ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Երկրորդ օրենք 10.1-15
Հոբի գիրքը 19.1-29
Եսայու մարգարեությունը 45.1-13
Ավետարան ըստ Մատթևոսի. 26: 47-56
ՅԻՍՈՒՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ
47 Դեռ անիկա կը խօսէր, երբ Յուդա, տասներկուքէն մէկը, եկաւ եւ իրեն հետ մեծ բազմութիւն՝ սուրերով ու բիրերով, քահանայապետներէն եւ ժողովուրդին ծերերէն։ 48 Զանիկա մատնողը անոնց նշան մը տուեր էր՝ ըսելով. «Ով որ ես համբուրեմ, ա՛ն է, բռնեցէք զանիկա»։ 49 Եւ շուտ մը Յիսուսին մօտենալով՝ ըսաւ. «Ողջոյն քեզ, վա՛րդապետ», ու համբուրեց զանիկա։ 50 Յիսուս ըսաւ անոր. «Ընկե՛ր, ինչո՞ւ համար եկար դուն»։ Այն ատեն մօտեցան, ձեռք զարկին Յիսուսին ու բռնեցին զանիկա։ 51 Յիսուսին հետ եղողներէն մէկը ձեռքը երկնցուց եւ իր սուրը հանելով՝ զարկաւ քահանայապետին ծառային եւ անոր ականջը մէկդի հանեց։ 52 Այն ատեն Յիսուս ըսաւ անոր. «Սուրդ տե՛ղը դարձուր, վասն զի բոլոր սուր առնողները՝ սուրով պիտի կորսուին։ 53 Կը կարծես թէ չե՞մ կրնար հիմա իմ Հօրս աղաչել, որ ինծի հասցնէ տասներկու գունդէն աւելի հրեշտակներ։ 54 Բայց ի՞նչպէս պիտի կատարուին գրուածները, թէ պէտք է այսպէս ըլլայ»։
55 Այն ատեն Յիսուս ըսաւ այն բազմութեանը. «Իբր թէ աւազակի՞ վրայ ելաք սուրերով ու բիրերով զիս բռնելու։ Ամէն օր տաճարին մէջ ձեզի հետ կը նստէի ու կը սորվեցնէի եւ զիս չբռնեցիք։ 56 Բայց այս ամէն բաները եղան, որպէս զի կատարուին մարգարէներուն գրքերը»։ Այն ատեն բոլոր աշակերտները թողուցին զանիկա ու փախան։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մի հետաքրքրական հարցով սկսենք այսօր մեր եթերը: Ի՞նչ է պահանջում մեզնից մեր Տէր Աստվածը. միայն այն, որ երկնչենք մեր Տէր Աստծուց, ընթանանք նրա ցույց տված ճանապարհներով, սիրենք ու պաշտենք մեր Տէր Աստծուն մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ էութեամբ, պահենք Տէր Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որպէսզի մեզ համար լավ լինի:
Ի՞նչ ենք անում մենք: Անտեսում ենք Աստծու այս հրավերը և խոստումը, պայքարում ենք բոլոր ժամանակների իշխանությունների դեմ, պահանջում ենք, որ նրանք այնպես անեն, որ մեզ համար լավ լինի:
Մեզ համար լավ չի լինում, քանի որ իշխանությունն էլ է անտեսել Աստծու խոսքը մեզ պես: Արդյունքում ժամանակը վատնում ենք դատարկ պայքարների վրա, իսկ պայքարող հոգին խաղաղ չէ, գոռացող մարդը ուրախ չէ, ինքն իրեն չուղղած մարդը պահանջատեր չի կարող լինել: Այսպես ապրում ենք մի ողջ կյանք, որը Աստված պարգևել է լրիվ այլ նպատակով: Ո՞վ պետք է մտահոգվի այս հարցի շուրջ, եթե ոչ ամեն մարդ՝ իրեն շտկելով:
Բոլոր վեճերի ու կռիվների պատճառով ցամաքում է սերը և շատանում է անօրենությունները: Անօրենները իրենց արարքով առավել են արագացնում Տիրոջ Գալստյան օրը, առանց զգալու վտանգը: Բացի նրանից, որ վեճերի պատճառով պակասում է սերը և ավելանում է անօրենությունները, այս բաբելոնյան իրավիճակում հարված է ստանում քրիստոնեության տարածումը, քրիստոնեական կյանքը և Աստծու ամենօրյա պատգամը: Սրանից ավելի մեծ աղետ չէր կարող պատահել մեզ, եթե մենք չլինեինք դրա հեղինակը:
Սիրելիներ, դուք, որ ամեն օր լսում եք ավետարանի պատգամները, հետևաբար համեմատական տարեք այսօրվա հայաստանյան իրադարձությունների խառնաշփոթի հետ: Ամեն օրը պայթյունավտանգ է, ամեն օրը լի է անցանկալի մեղքերով և հետևանքներով, ամեն օրը չի ունենում իր տրամաբանական ավարտը: Հիասթափությունն ու հուսահատությունը պատել է ժողովրդին, այդ մասին անհանգստացող չկա:
Ժողովրդի մի մասը կուռքի պես պաշտում է ներկա իշխանությանը, մյուս մասը թշնամու պես ատում է նախորդ իշխանությանը: Մի՞թե Հայրենիքի փրկությունը այս ձևով կարող է տեղի ունենալ: Միթե Փրկչից բացի որևէ մեկը կարող է փրկությամբ զբաղվել: Հիսուս Քրիստոս Իր կյանքով ապահովեց մարդկանց փրկությունը, մարդիկ մարդկանցից են ակնկալում փրկությունը: Այսպես անցնում են օրեր, ամիսներ, տարիներ և մենք մնում ենք նույն մակարդակի վրա, որովհետև ոչ ոք չի հիշում, որ Տէր Հիսուս ասաց, առանց ինձ ոչի՛նչ անել չե՛ք կարող:Սիրելիներ, դուք էլ զուգահեռներ տարեք Ավետարանի և մեր կյանքի միջև, որպեսզի ձեր անելիքը պարզ լինի ձեզ:
Իսկ հիմա տեսնենք, թե այսօրվա Ավետարանի պատգամը ինչո՞վ է առնչվում մեր կյանքի հետ: Երեկվա սերտողությունը ավարտվեց այնտեղ, որ Տէր Հիսուս երեք անգամ աղոթքի կանգնեց, խնդրեց Հոր կամքը, և երեք անգամ էլ աշակերտներին քնած գտնելով, զգուշացրեց նրանց, որ ահա մոտենում է մատնիչը և պետք է հեռանալ այդտեղից: Մինչ Նա այդ մասին էր խոսում, հսկա ամբոխը զինված մահակներով և սրերով, Հուդայի գլխավորությամբ մոտեցան Հիսուսին և աշակերտներին: Ըստ նախնական պայմանավորվածության նախ՝ Հուդան մոտեցավ Հիսուսին, որպեսզի նրանց համար հեշտ լինի շուտ գտնել և ձեռբակալել:
Հուդան գիտեր այդ տեղը, որտեղ հավաքված էին Հիսուս Իր աշակերտների հետ: Քանի որ հաճախ էին հավաքվում այդ տեղում աղոթքի և ուսուցման համար:
Հուդան մոտեցավ, ողջունեց և համբուրեց Վարդապետին՝ ի նշան մատնության: Իսկ վարդապետը, որը կանխավ գիտեր ամեն բան և սպասում էր այդ ժամին, նույնիսկ այդ պահին հնարավորություն տվեց Հուդային՝ զղջալու, ասելով,- Ընկեր, սրա՞ համար դու եկար: Իսկ Հովհաննես Ավետարանիչը, որը նույնպես ներկա էր այս դեպքի ժամանակ, իր Ավետարանում գրել է, որ Տէր Հիսուս ասաց, - Հուդա, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն: Այստեղ Տէր Հիսուս բացահայտ ասում է Հուդային, որ համբույրդ մատնությա՛ն համար է, ո՛չ թե հարգանք՝ վարդապետի հանդեպ: Խաչելության նախաշեմին Քրիստոս Հուդային ընկեր է անվանում: Դա ևս Հուդային չի արթնացնում իր մոլորությունից: Հուդան ևս քնած էր իր մոլորության մեջ: Կարո՞ղ էր Հիսուս Հուդային հանդիմանել մատնության համար, կամ ստիպել որ չանի: Իհա՛րկե կարող էր: Սակայն Աստված հարգում է նույնիսկ մատնությունը նախընտրած մարդու իրավունքը, քանի որ Ինքն է ազատ ստեղծել մարդուն այդ հենց ազատ ընտրության նպատակով:
Սիրելիներ այս նրբությունը շատ հաճախ ճիշտ չի ընկալվում նույնիսկ հավատացյալ մարդկանց շրջանում, քանի որ հազարավոր հարցեր են հնչում այս ուղղությամբ: Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այս կամ այն բանը պատահի: Հուդայի պարագայում ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ Հուդան մատնի: Քրիստոս նախապես Հուդայի արծաթասիրությունը իմանալով, ընտրեց Հուդային իր աշակերտների մեջ, որպեսզի այդ ընտանիքում Հուդան տեսնի իր մոլությունը և դարձի գա: Տէրը Հուդային հատուկ չէր ընտրել որ Իրեն մատնի: Հետևաբար այս օրինակից հստակ կարելի է սովորել Աստծու գործելաոճը և գնահատել Աստծու պարգև ազատությունն ու շտկվելու հնարավորությունը, ո՛չ թե ընդվզել դրա դեմ:
Մարդը հարցնում է, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ աշխարհում այսքան անօրենություններ լինեն:
Մի՞թե Աստված է թույլ տալիս, որ մարդը շարունակ հարբելով վնասում է իր երկամները և դրանից մահանում է: Մյուսը շարունակ շնանում է և մի օր այդ պատճառով իր ընտանիքը քանդվում է: Երրորդը որկրամոլության պատճառով տարատեսակ հիվանդություններ է ձեռք բերում և տառապում է դրանից: Ինչո՞ւ այս դեպքերում այս մարդիկ չեն ասում,- ո՞ւր է Աստված, ինչո՞ւ չի արգելում ինձ...Նույնը Հուդայի պարագան է և առհասարակ աշխարհում տեղի ունեցող ամեն անօրենության: Մի՞թե այսօր Աստված չի հարգում մեր ժողովրդի ազատ կամքը, մինչև որ ինքնուրույն որոշում կայացնի, թե ո՞ւմ է ծառայում՝ Աստծուն, թե՞ սատանային: Այսօր մեր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին մասնակցող յուրաքանչյուր մարդ իրեն հարց տալի՞ս է,- Միթե ես եմ Տէր: Իսկ մեր Տէրը մատնվում է ամեն օր…
Զղջում չառաջացավ Հուդայի մոտ, նույնիսկ Քրիստոսի հարցից հետո: Զղջում չի առաջանում նաև մեր ազգի յուրաքանչյուր քաղաքացու մոտ՝ այս մեծ հնարավորությունից հետո: Որևէ նշանակություն չունի, թե մարդը ո՞ր թևի մեջ է, իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր: Միևնույն է զղջում չկա:
Քահանայապետները և փարիսեցիները մեծ բազմությամբ էին եկել Հիսուսի վրա՝ գիշերով, զինված սրերով: Քրիստոս նույնիսկ հարգեց նաև այս ամբոխի ընտրությունը՝ նրանց նույնպես տալով հնարավորություն զղջալու համար, և հիշեցրեց, որ Ինքը շաբաթ օրերը տաճարում ուսուցանում էր, միթե չէին տեսնում Իրեն; Հիմա տեսնո՞ւմ եք, որ ոչ ոք չի օգտվում իրեն տրված հնարավորությունից՝ հոգևոր կուրության պատճառով:
Երբ աշակերտներից մեկը սրով հարվածեց, և կտրեց քահանայապետի ծառայի ականջը, այդ պահին Հիսուս ձեռքը դրեց և բուժեց նրա ականջը, ևս մեկ անգամ փաստելու համար, որ այսպիսի հրաշք կատարողը մի՞թե չի կարող խնդրել Իր Հորը հրեշտակների մի մեծ բազմություն, որպեսզի Իրեն ազատեն ամբոխի ձեռքից: Բայց Տէր Հիսուս հնազանդվեց Հոր կամքին, որպեսզի դա՛րերը պատմեն Աստվածաշնչի ճշմարտության մասին, Աստծու խոսքի իսկության մասին: Հիսուս Քրիստոս ո՛չ թե ցույց տվեց ճշմարտության ճանապարհը, այլ ասաց,- Ե՛ս եմ ճշմարտությունը: Ճանաչե՛ք Ճշմարտությունը և կազատվեք մեղքից:
Հայր Երկնավոր, ահա՛ մենք Քո առջև ենք: Շնորհակալ ենք, որ Դու մեզ հիշեցնում ես ամեն անգամ Քո Որդու խաչելությունը՝ մեր փրկության համար: Դու տեսնում ես մեր սրտերը և միայն Քեզ է հայտնի, թե մենք այս պահին ո՞ր խմբի մեջ ենք գտնվում, ամբոխի՞, որ հարձակվեցին Քո Որդու վրա, որպես ավազակ: Աշակերտների՞ մեջ ենք, որոնք թողեցին Քո Որդուն մենակ և փախան դեպքի վայրից: Հուդայի արարքի մե՞ջ ենք, և չենք ասում, Մի՞թե ես եմ, Տէ՛ր: Թե՞ Քեզ երկրպագողների և հավատացողների մեջ ենք, որոնք հույսով և համբերությամբ սպասում են մինչև Քո նախասահմանած օրը: Քո Սուրբ Հոգին միայն կարող է արթնացնել մեր հոժար հոգին և քնած մարմինը խորը քնից: Շնորհակալ ենք Քեզ Հա՛յր Երկնավոր, Քո Որդու համար և Քո Սուրբ Հոգու համար: Տուր մեզ միայն այդ արթնությունը և այդ հիշողությունը՝ ամեն ժամ, որպեսզի կորստյան չմատնվենք Հուդայի պես՝ անհուսության պատճառով, այլ փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ՝ այսօր և հավիտյան: Ամեն.
Սիրելիներ, այս բոլորը կատարվեց, որպեսզի իրականանան Սուրբ Գրքերում գրված մարգարեությունները, որոնք գրվել են Հիսուս Քրիստոսից դարեր առաջ: Իրականացան գրեթե բոլոր մարգարեությունները: Իրականություն են դառնում Ավետարանական ճշմարտությունները մեր աչքերի առջև օրեցօր: Մեծագույն իրականություն է նաև այն փաստը, որ համայն մարդկությունը քնած է աշակերտների պես: Գուցե հոգին հոժար է, բայց մարմինը տկար է; Սատանան մեզ պահում է թմբիրի մեջ, որպեսզի վերջին օրը կորստյան մատնի մեզ: Իսկ Տէր Հիսուս հարգում է մեր ազատ իրավունքը և ընտրությունը Իր հարցում: Իսկ մենք աշակերտների պես թողել ենք մենակ և հեռացել ենք Քրիստոսից երկրավոր իմաստության պատճառով, որը մարմնավոր է և դիվային: Որովհետև հակառակությունը, վրեժխնդրությունը նախանձը, անկարգությունը ի վերուստ չէ իջած: Պետրոսին հրամայեց սուրը տեղը դնել և չգործածել նույնիսկ Իր պարագայում, որովհետև վրեժխնդրությունը ավելի մեծ վրեժխնդրություն է բերում:
Ավետարանն ասում է,- Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին փախան: Ինչո՞ւ փախան աշակերտները: Չէ՞ որ ամեն ինչ իրենց նախապես ասել էր Հիսուս Քրիստոս՝ ինչպես մատնության, այնպես էլ աշակերտների գայթակղության և նույնիսկ իրենց փախուստի մասին:
Ինչպես որ օրվա կրոնական առաջնորդներն էին ակնկալում, որ սպասվող Մեսիան պետք է գար և իրենց ազատեր հռոմեական իշխանության լծից, սակայն իրենց առջև կանգնած Վարդապետը ամենևին այդ կերպարը չէր, դրա համար որոշեցին ազատվել Նրանից: Նույն պատկերացումը ունեցան աշակերտները այդ վտանգի պահին, քանի որ Հիսուս թույլ չտվեց որևէ սուր գործածել հարձակվողների հանդեպ, այլ հակառակը՝ հրաշքով բուժեց քահանայապետի ծառա՝ Մաղքոսի կտրված ականջը: Աշակերտների վախը զուտ մարդկային տկարություն էր: Պետրոսի այդչափ ինքնավստահությունը նույնպես մարդկային տկարություն էր: Աշակերտները հետո պետք է հասկանային Պողոսի պես, որ Քրիստոսի զորությունն է, որ իրենց տկարության մեջ պետք է ամբողջանա:
Աշակերտներն էլ հավանաբար մտածեցին, որ խաչելությունը անարգ մահ է, իսկ Քրիստոս թույլ չի տալիս պաշտպանվել սրով: Հակառակը՝ Քրիստոս ասում է, - Իմ Հայրը փառավորեց ինձ դրանով:
Հուդայի քայլերի մեջ տեսնում ենք այդ երկրային և դիվային իմաստությունը, որ նախ՝ արծաթի դիմաց մատնեց, հետո գիշերով եկավ և ցույց տվեց, քանի որ նրանք գիշերով չէին տարբերելու, թե ո՞րն է Քրիստոսը և ո՞րը աշակերտը, մատնելուց հետո թեպետ զգաց իր սխալը բայց չզղջաց և կործանվեց: Սատանան չլքեց Հուդային մինչև նա իր վերջին քայլը չկատարեց:
Վտանգավոր է որոշ քրիստոնյաների այն մտածումները, որ Քրիստոս ողորմած է, և մեզ կների, ու շարունակում են ապրել իրենց մեղքերի մեջ: Այսօր քրիստոնյայից խաչելություն չի ակնկալվում, անապատական կյանք չի ակնկալվում, այլ հեռու մնալ սատանայի գայթակղություններից և մաքուր պահել սեփական անձը ամեն տեսակ պղծություններից: Սիրելիներ, ավարտեցինք նաև 26 րդ գլխի այս բաժինը: Մեր այսօրվա դասը թող լինի այն վստահությունը, որ Տեր Հիսուս գիտե մեր սրտերը Իր հանդեպ: Պետք չէ՛ ձևացնել, պետք չէ՛ թաքնվել, այլ պե՛տք ներկայանալ Տէր Հիսուսին այնպես ինչպես որ կանք:
Մնացեք սիրով՝ և այն հավատով, որ Աստվածաշնչյան ամեն գրություն կատարվել է, կատարվում է, և պիտի կատարվի: Դուք էլ ձեր լուման ունեցեք այդ բարի գործի մեջ:
Հարց. Ի՞նչ բառերով դիմեց Հուդան Հիսուսին մոտենալիս: