ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Եսայու մարգարեությունը 53.1-54.5
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 15.1-28
Ավետարան ըստ Մատթևոսի 26: 36- 46
ՅԻՍՈՒՍ ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՄԷՋ Կ՚ԱՂՕԹԷ
36 Այն ատեն Յիսուս անոնց հետ տեղ մը գնաց, որուն անունը Գեթսեմանի էր ու ըսաւ աշակերտներուն. «Հոս նստեցէք մինչեւ որ ես երթամ հոն աղօթք ընեմ»։ 37 Իրեն հետ առնելով Պետրոսը ու Զեբեդէոսի երկու որդիները, սկսաւ տրտմիլ ու վշտանալ։ 38 Այն ատեն ըսաւ անոնց. «Իմ անձս մեռնելու չափ տրտում է։ Հոս կեցէք եւ ինծի հետ արթուն մնացէք»։ 39 Ու քիչ մը առջեւ երթալով՝ իր երեսին վրայ ինկաւ եւ աղօթք ըրաւ՝ ըսելով. «Ով Հայր իմ, եթէ կարելի է, թող այս գաւաթը ինծմէ անցնի. բայց ո՛չ թէ ինչպէս ես կ՚ուզեմ, հապա ինչպէս դուն կ՚ուզես»։ 40 Երբ եկաւ աշակերտներուն, զանոնք քնացած գտաւ եւ ըսաւ Պետրոսին. «Այդպէս մէկ ժա՞մ ալ չկրցաք ինծի հետ արթուն կենալ։ 41 Արթուն կեցէք եւ աղօթք ըրէք, որպէս զի փորձութեան մէջ չմտնէք։ Հոգին յօժար է, բայց մարմինը տկար»։ 42 Դարձեալ երկրորդ անգամ գնաց աղօթք ըրաւ՝ ըսելով. «Ով Հայր իմ, եթէ անկարելի է որ այս գաւաթը ինծմէ անցնի առանց անկէ խմելու՝ թող քու կամքդ ըլլայ»։ 43 Եւ եկաւ զանոնք նորէն քնացած գտաւ, վասն զի աչքերնին ծանրացած էր։ 44 Թողուց զանոնք ու նորէն գնաց՝ երրորդ անգամ աղօթք ըրաւ՝ նոյն խօսքը ըսելով։ 45 Այն ատեն եկաւ իր աշակերտներուն ու ըսաւ անոնց. «Ասկէ յետոյ քնացէք ու հանգչեցէք. ահա ժամը հասաւ եւ Որդին մարդոյ մեղաւորներուն ձեռքը պիտի մատնուի։ 46 Ելէք ասկէ երթանք. ահա մօտեցաւ անիկա որ զիս պիտի մատնէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր ծայրերում: Մեր բնակավայրերը տարբեր են, սակայն մեր Հայրենիքը, լեզուն և քրիստոնեական դավանությունը նույն են: Նույնն է նաև մեր նպատակը՝ միասնություն և համախմբում Քրիստոսի Եկեղեցու ներսում՝ որպես Տապան Փրկության:
Մենք քրիստոնյաներս այսօր չենք կարողանում աշխարհի ուշադրությունը գրավել Քրիստոսի խոսքի վրա, քանի որ ինքներս չունենք այդ կյանքը: Աշակերտները միաբերան խոստացան, որ չեն լքի Քրիստոսին երբեք, սակայն քահանայապետի բակում Քրիստոս մենակ մնաց Իրեն հանդիմանողների և ծաղրողների առջև: Քրիստոս մեզ այսօր էլ է ասում,- ամենքդ գայթակղվելու եք Իմ պատճառով, արթո՛ւն կացեք;
Մի՞թե մենք այսօր չունենք գայթակղության առիթներ; Ունե՛ք և չափազանց շա՛տ:
Մատթևոս ավետարանիչը պատմում է մեզ, որ այդ բոլոր տխուր իրադարձություններից հետո Տէր Հիսուս Իր աշակերտների հետ եկավ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, և (որը պահպանված է մինչ օրս և նշանավոր է իր ձիթենու երկարամյա ծառերով), և աշակերտներին պատվիրեց մնալ այդտեղ մինչև Ինքը աղոթքի կանգնի: Նրա հետ էին դարձյալ նույն աշակերտները՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, որոնք Իր հետ էին նաև Պայծառակերպության օրը: Ավետարանն ասում է Հիսուս սկսեց տրտմել և տագնապել:
Ինչպե՞ս կարող է Աստված տագնապել: Ի՞նչ էր Նրա տրտմելու պատճառը: Ավետարաններում շատ մտքեր կան որոնք մեզ համար հասկանալի չեն, բայց երբեմն պարզ ու մաքուր սիրտը կարող է ընկալել այնպիսի խորը միտք, որը միայն Սուրբ Հոգին կարող է լուսաբանել նրա համար: Մենք Ավետարան կարդալիս հաճախ պետք է խնդրենք, որ Սուրբ Հոգին մեզ ուղեկցի դժվար դռներով մտնելիս և խոնարհաբար բավարարվենք նրանով, ինչը որ տրվում է մեզ հասկանալու համար:
Տրտմում է և տագնապում է մեր Տէր Աստվածը, բավական չէ, աշակերտներին ասում է,- Հոգիս տխուր է մահու չափ, մնացեք այստեղ և Ինձ հետ հսկեցեք: Իսկ ինքը քիչ առաջ գնալով, ընկավ երեսի վրա և աղոթել սկսեց; Ուշադրություն դարձրեք, սիրելիներ, Տէր Հիսուս առանձնանում էր աշակերտներից աղոթքի համար, ի՞նչ էր պատճառը, որ նրանց ասում է, այստեղ մնացեք և ինձ հետ հսկեցեք; Կարող ենք այստեղ մտածել, որ Տէր Հիսուս ավելի շատ աշակերտների համար էր անհանգիստ, քանի Իր անձի: Ուզում էր նրանց մեջ խղճմտանք արթնացնել, կրկին զգուշացնել վտանգի մասին, հաճելի ընթրիքից հետ: Մոտեցել էր ժամը մատնության և Հիսուս կամենում էր որ աշակերտները արթուն մնան: Երբեք չբռնացավ նրանց կամքի վրա, այլ զգուշացրեց՝ աղոթքի գնալուց առաջ: Ի՞նչ է նշանակում այս բառերը,- Հոգիս տխուր է մահու չափ:
Մենք երեկվա սերտողության մեջ էլ նշեցինք, որ այս մահը բնական մահ չէ, այդ պատճառով Հիսուս արտասանում է այս խոսքերը: Իսկ աղոթքի մեջ ասում է,- Հայր, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի: Բայց ո՛չ ինչպես Ես եմ կամենում, այլ՝ ինչպես դու: Նա անչափ մտահոգ էր աշակերտների համար:
Սիրելիներ, այս խոսքերը եթե մենք հոգով չհասկանանք, բանականությունը անզոր է հասկանալու: Եթե մենք հավատքով չհասկանանք այս խոսքերը մեր կյանքի մեջ ոչ մի դեր չեն խաղա: Որևէ ծանր փորձության մեջ մեզ ուժ չեն տա, եթե այս խոսքերը մեր սրտի մեջ չեն; Մենք շատ ենք կարդացել, որ Տէր Հիսուս ասում է,- Ես և Հայրը մի ենք: Իսկ ինչո՞ւ է այստեղ իրենց կամքը տարբեր: Որովհետև ասում է, թող Քո կամքը լինի, ո՛չ թե Իմ: Ուրեմն Տէր Հիսուս չէր կամենում մահանալ, քանի որ ասում է, թող այս բաժակը ինձնից հեռու անցնի: Հայր Աստված Որդի Աստվածը չէ, այլ Հայրը Հայր է, Որդին՝ Որդի: Հայրը Աստված է, և Որդին Աստված է: Այստեղ է, որ մենք մեր մտքով չենք կարող հասկանալ շատ բաներ Սուրբ Երրորդության մասին, և այստեղ է որ պետք է խոնարհաբար ասենք, այո, Տէ՛ր Աստված, գուցե չենք հասկանում, բայց հավատում ենք, քանի որ Դո՛ւ ասացիր այդպես: Ուրեմն այնպես է, ինչպես Դո՛ւ ասացիր: Հավատում ենք, քանի որ Դու երջանկություն բերեցիր մեր կյանքի մեջ և մենք դա տեսնում ենք, թեպետ չենք հասկանում ինչպես եղավ:
Որդի Աստված խնդրում է Հայր Աստծուն, որ հեռու տանի Իրենից այդ բաժակը, բայց խոնարհաբար ասում է, թող Քո կամքը լինի:
Վստահ եմ, որ այս պահի նկարագրությունը ծանր է բոլորիս համար՝ երբ կարդում ենք Ավետարանը, երբ Դիտում ենք ֆիլմը, և երբ Ավագ Հինգշաբթի օրը եկեղեցում ապրում ենք այս բոլորը՝ ընթերցվածքների ժամանակ: Նորից եմ կրկնում, որ այս բոլորը հոգով պետք է ընկալել, ուրիշ եղանակ չկա:: Տեսնենք, թե ի՞նչ պատահում հետո:
Այս խնդրանքից հետո Հիսուս վերադառնում է, և աշակերտներին քնած է գտնում, և Պետրոսին ասում է.- Չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Սա այն Պետրոսն էր, որ որ քիչ առաջ ասում էր, եթե Քեզ համար մեռնել պետք լինի, Քեզ չեմ ուրանա: Մենք Պետրոսին չենք մեղադրում, այլ զուգահեռներ ենք անցկացնում, որպեսզի հասկանալի դառնա երևույթը: Մեկ ժամ անկարելի՞ էր հսկել միթե:
Նորից է պատվիրում աշակերտներին, որպեսզի արթուն մնան, և աղոթք անեն, որպեսզի փորձության մեջ չընկնեն: Քանի որ հոգին արթուն է, և հոժար է աղոթելու, իսկ մարմինը տկար է և ծույլ՝ հոգուն ենթարկվելու համար: Այո, Տէր Հիսուս իմանալով մոտալուտ վտանգը, մտահոգ էր աշակերտների փորձության համար:
Երկրորդ անգամ գնաց աղոթելու և դարձյալ նույն բառերը ասաց աղոթքի մեջ, թե,- Հա՛յր, Իմ, եթե կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. Թո՛ղ Քո կամքը լինի:
Գալով նորից աշակերտներին քնած գտավ, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին,- ասում է Ավետարանը:
Ի՞նչ զգաց, Տէր Հիսուս, երբ աշակերտներին քնած գտավ. Նույնը զգում է այսօր քնած մարդկության պատճառով; Նույնը անում ենք մենք, ինչ արեցին աշակերտները: Աստծու անունը մեր շուրթերին է, սակայն Ավետարան կարդալիս քնում ենք, աղոթքի ժամին հորանջում ենք, Պատարագի կանգնելիս ձանձրանում ենք: Հետևաբար լավ է, որ մենք լուռ մնանք Աստծու առջև և աշակերտների պես չխոստանանք, որ երբեք չենք լքի, կամ երբեր չենք ուրանա: Բացի նրանից, որ մեր գործերը Աստծու Ամենատես աչքի առջև են, մենք ինքներս գիտենք, թե ինչքան ենք մեզ արդարացնում, այս կամ այն մեղքը գործելիս: Մենք էլ արթուն չենք, չենք աղոթում, մեր աչքերից բացի մեր ձեռքերն ու ոտքերն էլ են ծանրացած Աստծու գործի մեջ, բայց միևնույն է մեզ արդարացնում ենք մեր արարքների մեջ: Մենք գիտենք, որ վատ է մեզ համար, բայց չենք վստահում Նրան, որը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը: Մենք էլ մեկ ժամ չենք մնում արթուն: Որովհետև մոռանում ենք Ավետարանի խոսքը, թե՝ քչի մեջ հավատարիմ չեղաք, շատը ո՞վ կտա ձեզ:
Տէր Հիսուս գալիս է երրորդ անգամ, նույն աղոթքից հետո և նրանց ասում է,- Ննջեցեք այսուհետև, ու հանգստացեք, քանի որ ահա ժամը հասել է, և մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում: Վեր կացեք գնանք այստեղից, որովհետև ահա հասավ նա, ով Ինձ մատնելու էր..
Հա՛րց բոլորիս: Իսկ ի՞նչ էր այս աշակերտների արածը, եթե ո՛չ մատնություն: Իսկ ի՞նչ է այսօրվա ժամանակակից մարդու արածը՝ եթե ո՛չ մատնություն Հիսուս Քրիստոսին: Եթե այդ պահին Հիսուս աշակերտներին ասեր, որ դուք ոչնչով տարբեր չեք նրանից, որը ինձ մատնելու է, բացարձակ ճշմարտություն կլիներ: Կամ նույն խոսքը մեզ ասեր այսօր, մի՞թե կսխալվեր: Ո՞չ իհարկե: Բայց Աստված չի շտապում մարդու փրկության հարցում, այլ հանդարտ է գործում: Իսկ սատանան շտապում է կործանման ծրագիրը իրականացնելիս, քանի որ գիտե, որ իր իշխանությունը և ժամանակը սահմանափակ են:
Սիրելիներ, հիմա մի փոքր վերլուծություն անենք ընդհանուր կատարվածի վերաբերյալ: Ես ձեզ համար այս վերջի գլուխներից, որ շատ հարուստ են կարևոր իրադարձություններով, միտումնավոր փոքր հատվածներով եմ պատրաստում սերտողությունը, որպեսզի և հասկանաք իմաստը և մտապահեք և փոխանցեք այլոց:
Մենք տեսանք, որ Իր ծառայության ընթացքում Տէր Հիսուս բազմիցս տեղեկացրեց աշակերտներին, որ Իրեն սպասվում է չարչարանք և մահ: Մենք նաև հիշում ենք, որ Պետրոսին սատանա անվանեց հենց այն բանի պատճառով, որ Պետրոսը բացառում էր այդ չարչարանքն ու մահը:
Այստեղ աղոթում էր Հիսուս Քրիստոս Գեթսեմանիի պարտեզի մեջ, և Ղուկաս ավետարանիչը նկարագրում է, որ Նրա աղոթքի ժամանակ քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ շիթ գետին թափվելով; Ըստ ավետարանական նկարագրության սա Իր վերջին աղոթքն էր: Ինչո՞ւ էր այսպես աղոթում Տէր Հիսուս: Ինչո՞ւ էր հոգին տխուր մահու չափ;
Մենք Աստվածաշնչի մեկնաբանների մոտ շատ ենք կարդում համեմատություններ՝ Տէր Հիսուսի և Մովսեսի մեջ: Այս աղոթքի վերաբերյալ մեկնաբանության մեջ մի հետաքրքիր պատմություն կա Մովսեսի կյանքից: Գիտե՛ք, որ Հնգամատյանը գրել է Մովսեսը՝ մինչև մահանալը: Վերջին Գրքում, որ Երկրորդ Օրենքն է, Մովսեսը գիրքն ավարտում է իր մահվան մասին գրելով, դեռ կենդանի եղած ժամանակ: Գրված է, որ Մովսեսը այդ տողերը գրելուց հետո լաց եղավ արցունքներով, և նրա արցունքները խառնվեցին նրա թանաքին, քանի որ գրել էր,- Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց Տիրոջ խոսքի համաձայն, նրան թաղեցին, և մինչ օրս ո՛չ ոք չգիտե նրա գերեզմանի տեղը: Այս տողերը գրելուց որոշ ժամանակ հետո Մովսեսը մահացել է:
Հիմա հարց է առաջանում, ինչո՞ւ լացեց Մովսեսը, մի՞թե Աստծու հետ խոսող այդ զորեղ մարդը կարող էր խուսափել, կամ վախենալ մահից: Ո՛չ անշուշտ: Մովսեսը լացում էր, ո՛չ թե իր մահվան համար, այլ այն բանի համար, որ իր ժողովուրդը չէր մտնելու խոստացված երկիր և չէր կարողանալու պահել իր ուսուցումը, ինչը որ ինք սովորեցրել էր նրանց քառասուն տարի շարունակ:
Հիմա մենք երկրորդ հարցը կարող են տալ: Ինչո՞ւ էր այդպես աղոթում Հիսուս Քրիստոս, խնդրելով աշակերտներին՝ արթուն մնալ: Այստեղ կարելի է զուգահեռեր տանել Մովսեսի մտահոգության և Տէր Հիսուսի մտահոգության միջև: Տէր Հիսուս էլ մտահոգ էր, որ Իր ուսուցումը չի հասնի մարդկությանը՝ արթուն չլինելու պատճառով, ինչի ականատեսն ենք մենք այսօր:
Ամփոփենք այսօրվա ծանր թեման և վերցնենք մեր դասը՝ Հուդայի բաց թողած հնարավորությունից: Հուդայի առջև միշտ բաց էր բարեկամության դուռը: Միշտ պարզած էր Բարերար Աստծու ձեռքը: Սակայն Հուդան ինքնակամ հրաժարվեց այդ բարիքներից: Հիսուս Քրիստոս հարգեց Հուդայի որոշումը և ասաց, - գնա՛ և արա՛ ինչ որ անելու ես: Մեզ էլ է այսօր պարզած այդ փրկարար ձեռքը: Մեզ էլ պատվիրած արթուն մնալ:
Մենք էլ ունենք Հայր Մեր աղոթքը, որտեղ խնդրում ենք. որ Հոր կամքը լինի, իսկ ուշանալու դեպքում մեր կամքով ենք գործում, քանի որ չե՛նք հիշում որ Տէր Հիսուս աղոթքի մեջ խնդրեց, որ Հոր կամքը լինի, ո՛չ թե Իրենը, և հնազանդվեց: Այո՛, մենք էլ եթե մեկ ժամ մեր Տիրոջ խոսքից հեռու ապրենք, փորձիչը մեզ էլ հանգիստ չի տա: Երբ մենք արթուն չենք և չենք հսկում մեր Տիրոջ հետ, մեր Տիրոջ Հոգին մահու չափ տխուր է...
Մնացեք սիրով՝ մնացե՛ք արթուն ո՛չ թե մեկ ժամ, այլ մե՛կ կյանք՝ հանուն Հիսուս Քրիստոսի:
Հարց. Ի՞նչ խնդրեց Տէր Հիսուս Հայր Աստծուն;