ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Թուղթ եբրայեցիներին 11.1-31
Ավետարան ըստ Մատթևոսի. 24:36- 51
ՈՉ ՈՔ ԳԻՏԷ ՕՐԸ ԵՒ ԺԱՄԸ
36 «Իսկ այն օրուան եւ այն ժամուն համար մարդ չի գիտեր, ոչ ալ երկնքի հրեշտակները, հապա միայն իմ Հայրս։ 37 Բայց ինչպէս Նոյի օրերը եղաւ, Որդի մարդոյ գալուստն ալ այնպէս պիտի ըլլայ։ 38 Քանզի ինչպէս էին այն օրերը ջրհեղեղէն առաջ՝ կ՚ուտէին, կը խմէին, կին կ՚առնէին ու էրկան կու տային՝ մինչեւ այն օրը երբ Նոյ տապանը մտաւ, 39 Չգիտցան՝ մինչեւ ջրհեղեղը եկաւ ու ամէնքը վերցուց, Որդի մարդոյ գալուստն ալ այնպէս պիտի ըլլայ։ 40 Այն ատեն եթէ երկու հոգի արտի մը մէջ ըլլան, մէկը պիտի առնուի ու միւսը ձգուի. 41 Եւ եթէ երկու կին մէկ աղօրիքով աղալու վրայ գտնուին, մէկը պիտի առնուի ու միւսը ձգուի։
42 «Ուրեմն արթուն կեցէք, վասն զի չէք գիտեր թէ որ ժամուն ձեր Տէրը պիտի գայ։ 43 Բայց այս գիտցէք, թէ եթէ տանտէրը գիտնար թէ գիշերուան որ պահուն գողը կու գայ, արթուն կը կենար եւ թող չէր տար որ իր տունը ծակեն։ 44 Անոր համար դուք ալ պատրաստ կեցէք, քանզի Որդին մարդոյ պիտի գայ այնպիսի ժամու մը որ դուք չէք կարծեր»։
45 «Ո՞վ է այն հաւատարիմ ու իմաստուն ծառան՝ որ իր տէրը իր ծառաներուն վրայ դրաւ, որպէս զի ատենին անոնց կերակուր տայ։ 46 Երանի՜ է այն ծառային, որ իր տէրը եկած ատեն պիտի տեսնէ թէ այնպէս ըրած է։ 47 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի որ իր բոլոր ունեցածին վրայ պիտի կեցնէ զանիկա։ 48 Հապա եթէ այն չար ծառան իր սրտին մէջ ըսէ, ‘Իմ տէրս իր գալը կ՚ուշացնէ’, 49 Եւ սկսի իր ծառայակիցները ծեծել ու գինովներուն հետ ուտել ու խմել։ 50 Այն ծառային տէրը պիտի գայ այնպիսի օր մը որ չի սպասեր եւ այնպիսի ժամու մը՝ որ չի գիտեր 51 Եւ զանիկա մէջտեղէն պիտի կտրէ ու անոր բաժինը կեղծաւորներուն հետ պիտի դնէ։ Հոն պիտի ըլլայ լալ ու ակռաներ կրճտել»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, մեծ ընտանիքի սիրելի անդամներ, արդեն կարող եմ ձեզ համայնք կոչել, քանի որ շատերիդ՝ անունով գիտեմ, շատերիդ՝ անձամբ գիտեմ, ինչի համար ուրախ ենք բոլորս միասին: Սա ևս Աստծու պատվիրաններից մեկն է, որ մենք սիրենք միմյանց, որպեսզի մեր Տէրը իմանա, որ իր աշակերտներն ենք: Տէր Հիսուս ճանաչում է Իր հոտի ամեն մեկ ոչխարի և ճանաչվում է նրանից: Եթե մեր գլխի մազերն են հաշված, ուրեմն մեր քանակը նույնպես հայտնի է Իրեն: Այսինքն եթե առավոտ մեր Տէրը հաշվել է հարյուր ոչխար, երեկոյան այն չի կարող լինել ինսունինը, քանի որ Քրիստոս պահում է իրեն հավատացող ամեն մեկ գառնուկ: Իսկ հիմա լսենք մեր Բարի Հովվի ձայնը և տեսնենք, թե ի՞նչ ասում մեզ այսօ՛ր: Մեր ամենօրյա սերտողությունները ավարտի հասնելով, նմանվում են լեռ բարձրանալուն, ամեն օր ավելի մեծ ջանք է պետք հասնելու համար, ամեն օր ավելի մեծանում է հետաքրքրությունը՝ գագաթին հասնելու, և հատկապես մեծանում է պատասխանատվությունը՝ կիսատ չթողնելու վեր բարձրանալու գործընթացը:
Նախորդ գլուխների մեջ մենք հանգամանալից տեղեկացանք աշխարհի վախճանը փաստող երևույթներին, նրանց պատճառներին, անխուսափելիությանը, բայց ո՛չ երբեք ժամերին ու ժամանակներին: Աշխարհի վախճանի ստույգ ժամանակը չիմանալը դարձյալ բխում է մեր շահերից: Կարևորը մենք գիտենք նրա անխուսափելիության մասին: Ճիշտ այնպես, ինչպես որ յուրաքանչյուրս գիտենք, որ մեր կյանքը մի օր ավարտ ունի, բայց ո՞ր օրն է դա, ո՛չ ոք չգիտե: Դա ևս բխում է մեր շահերից: Եթե մարդն իմանար իր մահվան օրը, աշխարհը կդառնար գորշ և միապաղաղ, ո՛չ ոք ոչինչ չէր անի այն բարելավելու համար::
Այդքան առատ տեղեկություններ տալուց հետո, Ի գիտություն բոլոր ներկաների և բոլոր լսողների, Հիսուս Քրիստոս ասում է, որ այդ օրվա մասին ո՛չ ոք չգիտե, ո՛չ հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը: Իրեն բացառելով, ո՛չ թե Նա հերքում է Իր աստվածությունը, այլ փաստում է Իր նաև մարդկային հանգամանքը, որ որպես մարդու Որդի չգիտե, իսկ որպես Աստված անշուշտ գիտե: Մենք հավատում ենք, որ Քրիստոս մարդկային բնություն ստացավ և ծնվեց կատարելապես՝ առանց մեղքի: մեզ ևս որպես մարդ տրված չէ իմանալու Երկրորդ Գալուստի ժամերի մասին:
Այսօրվա խոսքերի մեջ մեր Տէրը մի նոր բացահայտում է անում, կապված աշխարհի վախճանի հետ, մեզ մի փոքր ավելի սթափեցնելու համար: Մեծ նեղությունների ժամանակաշրջանի ավարտին, մարդու Որդու Գալուստը համեմատում է Նոյի օրերի հետ, երբ մարդկությունը ջրհեղեղից առաջ ապրում էր մեղքի հետ համերաշխ, ուտում, խմում էին, ամուսնանում էին, և առհասարակ ուշադրություն չէին դարձնում, թե ի՞նչ է անում Նոյը, ինչո՞ւ է պատրաստում այդ նավը ցամաքի վրա, գուցե նաև ծաղրողներ էլ կային: Այսինքն հանձնարարությունը ստացել էր Նոյը, թո՛ղ Նույն էլ զբաղվեր դրանով: Բայց Սուրբ Գիրքն ասում է, որ մեկ տարի տևեց Տապանի կառուցումը: Նոյը և կառուցում էր և զգուշացնում էր մարդկանց գալիք վտանգի մասին: Բայց մարդիկ խաղաղ էին, հանգիստ էին, մինչև այն օրը, երբ Նոյը Տապան մտավ: Մնացած պատմությունը բոլորդ գիտեք, թե ինչպես ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին: Մարդու Որդու Գալուստը այդպես կլնի, - ասում է Տէր Հիսուս Քրիստոս: Մենք գիտենք, որ հավատով է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, վախից բռնված, իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարութեան, որ հավատից է:
Հիմա սիրելիներ, մի պահ դուրս գանք Ավետարանից և տեղափոխվենք մեր կյանք: Ամեն կիրակի Փրկության Տապան համարվող եկեղեցում կատարվում է Պատարագ և մատուցվում է Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունը: Համարեք, որ սա տապանի կառուցում է: Մարդիկ եկեղեցու կողքով անցնում են անտարբեր, իրենց գործերով ու հոգսերով, կարծես թե այդ Պատարագը միայն «Նոյին» է վերաբերում:
Վաղ առավոտից եկեղեցու զանգերը ղողանջում են ժամերգությունից առաջ, սակայն հարակից շենքերի բնակիչները քնած են հանգիստ: Համարեք, որ սա Տապանի կառուցումն է, իսկ մարդիկ անտարբեր քնած են:
Բոլորս գիտենք, որ քրիստոնյան պետք է մկրտված լինի, որպեսզի իրավունք ունենա հաղորդվելու Քրիստոսի Մարմնի և Արյան Հաղորդությամբ: Անսպասելի պատերազմ եղավ և մենք շատ զոհեր ունեցանք, որոնք մկրտված չէին: Համարեք, որ սա էլ Տապանի կառուցում է, և մենք անհոգ ենք մեր մկրտության վերաբերյալ: Օրինակները շատ շատ են մեզանում, որտեղ մենք անհոգ ենք ո՛չ միայն Պատարագի, ժամերգության, մկրտության ու Պսակի, այլ մենք անհոգ ենք նաև մեր մահվա՛ն նկատմամբ: Սա առանձին թեմա է, որին կարելի է անդրադառնալ առանձին նյութով:
Պատկերը նույնն է Նոյի ժամանակ, Հիսուս Քրիստոսի ժամանակ, և այսօր՝ մեր օրերում: Մարդը անտարբեր է իր փրկության հարցում: Անտարբեր է նաև իր ապրած տարիներ համար: Մարդ արարածին հետաքրքիր է միայն վայելք ու հարստություն: Մենք շատ շատ ենք լսում, և տրվող հարցերի մեծ մասն այն մասին է, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ այսքան արհավիրքներ լինեն: Անշուշտ նման հարցեր տվողները լուր չունեն Աստվածաշնչից: Չգիտեն, թե Աստված որքան հնարավորություն ու ժամանակ է տալիս մարդուն, որպեսզի մարդը իրեն չվնասի: Նոյի օրինակը բավական է հասկանալու համար, որ տվյալ ժամանակաշրջանի մարդկանց մեջ արդար գտնվեց միայն Նոյի ընտանիքը: Աշխարհը ապականված էր մեղքով, և ոչ ոք չէր անդրադառնում Աստծու հրահանգին:
Նաև կան մարդիկ, որոնք աներևակայելի վստահությամբ ասում են,- Աստված ողորմած է, թույլ չի որ աշխարհը կործանվի: Աստված ողորմած է, և Բարեգութ է, դա գիտենք յուրաքանչյուրս մեր օրինակից, քանի որ հանդուրժել է մեզ՝ մեր մեծագույն մեղքերի մեջ, և կանչել է մեզ դեպի փրկություն; Հիշենք մի գեղեցիկ օրինակ Ավետարանից: Քրիստոս սիրում էր Ղազարոսին, բայց թույլ տվեց, որ մեռնի: Նաև հիշենք, որ Ղազարոսի քույրերը անմիջապես Քրիստոսի՛ն լուր ուղարկեցին Ղազարոսի հիվանդանալուն պես: Նրանց հույսը Քրիստոսն էր: Սա նշանակում է, որ քրիստոնյան զերծ չէ մահվանից, այլ պատրաստ պետք է լինի ամեն ժամ: Սակայն պետք չէ մոռանալ, որ Աստված նո՛ւյնն է թե՛ Հին Կտակարանում, և թե՛ Նոր կտակարանում: Երբ ժողովուրդը չի հնազանդվել Աստծուն, երես է դարձրել Աստծուց, Աստված այդ ժողովրդին հանձնել է իր նրա թշնամուն՝ հալածանքի համար, այնուհետև պատժել է նաև այդ թշնամուն: Արթնության կոչը՝ ուղղված մարդկությանը, երբեք չի դադարել: Ավետարանն ասում է, այդ ժամանակ, եթե դաշտի մեջ երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, մյուսը թողնվի: Այս օրինակները նրա համար են որ մենք հասկանանք, որ բոլոր ժամանակներում էլ կլինեն հավատացողներ և չհավատացողներ: Կլինեն վերցվողներ և կլինեն մնացողներ: Այսինքն ոչխարները կզատվեն ուլերից, ինչպես Ավետարանն է ասում:
Մի՞թե որևէ մեկը գիտե, թե ի՞նչ է պատահելու իրեն մոտակա ժամանակներում: Իհա՛րկե ո՛չ ոք չգիտե: Ուրեմն ինչպես կարող է այդ նույն Ողորմած Աստված փրկել մեկին, եթե ինքը անտարբեր է իր փրկության նկատմամբ, նույնիսկ իմանալով , որ Աստված գոյություն ունի: Հետևաբար ասում է, - արթուն կացեք, քանի որ չգիտեք, թե ե՞րբ է գալու ձեր Տէրը: Շատ խորհրդավոր համեմատություն է անում Տէր Հիսուս, մեր անգիտության վերաբերյալ, գողի օրինակը բերելով: Մի՞թե մենք չէինք պահպանի մեր տունը, եթե իմանայինք, որ գող է մտնելու ներս: Անպայման կհսկեինք ու թույլ չէինք տա: Մարդու Որդու գալուստը կլինի գողի գալու նման, երբ մենք բացակա ենք մեր հոգևոր տնից: Կլինի Նոյի օրերի նման, երբ մենք անտարբեր ենք Տապանի կառուցման նկատմամբ: Անպատրաստ մարդկանց համար էր ասում, որ կլինի լաց և ատամների կրճտում:
Չսպասված օրերի ու ժամերի մասին հիմնավոր բացատրություններ տալուց հետո, ներկաներին մի հետաքրքրական հարց է տալիս Տէր Հիսուս:
-Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը կարգեց իր ծառաների վրա, իր ժամին կերակուր տալու համար նրանց, -ասում է Քրիստոս:
Այնուհետև երանի է տալիս այն ծառային, որը մտքում միշտ ունի Տիրոջ պատգամը և ժամանակին հոգ է տանում իրեն հանձնված հոտին և կերակուր է տալիս նրան՝ ամեն օր սպասելով իր Տիրոջը: Այսպիսի ծառան կարժանանա Տիրոջ մեծագույն ուշադրությանը և կարժանանա ավելի մեծ պատվի:
Սակայն լավ բան չի սպասվում այն ծառային, որը Նոյի ժամանակվա ժողովրդի նման պարապության է մատնված և հոգ չի տանում իր հոտի անվտանգության համար, քաղցած է թողնում հոտին, գայլից չի պաշտպանում նրան, մտածելով, որ Տէրը ուշանում է: Այսպիսին նույնպես կարժանանա Տիրոջ ուշադրությանը, սակայն պատժի ու կեղծավորների վախճանին արժանանալու առումով:
Այստեղ հարկ է հիշել Պետրոսի հարցը, թե՝ ի՞նչ կունենանք մենք Քո Երկրորդ Գալուստին, որ թողեցինք ամեն ինչ: Տէր Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե դուք, որ եկաք իմ հետևից, երկրորդ գալստյանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստեք տասներկու աթոռների վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին: Մտթ.19:28
Ծառայի հավատարմությունը երբեք անպատասխան չի մնա ըստ Տիրոջ խոստման:
Ովքեր են այդ ծառաները, որոնցից ակնկալում է Տէր Հիսուս, որ նրանք ժամանակին կերակուր տան իր ծառաներին; Այս ծառաները նրանք են, որոնք հանձն են առել Ավետարանի քարոզչությունը, ստանձնել են առաքելական պատասխանատվություն՝ Քրիստոսի եկեղեցում սպասավորելու համար: Կարգվել են հավատացյալ հոտի վրա, որպես տեսուչներ և երեցներ: Այդ ծառաները մեր այսօրվա հոգևոր դասի սպասավորներն են, որոնցից ակնկալիք ունի ինչպես Տէր Հիսուս Քրիստոս, այնպես էլ հավատացյալ հոտը, որը կարիք ունի ժամանակի կերակուր ուտելու, կարկուտից ու ձյունից պաշտպանվելու, փարախի մեջ իրեն ապահով զգալու, և իր հովվի ձայնը մշտապես լսելու: Հովհաննեսի Ավետարանի 10 րդ գլխում Տէր Հիսուս ասում է, Ես եմ ոչխարների փարախի դուռը: Քրիստոսի ժամանակվա ոչխարների փարախը դուռ չի ունեցել: Երբ ոչխարները մտել են փարախ՝ գիշերելու համար, քաջ հովիվը լայնքով պառկել է դռան փոխարեն, որպեսզի թե՛ ոչխարները դուրս չգան ու կորեն և թե՛ գայլը չմտնի ու վնասի ոչխարներին:
Հետևաբար այստեղ Տէր Հիսուս ակնկալում է, որ իր ոչխարներին վերակացու կարգված ամեն մեկ հովիվ չկորցնի ոչ մի ոչխար, որ պատկանում է իր Տիրոջը:
Իսկ թե ի՞նչ վիճակ է հիմա, մեր օրերում, դուք ինձնից լա՛վ գիտեք, քանի որ բոլորդ ունեք հովիվներ:
Քանի՞ ոչխար է լսում իր հովվի ձայնը, դա՛ էլ գիտեք:
Քանի՞ հովիվ է կանչում իր ոչխարներին, որ չմոլորվեն հոտից, դա՛ էլ գիտեք:
Բայց շատ կարևոր է, որ բոլորս իմանանք, որ աշխարհը կանցնի, բայց Տիրոջ խոսքերից մեկ փոքրիկ տառ անգամ չի կորի:
Հավատարիմը վարձատրվելու է, կանչողին լսելու են, լսողը չի կորելու, իսկ երբ Տէրը գա և այս բոլորը կատարված տեսնի, մեծ կլինի վարձքը դրանք կատարողի:
Սիրելիներ,ամփոփենք այսօրվա սերտողությունը, ի մտի ունենալով, թե ինչո՞ւ մեր Տէրը չհայտնեց մեզ Իր Երկրորդ Գալուստի ժամերն ու ժամանակները: Որպեսզի Քրիստոսի եկեղեցին գտնվի սպասման մեջ: Իսկ սպասման մեջ գտնվող մարդը միշտ պատրաստ է կա՛մ դիմավորելու, կամ մեկնումի; Այսինքն աշխարհի վախճանը անհատական է ամեն մարդու համար: Ամեն մարդու կյանքի ավարտ իր համար այդ սպասումի ավարտն է, եթե սպասման մեջ է եղել իհարկե: Իսկ մարդու Որդու Գալուստը կլինի այն ժամանակ, երբ մարդու Որդին կտեսնի, որ հասել է ժամանակների լրումը: Իսկ մենք չնմանվենք այն փարիսեցիներին, որոնք ասացին ու չարեցին, այլ նմանվենք մեկ այլ փարիսեցու, որը դարձավ ընտրյալ անոթ Քրիստոսի խոսքը տարածելու համար, մեր սիրելի Պողոս առաքյալին նմանվենք:
Չնմանվեվք այն մաքսավորներին, որոնք միայն հարկահավաք էին, այլ նմանվենք մեր սիրելի Մատթևոս առաքյալին, որը լքեց իր մաքսավորի պաշտոնը և հետևեց Քրիստոսին:
Այսօր այսքանը ձեզ՝ սթափ և արթուն լինելու համար:
Մնացեք սիրով՝ մնացեք արթուն, ո՛չ միայն աչքերով, այլ նա՛և մտքո՛վ, սրտո՛վ, հոգո՛վ և կյանքո՛վ;
Հարց. Ինչո՞ւ Տէր Հիսուս մեզ չասեց Իր Գալստյան ստույգ ժամանակը.