ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Եսայու մարգարեությունը 45.17-25
Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 3.14-4.13
Ավետարան ըստ Մատթևոսի 22: 34-45
ՄԵԾ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ
34 Փարիսեցիները երբ լսեցին թէ անիկա պապանձեցուց սադուկեցիները, մէկտեղ ժողուեցան 35 Եւ անոնցմէ օրինական մը հարցուց, զանիկա փորձելով. 36«Վա՛րդապետ, ո՞ր պատուիրանքը մեծ է օրէնքին մէջ»։ 37 Յիսուս ըսաւ. «Քու Տէր Աստուածդ սիրես քու բոլոր սրտովդ եւ քու բոլոր անձովդ ու քու բոլոր մտքովդ։ 38 Այս է առաջին ու մեծ պատուիրանքը։ 39 Ու երկրորդը՝ ասոր նման. ‘Քու ընկերդ սիրես քու անձիդ պէս’։ 40 Այս երկու պատուիրանքէն կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէները»։
41 Երբ փարիսեցիները ժողվուեցան, Յիսուս հարցուց անոնց ու ըսաւ. 42 «Քրիստոսի վրայով ի՞նչ կարծիք ունիք. անիկա որո՞ւն որդին է»։ 43 Ըսին իրեն. «Դաւիթին»։ Ըսաւ անոնց Յիսուս. «Հապա ի՞նչպէս Դաւիթ Հոգիով զանիկա Տէր կը կոչէ ու կ՚ըսէ. 44 ‘Տէրը իմ Տէրոջս ըսաւ, Նստէ իմ աջ կողմս, մինչեւ քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան ընեմ’։ 45 Ուրեմն եթէ Դաւիթ զանիկա Տէր կը կոչէ, ի՞նչպէս անիկա անոր որդին կ՚ըլլայ»։ 46 Եւ մէ՛կը չէր կրնար անոր պատասխանել։ Այն օրէն յետոյ մէ՛կը չէր համարձակեր անոր բան մը հարցնել։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ Հանապազորյա Հացի սիրելի ունկնդիրներ: Մենք նորից միասին ենք, որովհետև Աստծու կամքն է, որ Իրեն հավատացող ու փնտրող մարդիկ կարդան, վերլուծեն և հասկանան Իր խոսքերը, որպեսզի հեշտ լինի գիտակցաբար իրագործելը: Որովհետև պատվիրանի վրա հիմնվում ճշմարիտ քրիստոնեական կյանքը: Չհասկանալ Պատվիրանը, հավասար է չպահելուն:
Քրիստոսի և հրեա առաջնորդների միջև տարաձայնություն հենց այս պատճառով էր լինում, որ նրանք օրենքը անգիր գիտեին, բայց չէին ապրում դրանով:
Այսօրվա Ավետարանի մեջ տեսնում ենք որ արդեն միաբանվել են բոլորը խմբավորումները և դարձյալ չար միտումներով հարցեր են նախապատրաստել Քրիստոսին տալու համար: Փարիսեցիները տեսան, որ Քրիստոս սադուկեցիներին էլ բավարար պատասխան տվեց նրանց լռեցնելու աստիճանի, հիմա փորձում են պատվիրանների մեջ ծուղակային հարցեր մտցնեն: Բոլոր ձևերը փորձեցին Տէր Հիսուս Քրիստոսին փորձելու և մեղադրելու մեջ և բոլորի մեջ էլ ամոթով մնացին;
Տեսնենք այսօր ի՞նչ պատասխան է տալիս մեր Տէրը փարիսեցիների այն հարցի, թե՝ օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծը: Այս պատվիրանները գրված են Երկրորդ Օրինաց գրքի 6:5 համարի մեջ և իրենց քաջ հայտի պատվիրան է; Հրեա վարդապետներն ասում են, որ Հին Կտակարանում 613 պատվիրան կա: Կարծեցին, որ այս հարցով կարող են թյուրիմացություն ստեղծել պատվիրանների առաջնահերթության մեջ և դրանով գոնե կարողանան մեղադրել; Բայց մի բան հստակ է, երբ մարդը կույր է, նույնիսկ ամենագեղեցիկ նկարագրությունը պատկերացում չի տա կույրին նկարագրված առարկայի մասին;
Բոլորը տեսնում են որ իրենց տված հարցերին Քրիստոս պատասխանում է բանավոր, առանց օրենքի գրքերը բացելու, և շատ հաճախ նրանց հարցնում է,- Չե՞ք կարդացել, որ գրված է:
Նույնիսկ այս երևույթը չարթնացրեց նրանց մթագնած ու խավար մտքերը, հասկանալու համար, որ Հիսուս Քրիստոսն է սպասված Մեսիան, որը անգիր գիտե գրքերը, ինչը իրենք տարիներով կարդում և չեն հասկանում: Եվ Հիսուս նրանց հիշեցրեց առաջին պատվիրանը, նաև հիշեցրեց, որ երկրորդն էլ սրա նման է; Այս երկու պատվիրանից է կախված ողջ օրենքն ու մարգարեությունները:
Ի՛նչ օրենք էլ լինի, եթե աստվածադիր չէ, այն չի կարող գոհացնել բոլոր մարդկանց, այնպես ինչպես մեր երկրների օրենքները, որ մարդկանց ձեռքով է գրվել: Այդ պատճառով էլ աշխարհում խաղաղություն չկա: Եթե մի անհատ ապրում է Աստծու խոսքի համաձայն, նա խաղաղ է ներքուստ, բարեկիրթ է արտաքուստ, ներդաշնակ է բոլորի հետ, նրա պատճառով երբեք կռիվներ չեն լինում: Նույնն է ընտանիքի պարագան: Քրիստոնեական կյանքով ապրող ընտանիքը տարբերվում է միջավայրում իր կենցաղավարությամբ, քանի որ խոնարհությունն ու սերն է տիրում այդ ընտանիքում: Նույնը կարող էր լինել պետության ներսում, եթե առաջնորդվեին Աստծու գոնե մի քանի պատվիրաններով: Տէր Հիսուս հստակ ասում է այս երկու պատվիրանից է կախված ամբողջ օրենքն ու մարգարեությունները:
Հարցը տվեցին, պատասխանը ստացան և լռեցին; Այս անգամ սրանով չավարտվեց: Հիմա եկավ իրենց պատասխանելու ժամանակը, ինչից որ միշտ խուսափում էին, քանի որ Հիսուս այնպիսի հարց էր տալիս, որ փարիսեցիները պապանձվում էին:
-Ինչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ Որդին է,- հարցրեց նրանց Տէր Հիսուս:
-Դավթի,- պատասխանեցին նրանք: Քանի որ այդ մասին գրված էր մինչև Մատթևոսի Ավետարանը գրվելը և գրված է նաև Մատթևոսի Ավետարանի ազգաբանության մեջ, թե Դավթի Որդին է;
-Իսկ ինչպե՞ս է Դավիթը Նրան Տէր կոչում Սուրբ Հոգով: Եթե Տէր է կոչում Դավիթը Նրան, ուրեմն ինչպես կարող է Դավթի որդին լինել: Դարձյալ լռություն տիրեց հարցասերների մոտ:
Պատասխան չունեն տալու և մենք ո՛չ մի անգամ չկարդացինք, որ փարիսեցիները խոստովանեին իրենց մեծամտությունը և նաև տգիտությունը Տէր Հիսուսի դիմաց եղած ժամանակ:
Այդ օրից հետո նրանցից և ոչ մեկը չէր համարձակվում Հիսուսին հարց տալ որևէ թեմայից, քանի որ իրենց անմիտ ու կասկածելի հարցերը սպառվեցին, և զգացին որ չե՛ն կարող Քրիստոսի հետ մրցման մեջ մտնել հարց ու պատասխանի ժամանակ:
Փարիսեցիները, քահանայապետները և օրենսգետները պարտավոր էին իմանալ, որ Հիսուս Քրիստոս մարմնով սերված է Դավթի սերնդից, բայց աստվածությամբ նա՛և Դավթի Տէրն է, ինչպես որ բոլորի Տէրն է:: Դավթի և Քրիստոսի ծնունդի միջև տասնչորս սերունդ կա, բայց Դավիթը իր սաղմոսներում Քրիստոսին արդեն Տէր անվանում:
Տէր Հիսուս գիտեր նրանց սրտերը և մտքերը, դրա համար է այնպիսի հարցեր տալիս, որ վեր է իրենց տրամաբանությունից և իրենց տրված չէ այդ բոլորը իմանալ, քանի որ անկեղծությամբ չեն հարցնում հասկանալու համար, այլ չար դիտավորությամբ, և չար նպատակով:
Տեսեք, սիրելիներ, նույն հանդիպման ժամանակ Տէր Հիսուս երկու անգամ Սուրբ Գրքերից մեջբերում է անում նրանց համար, առանց ձեռքին գիրք ունենալու: Առաջին անգամ Օրինաց գրքից մեջբերում արեց պատվիրանների առաջնահերթության վերաբերյալ, իսկ երկրորդ անգամ Դավթի 109 սաղմոսից մեջբերեց, ասելով,- Տէրն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դարձնեմ»։ Ինչո՞ւ նրանք հաշվի չէին առնում այս հանգամանքը, Ինչո՞ւ նրանց չէր զարմացնում Հիսուսի գիտությունն ու իմաստությունը: Քանի որ նրանք արդեն չար դիտավորություն ունեին իրենց մտքում: Բայց այս բոլոր հանդիպումները մի՞թե լավագույն հնարավորություն չէին նրանց համար, որպեսզի հետ կանգնեն իրենց դավադրությունից:
Ավետարանն ասում է, այդ օրվանից նրանք այլևս չէին համարձակվում հարցեր տալ Հիսուսին: Իսկ սա նշանակում է, որ կրոնական առաջնորդները համոզվեցին, որ հարցերից և ոչ մեկով չկարողացան ամբաստանել և ծուղակը գցել Հիսուսին: Հիմա արդեն նախապատրաստվում են դավադրության հաջորդ փուլը՝ փնտրելով իրենց նման մեկին, որ արծաթով կօգնի իրենց՝ կատարելու Քրիստոսի մահվան ծրագիրը:
Չար նպատակի իրականացման համար միշտ էլ գտնվում են համախոհհեր, ինչպես վերևում տեսանք միաբանվել են տարբեր գաղափարների ու պատկերացումների տեր՝ կրոնաքաղաքական խմբավորումների մարդիկ, քանի որ բոլորը համակարծիք են Քրիստոսին մահվան դատապարտելու մեջ: Մենք հետագայում տեսնում ենք, թե ինչպես նույն կերպ բարեկամ ու մտերիմ դարձան Հերովդեսն ու Պիղատոսը, Քրիստոսի խաչելությունից հետո, քանի որ ընդհարված էին միմյանց հետ:
Հիմա անդրադառնանք մի կարևոր հանգամանքի. Քրիստոս Իրեն ներկայացնում է որպես Մեսիա, որին սպասում էին օրվա առաջնորդները և այդ խմբավորումները, որոնք չկարողացան պատասխանել Քրիստոսի տված ո՛չ մի հարցին: Նրանք այնքան էին խորացել օրենքի ու ծեսերի մոլորության մեջ, որ իրենց անգիր իմացած և հաճախ կրկնած սաղմոսը չէին հասկանում ո՛ւմ մասին է; Ո՞ւմ է պետք անգիր իմանալ սաղմոսները, և կորցնել սերը Աստծու և մերձավորի նկատմամբ; Իրենք հարցնում են առաջին պատվիրանի մասին, և իրենք զուրկ են այդ պատվիրանի կիրառումից:
Լույսը կանգնած էր իրենց առջև, իրենք լույսի մեջ խավար էին փնտրում: Սպասված Մեսիան կանգնած էր իրենց առջև, իրենք ելքեր էին փնտրում նրան դատապարտելու համար:
Ի՞նչն է պատճառը այս ամենի: Պատասխանը դարձյալ տալիս է Տէր Հիսուս Քրիստոս, ասելով,- անօրենության շատանալուց շատերի սերը կպակասի: Հարսանիքի զգեստի մասին պատմեց, երկու որդիների մասին պատմեց նրանց, թզենու առակը պատմեց: Բոլոր հնարավոր միջոցները գործադրեց, որպեսզի ոչ ոք չզրկվի երկնքի արքայությունից: Բայց վերջնական ազատ որոշումը մարդունն է;
Այսպիսի հավատը Աստծու նկատմամբ չի բխում Աստվածաշնչի պատգամներից և չի մոտեցնում երկնքի արքայության դռներին, որ պատրաստված է բոլոր մարդկանց համար: Քրիստոս ա՛յն Աստծու Որդին էր, որին իբրև իրենք հավատում էին, ու չկարողացան հավատալ նույնիսկ իրենց հավատացած Աստծուն, որն ասաց, Դա՛ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը:
Ամբողջ քրիստոնեական ուսմունքը հիմնված է սիրո և այդ սիրով մերձավորին օգտակարության վրա: Ժամանակակից մարդու պատկերացմամբ սերը զգացմունք է, որը գալիս է, գնում է, սառում է, վերանում է, և այլն: Իսկ Ավետարանական ճշմարտությամբ սերը որոշակի հարաբերություն է մարդկանց մեջ, որը չի կարող վերանալ: Սերը նաև գործողություն է, քանի որ Տէր Հիսուս ասում է, - եթե սիրում եք Ինձ կպահեք Իմ պատվիրանները: Իսկ պատվիրանապահությունը ջանք է պահանջում: Իսկ երբ սիրում ենք մեկին, նրա համար ոչ մի ջանք չենք խնայում, որ օգտակար լինենք նրան:
Սիրելիներ մենք այսօր ավարտեցինք նաև 22 րդ գլուխը Մատթևոսի Ավետարանի, ծանոթացանք փարիսեցիների ևս մեկ ծուղակային հարցի հետ, որ տվեցին Տէր Հիսուսին՝ առաջին և երկրորդ պատվիրանների վերաբերյալ: Քրիստոս չհավանեց փարիսեցիների կեղծավորությունը, և ասաց այդ մասին իրենց երեսին, քանի որ կանգնած էին Իր դիմաց: Հիմա թողնենք բոլորին իրենց տեղերում և վերադառնանք մեր իրականություն, ինչը անում ենք ամեն սերտողության ժամանակ: Մեզ էլ դուր չեկավ փարիսեցիների այսքան ժամանակվա պահվածքը, խորամանկությունը, դիտավորությունը և այլն: Հիմա հարց; Արդյո՞ք մեր Տէր Հիսուս Քրիստոսին դուր է գալիս մեր պատվիրանապահությունը: Արդյո՞ք մենք մեր գործերում միշտ հիշում ենք առաջին և երկրորդ պատվիրանները: Մի որոշում կայացնելիս հիշո՞ւմ ենք ավետարանական սիրո մասին, որ վերաբերում է Մարդ- Աստված և մարդ- մարդ հարաբերություններին: Կամ մենք մեր կարդացածը հասկանալո՞վ ենք կատարում, թե՞ մենք էլ փարիսեցիների նման Ավետարանից շատ տողեր անգիր գիտենք, բայց ո՛չ թե կատարելու համար, այլ իմացող երևալու համար:
Քրիստոնեական եկեղեցու որոշ սպասավորներ ու որոշ հավատացյալներ ևս այս մոլորության մեջ են; Քրիստոսի Եկեղեցին ամուր է, անշարժ է, անսասան է, որովհետև Քրիստոսն է գլուխը եկեղեցու: Իմ խոսքը եկեղեցականների և հավատացյալների մասին է, որոնց միջև հարաբերությունը այսօր ավետարանական սիրո վրա չէ կառուցված: Ինչքան էլ որ մենք թաքցնենք, չբարձրաձայնենք, լռենք, արդյունքը չի լռում այդ մասին և հոգևոր կյանքը գնալով նվաղում է, սերը սառում է, անօրենությունը շատանում է: Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է այս վիճակի համար, որովհետև բոլորս մեր Մայր Եկեղեցու Սուրբ Ավազանից ենք ծնվել և Եկեղեցին մեր Մայրն է; Քրիստոս մեր Հայրն է, բոլորս ի Քրիստոս քույրեր և եղբայրներ ենք եկեղեցու ներսում: Հետևաբար ամեն օր շտկելով է, որ պետք է բարենորոգվի եկեղեցու անդամների հոգևոր կյանքը: Աստվածաշունչ կարդալը բավական չէ քրիստոնյա կոչվելու համար, փարիսեցիները անգիր գիտեին; Պետք է սիրել Աստծուն և մերձավորին: Իսկ Աստծուն սիրել, նշանակում է պահել Իր պատվիրանները: Իսկ Պատվիրանապահությունը մղում է դեպի օգտակարություն բոլորի հանդեպ, ո՛չ միայն մերձավորի: Այստեղ դադար տանք մեր սերտողությանը և մեր դասը վերցնելով անդրադառնանք յուրաքանչյուրս մեզ: Մեր դերը Եկեղեցուց ներս ի՞նչ վիճակում է: Խորհենք այդ մասին այսօրվա պատգամի հիման վրա:
Մնացեք սիրով՝ մեծագույն հարգանքով ձեր Մոր՝ Եկեղեցու նկատմամբ, զատելով Քրիստոսի Եկեղեցին եկեղեցում ծառայող եկեղեցականից:
Հարց. Մեկնաբանություններում գրեք առաջին Պատվիրանը:
Տեղեկութիւններ
Ի՞նչ է նշանակում խորհուրդ։
– Խորհուրդ, բառի կրոնական և աստվածաբանական իմաստով, նշանակում է անտեսանելի բաների հայտնություն. ինչպես օրինակ՝ Մկրտության մեջ մկրտվողի քրիստոնյա դառնալը խորհուրդ է, ծածուկ մի բան, և այն ծեսն ու արարողությունը, որով կատարվում է Մկրտությունը, խորհուրդի իրական
արտահայտությունն է։ Հետևաբար, խորհուրդ նշանակում է ոչ միայն ծածուկ մի բան, այլ նաև դրա արտահայտության արտաքին ձևերն ու կերպերը կամ արարողություններն ու ծեսերը։
Ի՞նչ կերպով ենք ըմբռնում խորհուրդը։
– Խորհուրդն ըմբռնում ենք հավատքով և երկյուղածությամբ, քանզի քրիստոնեական սուրբ կրոնը, ինչպես տեսանք,ինքնին հիմնված է հավատքի վրա։ Հետևաբար, առանց հավատքի և առանց երկյուղած նկարագրի անհնար է ընդունել խորհուրդը։
Ո՞րն է խորհուրդների նպատակը։
– Քրիստոնեական կյանքի համար խորհուրդները հոգևոր ազդակներ ու միջոցներ են՝ միշտ մնալու աստվածային շնորհի մեջ, ապրելու հոգևոր կյանքի բարձրության վրա և գործերով ցույց տալու, թե Հիսուս Քրիստոսով ավետարանված փրկությունը հոգևոր իրականություն է դարձել հավատացյալների համար իրենց հավատքի և կյանքի մեջ։ Այս ըմբռնումով պետք է դիտել խորհուրդները։ Այս պատճառով ոչ միայն կարևոր է գիտենալ խորհուրդների աստվածաբանական նշանակությունը, այլ մանավանդ հրամայական պարտք է կյանքում և կենցաղում արտահայտել նրանց կրոնական ու հոգևոր իմաստը, նրանց բարոյագիտական գեղեցկությունը։ Եթե այս գիտակցությունը չդնենք Քրիստոնեականի ուսման մեջ, եթե երկյուղածությամբ չսերտենք խորհուրդները, չենք կարող զգալ աստվածային օրհնությունն ու շնորհը մեզ վրա։
Որո՞նք են Եկեղեցու խորհուրդները։
– Ուղղակի մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից հաստատված խորհուրդներն են Մկրտությունը և Հաղորդությունը։
Բայց, ինչպես կտեսնենք հետո, Եկեղեցին տերունական խորհուրդների թիվը բարձրացրել է յոթի, որոնք են.
ա Մկրտություն, բ Դրոշմ, գ Ապաշխարություն, դ Հաղորդություն, ե Պսակ, զ Կարգ և օծումն հիվանդաց, է Կարգ ձեռնադրության։
Իսկ ընդհանրապես եկեղեցում կատարվող յուրաքանչյուր արարողություն խորհուրդ է, որովհետև այն առնչվում է Աստծու հետ և աներևութապես Աստծու օրհնության և Սուրբ Հոգու շնորհների հայցումն ու բաշխումն է: