ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Թուղթ եբրայեցիներին 1.1-14
Ավետարան ըստ Մատթևոսի. 26:1-16
ԴԱՒ ՅԻՍՈՒՍԻ ԴԷՄ
1 Երբ Յիսուս լմնցուց այս բոլոր խօսքերը, ըսաւ իր աշակերտներուն. 2 «Գիտէք թէ երկու օր յետոյ զատիկ պիտի ըլլայ եւ Որդին մարդոյ պիտի մատնուի խաչը ելլելու»։
3 Նոյն ատեն քահանայապետները ու դպիրները եւ ժողովուրդին ծերերը ժողուեցան քահանայապետին սրահը, որուն անունը Կայիափա էր 4 Ու խորհեցան նենգութեամբ բռնել Յիսուսը ու մեռցնել։ 5 Բայց կ՚ըսէին թէ՝ «Ո՛չ տօնին ատենը, որպէս զի ժողովուրդին մէջ խռովութիւն չըլլայ»։
6 Երբ Յիսուս Բեթանիա էր, բորոտ Սիմոնին տունը, 7 Կին մը եկաւ անոր։ Ան ունէր ծանրագին իւղի շիշ մը։ Իւղը թափեց Յիսուսի գլխուն վրայ՝ երբ ան սեղան նստած էր։ 8 Անոր աշակերտները տեսնելով՝ բարկացան ու ըսին. «Ինչո՞ւ այս կորուստը, 9 Քանզի այդ իւղը կրնար սուղ գնով ծախուիլ ու աղքատներուն տրուիլ»։ 10 Յիսուս իմանալով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ անհանգիստ կ՚ընէք կինը։ Անիկա բարի գործ մը գործեց։ 11 Վասն զի աղքատները ամէն ատեն ձեզի հետ ունիք, բայց զիս ամէն ատեն չունիք։ 12 Անիկա, որ այդ իւղը իմ մարմնիս վրայ թափեց, իմ թաղումիս համար ըրաւ։ 13 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ՝ Բոլոր աշխարհի մէջ՝ ուր որ այս աւետարանը քարոզուի, ատոր ըրածն ալ պիտի պատմուի՝ իրեն յիշատակ ըլլալու համար»։
14 Այն ատեն տասներկուքէն մէկը, որ Յուդա Իսկարիովտացի կը կոչուէր, գնաց քահանայապետներուն ու ըսաւ. 15 «Ի՞նչ կու տաք ինծի, որ ձեզի մատնեմ զանիկա»։ Անոնք երեսուն սիկղ արծաթ խոստացան անոր։ 16 Անկէ յետոյ պատեհութիւն կը փնտռէր, որպէս զի զանիկա մատնէ անոնց։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հայրենակիցներ. Եթերում Հանապազօրյա Հացն է, տեղեկացնում եմ մեզ նոր միացողների համար և բարի գալուստ եմ մաղթում հոգևոր հարթակում: Մենք այսօր կսերտենք միասին 26 րդ գլխի առաջին հատվածը, որը ներկայացնում է դավադրությունները Հիսուս Քրիստոսի դեմ; Փորձենք հասկանալ, թե երկու հազար տարի առաջ եղած դավադրությունները ինչով են առնչվում 21 րդ դարի քրիստոնյայի հետ, որը ավետարանական պատվիրանները համարում է սահմանափակում՝ իր ազատ կյանքի համար: Երեկվա սերտողության մեջ մենք անձամբ Հիսուս Քրիստոսից լսեցինք, թե ի՞նչ է սպասվում մեզ Երկրորդ Գալուստին՝ մերձավորի հետ ունեցած մեր հարաբերությունների պատճառով; Եթե մենք Ավետարանի սկզբում վախ զգացինք Տիրոջ այն պատվիրանից, որն ասում է, թե պատասխան եք տալու ձեր արտաբերած ամեն խոսքի համար, ապա երեկ լսեցինք, թե ի՛նչ է սպասվում մեզ՝ մեր գործերի համար:
Ինչու վախ ունեցանք, որովհետև մենք արտահայտվելիս ամենևին ուշադրություն չենք դարձնում մեր արտաբերած մտքերի վրա: Խոսում ենք ինչ ուզում ենք, ասում ենք, երբ ուզում ենք, և հատկապես ո՛ւմ ուզում ենք:
Մինչև Ավետարանի այս գլխին հասնելը, կարդացինք, որ Տէր Հիսուս աշակերտներին աստիճանաբար տեղեկացնում էր Իր մատնվելու, չարչարվելու և խաչվելու դեպքերի մասին: Սակայն այս գլխի մեջ հստակ ասում է Իր մատնության և խաչելության օրը: Փարիսեցիներին ուղղված բազմաթիվ վայերը, առակներն ու հանդիմանությունները ավելի արագացրին քահանայապետների ու օրենքի ուսուցիչների որոշման իրագործումը: Ուղղակի երկու օր հետո զատկական մեծ տոն էր սպասվում Երուսաղեմում, իսկ իրենց սպանության ծրագիրը կարող էր խռովություն առաջացնել ժողովրդի մեջ, քանի որ Երուսաղեմը լիքն էր ուխտավորներով, և չէր բացառվում, որ Հիսուսի համակիրները մեծաթիվ լիներին, և դրանից ապստամբություն բարձրանար ժողովրդի մեջ: Քահանայապետն անհանգիստ էր ո՛չ թե Աստծո Որդու սպանության համար, այլ հավանական ընդվզման համար, որը կարող էր պատահել Հիսուսի ձեռբակալման պահին: Այդ պատճառով օրվա իշխանության երեք կարևորագույն մարմինները հավաքվեցին խորհրդի՝ Կայիափա անունով քահանայապետի դահլիճում որոշում կայացնելու՝ սպանությունը՝ տոնի հետ չհամատեղելու վերաբերյալ: Որպեսզի աղմուկ չբարձրանա տոնի պատճառով Երուսաղեմ եկած ժողովրդի մեջ:
Ինչո՞ւ էին մտահոգված ժողովրդի խռովությունից: Քրիստոսի մասսայական ձեռբակալման վտանգավոր հետևանքներից առաջնորդները մտահոգ էին ո՛չ միայն իրենց անձերի համար, այլ, եթե խռովություն առաջանար, հռոմեական կայսրությունը անմիջապես զորք կմտցներ Երուսաղեմ և կկոտորեր շատերին: Ի միջիայլոց Կայիափա անունը գիտե՞ք ինչ է նշանակում, (խոնարհ, կամ հեզ): Հավանաբար անվանակոչելուց ակնկալել են, որ մեծանալուց հետո իմաստուն մեկը կլինի: Հենց այս ,,խոնարհը,, չկարողացավ հանդուրժել Հիսուս Քրիստոսին, որ հեզ էր, և խոնարհ՝ սրտով: Որտեղի՞ց այսքան ատելություն Հիսուսի հանդեպ: Միայն ճշմարտություն խոսելու համար, ուրիշ ոչինչ: Իրենց մոլորությունները բացահայտելու պատճառով: Մարդկանց կողմից լայն ճանաչում գտավ և մարդիկ հետևում էին Քրիստոսին, իսկ դա նախանձ առաջացրեց օրվա առաջնորդների սրտում և վրեժխնդիր եղան Աստծու հետ...Ի՞նչի համար Կայենը սպանեց Աբելին, մի՞թե նախանձը չէր, որ գործել տվեց առաջին սպանությունը՝ եղբայրը՝ եղբոր դեմ:
Մի պահ թողնենք այս նենգ դավադիրներին՝ իրենց որոշումները կայացնելիս, և տեսնենք թե ինչո՞վ է զբաղված Տէր Հիսուս իր աշակերտների հետ; Հիսուս թողեց նրանց և նորից եկավ Բեթանիա, բայց այս անգամ ո՛չ թե Իր բարեկամ Ղազարոսի, այլ բորոտ Սիմոնի տուն եկավ Իր աշակերտների հետ: Բայց ըստ Ավետարանի այս տանը ո՛չ ճաշի էր հրավիրված, ո՛չ էլ որևէ ուսուցում եղավ: Սակայն այս տանը կատարվեց մի իրադարձություն, որը արժանացավ Հիսուս Քրիստոսի ուշադրությանը: Սիմոնի տուն մտնելուց հետո, դեռ սեղան չնստած մի կին մոտացավ նրան, և իր մոտ եղած մեկ շիշ թանկարժեք Նարդոսի յուղը լցրեց Հիսուսի գլխին; Երբ աշակերտները այդ տեսան, բարկացան կնոջ արարքի վրա, քանի որ Նարդոսի յուղը շատ թանկ արժեր, և կարելի էր վաճառել և բաժանել աղքատներին;
Այս երևույթը մեր օրերի համար էլ արդիական է: Որոշ հիմնադրամներ կարիքավորների, երեխաների և այլ ծրագրերի անուններով դրամ հավաքելու մոլուցքով տարված՝ սեփական գրպանի մասին հոգացին, նույնիսկ պատերազմի օրերին: Շատ են նաև դեպքերը, երբ մարդիկ բողոքում են նոր եկեղեցի կառուցելիս, դարձյալ մատնացույց անելով աղքատներին, սակայն իրենք իրենց հարևան աղքատին չեն տեսնում:
Սրանք այն մարդիկ են, որոնք միշտ հաշվում են ուրիշի գրպանի դրամները, ոչ թե իրենց սեփականը: Դրա համար Տէր Հիսուս ասաց,- Աղքատները միշտ ձեզ հետ են, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա:
Եկեք այս հատվածը մի քիչ ուշադիր վերլուծենք: Հիսուս Քրիստոս գիտեր, թե ի՞նչ է պատահելու իրեն երկու օր հետո և ժամեր առաջ աշակերտների տեղեկացրեց այդ մասին;
Աշակերտները խանդավառված երեկվա քարոզից՝ մերձավորին օգնելու մասին, անմիջապես մտածեցին Նարդոսի յուղը կարելի էր դրամի վերածել և բաժանել աղքատներին, քանի որ երեկ լսել էին այդ մասին:
Մենք չգիտենք, թե այդ կինը ի՞նչ մեծ աշխատանքի դիմաց էր ձեռք բերել այդ յուղը, և երբեք չէր մտածել վաճառելու և դրամի վերածելու մասին, այլ հատուկ բերել էր Հիսուսին օծելու համար, ինչը Հիսուսի կողմից համարվեց բարի գործ, քանի որ այդ արարքով կինը կանխանշեց Հիսուսի թաղումը: Մենք չգիտենք, թե ո՞վ է այս կինը, սակայն իր արաքով արժանացավ մեծ պատվի, քանի որ Տէր Հիսուս ասաց,- ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ որ այս Ավետարանը քարոզվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց;
Այսինքն մենք հիմա որ կարդացինք Ավետարանը, հիշեցինք այդ կնոջը, իմացանք նրա արած բարի գործի մասին և այդ կինը մեզ համար մնաց որպես դրական կերպար և սխալված չենք լինի, եթե ասենք, թե մարգարեացավ Քրիստոսի մահվան մասին:
Սակայն քահանայապետները, փարիսեցիները, սադուկեցիները, հերովդեսականները, օրենսգետները մեր հիշողության մեջ մնացին որպես նենգ դավադիրներ՝ օրենքը իմանալով հանդերձ:
Իսկ աշակերտները, որոնք ծնվել ու մեծացել էին հրեական միջավայրում, քաջ գիտեին, որ մարդուն յուղով օծում են իր մահից հետո: Ո՛չ թե զարմացան այդ պատճառով, այլ բարկացան, որ թանկարժեք անուշահոտ յուղը վատնվեց և գետին թափվեց:
Յուղով օծելու իրավունք է ունեցել մարգարեն, երբ Աստծուց պատգամ է ստացել այս կամ այն մարդուն թագավոր օծելու: Բայց սա այդ տարբերակը չէր: Մենք Ավետարաններում երեք դեպք են կարդում Քրիստոսին յուղով օծելու, մեկը այս դեպքն է բորոտ Սիմոնի տանը, մյուսը մեղավոր կնոջ յուղով օծելը մաքսավորի տանը, երրորդը, որ Հովհաննեսի Ավետարանում է գրված, Ղազարոսի քույր Մարիամն է յուղով օծում: Իսկ Ավետարանի մեկնաբաններն ասում են, որ քանի որ Զատկի տոնն էր, Հիսուսին արագ խաչից իջեցրին ու գերեզման դրեցին առանց օծելու:
Տեսեք, սիրելիներ, ինչպիսի նենգ խորհուրդ կարող են ունենալ կրոնական առաջնորդները իրենց մտքում, ի՛նչ խորհրդավոր խորհուրդ կարող է ունենալ մի պարզ կին իր մտքում, և ի՛նչ խորհուրդ կարող են ունենալ անուս աշակերտները՝ իրենց մտքում: Մի պարզ, անուս կին իր բարի գործով կարող է հիշվել դարերով, իսկ օրենքի ուսուցիչները մնացին պատմության մեջ որպես Աստծու Որդուն խաչը հանողներ: Մենք թողեցինք քահանայապետներին Կայիափայի դահլիճում իրենց չար խորհուրդներով, տեսանք, թե ինչ խորհուրդներ կային բորոտ Սիմոնի տանը, իսկ հիմա տեսնենք, թե ի՞նչ խորհուրդ ծագեց իսկարիովտացի Հուդայի սրտում, այս բոլորը տեսնելուց հետո:
Նա ներկա էր Սիմոնի տանը՝ բոլորի հետ, տեսավ թանկարժեք յուղի վատնումը, լսեց Հիսուսի խոսքերը Իր թաղման կանխասացության մասին և հստակ որոշում կայացրեց այլ տեղից դրամ ձեռք բերել, քանի որ կորցրեց այդտեղից դրամ ձեռք բերելու հավանականությունը և գնաց քահանայապետների մոտ և ասաց,- Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ: Նրանք այդ ծառայությունը գնահատեցին երեսուն արծաթ դրամ, այսինքն ավելի քիչ, քան Նարդոսի յուղը գնահատեցին;
Ինչո՞ւ պետք է Հուդան ցույց տար Հիսուսի տեղը, չէ՞ որ նրանք միշտ մասնակցում էին Հիսուսի ուսուցումներին: Փարիսեցիները ցերեկով չէին կարող բռնել Հիսուսին ի տես մարդկանց, վախենում էին նրանց ընդվզումից, իսկ Հուդան գիտեր թե գիշերվա որ ժամին որտեղ է լինում Քրիստոս՝ իր աշակերտների հետ: Այդ միջավայրը Հուդայի համար չէր, ըստ նկարագրության նա արծաթասեր էր, իսկ այդտեղ բավարար չափով արծաթ չկար: Դրա համար նա նույնիսկ երեսուն արծաթի դիմաց գնաց այդ քայլին: Եթե առանց արծաթ մատներ, պատկերը այլ կլիներ, բայց հատուկ արծաթ դրամ վաստակելու համար մատնեց:
Գիտե՞ք թե ինչ արժեր երեսուն արծաթ դրամը այդ ժամանակ: Եթե ցուլը հարվածեր մեկի ստրուկին կամ ստրկուհուն, ապա ցլատերը պետք է ստրուկի տիրոջը երեսուն արծաթ տար որպես հատուցում: Ելք 21:32
Այս օրենքները գիտեին բոլոր, ովքեր ապրում էին այդ ժամանակ: Անշուշտ գիտեր նաև Հիսուս Քրիստոս: Այսքան վիրավորանք հասցրին Աստծու Որդուն, սակայն Նա ո՛չ ոքի իր մեղքի համար չդատապարտեց, այլ բոլորին հնարավորություն տվեց անդրադառնալու և դառնալու չար ճանապարհից: Նույնիսկ Հուդային, որին Հիսուս ինքն էր ընտրել:
Երբեմն մարդիկ ասում են,- գրված էր այս բոլորի մասին և պետք է խաչվեր Աստծու Որդին: Այո, գրված էր, դա անհերքելի փաստ է: Սակայն Ինչո՞ւ էր գրվել այդպես հաստատ, քանի որ Ամենագետ Աստված գիտեր, որ մարդկության մեջ չի գտնվելու անմեղ մարդ, բոլորը խոտորվեցին և արդար չմնաց;
Նույն տրամաբանությամբ կարող ենք հակառակը մտածել: Թող մարդկության մեջ չգտնվեր ո՛չ մեկը, որը հանձն կառներ որոշում կայացնելու արդարին խաչելու հարցում: Թող Աստված ինքը փոխեր Իր որոշումը:
Ենթադրենք, այն ժամանակ գտնվեցին Աստծու Որդուն խաչը հանողներ, քանի որ գրված էր Գրքում
Իսկ ինչո՞ւ որից հետո նույն մարդկությունը չի պահում այդ Որդու խոսքերը, չէ՞ որ դարձյալ գրված է Գրքում: Եթե գրված նկատմամբ այդքան նախանձախնդրություն կա:
Ուրեմն խնդիրը մեր մեջ է, մենք սիրում ենք ստրուկ լինել մեր կրքերին, հաշվի չառնելով, որ մեզ համար շատ թանկ է վճարված: Իրոք, որքա՛ն պետք է զգուշանանք մեր արտաբերած ամեն մեկ խոսքի համար, մեր կատարած ամեն մեկ գործի համար, որը արձանագրվում է երկնքում Ամենատեսի կողմից:
Իմաստունն ասում է,- Երեք բան հիշիր քո կյանքում, և չես ընկնի մեղքի ցանցի մեջ: 1. Հիշիր ամենատես Աչքի մասին: 2. Հիշիր ամեն ինչ լսող ականջի մասին.,3. Եվ Գրքի մասին հիշիր, որտեղ գրվում են քո գործերը:
Սիրելիներ, Պողոս առաքյալն ասում է,- Աստված սկզբից ամենատարբեր օրինակներով խոսեց մեր հայրերի հետ՝ մարգարեների միջոցով, այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Իր Որդու միջոցով: Այսօր էլ մեզ հետ է խոսում Ավետարանի միջոցով: Բոլոր առակները, որ գրված են Ավետարաններում, Դատաստանի ժամանակ մեր արդարանալու հնարավորությունների մասին են; Ուսուցումներն այն մասին են, թե մենք ինչպես շահարկենք մեր հավատքը մերձավորի հետ մեր հարաբերությունների մեջ: Քանի որ Վերջին դատաստանի առակը հենց այդ մասին էր, թե ի՞նչ ենք արել մեր մերձավորին , որ Քրիստոս Իրեն է վերագրում:
Բարի գործը և ծառայությունը համարվում է մեր շինության հիմքը: Առանց հիմքի շինություն չի լինում: Մենք մեր սովորածը պետք է գործի վերածենք, այլապես կմնա որպես գիտելիք; Կա տեսական աշխատանք, կա գործնական աշխատանք: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է գտնի իր ծառայության դաշտը և օգտակար լինի այնտեղ ինչով որ կարող է: Եթե մեկը լեզուներ գիտի, թող կարիքավորի երեխայի հետ պարապի իր ազատ ժամանակ՝ անվճար: Մեկը մաթեմատիկա գիտի, թո սովորեցնի մեկի, որը դժվարանում է: Վարորդը կարող է, հացթուխը կարող է, բժիշկը կարող է, բոլորը կարող են օգտակար լինել; Չէ որ բոլորն ունեն փրկության կարիք: Սրբերից մեկն ասում է,- մեր փրկությունը այլ տեղ չէ, եթե ոչ մեր մերձավորի մոտ:
Սիրելիներ, ամփոփենք այսօրվա մեր դասը, վերցնենք գլխավորը ասելիքը և ողջ օրը խորհենք այդ մասին:
Մնացեք սիրով՝ և ձեր մտքի, սրտի և հոգու խորհուրդները թող լինեն միայն բարի գործերի համար;
Հարց. Ի՞նչ պատվիրեց Հիսուս, յուղով օծող կնոջ համար