ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Առակներ 20.6-22
Բարուքի թուղթը 4.21-24
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 4.1-11
Ավետարան ըստ Հովհաննեսի 9.39-10.10
Ավետարան ըստ Մատթևոսի, 23:13 -32
ՅԻՍՈՒՍ ԱՆՈՆՑ ԿԵՂԾԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ
13 «Վա՜յ ձեզի, կեղծաւոր դպիրներ ու փարիսեցիներ, որ երկնքի թագաւորութիւնը մարդոց առջեւ կը գոցէք ու դուք չէք մտներ եւ մտնողներն ալ չէք թողուր որ մտնեն։
14 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու փարիսեցիներ որ որբեւարիներուն տուները կ՚ուտէք ու մարդոց երեւնալու համար աղօթքը կ՚երկնցնէք. անոր համար աւելի դատապարտութիւն պիտի ընդունիք։ 15 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու փարիսեցիներ, որ ծով ու ցամաք կը պտըտիք մէկը նորահաւատ ընելու ու երբ ըլլայ, զանիկա ձեզմէ երկու անգամ աւելի գեհենի որդի կ՚ընէք։ 16 Վա՜յ ձեզի կո՛յր առաջնորդներ, որ կ՚ըսէք թէ ‘Ով որ տաճարին վրայ երդում ընէ, բան մը չէ, բայց ով որ տաճարին մէջի ոսկիին վրայ երդում ընէ, պարտաւոր կ՚ըլլայ’։ 17 Ո՛վ յիմարներ ու կոյրեր, ո՞րը մեծ է, ոսկի՞ն թէ տաճարը որ կը սրբացնէ ոսկին։
18 Եւ թէ ‘Ով որ սեղանին վրայ երդում ընէ, բան մը չէ, բայց ով որ սեղանին վրայի պատարագին վրայ երդում ընէ, պարտաւոր կ՚ըլլայ’։ 19 Յիմարնե՛ր ու կոյրեր, ո՞րը մեծ է, պատարա՞գը թէ սեղանը որ կը սրբացնէ պատարագը։ 20 Ուստի ով որ սեղանին վրայ երդում ընէ, երդում կ՚ընէ անոր վրայ եւ անոր վրայի ամէն բաներուն վրայ 21 Եւ ով որ տաճարին վրայ երդում ընէ, երդում կ՚ընէ անոր վրայ եւ անոր մէջ բնակողին վրայ 22 Եւ ով որ երկնքի վրայ երդում ընէ, երդում կ՚ընէ Աստուծոյ աթոռին վրայ եւ անոր վրայ նստողին վրայ։ 23 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու փարիսեցիներ, որ անանուխին ու սամիթին եւ չամանին տասանորդը կը վճարէք ու կը ձգէք օրէնքին ծանր ծանր բաները, դատաստանը եւ ողորմութիւնը ու հաւատքը. ասոնք պէտք է ընէիք եւ զանոնք չձգէիք։
24 Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկը կը քամէք եւ ո՛ւղտը կը կլլէք։ 25 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու փարիսեցիներ, որ գաւաթին ու պնակին դուրսի կողմը կը մաքրէք, բայց ներսէն յափշտակութեամբ եւ անիրաւութեամբ լեցուն են։ 26 Կո՛յր փարիսեցի, առաջ գաւաթին ու պնակին ներսի կողմը մաքրէ, որպէս զի անոնց դուրսի կողմն ալ մաքուր ըլլայ։ 27 Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու փարիսեցիներ, որ կը նմանիք ծեփած գերեզմաններու, որոնք դուրսէն գեղեցիկ կ՚երեւնան, բայց ներսէն մեռելներու ոսկորներով եւ ամէն կերպ պղծութիւնով լեցուն են։ 28 Նոյնպէս դուք դուրսէն մարդոց արդար կ՚երեւնաք ու ներսէն կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ լեցուն էք։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, երեկվա սերտողության մեջ ձեզ ասացի, որ Հիսուս Քրիստոսի ապրած ժամանակահատվածում տարածված են եղել յոթ տեսակի փարիսեցիներ, յոթն էլ երկնքի արքայության մասին տարբեր պատկերացումներով, սակայն յոթն էլ կեղծավորությամբ; Որպեսզի հասկանալի լինի, թե Հիսուս Քրիստոս յոթը վայերը ինչի՞ համար էր ասում փարիսեցիներին, ձեզ համառոտ ներկայացնեմ նրանց տեսակները: Առաջին տեսակը այն փարիսեցիներն են, որոնք թլպատվում են ոչ թե Մովսեսի Օրենքը պահելու համար, այլ մարդկանցից հարգանք վայելելու համար: Երկրորդ տեսակը նրանք են, որոնք քայլելիս ցուցադրաբար գլուխները վեր չեն բարձրացնում, իբրև կանանց չտեսնելու համար, և շատ հաճախ գլուխները հարվածում են պատին: Երրորդ տեսակը կեղծ խոնարհությունից ոտքերը չի կտրում գետնից, անվերջ հարվածելով քարերին; Չորրորդ տեսակը փողոցում քայլելիս ամեն քայլափոխի մինչև գետին խոնարհվում է մարդկանց առջև՝ որպես խոնարհություն: Հինգերորդ տեսակը նրանք են, որոնք ցուցադրաբար մարդկանց մեջ հարցնում են,- Ես ուրիշ ի՞նչ պարտականություններ ունեմ անելու: Վեցերորդը այն փարիսեցիներն են, որոնք ապրում են միայն երկնքի արքայության մեջ վարձատրվելու համար: Իսկ վերջին՝ յոթներորդ տեսակը նրանք են, որոնք վախենում են դատաստանից, դրա համար են փարիսեցի:
Սիրելիներ, ես փարիսեցիների տեսակները ձեզ ներկայացրի, որպեսզի դուք վերլուծեք, թե այս մարդիկ ի՞նչ աղերս ունեն Քրիստոսի Վարդապետության և առհասարակ Քրիստոսի խաչելության և Հարության հետ: Ինչպե՞ս կարող էին այս տեսակ մարդիկ ընդունել Քրիստոսին որպես Մեսիա: Հիմա երբ ամեն մեկ վա՛յը կարդանք հասկանալի կլինի, թե ի՞նչն էր պատճառը այս վայերի: Մովսեսի աթոռին նստած օրենսգետներն ու փարիսեցիները իրենց ձեռքն էին վերցրել օրենքի ուսուցումը, և միայն իրենք կարող էին որոշել, թե ո՞ւմ կարելի է սովորել Հնգամատյանը, և ում չ՛ի կարելի: Մի մասը համաձայն է որ Թորան կարող են սովորել նրանք, որոնք հարուստ են, նշանավոր են, իմաստություն ունեն և խոնարհ են; Իսկ մյուս մասը փարիսեցիների պնդում են, որ կարող են սովորել բոլորը, քանի որ Իսրայելի մեջ շատ է պատահել, որ չարագործի ընտանիքից դուրս է եկել մարգարե: Այս համառոտ տեղեկությունը իմացանք փարիսեցիների մասին և կարելի է արդեն կարծիք կազմել, թե ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոս այդքան զգուշացնում փարիսեցու խմորից:
Եթե այսպիսին են եղել կրոնական առաջնորդները, որոնք պետք էր ժողովրդին ուսուցանեին, ուրեմն զարմանալի չէ նաև օրվա ժողովրդի հոգևոր սնանկությունը: Մինչդեռ Աստված Մաղաքիա մարգարեի բերանով քահանաներին Տիրոջ Պատգամաբեր է անվանել: Իսկ պատգամաբերի պաշտոնը ենթադրում է նաև միջնորդություն, և մեծ պատիվ է կոչվել միջնորդ Աստծու և մարդկանց միջև: Քահանային է տրված ձեռքով շոշափել Այն, ինչը հրեշտակներն են սարսափով սպասավորում: Ուրեմն Տէր Հիսուս Քրիստոսի ակնկալիքը շատ մեծ է նրանցից, որոնք Իր վարդապետությունը պետք է սովորեցնեն ժողովրդին:
Տէր Հիսուս մեղադրում է փարիսեցիներին, որ իրենք չեն մտնում երկնքի արքայությունը և այլոց էլ արգելում են մտնել: Ինչպե՞ս են արգելում: Քրիստոս չի բացառում նրանց ուսուցումը մարդկանց դարձի բերելու առումով, բայց մի կարևոր վտանգ է մատնացույց անում: Երբ մեկը նորահավատ է դառնում, հետևելով իրենց վարքին գեհենի որդի է դառնում: Պատկերացրեք, եթե նորահավատ մեկը հետևի մի փարիսեցու, որը մի կողմից հափշտակում է այրիներից իրենց տները, և մյուս կողմից կեղծավորությամբ երկարացնում է իր աղոթքները, ի՞նչ կսովորի նրանից այդ նորադարձը, եթե ոչ գեհենի ճանապարհը:
Դրա համար,- ասում է Տէրը,- ձեր դատապարտությունը ավելի խիստ պիտի լինի:
Աստծո արքայությունը փնտրելու փոխարեն փարիսեցիները փնտրում են սեփական փառքը և այդ փառասիրության պատճառով իրենց ուսուցումը մնում է ստվերում:
Ահա թե ինչու է այդքան կարևոր հոգևոր առաջնորդի անձնական օրինակը: Որովհետև միամիտ մարդը կարող է կուրորեն հետևել նրան և հայտնվել մեծագույն մեղքի և դատապարտության մեջ:
Երբ հանրությունը գրագետ է, հոգևորականից պահանջում է Աստվածաշնչյան գիտություն, քարոզություն խաչյալ և հարուցյալ Քրիստոսի մասին: Իսկ անուս մասսան լուռ հետևում է քահանային:
Քրիստոս աշակերտներին ասաց,- դո՛ւք եք աշխարհի լույսը: Իսկ եթե որևէ թերություն է գտնվում քահանայի խոսքերում ու գործերում, նույնն է, թե արեգակը սառի ու խավարի:
Ուշադրություն դարձրեք, թե Հիսուս Քրիստոս որքան է օգտագործում կեղծավորներ բառը՝ օրենքի ուսուցիչներին և փարիսեցիներին հանդիմանելիս: Նաև կույր առաջնորդներ է անվանում նրանց, իրենց մեղքերը չտեսնելու համար: Օրվա կրոնական առաջնորդները, ինչպես տեսնում ենք Քրիստոսի հանդիմանությունից, ոսկին առավել էին դասում Տաճարից, որը սրբագործում է ոսկին: Նույն օրինակը բերում է զոհի և զոհասեղանի միջև, որը սրբագործում է զոհը: Այսինքն անտեսում էին տաճարը, ուր գտնվում է Աստված և գնահատում էին ոսկին; Բոլոր մեղադրանքները հնչում են նրանց հասցեին, նրանց կեղծավորության և կուրության պատճառով: Քանի որ նրանք ուշադրություն էին դարձնում երկրորդական բաների վրա: Իսկ մարդկանց նկատմամբ անտարբեր վերաբերմունք ունեն: Կենտրոնացած են արտաքին մաքրության, գեղեցկության և ձևականության վրա: Ողորմությունը, սերը, խոնարհությունը, հնազանդությունը դուրս էր մնացել նրանց ծառայության դաշտից:
Վա՛յ ձեզ, ասում է ամեն հանդիմանության ժամանակ, և նրանց համեմատում է սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են , իսկ ներսից լեցուն է մեռելների ոսկորներով և պղծությամբ:
Նրանց կեղծավորությունը ցույց է տալիս նաև այն բանում, որ նրանք արդարների և մարգարեների գերեզմաններ են շինում ու զարդարում և հպարտանում են, որ եթե իրենք իրենց հայրերի ժամանակ ապրած լինեին, ապա մարգարեների սպանության չէին մասնակցի: Ձեր բերանով եք վկայում, որ դուք որդիներն եք նրանց, որոնք կոտորեցին Աստծու մարգարեներին:
Այստեղ մի ուշագրավ արտահայտություն է անում Հիսուս Քրիստոս, ասելով,- Գնացեք և ամբողջացրեք ձեր հայրերի կիսատ թողած գործը: Նկատի ուներ Իր խաչելությունը, որը արդեն ծրագրել էին քահանայապետները, և որի մասին արդեն քանի անգամ զգուշացնում էր :
Օձեր և իժերի ծնունդներ է անվանում նրանց Հիսուս Քրիստոս: Օձերը իրենց ոլորաձև շարժումներով միշտ խույս են տալիս վտանգից, բայց նրանց ասում է, որ Գեհենի դատապարտությունից չե՛ք կարող խույս տալ ձեր կեղծավորությամբ, քանի որ ձեր գործերը դրվելու են ձեր դիմաց: Մարգարեներին նենգաբար սպանում եք ճշմարտություն խոսելու համար, իսկ ցուցադրաբար կառուցում եք նրանց գերեզմանները և հարգանքի տուրք եք մատուցում ի տես մարդկանց:
Սրտեր քննող Հիսուս Քրիստոս տեսնում է նրանց ներքինն ու արտաքինը և բացահայտում է նրանց արարքը հանրության առջև, որպեսզի միամիտ մարդիկ չխաբվեն: Իսկ եթե չբացահայտեր նրանց իրական կերպարը, նրանք կմնային իրենց մեղքի մեջ, իսկ հանրության աչքի առջև կերևային բարեգործներ, բարեպաշտներ, Աստծու սպասավորներ:
Նայեք սիրելիներ, կույր առաջնորդների օրինակով մենք կարող ենք հասկանալ, որ երբեմն ձևական բարեգործությունը կարող է մեղք համարվել ենթակայի համար, քանի որ բարեգործության նպատակը սեփական անձի փառասիրությունն է, ո՛չ թե Աստծու փառքը:
Հրեաները միշտ հպարտանում էին, որ Աբրահամի սերունդ են, Իսկ Տէր Հիսուս փաստում է, որ նրանք որդիներն են մարդասպանների և ո՛չ մի աղերս չունեն Աբրահամի գործերի հետ: Աբրահամը իր հավատի արդյունքում իր որդուն տարավ զոհ մատուցելու՝ Աստծու խոսքի համաձայն: Հրեաների պաշտած Աստված՝ Իր Որդուն ուղարկեց աշխարհ՝ խաչվելու համար: Իսկ հրեաները Աբրահամի սերունդ լինելով, սպանեցին իրենց պաշտած Աստծու Որդուն, որը իրենց հետ խոսում էր ամեն օր:
Տէր Հիսուսի և կրոնական առաջնորդների միջև այսպիսի երկխոսություն է տեղի ունենում: Նրանք գիտեին, իրենց նենգ ծրագրի մասին, որ պատրաստում էին Հիսուսի դեմ: Տէր Հիսուս գիտեր, որ նրանք պատճառ են փնտրում իրեն մահվան դատապարտելու: Չէ՛ր թաքցնում ճշմարտությունը և ասում էր իրենց երեսին, ակնկալելով, որ գուցե դարձի գան, թողնեն իրենց հայրերի սնոտի ավանդույթները և դառնան Աստծու ճշմարիտ խոսքի վարդապետությանը: Ի սկզբանե Աստծու խոսքը ճիշտ չի մատուցվել և այն միշտ ուղեկցվել է սնոտիապաշտության երևույթներով և հասել է մինչև մեր օրերը: Մեր եկեղեցու հավատացյալների մոտ էլ է նկատվում սնոտիապաշտություն, որը դարձյալ փոխանցել են մեկը՝ մյուսին հենց եկեղեցու ներսում:
Այն ինչ պետք է մարդու փրկության համար եկեղեցու ճշմարիտ, ուղղափառ վարդապետության մեջ է գտնվում, և դրանից հեռանալը կարող է բերել մոլորության:
Երբ փարիսեցիների նման մենք էլ ողջ ուշադրությունը կենտրոնացնենք եկեղեցու արտաքին գեղեցկության վրա, անտեսելով մարդուն, որի համար խաչվեց Քրիստոս, մենք էլ կարժանանաք նույն հանդիմանություններին, ինչ որ նրանք: Մեր հայրենիքի այս օրերի վարած կյանքը դրա վառ ապացույցն, որ մենք էլ երեսուն տարի ազատ լինելով չեն կարողացել զարգացնել ու զարգանալ քրիստոնեության մեջ: Սակայն զարգացանք սնոտիապաշտության, արծաթսիրության, սեփական անձի փառքի, ծիսակատարության պարտականության մեջ, բայց ո՛չ երբեք Աստծու ճշմարիտ վարդապետության կիրառումով: Բոլոր մարդկանց շուրթերին Աստված է, իսկ գործերը հակառակ են Աստծուն: Որոշ քահանաներ առավոտյան ժամերգությանը աղոթք են անում, իսկ երեկոյան մասնակցում են ցույցերի: Հոգևորականների կյանքում հակասությունները պետք է լուծվել միմիայն Աստվածաշնչով և ո՛չ սեփական տրամաբանությամբ, քանի որ նրանց հետևում են իրենց հոտերը՝ կամա թե ակամա:
Աստված Մաղաքիա Մարգարեի բերանով ասում է,- Սա է Իմ պատվերը ձեզ, քահանանե՛ր, եթե չլսեք և չմտածե՛ք ձեր սրտում փառք տալ Իմ Անվանը, ասում է Ամենակալ Տէրը,- ձեր վրա անեծք կուղարկեմ:
Մաղաք. 2:1
Իսկ Պետրոս առաքյալն ասում է,- Ուրեմն՝ աղաչում եմ երեցներին, արածեցրեք Աստծո այդ հոտը, որ ձեզ է հանձնված՝ վերակացու լինելով ոչ թե ակամա, այլ կամովին, ըստ Աստծու. Ա.Պետ. 5:1
Պողոս առաքյալն էլ ասում է,- Այն երեցները, որոնք լավ վերակացու են, կրկնակի պատվի թող արժանի լինեն: Ա. Տիմ.5:17
Աստված հոգևոր լույս է աշխարհի համար, կամեցողը կօգտվի այդ լույսից, չկամեցողը կմնա խավարի մեջ: Արծաթսիրության գայթակղությանը չդիմացան ժամանակի կույր առաջնորդները, առաքյալի պատիվ ստացած Հուդան, և մինչև մեր օրերի կրոնական և քաղաքական առաջնորդները:
Իսկ Ավետարանը շարունակում է աղաղակել,- Լավ իմացե՛ք, ում ծառայությանը նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում ենք; Սիրելիներ ավարտեցինք վայերի շարքը, Աստված թող մեզ հեռու պահի այսպիսի կեղծավոր վարքից և արժանացնի մեզ լինելու Իր խոսքի հնազանդվողներ և կատարողներ:
Մնացեք սիրով՝ ամեն օր դաս քաղելով օրվա իրադարձություններից, կլինի հոգևո՛ր, թե՝ քաղաքական;
Հարց. Ի՞նչ ընդհանուր գիծ կա երեկվա փարիսեցու և այսօրվա քահանայի միջև:
Տեղեկութիւններ
Ի՞նչ է զղջումը, որը հանդիսանում է ապաշխարության խորհրդի մեկ մասը.
Զղջումը առաջին ճիգն է, որ պետք է մարդն իրագործի մեղքից ազատվելու համար: Մեղքից սթափվելուց կամ մեղքը հիշելուց հետո քրիստոնյան անմիջապես պետք է զղջա Աստծո առջև: Զղջումն արտահայտվում է գործած մեղքի համար ցավելով և սեփական անձը մեղադրելով ու կշտամբելով: Որքան մեծ է մարդու սերը Աստծո հանդեպ, այնքան մեծ է լինում նրա զղջումը, խորին ու վերջնական: Իսկապես զղջացած քրիստոնյան հաստատապես վճռում է այլևս չկրկնել իր մեղքը՝ խնդրելով Տիրոջը. «Մի՛ տար ինձ փորձության, այլ փրկի՛ր չարից»:
Սակայն այլ բան է ցանկանալը, և այլ՝ կարողանալը: Լինելով անկատար՝ մարդը կարող է դարձյալ մեղք գործել, որքան էլ խորապես զղջա և հրաժարվի մեղքից: Նրան օգնություն է պետք ո՛չ միայն Աստծուց, քանի որ դեռևս տկար է հավատի ու սիրո մեջ, այլև՝ մարդկանցից: Եվ ահա, այդ օգնությունը նա գտնում է Եկեղեցում՝ իրականացնելով ապաշխարության հաջորդ քայլը՝ խոստովանությունը: