ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Հոբի գիրքը 38.2-39.35
Ավետարան ըստ Մատթևոսի. 24:15- 28
ՍՈՍԿԱԼԻ ԱՒԵՐՈՒՄՆԵՐ
15 «Ուստի երբ տեսնէք աւերմունքին պղծութիւնը՝ որ Դանիէլ մարգարէին միջոցով ըսուած է, թէ սուրբ տեղը կը կենայ (ով որ կարդայ, թող հասկնայ.) 16 Այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռները թող փախչին։ 17 Ան որ տանիքին վրայ է, թող չիջնէ իր տունէն բան մը առնելու։ 18 Ան որ արտին մէջ է, թող ետ չդառնայ իր հանդերձները առնելու։ 19 Բայց վա՜յ այն օրերը յղի եղողներուն ու ծիծ տուողներուն։ 20 Աղօթք ըրէք որ ձեր փախչիլը ձմեռը չըլլայ, ոչ ալ շաբաթ օրը. 21 Քանզի այն ատեն այնպիսի մեծ նեղութիւն պիտի ըլլայ, որու նմանը աշխարհի սկիզբէն մինչեւ հիմա եղած չէ, ո՛չ ալ պիտի ըլլայ։ 22 Եթէ այն օրերը չքիչնային, բնաւ մարմին մը պիտի չապրէր. բայց ընտրեալներուն համար այն օրերը պիտի քիչնան։ 23 Այն ատեն եթէ մէկը ձեզի ըսէ թէ ‘Ահա հոս է Քրիստոսը կամ հոն’, մի՛ հաւատաք. 24 Վասն զի սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարէներ պիտի ելլեն ու մեծ նշաններ ու հրաշքներ պիտի ցուցնեն, որ եթէ կարելի ըլլայ՝ ընտրեալներն ալ մոլորեցնեն։ 25 Ահա ձեզի առաջուընէ ըսի։ 26 Եթէ ձեզի ըսեն թէ ‘Ահա անապատին մէջ է’, մի՛ ելլէք. եւ թէ՝ ‘Ահա ներքին սենեակներուն մէջ է’, մի՛ հաւատաք։ 27 Վասն զի ինչպէս փայլակը արեւելքէն կ՚ելլէ ու մինչեւ արեւմուտք կ՚երեւնայ, այնպէս պիտի ըլլայ Որդի մարդոյ գալուստը։ 28 Քանզի ուր որ մեռած մարմին կայ, հոն պիտի ժողվուին արծիւները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, այսօր ձեզ հետ միասին կսերտենք քսանչորսերորդ գլխի երկրորդ մասը, որտեղ Հիսուս Քրիստոս խոսում է մեծ նեղությունների գալու հիմնական պատճառի մասին:
Երեկվա սերտողության մեջ խոսեցին մեծ նեղությունների սկզբի մասին, թե ինչպես են շատանալու անօրենությունները, և դրա պատճառով ցամաքելու է սերը մարդկանց մեջ: Տէր Հիսուս խոսում է անօրենությունների, ամբարշտությունների, հալածանքների, սպանությունների, մոլորությունների, խաբեությունների մասին և ասում է, որ սրանց ժամանակ մարդկանց սերը կվերանա, բայց դեռ աշխարհի վախճանը չի լինի: Բայց կա մի մեծագույն մեղք, որի սկսվելու ժամանակ պիտի լինեն մեծ նեղություններ, որի նմանը չի եղել արարչագործության սկզբից մինչև Քրիստոսի խոսելու ժամանակը, և չի լինելու դրանից հետո: Ո՞րն է այս զարհուրելի մեղքը: Դա սարսափելի սրբապղծությունն է, որ մասին գրել է Դանիել Մարգարեն: Քիչ վերջ կանդրադառնանք այդ մարգարեությանը, հիմա տեսնենք, թե ի՞նչ առաջարկում մեր Տէրը այդ սրբապղծությունը տեսնողներին: Թող փախչեն լեռները,- ասում է Քրիստոս, և ովքեր տանիքի վրա են թող չիջնեն, ով հանդում է, թող չվերադառնա տուն հագուստ վերցնելու համար, ով գավառում է, թող քաղաք չվերադառնա, որովհետև վրեժխնդրության օրեր են լինելու: Նաև վայ է տալիս հղիներին ու կերակրող մայրերին, քանի որ նրանց համար ավելի դժվար պետք է լինի: Եթե փախուստի ժամանակ մարդը կարող է իր ձեռքի ծանրությունը դեն նետել և արագ փախչել, ապ հղիի պարագան այդպես չէ, նրա համար դժվար կլինի:
Աղոթեցեք,- ասում է,- որ ձմեռ չլինի, և ո՛չ էլ շաբաթ օր: Ինչո՞ւ է նշում շաբաթը, քանի որ գիտենք, որ շաբաթը հրեաների պատվելի օրն է և նրանք ոչինչ չեն անում, ավանդությունն ասում է, որ շաբաթ օրը հրեան երկու հազար քայլից ավել անելու իրավունք չունի: Իսկ փախուստը ո՞վ գիտե, թե քանի՞ քայլ է:
Նախորդ գլուխները սերտելիս տեսանք, որ մարդկությունը ապրում էր մեղքի հետ համերաշխ և չէր զգում իր մեղավոր վիճակը, որպեսզի զղջա: Իսկ մեղքի մեջ ապրողը անվերջ առաջ է գնում ավելի մեծ մեղքեր գործելու համար, մինչև հասնում է սարսափելի սրբապղծության, որպեսզի հարուցի Աստծու բարկությունը: Մենք էլ մի ապօրինի երևույթ տեսնելիս ասում ենք սա սրբապղծություն է, այսպես չի կարելի:
Բայց սարսափելի սրբապղծությունն այն է, երբ դա արդեն կատարվում է այնտեղ, որտեղ պետք չէր որ լիներ: Իսկ այդ վայրը միայն Աստծու տունն է՝ Տաճարը: Հիմա կարդամ ձեզ համար Դանիելի մարգարեությունից մի հատված, և հասկանանք ի՞նչ այդ սրբապղծությունը:
«Սերունդներ պիտի ելնեն, բռնութեամբ պիտի պղծեն սրբարանը, պիտի վերացնեն ամենօրեայ զոհաբերութիւնները, պղծութեամբ պիտի ապականեն այն, եւ ուխտի այդ ապականիչները գայթակղութիւն պիտի բերեն իրենց վրայ։ Բայց ժողովուրդը, որ ճանաչում է իր Աստծուն, պիտի զօրանայ եւ ուխտը կատարի».Դանիել.11:31
Իսկ Մակաբայեցիների առաջին գրքում կարդում ենք, որ ըստ արքունի հրամանի հրովարտակներ արձակվեցին, որ երկրի բոլոր բնակիչները հրաժարվեն իրենց օրենքներից, և ընդունեն մեկ օրենք, որ իրենց տվածն է: Բոլոր ազգերը ենթարկվեցին արքունի հրամանին: Իսրայելացիներից շատեր նույնպես դավանեցին անօրեն կրոնը, զոհեր մատուցեցին նրանց կուռքերին և պղծեցին իրենց շաբաթ օրը: Թագավորը բանագնացներ ուղարկեց Երուսաղեմ, որպեսզի նրանք էլ ընդունեն օտար օրենքը, վերացնեն իրենց ողջակիզումն ու սուրբ զոհերը, պղծեն շաբաթ օրն ու տոները և ապականեն սրբարանը, որպեսզի դրանց փոխարեն կռապաշտական զոհասեղաններ կառուցեն և իրենց մեհյանների համար տեղ հատկացնեն: Հեթանոս արքայի հրամանի մեջ կար նաև հրեաների թլպատությունը արգելող օրենք, իսկ մենք գիտենք, որ թլպատման ուխտը Աստված հաստատել էր Աբրահամի հետ: Ով որ չենթարկվեր արքայի հրամանին, մահվան կդատապարտվեր: Քաղաքի ոստիկանները ամեն տեղ պարտադրում էին, որ կատարվի արքայի հրամանը:
Այս բոլոր բաները կատարվել են 145 թ Քրիստոսից հետո: Իսկ այս բաների մասին Քրիստոս զգուշացնում էր Տաճարում արված իր ուսուցումների ժամանակ, իսկ փարիսեցիները չէին հավատում նրանց:
Հրեսաստանի քաղաքների շուրջ մեհյաններ են կառուցում հեթանոսները, և տարածում են իրենց կուռքերը, որպեսզի ողջ բնակչությունը երկրպագի իրենց կուռքերին: Այրում ու պատռում են տաճարի բոլոր սուրբ Գրքերը, և ում մոտ որ գիրք են տեսնում ըստ թագավորի հրամանի մահապատժի էին ենթարկում:
Սիրելիներ, շատ ավելի պղծություններ են կատարել, որոնց մասին չեմ ուզում հիմա մանրամասնել, եթե կամենաք, կարդացեք Դանիելի մարգարեությունը և Մակաբայեցիների առաջին գիրքը՝ այս մասին:
Բազմաթիվ իսրայելացիներ էլ եղան, որոնք նախընտրեցին հոժարակամ մեռնել, բայց իրենց անձը չպղծել անմաքուր կերակուրներով, որպեսզի պղծած չլինեն սուրբ ուխտը: շատերը փախան լեռները:
Հիշո՞ւմ եք ընթերցանության սկզբից կարդացի, որ Տէր Հիսուս ասում էր, այդ ժամանակ թող փախչեն լեռները և այլն և գավառներից քաղաք չգան:
Հիմա արդեն հասկանալի է, թե ի՞նչ է նշանակում սարսափելի սրբապղծություն, երբ արդեն հերթը հասնում է տաճարի պղծությանը: Այն ժամանակ էլ եղան մարդիկ, որոնք ընդունեցին անօրեն օրենքը և պղծվեցին: Նաև եղան շատեր, որոնք փախան լեռները, ծոմ պահեցին, կամ հրաժարվեցին և մահապատժի ենթարկվեցին: Երբ իշխանությունը անցնում է հեթանոս թագավորի ձեռքը, ժողովուրդը կանգնում է ընտրության առջև՝ կամ դավանել պղծությունը, կամ՝ մահապատիժ:
Հիշեն մի դեպք մեր օրերի հետ կապված, երբ կառավարությունը որոշում ընդունեց դպրոցից հանել եկեղեցու պատմություն առարկան: Մեծ աղմուկ բարձրացավ որոշման հետ կապված, կարծես սկսեցինք ավելի շատ սիրել այդ առարկան ու արժևորեցինք այդ դասաժամը, որը այդքան էլ ուշադրության արժանի չէր: Մենք միշտ գնահատում ենք կորցնելուց հետո: Մենք այլ վտանգի առջև ենք կանգնած նաև այսօր:
Մենք այսօր չենք գնահատում մեր ազատությունը՝ Աստվածաշունչ կարդալու, Պատարագի մասնակցելու, քարոզներ լսելու, եկեղեցու ընդհանրական աղոթքների մասնակցելու հարցում: Մենք չգիտեն, թե ո՞վ կլինի մեր երկրի ղեկավարը և ի՞նչ օրենքներ կընդունի մեր հավատքի դեմ, կամ մեր դավանանքին հակառակ: Երեք տարի խոսեց Հիսուս Քրիստոս, կանխասացություններ արեց ամեն ինչի վերաբերյալ, Տաճարի կործանման մասին բացահայտ ասաց, Երուսաղեմի կործանման մասին հայտնեց, բայց նրանք էլ մեզ պես լսում ու մոռանում էին Քրիստոսի խոսքերը: Շարունակ նշան էին ուզում Քրիստոսից՝ իրենց կասկածը փարատելու համար: Աստվածաշունչ ընթերցողին կարևոր է իմանալ, որ ամենամեծ նշանը իր ներքին համոզումն է Քրիստոսի նկատմամբ: Ամեն օր կարծես աշխարհի վախճան է: Բավական է աշխարհի լուրերին հետևենք, կհասկանանք, որ աշխարհի վախճան է իրապես; Ամենուրեք արհավիրքներ են մարդկային մեղքի պատճառով:
Եթե այսօր հայտնվեն մարդիկ և մեծամեծ նշաններ և հրաշքներ գործեն, վստահ եղեք, որ հավատացողների թիվն ավելի մեծ է լինելու, քան՝ հերքողների: Եթե այսօր մեզանում հայտնվեն մարգարեներ և մոլորեցնեն մարդկանց, հավատացեք, որ արգելք չեն ունենա: Տէր Հիսուս ասում է փորձելու են անգամ ընտրյալներին մոլորեցնել, եթե հնար լինի:
Ղուկաս ավետարանիչն ասում է, մեծ տագնապ և բարկություն կլինի երկրի վրա՝ այդ ժողովրդի հանդեպ: Նրանք պիտի սրի քաշվեն, գերի տարվեն, և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի դառնա ազգերի համար, մինչև լրանան հեթանոսների ժամանակները: Իսկ եթե մարդիկ լսեին Հիսուս Քրիստոսին և հետ դառնային իրենց անօրեն ճանապարհներից, այս բաները չէր պատահի, որոնց մասին մենք կարդում ենք այսօր:
Եթե մենք այսօր կարդանք գրվածքները և լսենք եկեղեցու քարոզները, մեզ հետ էլ չպատահի ոչ մի վատ բան հետագայում:
Սարսափելի սրբապղծությունը միայն հրեաների տաճարի համար չէ գրված: Աստծու նախանձախնդրությունը Քրիստոսի հաստատած եկեղեցու հանդեպ նույնն է երեկ, այսօր և հավիտյան, ինչպես որ Ինքն է հավիտյան: Այսօր էլ մեր եկեղեցիներում կատարվում են բաներ, որոնք պետք չէր որ կատարվեին, որովհետև մենք էլ մատների արանքով ենք նայում բոլոր մարգարեություններին և Սուրբ Գրություններին;
Առաջին Տաճարը քանդվեց Նաբուգոդոնոսոր թագավորի օրոք, երկրորդ Տաճարը, որտեղ ուսուցանում էր Քրիստոս, քանդվեց հռոմեական կայսրության օրոք: Նրանք մինչ օրս Տաճար չունեն, և հրեաները աղոթք են անում կիսաքանդ մի շինության մոտ, որ լացի պատ է կոչվում:
Աստվածաշնչի պատմությունն ու փաստերը դարերով մեզ սովորեցնում են, որ պետք է գնահատել այն ամենը, ինչը ստացել ենք Աստծուց՝ փոքրիկ շնորհից սկսած մինչև երկրի տարածքները:
Բավական չէ՛ մենք պատմությունից դասեր չե՛նք քաղում, դասեր չենք քաղում նաև մեզ հետ պատահածից: Վերջին վեց ամիսների ընթացքում մեր կորցրածը՝ թե մարդկային, թե տարածքային առումով, մեզ ոչ մի դաս չեղավ: Հայ ազգը փոխարեն համախմբվեր զղջումի և ապաշխարության աղոթքների շուրջ, լցվեցին հրապարակներ ու մոռացած իրենց վիշտն ու կորուստը կուրորեն շարունակում են գոռալ ու միմյանց հայհոյել:
Ավետարանից մենք տեսնում ենք, որ Աստված թույլ է տալիս թշնամուն հարձակվել իր ընտրեալ ազգի վրա, երբ այդ ազգը Աստծու հեռացել է: Աստված թույլ տվեց, որ հեթանոսները իրենց կուռքերը տաճար մտցնեն և ստիպեն երկրպագել այդ կուռքերին, որպեսզի տաճարի պատասխանատուները հիշեն, որ Աստծո՛ւն պետք է ծառայել, ո՛չ թե սեփական ցանկություններին; Դանիել Մարգարեն ասում է,- Շատերը պիտի ընտրվեն, սպիտականան, փորձուեն եւ մաքրուեն, անօրէնները պիտի անօրէնութիւն անեն, ամբարիշտները խելքի չպիտի գան, բայց իմաստունները պիտի հասկանան ժամանակի յաճախակի փոփոխման շնորհիւ։
Մենք իմաստուն չենք, բայց կարող ենք խորհել ժամանակի այսչափ արագ փոփոխությունների մասին: Մենք էլ մեր կարողության չափով պետք է նպաստենք Ավետարանի տարածմանը առավել, քան սպասենք աշխարհի վախճանին; Հակառակը՝ մեր աղոթքներում հայցենք Աստծու ողորմությունը, քանի որ շատ մարդիկ անպատրաստ են և տեղյակ չեն Աստծու կանխասացություններին; Աստված կամենում է ընթանալ մեր միջով, ինչպես ասում է Պողոս առաքյալը,- «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը»:Բ. Կրնթ.6:16
Սիրելիներ, եթե Աստված Իր հատուկ պաշտպանությունը, որ Սուրբ Հոգին է, վերցնի մեզնից, մենք կլինենք իսրայելի ժողովրդի նման, որ 400 տարի Աստված լռել էր նրանց համար:
Այսօրվա սերտողությունը թող մեզ արթնություն բերի այն առումով, որ ականջալուր լինենք միայն ուղղափառ վարդապետության և չվազենք կեղծ մարգարեների և հրաշքների հետևից: Քանի որ պարզ ասում է մեզ այդ մասին, թե եթե ասեն Քրիստոս այստեղ է, չհավատաք: Որովհետև Ինքը Իր գալու նշաններն էլ է հստակ ասում, թե ինչպես է լինելու: Ամուր պահենք այն շնորհները որոնք պարգևել է մեզ Տէր Հիսուս Քրիստոս: Անառակ որդին նա չէ միայն, որը վատնեց հոր հարստությունը, այլ նա՛և նա, որը վատնում է Աստծու տված հարստություն՝ շնորհները, կամ պատվիրանները, կամ թանկ ժամանակը:
Իրադարձությունները շատ արագ են զարգանում, մենք պետք է ամեն երեկո պատրաստ վիճակում պառկենք քնելու: Քանի որ Տէր Հիսուս Քրիստոս ասաց,- Ահա, ձեզ առաջուց ասացի:
Այս գլուխն ավարտվում մի ուշագրավ արտահայտությամբ, թե՝ ուր որ դիակն է, այնտեղ կհավաքվեն արծիվները: Եկեղեցու հայրերը այս հատվածը մեկնելիս, ասում են, Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և այնտեղ հավաքվածները այն արծիվներն են, որոնք հավատում են Քրիստոսի մահվանը, հարությանը և Երկրորդ Գալուստին; Սիրելիներ մենք էլ լինենք այդ արծիվներից, և մեր այսօրվա դասը թող լինի մեր ուղղափառ վարդապետության ամրապնդումը Աստվածաշնչի և եկեղեցու հայրերի գրվածքների հիման վրա:
Մնացեք սիրով՝ և սպասումով վաղվա հանդիպմանը:
Հարց. Ո՞ր մարգարեի անունն է հիշատակում Քրիստոս՝ զգուշացումներից առաջ: