ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ելք 4.1-21
Հովելի մարգարեությունը 3.9-22
Ավետարան ըստ Մատթևոսի 26:26-35
ՏԷՐՈՋԸ ԸՆԹՐԻՔԸ
26 Մինչ անոնք կ՚ուտէին, Յիսուս հացը առաւ, օրհնեց ու կտրեց եւ տուաւ աշակերտներուն ու ըսաւ. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինս»։ 27 Եւ գաւաթը առաւ, գոհացաւ ու տուաւ անոնց ու ըսաւ. 28 «Ամէնքդ ալ խմեցէ՛ք ասկէ. վասն զի ասիկա է իմ արիւնս նոր ուխտի, որ պիտի թափուի՝ շատերու մեղքերուն թողութեան համար։ 29 Բայց կ՚ըսեմ ձեզի, ‘Ասկէ յետոյ որթին բերքէն բնաւ պիտի չխմեմ, մինչեւ այն օրը՝ երբ ձեզի հետ նոր գինին խմեմ իմ Հօրս թագաւորութեանը մէջ’»։
30 Օրհնութիւն մը երգելէ յետոյ Ձիթենեաց լեռը ելան։ 31 Այն ատեն Յիսուս ըսաւ անոնց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ վրայովս պիտի գայթակղիք. վասն զի գրուած է թէ ‘Հովիւը պիտի զարնեմ ու հօտին ոչխարները պիտի ցրուին’։ 32 Բայց յարութիւն առնելէս յետոյ ձեզմէ առաջ Գալիլիա պիտի երթամ»։ 33Պատասխան տուաւ Պետրոս ու ըսաւ անոր. «Թէպէտ ամէնքն ալ քու վրայովդ գայթակղին, ես բնա՛ւ պիտի չգայթակղիմ»։ 34 Յիսուս ըսաւ անոր. «Ճշմարիտ կ՚ըսեմ քեզի, Այս գիշեր դեռ հաւը չխօսած՝ երեք անգամ զիս պիտի ուրանաս»։ 35 Պետրոս ըսաւ անոր. «Թէեւ քեզի հետ մեռնելու ալ ըլլամ, բնաւ քեզ պիտի չուրանամ»։ Այսպէս կ՚ըսէին նաեւ բոլոր աշակերտները։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստվածադիր ամեն օր, երբ լույսը բացվում է, համոզվում ենք, որ բոլոր գործերում մեր առջև միշտ կա երկու ճանապարհ, երկու տարբերակ, երկու պատասխան, երկու ընտրություն և այլն: Երբ ընտրում ենք այդ տարբերակներից աստվածայինը, կարողանում ենք դուրս գալ ցանկացած իրավիճակից, իսկ երբ ընտրում ենք մեր կամքը գործադրելու տարբերակը, խնդիրները սկսվում են այստեղից: Սա մեր կյանքի ընթացքն է, սակայն կա կյանքի ավարտ, որտեղ նույնպես պետք է լսենք երկու պատասխան մեր Տիրոջից: Կամ՝ եկե՛ք Իմ Հոր Օրհնեալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, կամ՝ հեռացե՛ք ինձնից անիծյալնե՛ր, հավիտենական կրակը, որը պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար: Որևէ գործ նախաձեռնելիս, տեսեք, որ երկու ելք ունեք այդտեղից դուրս գալու: Ճիշտ ընտրության համար հարկավոր է նայել երկուսի արդյունքին, հետո ընտրել բարի արդյունքովը: Այսինքն մեկ այլ օրինակով կարող ենք ավելի լավ պատկերացնել: Աշխարհի սկզբից Աստված պատվիրեց Նոյին, որ Տապան կառուցի, բայց մարդիկ ցանկացան Բաբելոնի աշտարակ կառուցել: Մարդկանց ընտրությունը երկուսն էր շինության հարցում, կամ տապան կառուցել, մեջը մտնել, և փրկվել: Կամ աշտարակ կառուցել և կործանվել: Այս միտքը ևս գործածեք ձեր որոշումների մեջ որպես կողմնորոշում: Աստված ոչինչ չի որոշում մեր փոխարեն, միայն ցույց է տալիս կյանքի և մահվան ճանապարհները: Մերն է ընտրելու ազատ իրավունքը, որը նույնպես պարգև է Աստծուց.:
Ի՞նչ է ասում մեզ այսօրվա Ավետարանի պատգամը: Մտքով և սրտով տեղափոխվենք աշակերտների և Տէր Հիսուսի մոտ՝ Վերնատուն, որտեղ տագնապի մեջ են աշակերտները, մատնության մասին լսելուց հետո: Սեղանի շուրջ նստած են դեռ, երբ Հիսուս հաց վերցրեց և Իր սովորության համաձայն օրհնեց և տվեց աշակերտներին, և ասաց,- Առե՛ք կերե՛ք, այս է իմ մարմինը: Այնուհետև բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց, և տվեց նրանց և ասաց, Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: Պատկերացրեք աշակերտների սիրած տոնն է, սեղանի շուրջ են, և մեկը մյուսի հետևից լսում են զարմանալի և անհասկանալի մտքեր: Նախ մատնության անորոշությունը, ապա հացի բեկումը: Այսպիսի մտքեր աշակերտները չէին լսել երբեք: Հացի բազմացումը տեսել էին երկու անգամ, ջուրը գինի դարձնելու հրաշքը տեսել էին Կանայի հարսանիքում: Սակայն որ հացը Քրիստոսի մարմինն է, և գինին Նրա արյունը, առաջին անգամ էին լսում: Այս ինչ նոր ուխտ էր որ հաստատում էր Տէր Հիսուս աշակերտների հետ: Աշակերտների ծանոթ էր ուխտը՝ Նոյի հետ, Աբրահամի հետ, Մովսեսի հետ, սակայն այս ուխտը հասկանալի չէր նրանց համար: Հատկապես, որ Վարդապետը հիշատակեց, որ այլևս չի խմելու որթատունկի բերքից, մինչև բոլորը միասին կխմեն Իր Հոր արքայության մեջ: Ո՛չ ոք հարց չի տալիս: Քանի որ սարսափած են անորոշ վիճակից և հարց էլ չունեն տալու՝ չհասկանալու պատճառով; Հավանաբար, որպեսզի աշակերտներին հանի այդ մղձավանջային վիճակից Տէր Հիսուս առաջարկում է սաղմոս երգել, բոլորը միասին օրհներգում են և Ձիթենյաց լեռն են բարձրանում; Ավանդությունն ասում է, որ Հիսուս աշակերտների հետ սիրում էր սաղմոսներ երգել:
Նոր էին աշակերտները ուշքի եկել այդ վիճակից, եր Հիսուս նրանց հայտնեց ևս մեկ սարսափելի լուր այն մասին, որ ա՛յդ գիշեր բոլոր աշակերտները Վարդապետի պատճառով գայթակղվելու են, դարձյալ հղում է անում գրվածքները, որտեղ գրված է, Հովվին պիտի հարվածեմ և հոտի ոչխարները պիտի ցրվեն: Եթե ուշադրություն դարձնում եք Մատթևոս Ավետարանիչը ավելի շատ է հղում կատարում ին Կտակարանին;
Պետրոսը, որը հազիվ էր զսպում իրեն ամբողջ ժամանակ, պոռթկաց և հայտնեց իր կարծիքը ինչպես միշտ՝ առաջինը, ասելով,- թեպետ և ամենքը Քո պատճառով գայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի: Պետրոսին կարելի է հասկանալ ամենայն լրջությամբ: Սիրում էր Վարդապետին այն աստիճան, որ թողել էր ամեն բան և հավատալով հետևել էր Հիսուսին, և իր համար ծանր էր լսել այսպիսի բաներ: Նաև չի բացառվում, որ Պետրոս իր ձկնորսության տարիներին, նախքան Հիսուսին հանդիպելը փորձության մեջ ընկել է տասնյակ անգամներ, սակայն չի իմացել դրա փորձություն լինելու մասին; Իսկ այժմ որպես վեմ, որը անբաժան է Քրիստոսից, բնականաբար պետք է փորձվի սատանայից: Սատանան չի լքում աշակերտներին՝ դեռ Վերնատնից, յուրաքանչյուրին մոտենալով և ապակողմնորոշելով իրենց որոշման մեջ, ինչը տեսնում ենք:
Սիրելի Վարդապետը զգուշացնում է Պետրոսին, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս Ինձ; Իսկ Պետրոսը նույն պատրաստակամությամբ հաստատեց, որ մեռնելու կգնա, բայց չի ուրանա: Բոլոր աշակերտները հետևեցին Պետրոսի խոսքին և նույնը ասացին Վարդապետին:
Սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք Ավետարանի այս հատվածը հիմնավոր ընկալեք, քանի որ ողջ քրիստոնեության առանցքը այս հատվածն է, որը հիմք հանդիսացավ Սուրբ Պատարագի գագաթնակետը դառնալու: Այն մեր հավատի հիմքն է: Մենք հավատով է, որ մոտենում ենք Սուրբ Հաղորդության, դավանելով,, որ այն մեր Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունն է; Այո մենք տեսնում ենք, որ մեր ճաշակածը հաց և գինի է, սակայն մենք անվերապահ հավատում ենք, որ Սուրբ Հոգու ներգործությամբ հացն ու Գինին սրբագործվում և դառնում են Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Մենք աներկբա հավատում ենք դրան, ոչ թե այն բանի համար, որ մեր տկար միտքը հասկացել է, այլ՝ որովհետև դա ասել է մեր Տէրը՝ Հիսուս Քրիստոս, որը կամավոր խաչը բարձրացավ այս խոսքերը ասելու և բացատրելուց հետ; Շատ կարևոր է, որ Ավետարանի այս հատվածը, որով հիմք դրվեց Հաղորդության խորհրդի հաստատմանը, հիմնավոր թափանցի մեր սրտերի մեջ, և ամուր տեղ գտնի այնտեղ հիմնական մնալու համար: Քանի որ Քրիստոսին հավատացող ամեն քրիստոնյա մասնակցում է Պատարագի և ստանում է Սուրբ Հաղորդություն: Քրիստոնյան եթե իր սրտում անսասան հավատք չունենա իր ճաշակած Սուրբ Հաղորդության հանդեպ, նա երբեք չի հրաժարվի իր գործած մեղքերից, չի զղջա իր մեղքերի համար: Որովհետև Հիսուս Քրիստոս ասաց, որ սա Նոր ուխտի արյունն է, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար:
Մենք գիտենք որ Հին Ուխտում մարդու գործած մեղքի համար զոհաբերվում էր կենդանին; Իսկ Հիսուս Քրիստոս ոչ թե ջնջեց Հին Ուխտ, այլ հաստատեց Նոր Ուխտ՝ համայն մարդկության հետ, որ մարդու մեղքի համար պետք է զոհվի Անմեղը, Կատարյալը, ոչ թե կենդանին: Հիսուս Քրիստոս աշխարհի միակ Թագավորն է, որը իրեն զոհ մատուցեց մարդկության փրկության համար: Սովորաբար մենք կարդում ենք պատմությունը, որտեղ բոլոր թագավորները մարդկանց են զոհում, իրենց կյանքը փրկելու համար: Քրիստոսի մահը բնական մահ չէր, այլ ինքնակամ զոհաբերություն՝ հանուն մարդկության: Հետագայում շատ են եղել նահատակություններ, բայց ո՛չ ինքնակամ, այլ հանուն Հիսուս Քրիստոսի: Հետևաբար Ավետարանի այս գլխավոր իրադարձությունը մեզ պարտավորեցնում է, որ մենք ընտրություն կատարենք մեր կյանքում, թե ի՞նչ են ուզում ունենալ: Դարձյալ ընտրությունը երկուսի մեջ է՝ Աստված կամ սատանայական աշխարհ:
Եթե ամեն քրիստոնյա հաղորդվող, Սրբությանը մոտենալուց առաջ քննի իրեն և հիշի, որ Քրիստոս է ասել այս խոսքերը, թե Իմ արյունը քո մեղքի համար եմ թափել, վստահ եմ, որ ամեն օր ջանք կթափի իրեն փոխելու համար: Անկարելի է ընդունել Քրիստոսի Մարմինն ու Արյունը և մնալ նույն մեղավոր կյանքի մեջ: Ինչպես որ Պողոս առաքյալն է ասում,- «Արդարև, կենդանի Աստծո տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը»: (Բ Կորնթ 6:16)
Եթե Աստված մեր միջով է ընթանում, ուրեմն մենք մեղքի ճանապարհով չենք կարող գնալ, քանի որ Քրիստոս մեզ հետ է; Վերնատան Խորհրդավոր ընթրիքի Պատգամի մեջ ասում է,- Խմեցեք դրանից բոլորդ:
Չի ասում ովքեր ուզում են, կամ ովքեր չափահաս են, կամ երեխա են, այլ բոլորը պետք է խմեն;
Սա այն ուխտն էր, որ Տէր Հիսուս հաստատեց մարդկության հետ, որ Իր արյունով պետք է մաքրվի ամեն մեղք և ամեն մարդ իրավունք ստանա Հարություն առնելու մեռելներից՝ համընդհանուր հարության օրը:
Ինչպե՞ս մարդ արարածը կարող է մոռանալ թե ո՞ւմ է պարտական ինքը ողջ կյանքի ընթացքում: Ինչպե՞ս մարդը կարող է այս խոսքերից տեղյակ չլինել իր կյանքի ընթացքում:
Ի՞նչ ենք տեսնում մենք մեր իրականության մեջ: Մկրտվում են ոչ թե անհրաժեշտաբար, այլ ըստ ցանկության: Հաղորդվում են ոչ թե գիտակցությամբ՝ արժանապես, այլ որպես պարտականություն; Այս խորհուրդը առաքյալները հիմնավոր հասկացան, և հիմնավոր գրեցին, որպեսզի մենք էլ կարդանք ու հասկանանք, հասկանանք ու գնանք դեպի փրկություն; Այս հարցը վատ մարսված հարցերից մեկն է մեր եկեղեցում և մեր հավատացյալների շրջանում: Հատուկ օրինակներ բերելու կարիք չկա, քանի որ մեր հասարակության քրիստոնեական դիմագիծը լուռ վկան է այս խոսքերի:
Սիրելիներ, ժամանակն է դուրս գալ հարմարավետության զոնայից, որի մեջ հայտնված ենք բոլորս այն պատկերացմամբ, թե Աստված Ողորմած է, կների: Այո, Աստված Ողորմած է և ներում է այսօր: Սակայն նախորդ սերտողության մեջ, որ վերջին Դատաստանի առակն էր, Քրիստոս ասում է,- Հեռացեք Ինձնից անիծյալներ՝ հավիտենական կրակը: Ովքե՞ր են այս անիծյալները: Իսկ ինչո՞ւ այլևս Ողորմած չէ Աստված նրանց նկատմամբ: Մենք խոսեցինք այս մասին նախորդ անգամ, որ այս մարդկանց մեղքերի մասին ոչինչ չի հիշվում, Այս մարդիկ վատ բան չեն արել, ուղղակի թերացել են բարիք գործելու մեջ:
Կամ դուռը թակող կույսերին ասում է,- Չեմ ճանաչում ձեզ...Աստված Ողորմած է, սակայն թույլ չտվեց որ Բաբելոնի աշտարակը ավարտի հասնի: Աստված գթասիրտ է, սակայն Ութ հոգի հայտնվեց Փրկության Տապանի մեջ:
Ինչքա՞ն ենք մենք Պետրոսի պես վստահ ասել, որ հավատարիմ ենք Աստծուն, սակայն փորձության ժամին տանուլ ենք տվել: Ինչու: Որովհետև Ավետարանի գլխավոր պատգամները մեր սրտում չեն, այլ հիշողության մեջ: Երբեմն նույնիսկ հանում են իրենց հիշողությունից, որպեսզի Աստծու խոսքը իրենց չխանգարի ապրել այնպես, ինչպես իրենք են ուզում ազատամտորեն՝ տրվելով աշխարհի գայթակղություններին; Մոռանում ենք, որ սատանան ամեն ինչ թույլ է տալիս, և ոչինչ չի արգելում մեզ: Իսկ մեր Հայրը չի ուզում, որ մենք վնասվենք:
Ավարտենք այսօրվա դժվարամարսելի նյութը, որը մեր փրկության հիմքն է: Հույս ունենալով, որ այն տե՛ղ կգտնի մեր սրտում, ո՛չ թե ականջներում:
Մնացեք սիրով և խաղաղությամբ՝ բայց հիշեք, թե ո՞վ է տալիս ձեզ այդ սերը և ո՞վ է տալիս ձեզ այդ խաղաղությունը: Գոհացեք ամեն վայրկյան դրա համար:
Հարց. Ի՞նչի համար թափվեց Քրիստոսի Արյունը: