ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Իմաստություն Սողոմոնի 3.1-8
Նավումի մարգարեությունը 2.1-4
Եսայու մարգարեությունը 43.1-3
Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 6.10-18
Ավետարան ըստ Մատթեոսի 13.43-52
Ավետարան ըստ Մատթևոսի. 25: 14-30
ԵՐԵՔ ԾԱՌԱՆԵՐՈՒՆ ԱՌԱԿԸ
14 Օտար երկիր գացող մարդ մը կանչեց իր ծառաները եւ իր ունեցածը անոնց յանձնեց։ 15 Մէկուն տուաւ հինգ տաղանդ ու մէկուն՝ երկուք եւ մէկուն՝ մէկ։ Ամէն մէկուն իր կարողութեանը չափ ու անմիջապէս ճամբայ ելաւ։ 16 Ան՝ որ հինգ տաղանդ առած էր, գնաց անոնցմով գործեց եւ ուրիշ հինգ տաղանդ շահեցաւ։ 17 Նմանապէս ան՝ որ երկուք առած էր, ուրիշ երկուք ալ շահեցաւ։ 18 Իսկ ան՝ որ մէկ առած էր, գնաց գետինը փորեց ու իր տիրոջը ստակը պահեց։ 19 Շատ ժամանակ յետոյ այն ծառաներուն տէրը եկաւ եւ անոնցմէ հաշիւ ուզեց։ 20 Հինգ տաղանդ առնողը եկաւ՝ ուրիշ հինգ տաղանդ ալ բերաւ ու ըսաւ. «Տէ՛ր, հինգ տաղանդ յանձնեցիր ինծի, ահա ուրիշ հինգ տաղանդ ալ անոնց վրայ շահեցայ»։ 21 Տէրը ըսաւ անոր. «Ապրի՛ս, բարի ու հաւատարիմ ծառայ. դուն որ քիչ բանի մէջ հաւատարիմ եղար, քեզ շատ բաներու վրայ պիտի կեցնեմ. մտիր քու տիրոջդ ուրախութեանը մէջ»։ 22 Երկու տաղանդ առնողն ալ եկաւ ու ըսաւ. «Տէ՛ր, երկու տաղանդ յանձնեցիր ինծի, ահա ուրիշ երկու տաղանդ ալ անոնց վրայ շահեցայ»։ 23 Տէրը ըսաւ անոր. «Ապրի՛ս, բարի ու հաւատարիմ ծառայ, դուն որ քիչ բանի մէջ հաւատարիմ եղար, քեզ շատ բաներու վրայ պիտի կեցնեմ. մտիր քու տիրոջդ ուրախութեանը մէջ»։ 24 Մէկ տաղանդ առնողն ալ եկաւ ու ըսաւ. «Տէ՛ր, գիտէի թէ դուն խիստ մարդ մըն ես, չսերմանած տեղէդ կը հնձես ու չցանած տեղէդ կը ժողվես, 25 Ուստի վախնալով՝ գացի քու տաղանդդ գետնին տակ պահեցի. ուստի ահա քուկդ քեզի»։ 26 Պատասխան տուաւ անոր տէրը ու ըսաւ. «Չար եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր թէ չսերմանած տեղէս կը հնձեմ ու չցանած տեղէս կը ժողվեմ, 27 Ուրեմն պէտք էր որ իմ ստակս սեղանաւորներուն տայիր, որպէս զի եկած ատենս շահովը առնէի։ 28 Արդ՝ առէ՛ք ատկէ տաղանդը ու տասը տաղանդ ունեցողին տուէք։ 29 Վասն զի ամէն ունեցողին պիտի տրուի ու պիտի աւելնայ եւ չունեցողին ունեցածն ալ անկէ պիտի առնուի։ 30 Իսկ այդ անպիտան ծառան դուրսի խաւարը հանեցէք. հոն պիտի ըլլայ լալ ու ակռաներ կրճտել»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մենք երեկ միասին քննարկեցինք տասը կույսերի առակի մանրամասները, և վերցրինք մեր դասը՝ միշտ պատրաստ լինելու վերաբերյալ: Այսօրվա առակը մեզ սովորեցնում է, թե ինչպե՞ս պատրաստ լինել և հատկապես ինչի՞ համար պատրաստ լինել: Այսօրվա առակի մեջ տեր և ծառա հարաբերության և հավատարմության մասին է ասելիքը: Տէրը իր ունեցվածքը բաժանեց իր ծառաներին և հեռու երկիր գնաց: Ունեցվածքը տիրոջ սեփականությունն էր, ծառաները նույնպես տիրոջ սեփականությունը պահպանող ծառաներն են; Ծառաները նրա համար են, որպեսզի հավատարմորեն կատարեն տիրոջ գործերը: Հավատարիմ ծառան դառնում է տիրոջ ընտանիքի մի մասնիկը; Առակի երկու ծառաները պաշտպանում են տիրոջ շահերը, իսկ տիրոջ շահն ա՛յն է, որ ծառաները կրկնապատկեն իր հարստությունը:
Իսկ երրորդ ծառան ավելի շատ մտահոգ էր իր անվտանգության և պատժի մասին, քան տիրոջ շահի: Այսպիսին չի համարվում տիրոջ հավատարիմ ծառա:
Եթե ուշադիր եղաք ընթերցանության ժամանակ, առակի մեջ քանքարները տարբեր էին, ծառաները նույնպես տարբեր էին, սակայն վարձատրությունը նույնն էր, նախորդ օրվա՝ մշակների առակի նման, որ տերը օրվա տարբեր ժամերի կանչում էր տարբեր մարդկանց, սակայն վարձը նույնն էր: Ավետարանն ասում է, յուրաքանչյուրին տալիս էր ըստ իր կարողության: Սա ևս մեկ փաստ է, որ տերը լավագույնս ճանաչում էր իր ծառաներին և գիտեր թե ով ի՞նչ հնարավորություն ունի իր ունեցվածքը ավելացնելու: Մեկին տվեց հինգ քանքար, մյուսին՝ երկու, երրորդին՝ մեկ քանքար տվեց: Ոչ թե քանքարները վերջացան, այլ տերը գիտեր իր այդ ծառայի կարողությունը, սակայն նրան էլ առանց բաժին չթողեց:
Առաջին երկուսը արագ գործի դրեցին իրենց հանձնված քանքարները և շահեցին նույնքան եկամուտ, որը պատկանում էր տիրոջը, և այս ծառաները ուրախությամբ էին սպասում իրենց տիրոջ վերադարձին՝ միաժամանակ գործի մեջ դնելով և ավելացնելով տիրոջ ունեցվածքը: Իսկ երրորդը վախեցավ, որ տանուլ կտա այդ մի քանքարը և թաքցրեց հողի մեջ: Ո՛չ թե վատնեց, կամ իր վրա ծախսեց, այլ չկամեցավ տիրոջ եկամուտն ավելացնել, և դրա համար ո՛չ մի ջանք չթափեց: Ովքե՞ր են այս ծառաները: Ի՞նչ են այդ քանքարները: Ո՞վ է ծառաների տերը: Մենք նախորդ սերտողության առակից հասկացանք, որ ցանկացած առակի տրամաբանությունն այն է, որ մենք միշտ նկատի ունենանք Քրիստոսի և եկեղեցու հանդեպ ունեցած պարտականությունների կատարումը: Քրիստոս մարմնացավ, աշխարհ եկավ, մեզ ծանոթացրեց Իր Հոր հետ, տվեց մեզ զանազան պատվիրաններ և Սուրբ Հոգու շնորհներ, որպեսզի դրանք գործածելով միմյանց օգտակար լինենք և Աստծու անունը փառավորվի մեր գործերով: Ինքը երկինք համբարձվելուց առաջ խոստացավ, որ գալու է կրկին; Ուրեմն Տէրը Հիսուս Քրիստոսն է, ծառաները Իր եկեղեցու սպասավորներն ու անդամներն են, քանքարները Սուրբ Հոգու շնորհներն են, որոնք պարգևած է ամեն մարդու՝ անխտիր:
Մեր շուրջը նայենք, կտեսնենք, որ մեկին տրված է երգելու շնորհը, մյուսին տրված է գեղեցիկ քարոզելու շնորհը, մեկը հմուտ շինարար է, մյուսը վաստակավոր ուսուցիչ, մեկը կոշկակար, մյուսը վարորդ:
Ոչ մի նշանակություն չունի, թե ով ինչ բնագավառում է աշխատում, բայց շատ կարևոր է, թե յուրաքանչյուրն իր շնորհը ի՞նչ նպատակի համար է ծառայեցնում: Եթե վարորդը ի սեր Աստծո է աշխատում, ուրեմն նրա համար թանկ ամեն մեկ ուղևոր՝ ինչպես Քրիստոս, և նրանց կյանքի համար չափազանց ուշադիր է, որի համար վարձատրվում է անշուշտ: Եթե լավ ձայն ունեցողը եկեղեցում երգում է Տիրոջ փառքի համար և իր երգով աղոթական տրամադրություն է ստեղծում եկեղեցում ներկա գտնվողների համար, նաև վճարվում է դրա համար: Մեկը շնորհ ունի քարոզելու, և այդ շնորհը ավելի է զարգացնում իր մեջ Ավետարանի խոսքով հարստացնելով, և ջանք չի խնայում, որ Ավետարանի պատգամը հասցնի Աստծու խոսքին կարոտ ծարաված սրտերին: Այս մշակն էլ արժանի է իր վարձին: Սրանք այն ծառաներն են, որոնք ավելացնում են իրենց Տիրոջ հարստությունը և Տիրոջ գալստյան ժամանակ կմտնեն Տիրոջ ուրախության մեջ՝ քչի մեջ հավատարիմ լինելու համար կստանան շատը, ըստ՝ խոստման: Այսինքն Տիրոջ ուրախության մեջ կկարգվեն արդեն շատի վրա: Ի՞նչ է նշանակում սա:
Մենք մեր շնորհներով երկրային կյանքում ապրում և գործում ենք առավելագույնը 60 - 70 տարի: Իսկ վարձը կստանանք հավիտենական կյանքի տեսքով՝ երկնքի արքայությունում: Հետևաբար հավատարիմ ծառայությունը ցանկացած մասնագիտության մեջ հարգանք ու պատիվ է երկրի վրա, և մեծ վարձատրություն՝ երկնքում, երբ Տէրը կասի,- Ապրես, բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ: Մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ: Աստված կամենա, որ յուրաքանչյուրս լսենք այս երանավետ խոսքերը մեր ականջներով;
Սիրելիներ, մենք տեսանք որ հինգ քանքար ստացող ծառան հինգ քանքարի չափ ջանք գործադրեց, երկու քանքար ունեցողը՝ երկու քանքարի չափ ջանք գործադրեց: Սակայն մեկ քանքար քանքար ունեցողը ոչ մի ջանք չգործադրեց, որպեսզի Տիրոջ ունեցվածքն ավելանա և Տիրոջ անունը փառավորվի: Հակառակը՝ մեղադրեց տիրոջը՝ չսերմանածը հավաքելու մեջ: Չնայած որ ինքն էլ էր ստացել իր կարողության չափով:
Մենք երիտասարդ տարիքում ունենք առողջություն, և զանազան ընդունակություններ, եթե դրանք գործի մեջ չդնենք երիտասարդ տարիքում, ծեր տարիքում դրանք արդեն գործածելի չեն լինի, և մենք այդ մեկ քանքար ունեցողի պես հողում թաղած կլինենք մեր ունակությունները՝ կամ ծուլության պատճառով, Տիրոջ ունեցվածքը չենք ավելացնի: Ինչպես որ չար և ծույլ է անվանում մեկ քանքարը հողում թաքցրած մարդուն: Ովքե՞ր են լումայափողները փոխաբերական իմաստով: Այն մարդիկ են, որոնք կարող էին օգնել մեկ քանքարը երկու դարձնելու հարցում, եթե նա դիմեր նրանց: Օրինակ, ենթադրենք Աստված մեկին Իր խոսքը հասկանալու շնորհ է տվել, այս մարդը պետք է այլոց նույնպես տեղեկացնի Աստվածաշնչի մասին, որպեսզի շատեր կարդան ու հասկանան;
Առակի գլխավոր մտքերից մեկն այն է, որ Աստված շնորհը տալիս է ըստ մեր կարողության, և դրանից առավել չի տալիս, ստուգելու համար այն ծառայեցնում ենք մե՞ր փառքի համար, թե՞ Աստծու անվան համար: Այնպես, ինչպես մեր կարողություններից առավել փորձության չի տալիս մեզ Աստված, ստուգելու համար տրտնջո՞ւմ ենք դժվարությունից, թե փառավորում ենք Աստծուն՝ մեզ զորացնելու համար:
Ինչի՞ համար է պետք ամեն բան անել Աստծու փառքի համար: Մի՞թե Աստված փառքի կարիք ունի: Աստված ամենևին փառքի կարիք չունի: Սակայն երբ մարդը Աստծու փառքի համար չծառայի, անպայման ծառայելու է ի՛ր փառքի համար և զբաղվելու է ինքնաերկրպագության և շատ արագ հայտնվելու է հպարտության մահացու մեղքի մեջ: Իսկ Աստծու միակ նպատակն է, որ ամեն մարդը փրկվի և արժանանա երկնքի արքայության: Իսկ երբ ծառայում ենք Աստծու փառքի համար Աստված օրհնում է և՛ երկրային կյանքը և՛ հատուցում է հանդերձյալում;
Ժողովրդական խոսքն ասում է,- մարդուն տուր պաշտոն և հարստություն և ինքն իրեն կկործանի: Նայեք այսօրվա ,,աստղերին,, որոնց արհեստական փայլը կուրացնում իրենց իսկ աչքերը: Կամ որոշ մեծահարուստների, որոնք չեն հագենում որ փառքից, ոչ հարստությունից, ոչ էլ դրա ձգտումից:
Շնորհները մարդկանց տրվում է այլոց օգտակար լինելու համար, սակայն մարդիկ Աստծու պարգևած շնորհները վերագրում են իրենց անձնական որակներին և այդ շնորհները գործածում են ո՛չ թե Աստծու փառքի համար, այլ՝ սեփական շահերի, և սեփական անվան: Մենք տեսնում ենք շատ մարդկանց մեր միջավայրում, որոնք միշտ պատրաստ են իրենց աշխարհիկ քանքարները ներդնելու և ամենագեղեցիկ տունը գնելու, ամենաշքեղ մեքենան ձեռք բերելու, ամենամոդայիկ հագուստը հագնելու, ամենաբարձր աթոռը զբաղեցնելու, սակայն պատրաստ չեն Աստծու փառքի համար օգնելու իրենց աչքի առջև ապրող կարիքավորին, որը բավարարվում է նվազագույն պայմաններում, սակայն իր քանքարը Աստծու փառքի համար է գործածում;
Մենք ականատես ենք լինում նաև, որ շուտով վերցվում են այդպիսի մարդկանցից իրենց հեղինակությունն ու ունեցվածքը զանազան դիպվածներով, որպեսզի չզրկվեն երկնքի արքայությունից:
Աստծու նպատակը մարդու փրկությունն է՝ մարդու մասնակցությամբ, սակայն Աստծու ունեցվածքով: Մենք իրավունք են ստացել Աստծու ունեցվածքը շահարկելու և հարյուրապատիկ արդյունք ստանալու:
Այս առակի միջոցով Տէր Հիսուս մեզ փաստում է, որ առևտրի մեջ եկամուտ ունենալը չի համարվում մեղք, եթե այն չի կատարվում ագահության մոլուցքի վրա, մի միայն կուտակելու նպատակով; Ցանկացած գործարք եթե շահավետ է միայն գործատիրոջ համար, այդտեղ սխալ կա, քանի որ քանքարը Տիրոջից է և ունեցվածքն էլ Տիրոջն է, հետևաբար պետք է ծառայի Աստծու փառքի համար և այլոց օգտակարության:
Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է փնտրի և հայտնաբերի իր մեջ Աստծու տված շնորհը, որը թաքցրել է հողի մեջ: Չկա մեկը, որը շնորհ չունենա Աստծուց: Խոսքը ցայտուն շնորհների մասին չէ, որը անզեն աչքով էլ տեսնում ենք շատերի մոտ, այլ այն մարդկանց, որոնք կարծում են, թե իրենք անտաղանդ են: Եթե մենք հայտնի կոմպոզիտոր չենք, դա դեռ չի նշանակում, որ մենք շնորհ չունենք; Պետք է փայլենք ամենափոքր շնորհի մեջ անգամ: Մեր շուրջը տեսնում ենք նաև մարդիկ, որոնք վախենում են մի գործ սկսելուց, մտածելով որ չեն հաջողի դրա մեջ: Բայց Աստված դրա համար տվել է մեկ քանքար, ուրեմն պետք է փորձենք՝ հայցելով Տիրոջ օրհնությունը: Առակի ավարտին մենք տեսանք, որ Աստված գոհությամբ վարձատրեց առաջին երկու ծառաներին, իսկ քանքարը թաքցրած ծառայից հրամայեց վերցնել այդ մեկ քանքարը և տալ նրան, ով տասը քանքար ունի: Եվ վերջում ասում է,- ով ունի, նրան պիտի տրվի, և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի: Իսկ անպիտան ծառան արժանացավ արտաքին խավարին, որտեղ լաց ու ատամների կրճտում է: Տէր Հիսուս չի առաջնորդվում մարդկային զգացմունքային թուլությամբ, այլ աստվածային սիրով, որը բխում է միմիայն մարդու շահերից:
Տէր Հիսուս Քրիստոս, բարիքների Շռայլ Պարգևատու, Դու որ մարդկանց զարդարում ես զանազան շնորհներով, օգնի՛ր մեզ այդ շնորհները զարգացնելու մեր մեջ, առանց մեզ վերագրելու դրանք:
Չլինի հանկարծ մեզ վերագրեք Քո տված շնորհը և հպարտության մեղքի մեջ հայտնվենք:
Կամ անտեսենք Քո տված շնորհը և հողում թաքցնենք՝ վնասելով թե՛ Քո հարստությունը, թե՛ մեզ:
Այլ օգնի՛ր մեզ Քո ունեցվածքը շահարկելով մեր հոգիների փրկությունը ապահովենք Քո արքայության մեջ:
Ամենասուրբ Երրորդությանդ Փառք, Պատիվ և Երկրպագություն հավիտյանս հավիտենից:Ամեն.
Սիրելիներ, ամփոփեցինք նաև այս խրատական առակը այսօրվա սերտողությունից: Եթե մեզ արդեն հայտնի են մեր շնորհները, շահարկենք Աստծու փառքի համար: Եթե դեռ չգիտենք, որ Աստված մեզ էլ է տվել շնորհ մեր կարողության չափով, ապա փնտրենք ու գտնենք և գործածության մեջ դնենք, դարձյալ Տիրոջ փառքի համար: Իսկ եթե թաքցրել ենք մեկ քանքար ունեցողի պես, այսօ՛ր հանենք հողի տակից և շահարկենք, որպեսզի երբեք չարժանանաք արտաքին խավարը նետվելուն; Մեր Տէրը Բարի է, առատաձեռն է, ոչ մեկին անմասն չի թողնում Իր շնորհներից, սակայն խստապահանջ նաև և ո՛չ մեկին չի անտեսում հաշիվ տալու օրը: Այս մտքերն էին, որ կամեցա փոխանցել ձեզ այսօր, այս առակի հետ կապված:
Մնացեք սիրով՝ ձեր կարողության չափով ստացած շնորհը շահարկեք ձեր կարողության չափով:
Հարց. Քեզ հայտնի՞ է քո ստացած շնորհը Աստծուց.