ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Երկրորդ օրենք 8.11-9.10
Հոբի գիրքը 12.1-13.6
Եսայու մարգարեությունը 42.1-8
Ավետարան ըստ Մատթևոսի, 23:1-12
ՅԻՍՈՒՍ ԴՊԻՐՆԵՐԷՆ ԵՒ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԷՆ ԿԸ ԶԳՈՒՇԱՑՆԷ
1 Այն ատեն Յիսուս խօսեցաւ ժողովուրդներուն եւ իր աշակերտներուն ու ըսաւ. 2 «Մովսէսին աթոռը դպիրները եւ փարիսեցիները նստած են։ 3 Ուրեմն ինչ որ ձեզի ըսեն որ պահէք, պահեցէք ու ըրէք, բայց անոնց գործերուն պէս մի՛ ընէք, վասն զի կ՚ըսեն ու չեն ըներ։ 4 Քանզի ծանր ու տանելու դժուար բեռներ կը կապեն ու կը դնեն մարդոց ուսերուն վրայ եւ իրենց մատովը չեն ուզեր զանոնք շարժել։ 5 Իրենց բոլոր գործերը մարդոց երեւնալու համար կ՚ընեն. կը լայնցնեն իրենց գրապանակները ու կ՚երկնցնեն իրենց հանդերձներուն քղանցքները. 6 Ընթրիքներու մէջ առաջին բազմոցները կը սիրեն եւ ժողովարաններուն մէջ առաջին աթոռները ու շուկաներուն մէջ բարեւները։ 7 Եւ մարդոցմէ Ռաբբի, Ռաբբի կոչուիլ։ 8 Բայց դուք Ռաբբի մի՛ կոչուիք, վասն զի ձեր Ուսուցիչը մէկ է, այսինքն Քրիստոս։ 9 Դուք ամէնքդ եղբայր էք։ Ու երկրի վրայ մա՛րդ ձեզի Հայր մի կոչէք, վասն զի ձեր Հայրը մէկ է, որ երկինքն է։ 10 Եւ դուք ուսուցիչներ մի՛ կոչուիք, վասն զի ձեր Ուսուցիչը մէկ է, այսինքն Քրիստոս։ 11 Եւ ձեր մէջէն մեծը ձեր սպասաւորը թող ըլլայ։ 12 Ով որ իր անձը բարձրացնէ, պիտի խոնարհի եւ ով որ իր անձը խոնարհեցնէ, պիտի բարձրանայ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր մենք սկսում ենք Մատթևոսի Ավետարանի 23 րդ գլխի սերտողությունը: Ովքեր տանն են լսում սերտողությունը կարող են բացել իրենց Ավետարանները և հետևել այսօրվա սերտողության ընթերցվածքին; Կարդալ ու լսել մեկնաբանությունը ավելի տպավորիչ է դառնում;
Մենք գրեթե մոտենում ենք Ավետարանի ավարտին, և գնալով իրադարձությունները ավելի են զարգանում:
Որքան որ մոտենում են օրերի ավարտը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի, և Նա գիտեր որ հաշված օրեր հետո կատարվելու են այն բոլոր, ինչ հրեաները պատրաստել են Իր համար, այնքան ավելի խստապահանջ է խոսում ժողովրդի հետ պատվիրանների կատարման հարցում: Չնայած ամեն անգամ զգուշացրել է աշակերտներին, որպեսզի հեռու մնան փարիսեցիների խմորից, բայց այս անգամ հստակ ասում է, լսեք նրանց խոսքերը, սակայն մի արեք ըստ նրանց գործերի:
Շատ հետաքրքիր մտքեր կան այս գլխում, և գլխավոր պատգամ կա բոլոր հավատացյալներին հոգևորականի խոսքը լսելու վերաբերյալ: Մենք շատ հաճախ որևէ հոգևորականի մոտ մի թերություն նկատելիս, այլևս չենք ուզում նրան լսել, կարծելով, որ եթե ինքը հետևողական չէ իր ասած խոսքին, իր խոսքն էլ պետք չէ լսել: Սակայն Ավետարանը մեզ այլ բան է սովորեցնում: Այլ կերպ են բացատրում նաև եկեղեցու մեծ վարդապետները: Օրինակ Հովհան Ոսկեբերան Հայրապետն ասում է.-
«Քեզ ի՞նչ է վերաբերում, թե քահանան պիղծ է և չար: Իսկ եթե արդարն ու առաքինին է քեզ համար Աստծուն աղոթում, ի՞նչ օգուտ, երբ դու ինքդ չար ես: Այնպես էլ քեզ անմաքուր քահանան չի վնասի, եթե դու ինքդ հավատարիմ ես Աստծուն և հաճո ես Նրան, քանզի ամեն շնորհ Աստծուց է: Քահանան միայն շուրթերն է բացում, իսկ ամեն ինչ ասում է Աստված»: Այս խոսքերը հաստատում է Հիսուս Քրիստոս այս գլխում:
Տէր Հիսուս գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ ժողովրդի աչքի առջև հանդիմանում էր փարիսեցիներին, իրենց կեղծավոր վարքի պատճառով: Սակայն այդ նույն ժողովուրդը ժողովարանում այդ նույն փարիսեցիներին ու օրենքի ուսուցիչներին էին լսում շաբաթ օրերը: Այստեղ մի շատ կարևոր բացահայտում է անում Հիսուս Քրիստոս, որը կարող է հիմք հանդիսանալ բոլոր հավատացյալների համար այն առումով, որ եթե նույնիսկ հոգևորականը ապաշնորհ է, Միևնույն է նա Աստվածաշնչից է խոսում Աստծո խոսքի մասին և նրան լսել կարելի է: Մովսեսի աթոռի վրա նստած օրենքի ուսուցիչների և փարիսեցիների իշխանությունը չի հերքում Տէր Հիսուս, և աշակերտներին ասում է, լսեք նրանց խոսքերը, սակայն մի հետևեք նրանց գործերին, քանի որ նրանք այլ բան խոսում, այլ բան են անում: Այսինքն պատվեր է տալիս սովորել նրանց սուրբգրային պատգամները, առանց հետևելու նրանց վարքին: Սիրելիներ, մեծ առումով պատվիրանը պետք է պահի հավատացյալը իր ջանքերով, սակայն երբ հոգևորականը անցած է լինում այդ նեղ դռնով, նրա համար ավելի հետ է հավատացյալին խորհուրդ տալ, թե ինչպե՞ս պահել պատվիրանը, որ քաղցրություն զգալ, ոչ թե հիասթափվել: Այս է պատճառը որ հավատացյալի ականջին հաճելի է այն հոգևորականի խոսքը, որն ապրել է իր քարոզածը, ոչ թե նրա, որը որպես գիտելիք մատուցում: Փարիսեցիները մարդկանց փոխանցում էին զուտ գիտելիք, իսկ իրենց անձնական օրինակը այլ էր:
Քրիստոսի հանդիմանությունը նրանց իշխանության անօրինականության համար չէր, այլ՝ օրենքի ուսուցիչ լինելով օրենքը չպահելու համար էր: Բայց միայն քահանային լսելը բավական չէ, հավատացյալը ինքը պետք է կարդա Սուրբ Գրքերը, նաև Հայրերին, որպեսզի հասկանա, իրեն ճի՞շտ են սովորեցնում, թե՞ ոչ, որպեսզի ուսմունքի մեջ չսխալվի հավատացյալը: Այսպիսի օրինակներ շատ կան մեր օրերում, և քրիստոնյան Սուրբ Գիրք չիմանալու արդյունքում հայտնվում է հոգեորսների ձեռքը:
Փարիսեցիների ցուցադրական գործողությունների մասին մեն շատ ենք խոսել, որ նրանք սիրում են ներկայանալի տեղերում լինել, պատվո աթոռներ նախընտրողներ էին և հատուկ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը, որը բարեպաշտության նշան էր համարվում: Բայց այստեղ Տէր Հիսուս խոսում է նաև ինչ որ գրապանակների մասին, որ լայնացնում էին; Ի՞նչ են այդ գրպանակները, և ինչի՞ համար են;
Գրպանակները փոքր տուփեր են, որոնց մեջ մագաղաթի մի կտորի վրա գրված էին լինում հատվածներ Օրենքից:
Որպեսզի ձեր հասկանալի լինի, թե ինչու էին փարիսեցիները պահպանում այդ օրենքները ո՛չ թե անհրաժեշտաբար, այլ, ձևականորեն, կարդամ ձեզ մի հատված Թվեր Գրքից, և տեսնենք սա ի՞նչ պատվեր է տրված Աստծուց իսրայելացիներին
Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց, որ իրենց զգեստների ծայրերին ծոպեր կարեն, իսկ փեշերի ծոպերի վրայ կապոյտ թել դնեն։ Այս ծոպերը ձեր զգեստների վրայ պիտի լինեն, որպէսզի տեսնելով դրանք՝ յիշէք Տիրոջ պատուիրանները եւ կատարէք դրանք։ Այսպիսով դուք չէք շեղուի ձեր մտքի ու աչքերի ցանկութիւններին հետեւելով ու չէք պոռնկանայ։ Կը յիշէք ու կը կատարէք իմ բոլոր պատուիրանները, ձեր Աստծու առջեւ մաքուր կը լինէք, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեցի Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինեմ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։ Թվեր 15:37
Աստծու պատվերը հստակ է, այս նշանները իրենց պետք է անդադար զգուշացներ Աստծու պատվիրանների մասին, ո՛չ թե մարդկանց աչքին հաճելի և շքեղ երևալու համար: Մարդկային անձնասիրությունը և հպարտությունը նույնիսկ հագուստի պարագայում վնասում է մարդուն, երբ այն նպատակով չի կիրառվում: Հոգևորականի ձեռքի բոլոր հոգևոր գործիքները պետք է մատնանշեն Հիսուս Քրիստոսին: Խաչը ամեն վայրկյան նրան պետք է հիշեցնի Քրիստոսի խաչելությունը և ի՛ր խաչը որ վերցրած գնում է Քրիստոսի խաչի ճանապարհով: Ձեռքի Ավետարանը պետք է քահանային հիշեցնի այն պատգամը, որ Տվեց Տէր Հիսուս Համբարձումից առաջ, թե Գնացեք և քարոզեցեք բոլոր ազգերին, ուսուցանեցեք նրանց պահել այն բոլոր, ինչ որ ձեզ պատվիրեցի: Մյուռոնը պետք է հիշեցնի մկրտության պատվերը: Մի խոսքով քահանան այս բոլորը կրում է որպես քաղցր լուծ, ո՛չ թե մարդկանց հաճոյանալու, կամ նրանց առջև հատուկ իշխանություն ունեցող:
Ավետարանի այս պատգամը շատ հստակ է քահանաներին, այսինքն միա՛յն ծառայություն՝ ուսուցանելու նպատակով և ո՛չ մի դեպքում իշխանության տենչ կամ կեղծավորություն, ինչի համար ամեն անգամ հանդիմանում էր փարիսեցիներին; Բայց միևնույն ժամանակ աշակերտներին հավաստիացնում է, որ աստվածային շնորհը կարող է փոխանցվել նույնիսկ ապաշնորհ քահանայի միջոցով;
Այստեղ հավատացյալ համայնքը մի պատգամ ստացավ, լսել քահանայի խոսքը, որ Սուրբ Գրքից է, և ո՛չ մի դեպքում չհրաժարվել եկեղեցուց քահանայի բացթողումների պատճառով: Քահանան պատասխանատու է Աստծո առջև իր ծառայություն որակի և նվիրումի համար: Անշուշտ կրկնակի օգտակար է, երբ երկուսը միասին են և քահանան ծառայում է խոնարհությամբ և հաստատ է իր կոչման մեջ: Բայց միևնույն ժամանակ պետք չէ փնտրել անսխալ մարդ եկեղեցում՝ ոչ քահանաների մեջ, ոչ էլ հավատացյալների մեջ: Եկեղեցին նրա համար է, որ մարդիկ գան և իրենց ծառայությունը բերելով ամեն օր մոտենան Աստծուն:
Նաև հորդորում է աշակերտներին, որ որևէ մեկին ուսուցիչ չկոչեն, քանի որ իրենց ուսուցիչը մեկն է, և հայր չկոչեն երկրի վրա որևէ մեկին, քանի ու Մեկ է Հայրը, որ երկնքում է: Մի կոչեք ո՛չ մեկին ուսուցիչ, և ինքներդ մի՛ կոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը: Հրեական ավանդությունն ասում է, որ այդ ժամանակ կար յոթ տեսակ փարիսեցի, որոնցից և ո՛չ մեկը Քրիստոսի վարդապետությանը չէր համապատասխանում իրենց կեղծավորության ու ցուցամոլության պատճառով;
Այս երկու տողը, թե՝ ո՛չ մեկին ուսուցիչ և հայր մի՛ կոչեք, շատ հաճախ կտրվում է իր ամբողջ համատեքստից և որպես առանձին հարցադրում միշտ ուղղվում է քահանաներին կրոնական այլ ուղղությունների կողմից: Անկեղծ ասած ո՛չ թե պատասխան լսելու, այլ հանդիմանության համար, ինչպես որ փարիսեցիներն էին հարց տալիս ո՛չ թե պատասխան ստանալու, այլ որպես ծուղակային հարցեր:
Եկեղեցին մեր մայրն, քանի որ Մկրտության Ավազանից ենք ծնվում բոլորս: Ոչ ոք առարկություն չունի այս հարցի շուրջ, և չի կարող լինել: Նույն Ավազանից ծնված քրիստոնյաներս համարվում ենք քույրեր և եղբայրներ ի Քրիստոս: Սա ևս անհերքելի փաստ է, և ո՛չ ոք չի առարկում: Մենք այս փաստերը ընդունում ենք հոգևոր գիտակցությամբ և ընդունում ենք խրհրդաբար հավատալով դրան; Մենք քույրեր և եղբայրներ ենք միմյանց մեր հայրական տանը, ուրեմն ո՞րն է խնդիրը, որ խորհրդաբար հայր անվանենք նրանց, որոնք մեզ մկրտել են, Ավետարան են սովորեցրել, պսակել են, հոգեհանգիստ են արել մեր ննջեցյալի համար և հոգացել են մեր հոգևոր կարիքները: Բնականաբար մեր սրտում ունենք, որ մեր Հայրը մեկն է, որ երկնքում է: Մեզ լույս աշխարհ բերող հայրը ուրիշ է; Իսկ մեր հոգևոր հայրը եկեղեցում է; Սա պարզ տրամաբանություն է, որը պետք է ընկալի ամեն մկրտվող քրիստոնյա, և այս հարցը քննարկման հարց չէ, այլ ոմանք դարձնում են վիճելի թեմա փարիսեցիների նման;
Այլ է հարցը հոգևորականների ծառայության, խոնարհության, միմյանց հանդեպ իշխող չլինելու և այլն: Առաջին դարի եկեղեցին ունեցել է առաքյալներ, մարգարեներ, ուսուցիչներ: Ի՞նչ էր անում Պողոսը, եթե ոչ ուսուցանում էր մարդկանց: Ուրեմն նա Քրիստոսից ընտրված առաքյալ ուսուցիչ էր: Պետրոսը սովորեցնում էր, Հակոբոսը և Հովհաննեսը՝ նույնպես: Այս գլխի մեր Տէր Հիսուս Քրիստոսի պատգամը շատ պարզ է, որը ուղղված է նպատակին, ոչ թե ձևին; Հավատացյալը նույնպես չի կարող մեծամտանալ իր հոգևոր գիտելիքով, որ ունի, քանի որ Աստվածաշունչն է նրա գիտելիքի աղբյուրը, իսկ Աստվածաշնչի միակ ուսուցիչը մեր Տէր Հիսուս Քրիստոսն է: Քահանան չի կարող հպարտանալ իր գիտելիքով և գեղեցիկ խոսքով, քանի որ դա շնորհ է Աստծուց, ո՛չ իրենից: Ո՛չ թե պետք է հպարտանալ, այլ անսահման ուրախանալ, որ ճանաչում ենք Հիսուս Քրիստոսին, որը հանդուրժել է մեզ՝ մեր սխալների մեջ և կանչել է մեկին քահանայության, մեկին մարգարեության, վարդապետության, մեկին ճշմարիտ քրիստոնյա լինելու պարտականության և այսպես շարունակ՝ սկսած առաջին մարդուց մինչև մեր օրերը: Մենք պարծենալու միայն մեկ բան ունենք, որ դավանում ենք Ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, հավատում ենք Նրա Հարությունը և Երկրորդ Գալուստին: Ապրում ենք Նրա խոսքի համաձայն մեր կարողության չափով և ապավինում ենք Նրա մեծ ողորմությանը, ո՛չ թե մեր ապրած կյանքին;
Սիրելիներ, ավարտեցինք մեկից մինչև տասներկու համարները, իսկ վաղը կշարունակենք վայերը՝ ուղղված փարիսեցիներին, որ յոթ անգամ կրկնում է Հիսուս Քրիստոս:
Մնացեք սիրո՝ ձեր անձերը խոնարհեցրեք, որպեսզի Աստված բարձրացնի:Հիշեք նաև, որ պետք է լսել հոգևորականի խոսքը, անկախ ամեն բանից;
Հարց. Ի՞նչի համար էին փարիսեցիների գրապանակները:
Տեղեկութիւններ
Ի՞նչ է ապաշխարությունը և քանի մասից է բաղկացած:
Ապաշխարություն
Ապաշխարությունը Եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է: Ապաշխարել նշանակում է ափսոսալ, ցավել կատարած մեղքի համար, ձգտել թողություն ստանալ և ճիգերի միջոցով ազատվել մեղքից: Եվ քանի որ մարդը շարունակ ենթակա է մեղքի, ուստի ապաշխարությունը նրա համար մշտական անհրաժեշտություն է: Այն ընդգրկում է ճշմարիտ քրիստոնյայի ողջ կյանքը՝ նրա դարձից մինչև մահվան մահիճը: Մշտապես ապաշխարելով՝ մարդը մաքրվում է մկրտությունից հետո գործած մեղքերից, արթնացնում շնորհի ներգործությունը և արժանանալով ս. հաղորդության՝ վերականգնում իր նախկին միությունը Աստծո հետ:
Սուրբ հայրերն ապաշխարությունը բաժանում են 3 մասի՝ զղջում, խոստովանություն և հատուցում: