ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Առակներ 20.6-22
Բարուքի թուղթը 4.21-24
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 4.1-11
Ավետարան ըստ Հովհաննեսի 9.39-10.10
Ավատտարան ըստ Մատթևոսի. 23: 33-39
33 Օձե՛ր, իժե՛րու ծնունդներ, ի՞նչպէս պիտի փախչիք գեհենին դատապարտութենէն։ 34 Ատոր համար ահա ես կը ղրկեմ ձեզի մարգարէներ եւ իմաստուններ ու դպիրներ։ Անոնցմէ մէկ քանիները պիտի սպաննէք ու խաչը հանէք, մէկ քանիները ձեր ժողովարաններուն մէջ պիտի ծեծէք ու քաղաքէ քաղաք հալածէք։ 35 Որպէս զի երկրի վրայ թափուած բոլոր արդար արիւնը ձեր վրայ գայ, արդար Աբէլի արիւնէն մինչեւ Բարաքիայի որդիին Զաքարիային արիւնը, որ տաճարին եւ սեղանին միջեւ սպաննեցիք։ 36 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, այս ամէն բաները պիտի գան այս ազգին վրայ»։
37 «Ո՛վ Երուսաղէմ, Երուսաղէմ, որ մարգարէները կը սպաննէիր ու քեզի ղրկուածները կը քարկոծէիր, քանի՜ անգամ քու տղաքներդ ժողվել ուզեցի, ինչպէս հաւը իր ձագերը թեւերուն տակ կը ժողվէ եւ դուք չուզեցիք։ 38 Ահա ձեր տունը ձեզի աւերակ պիտի մնայ։ 39 Վասն զի ձեզի կ՚ըսեմ թէ ա՛լ ասկէ յետոյ պիտի չտեսնէք զիս, մինչեւ ըսէք. ‘Օրհնեալ է ան որ Տէրոջը անունովը կու գայ’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որ կոչվում է Տնտեսի. Երկու բառով ձեզ տեղեկացնեմ օրվա խորհրդի մասին, իսկ բուն նյութը կարող եք լսել իմ յութուբյան կանալում, գրելով կիրակիի անունը: Այս կիրակիի խորհրդածությունները վերաբերում են «հոր տանը»՝ Եկեղեցում հանգրվանած որդուն՝ իր տնտեսությունը վարելու իրավունքներով ու պարտականություններով: Թեև արդեն անառակ որդին վերադարձել է, և վայելում է Հոր բարեհաճությունը, այնուհանդերձ սրանով ո՛չ թե ավարտվում, այլ նոր միայն սկսվում է քրիստոնյայի սխրանքը: Եկեղեցու գրկում բաշխվող շնորհները, որոնք արդյունք են Քրիստոսի փրկագործության, քրիստոնյայի կյանքում պետք է արդյունավորվեն հավատի գործերով, որոնց համար պատասխան է պահանջվելու: Օրվա առաջին ընթերցվածքը «Հավատարիմ տնտեսի առակը», ներկայացնում է հոգևոր արթնության խորհուրդը. ամենայն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել, քանզի պատասխանատվության պահը կարող է գալ ամեն ակնթարթ: Իսկ այժմ անցնենք մեր նցնենք մեր սերտողությանը:
Երեկ մենք ավարտեցինք փարիսեցիներին ուղղված վայերը, տեսանք նաև, որ այդքան խիստ հանդիմանություններ լսելով իրենց հասցեին, ոչինչ չփոխվեց նրանց դրսևորումների մեջ: Ինչպե՞ս նրանց չէր անհանգստացնում այն սարսափազդու հարցը, որ տվեց Հիսուս Քրիստոս, թե՝ ինչպե՞ս պիտի փախչեք գեհենի դատապարտությունից: Այս խոսքերը ասում է Նա, որի ձեռքով պետք է լինի այդ դատաստանը: Ինչքա՞ն կարող է մարդը հաստատված լինի իր կասկածամտության և ինքնամեծարման մեղքի մեջ, որ անդրադարձ չունենա այս հարցից հետո, Եթե ո՛չ հարցից հետո, գոնե Քրիստոսի հարությունից հետ: Որտեղի՞ց գիտենք, որ անդրադարձ չունեցան, քանի որ Քրիստոսի խաչելությունից ու Հարությունից հետո, նրանք հռոմեական զինվորներին շատ դրամ տվեցին, որպեսզի նրանք լուր տարածեն այն մասին, որ իբրև զինվորների քնած ժամանակ Քրիստոսի աշակերտները եկել ու գողացել են իրենց Վարդապետի մարմինը: Իսկ եթե լուրը հասնի կուսակալին, մենք նրան կգոհացնենք և ձեզ հոգսից կազատենք:
Կարելի է կարծել, որ անհավատությունը այնքան վտանգավոր չէ, որքան որ օրենքի ուսուցիչ լինելով հանդերձ ապրել հոգևոր կուրության մեջ: Օրվա առաջնորդները իրապես հոգևոր կուրության մեջ էին, և նույնիսկ զարմացած հարցնում էին Քրիստոսի, թե՝ - Մի՞թե մենք էլ կույր ենք: Բայց Տէր Հիսուս զարմանալի պատասխան տվեց նրանց այդ ժամանակ, ասելով,- Եթե կույր լինեիք, մեղքը ձերը չէր լինի, բայց ձեր աչքերը տեսնում են, և դուք ձեր մեղքերը չեք տեսնում: Իրոք վտանգավոր է, երբ հոգևոր առաջնորդներն են հոգով կույր, կամ անհավատ, կամ թերահավատ:
Այս բոլոր վայերը որ լսվեց նրանց հասցեին հանրության ներկայությամբ, չէր կարող իր կործանարար ազդեցությունը թողած չլիներ ժողովրդի հոգևոր կյանքի վրա, քանի որ նրանք տեսնելով իրենք առաջնորդին, կհետևեին նրա արարքին, որպես իրենց առաջնորդն: Դա նրանից է, որ ժողովուրդը հոգևորականին իր աչքի առջև ունի որպես օրինակ, որին պետք է հետևի: Հիսուս Քրիստոս փարիսեցիներին մեղադրում էր այն բանի համար, որ նրանք հանձն էին առնում, որ իրենց հայրերն են սպանել մարգարեներին, և հիմա իրենք շարունակում են կրել իրենց վրա իրենց հայրերի մարդասպանության մեղքը՝ սկսած Աբելից մինչև Զաքարիա մարգարեի սպանությունը: Այս խոքերը լսել են ժամանակի կրոնական առաջնորդները, լսում են նաև այսօրվա հրեա առաջնորդները, սակայն հոգևոր կուրությունը ամուր է նստած այդ ազգի մտավոր պաշարի մեջ, որ մինչև օրս էլ չեն կարողանում հավատալ Հիսուս Քրիստոսին, որպես Աստծու Որդիի: Շատ քիչ քանակությունը այսօր հրեաների մեջ, որոնք և հավատում են և քարոզում են Հիսուս Քրիստոսին: Մենք ծանոթացանք նաև հոգևոր կուրության մեղքի հետ, որը մեղքերի մեջ թերևս ամենավտանգավորն է այն առումով, որ այս մեղքի մեջ գտնվողներին էին, որ միասին խորհուրդ արեցին խաչը հանել Աստծու Որդուն:
Այս բոլորի մասին նախապես իմանալով, և ներկա ժամանակը քննելու, Տէր Հիսուս առաջնորդների վրա վայեր ասելուց հետո ողբ է ասում Երուսաղեմի վրա: Այս ողբի հատվածը հարկ է նորից կարդալ, վերհիշելու համար, որ այսպիսի ողբ ասում է Տէր Հիսուս Քրիստոս ոչ միայն Երուսաղեմի վրա, այլ ամբողջ աշխարհի և առանձին քաղաքների վրա մասնավորապես, և ամեն անհատի՝ առանձին:
«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։ Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
Հավի և իր ձագերի օրինակով Տէր Հիսուս համեմատում է Իր հոգածությունը Իսրայելի ժողովրդի հանդեպ, որ չընդունեցին և չկամեցան լսել Նրա ուսուցումները: Տէր Հիսուս հավի օրինակով նաև ակնարկում է, որ Աստված Իսրայելի ժողովրդի համար հոգ է տանում դեռ երիտասարդ տարիներից, երբ դեգերում էին անապատում, կերակրում էր նրանց Մանանայով, որ երկնքից էր իջեցրել նրանց համար: Իսկ երբ եկան խոստացած երկիր, արդեն կարող էին ինքնուրույն կերակրել իրենց: Իսրայելացիները ամեն տարի շուքով տոնում են իրենց բաղարջակերաց տոնը, սակայն նոր սերունը չի անդրադառնում իրենց հայրերի արած սխալին ու այսպես շարունակվում է կյանքը:
Իսրայելի ժողովրդի երիտասարդության տարիներին Աստված բազմիցս ուղարկել է մարգարեներ, որպեսզի այդ ժողովրդին հանաքեն Սուրբ Գրքի և Աստծու շուրջ: Բայց Իսրայելի ժողովուրդը չցանկացավ լսել Աստծու խոսքը և բազում պատիժների արժանացավ: Աստված այլևս չուղարկեց մարգարեներ և խոստացավ, որ Սուրբ Հոգին այդ ժողովրդի հետ չի լինի: Հրեա ազգի մեջ կան նաև իմաստուններ, որոնք ուղիղ կապ են տեսնում Զաքարիա մարգարեի սպանության և այլևս մարգարե չունենալու փաստի մեջ: Նաև այդ սպանության հետ են կապում Սուրբ Հոգու հեռացումը Իսրայելից: Նաև հանձն են առնում, որ Տրուսաղեմի Տաճարի կործանումից հետո վերցվեց մարգարեությունը բոլոր մարգարեներից և տրվեց հիմարների և երեխաներին: Սուրբ Հոգու վերականգնում Իսրայելում պետք է տեղի ունենար Հիսուս Քրիստոսի միջոցով, որին սպանեցին: Աստված բազում անգամներ է զգուշացրել Իսրայելի ժողովրդին՝ Աստծու դառնալու հրահանգով, իսկ ժողովուրդը խստասրտության պատճառով անվերջ պատժվել է և չի կամեցել վերադառնալ իր Հոր գիրկը: Մեկ այլ մարգարեության մեջ ասում է Իսրայելի ժողովուրդը նմանվեց այն մանկանը, որը դեռ մոր որովայնում էր, երբ հայրը մահացավ, իսկ երբ ծնվեց՝ մայրը մահացավ; Այսինքն այս ժողովրդի համար և՛ Տաճարն ավերվեց, և իրենք Քրիստոսին սպանեցին:
Ավարտին Տէր Հիսուս փարիսեցիներին ասում է,- Ինձ այլևս չե՛ք տեսնի, մինչև որ ասեք՝- Օրհնեա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով: Այս արտահայտությունը առաջին անգամ արել է Մովսեսը: Ավանդությունն ասում է, որ Մովսեսը մինչև իր մահանալը խնդրել է Աստծուն, որպեսզի իրեն ցույց տա Հիսուս Քրիստոսին, և երբ Աստված չի մերժել Մովսեսին, Տէր Հիսուսին տեսնելուց Մովսես բացականչել է,- Օրհնեա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով...
Այսպիսով եթե միտքը ամփոփելու լինենք, Տէր Հիսուս նրանց ասում է, որ կապը Իսրայելի ժողովրդի և Աստծու միջև կընդհատվի այնքան ժամանակ, մինչև որ կվերադառնա Աստծո Միածին Որդին երկրորդ անգամ և ցույց կտա Բարձրյալի Սուրբ անունը:
Սիրելիներ, այս բոլոր տեղեկությունները և համեմատությունները իմանալով հանդերձ, քրիստոնյան իրավունք չունի իր հոգևոր կյանքն ապրի այնպես, ինչպես ապրում է իր աշխարհիկ կյանքը: Որովհետև երբեմն հավատացյալ կարծելով քրիստոնյան կարող է կորցնել իր փրկության հույսը՝ իր հոգևոր կյանքը վերածելով փարիսեցիության: Վայերի մեջ մենք տեսանք, որ նրանք իրենց քարոզության շնորհիվ նորահավատներ են բերել տաճար, բայց իրենց վարքի պատճառով նրանց դարձրել են գեհենի որդիներ:
Հետևաբար կարևոր չէ լինել կրոնական առաջնորդ՝ փրկվելու համար, այլ թե ինչպիսի նվիրումով ես ծառայում Աստծուն, հատկապես, թե ծառայության մեջ ո՞ւմն է փառքը: Աստծո՞ւնը, թե՞ ծառայողինը:
Հիշենք նաև, որ Տէր Հիսուս Քրիստոս թզենին տեսավ ո՛չ թե չորացած վիճակում, այլ՝ առողջ, կանաչ տերևներով, բայց անպտուղ; Քրիստոնյան կարող է փրկություն չգտնել նաև եկեղեցու ներսում:
Քրիստոնյաների շրջանում էլ կարող են հանդիպել այնպիսիք, որոնք ակտիվ ընդգրկված են երիտասարդ միությունների մեջ, բարեգործությունների մեջ, եկեղեցի են հաճախում, մարդկանց աչքին երևալու համար: Սրանք թզենու տերևներն են, ոչ պտուղը: Մարդը հիմնականում ձգտում է ակտիվ լինել բարեգործական ծրագրերում, կարծելով իր հարաբերությունները շտկել է Աստծու հետ: Հիշո՞ւմ եք Տէր Հիսուս հարուստ երիտասարդին, որը պատվիրանները պահող մեկն էր, ասաց,- քեզ մի բան է պակասում:
Մենք թզենու պես երբեմն կարող ենք փարթամ տերևներ ունենալ, որը խաբուսիկ լինի, Բայց Տէր Հիսուս այնտեղ պտուղ փնտրեց, որ Իր քաղցը հագեցնի:
Իսկ մեր Տիրոջ քաղցը հագեցած կլինի, երբ մենք դեպի Իրեն ձգտելով հասնենք այն նպատակին, որի համար խաչվեց: Ազատվենք մեր մեղքերից, և այս առաքինությունը կհամարվի մեզ համար թզենու առատ պտուղ և կհագեցնի մեր Տիրոջ քաղցը:
Մենք բոլոր օրինակները ունենք Ավետարանում, Տաճարում փարիսեցիներից շատ ո՛չ ոք ցուցադրաբար ու երկար չէր աղոթում, բայց մաքսավորը արդարացած տուն գնաց; Շատ հարուստներ իրենց ունեցածից գանձանակի մեջ դրամ գցեցին, բայց այրի կինը ուշադրության արժանացավ: Շատ թվացյալ արդարներ հավատացին Քրիստոսին, բայց աջակողմյան ավազակը դրախտ մտնելուն արժանացավ:
Հետևաբար սիրելիներ, մենք այսօր թզենու պես ունենք արմատ, զանազան տերևներ, սակայն մեզ պտուղն է պակասում, որը մեր մեջ բացակայող սերն է մեր նմանի հանդեպ: Աստծու հանդեպ սերը և մերձավորի հանդեպ սերը Աստված տեղավորել է երկու գլխավոր պատվիրաններում, որոնցից է բխում ողջ օրենքն ու մարգարեությունները: Մենք պետք ջանանք ո՛չ թե 95, այլ՝ հարյուր տոկոս ջանք թափել մեր փրկության համար: Տէր Հիսուս այս օրինակ էլ պատմել մեզ սերմնացանի առակում: Չկա մի գաղտնիք, որ բացահայտած չլինի մեզ համար, երկնքի արքայությանը հասնելու նպատակով; Երբեք չխաբվենք ու չլինի թե մեծամտանանք մեր որևէ բարի գործով, հիշենք որ փարիսեցիների հանդիմանում էր Քրիստոս, բայց անբարո կնոջը ասաց, Ես էլ քեզ չեմ մեղադրում, գնա այլևս մի կրկնիր նույն մեղքը: Մեր ականջներին թող միշտ հնչի Տէր Հիսուսի ողբը Երուսաղեմի վրա, որին կամեցավ օգնել, բայց նրանք մերժեցին Իր օրհնությունը: Մեզ էլ է պարզած այդ փրկարար ձեռքը լուսաբացից մինչ երեկո: Արթուն լինենք մեր հոգևոր կյանքում և ամեն օր ասենք,- Օրհնեալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով:
Ավարտենք մեր այսօրվա սերտողությունը վերցնելով մեր դասը: Իսկ մեր այսօրվա դասը թող լինի պտղաբերության գիտակցությունը, ինչը պակասում էր փարիսեցիների մոտ:
Մնացեք սիրով և խաղաղությամբ: Թող ձեզ թզենու փարթամ տերևների հետևում առատ բերք գտնի մեր Տէրը, եր փնտրի:
Հարց. Ո՞վ է Աստված
Տեղեկութիւններ
Ի՞նչ է խոստովանությունը, որն ապաշխարության խորհրդի երկրորդ մասն է.
Ըստ ուղղափառ ավանդության՝ ամեն ոք, ով արդեն զղջացել է, չպիտի բավարարվի դրանով, այլ պետք է գնա եկեղեցի և իր մեղքը խոստովանի քահանային: Խոստովանությունից հետո քահանան արձակում է տալիս, այսինքն՝ իրեն տրված երկնային շնորհով հավատացյալին արձակում է մեղքի կապանքներից, և դրանով իսպառ ջնջվում է մեղքի դատապարտությունը: Այս պատճառով խոստովանությունից հետո մարդու սրտում մեծ ուրախություն է տիրում, որովհետև նա վստահ է լինում, որ ահեղ դատաստանի օրը չեն հիշվելու իր խոստովանած մեղքերը: