ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Երկրորդ օրենք 9.11-23
Հոբի գիրքը 16.1-17.16
Եսայու մարգարեությունը 43.22-44.8
Ավետարան ըստ Մատթևոսի. 25:1-13
ՏԱՍԸ ԿՈՅՍԵՐՈՒՆ ԱՌԱԿԸ
1 Երկնքի թագաւորութիւնը կը նմանի տասը կոյսերու, որոնք իրենց լապտերները առնելով՝ փեսան դիմաւորելու ելան։ 2 Ասոնցմէ հինգը իմաստուն էին, իսկ հինգը՝ յիմար։ 3 Յիմարները առին իրենց լապտերները, բայց իրենց հետ իւղ չառին. 4 Սակայն իմաստունները իրենց լապտերներուն հետ ամաններով իւղ ալ առին։ 5 Երբ փեսան ուշացաւ, ամէնքն ալ թմրեցան ու քնացան։ 6 Կէս գիշերին ձայն մը եղաւ. ‘Ահա փեսան կու գայ. զանիկա դիմաւորելու ելէք’։ 7 Այն ատեն բոլոր կոյսերը ելան ու իրենց լապտերները շտկեցին։ 8 Յիմարները ըսին իմաստուններուն. «Տուէք մեզի ձեր իւղէն, վասն զի մեր լապտերները մարելու վրայ են»։ 9 Պատասխան տուին իմաստունները ու ըսին. «Չըլլայ թէ մեզի ու ձեզի չբաւականանայ, այլ ծախողներուն գացէք եւ գնեցէք ձեզի համար»։ 10 Երբ անոնք գացին գնելու, փեսան եկաւ ու պատրաստ եղողները անոր հետ հարսանիքը մտան եւ դուռը գոցուեցաւ։ 11 Ետքը միւս կոյսերը եկան ու ըսին. ‘Տէ՛ր, Տէ՛ր, բա՛ց մեզի’։ 12 Բայց անիկա պատասխան տուաւ ու ըսաւ. ‘Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի. Ես ձեզ չեմ ճանչնար’։ 13 Ուրեմն արթուն կեցէք, վասն զի ո՛չ օրը գիտէք եւ ո՛չ ժամը»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր կսկսենք 25 րդ գլխի սերտողությունը, որը սկսվում է բոլորիդ կողմից շատ սիրված, սակայն երբեմն չհասկացված մի առակով՝ տասը կույսերի մասին. Այս առակի վերաբերյալ հավատացյալների հարցերը հնչում են երկու շերտով՝ և երկուսն էլ հասկանալի են, քանի որ վերլուծումները կատարվում են մարդկային նկատառումներով: Հարցերի մի մասը այսպիսին են,- Ինչո՞ւ իրենց ձեթից չտվեցին մյուսներին, չէ՞ որ բոլորն էլ Փեսային էին սպասում: Երկրորդ տեսակի հարցը այսպիսին է,- Ինչո՞ւ է առավելություն տրվում կույսերին, չէ որ Աստված օրհնում է ամուսնական կյանքը:
Լավ է, որ առակների մեկնաբանության ժամանակ հարցեր են առաջանում հավատացյալների մոտ, իսկ հարցեր է առաջանում այն ժամանակ, երբ մեզ տեսնում ենք առակի, կամ ավետարանական որևէ խոսքի մեջ, ո՛չ թե լսում ենք որպես պատմություն, կամ ուրիշի կյանքին վերաբերող մի դրվագ:
Քրիստոնյայի համար շատ կարևոր է իմանալ քրիստոնեության հիմք հանդիսացող կարևոր մի առաքինության մասին, որի շնորհիվ կարող է արժանանալ երկնքի արքայության: Այդ շնորհը զղջումն է, որի մասին առաջինը խոսեց Հովհաննես Մկրտիչը և այնուհետև, Տէր Հիսուս Քրիստոս իր քարոզությունը սկսեց ապաշխարության կոչով: Զղջում- վարձատրությունը՝ երկնքի արքայություն: Այսպիսի պարգև Աստծուց բացի որևէ մեկը չի կարող տալ մարդ արարածին: Այսօրվա առակի մեջ երկնքի արքայությունը նմանեցնում է տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած դուրս էին եկել դիմավորելու հարսին և փեսային:
Նախ հասկանանք, թե ինչո՞ւ էին կույսերը լապտերներով, և այդ ի՛նչ դռան մասին է խոսքը որ փակվեց նրանց առջև:
Մենք արդեն գիտենք, որ Հիսուս Քրիստոս հաճախ այնպիսի առակներով էր խոսում մարդկանց հետ, որոնք ծանոթ էին լսողների ականջին: Մեզ համար է այսօր անսովոր լապտերով գնալ հարսանիք, իսկ լսողները գիտեին, որ իրենց ավանդության մեջ ընդունված էր հարսանիքը սկսել երեկոյան, որովհետև ցերեկը անտանելի շոգ էր, և հավանաբար այն ժամանակ օդափոխիչներ չկային հարսանյաց սրահներում;
Ներկաները լապտերներով էի եկել ու սպասում էին արարողության սկսվելուն. Երբ հրավիրվածները բոլորը ներկայանում էին, հարսանիքի սրահի դռները փակվում էր տիրոջ կողմից:
Այս երևույթը իրականություն էր և բոլորը գիտեին այդ մասին, իսկ Տէր Հիսուս այնպիսի օրինակներ էր պատմում որպես առակ, որը և՛ ժողովրդին ծանոթ էր. և՛ այդ առակի միջոցով կարողանում էր իր ասելիքը հասցնել հանրության գիտակցությանը: Դուք էլ գիտեք, որ քարոզների թեման ավելի ընկալելի է դառնում, հավատացյալի համար, երբ օրինակներով է ներկայացվում այն Քարոզչի կողմից: Քրիստոսն էլ ուզում էր, որ աշխարհի վախճանի մասին նյութերը բոլորի համար հասկանալի լինեն, և յուրաքանչյուր ոք իրեն տեսնի առակում և ուղղիր իր սխալը մինչև դռների փակվելը: Առակում խոսքը վերաբերում է թագավորական հարսանիքին, որը ևս իր կանոններն ուներ, ինչպես տեսանք նախորդ առակի մեջ՝ հարսանեկան զգեստ ունենալու պարագայում:
Այս առակի մեջ էլ սպասող կույսերից հինգը հիմար էին, հինգը՝ իմաստուն: Առակները տարբեր են, բայց ասելիքը նույնն է, արթո՛ւն լինել ամեն ժամ:
Ի՛նչ առակ էլ որ պատմվի, մենք մեր մտքում պետք է ունենանք Հիսուս Քրիստոսին որպես Փեսա և Եկեղեցին որպես հարս: Քրիստոս աշխարհ եկավ հաստատելու համար Իր Եկեղեցին, իսկ այդ եկեղեցում ծառայողներ ենք պետք: Աստվածաշնչի մեկնաբաններն ասում են, որ այդ տասը կույսերը խորհրդանշում են Իսրայելի ժողովուրդը, որոնց մոտ եկավ Հիսուս, իսկ նրանցից շատերի լապտերի յուղը վերջացել էր և նրանք դուրս մնացին հարսանիքի խրախճանքից: Սակայն հեշտ է ամեն ինչ բարդել հրեա ազգի վրա: Իսկ մենք ինչպե՞ս ենք դիմավորում, արդյո՞ք մեր լապտերների մեջ բավարար է ձեթը՝ մինչև Տիրոջ Գալուստը:
Այս առակի շեշտը կույսերի վրա է, քանի որ Տէր Հիսուս Քրիստոս առակը պատմում է արթուն լինելու մասին, միշտ պատրաստ լինելու մասին: Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետը հիմար և իմաստուն կույսերի մասին ասում է,- Լապտերները խորհրդանշում են կուսությունը, մաքրությունը, որ ունեին տասն էլ: Իսկ ձեթը, որ լապտերների մեջ էր, ողորմության սերն է և բարի գործեր էր խորհրդանշում: Հիմար կույսերի մասին ասում է, որ նրանք թեպետ կույս էին, և իրենց նվիրել էին Հիսուս Քրիստոսին ծառայության, սակայն չունեին այդ սերը ողորմության նկատմամբ: Հետևաբար իրենց կուսությունը չփոխարինեց ողորմության սիրուն;
Սիրելիներ, նախորդ սերտողությունների մեջ մենք հանդիպեցինք ներքինիների օրինակին, և երեք տեսակ ներքինի հանդիպեցինք, առաջինները Աստծու փառքի համար, մյուսները իրենց մորից ներքինի ծնված, մյուսները՝ իրենք իրենց ներքինի դարձրած: Օրինակները հստակ են և՛ ներքինիների հարցում, և՛ կույսերի հարցում: Արժանավորը նա է, որը մարդասեր է ի սեր Աստծու, ո՛չ թե սեփական անվան ու փառքի համար:
Ներքինի կամ կույս լինելը չէ՛ կարևորը Քրիստոսի եկեղեցում ծառայելու համար, այլ ողորմության սերն է կարևոր իր նմանին օգնելու և սիրելու համար: Այս առակից մենք հասկացանք, որ հիմար կույսերը դուրս մնացին հարսանեկան սրահից և Քրիստոս չճանաչեց նրանց, երբ թակեցին դուռը:
Այս առակի մեջ կույսերի օրինակն է, մյուսի մեջ՝ ներքինիները, մեկ այլ տեղ հարուստ երիտասարդը և այլն: Այսինքն բոլոր առակների նպատակը մեկն է՝ յուրաքանչյուրին մի բան է պակասում, կամ մի բան է խանգարում նվիրյալ լինելու համար: Երկնքի արքայությունը այն կույսի համար է, որը կույս է ո՛չ միայն մարմնով, այլ մաքուր է սրտով, ամուր է հավատքով, ճշմարիտ է դավանությամբ, Քրիստոսի վարդապետության մեջ Քրիստոսի փառքն է փնտրում, մարդասեր է և ողորմած: Չի՛ կարող մեկը իր կուսությունը փոխել երկնքի արքայության հետ, եթե չունի այն չափանիշները, որոնք սովորեցնում է Քրիստոս: Մարդը փառասեր է, բոլորս գիտենք այդ մասին: Նույնիսկ մեկը որ Աստվածաշունչը գիտի, կարող է հպարտանալ դրանով, մեկը որ եկեղեցասեր է, կարող է հպարտանալ դրանով: վարդապետն ու եպիսկոպոսը կարող են հպարտանալ իրենց գավազաններով և իրենց իշխանությամբ, սակայն Քրիստոսի պահանջ այլ է...
Լապտերի լույսը Քրիստոսի խոսքն է, որը միշտ պետք է վառվի և լուսավորի շուրջը: Ո՛ւմ մոտ, որ Աստծու խոսքը հանգչի, Փեսան նրան չի ընդգրկի Իր հարս՝ եկեղեցու կազմի մեջ: Այդ տասը կույսերը հավաքական կերպար են և ներկայացնում են ինչպես եկեղեցում ծառայողները, այնպես էլ համայն մարդկությունը: Իմաստուն կույսերը մարմին և հոգի են, որոնք գործում են ներդաշնակ: Այսինքն իմաստունների հինգ զգայարանները իրենց կառավարման ներքո են և այդ հինգ զգայարանների սանձը իրենց ձեռքում է: Իսկ հիմար կույսերը անհոգի են և մեռած իրենց գործերով, չնայած որ պահել էին իրենց կուսությունը, բայց չարժանացան Տիրոջ ուշադրությանը, քանի որ Իրենց անվան համար էին պահել, ո՛չ թե Քրիստոսի փառքի:
Մենք երեկ խոսեցինք հավատարիմ և անհավատարիմ ծառաների մասին, որոնք կարգված են Տիրոջ ոչխարներին արածեցնելու համար: Դարձյալ Տիրոջը սպասելու գեղեցիկ օրինակ էր: Իմաստունը Տիրոջն սպասելով և հույսը չկորցնելով, ժամանակին կերակուր է տալիս իր հոտի ոչխարներին, իսկ մյուսը, որ հույսը կորցրել է Տիրոջ գալուստի հետ կապված, անտեսել է նաև Տիրոջը պատկանող հոտի խնամքը:
Սիրելիներ, յուրաքանչյուր նոր առակ կարդալիս, մտաբերեք նմանատիպ մեկ ուրիշ առակ, որ պատմել է մեզ մեր Տէրը և գլխավոր ասելիքը հասկանալի կլինի: Երեմիա Մարգարեության մեջ գրված է,- Կօրհնեմ Ինձ Օրհնողներին: Իսկ եթե Աստված կամենա մեզ օրհնել, ո՞վ կարող է այդ օրհնությունը խափանել:
Հետևաբար քրիստոնյան պետք է հոգով հասկանա ողջ ճշմարտությունը, ո՛չ թե որևէ առակով, որովհետև այս առակի մեջ հինգ կույսերի դիմաց փակվեց արքայության դռները, իսկ մեկ այլ տեղում մեղավոր և անբարո կինը արժանացավ ներման և հետագայում շրջում էր Քրիստոսի և ժողովրդի հետ:
Մեր ներկա օրերը այդ սպասման օրերն են, որ սպասում ենք Փեսային: Շատերը՝ առանց մտահոգության իրենց լապտերների յուղի մասին, մի մասն էլ պահեստային յուղով, բայց սպասում ենք և հայտնի չէ, թե երբ կգա Փեսան: Ավետարանն ասում է կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա գալիս է Փեսան, նրան դիմավորելու ելեք: Բոլոր կույսերը վեր կացան և կարգավորեցին իրենց լապտերները, այդ ժամանակ հիմարները ձեթ խնդրեցին քանի որ հանգչում էր իրենց լապտերների լույսը: Իսկ իմաստունները մերժեցին, քանի որ վախեցան, թե իրենց էլ չի հերիքի և խորհուրդ տվեցին, որ գնան առնեն իրենց համար ձեթ: Նրանց գնացած ժամանակ եկավ փեսան և ովքեր պատրաստ էին փեսայի հետ ներս մտան և դուռը փակվեց: Ավարտը արդեն հիշում եք, եկան նաև մյուս կույսերը, սակայն Տէրը ասաց,- ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում: Արթուն կացեք,- ասում է Տէրը,- քանի որ չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը:
Տարիներ շարունակ այս և մնացած առակները լսել ենք: Եթե վաղը կեսգիշերին գա պատահաբար մեր Տէրը, մեր լապտերների համար պահեստային ձեթ ունե՞նք, թե պիտի վազենք գնելու: Կեսգիշերին արդեն ուշ է որևէ բան գնելու համար: Սա էլ փոխաբերական իմաստով է, քանի որ որևէ առաքինությունը նույնիսկ մեծ գումարով անկարելի է գնել, այն ջանքով պետք է ձեռք բերել ժամանակի ընթացքում:
Երբ գա մեր Տէրը, մենք այլևս մեկմեկու չենք կարող օգնել որևէ բանում: Յուրաքանչյուրը Տիրոջ առջև կկանգնի այնպես, ինչպես որ կա: Սակայն մենք կարող ենք միմյանց օգնել մեր երկրավոր կյանքի ընթացքում, եթե մեկը կարիք ունի օգնության: Առակն ասում է, որ հիմար կույսերը վերադարձան և ասացին,- Տէր, Տէր, բաց արա: Մենք չգիտենք, որ նրանք վերադարձան, արդյոք գտել էին ձեթ, թե՝ ոչ: Սակայն ամեն բան հայտնի է դառնում, երբ Տէրը ասում է, չեմ ճանաչում ձեզ: Մատթևոսի Ավետարանի 7 րդ գլխում դարձյալ Տէր Հիսուս ասում է, - Ո՛չ ամեն մարդ, որ Ինձ Տէ՛ր, Տէ՛ր է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը: Նույնիսկ նրանք, որոնք պիտի ասեն, թե՝ Տէ՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք, սրանց էլ պիտի ասի,- ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ամենքդ ինձնից:
Սիրելիներ, ես վստահ եմ, որ դուք այս բոլորը լսելուց հետո, ձեր մտքում պատասխանեցիք այն հարցերին, որ մինչև սերտողությունը ասացի ձեզ, թե մարդիկ տալիս են այդ հարցերը՝ առակը չհասկանալու պատճառով: Առաջին հարցն այն էր թե ինչո՞ւ իմաստունները իրենց ունեցած պահեստային ձեթից նրանց ձեթ չտվեցին: Վստահ եմ, որ դուք էլ ձեր մտքում նույն պատասխանը ունեք, թե՝ սիրո առաքինությունները անկարելի է փոխանցել, յուրաքանչյուրը ինքը պետք է ձեռք բերի: Այդ առաքինությունները որևէ տեղից անկարելի է ձեռք բերել, բացի Քրիստոսի խոսքը կատարելուց:
Երկրորդ հարցն այն էր, թե ինչո՞ւ է նախապատվությունը տրվում կուսությանը, երբ Աստված օրհնում է ամուսնությունը: Այստեղ է պատասխանը նույնն է, որ նախապատվությունը տրվում է ո՛չ թե կուսությանը, այլ՝ Աստծո խոսքի հանդեպ ունեցած պատասխանատվությանը, արթնությանը, և հավատարմությանը: Քանի որ այն հինգը կույս էին, բայց ներս չմտան, իսկ քաղաքի մեղավոր կինը, որ շատ սիրեց Քրիստոսին, ներվեց և նրա անունը գրվեց Ավետարանում:
Սիրելիներ, եթե զգում եք, որ ձեր լապտերի յուղը պակաս է, այսօ՛ր համալրեք, շատ ամբարեք ձեզ համար պահեստային ձեթ, որպեսզի միշտ վառվի, միշտ լուսավորի շուրջը և երբեք չպակասի, թեկուզ և Տէրը ուշանա…Կարևորը արթուն եղեք, սա Ավետարանի գլխավոր պատգամներից մեկն է, որը մեր Տէրը նաև աշակերտներին ասաց Գեթսեմանի պարտեզում: Այսքանը ձեզ՝ տասը կույսերի առակի մասին, հուսամ ասելիքս կարողացա հասցնել ձեր մտքին ու սրտին:
Մնացեք սիրով՝ այսօ՛ր պատրաստեք ձեր լապտերները և պահեստային ձեթը այսօ՛ր ձեռք բերեք: Ո՛չ ոք չի կարող ձեզ օգնել այդ հարցում, ինչպես որ տեսաք առակի մեջ:
Հարց. Իմաստուն կույսերը կարո՞ղ էին տալ իրենց ձեթից հիմար կույսերին.