ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ելք 2.23-3.15
Հովելի մարգարեությունը 2.21-31
Ավետարան ըստ Մատթևոսի. 22:15-33
ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
15 Այն ատեն փարիսեցիները խորհուրդ ըրին որպէս զի որոգայթ մը լարեն խօսքով։ 16 Իրենց աշակերտները՝ Հերովդէսեաններու հետ մէկտեղ ղրկեցին անոր ու ըսին. «Վա՛րդապետ, գիտենք թէ ճշմարտախօս ես եւ ճշմարտութեամբ Աստուծոյ ճամբան կը սորվեցնես ու մարդո՛ւ համար հոգդ չէ, քանզի մարդոց երեսպաշտութիւն չես ըներ, 17 Ուստի մեզի ըսէ. Քեզի ի՞նչպէս կ՚երեւնայ, Պէ՞տք է կայսրին տուրք տալ թէ ոչ»։ 18 Յիսուս գիտնալով անոնց խորամանկութիւնը՝ ըսաւ. «Ինչո՞ւ զիս կը փորձէք, կե՛ղծաւորներ, 19 Ցուցուցէք ինծի տուրքին դրամը»։ Անոնք դահեկան մը բերին իրեն։ 20 Հարցուց անոնց. «Որո՞ւնն են այս պատկերն ու գիրը»։ 21 Ըսին անոր. «Կայսրին»։ Այն ատեն ըսաւ անոնց. «Ուրեմն զայն որ Կայսրինն է՝ Կայսրին տուէք եւ զայն որ Աստուծոյն է՝ Աստուծոյ տուէք»։ 22 Երբ լսեցին՝ զարմացան եւ թողուցին զանիկա ու գացին։
23 Նոյն օրը անոր քով եկան սադուկեցիներ, որոնք կ՚ըսեն թէ յարութիւն չկայ եւ հարցուցին՝ 24 Ըսելով. «Վա՛րդապետ, Մովսէս ըսաւ. ‘Եթէ մէկը առանց զաւակի մեռնելու ըլլայ, անոր եղբայրը առնէ անոր կինը եւ իր եղբօրը զաւակ տայ’։ 25 Արդ եօթը եղբայրներ կային մեր մէջ։ Առաջինը կին առաւ ու մեռաւ։ Զաւակ չունենալուն համար իր կինը ձգեց իր եղբօրը։ 26 Նոյնպէս ալ երկրորդը ու երրորդը՝ մինչեւ եօթներորդը։ 27 Ամենէն ետքը կինն ալ մեռաւ։ 28 Ուրեմն, յարութեան ատեն այն եօթնէն որո՞ւն կինը պիտի ըլլայ. վասն զի ամէնքն ալ զանիկա կին ունեցան»։ 29 Յիսուս պատասխան տալով՝ անոնց ըսաւ. «Դուք մոլորած էք։ Ո՛չ գրքերը գիտէք եւ ո՛չ Աստուծոյ զօրութիւնը. 30 Քանզի յարութեան ատեն ո՛չ կին կ՚առնեն եւ ո՛չ էրկան կը տրուին, հապա երկնքի մէջ Աստուծոյ հրեշտակներուն պէս են։ 31 Բայց մեռելներուն յարութիւն առնելուն համար՝ չէ՞ք կարդացեր Աստուծմէ ձեզի ըսուած խօսքը. 32 ‘Ես եմ Աբրահամին Աստուածը եւ Իսահակին Աստուածը ու Յակոբին Աստուածը’։ Աստուած մեռելներուն Աստուածը չէ, հապա կենդանիներուն»։ 33 Ժողովուրդը այս լսելով՝ կը զարմանային անոր վարդապետութեանը վրայ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ. Վաղ առավոտից մեր սիրտը լցնենք Աստծու խոսքի զորությամբ, որպեսզի չմեղանչենք Իր դեմ օրվա ապրած մեր կյանքով ու գործերով:
Երեկ սերտողությունից սովորեցինք մաքուր պահել մեր թագավորական զգեստը, տեսնենք այսօր ի՞նչ պատգամ ունենք սովորելու: Տեսնո՞ւմ եք, սիրելիներ, որ դժվար չէ Ավետարանի պատգամները պահել, երբ ամեն օր մի բան ենք սովորում, և դրա մասին ենք մտածում ողջ օրը: Եթե մենք կարողանանք օրական մեկ պատվիրան լսել, յուրացնել, սեփականացնել և փորձել օրվա ընթացքում ընկերանալ այդ պատվիրանի հետ, տարվա ավարտին մենք բավական խելացի ընկերներ կունենանք, և կսովորենք նրանցից:
Իսկ փարիսեցիները այդպես չէին մտածում, նրանք չէին ուզում նոր բան սովորել, իրենց իմացածը բավարար էին համարում, դրա համար ամեն անգամ փոս փորելիս՝ մեջն էին ընկնում իրենց անհեռատեսության պատճառով: Մատթևոս ավետարանիչն ասում է, նրանք գնացին խորհուրդ արեցին, թե ի՞նչ խոսքերով որոգայթ լարեն Հիսուսի դեմ: Այս երևույթը շատ ծանոթ է մեզ, քանի որ զուտ մարդկային է: Մեր իրականության մեջ ավել շատ որոգայթ լարողներ են հանդիպում, քան խորհուրդ տվողներ: Տեսնենք, թե մեր փարիսեցիները, որ հանգիստ չեն թողնում Քրիստոսին, ի՞նչ որոգայթ են լարել այս անգամ:
Նախորդ գլուխների սերտողություն ժամանակ ես ձեզ ծանոթացրել եմ հրեական կրոնաքաղաքական կուսակցությունների հետ, որոնց մեջ էին նաև հերովդեսականները, որոնք անձնուրաց կերպով պաշտպանում էին Հերովդես արքայի շահերը: Հետաքրքրական է, որ այս բոլոր կուսակցությունները միաբան չէին, քանի որ ամեն մեկը մի սկզբունք ուներ հավատի հարցում, բայց արտաքնապես միասին էին հանդես գալիս ի տես մարդկանց, մեր 17 կուսակցությունների նման, որոնք չեն սիրում միմյանց, բայց հանուն աթոռի միաբանվել են, իսկ հետո էլ կռիվները կսկսվի աթոռների բաժանման ժամանակ: Բոլոր ժամանակներում քաղաքական դաշտը անհասկանալի է եղել պարզ մարդկանց համար: Նույն քաղաքականությունն էլ այստեղ հերովդեսականներն են օգտագործում, Հիսուսին տալով այս փշոտ հարցը, որովհետև երկու պատասխանի դեպքում էլ կարող էին մեղադրանք առաջադրել Հիսուսին: Եթե ասեր այ՛ո պետք է, որ տուրքը տաք կայսրին, մեղադրելու էին, որ Վարդապետը պաշտպանում է հեթանոս իշխանավորի շահերը, իսկ եթե ասեր պետք չէ, որ տաք, Նրան թշնամի էին հռչակելու կայսրի հանդեպ:
Ուղարկեցին մի քանի հերովդեսականներ, որ իրենց աշակերտներն էին: Արդեն իրենք հարկ չեն համարում անձամբ գնալ, ուղարկում են իրենց տեղակալներին: Սա էլ շատ ծանոթ երևույթ է մեզանում…
Փարիսեցիները մտածեցին, որ իրենց աշակերտները խորամանկությամբ կարող են ծուղակը գցել Քրիստոսին՝ իրենց երկար մտածված անմիտ հարցով, թե՝ պե՞տք է հարկ տալ կայսրին:
Հերովդեսականները չմոռացան իրենց կեղծավոր նախաբանով սկսել իրենց հարցումը, Վարդապետին անվանելով ճշմարտախոս, և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ուսուցանող, անաչառ և անվախ:
Սա ևս մեկ մոտեցում է, որը շատ բնորոշ է կեղծավոր մարդկանց, որոնք իրենց հարցը լուծելու համար, մի գեղեցիկ նախաբան են պատրաստում միամիտ մարդկանց գայթակղությամբ համոզելու համար: Նրանք չգիտեին, որ կանգնած են աշխարհին Իմաստություն բաշխող Հիսուսի առջև՝ իրենց տկար հարցով:
Դեռ հարցը չավարտած, Տէր Հիսուս նրանց կեղծավոր անվանեց, Իրեն փորձելու համար: Կեղծավոր բառը նրա համար ասաց, քանի որ այդ ժամանակ ամեն մարդ գիտեր, որ դինարի վրա ո՛ւմ պատկերը որ նկարված է, դինարը պատկանում է նրան: Կրոնական առաջնորդները գտնվում էին հռոմեական կառավարության իշխանության ներքո, և նրանց հաճոյանալու համար այսպիսի հարց տվեցին Հիսուսին, որ, եթե հանկարծ Հիսուս դեմ լիներ կայսրին տուրք տալուն, անմիջապես տեղեկացնեին կայսրին որ այս մարդը քեզ բարեկամ չէ և դեմ տուրքեր տալուն: Բայց Հիսուս Քրիստոս շատ պարզ ձևով գտավ մի երրորդ տարբերակ և պատասխանեց նրանց, ցույց տալով դինարի վրա կայսրի պատկերը, և ասաց տվեք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն:
Հին Կտակարանից գիտենք, որ հրեական օրենքում տուրքերը շատ էին և ամեն ինչի համար առանձին տուրք կար, ցորենի, ձեթի, գինու, բերքի և այլն: Իսկ ով չուներ այսպիսի բաներ, նա պետք է դինարով վճարեր իր տուրքը: Սրտեր քննող Տէր Հիսուս պարզապես բացատրեց, որ այն ինչ պատկանում է Աստծուն, տվեք Աստծուն, իսկ ինչը որ Աստծուն չի պատկանում, դա Աստծուն պետք չէ:
Իսկ մի՞թե Աստծուն որևէ տուրք է պետք տալ, երբ Աստված է Տիեզերքի Արարիչը: Աստծուն պետք է միայն մաքուր հոգի՝ առանց կեղծիքի, պետք է զղջացող սիրտ, որպեսզի ազատի մարդուն իր մեղքերից և հավիտենական մահից: Աստծունը տալ Աստծուն նշանակում է ծառայել Աստծուն այնպիսի նվիրումով, ինչպես Աստված է ողորմում մարդուն: Մենք ոչ մի բանի համար Աստծուն վարձահատույց չենք կարող լինել, ո՛չ լույսի, ո՛չ ջերմության, ո՛չ մեր տեսողության և լսողության, այլ միայն մեր անկեղծ նվիրումն է ուզում Իր ծառայության դաշտում տեսնել: Տէր Հիսուսի պատասխանից զարմացած հերովդեսականները լուռ հեռացան նրանից, գուցե մտքում զգալով իրենց պարտությունը և աննպատակ այցը Վարդապետին:
Սակայն դրանով չավարտվեց Հիսուս Քրիստոսի փորձաշրջանը: Հիմա էլ եկան սադուկեցիները՝ իրենց հարցով, և եթե ուշադիր եղաք ընթերցանության ժամանակ, Հիսուսին դիմեցին՝ Վարդապե՛տ անվանելով, սակայն Վարդապետ կարող էին ասել միայն նրանք, որոնք աշակերտում էին Իրեն; Բայց սադուկեցիները ո՛չ աշակերտ էին, ո՛չ էլ հավատում էին, այլ՝ Վարդապետ բառի մեջ ծաղր կար, ըստ ընդունված կարգի:
Այդ կուսակցությունների շարքում կային նաև սադուկեցիներ: Սրանք էլ այն ուժերն էին, որ չէին հավատում մեռելների հարությանը և ամեն հարմար առիթով փորձում էին հերքել հարության գաղափարը: Նրանց հարցն էլ ազնիվ մղումով չէր պատրաստված, որ տվեցին Վարդապետին Մովսեսի օրենքի վերաբերյալ, այն մասին, թե յոթ եղբայրների հետ ամուսնացած կինը հարության ժամանակ ո՞ր մեկի կինն է լինելու:
Սրանք էլ փորձում էին Մովսեսի օրենքի դեմ որևէ պատասխան ստանալ և դրանով հանդիմանել: Չնայած, որ Երկրորդ Օրինաց Գրքի 25:5 համարում հստակ գրված է այդ մասին մանրամասն բացատրությամբ և բացարձակ կարիք չկար հարց տալու, հատկապես ամբողջ օրենքից կտրված մի հարցով:
Ամեն անգամ նրանց պարզունակ հարցերը զարմանք էր պատճառում Հիսուսին, այն առումով, որ եթե Սուրբ Գրքերը կարդացած մարդիկ են այս աստիճան տկարամիտ, ապա ինչպե՞ս կլինի անուս ժողովուրդի կյանքը: Մոլորվածներ անվանեց սադուկեցիներին, գրքերը չհասկանալու համար, և հանդիմանեց նրանց այն բանի համար, որ ո՛չ գրքերն են հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը: Քանի որ գրքերում ո՛չ մի տեղ գրված չէ, որ հարությունից հետո կլինի ամուսնություն ինչպես որ նախքան հարությունն էր: Նրանք ամեն ինչին նայում են մարմնավոր տեսանկյունից, ինչպես որ Նիկոդեմոսը չէր հասկանում վերստին ծնունդը ինչպես կարող է լինել: Նույնպես և չկարողացան հասկանալ Հիսուս Քրիստոսի կուսական ծնունդը Մարիամ Աստվածածնից: Վերին բաները մարդկային ապականացու մտքով հասկանալ չի լինի:
Այլ բացատրում է նրանց, որ հարությունից հետո մարդիկ կլինեն հրեշտակների նման, ինչպես հրեշտակներն են երկնքում: Այստեղ ուշադրություն դարձրեք սիրելիներ, Տէր Հիսուս ասում է ինչպես հրեշտակներ, չի ասում կլինեն հրեշտակներ: Այս հարցի շուրջ էլ բավական քննարկումներ են առաջանում, կարծելով, թե մարդիկ դառնալու են հրեշտակներ:
Միտքը հասկանալի է, այսինքն հարությունից հետո Աստծու ներկայության մեջ այնպիսի երանելի վիճակ է լինելու, որը վեր է լինելու սեռական կարիքները հոգալու ցանկությունից: Ուղղափառ Հայրերի մեկնությունն ասում է, որ յուրաքանչյուրը լինելու է իր սեռով, ինչպես որ մահացել է, այսինքն՝ տղամարդը երևալու է ինչպես տղամարդ, իսկ կինը՝ ինչպես կին, բայց առանց սեռային ցանկությունների:
Իսկ Հարության գաղափարի կասկած ունեցողներին ամաչեցրեց իրենց անգիտության պատճառով, ասելով դարձյալ,- Չե՞ք կարդացել, Աստծուց ձեզ ասվածը, թե Ես եմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը: Աստված այս խոսքերը ասաց ներկա ժամանակով, երբ խոսում էր Մովսեսի հետ, իսկ Աբրահամը արդն 400 տարի առաջ էր մահացել: Աստված մեռելների Աստվածը չէ, այլ կենդանիների: Մենք կարող ենք հիշել նաև ուրիշ օրինակներ Աստվածաշնչից, երբ մեծահարուստը ճանաչեց աղքատ Ղազարոսին, և Աբրահամին, այսինքն նրանք իրենց տեսքով էին, որ ճանաչեցվին:
Մենք երկար ժամանակ է կարդում ենք առակները, լսում ենք Հիսուս Քրիստոսի պատասխանները, և մոռացել ենք ժողովրդին, որը երանության մեջ է ամբողջ ժամանակ և մի մեծ դպրոց է իրենց համար այս ուսուցումները, որ իրենք չէին լսել ոչ մեկից, ինչքան որ լսեցին այս ժամանակահատվածում, թե ինչպես իմաստուն պատասխաններ տվեց Վարդապետը փարիսեցիներին, ամոթով թողեց Հերովդեսականներին, և հիմա էլ սադուկեցիները որևէ բառ չկարողացան պատասխան տալ: Ժողովուրդը զարմացած և հիացած էր Նրա իմաստուն մտքերից: Չնայած իմաստուն և խորիմաստ պատասխաններին, օրվա քահանայապետների և այլ առաջնորդների կրքերը չհանդարտվեցին, քանի որ նրանց նպատակը ավելի խորն էր, որևէ պատճառ գտնել և մահվան մատնել: Հիսուս Քրիստոս կանխավ գիտեր այս բոլորի մասին, և ոչ մի անգամ նրանց հարցերը չթողեց անպատասխան, փաստելու համար, որ ո՛չ ոք չի կարող Իրեն մեղադրել որևէ հանցանքի կամ մեղքի մեջ: Իսկ երբ ժամանակը հասավ, Նա ինքնակամ գնաց մահվան: Քահանաներին թվաց, թե իրենք իրենց զորությամբ մահվան դատապարտեցին Քրիստոսին, բայց նույնիսկ կույրին է տեսանելի, որ այդքան հրաշք գործողը մի՞թե Իր համար չէր կարող հրաշք գործել: Բայ Նրա նպատակը մահից խուսափելը չէր, ինչպես որ Գեթսեմանիի պարտեզում Պետրոսի ասաց, կարծում ես չե՞մ կարող հրեշտակների հզոր բանակ կանչել, բայց բոլորը պետք է հասկանան, որ Նա իշխանություն ունի նաև մահվան վրա, և Ինքն է Հարությունը և կյանքը:
Հրեաների ջանքերը զուր էին Մեսիային որևէ կերպ ամբաստանել, և առհասարակ զուր են բոլոր ջանքերը որևէ սխալ փնտրել ճշմարտության մեջ: Քանի որ Քրիստոսի խոսքը անկեղծորեն կարող են ընդունել նրանք, որոնց մեջ նենգություն չկա, կասկած չկա, մարմնավոր չեն, այլ՝ հոգևոր:
Երկու կարևոր հարցերի պատասխաններ սովորեցինք այսօր, երկուսն էլ շատ կարևոր են մեր կյանքում:
Մենք էլ պետք է մեր գործերում սովորենք կայսրինը տալ կայսրին, իսկ Աստծունը՝ տալ Աստծո՛ւն:
Նաև մեր հավատքի հիմքը պետք է լինի Հարությունը, այլապես զուր է մեր հավատքը, ինչպես որ ասում է առաքյալը: Թող այսօրվա մեր սերտողությունը կիրառելի օրինակ լինի մեր գործերի և մեր հավատքի մեջ:
Մնացեք սիրով՝ սովորեք ծուղակային հարցերին պատասխանելիս միշտ գտնել մի երրորդ տարբերակ, որպեսզի հարց տվողը խորհելու առիթ ունենա, ինչպես ամեն անգամ ունենում էին Քրիստոսին փորձիչները:
Հարց. Կայսրի տուրքը հասկանալի է, իսկ ի՞նչ է Աստծուն տրվելիք տուրքը:
Տեղեկութիւններ
Այսօր ծանոթանանք մեր եկեղեցու խորհուրդներին.
Յոթ խորհուրդներ և առաքինություններ.
Ի՞նչ խորհրդածություն կարելի է անել յոթ խորհուրդների մասին։
Գրիգոր Տաթևացին այսպիսի խորհրդածություններ է եկեղեցու խորհուրդների վերաբերյալ.
Յոթ խորհուրդները մեզ պատրաստում են՝ յուրացնելու յոթ առաքինությունները.
ա Մկրտությունը հավատքի խորհուրդն է. մկրտվում ենք, որովհետև հավատում ենք։
բ Դրոշմը հույսի խորհուրդն է. հույս դնելով Սուրբ Հոգու զորության վրա՝ կարող ենք լինում մարտնչել թշնամու՝ սատանայի դեմ։
գ Հաղորդությունը սիրո խորհուրդն է. որովհետև սիրով ենք միանում և միավորվում մեր գլուխը հանդիսացող Քրիստոսին՝ որպես մարմին Նրա մարմնից և որպես անդամ Նրա անդամներից։
դ Ապաշխարությունը արդարության խորհուրդն է. որովհետև զղջման, խոստովանության և ապաշխարության գործերի միջոցով արդարանում ենք մեղքերից։
ե 0ծումը խորհուրդն է արդարության լրումի. Որովհետև, կյանքի պատերազմից դուրս գալով՝մեռնելով, մաքրում ենք քրտինքն ու փոշին՝ մարմնավոր պատերազմից ելնողների պես։
զ Ձեռնադրության կարգը խոհեմության և գիտության խորհուրդն է. որպեսզի ընծայվողը իմաստությամբ և գիտությամբ սպասավորի խորհուրդներին և խրատի ու սովորեցնի ժողովրդին։
է Պսակը ողջախոհության խորհուրդն է. որպեսզի ողջախոհ ամուսնությամբ զսպի բղջախոհ ցանկությունը և հեռու մնա շնությունից ու պոռնկությունից: «Գիրք հարցմանց» սուրբ Գրիգոր Տաթևացի.