ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Եսայու մարգարեությունը 7.10-8.10
Ավետարան ըստ Մատթևոսի. 26:17- 25
ՅԻՍՈՒՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒՆ ՀԵՏ ԶԱՏԻԿԸ Կ՚ՈՒՏԷ
17 Բաղարջակերաց առաջին օրը աշակերտները Յիսուսին եկան, անոր ըսին. «Ո՞ւր կուզես որ քեզի պատրաստենք զատիկը՝ ուտելու համար»։ 18 Անիկա ըսաւ. «Գացէք քաղաքը այս ինչ մարդուն ու ըսէք անոր, Վարդապետը կ՚ըսէ. ‘Ժամանակս մօտ է. աշակերտներուս հետ մէկտեղ քու քովդ պիտի ընեմ զատիկը’»։ 19 Աշակերտներն ալ ըրին ինչպէս Յիսուս իրենց հրամայեց ու պատրաստեցին զատիկը։
20 Իրիկունը տասներկուքին հետ սեղան նստաւ։ 21 Երբ կ՚ուտէին, ըսաւ. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ ձեզմէ մէկը զիս պիտի մատնէ»։ 22 Շատ տրտմեցան եւ անոնցմէ ամէն մէկը սկսաւ ըսել անոր. «Տէ՛ր, միթէ ե՞ս եմ»։ 23 Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ. «Ան որ ինծի հետ իր ձեռքը պնակը խոթեց, նոյնը պիտի մատնէ զիս»։ 24 Յիրաւի Որդին մարդոյ կ՚երթայ, ինչպէս գրուած է իրեն համար. բայց վա՜յ այն մարդուն, որուն ձեռքով Որդին մարդոյ կը մատնուի։ Աղէկ էր այն մարդուն որ ծնած չըլլար»։ 25 Պատասխան տուաւ Յուդա, որ զանիկա պիտի մատնէր ու ըսաւ. «Վա՛րդապետ, միթէ ե՞ս եմ»։ Ըսաւ անոր. «Դուն ըսիր»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ աստվածասեր բարեկամներ և Քրիստոսի խոսքին անհամբեր սպասող սիրելի հավատացյալներ: Մենք այսօր խոսելու ենք բոլորիս կողմից շատ սիրված ավետարանական մի համարի մասին, որը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի տված պատգամներից՝ թերևս գլխավո՛րը, կարևո՛րը և առաջնայի՛նը: Այդ համարը պատմում է մեզ Վերջին Ընթրիքի մասին: Ամեն օր ավելի տխուր են լինելու մեր սերտողությունները պատմական իրադարձությունների պատճառով, սակայն մենք ո՛չ թե արցունքը աչքերիս պետք է նայենք Խաչյալ Քրիստոսին, այլ հույսը սրտերումս ուրախանանք, քանի որ Նա գերեզմանում չէ, այլ մեզ հետ է: Այսօր մեր ուղիղ եթերն ուզում եմ սկսել հրեական մի իմաստությամբ, որը մեզ նույնպես օգտակար կլինի մեր աղոթքների ժամանակ: Իմաստունն ասում է,- Երբ աղոթքի ես կանգնում Տիրոջ առջև, աշխատիր չտրտնջալ ամեն ինչի համար և չասել, որ ամեն ինչ վատ է քո կյանքում, որովհետև այդ ժամանակ Աստված կասի,- միթե սա՞ է վատը: Աստված քեզ ցույց կտա այնպիսի վատ, որ քո ունեցած վատը քեզ համար դրախտ կթվա: Եվ շարունակում է իմաստունը: Իսկ երբ աղոթքի կանգնես Աստծու առջև, և ասես,- փառք Քեզ Տէր Աստված, որ ամեն ինչ այսքան լավ է իմ կյանքում: Աստված կնայի քեզ վերևից, կժպտա և կասի,- Մի՞թե սա է լավը: Դու դեռ չգիտես, թե ի՞նչ է լավը: Աստված քեզ համար կանի այնպիսի լավ բան, որ քո ունեցած լավը քեզ համար դժոխք կթվա: Իսկ ինչ որ դու ստացար Աստծուց, իրական դրախտ է:
Իրոք, սիրելիներ, մենք ամեն օր պետք է գոհություն հայտնենք Աստծուն, որ մեզ դարձյալ կյանք է պարգևում, չնայած, որ մենք ո՛չ մի օրը կատարյալին չենք հասցնում, և միշտ թերի ենք կանգնում Նրա առջև՝ օրվա ավարտին: Թող Աստված օրհնի մեր այս ամենօրյա հոգևոր հանդիպումը, Տիրոջ կամքով մի օր զգանք որ մենք արդարացրել ենք Աստծո սպասումները մեզնից:
Երեկվա սերտողությունը ավարտվեց այնտեղ, որ Հուդան գնաց քահանայապետների մոտ և բավարարելով իր արծաթսիրությունը, երեսուն արծաթով համաձայնեց մատնել աշխարհի Փրկչին և հանձնել նրան Իրեն սպանողների ձեռքը: Վճիռը կայացված է: Արծաթ Դրամը վճարված է: Մատնիչը պատրաստակամ է: Սատանան ուրախ է: Քահանայապետները սպասում են հարմար պահի, իրագործելու աշխարհի թերևս ամենածանր մեղքը:
Աշակերտներից միայն Հուդան գիտե, թե ի՞նչ պայմանավորվել քահանաների հետ, իսկ մյուսները խանդավառված տոնի ուրախությունից, իրենց Վարդապետի կարծիքն են հարցնում՝ զատկական ընթրիքը պատրաստելու համար: Վարդապետը, որն արդեն գիտեր ամեն ինչ, հետաքրքիր պատասխան է տալիս, ասելով,- Գնացե՛ք քաղաք այսինչ անձի մոտ, և նրան ասացեք, վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մոտեցել է, քեզ մոտ եմ անելու զատիկը Իմ աշակերտների հետ միասին: Աշակերտները ինչպես միշտ արեցին այն, ինչ Հիսուս էր իրենց հրամայել, և պատրաստեցին զատկական ընթրիքը:
Ավետարանը մեզնից թաքցնում է այն անձի անունը, որի տանը պետք է պատրաստվեր զատկական սեղանը, սակայն աշակերտները ճանաչում էին նրան հավանաբար: Բայց աշակերտներից ո՛չ ոք չհարցրեց վարդապետին, թե այդ ի՞նչ ժամանակ է մոտեցել: Չէ՞ որ Հիսուս պատվեր տալուց ասաց, որ զգուշացնեն տանտիրոջը, որ Իր ժամանակը մոտեցել է: Հիշո՞ւմ էին աշակերտները, որ իրենց ասել էր, թե երկու օր հետո իրեն կձեռբակալեն: Հավանաբար դարձյալ ո՛չ: Որովհետև իրադարձությունների հերթականությունից հասկանալի է դառնում, որ աշակերտները միայն մարդկային տրամաբանությամբ էին մոտենում բոլոր հարցերին: Երեկոյան երբ սեղան նստեցին, աշակերտները ուտում էին, իսկ Հիսուս նրանց նորից հիշեցրեց, ասելով,- ձեզնից մեկն Ինձ մատնելու է:
Ավետարանն ասում է, նրանք խիստ տխրեցին: Արդեն քանի անգամ է, որ Հիսուս իրենց այդ լուրը հայտնում է, և նրանք խիստ տխրում են, բայց ժամանակ անց մոռանում ենք մեզ պես: Բայց գնահատելի է աշակերտների ազնվությունն այդ պահին, որ յուրաքանչյուրը սկսեց ասել,- Մի՞թե ես եմ, Տէ՛ր:
Ընթրիքի սեղանին օտար մարդ չկար ըստ նկարագրության, այլ միայն հավատարիմներն էին, և այդ հավատարիմների մեջ էր իրեն մատնողը: Սա այս իրողության ամենաողբերգական պահն է, որ իր ընտրածների մեջ կա մեկը, որը մատնիչ էր էությամբ և չփոխվեց նույնիսկ շփվելով Հիսուս Քրիստոսի հետ:: Այսինքն եթե մեր պատկերացմամբ հասկանանք և մեր օրերի օրինակը տեսնենք, ապա ամեն տեղ գայթակղության առկայությունը հասկանալի, բայց եթե գայթակղություն նկատվում է Քրիստոսի տան մեջ, դա անկարելի է հասկանալ, և ավելի ցավոտ է:
Քրիստոս ասում է, ով իր ձեռքը ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու: Նույնիսկ այդ պահին չկամեցավ Հուդայի անունը տալ, նրան ամենավերջին հնարավորությունը տալու համար, որ սթափվի իր մոլորությունից և գուցե հետ կանգնի իր արարքից: Տէր Հիսուս այստեղ մի ուշագրավ միտք է ասում, որը շատերի կողմից քննարկման թեմա է դարձել:
-Մարդու Որդին կգնա այս աշխարհից,- ասում է Քրիստոս,- ինչպես Նրա մասին գրված է, բայց վա՛յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի մարդու Որդին; Ավելի լավ կլիներ, որ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ: Այդ ժամանակ Հուդան էլ մյուսների նման ասաց,- Մի՞թե ես եմ, Վարդապետ: Տէր Հիսուս ասաց,- դու ասացիր: Մինչդեռ մյուս աշակերտներին այդպես չպատասխանեց: Եթե մյուս աշակերտների,, Մի՞թե ես եմ Վարդապետ,, խոսքը խոնարհություն և ազնվություն էր, ապա Հուդայի ասածը նենգ կեղծավորորություն էր, քանի որ արդեն նախապես պայմանավորվել էր քահանաների հետ՝ մատնության համար;
Մենք երեկ էլ անդրադարձանք այս նույն հարցին, որ շատերն ասում են, թե՝ գրված էր, որ Հիսուս պետք է խաչվեր, ուրեմն պետք է լիներ, էլ ինչու մեղադրել Հուդային: Հիմա մեր պարզ տրամաբանությամբ փորձենք հասկանալ մի խոսակցություն, որը տեղի է ունենում խիստ մտերմիկ մի միջավայրում: Ընթրիքի ժամանակ Փարիսեցի չկար, օրենսգետ չկար, ժողովուրդ չկար: Կարճ ասած տան անդամներով էին: Եթե գրված էր, ու պիտի լիներ, ուրեմն Տէր Հիսուս կասեր, մի մտահոգվեք, որովհետև այսպես է գրված և պետք է լինի գրվածը: Հիշո՞ւմ եք Հովհաննես Մկրտչին ասաց, մի՛ հակառակվիր և մկրտիր Ինձ, որովհետև այդպես է պահանջում օրենքը: Իսկ այստեղ ասում է,- վա՛յ նրան, ով կմատնի մարդու Որդուն, և ասում է լավ կլիներ, որ ծնված չլիներ: Հետևաբար արդարացված չէ Հուդայի արարքը՝ այն գրված լինելու պատճառով: մեր փրկության հարցը Հիսուս Քրիստոսի մեծ ողորմությունից է, ոչ թե Հուդայի մատնությունից: Հուդայի ազատ ընտրությամբ և արծաթսիրության պատճառով եղավ ամեն բան:Շատ խիստ խոսքեր էին, որ ասաց Վարդապետը մատնողի հասցեին:
Այս խոսքերը մեզնից յուրաքանչյուրի համար վերջին հնարավորության ահազանգ է: Վերջին պահին Քրիստոս հնարավորություն տվեց Հուդային՝ չկործանվելու մեղքի պատճառով, Հիսուսի համար Հուդան էլ էր թանկ: Նրան ընտրել էր կործանումից ազատելու համար, ո՛չ թե մատնության: Բայց Հուդան կամավոր ընտրեց պարանը՝ կախվելու համար, քան փրկությունը: Այս մտքերը կարդալիս, եթե մեզ չտեսնենք Հուդայի տեղում, ոչինչ հասկանալի չի լինի մեզ համար: Երբ մենք մոտենում ենք Սուրբ Հաղորդություն ստանալու, հիշո՞ւմ ենք այս պահը: Հարցնում ենք աշակերտների պես, թե՝ մի՞թե ես եմ Տէր:
Միթե մատնել չէ Հիսուս Քրիստոսին, երբ մոտենում ենք Իր Սուրբ Մարմնին և Արյանը, և հաջորդ օրվանից նույն կյանքով ենք ապրում, ինչով ապրել էինք: Եսայի մարգարեի բերանով Աստված ասում է մեզ՝
«Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը: Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կմնայ դրան, կպահի իմ կիրակիները ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կքաշի անիրաւութիւն անելուց»: Եսայ.56:1
Հրեաների պես մենք էլ ամեն տարի մեծ շուքով նշում ենք Հարության տոնը, ամեն կիրակի ստանում ենք Սուրբ Հաղորդություն, որ Տիրոջ Խորհրդավոր Ընթրիքի պատվերն է, ամեն օր կարդում ենք օրվա Ավետարանը, մկրտվում ենք եկեղեցու Ավազանում, պսակվում են Սուրբ Խորանի առջև, բայց մեր իրական կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չկա դեպի քրիստոնեությունը: Միթե մեր արարքը պակաս մեղք է, քան Հուդայինը: Հուդան կատարեց այն ինչ գրված էր, այսինքն հնազանդվեց սատանայի փորձությանը: Իսկ միթե մենք էլ չենք ենթարկվում սատանայի ծուղակին, որ ամեն հոգևոր խորհուրդ դարձնում ենք պարտականություն և սովորություն: Մենք գիտեն, որ սատանան թույտվություն ստացավ Աստծուց՝ Հոբին փորձելու, բայց Աստված վստահ էր Իր Հոբ Ծառայի վրա և թույլ տվեց նրան փորձելու: Սատանան չքվեց Հոբի համբերությունը տեսնելով: Իսկ մեր ազգից չի հեռանում սատանան և անհատապես բոլորին է մոտենում:
Մե՛կ իշխանության մեջ է, մե՛կ ընդդիմության մեջ է, մե՛կ ժողովրդի մեջ է, մե՛կ եկեղեցում է, և ամեն տեղ հաջողվում է:
Պողոս Առաքյալն ասում է,- հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն՝ իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծոյ՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ: Եփես.4:22
Մեկ այլ նամակում ասում է,- Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. Ա.Կրնթ.11:27
Ի՞նչ էր Բաղարջակերաց տոնը, որին սպասում էին հրեաները և շատ ուխտավորներ, որոնք այդ առիթով աշխարհի տարբեր ծայրերից եկել էին Երուսաղեմ: Պատմական փաստերն ասում են, որ այդ տոնին երկու միլիոնից ավել մարդ էր հավաքվում Երուսաղեմում, նշելու և հիշելու իրենց եգիպտոսի գերությունից ազատվելու ուրախությունը: Զատկական սեղանին դրվում էր դառը և կծու կանաչիներ, առանց թթխմոր հաց, գինի և գառնուկ: Ինչո՞ւ դառը և կծու կանաչիներ, քանի որ դրանք ուտելիս արտասվում էին, հիշելով իրենց գերությունը և տանջանքը՝ Եգիպտոսում; Որից հետո որպես ուրախություն ուտում էին բաղարջ հացը գառան հետ և խմում էին գինին: Եթե սեղանի պարունակությունը խորհրդաբար պատկերացնենք, ապա այդ դառնությունը մեր մեղքերն են, որից ազատվեցինք Աստծու Գառի մարմնով և արյամբ: Որը հետագայում դարձավ սուրբ Հաղորդության Խորհրդանիշը: Մինչև այսօր էլ հրեաները մեզ պես նույն ուրախությամբ տոնում են, և նույն բծախնդրությամբ պահում են արտաքին ձևական մանրամասները: Իրենց կյանքում էլ հոգևոր արթնության փոփոխություն չկա, ինչպես տեսնում ենք: Որովհետև ազգությունները տարբեր են, սակայն մարդու մեղանչական բնությունը նույնն է;
Աշխարհի բոլոր ազգերը պահանջում են ազատություն, բայց մերժում են իրական ազատություն պարգևողի խոսքերը: Խաղաղություն են ուզում ամենուր, սակայն չեն հետևում միակ խաղարարի խոսքերին: Որովհետև մարդկությունը գրածին այլևս չի հավատում, և ուզում է ինքը լինել իր կամքը գործադրողը: Ազատություն պահանջողը չի նկատում, որ ինքը ծառա է մոլություններին;
Սիրելիներ, աշխարհում ամեն ինչ կատարվում է Աստծու նախախնամությամբ, և մարդու ազատ ընտրությամբ: Բավական է նայել շուրջը և հասկանալի կլինի մարդու ազատ ընտրության արդյունքը և Աստծու համբերատարությունը և ողորմությունը: Բայց այս ամենը կունենա իր տրամաբանական ավարտը, որովհետև այդ մասին էլ է գրել Ավետարանը: Վերջին Ընթրիքի այս մանրամասների մասին արձանագրել են բոլոր չորս ավետարանիչները և Պողոս առաքյալը՝ կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում;
Այստեղ ավարտենք Վերջին Ընթրիքի մասին մեր խորհրդածությունները, և թող մտքում մնա այն հարցը, որ տվեցին բոլոր աշակերտները, թե՝ Մի՞թե ես եմ Տէր:
Մնացեք սիրով՝ թող երբեք որևէ գայթակղություն ձեր ձեռքով չգա, և Աստված չկամեն, որ լսեք ձեր հասցեին այդ վա՛յը:
Հարց. Ինչո՞ւ Հուդան նույն հարցը տվեց, չէ՞ որ գիտեր որ ինքն է մատնողը: