ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Ավետարան ըստ Մարկոսի 13.1-37
Եսայու մարգարեությունը 65.8-25
Պողոս առաքյալի թուղթը փիլիպեցիներին 3.1-4.9
Ավետարան ըստ Ղուկասի 17.20-18.14
Ավետարան ըստ Մատթևոսի. 25: 31- 46
ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԸ
31 Երբ Որդին մարդոյ իր փառքովը գայ եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ, այն ատեն իր փառաց աթոռը պիտի նստի։ 32 Անոր առջեւ պիտի ժողվուին բոլոր ազգերը ու զանոնք իրարմէ պիտի զատէ, ինչպէս հովիւ մը ոչխարները այծերէն կը զատէ։ 33 Ոչխարները իր աջ կողմը պիտի կայնեցնէ ու այծերը՝ ձախ կողմը։
34 Այն ատեն թագաւորը իր աջ կողմը եղողներուն պիտի ըսէ. «Եկէք իմ Հօրս օրհնածները, աշխարհի սկիզբէն ձեզի համար պատրաստուած թագաւորութիւնը ժառանգեցէք. 35 Վասն զի անօթեցայ եւ ինծի ուտելիք տուիք. ծարաւեցայ ու ինծի խմցուցիք. օտարական էի, զիս ներս առիք. 36 Մերկ էի, զիս հագուեցուցիք. հիւանդ էի, ինծի տես եկաք. բանտի մէջ էի, ինծի եկաք»։ 37 Այն ատեն արդարները անոր պատասխան պիտի տան ու ըսեն. «Տէ՜ր, ե՞րբ քեզ անօթեցած տեսանք ու կերակրեցինք, կամ ծարաւած՝ ու խմցուցինք. 38 Ե՞րբ քեզ օտարական տեսանք եւ ներս առինք, կամ մերկ՝ ու հագուեցուցինք. 39 Ե՞րբ քեզ հիւանդ կամ բանտի մէջ տեսանք ու քեզի եկանք»։ 40 Թագաւորը պատասխան տալով պիտի ըսէ անոնց. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, քանի որ իմ այս եղբայրներէս ամենէն պզտիկներէն մէկուն ըրիք, ինծի ըրիք»։
41 Այն ատեն ձախ կողմը եղողներուն ալ պիտի ըսէ. «Մէկդի գացէք ինծմէ, անի՛ծեալներ, յաւիտենական կրակին մէջ՝ որ պատրաստուած է Սատանային ու իր հրեշտակներուն։ 42 Վասն զի անօթեցայ, ինծի ուտելիք չտուիք. ծարաւեցայ, ինծի չխմցուցիք. 43 Օտարական էի, զիս ներս չառիք. մերկ էի, զիս չհագուեցուցիք. հիւանդ էի ու բանտի մէջ էի, ինծի տես չեկաք»։ 44 Այն ատեն անոնք ալ պատասխան պիտի տան ու ըսեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ անօթեցած կամ ծարաւած կամ օտարական կամ մերկ կամ հիւանդ կամ բանտի մէջ ու քեզի սպասաւորութիւն չըրինք»։ 45 Այն ատեն պատասխան պիտի տայ անոնց ու ըսէ. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի. որովհետեւ ինչ որ ասոնցմէ ամենէն պզտիկներէն մէկուն չըրիք, ինծի ալ չըրիք»։ 46 Ասոնք պիտի երթան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր հինգերորդ կիրակին է Մեծ Պահքի, և մեր Հայրերը այն անվանել են դատավորի կիրակի: Համառոտ ձեզ տեղեկացնեմ օրվա խորհրդի մասին, իսկ ամբողջությամբ կարող եք լսել մեր յութուբյան կանալում, գրելով կիրակիի անունը:
Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակին խորհրդով նման է Տնտեսի կիրակիին. այս օրվա ընթերցվածքներն էլ հիմնականում վախճանաբանական են՝ արթուն և զգաստ լինելու կոչերով, իսկ Ավետարանի այն հատվածը, որից վերցված է օրվա անունը, «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակն» է, որն էլ համապատասխանաբար նման է «Անիրավ տնտեսի առակին»: Ինչպես «տնտեսը», այնպես էլ «դատավորը» խորհրդանշում են մարդու միտքն ու անձնիշխան կամքը, որը, «մանկուց չարի ծառայության մեջ լինելով» անիրավ է սեփական գոյացության՝ հոգու և մարմնի, ինչպես նաև մերձավորների հանդեպ, ուստի և հեռու է արթնությամբ «իմաստուն և հավատարիմ» լինելու իդեալից: Այսինքն եթե ամփոփենք կիրակիները սկսած Բուն Բարեկենդանից, այսպիսի պատկեր կլինի: Մարդը վայելքի մեջ էր, չգնահատեց, և մեղանչումի պատճառով խաթարվեց նրա խաղաղ կյանքը և վտարվեց Տիրոջ երեսից: Մեղավոր մարդը զգաց իր սխալը, վերադարձավ հոր մոտ և ստացավ նախկին կարգավիճակը, հիմա մարդը իր ազատ կամքով պետք է արթուն ապրի, որպեսզի չարժանանա Տիրոջ դատաստանին, այլ Քրիստոսի խոստացած երկնքի արքայությունը վայելի: Իսկ այժմ անցնենք մեր այսօրվա սերտողությանը, որը դարձյալ վախճանաբանական է և խոսում է վերջի դատաստանի մասին:
Նախորդ բոլոր ուսուցումների մեջ, կամ առակներով խոսելիս Տէր Հիսուս խորհրդաբար ներկայացնում էր Իր պատգամները լսող մարդկանց իրավունքների և պարտականությունների մասին: Որևէ իրողություն բացատրելու համար բերում էր բազմաթիվ օրինակներ, որպեսզի խոսքը հասկանայի լինի բոլոր տեսակի մարդկանց համար: Քանի որ բազմաշերտ էր Իր լսարանը: Միայն Երկնքի Արքայությունը ներկայացնելու համար բոլորս էլ հիշում ենք, թե քանի օրինակ բերեց, որպեսզի մենք հասկանանք թե ի՞նչ է երկնքի արքայությունը: Վերջին օրինակը երկնքի արքայության մասին, որ բերեց, տասը կույսերի առակն էր:
Գիտե՞ք ինչու էր Հիսուս Քրիստոս այսքան մանրամասն բացատրում ամեն ինչը: Որպեսզի որևէ մեկը առիթ չունենա մեկ քանքար ստացողի նման ասի,- գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել…
Իսկ մեր Տէրը բացի նրանից, որ սերմանում է, նաև ջրում է և արևի ճառագայթներ է ուղարկում, որ բուսնի: Իսկ ծույլ մարդը ալարում է ձեռքը վերցնի և կարդա, թե ի՞նչ է գրված հենց իր մասին;
Սիրելիներ, այսօր ձեզ մի միտք եմ տալիս, որպեսզի խորհեք դրա մասին ազատ ժամանակ: Աստվածաշունչը աշխարհում գերագույն հեղինակություն է: Աշխարհում ինչ որ կատարվում է, Աստվածաշնչի մեկնաբանությունն է ընդամենը: Կա՞ աշխարհում մի բան, որի մասին Աստվածաշունչը չի տեղեկացրել: Չկա՛: Սկսած մեղքերից, ավարտած առաջադիմությունների վախճանով: Հետևաբար Աստվածաշունչ կարդացողը եթե ուրիշ գիրք չկարդա, ոչի՛նչ կորցրած չի լինի: Մտածեք և տեսեք, որ այդպես է:
Ամեն ինչի մասին հանգամանալից բացատրելուց հետո, Տէրը ներկաներին խոսում է վերջին դատաստանի մասին: Ինքը կանգնած է մարդկանց առջև և նրանց պատմում է, թե ինչեր պետք է պատահեն, երբ մարդու Որդին գա Իր փառքով և բոլոր հրեշտակները Իր հետ միասին և ինքը նստի փառքի աթոռին, զատելու համար մեղավորները և արդարներից: Անկարելի է մեղադրել ներկա գտնվողներին, որոնք չէին հասկանում, թե ինչի՞ մասին է խոսում իրենց հետ: Պարզ առակները չէին հասկանում, ինչպե՞ս կարող էին հասկանալ այն միտքը, որ բոլոր ազգերը պիտի հավաքվեն Նրա առջև և Նա պիտի բաժանի նրանց աջ և ձախ կողմերի:
Այո, սա կյանքի տրամաբանական ավարտն է: Քրիստոսի քարոզության և ժամանակի լրումն է: Հաշվետվության և վարձատրության պահն է: Ժամանակը հասել է, և սովորած դասերի համար քննություն պետք է հանձնել Ուսուցչին:
Սիրելիներ, ինչքան էլ որ Ավետարանն ասում է, որ մարդու Որդու գալուստը նման է լինելու փայլակի՝ արևելքից՝ արևմուտք, ամենքս մեր կյանքի տևողության չափով տեղյակ ենք եղել ու սպասել ենք Տիրոջ երկրորդ Գալուստին: Սպասել են նաև առաքյալները իրենց ժամանակներում: Ուրեմն բոլորս էլ քաջատեղյակ ենք մարդու Որդու Գալուստից:
Մատթևոս Ավետարանիչը շատ պատկերավոր ներկայացնում է, թե ինչպես է գալու Տէր Հիսուս որպե՛ս Թագավոր, և ինչպես է Հովվի պես զատելու ոչխարները այծերից, ըստ Եզեկիելի Մարգարեության, որն ասում է,- այսպէս է ասում ձեզ Տէր Աստուած, - ահա ես դատելու եմ ձե՛զ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ։ Եզեկ. 34:17
Այս տողերը կարդալիս ակամայից յուրաքանչյուրիս մտքում հարց է առաջանում,- արդյոք կարժանանա՞մ ես էլ ոչխարների հետ հայտնվել Տիրոջ աջ կողմում; Կլսե՞մ արդյոք ինձ վերաբերող այն խոսքերը, թե՝ - Եկեք Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք այն, ինչը սկզբից պատրաստված է ձեզ համար, և միանգամից ասում է պատճառը, թե ինչո՞ւ են իր աջ կողմում հայտնվածները կոչվում օրհնյալներ: Որովհետև,- ասում է,- քաղցած էի, ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, ջուր տվեցիք, օտար էի և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, ինձ հագցրիք, հիվանդ էի, ինձ տեսության եկաք, բանտում էի, ինձ այցի եկաք:
Հիմա ամեն ինչ տեղն ընկավ և մեր մտքում առաջացած հարցը ստացավ իր լիարժեք պատասխանը: Եթե արել ենք այս բոլորը, ուրեմն մեր ականջը կլսի այդ երաների խոսքը՝ Տիրոջից: Իսկ եթե չենք արել, պետք չէ նեղսրտել մեկ քանքար ունեցողի պես, չէ որ Տէրն ասում է,- աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը: Մեզ համար արքայություն է պատրաստած եղել Թագավորը, իսկ մենք ստրուկ ենք եղել սատանային՝ մեր անգիտության պատճառով:
Դուք կարծում եք ներկա փարիսեցիները հասկացա՞ն, որ Քրիստոս իրենց մեջ եկավ և իրեն չընդունեցին: Ո՛չ, չհասկացան, ինչպես որ մենք շատ ժամանակ չենք հասկանում; Իսկ երբ որ արդարները զարմանան այդ խոսքից և հարցնեն,- Տէ՛ր, այդ ե՞րբ էր, որ Դու քաղցած էիր, Քեզ կերակրեցինք, կամ բանտի մեջ էիր և քեզ տեսության եկանք, կամ ե՞րբ էիր Դու Հիվանդ, որ քեզ այցի եկանք: Տիրոջ պատասխանն է շատ ուշագրավ:
Երբ քո հիվանդ հարևանին այցելեցիր, դա Ե՛ս էի: Երբ այն որբ երեխային հագցրիր, դա Ե՛ս էի: Երբ փախստականին քո տանը տեղ տվեցիր, դա Ե՛ս էի: Երբ կերակուր ուղարկեցիր ազատազրկվածին, Ի՛նձ տվեցին; Ներկաների համար արդեն լիովին հասկանալի էր Հիսուս Քրիստոսի այս խոսքերը: Մեզ համար նույնպես հասկանալի է ամբողջությամբ: Բայց հասկանալը շատ քիչ է աջ կողմում հայտնվելու համար: Պետք է գործի վերածել հասկացածը, և ավելացնել աջակողմյան ոչխարների թիվը ամեն օր:
Դուք կարծում եք, թե ձախակողմյան այծերը ժամանակին չէի՞ն հասկացել իրենց անելիքը,: Հասկացե՛լ էին, ուղղակի շատերիս նման ականջի հետև էին գցել Աստծու խոսքը, Աստվածաշունչ կարդալը, ողորմություն անելը, և միշտ մտածել էին, որ վա՛ղը կանեն; Չիմանալով, որ չարի դրդումն է՝ գործը վաղվան թողնելը:
Տեսեք, թե ինչ ասում Տէրը Իր ձախ կողմում գտնվողներին,- Անիծյալնե՛ր, գնացեք Ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար, որովհետև վերը նշված բաները կարող էիք անել, բայց չարեցիք: Կարող էիք մի աղքատ կերակրել, մի որբ հագցնել, և մի հիվանդ խնամել: Այ՛ո, կարող էիք, բայց չե՛ք արել: Որովհետև անտեսել եք իմ այն խոսքը, որ ասացի,- Երկինք ու երկիր կանցնեն, բայց Իր խոսքը անկատար չի մնա: Ես ողորմություն էի կամենում, ոչ թե ձեր աննպատակ զոհերը:
Սիրելիներ ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել մի կարևոր մտքի վրա, որն արտաբերեց Հիսուս Քրիստոս, երբ դիմում էր Իր ձախ կողմում հայտնվածներին: Գնացեք,- ասում է,- հավիտենական կրակը, որը պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար: Ուրեմն ի սկզբանե մարդու համար հավիտենական կրակ պատրաստված չէ, այլ՝ սատանայի համար: Մարդը ինքն է ազատորեն ընտրում երկրի վրա ծառայել սատանային, իսկ հանդերձյալում՝ գրավել սատանայի համար նախատեսված հավիտենական կրակը:
Ինչպես Տէրը որ արդարներին բացատրեց իր վարձատրության պատճառը, այնպես էլ մեղավորներին տվեց բացատրություն, թե ինչո՞ւ իրենք արժանացան հավիտենական կրակի:
Երկու դեպքում էլ գլխավոր պատվիրաններն են մեջտեղում դրված, մեկը՝ կատարված, մյուսը ոչ:
Հիշո՞ւմ եք, որ Օրենքի ուսուցիչները նենգորեն հարց տվեցին Հիսուսին, թե ո՞ր պատվիրանն է մեծ պատվիրանների մեջ: Իսկ Հիսուս ասաց,- Սիրիր քո Տէր Աստծուն, և երկրորդը սրա նման է, սիրիր մերձավորիդ: Նաև հիշեցրեց, որ ամբողջ օրենքն ու մարգարեությունները հիմնված են այս երկու պատվիրանների վրա: Իսկ մենք շատ հաճախ չենք էլ հիշում այս պատվիրանները մեր կյանքում ու գործերում:
Երբ սիրում ես Աստծուն, մերձավորդ դառնում է քեզ համար սիրելի, չնայած որ քո՛ մերձավորն է, բայց մինչև Աստծուն չես սիրում, մերձավորիդ նկատմամբ սերդ պայմանական է, ակնկալիքով է, և այլն:
Ինչպես որ արդարները զարմացան, թե ե՞րբ են կերակրել Տիրոջը, կամ այցի եկել, նույնպես և մեղավորներն են զարմացած հարցնում,- Տէ՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած, ծարավ, կամ մերկ, կամ բանտի մեջ, որ Քեզ չծառայեցինք; Տիրոջ պատասխանը նույնն է,- հարևանդ քո կարիքը ուներ, երբ քաղցած էր, մանուկը մրսում էր և ակնկալում էր որ կհագցնես, հիվանդը այցելու էր սպասում, իսկ դու անտեսում էիր, զբաղված լինելով քո անձնական գործերով: Ես քեզ էի փնտրում, իսկ դու խույս էիր տալիս Ինձնից, համարելով, որ Իմ պատվիրանները ծանր են կատարելու համար:
Այստեղ հստակ կատարվում է բաժանումը՝ արդարները՝ հավիտենական կյանք, իսկ մեղավորները՝ հավիտենական կրակ: Տիրոջ խոսքը հավիտենական է, անսասան է, անխուսափելի է, բոլոր ժամանակների համար է:
Մենք ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալիս պետք է հիշենք Ավետարանի այս համարները, և մեզ հարց տանք,- ի՞նչ եմ արել արժանի, որ այս կիրակի իրավունք ունենամ հաղորդվելու Տիրոջ Մարմնին և Արյանը: Կիրակին միակ օրն է, որ մենք դեմ հանդիման կանգնում ենք Տիրոջ առջև մեր նախորդ շաբաթվա թերի գործերով:
Եթե ողորմություն անելիս հիշենք այս տողերը, որ մեր ողորմությունը Քրիստոսի ձեռքն ընդունեց, ո՛չ թե աղքատը, մեր ողորմությունը երբեք ցուցադրական չի լինի: Քրիստոնեության մեջ ողորմության հարցը իր ամբողջական խորհրդի մեջ չէ նաև այսօր, քանի որ երբեմն հանդիպում ենք ողորմության տեսակների, որոնք ավելի լավ է, չարվեր, քան անում են թմբկահարելով; Այսպիսիք հավանաբար չեն կարդացել այս տողերը, որ Քրիստոս է վերցնում քո ողորմությունը, էլ ի՞նչ կարիք կա դրոշակները բարձրացնելու: Քրիստոս ճանաչում է Իր ոչխարներին անուն առ անուն:
Եվս մի կարևոր նկատառում կար այսօրվա սերտողության մեջ: Հիսուս Քրիստոս նշում է տարբեր մարդկանց վիճակներ՝ քաղցած, ծարավ, մերկ, հիվանդ, օտար, բանտարկյալ և այլն: Չի բացառվում որ այս մարդիկ հայտնվել են այս վիճակում իրենց մեղքի պատճառով: Բայց Տէր Հիսուս մեզ չի ասում, եթե մեղավոր է, մի՛ օգնեք: Նրա մեղքերի համար պատասխանատուն ինքը՝ մեղավորն է; Իսկ երբ մենք օգնում ենք կարոտյալին, Աստված փոխում է մեր սիրտը՝ մեղավորի հանդեպ՝ գթությամբ;
Շատ է պատահել, որ մարդիկ ասում են չենք օգնի, քանի որ հարբեցող է, կամ ինչո՞ւ օգնենք, երբ ինքը իր տունը գրավ դրեց և մնաց դրսում, կամ հանցագործության պատճառով է նստած բերդում, ինչո՞ւ օգնեմ:
Տէր Հիսուս ասում է,- Նրա՛նց արեցիք, ի՛նձ արեցիք: Այստեղ արդեն պատճառաբանությունները վերանում են; Այլ խոսքով՝ մեր վերաբերմունքը՝ մերձավորին, մեր վերաբերմունքն է Հիսուս Քրիստոսին;
Քրիստոսի ձախ կողմում հայտնված մարդիկ ո՛չ մի խոշոր մեղքի մեջ չմեղադրվեցին, ինչպես օրինակ սպանություն, շնություն, կամ արծաթսիրություն և այլն; Նրանք ուղղակի չէին օգնել մարդկանց, որոնք կարիքի մեջ էին; Այս երևույթը մեր մեծագույն բացթողումներից մեկն է, ինչի վրա նույնիսկ ուշադրություն չենք դարձնում: Մենք Ավետարանից մի նմանատիպ առակ էլ գիտենք մեծահարուստի և աղքատ Ղազարոսի վերաբերյալ: Մեծահարուստը ուղղակի անտեսել էր իր հարևանությամբ գտնվող աղքատ Ղազարոսին, ուրիշ մեղք չի՛ նշվում մեծահարուստի համար; Ճիշտ այնպես, ինչպես այս ձախակողմյան անիծյալները, որոնք չէին օգնել նշված մարդկանց:: Խստասրտությունը մեծագույն մեղք է, որի մասին մենք քիչ ենք հիշում; Ամփոփենք մեր սերտողությունը, ամփոփելով մեր հասկացածը; Մենք կարող ենք մեր աղքատ հարևանին մինչև իր կյանքի վերջը օգնել սնունդով և հագուստով, սակայն վերջում նա մեռնի իր մեղքի մեջ, իսկ մենք վարձ չունենանք դրանից: Ինչպե՞ս կարող է դա պատահել: Երբ մենք հագեցնում ենք քաղցածի կարիքը և բավարարում ենք նրա հագուստի պահանջը, դրանից հետո մենք պետք է մի փոքրիկ բաժին կերակուր էլ տանք նրա հոգուն, որպեսզի նա փառավորի Աստծու անունը: Աստվածաբանություն պետք չէ կարդալ կարիքի մեջ գտնվող մարդուն, այլ ընդամենը ասել,- Քրիստոս քեզ սիրում է, և ինձ ուղարկում է քեզ օգնելու: Գոհացիր Աստծուց և սիրտդ խաղաղ կլնի, թեկուզ կարիքի մեջ: Այսքանը ձեզ այսօրվա դասից, սիրելի ունկնդիրներ, երկար եղավ, բայց կարևոր թեմա էր դատաստանի վերաբերյալ:
Մնացեք սիրով՝ առանց ակնկալության օգնեք, մարդկանց ծանոթացրեք Քրիստոսի հետ՝ ձեր կարողության չափով, ձեզ տված քանքարի միջոցով:
Հարց. Ո՞րն էր ձախակողմյան ուլերի գործած մեղքը: