ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Զաքարիայի մարգարեությունը 8.1-3
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 8.28-39
Ավետարան ըստ Հովհաննեսի 15.17-21
Ավետարան ըստ Մատթևոսի. 24:1-14
ՏԱՃԱՐԻՆ ԱՒԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ ՅԻՍՈՒՍ
1 Երբ Յիսուս տաճարէն դուրս ելլելով կ՚երթար, աշակերտները անոր քով գացին՝ տաճարին շէնքերը իրեն ցուցնելու։ 2 Յիսուս անոնց ըսաւ. «Կը տեսնէ՞ք այդ ամէն բաները. ահա կ՚ըսեմ ձեզի, ‘Քար քարի վրայ պիտի չմնայ, որ չքակուի’»։
3 Ու երբոր անիկա Ձիթենեաց լեռը նստեր էր, աշակերտները իրեն գացին առանձին ու ըսին. «Ըսէ մեզի, ե՞րբ պիտի ըլլան այդ բաները եւ քու գալուստիդ ու աշխարհիս վերջին նշանը ի՞նչ պիտի ըլլայ»։ 4 Յիսուս պատասխանեց. «Զգոյշ կեցէք, չըլլայ որ մէկը ձեզ խաբէ։ 5 Վասն զի շատեր պիտի գան իմ անունովս ու ըսեն. ‘Ես եմ Քրիստոսը’ ու շատեր պիտի մոլորեցնեն։ 6 Պիտի լսէք պատերազմներ ու պատերազմներու լուրեր։ Զգո՛յշ կեցէք որ չխռովիք, վասն զի այս ամէնը պէտք է որ ըլլան, բայց դեռ վերջը չէ։ 7 Վասն զի ազգ ազգի վրայ պիտի ելլէ ու թագաւորութիւն թագաւորութեան վրայ եւ տեղ տեղ սովեր ու մահտարաժամներ ու երկրաշարժներ պիտի ըլլան։ 8 Սակայն ասոնք ցաւերուն սկիզբն են։ 9 Այն ատեն ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ ձեզ պիտի սպաննեն ու իմ անուանս համար բոլոր ազգերուն ատելի պիտի ըլլաք։ 10 Շատեր պիտի գայթակղին ու մէկզմէկ պիտի մատնեն եւ մէկզմէկ պիտի ատեն։ 11 Շատ սուտ մարգարէներ պիտի ելլեն ու շատերը պիտի մոլորեցնեն։ 12 Անօրէնութեան շատնալուն համար շատերուն սէրը պիտի պաղի։ 13 Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ, անիկա պիտի ապրի։ 14 Արքայութեան այս աւետարանը բովանդակ աշխարհի մէջ պիտի քարոզուի՝ բոլոր ազգերուն վկայութիւն ըլլալու։ Անկէ յետոյ ՎԵՐՋը պիտի գայ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ: Բազմամիլիոն մարդիկ լսել են Աստծու մասին, սակայն շատերը չգիտեն, թե ո՞վ է Աստված, և ի՞նչ է արել, ո՞րն է Նրա կատարյալ սրբությունն ու արդարությունը, Նրա սերն ու զորությունը: Աստվածաշունչը մեզ պարգևում է այդ բոլորի մասին իմանալու հնարավորությունը ամեն վայրկյան, երբ մենք բացենք մեր Ավետարանները:
Նախորդ սերտողության մեջ ականատես եղանք, թե ինչպես Տէր Հիսուս ողբ ասաց Երուսաղեմի վրա, երբ աշակերտների հետ դուրս էին գալիս Տաճարից:
Այսօր կարդում ենք, որ աշակերտները հիացած Տաճարի մեծությամբ և գեղեցկությամբ իրենց Վարդապետի ուշադրությունն են հրավիրում Տաճարի շինության վրա: Սակայն ստացան անսպասելի պատասխան՝ իրենց հարցի դիմաց: Քարը քարին չի՛ մնալու այս տաճարից, -ասաց Հիսուս Քրիստոս իր աշակերտներին:
Տաճարի նկարագրության մեջ հիշատակվում է, որ հսկայական քարերը դրվել են իրար վրա Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Իսկ Տէր Հիսուս Քրիստոսի մարգարեությունը տաճարի քանդման վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Սուրբ Հոգին հեռանալու է տաճարից՝ մարդկանց անբարշտության պատճառով:
Հետագայում կարդում ենք, որ տասնամյակներ հետո հռոմեական Տիտոս կայսեր զորքերի կողմից կործանվել է այդ գեղեցիկ տաճարը, և իրապես քարը քարին չի մնացել այնպես, ինչպես որ կանխասացությամբ ասել էր Տէր Հիսուս. Միակ պատը, որ մնացել է նախկին տաճարը հիշեցնելու համար, որը այսօր էլ կա, և կոչվում է ,,Լացի պատ,, և հիշեցնում է հրեա ժողովրդին իրենց տաճարի պատմությունը: Կործանումից հետո, մինչև հիմա 2000 տարի շարունակ նրանք այլևս չկարողացան վերականգնել իրենց աղոթքի տունը: Տեղին է հիշել սաղմոսի խոսքերը, թե,- Եթե Տէրը չկառուցի Իր աղոթքի տունը, զուր է այն կառուցողների ջանքերը: Պատմում են, որ մի անգամ Երուսաղեմ ուխտագնացության ժամանակ, երբ տեսարժան վայրերը շրջելիս ուխտավորներին տարել են նաև այդ կործանված տաճարի կանգուն մնացած պատի մոտ, և բացատրել են պատմությունը: Ուխտավորներից մերը Ռաբբիին հարց է տվել.- Ի՞նչ եք արել դուք, որ երկու հազար տարի չեք կարողանում վերականգնել ձեր աղոթքի տունը:
Ռաբբին երկար լռելուց հետո պատասխանել է.- հասկանո՛ւմ եմ ձեր ակնարկը:
Հիսուս Քրիստոս աշակերտներին կամեցավ ասել, որ այն, ինչը որ մարդու աչքին շքեղ է թվում և զարմանք է պատճառում, եթե չի ծառայում Աստծուն, կարող է քանդվել, եթե նույնիսկ դա լինի տաճար, եկեղեցի, կամ թեկուզ մատուռ: Իսկ այն ինչ կառուցվում է Աստծու կողմից, անսասան է, հավերժ է, անխախտ է և ամուր:
Հռոմեական հզոր կայսրությունից միայն իր անունը մնաց, իսկ Քրիստոսի հաստատած եկեղեցին կանգուն է մինչ օրս, և հավետ կանգուն կլինի: Այդ եկեղեցում է որ քարոզվելու է Ավետարանը և կատարվելու են մեր Տիրոջ պատվիրած խորհուրդները և հանդիսանում է աղոթքի տուն համայն մարդկության համար:
Այնպես որ եթե մենք մի ամուր կառույց ենք ուզում ունենալ, նրա հիմնաքարը պետք է լինի Հիսուս Քրիստոս, քանի որ Նա է անկյունաքարը բոլոր հաստատուն շինությունների, կլինի հոգևոր, թե՞ մարմնավոր:
Մեր հավատքն էլ եթե կառուցենք Հիսուս Քրիստոսի դրած հիմքի վրա, որ Աստծու Որդին է և սպասված Մեսիան, դա կլինի հիմնավոր հավատք: Իսկ երբ մեր կյանքը կապում ենք այս կամ այն քաղաքական շարժումների հետ, կամ ժամանակավոր հաջողությունների հետ, ապա դրանք ամուր չեն և ժամանակավոր են; Վարդապետի մարգարեությունը մտահոգություն պատճառեց աշակերտներին և նրանք վախեցան, տեսնելով տաճարի ամրությունն ու մեծությունը և մտքում հիշելով բոլոր այն հրաշքներն ու խոսքերը ասել էր Տէր Հիսուս և բոլորը կատարվել էր: Հետևաբար հարց առաջացավ իրենց մեջ և մոտեցան Քրիստոսին, ասելով,- Ասա մեզ, այդ ե՞րբ կլինի: Կամ Քո գալստյան և այս աշխարհի վախճանը ի՞նչ նշան կունենա: Այս հարցը միայն աշակերտներին չէ, որ հետաքրքրում է: Այն եղել է և մնում է աշխարհի բոլոր հետաքրքրասեր և գուշակությամբ զբաղվող ,,մարգարեների,, զբաղմունքը:
Սակայն աշխարհի Արարիչ Աստված, հստակ օր ու ժամ չի ասել նույնիսկ իր աշակերտներին այդ հարցին որպես պատասխան: Ի՞նչի հիման վրա են մարդիկ դարեր շարունակ պայծառատեսությամբ զբաղվել, հայտնի չէ, և կարևոր էլ չէ: Կարևոր է մի փաստ, որի մասին Տէր Հիսուս տեղեկացնում է բոլոր ժամանակների մարդկանց, որ չխաբվեն: Շատ կարևոր է, որ մարդը չի խաբվում, որովհետև տեղյակ է իրեն սովորեցնողի խոսքից: Ինչո՞ւ են այսօր այսքան շատ խաբողներ: Ինչո՞ւ են այսօր այսքան շատ խաբվողներ: Չէ որ մեզ ասված է, Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի: Բոլորս ականատեսը եղանք այն կեղծ մարգարեություններին, որոնք նշում էին հստակ տարեթվեր, ամիսներ, նույնիսկ օրեր՝ աշխարհի վախճանի մասին, բայց ինչպես տեսնում ենք աշխարհը դեռ կանգումն է; Որովհետև աշխարհը մարդու կամքով չի ստեղծվել, որ մարդու գուշակությամբ քանդվի: Ինչպես որ աշխարհի արարումը նպատակ ուներ, այնպես էլ վախճանը պատճառ պիտի ունենա:
Սիրելիներ, այստեղ կանգ առնենք մի իրականության վրա, ինչի պատճառով մարդ արարածը ուրախ չէ իր կյանքում, սակայն համառությամբ չի ընդունում ճշմարտությունը: Աստվածաշունչը միակ ստույգ տեղեկատուն է աշխարհի, որի փաստերը անհերքելի են, ճշմարտությունը թաքցված չէ, և վաղեմության ժամկետ չունի: Տխո՞ւր ենք, բացատրում է մեր տխրության գաղտնիքը: Վախենո՞ւմ ենք, լուսաբանում է պատճառը: Կասկածում ենք, փարատում է կասկածը հիմնավոր փաստերով: Մեղավո՞ր ենք, չի նախատում, այլ ցույց է տալիս դուրս գալու ճանապարհը: Տկա՞ր ենք հավատի մեջ, տալիս է մեծ զորություն:
Այս բոլորը կունենանք, երբ տեղյակ լինենք, թե ի՞նչ է գրված Սուրբ Գրքում՝ Աստծու ներշնչումով; Իսկ եթե չբացենք Ավետարանը, ճշմարտությունը այնտեղ փակված կմնա, իսկ մեզ կվախեցնի նույնիսկ նապաստակը:
Չկա՛ մեկը, որին հետաքրքիր չլինի աշխարհի վախճանը, սակայն քչերն են համարձակվում իրենց ձեռքը վերցնել ու կարդալ աշխարհի սկզբի ու վախճանի Տիրոջ խոսքերը այդ մասին:
Գոյություն ունի հերթականություն աշխարհի սկզբից մինչև վախճանը: Այդ հերթականության մասին պետք է իմանա ամեն մարդ, որպեսզի չխաբվի:
Այսօրվա սերտողության ժամանակ ես ձեզ կարդացի, թե ինչպես են գալու որոշ ուժեր՝ մարդկանց խաբելու և մոլորեցնելու նպատակով: Կլսվեն պատերազմների լուրեր, մի ազգ մյուսի դեմ դուրս կգա, սով կլինի, համաճարակ կտեսնեք, երկրաշարժներ էլ կլինեն: Բայց պետք չէ՛ որ դուք վախենաք ու խռովվեք, քանի որ պետք է, որ այդպես լինի: Հիմա եթե որևէ մեկը նման բաներից վախենում էր, թող մխիթարվի, քանի որ Հիսուս Քրիստոսն է ասողը, որ մի խռովվեք, այլ զգույշ եղեք, քանի որ այս բոլոր բաները որ տեղի է ունենում, դեռ աշխարհի վախճանը չէ, այլ միայն մեծ նեղությունների սկիզբն է:
Սիրելիներ, եթե այսօր մենք ձեզ հետ միասին չկարդայինք Ավետարանի այս գլուխը, և միայն լսեինք աշխարհաքաղաքական անցուդարձի նորությունները, անշուշտ պետք է վախենայինք: Իսկ հիմա գոտեպնդված ենք այն առումով, որ իմացանք, որ այս բաները պետք է լինեն, որպեսզի գա աշխարհի վախճանը: Իսկ ինչո՞ւ պետք է գա անպայման աշխարհի վախճանը: Սա է գլխավոր հարցը, որը պետք է մտահոգի բոլորիս: Մարդկությունը կամավոր աշխարհը դուրս է բերել իր բնականոն հունից և տանում է դեպի կործանում: Վերը նշված բոլոր արհավիրքները պետք է տեղի ունենան ո՛չ թե Աստծու ցանկությամբ, այլ մարդու ամբարշտության արդյունքում, որ շարունակում է ապրել մեղքի մեջ, բավարարում է տալիս իր բոլոր ցանկություններին: Մարդկային ցանկությունները մեղք են ծնում, իսկ մեղքը՝ մահ: Ուրեմն նա, որը չի բացում Աստվածաշունչը և չգիտի, թե ի՞նչ գրված նրանում, այդպիսին կմնա իր մեղքի մեջ և կնպաստի աշխարհի վախճանի մոտենալուն:
Տաճարը ավերակ կդառնա, եթե չծառայի մարդու փրկությանը: Պետությունները կկործանվեն, եթե մարդիկ չսիրեն միմյանց: Աշխարը նույնպես կունենա իր վախճանը, եթե Բարերար Աստված անտեսվի մեղավոր մարդկանց կողմից:
Հիշո՞ւմ եք այն դրվագը Ավետարանից, երբ անբարո կնոջը բերեցին ու նետեցին Հիսուսի ոտքերի մոտ, սպանելու միտումով; Ովքե՞ր էին մեղադրողները: Նրանք, որոնք Սուրբ Գիրքն ու օրենքները գիտեին:
Տէր Հիսուս չասաց դուք իրավունք չունեք քարկոծելու, քանի որ գրված էր, որ շնության մեջ բռնվածին թող քարկոծեն, այլ ասաց, ով անմե՛ղ է, թող առաջինը քար գցի: Դուք հիմա պատկերացրեք, թե ինչո՞ւ պիտի տաճարի քարը քարին չմնար: Որովհետև օրենքի ու Սուրբ Գրքի կիրառողների մեջ մեկ արդար մեկը չգտնվեց, որ քարը գցեր: Ուրեմն էլ ո՞ւմ համար պետք է այդ տաճարը կանգուն մնար, եթե չէր ծառայելու այդ մեղավոր կնոջը դարձի բերելու նպատակով: Մենք ամեն օր մի օրինակ ենք ձեզ հետ միասին քննարկում, որոնք վերաբերում են մարդու փրկությանը, տաճարի փրկությանը, պետության փրկությանը և վերջապես աշխարհի փրկությանը, որի մասին հոգ է տարել Աշխարհի Արարիչը:
Եթե յուրաքանչյուր ոք, որը կարդում է Աստվածաշունչը, այսօ՛ր հետ դառնա իր սխալ կյանքից, վաղը պատկերը այլ կլինի: Բայց քանի դեռ օրենքի կատարողները և կրոնի առաջնորդները իրենք են մեղքի մեջ, իսկ ժողովուրդը անտեղյակ է Աստվածաշնչից, աշխարհի վախճանը գալու է Տիրոջ ներկայացրած ժամանակ:
Մարդկության պատմության նպատակը Հիսուս Քրիստոսն է, Սկիզբն ու վախճանը Ինքն է; Մենք տեսել ենք առաջին համաշխարհային պատերազմ, տեսել ենք նաև երկրորդը, քաղաքագետների կանխատեսումներով սպասվում է նաև երրորդը, որի մեջ արդեն ընդգրկված կլինի ամբողջ աշխարհը: Մենք պատերազմներ միշտ ունեցել ենք, երկրաշարժներ նույնպես, սով էլ եղել պատերազմից հետո, և համաճարակներ էլ պատահել են: Նշանակում է, որ այս զգուշացումները այն մասին են, որ սրանք բոլորը միասին կսկսեն ուժգնանալ և այդ ժամանակ է, որ Քրիստոսին քարոզողները պետք է հալածվեն ու սպանվեն: Այդ ժամանակ է, որ կհայտնվեն խաբողներն ու մոլորեցնողները: Սուտ մարգարեները ի հայտ կգան ու մարդկանց կմոլորեցնեն: Այնքան պետք է սաստկանա ամբարշտությունը, որ սերը պիտի ցամաքի; Իսկ ի՞նչ է ցամաքելը, եթե ոչ վերանալը: Իսկ մենք գիտենք, թե որտեղ սեր չկա, այնտեղ երաշտ է իրական իմաստով, ավերակ է, և կործանում:
Եվս մեկ պայման կա աշխարհի վախճանի գալուն: Ավետարանը պետք է քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն հեթանոսների, դրանից հետո կլնի աշխարհի վախճանը: Իր կանխասացության ավարտին Հիսուս Քրիստոս մի քաջալերող միտք է արտահայտում, ասելով,- Բայց ո՛վ մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի: Սիրելիներ, հիմա այս բոլոր տեղեկությունները իմանալուց հետո, եկեք իսկապես անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, և ասենք. Ի՞նչ է նշանակում մինչև վերջ համբերել: Ո՞վ է նա, որ կարող է համբերել այս արհավիրքներին: Դուք կասեք անշուշտ նա, որ կարդացել է Աստվածաշունչը և տեղյակ է այս ամենից:
Իսկ ես ձեզ կասեմ ո՛չ, հղում անելով փարիսեցիների ու քահանայապետների վարքի վրա, քանի որ նրանք անգի՛ր գիտեին Գրքերը: Իսկ Տէր Հիսուս նրանց ասաց, օձե՛ր և իժերի ծնունդներ, ինչպե՞ս պետք է փախչեք գեհենի դատապարտությունից: Սուրբ գրքերը իմանալով խաչը հանեցին Աստծու Որդուն:
Ուրեմն միայն սուրբ Գիրք կարդալը բավական չէ: Պետք է կարդացածը գործի դնել հավատքով և դավանությամբ, այնպես, ինչպես Քրիստոսի կողքից քայլող ամեն մեղավոր ազատվելով իր մեղքից, այլևս չհայտնվեց նույն մեղքի մեջ: Իսկ նրանցից շատերը մարդկանց օգտակար լինելու պատճառով գլխատվեցին, սպանվեցին ու հալածվեցին, բայց համբերեցին այդ տանջանքներին իրենց ամուր հավատի շնորհից;
Ի՞նչ է մեր անելիքը, երբ գիտենք այս ամենը: Զերծ մնալ օրվա կրոնաքաղաքական շարժումներից, ատելությունից, բաժանումներից: Ձեզ համար թող չլինի իշխանություն և ընդդիմություն, որոնց ձեռքով է կատարվում չարի գայթակղությունները: Այլ դուք մնացեք ամուր ձեր հավատքի մեջ, ձեր այոն թող այո լինի: Կայսրինը տվե՛ք Կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն; Գայթակղություն կարող եք տեսնել նաև եկեղեցու ներսում, բայց թող դա ձեզ չխանգարի, ինչպես որ փոթորիկը չխանգարեց աշակերտներին, քանի որ Հիսուս իրենց հետ էր: Միշտ հետևողական եղեք ձեր հարսանեկան զգեստին, որ կարողանաք մտնել Աստծու Որդու հարսանեկան սրահը: Նաև ձեր լապտերների յուղը լրացրեք, որպեսզի չպակասի մինչև Փեսայի գալը:
Տէր Հիսուս նաև ասաց, որ այս ամենը սկիզբն է երկանց: իսկ մենք արդեն գիտենք, որ երբ սկսվում են ծննդկանի երկունքի ցավերը, ծննդաբերությունը չի ուշանում և ժամերի ընթացքում ծնվում է սպասվող պտուղը և մայրը ազատվում է այդ ցավերից:
Քսան տարի առաջ մենք չէին կարող պատկերացնել մեր օրերի քրիստոնյաների հալածանքի մասին, բայց հիմա տեսնում ենք: Քսան տարի առաջ եկեղեցու նկատմամբ ակնածանք կար, իսկ հիմա աստիճանաբար վերանում է հարգանքը եկեղեցու անվան նկատմամբ: Նաև քսան տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ Ավետարանը այսքան հասանելի կլինի գրեթե բոլորի համար, կամ քահանաները համացանցով կարող են տարածել Աստծու խոսքը աշխարհի բոլոր ծայրերում: Իսկ այսօր տեսնում ենք: Սիրելիներ, այս մտքերն էր, որ սիրով կամեցա փոխանցել ձեզ այսօր՝ ավելացնելու համար ձեր երեկվա գիտելիքը:
Մնացեք սիրով՝ զինվեք հավատքի համբերությամբ և սուրբգրային գիտելիքով ամեն օր, խնդրելով Տիրոջ ողորմությունը բոլոր մարդկանց համար:
Հարց. Ո՞վ կարող է փրկվել.