ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ելք 3.16-22
Հովելի մարգարեությունը 3.1-8
Ավետարան ըստ Մատթևոսի. 24: 29-35
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ԳԱԼՈՒՍՏԸ
29 «Այն նեղութեան օրերէն յետոյ արեգակը պիտի խաւարի ու լուսինը իր լոյսը պիտի չտայ, աստղերը երկնքէն պիտի իյնան ու երկնքի զօրութիւնները պիտի շարժին։ 30 Այն ատեն Որդի մարդոյ նշանը պիտի երեւնայ երկնքի մէջ ու երկրի բոլոր ազգերը կոծ պիտի ընեն եւ պիտի տեսնեն Որդին մարդոյ երկնքի ամպերուն վրայ եկած՝ զօրութիւնով ու մեծ փառքով։ 31 Անիկա իր հրեշտակները պիտի ղրկէ մեծաձայն փողով ու պիտի ժողվեն իր ընտրեալները չորս հովերէն, երկնքի մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը»։
32 «Թզենիէն առակ մը սորվեցէք. որ երբ անոր ոստերը կակուղնան ու տերեւները ցցուին, կը հասկնաք թէ ամառը մօտ է։ 33 Նոյնպէս դուք երբ այս ամէն բաները տեսնէք, գիտցէք թէ մօտ է դռներուն քով։ 34 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ այս ազգը պիտի չանցնի մինչեւ այս ամէն բաները ըլլան։ 35 Երկինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնաւ պիտի չանցնին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մեր պահք պահողները գիտեն, որ այսօր Միջինք է, ասել է թե պահքը կես եղավ: Երկու խոսքով ձեզ տեղեկացնեմ Միջինքի խորհրդի մասին, ու անցնենք մեր սերտողությանը:
ՄԻՋԻՆՔ անունն է կրում Մեծ պահքի տևողության մեջտեղի օրը՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթին:
Բարեպաշտական առումով Միջինքը որոշակի ինքնահաշվետվության օր է պահքի անցած ժամանակը գնահատելու և այն առանց թուլացնելու շարունակելու վճիռն ամրապնդելու համար: Ուստի և այս օրը յուրահատուկ հոգեբանական դադարի պահ է, ոմանց համար էլ՝ պահքն ընդհատելու, մինչև իսկ խրաճանքների դիմելու առիթ, ինչը, սակայն, հիմնված չէ սրբազան ավանդության վրա և բնավ չի խրախուսվում Եկեղեցու վարդապետների կողմից: Իսկ ժողովրդական մասը Միջինքի այն է, որ պատրաստվում է կլոր գաթա և մեջը դրվում է մի մետաղադրամ: Գաթան բաժանվում է ընտանիքի անդամների թվով, և ում որ բաժին է ընկնում այդ մետաղադրամը, ըստ ավանդության նա համարվում է ընտանիքի հաջողակը: Բայց ժողովրդական մասը միշտ որևէ տոն ավելի ուրախ դարձնելու համար է: Զավեշտալին այն է, որ շատ հաճախ այն ընտանիքները որոնք պահք չեն պահում նրանք են անհամբեր սպասում այս գաթայի բաժանման պահին;
Սիրելիներ, երեկվա Ավետարանի մեջ մենք մի արտահայտություն լսեցինք Տէր Հիսուս Քրիստոսից, որը ուժի մեջ է՝ ասելու պահից սկսած մինչև աշխարհի վախճանը, և բացառում է ամեն տեսակ պատճառաբանությունները, որոնք կարող են անել մարդիկ՝ մեծ նեղությունների ժամանակ:
-Ահա Ես ձեզ առաջուց ասեցի,- ասում է Հիսուս Քրիստոս, բոլոր կանխասացությունները անելուց հետո:
Երբ մեր կյանքում, կամ մե ապրած ժամանակներում մի զարմանահրաշ բան է կատարվում, ո՛չ ոք այս խոսքը չի հիշում, որ Ավետարանը մեզ ամեն ինչի մասին տեղեկացրել է և զգուշացրել է:
Գալիք բոլոր նեղությունների մասին զգուշացնում է ինչպես հրեաներին, այնպես էլ իրեն հետևող քրիստոնյաներին, որպեսզի երբ պատահի, անակնկալի չգան; Քանի որ զգուշացնում է ո՛չ միայն գալիք արհավիրքների մասին, այլ նաև դրանց գալու պատճառների մասին: Քանի որ բոլոր չարիքները աշխարհի սկզբից սկսած առաջանում են անօրենությունների շատությունից: Այս զգուշացումների մասին Տէր Հիսուս չխոսեց իր քարոզության սկզբից, այլ՝ Իր խաչելությունից առաջ: Որովհետև մարդիկ չէին կարող հաղթահարել այդ վախերը՝ մեծ նեղությունների նկատմամբ: Այլ բացատրեց մարդկանց Իր աշխարհ Գալու նպատակի մասին, մարդկանց մեղքի մեջ ապրելու իրականության մասին և չապաշխարելու դեպքում՝ սպասվելիք պատժի մասին: Իր առաքելության ավարտն է համարյա, այլևս ժամանակ չկա սպասելու, քանի որ առաջնորդները առիթ ու ճանապարհ են փնտրում Նրան բռնելու և կուսակալի առջև ամբաստանելու համար, իսկ Ինքը խոսում էր անդադար, տեղեկացնում էր ամեն ինչի մասին՝ հատկապես աշակերտներին:
Աշխարհի վախճանից առաջ մի կարևոր բան պետք է լինի, որի մասին զգուշացրեց իր աշակերտներին: Արքայության Ավետարանը պետք է քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր հեթանոսների, և ապա պիտի լինի վախճանը: Մենք գիտենք, որ այդ ժամանակ Ավետարանները դեռ գրված չէր: Աշակերտները հասկացա՞ն, որ այդ պատգամը բացառապես իրենց էր վերաբերում: Նրանք գուցե չէին էլ մտածել Ավետարան գրելու մասին: Բայց Տիրոջ խոսքը անկատար չի մնացել ո՛չ մի տեղ Սուրբ Գրքում: Սա էլ մեկ ուրիշ Մարգարեություն էր դեռ չգրված Ավետարանների մասին:
Կամ հիմա, մեր օրերում կատարվում է լայնածավալ Ավետարանի քարոզություն ամբողջ աշխարհում, սակայն եկեղեցու հայրերն ասում են, որ Քրիստոսի ճշմարիտ և ուղղափառ վարդապետությունը պետք է տարածվի ողջ աշխարհում, ո՛չ թե պատահական մարդկային մեկնաբանություններ: Քրիստոսի ուղղափառ վարդապետության մեջ չի կարող լինել բողոքականություն և բաժանում, այլ ինչպես որ պետք է լինի մի հոտ և մի Հովիվ, այնպես էլ պետք է լինի միայն առաքելական ուղղափառություն՝ մեկ անվամբ՝ Քրիստոսի Ավետարանի ուղղափառ Վարդապետություն
Ավետարանի հիմնական պատգամը մարդկության փրկությունն է: Փրկությունը առանց խաչի չի լինելու, ինչպես որ ասաց Տէր Հիսուս Քրիստոս, թե Ով կամենում է հետևել Ինձ, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից: Փրկության քարտեզը գծված է, և այդ քարտեզը հասանելի է ամեն մեկ ցանկացողին, անկախ ազգությունից, և մաշկի գույնից: Միայն թե նա լսած լինի Ավետարանի բարի լուրը:
Եկեղեցու հայրերն ասում են,- թող քո ձեռքի գործը այնպես որակյալ լինի, որ դարեր ապրի, բայց քո կյանքն այնպես ապրիր, կարծես վաղը վերջին օրն է, և գալու է Հիսուս Քրիստոս և քո հոգին կանգնելու է նրա առջև: Քանի որ Աստծու համար ժամերն ու ժամանակները նույնը չեն ինչպես մեզ համար, այլ մենք ավետարանական նկարագրություններից պետք է հասկանանք Տիրոջ Երկրորդ գալուստը:
Հեշտ էր հասկանալ առաջին Գալուստը և ծնունդը, քանի որ ամենուրեք հրեշտակները բարի ավետիս էին տալիս, թե խաղաղություն երկրին և հաճություն մարդկանց, քանի որ աշխարհ էր գալիս խաղաղությունը և հաճությունը: Սակայն մարդիկ չգնահատեցին և չհասկացան Նրա գալու նպատակը: Իսկ Երկրորդ Գալուստի նկարագրությունը բոլորովին այլ է, նպատակը բոլորովին այլ:
Նույնիսկ նկարագրությունը արդեն զարհուրելի է: Բոլորս մեր կյանքում տեսած կլինենք, թե ինչպես է երկնքում հայտնվում կայծակը և անհետանում կարճ ժամանակահատվածում: Տէրն ասում է, այդպես է լինելու Մարդու Որդու Գալուստը: Վերը նշված բոլոր նեղություններից հետո անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, և լուսինն էլ իր լույսը չի տալու; Աստղերը երկնքից պիտի ընկնեն և երկնքի զորությունները պիտի շարժվեն: Կարծես երկնքում վթար է տեղի ունենալու:Մենք այս նախադասությունները կարդում և անցնում ենք առանց անդրադառնալու, թե ի՞նչ է նշանակում երկնքի զորությունների շարժումը: Եթե երկրաշարժ է լինում նույնիսկ թույլ ցնցումով, սարսափ է տարածվում մարդկանց վրա և մարդիկ անմիջապես դուրս են փախչում իրենց տներից առանց ոչինչ վերցնելու:
Հիմա մեզ զգուշացվում է, որ այսպիսի փոփոխություններ է լինելու երկրի վրա և ապա երկնքում երևալու է Մարդու Որդու նշանը: Բոլոր Հայրերն ու վարդապետները միաբերան մեկնաբանում են, որ մարդու Որդու նշանը Խաչն է, որը երևալու է երկնքում: Մեր ապրած օրերում խաչը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, որի առջև խոնարհվում ենք, համբուրում ենք, նրա ապավինությունն ենք ուզում, մեր պարանոցին ենք կրում և այլն: Սակայն Տէր Հիսուս ասում է,- Երբ երևա մարդու Որդու նշանը, այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն: Պիտի տեսնենք մարդու Որդուն, որը գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով; Զորությունն ու փառքը մեզ համար արդեն հասկանալի է, քանի որ մենք պայծառակերպության ժամանակ տեսանք Նրա զորությունն ու փառքը, որի լույսին չդիմացան աշակերտների աչքերը: Իսկ ամպերի վրայով գալու փառքը առավել է լինելու ըստ նկարագրության , քանի որ մարդու Որդու նշանի երևալուց առաջ խավարելու է արեգակի լույսը՝ այդ փառքի լույսի դիմաց: Իսկ ինչո՞ւ են լացուկոծ անելու բոլոր ազգերը, եթե պետք է տեսնեն Խաչը:
Վերհիշենք Տիրոջ այն խոսքը որ ասաց,- Ահա ձեզ առաջուց ասացի: Հիմա մի պահ պատկերացնենք այդ երևույթը՝ Տիրոջ նշանը երկնքում, և այդ ժամանակ հրեշտակները շեփորով պետք է հավաքեն ընտրեալներին երկրի բոլոր ծագերից: Ո՞վ կարող է այդ ժամանակ սարսափից հասցնել զղջալ իր մեղքերը: Ո՛չ ոք: Ո՞վ կարող է Աստվածաշունչ վերցնել ձեռքը և կարդալ այդ պահի գրվածի մասին: Ո՛չ ոք: Ո՞վ կարող է վազել եկեղեցի: Ո՛չ ոք: Հավանաբար լացուկոծը այս պատճառով է լինելու, այլապես այն քրիստոնյաները, որոնք իրենց կյանքը ապրել են Քրիստոսին ամեն օր սպասելով, ինչո՞ւ պետք է լացեն: Չնայած նկարագրված իրավիճակն այնպիսին է, որ լացը անխուսափելի կլինի երկու առումով: Մեկը՝ ուրախության լաց, որ կտեսնենք մարդու Որդուն՝ իր փառքի մեջ, մյուսը՝ անպատրաստ մարդկանց երկյուղի ու տագնապի պատճառով:
Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք կարդում այս տողերը և զարհուրում ենք: Ի՞նչ կլինի եթե մարդիկ ականատես լինեն: Ժողովուրդը Մովսեսին ասացին, որ իրենք էլ են ուզում լսեն, թե Աստված ինչ է ասում, իսկ երբ Աստված խոսեց, ժողովուրդը գետնին ընկավ և խնդրեցին Մովսեսին, որպեսզի ինքը փոխանցի իրենց Աստծու խոսքը, որովհետև սարսափում էին ահեղ ձայնից: Բայց ժամանակ անց մոռացան, և իրենց համար կուռքեր սարքեցին ու հարուցեցին Աստծու բարկությունը: Մեզ ամեն ինչ առաջուց է ասվել, մենք էլ չենք հիշում, մենք էլ լրջությամբ չենք մոտենում Ավետարանի ամեն խոսքին: Հիսուս Քրիստոս ասում է, թզենուց սովորեք հերթականությունը, երբ ուզում եք իմանալ, թե ամառը երբ է գալու: Մեզ էլ է հորդորում, որ այս նշանների մասին կարդալուց միշտ պատրաստ լինենք, քանի որ ժամանակը իր ավարտին է մոտենում: Նորից հաստատում է Իր խոսքը, թե աշխարհը կանցնի, բայց Իր խոսքը, որ ասել է, գետին չի ընկնելու:
Եթե ծնունդն ու Հայտնությունը մեզ ուրախություն, խաղաղություն, համերաշխություն և զղջում չպատճառեց, ապա ստիպված ենք լինելու դիմավորելու Արդար Դատավորին, որը գալու է դատաստանի համար: Նրանք, որոնք չհավատացին Լույսին, ստիպված կլինեն հավատալ խավարին, որի մեջ ապրում էին:
Նրանք, որոնք ամեն օր Ավետարան են կարդում և հավատում են, որ Աստծու խոսքը գետին չի ընկնելու, նրանք սարսափում են նրանց համար, որոնք հրապարակներում գոռում են, կամ իրենց աթոռների վրա նստած չեն մտահոգվում այս գրածների համար, որովհետև չեն հավատում: Բայց Ավետարանն ասում է կայծակի ու փայլակի պես է լինելու մարդու Որդու գալուստը:
Սիրելիներ մարդկանց ներելու լավագույն միջոցներից մեկն էլ աշխարհի վախճանի մասին հաճախ կարդալն է: Քանի որ մեր մտքում հարց է առաջանում, նրան ում չենք կարողանում ներել, արդյո՞ք կուզենք, որ Աստծու դատաստանին արժանանա: Իհարկե ո՛չ: Ուրեմն այսօր ներենք, և չհետաձգենք վաղվան:
Եթե հարյուրհազարավոր հրեշտակների շեփորի ձայնը լսվի, էլ ով կարող է հիշել, թե ի՞նչ կիսատ գործ ունի անելու: Դրա համար մեր եկեղեցու հայրերը, որոնք չափազանց լրջորեն են ուսումնասիրել Ավետարանը ու աներկբա են հավատացել նրան, մեզ ասում են,- ամեն օր անկողին մտնելիս համարիր որ դա վերջին օրն է, որպեսզի որևէ կիսատ գործ չունենաս: Իսկ քրիստոնյայի կիսատ գործերը իր մեղքերից ազատվելն է ու իր դեմ մեղանչած մարդուն ներելը: Խոստովանենք, որ ամեն օր մենք անկողին ենք մտնում մեր այդ գործերը կիսատ թողած: Նույնիսկ քրիստոնյաներիս մոտ այս անպատասխանատվությունը նկատվում է, որի իրավունքը չունենք երբեք: Որովհետև Աստծու համար մեկ օրը հազար տարի է և հազար տարին՝ մեկ օրվա պես: Մենք չգիտենք, երբ կավարտվի Աստծու մեկ օրը, կամ հազար տարին:
Այսօրվա սերտողությունից մեր դասը թող լինի մեր մտքում պահել Տիրոջ այն խոսքը որ ասաց.- Ահա ես ձեզ առաջուց ասեցի…
Մնացեք սիրով՝ Ավետարանի ընկերակցությամբ, Տիրոջ խոսքերի ազդեցությամբ գործերը կիսատ չթողնելով:
Հարց. Ինչպե՞ս է մեզ հետ խոսում Աստված այսօր: