ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 2.8-3.4
Ավետարան ըստ Մատթևոսի 21:33-46
ԱՅԳԻԻՆ ՄՇԱԿՆԵՐՈՒՆ ԱՌԱԿԸ
33 Ուրիշ առակ մըն ալ լսեցէք. «Տանտէր մը կար որ այգի մը տնկեց ու ցանկով պատեց զանիկա եւ անոր մէջ հնձան փորեց ու աշտարակ շինեց եւ զանիկա մշակներու յանձնեց ու ինք օտար երկիր մը գնաց։ 34 Երբ պտուղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաները մշակներուն ղրկեց, որպէս զի անոր պտուղները առնեն։ 35 Մշակները անոր ծառաները բռնեցին մէկը ծեծեցին, միւսը սպաննեցին, ուրիշ մը քարկոծեցին։ 36 Նորէն ծառաներ ղրկեց առաջիններէն շատ եւ անոնց ալ նոյնպէս ըրին։ 37 Վերջը իր որդին ղրկեց անոնց, ըսելով՝ ‘Թերեւս ամչնան իմ որդիէս’։ 38 Բայց մշակները երբ տեսան որդին, իրարու ըսին. ‘Ասիկա է ժառանգորդը. եկէք զանիկա սպաննենք ու անոր ժառանգութեանը տիրանանք’։ 39 Առին զանիկա, այգիէն դուրս հանեցին ու սպաննեցին։ 40 Երբ այգիին տէրը գայ, ի՞նչ պիտի ընէ այն մշակներուն»։ 41 Ըսին իրեն. «Այն չարերը չարաչար պիտի կորսնցնէ եւ այգին պիտի յանձնէ ուրիշ մշակներու, որոնք պտուղները իրենց ժամանակին պիտի տան իրեն»։ 42 Ըսաւ անոնց Յիսուս. «Բնաւ չէ՞ք կարդացեր գրքին մէջ, ‘Այն քարը զոր շինողները անարգեցին, անիկա անկիւնին գլուխը եղաւ’։ Ասիկա Տէրոջմէն եղաւ եւ զարմանալի է մեր աչքերուն։ 43 Ասոր համար կ՚ըսեմ ձեզի, թէ Աստուծոյ թագաւորութիւնը ձեզմէ պիտի առնուի ու այնպիսի ազգի մը պիտի տրուի՝ որ անոր պտուղ բերէ։ 44 Ով որ այս քարին վրայ իյնայ, պիտի կոտրտի եւ որու վրայ որ իյնայ պիտի փսորէ զանիկա»։
45 Երբ քահանայապետները եւ փարիսեցիները անոր առակները լսեցին, իմացան որ իրենց համար կ՚ըսէր 46 Եւ կը փնտռէին թէ ի՛նչպէս բռնեն զանիկա, բայց ժողովուրդէն վախցան, վասն զի մարգարէի պէս կ՚ընդունէին զանիկա։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Փառք Աստծուն՝ Իր պարգևած գարնան առաջին օրվա համար, շնորհակալ ենք Աստծուն տարվա բոլոր եղանակների համար, ամսվա բոլոր օրերի համար, մեր կյանքի բոլոր տարիների համար: Պահքից անցել է արդեն տասնհինգ օր, հուսամ պահք պահողները հունի մեջ են մտել և հաստատվել են իրենց ապաշխարության կարգի մեջ: Աստված զորացնի ամենքիդ՝ պահողներիդ և չպահողներիդ: Պահողներին այլ բանի համար, չպահողներին՝ այլ:
Սիրելիներ, մենք երեկվա Ավետարանի սերտողությունից իմացանք, որ մաքսավորներն ու պոռնիկները ավելի շուտ են մտնելու երկնքի արքայություն, քան կրոնական առաջնորդները, որովհետև նրանք հանձն առան իրենց մեղավոր վիճակը և զղջացին: Քանի որ երկնքի արքայությունը սրտով զղջացողի և մեղքից դարձողի համար է, ո՛չ թե ինքնասիրահարված կարծեցյալ արդարի: Այժմ տեսնենք ինչ գեղեցիկ օրինակ ունենք այսօր և ի՞նչ կարող ենք սովորել այսօրվա առակի սերտողությունից:
Վստահ եմ, որ ուշադրությամբ լսեցիք առակը, այնուամենայնիվ մեկ- երկու նախադասությամբ ամփոփեմ: Տանուտերը ամեն պայման ստեղծել է, և այգին վարձով է տվել մշակներին, որպեսզի պտղի ժամանակ իրեն բաժին հանեն այդ պտղից: Բայց երբ ուղարկում է ծառաներ պտուղը վերցնելու համար, նրանց սպանում են ծառաներին: Որդուն է ուղարկում, նրան էլ են սպանում, որպեսզի ժառանգին վերացնեն և ժառանգությունը սեփականացնեն: Հարց. Երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի: Այս էր առակի համառոտ բովանդակությունը: Եկեք միասին վերլուծենք առակը բոլոր հնարավոր տարբերակներով:
Առակն արդեն կարդացվում է դարերով: Նա, ով Աստվածաշնչի գիտակ է, անմիջապես հասկանում է, որ առակը մի գեղեցիկ փոխաբերական նկարագրություն է՝ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ:
Նա, ով չի՛ կարդացել Աստվածաշունչ, առակը հասկանում է կյանքի օրինակով և հասկանում է, որ անարդար են գտնվել մշակները և պատիժն արդարացի է:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ հասկացան հրեա կրոնական առաջնորդները, որոնց ուղղված էր այս առակը:
Այ՛ո, նրանք հասկացան, որ առակը իրենց է վերաբերում, որ այդ մշակները իրենք են, ծառաներին սպանողները իրենք են և որ պատրաստվում են սպանել նա՛և որդուն, դարձյա՛լ իրենք են; Նաև իրենց ականջով լսեցին Տէր Հիսուսի տված հարցի պատասխանը, թե՝ երբ այգու տերը գա, ի՞նչ կանի մշակներին, բոլորը միաբերան ասացին,- Չարերին չարաչար կոչնչացնի, և այգին կտա այլ մշակների, որոնք պտուղ կտան ժամանակին: Լսեցին ու տրտմեցին: Բայց ո՛չ թե նրա համար, որ զղջացին իրենց արարքը և հասկացան, այլ հակառակը՝ որ չեն կարողանալու այդ պահին բռնեն Հիսուսին և սպանեն: Տեսնո՞ւմ եք, սիրելիներ, չարը ինչպես է օգտագործում մարդ արարածի սրտի նենգությունը իր դեմ՝ հանցանքի մղելով: Սա պատահում է այն մարդկանց հետ, որոնք կարծում են, թե իրենց սրտի գաղտնիքը միայն իրենց է հայտնի: Մենք գիտենք, որ Աստված հրեա ազգի համար բազում մարգարեներ և առաջնորդներ հանեց, և ժողովրդի հետ խոսում էր նախ՝ մարգարեների, ապա առաջնորդների միջոցով: Աստվածաշնչից գիտենք նաև, որ շատ մարգարեների սպանեցին, շատերին հալածեցին, և վերջում Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի գուցե Իր այդ Որդուց ամաչեն և դարձի գան, սպանեցին նաև Աստծու Որդուն: Այս պատմությունը լսելիս բոլոր մարդիկ ակամայից ասում են պատիժը տեղին է, այսինքն չարերին չարաչար ոչնչացնել: Սակայն Աստված այդպես չի մտածում ինչպես մենք, որ առակը լսելիս պատժի հետ անմիջապես համաձայնեցինք և ասացինք՝ արժան և իրավ, թող պատժվեն մեղավորները:
Նույնիսկ Իր Որդուն խաչը հանելուց հետո Աստված ժամանակ հատկացրեց մարդկությանը, այսօր նաև մեզ, որպեսզի ամեն մարդ իրեն գտնի առակի մեջ և զղջա իր սխալը: Սակայն մենք, որ առակից երկու հազար տարի հետո ենք աշխարհ եկել, կարդացել ենք առակը և տեսնում ենք որ առանձնապես ոչինչ չի փոխվել նույնիսկ մեր օրերում: Մշակները նույն ոճով աշխատում ենք այգում, պտուղ պահանջող ծառաներին սպառնում են, այգու տիրոջ որդուց չեն երկնչում, որովհետև առակի վերջին մասը չեն հասկացել:
Տէր Հիսուս հիշեցնում է,- Սուրբ Գրքերում երբևիցէ չե՞ք կարդացել… որ կառուցողներից անարգված վեմը դարձավ անկյունաքար, և ո՛վ ընկնի այս քարի վրա կփշրվի, և ո՛ւմ վրա, որ ընկնի այս քարը նրան կճզմի:
Այստեղ տեղին է հիշել ժողովողի այն խոսքը, թե՝ կյանքդ ապրիր ինչպես ուզում ես, բայց իմացիր, որ ամեն ինչի համար Աստծու առջև պատասխան ես տալու: Այսինքն եթե սխալ ես ապրել ու չես զղջացել, այդ վեմը կճզմի քեզ մի օր: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում,- կուժը ընկավ քարի վրա, վա՛յ կուժին: Քարը ընկավ կուժի վրա, վա՛յ կուժին: Երկու դեպքում էլ վնասվողը կուժն է: Այս պարագայում՝ մեղավոր մարդը:
Անարգեցին հրեաները Հիսուս Քրիստոսին՝ Նրան դուրս հանելով Երուսաղեմից՝ խաչը հանեցին:Այնպես, ինչպես առակում ասվում է որդուն այգուց դուրս հանեցին և սպանեցին: Բայց Հիսուս Քրիստոս Հարություն առավ մեռելներից և անարգված քարը՝ որպես անկյունաքար կանգնեց նրանց աչքի առջև: Աշխարհում հրեաներին մեղադրում են Քրիստոսի խաչելության համար, բայց այսօրվա հրեաները, որոնք հավատում և քարոզում են Քրիստոսին, դրությունից դուրս գալու համար ասում են,- եթե մենք չխաչեինք Քրիստոսին, ձեր փրկությունը ապահոված չէր լինի:
Մեր փրկությունը այսօր էլ ապահովված չէ, եթե մենք՝ քրիստոնյաներս շարունակենք ապրել ինչպես հեթանոսներ: Եթե մշակները նույն կերպ ծառայեն այգում, և եթե մենք չաղոթենք այդ մշակների համար:
Եթե մենք չզղջանք ու ապաշխարենք, ինչպես արեցին Նինվեյի բնակիչները՝ Հովնանի քարոզելուց հետո, փրկությունը մեզ էլ չի հասնի, թեկուզ առաջին քրիստոնյա երկիրը եղանք:
Այգին խորհրդանշում է Իսրայելի ժողովուրդը, ուղարկված ծառաները՝ մարգարեներն են, այգու տիրոջ որդին Քրիստոսն է, իսկ այգու պտուղը խորհրդանշում է զղջում, ապաշխարություն, ինչ որ քարոզվեց Հին և Նոր կտակարաններում՝ մինչև այսօր: Սիրելիներ, սա միայն հրեաների խնդիրը չէ, սա համամարդկային խնդիր է, և միևնույն ժամանակ շատ անհատական: Ամեն մարդ մի այգի է իր Տիրոջ համար, որից պտուղ է սպասում Տէրը; Բոլորին տրված չէ այգու մշակներ լինելու և մարդկանց սովորեցնելու, սակայն բոլոր մարդկանցից է պահանջվելու պտուղը՝ ժամանակին: Որովհետև այգու տերը բոլոր պայմանները ստեղծել է այգին մշակելու և առատ պտուղ ստանալու համար: Մեր կյանքը Աստծուն է պատկանում, բայց մեզ է տրված վարձով, որպեսզի մաքրվենք և նորից մեր Տիրոջը միանանք: Առակի մեջ Տէր Հիսուս ասում է,- Ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որը պտղաբեր կդարձնի այն: Երբ մեկից վերցվում է իր պաշտոնը, կամ ապօրինի ունեցվածքը, մենք տեսնում ենք, թե մարդը ինչպես է պայքարում, այդ հետ վերադարձնելու համար: Թեև համեմատելի չէ նյութական բարիքները Աստծու Արքայության հետ, սակայն մարդը առավել պայքարում է նյութական բարիքի համար, քան՝ երկնքի արքայության; Դրա համար մենք պետք է ամեն գնով կարողանանք անխախտ պահել մեր մեջ եղած աստվածայինը, մաքուրը, անփոփոխելին, որ Աստված պարգևում է մեզ մկրտությամբ՝ Իր Սուրբ Հոգու միջոցով;
Տեսեք սիրելիներ, Ավետարանն ասում է, նրանք ուզում էին բռնել Հիսուսին, բայց վախենում էին ժողովրդից, քանի որ ժողովուրդը իբրև մարգարե էր ընդունում Նրան; Այսինքն օրենքի ուսուցիչները չէին վախենում Աստծուց, չէին վախենում թեկուզ մարգարե հռչակված Հիսուսից, այլ վախենում էին ժողովրդի նախատինքից և իրենց անունը վարկաբեկվելուց: Այնպես էլ, երբ Աստված մարդու սրտում չէ, մարդը վախենում է իր պաշտոնը կամ հարստությունը կորցնելուց, ո՛չ թե Աստծուն կորցնելուց:
Հրեաները չգնահատեցին ընտիր քարը իրենց շինարարություն մեջ և անարգեցին այն, իսկ այդ քարը դարձավ քրիստոնեական եկեղեցու հիմնաքարը և այդ հիմքի վրա կառուցվեց Քրիստոսի եկեղեցին:
Մենք պատմությունից գիտենք, թե ի՞նչ պատահեց Երուսաղեմի հետ և ինչպե՞ս ցրվեց հրեա ազգը աշխարհով մեկ: Հիմա Քրիստոսին հավատացող հրեաները խնդրում են, որ բոլոր մարդիկ աղոթեն հրեաների համար, որպեսզի նրանք համախմբվեն իսրայելում, ըստ Աստվածաշնչի, որպեսզի լինի Տիրոջ Երկրորդ Գալուստը:
Հրեաների աչքի առջև կատարվեց Երուսաղեմի տաճար կործանումը՝ Քրիստոսից երեսուն տարի հետո: Այն տաճարի, որի մասին ասել է Քրիստոս, թե՝ քարը քարին չի մնալու:Դարձյալ չհավատացին:
Սիրելիներ, նայեք այդ ժողովրդին, որի մեջ խոսում է Հիսուս Քրիստոս առակներով և պարզ խոսքերով, նախորդ գլխում նրանց պատմեց երկու որդիների մասին, որ մեկը լսեց հոր խոսքը, բայց չկատարեց, իսկ մյուսը մերժեց, բայց զղջաց և հետո կատարեց հոր կամքը: Հիմա զուգահեռ տանենք հրեաների և մեր միջև: Ողջ համացանցը հեղեղված է Աստծու խոսքով, կիրակիները եկեղեցիներում քարոզվում է Աստծու խոսքը, հազարավոր կրոնական այլ ուղղություններ խոսում են Աստծու մասին, ամենաշատը տպագրվող գիրքը Աստվածաշունչն է աշխարհում: Որն է խնդիրը, որ աշխարհը չի ապրում Քրիստոսի խոսքով, այլ սպանում է ծառաներին և անարգում Որդու խոսքը: Մարդիկ Աստծուն չեն ընդունում որպես պահանջող հա՛յր, այլ ընդունում են որպես ներողամիտ և սիրող պապիկ, որը միշտ հանդուրժում է, և երբեք երեխային չի պատժում;
Իսկ առակի վերջում Տէրն ասում ո՛ւմ վրա ընկնի այդ վեմը, կճզմի նրան: Աստծու խոսքը ենթական չէ փոփոխման, այլ մարդը պետք է իր պատկերացումը փոխի Աստծու հանդեպ, քանի դեռ սպասման ժամանակի մեջ ենք բոլորս:
Հիսուս Քրիստոս հրեա առաջնորդներին մեջբերում է անում սաղմոսից, հասկացնելու համար, որ միայն Ի՛նձ չէ, որ չեք հավատում ու հասկանում, դուք չեք հասկանում նաև այն գրքերը որ կարդում եք, քանի որ Դավիթն է գրել,- Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին, ա՛յն դարձաւ անկիւնաքար։ Տիրոջից եղաւ այս բանը, եւ սքանչելի է մեր աչքերին։ Սաղմ.117:22
Սիրելիներ շատ են օրինակները, բազմազան է մեր ուսուցման դաշտը, սովորելիքը չափազանց շատ է, ժամանակը չի աշխատում մեր օգտին, իսկ անկյունաքարի վրա կարող ենք ընկնել ցանկացած պահի և փշրվել: Աստծու խոսքը շատ ծավալուն է, տողատակերը շատ են, օգուտը շատ մեծ է, և այս բոլորը մեզ համար է: Հրեաներին ասում է, ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի նրանց, որոնք պտղաբեր կդարձնեն այգին; Նշանակում է որ արքայությունը նրանց էր տրված և չգնահատելու պատճառով կվերցվի նրանցից: Չլինի, որ հանկարծ մեզնից էլ վերցվի այդ թանկարժեք գանձը, որը այս պահին մեր ձեռքերի մեջ է և չենք գնահատում; Քրիստոս գնաց յուրայինների մոտ չընդունեցին, որովհետև կեղծիք էր համակ և սեր չկար: Եկավ մեզ մոտ, ընդունեցինք խանդավառությամբ, բայց արմատը խորը չէր սերմնացանի հողի պես, չորացավ մեր մեջ Աստծու խոսքի սերմը:
Շատ ծավալուն և իմաստալից էր Մատթևոսի Ավետարանի 21 րդ գլուխը: Հիսուսի հաղթական մուտքը եղավ Երուսաղեմում, տաճարը մաքրեց առևտրականներից, թզենին չորացրեց՝ անպտղության պատճառով, անհավատարիմ որդիների առակը պատմեց նրանց, և այս վերջին առակի մեջ ամփոփեց ամեն ինչ որ կատարվել էր: Այս բոլորը լսելով հանդերձ քահանայապետի նենգ մտադրության մեջ փոփոխություն չեղավ դեպի զղջում և կատարեցին այն, ինչ որ մտադրել էին;
21 րդ դարի համայն հայության քահանայապետներն էլ բազում զգուշացումներ լսեցին իր ծառայության բացթողումների մասին, սեփական բիզնեսների մասին, տաճարների առևտրի մասին և արձագանքը եղավ այն, որ անցան ինքնապաշտպանության և շարունակեցին նույն ոճով, ուրիշ ոչինչ; Մինչդեռ ժամանակն է Աստծու խոսքը ծաղկեցնելու և այգու պտուղն առատացնելու: Ինչևէ:
Մենք էլ, սիրելի ունկնդիրներ, եթե մեր հասցեին լսենք ճշմարիտ հանդիմանություն, չլինենք փարիսեցիների նման վրեժխնդիր, այլ Աստծու օգնությամբ դառնանք ու զղջանք ինչպես մաքսավորը, որն արժանանալու է արքայության; Միայն զղջումով է, որ կարող ենք ընդունել մեր Երկնավոր Հոր կամքը և չլինել անհավատարիմ որդի, կամ չար մշակ, այլ մեր հավատքը հաստատենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, որ հանդիսացավ անկյունաքարը մեր քրիստոնեական Սուրբ եկեղեցու: Չի ավարտվում նյութի ասելիքը, խորության պատճառով, բայց բավարարվենք այսքանով:
Մնացեք սիրով՝ հանդիմանությունը լսեք շտկվելու նպատակով, գուցե Քրիստոս է այդ մարդու միջոցով հանդիմանում ձեզ: Մի արդարացեք, եթե մեղավոր եք, այլ ուղղե՛ք ձեր ընթացքը՝ հիշելով, որ Վեմը կճզմի, եթե ընկնի ձեր վրա:
Հարց. Երբ այգու տերը գա ի՞նչ կանի մշակներին:
Տեղեկութիւններ
Սիրելիներ, այսօրվա տեղեկությունը որ ուզում եմ տալ ձեզ եկեղեցու մասին, կարծես համընկավ քիչ առաջվա մեր սերտողության հետ, որ Հայաստանում էլ սպանել են Այգու Տիրոջ ուղարկած ծառաներից երկուսին:
Ո՞վ հիմնեց Հայաստանի Եկեղեցին։
Ամենից առաջ՝ Թադեոս առաքյալը, Սանատրուկ թագավորի ժամանակ։ Սանատրուկը հակառակվեց Ավետարանի քարոզությանը, սակայն նրա դուստր Սանդուխտը լուսավորվեց Թադեոս առաքյալի շնչով։ Սանատրուկը շատ ճիգեր գործադրեց, որ իր դուստրն ուրանա քրիստոնեությունը, բայց՝ ապարդյուն, և իր զայրույթը հագեցնելու համար սպանել տվեց թե՛ Թադեոս առաքյալին և թե՛ Սանդուխտ կույսին։ Թադեոսից հետո Հայաստանում քարոզեց Բարդուղիմեոս առաքյալը, բայց նա էլ պետության կողմից հալածանքների հանդիպեց և նահատակվեց։ Այս պատճառով էլ քրիստոնեությունն ազատ, համարձակ և անարգել չկարողացավ տարածվել Հայաստանում։ Բայց երբ 301 թվականին սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելությամբ ու ջանքերով և Տրդատ թագավորի պաշտպանությամբ քրիստոնեությունը Հայաստանի համար պաշտոնական կրոն հռչակվեց, Եկեղեցին արագ մեծացավ, զարգացավ և տարածվեց։