌՋԵՒ
57 Անոնք որ Յիսուսը բռնեցին, Կայիափա քահանայապետին տարին, ուր դպիրները ու ծերերը ժողվուեր էին։ 58 Պետրոս հեռուէն անոր ետեւէն գնաց մինչեւ քահանայապետին գաւիթը ու ներս մտաւ, սպասաւորներուն հետ նստաւ, որպէս զի վերջը տեսնէ։ 59 Քահանայապետներն ու ծերերը եւ բոլոր ժողովը Յիսուսի դէմ սուտ վկայութիւն մը կը փնտռէին, որպէս զի զանիկա մեռցնեն. 60 Բայց չգտան. թէեւ շատ սուտ վկաներ ալ եկան, կրկին չգտան։ Ետքը երկու սուտ վկայ եկան 61 Ու ըսին թէ՝ «Ասիկա ըսաւ, ‘Ես կրնամ Աստուծոյ տաճարը քակել եւ զանիկա երեք օրուան մէջ շինել’»։ 62 Քահանայապետը ոտքի ելլելով՝ ըսաւ անոր. «Պատասխան մը չե՞ս տար. ի՞նչ կը վկայեն ասոնք քեզի դէմ»։ 63 Յիսուս լուռ կեցաւ։ Ուստի ելաւ քահանայապետը ու ըսաւ անոր. «Կենդանի Աստուծմով քեզ կ՚երդմնցնեմ, որ մեզի ըսես, թէ դո՞ւն ես Քրիստոսը՝ Որդին Աստուծոյ»։ 64 Յիսուս ըսաւ անոր. «Դուն ըսիր. բայց կ՚ըսեմ ձեզի, Ասկէ յետոյ պիտի տեսնէք Որդին մարդոյ Զօրութեան աջ կողմը նստած ու երկնքի ամպերուն վրայ եկած»։ 65 Այն ատեն քահանայապետը իր հանդերձները պատռեց ու ըսաւ. «Հայհոյութիւն ըրաւ. ալ ի՞նչ պէտք են մեզի վկաներ. ահա հիմա լսեցիք ատոր հայհոյութիւնը. 66 Ձեզի ի՞նչպէս կ՚երեւնայ»։ Անոնք պատասխան տուին ու ըսին. «Մահապարտ է»։ 67 Այն ատեն անոր երեսը թքնեցին, բռունցքով ծեծեցին զանիկա։ Ոմանք ալ ապտակ զարնելով՝ ըսին. 68 ‘Մարգարէացիր մեզի, դո՛ւն, Քրիստո՛ս, ո՞վ է ան որ քեզի զարկաւ’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, այսօրվա ընթերցվածքների շատությունից հավանաբար կռահեցիք, որ տոնական է օր է լինելու: Այսօր մեր եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապ մտնելու օրը, և եկեղեցիներում մատուցվում է Պատարագ: Շաբաթ օրերը հաստատված է սրբերի հիշատակության համար:
Իսկ մեր այսօրվա սերտողության թեման այն մասին է, թե ինչպես են Հիսուս Քրիստոսին Կայիափա քահանայապետի առջև տարան, որպես մահապարտ:
Սովորաբար բացասաբար են արտահայտվում այն մարդկանց հասցեին, որոնք Կենդանի Աստծուն չեն հավատում, կամ հավատում են բազում աստվածների: Իսկ ի՞նչ կարելի է ասել կրոնական առաջնորդի մասին, երբ ինքը չի հավատում Աստծուն: Կայիափա քահանայապետը իր շուրջն է հավաքել բոլոր այն խմբավորումներին, որոնք համախոհ են իր տեսակետին՝ Քրիստոսի սպանության մեջ: Կարևոր է նկատել, որ ո՛չ թե ճշմարտության շուրջ են հավաքվել, այլ կեղծիքի: Մի մասը հավաքվել են քահանայապետի մոտ, մյուս մասը գնացել Հիսուսի հետևից՝ ձեռբակալման համար:
Երեկվա սերտողության ավարտին իմացանք, որ նրանք գիշերով եկան և Հուդայի մատնության օգնությամբ բռնեցին Հիսուսին և կարծես որպես հանցագործ՝ սրերով ու մահակներով տարան քահանայապետի մոտ: Նախ՝ որ գիշերով նախաձեռնեցին իրենց գործողությունները, դա արդեն խոսում է նրանց կեղծիքի և նենգ դավադրության մասին: Մենք իմացանք նաև, որ աշակերտները թողեցին Քրիստոսի և փախան: Սակայն Պետրոսը հեռվից էր հետևում իրադարձությունների զարգացումներին և վախից մոտ չէր գալիս, մինչև հասկանար իր անելիքը:
Ավետարանն ասում է, որ քահանայապետն ու ամբողջ ատյանը Հիսուսի մասին սուտ վկայություններ էին փնտրում, և այդ պատճառով իրենց դահլիճ էին հրավիրել բազում սուտ վկաներ: Բացի այս սուտ վկաներից, քահանայապետներն ու իրենց ողջ խմբավորումները երեք տարի շարունակ ստվերի պես հետևեցին Հիսուս Քրիստոսի քարոզությանը, ինչպես ժողովարանում, այնպես էլ հանրության մեջ ուսուցումների և բժշկությունների ժամանակ:
Երեք տարի ջանացին ճշմարտության մեջ կեղծիք փնտրել, չկարողացան: Հիմա հրավիրել են սուտ վկաներ, որպեսզի արհեստականորեն զրպարտություններ հավաքեն և դրանով արդարացնեն Հիսուսի դատապարտումը: Հիսուսին մեղադրանք առաջադրող ողջ անձնակազմը կարգված էր ժողովրդի վրա տեսուչ՝ սովորեցնելու, կրթելու և նրանց հոգևոր կարիքները հոգալու համար: Հիմա ավելի ցայտուն ու հասկանալի են դառնում Տէր Հիսուսի տված վայերը փարիսեցիների վերաբերյալ, կամ աշակերտներին զգուշացումը՝ հեռու մնալ օրենսգետների ու փարիսեցիների խմորից:
Մարդկանց սրտերը թափանցիկ տեսնող Աստծուն պատասխանատվության են կանչել կեղծիքի քահանայապետի առջև բավական չէ, դեռ հարց են տալիս, թե ինչո՞ւ չես պատասխանում Քեզ ամբաստանողներին: Նույնիսկ տաճարի քանդման մասին ամբաստանությունը ձևափոխել և նենգափոխել էին սուտ վկաները: Տէր Հիսուս ասաց,- քանդեցե՛ք այդ տաճարը և Ես երեք օրում կվերականգնեմ:
Չասաց, ես կարող եմ քանդել և երեք օրում շինել, - ինչպես որ պնդում էին սուտ վկաները:
Տէր Հիսուս լուռ էր մնում կույր առաջնորդի, նենգ փարիսեցիների և սուտ վկաների առաջև:
Նույնիսկ նրանց բերած կեղծ վկայությունները հիմք չհանդիսացան հիմնավոր մեղադրանքի համար, որովհետև իրենց օրենքում էր գրված, որ մեկ մարդու վկայությունը՝ թե՝ կքանդեմ տաճարը և կշինեմ, հիմք չի կարող հանդիսանալ հիմնավոր մեղադրանքի համար: Բացի դրանից սուտ վկայությունները նույնպես տարբեր էին և չէին համապատասխանում միմյանց;
Քահանայապետը երկրորդ ծուղակային հարցումն է ուղղում Հիսուսին, ասելով,- Երդվեցնում եմ քեզ Կենդանի Աստծով, որ մեզ ասես, թե՝ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին;
Հիսուս նրան ասաց, դո՛ւ ասացիր: Բայց ասում եմ ձեզ, որ այսուհետև մարդու Որդուն կտեսնեք նստած Ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով:
Թեպետ քահանայապետը հարցեր էր տալիս Քրիստոսին, իբրև արդարացում գտնելու պատրվակով, սակայն Հիսուսի ցանկացած պատասխան նրա համար անընդունելի էր, քանի որ որոշումն արդեն կայացրած էր ամեն կերպ ազատվել Հիսուսից: Իսկ Տէր Հիսուսի տված պատասխանը հունից հանեց քահանայապետին, և Ավետարանն ասում է, որ նա պատռեց իր զգեստներն ու ասաց,- Հայհոյեց, էլ ինչի՞ են պետք վկաներ, քանի որ լսեցինք Նրա հայհոյանքը: Ինչո՞ւ քահանայապետը պատռեց իր հագուստը: Հրեաների օրենքում գրված է, երբ մեծ աղետ է լինում, կամ մի արհավիրք, մարդիկ պատռում են իրենց հագուստները՝ ի նշան ողբի: սակայն օրենքը քահանայապետին թույլ չէր տալիս այդ բաննն անելու: Սա ևս օրենքի խախտում էր քահանայապետի կողմից, որոնց մասին ամբողջական տեղեկություն ուներ Հիսուս Քրիստոս:
Տէր Հիսուս գիտեր, որ իր տված պատասխանը արագացնելու է Իր դատավճիռը, քանի որ տեղյակ էր, որ հրեաների պատկերացմամբ Աստծու աջ կողմում նստելու էր Աբրահամը, իսկ Աբրահամով նրանք շատ էին պարծենում, որ նրա սերունդն են: Ինչո՞ւ պետք է այդ խոսքերը հայհոյանք համարվեր Աստծու հասցեին: Քանի որ բոլոր մարգարեություններում գրված է այդ մասին, և դա ամենևին հայհոյություն չէ Աստծուն: Նրանք նույնիսկ իրենց պատկերացրած Աստծուն չէին հնազանդվում ու հավատում, քանի որ նույն Աստված էր, որ Մովսեսի միջոցավ իրենց տվեց պատվիրանները, որում գրված է,- սուտ վկայություն մի տուր որևէ մեկի համար: Հարց տվեց, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին: Քրիստոս ասաց, ա՛յո; Ինչո՞ւ դա համարեցին հայհոյանք, Եթե կամենում էին ճիշտ իմանալ; Ուրեմն այլևս կարևոր չէ, թե ինչ պատասխան կտար Հիսուս: Քանի որ Տէր Հիսուս այս պատասխանը տվեց Դանիելի Մարգարեության գրքից: Բոլորի կամքը նույնն էր, և բոլորը միաբերան ասացին,- Մահապարտ է: Ուրիշ ո՛չ մի հարցում այս խմբավորումների մեջ չկար միաբանություն, այլ միայն այս հարցի: Տեսնում եք, թե ինչպես կարող է չարը տարբեր մտածելակերպի մարդկանց հավաքել մի կործանարար գաղափարի շուրջ;
Ահա, այսպես են Քրիստոսի խոսքերը պահել օրվա քահանայապետները և օրենքի ուսուցիչները: Սակայն արդարությունն անմահ է: Մոտեցել էր Քրիստոսի մարմնի տաճարը քանդելու և վերականգնելու ժամանակը: Եթե վերհիշենք նախորդ սերտողություններից, ապա Հիսուս Քրիստոս մի քանի անգամ է նրանց փաստել, որ Ինքը Աստծու Որդին է, որի մասին հաստատել է Հայրը՝ Երկնքից և Հովհաննես Մկրտիչը՝ իրենց մարգարեներից: Այնպես, ինչպես իրենց օրենքն է պահանջում որ, երկու հոգու վկայությունը հիմք է ընդունելու համար որպես ճշմարտություն: Քահանայապետը նաև զայրացավ, որովհետև Քրիստոս մատնանշեց դատաստանը և ասաց կտեսնե՛ք մարդու Որդուն նստած Աստծու աջ կողմում՝ եկած ամպերի վրայով:
Իսկ եթե դատաստանի ժամանակ նրանք տեսնեն այդ բոլորը, ուրեմն ինչպե՞ս պետք է ազատվեն գեհենի դատապարտությունից: Այս հանդիմանությունը մի անգամ էլ էին լսել իրենց հասցեին: Հիսուսի լռությունը պետք է սարսափեցներ նրանց, քանի որ Մովսեսին Օրենքներ տվող Հիսուսի աչքի առջև խախտում են այդ օրենքները և խախտելով հանդերձ ամբաստանում՝ Արդարին:
Մովսեսի օրենքի համաձայն երբեք հրեային դատապարտության համար չէր կարելի հանձնել հեթանոսների ձեռքը, իսկ իրենք դա արեցին առանց զգուշանալու: Հռոմեական զինվորները սկսեցին ծաղրել, թքել Նրա երեսին, հարվածել, ոմանք էլ ապտակում էին և հարցնում,- Մարգարեացի՛ր, թե ո՛վ էր քեզ հարվածողը:
Հեթանոս զինվորների անմարդկային արարքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ այնքան զարմանք և ցավ չի պատճառում Ավետարանը ընթերցողին, որքան օրվա քահանայապետի և օրենքի ուսուցիչների կեղծիքը, սուտ վկայությունները, օրենքի խախտումը, մարգարեությունների անտեսումը և Աստծու Որդու հանդեպ իրենց ամբարտավան պահվածքը: Հեթանոս զինվորները չէին ճանաչում Հիսուս Քրիստոսին և ո՛չ մի հրաշք ու բժշկությունը չէին տեսել Նրանից, ո՛չ էլ լսել էին Նրա զորության մասին; Եթե լսած լինեին, հավանաբար ծաղրի չէին ենթարկի: Բայց փարիսեցիները հազարավոր հրաշքներ և բժշկություններ էին տեսել իրենց աչքով այդ երեք տարիների ընթացքում, և Նրա ժողովրդականությունն էին տեսել Իր միջավայրում:
Սիրելիներ, ուշադրություն դարձրի՞ք, որ այսօրվա սերտողության մեջ ո՛չ մի տեղեկություն չտրվեց մեզ մնացած աշակերտների մասին, թե ո՞ւր գնացին, ի՞նչ արեցին: Հուդայի մասին էլ որևէ խոսք չեղավ այս գլխի մեջ: Հուդան իր առաքելությունը ավարտել էր, արծաթը վերցրել էր, և տագնապի մեջ էր իր կատարածի համար:
Ավետարանից մեզ մեկ ուրիշ Հուդա էլ է ծանոթ, որը առաքելական թղթերից մեկի հեղինակն է և եղբայրը Հակոբոսի: Այս Հուդան, որը Քրիստոսի խորթ եղբայրն էր՝ Հովսեփի զավակներից, իր ընդհանրական թղթւոմ գրում է իր ժամանակի հավատուրացության վտանգի մասին: Հորդորում է մարդկանց պայքարել հավատի համար, որը մեկ անգամ ընդմիշտ ավանդվեց սրբերին: Քանի որ նույնիսկ այդ ժամանակ նրանց մեջ առաջացել էին ամբարիշտ մարդիկ, որոնք Աստծու շնորհը վերածեցին անառակության և ուրացան միակ Իշխանին՝ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Ինչո՞ւ Իսրայելի ժողովուրդը այդպես վարվեց, քաջ իմանալով իրենց պատմությունը, որ Աստված նախ իրենց հանեց Եգիպտոսից, Մովսեսի միջոցով, ապա կորստյան մատնեց անհավատներին: Հարուստ պատմական անցյալ ունեցող, մեծագույն մարգարեներ ունեցող ժողովուրդը որին Մովսեսը քառասուն տարի սովորեցրեց, բայց ամեն փորձության ենթարկվեցին; Բայց այս բոլոր օրինակները մարդկության համար երբեք դաս չեղավ: Դաս չեղավ նաև մեր ազգի համար:
Իսկ ի՞նչ դաս կարող ենք քաղել մենք, որ լսեցինք այս զրպարտությունների, սուտ վկայությունների մասին, որոնք արվեցին Արդարի և Անմեղի համար, ո՛չ միայն հեղինակությունը և մեծ համբավը ստվերելու համար, այլ՝ մահվան դատապարտելու: Մենք այսօր մեր Հայրենիքում առավոտից երեկո լսում եք միայն հեղինակազրկող և խայտառակող վկայություններ, որոնց իսկությունը միայն ենթակային և Աստծուն է հայտնի: բայց մենք ականատեսն ենք այն բանի, որ մարդիկ առանց խղճմտանքի կարող են սևացնել ցանկացած անուն, միայն թե հասնեն իրենց նպատակին, որը չարից է: Քանի որ չկա որևէ բարի նպատակ որին հասնելու համար պետք է հեղինակազրկել, կամ սպանել մեկին; Մեր՝ քրիստոնյաներիս պարտքն է հնարավորինս զերծ մնալ բանսարկությունից, սուտ վկայությունից, ամբաստանությունից, հանուն ինչ որ բանի: Բոլորիս հոգին էլ կարող է խռովել անորոշ վիճակներից, բայց մենք ունենք մեր մտքերը պայծառեցնող, մեր հոգին խաղաղեցնող Տէր, որը չի զրկում մեզ այդ պարգևից:
Հետևաբար թող ամեն օրվա սերտողությունը մեզ մեկ քայլ մոտեցնի Հիսուս Քրիստոսին, որից գալու է աշխարհի մարդկության խաղաղությունը: Մեզ թող երբեք չգայթակղի այն հանգամանքը, որ օրենքի ուսուցիչը, որը պետք է առաջի՛ն օրինապահը լիներ, համագործակցում է սուտ վկաների հետ: Նույնը կարող ենք տեսնել մեր իրականության մեջ ո՛չ պակաս քանակով: Մեր նպատակը դասեր քաղելն է այլոց սխալներից:
Ավարտենք այսօր մեր դասը, Հիսուս Քրիստոսին թողնելով քահանայապետի սուտ վկաների և հռոմեական զինվորների մոտ և այս բոլորը դարձնենք մեզ համար խորհելու թեմա:
Մնացեք սիրով՝ ձեր վկայություններ թող միայն ձեր հավատքի զորացման վերաբերյալ լինի, Տիրոջ հետ ձեր ջերմ հարաբերությունների մասին լինի, ո՛չ երբեք սուտ վկայություն:
Հարց. Ինչո՞ւ քահանայապետը պատռեց իր հագուստը: