ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Ավետարան ըստ Ղուկասի 6.12-49
Եսայու մարգարեությունը 54.11-55.13
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.1-7.1
Ավետարան ըստ Ղուկասի 15.1-32
Ավետարան ըստ Մատթևոսի. 21:23- 32
ՅԻՍՈՒՍԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
23 Երբ տաճարը եկաւ, քահանայապետները եւ ժողովուրդին ծերերը անոր մօտեցան՝ երբ կը սորվեցնէր՝ ու ըսին. «Ի՞նչ իշխանութիւնով կ՚ընես այդ բաները եւ ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը»։ 24 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց. «Ես ալ ձեզի բան մը հարցնեմ, եթէ ինծի ըսէք, ես ալ ձեզի պիտի ըսեմ թէ ի՛նչ իշխանութիւնով կ՚ընեմ այս բաները։ 25 Յովհաննէսին մկրտութիւնը ուրկէ՞ էր, երկնքէ՞ն թէ մարդոցմէ»։ Անոնք իրենց մէջ կը խորհէին ու կ՚ըսէին. «Եթէ ըսենք՝ 26 ‘Երկինքէն’, մեզի պիտի ըսէ թէ ‘Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր’, իսկ եթէ ըսենք՝ ‘Մարդոցմէ, ժողովուրդէն կը վախնանք’, վասն զի բոլորն ալ Յովհաննէսը իբրեւ մարգարէ կ՚ընդունին» 27 Պատասխանեցին Յիսուսին. «Չենք գիտեր»։ Ինք ալ ըսաւ անոնց. «Ես ալ ձեզի չեմ ըսեր թէ ի՛նչ իշխանութիւնով կ՚ընեմ այս բաները»։
28 «Ի՞նչպէս կ՚երեւնայ ձեզի. մարդ մը երկու որդի ունէր։ Առաջինին ըսաւ. «Որդեա՛կ, գնա այսօր այգիիս մէջ գործէ» 29 Անիկա պատասխանեց. «Չեմ ուզեր երթալ»։ Բայց ետքը զղջաց ու գնաց։ 30 Հայրը միւսին ալ ըսաւ։ Անիկա պատասխանեց. «Կ՚երթամ, Տէ՛ր», սակայն չգնաց։ 31 Հիմա այս երկուքէն ո՞րը իր հօրը կամքը կատարեց։ Ըսին անոր. «Առաջինը»։ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ մաքսաւորներն ու պոռնիկները ձեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ թագաւորութիւնը, 32 Վասն զի Յովհաննէս արդարութեան ճամբով եկաւ ձեզի եւ դուք անոր չհաւատացիք. բայց մաքսաւորներն ու պոռնիկները անոր հաւատացին եւ դուք տեսաք, սակայն չուզեցիք հաւատալ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր Մեծ պահքի երրորդ կիրակին է, որը կոչվում է համանուն ,,Անառակ որդու վերադարձըՙ առակի անունով: Այս կիրակիի խորհուրդը մեղավոր մարդու վերադարձն է իր ընկած վիճակից: Ես ձեզ ուղղակի տեղեկացնում եմ կիրակի օրվա խորհուրդը, իսկ առակի մեկնությունը կլսեք եկեղեցիներում արված քարոզներից: Մենք շարունակենք մեր սերտողությունը փետրվար ամսվա վերջին օրվա համար: Փառք Աստծուն նաև փետրվար ամսվա համար, որ հասցրեց իր ավարտին;
Սիրելիներ նախորդ սերտողությունը ավարտեցինք անպտուղ թզենու չորացման հրաշքի տեսարանով: Թզենին տաճար տանող ճանապարհի վրա էր և Տէր Հիսուս ուղևորվում էր դեպի տաճար: Դեռ թարմ էին երեկվա տաճարից մարդկանց դուրս հանելու դեպքերը, և հրեաները ըմբոստացած են Հիսուս Քրիստոսի դեմ: Իսկ Ինքը տաճար մտավ սովորական օրերի պես և ուսուցանում էր մարդկանց:
Քանի որ Երուսաղեմում այդ մի տաճարն էր, այդ պատճառով միշտ մարդաշատ էր ուխտավորների պատճառով, նաև զոհ մատուցողների և պարզ մարդկանց, որոնք աղոթքի են եկել տաճար:
Այս անգամ ժողովրդի ծերերը նույնպես միացել էին քահանայապետներին և անհամբեր սպասում էին այս հանդիպմանը, որպեսզի հանդիմանեն Քրիստոսին՝ երեկվա պատահածի համար: Առաջին հարցը, որ տվեցին, նույն բնույթի էր,- Ի՞նչ իշխանությամբ ես այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը:
Այս հարցը նրանք տալիս են այն պատճառով, որ Քրիստոսից առաջ, տաճարում ո՛չ մի ռաբբի ուսուցանելուց իր մտքերը չի ասել, այլ հղում է արել իրենից առաջ եղած վարդապետների գրվածքներին; Եթե ուշադրություն եք դարձրել, մեր եկեղեցում էլ կա այդ սովորությունը, որ քարոզների ժամանակ մեջբերում կատարում են եկեղեցու հայրերի գրվածքներից, կամ Ավետարանից ու մարգարեություններից և նշում են հեղինակի անունը: Իսկ Հիսուս Քրիստոս, որ իմաստություն է տվել նախորդ մարգարեներին և շարունակում է տալ այն ցանկացողներին, խոսում էր Ինքն Իրենից և հայտնում էր, որ Հայրն է իրեն ուղարկել, և Ինքը կատարում է Հոր կամքը: Այս խոսքերը զայրույթ էին պատճառում օրվա կրոնական առաջնորդներին; Սակայն ինչպես տեսաք, Քրիստոս նրանց տված հարցին չպատասխանեց, այլ ևս մեկ անգամ հնարավորություն տվեց խորհելու իրենց տված հարցի շուրջ, տալով մեկ այլ հարց, որը եթե քահանայապետը հասկանար, կլիներ իր տված հարցի պատասխանը: Տէր Հիսուս ասաց,- Ես էլ մի բան հարցնեմ, եթե ինձ ասեք, ես էլ կասեմ, թե ի՞նչ իշխանությամբ եմ անում այս ամենը: Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե մարդկանցից: Մինչ առաջնորդները կմտածեն, թե ի՞նչ են պատասխանելու, մենք ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա: Հիսուս տաճարում ուսուցանում էր, ժողովրդին սովորեցնում էր, գուցե նրանց հարցերին էր պատասխանում, բայց ժողովրդի հետ էր զբաղված, որովհետև իր հոգսը միայն ժողովուրդն էր: Եկան օրենսգետները, և իրենց անիմաստ հարցով խանգարեցին ուսուցումը, շեղեցին ուշադրությունը բուն նպատակից, քանի որ իրենց հոգը չէր ժողովրդի անգիտությունը, կամ հարցերը, կամ հիվանդությունը: Նրանց նպատակը իրենց իշխանությունը պահելն էր, իրենց բիզնեսի բարգավաճումն էր: Իսկ Քրիստոս բացահայտում էր խավար գործերը ամենուր:
Տեսնենք, թե ինչ խորագիտություն ցուցաբերեցին ծերերը, որ իրար մեջ խորհուրդ էին անում; Հրաժարվեցին պատասխանել: Քանի որ հարցը իրենց դրել էր ծուղակի մեջ: Գերադասեցին անգետ երևալ, քան անկեղծանալ: Այդ պահին ծերերը և քահանայապետներն ու օրենսգետները իրենց ներսում երկփեղկվեցին, քանի որ գիտեին ճշմարտությունը և ձևացրին, որ չգիտեն; Բացի դրանից իրենց հետաքրքիր չէր, թե Հովհաննես որտեղից էր եկել, կարևորը իրենք կարողանային այնպիսի պատասխան տալ, որ հաճեցնենք նաև քաղաքական առաջնորդներին: Եթե կրոնի առաջնորդները նենգափոխում են ճշմարտությունը, ապա ի՞նչ կարելի է սպասել քաղաքական առաջնորդից:
Իսկ Հիսուս օգտագործեց նրանց խորամանկությունը և հրաժարվեց պատասխանել նրանց տված հարցին՝ իշխանության վերաբերյալ: Մինչ այս սերտողությունը, դեռ չենք հանդիպել մի խելացի և հիմնավոր հարցի, որ տված լինեն հոգևոր առաջնորդները Հիսուս Քրիստոսին, բացի ծուղակային հարցերից: Եվ ամեն անգամ իրենք պարտվում ենք իրենց իսկ հարցի պատճառով: Մարգարեությունները կարդացել էին, գիտեին, որ Հովհաննեսի մասին գրված է, որ գալու է որպես Մեսիայի ճանապարհը հարթող: Նաև տեսնում էին, թե Հովհաննեսը ինչ ժողովրդականություն է վայելում, որպես մարգարե:
Սիրելիներ, միշտ էլ կեղծիքը չի հասնում տեղ, որովհետև նրանից առաջ քայլում է ճշմարտությունը: Պատմության մեջ ո՞վ է կեղծել և ծածուկ մնացել: Կամ ո՞ր խարդախն է հասել իր նպատակին: Եթե չհաշվենք նրանց կուտակած հարստությունը որպես նպատակ:
Հիսուս Քրիստոս ստիպված եղավ մի այլ առակով մերկացնել նրանց հանրության առջև: Պատմեց նրանց երկու որդիների առակը, որը կարդացի ձեզ համար սերտողության սկզբից: Թե ինչպես մի մարդ երկու որդի ուներ և նրանց հանձնարարություն տալիս որդիներից մեկը ասում է կանեմ ու չի՛ անում, իսկ մյուսը հրաժարվում է անելու և հետո կատարում է հոր առաջադրանքը: Տէր Հիսուս նրանց հարցնում է,- ձեզ ինչպե՞ս է թվում, այդ երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը: Նրանք անմիջապես ասացին վերջինը, առանց անդրադառնալու, որ առակը իրենց է վերաբերում; Քրիստոս նրանց տվեց շատ վիրավորական պատասխան, ասելով,- Մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ պիտի հասնեն արքայություն, որովհետև Հովհաննեսը արդարության ճանապարհով եկավ, դուք նրան չհավատացիք, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան: Դուք տեսաք այդ բոլորը և հետո չզղջացիք, որ նրան հավատայիք:
Սա բավական ծանր պատասխան էր կրոնական առաջնորդներին, բայց բխում էր իրենց տված անտրամաբանական հարցից: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում,- ուզո՞ւմ ես խելացի պատասխան լսել, տո՛ւր խելացի հարց: Բայց սրանով չի բավարարվում Հիսուս Քրիստոս, այլ նրանց այլ առակներ էլ պատմում այս հանդիպման ժամանակ, որին կանդրադառնանք հաջորդ սերտողություններում:
Երկու որդիների առակը պատմելիս ուղիղ իմաստով ասում էր օրենքի ուսուցիչներին, որ դո՛ւք եք այն որդին որ խոստացավ կատարել հոր կամք, բայց չկատարեց, որովհետև դուք էլ ծանր բեռները դնում եք ուրիշի ուսին և մատով չեք օգնում տանել այդ բեռը: Նստել են Մովսեսի աթոռի վրա և կատարում են իրենց սեփական ցանկությունն ու կամքը: Բայց իրականությունն ու ավետարանական ճշմարտությունն այլ է, այսինքն մաքսավորներն ու պոռնիկները կրոնական առաջնորդներից առաջ պիտի հասնեն երկնքի արքայություն: Ինչո՞ւ: Որովհետև և մաքսավորները և պոռնիկները գիտեին իրենց մեղավորությունը և Աստծու առջև չէին ներկայանում որպես արդար, այլ կուրծք էին ծեծում և ներում հայցում Աստծուց:
Սիրելիներ, երկու որդիների առակը վերաբերում է ո՛չ միայն հրեաներին, այլ նաև մեր օրերի քահանայապետերին, որոշ բարձրաստիճան հոգևորականների, և Ավետարան քարոզող մի շարք քահանաների: Քանի որ իրենք տալիս են Ավետարանի պատգամները մարդկանց, սակայն իրենք հեռու են դրա կատարման պարտականությունից: Երկու որդիների առակը կարող է վերաբերել նաև եկեղեցու հավատացյալներին, որոնք լսում են խանդավառված, բայց եկեղեցուց դուրս գալուց հետո մոռանում են այդ մասին; Փարիսեցիության խմորը թափանցել է նաև մեր աշխարհը, և մեր քրիստոնեական եկեղեցին: Այն խմորը, որի մասին Հիսուս Քրիստոս բազմիցս զգուշացրեց Իր աշակերտներին, որ հեռու մնան այդ խմորից: Ինքը Քրիստոս չէր հանդուրժում փարիսեցիների այդ կեղծավորությունը, որ մարդկանց առջև ցուցաբերում էին:
Մի որդին լսում է հոր առաջադրանքը, ասում է, կանեմ և չի անում: Մյուսը ասում է չե՛մ անի և հետո անում է: Ո՞ւր է այն երրորդ զավակը, որը և՛ լսում է և՛ խոնարհության կատարում է հոր կամքը:
Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, Անոխակալ և Համբերատար Աստված, մենք, որ այդքան կարդում ենք Քո բոլոր առակներն ու պատգամները, երբեմն մենք էլ ենք լինում անպտուղ թզենի, մեր մարմնի տաճարներում նույնպես լումայափոխություն և առևտուր կատարվում օրվա ընթացքում, մեր աչքերը տեսնում են, բայց կույր են մեր հոգու աչքերը: Մարդկային տկարությունները չեն լքում մեզ, քանի որ մենք հեռանում ենք Քո որթատունկից, Քո հավիտենական հացից ու ջրից: Ողորմի՛ր մեզ մաքսավորների և պոռնիկների նման, քանի որ մենք տեսնում ենք մեր ընկած վիճակը: Օգնի՛ր վեր բարձրանալ, օրհնի՛ր մեր ներկան, որ անորոշության մեջ է: Ընդունի՛ր մեր աղոթքները մեր մեղավոր շրթներից և ողորմիր մեզ Քո բոլոր սրբերի բարեխոսությամբ, որ Քո առջևում են, և փառաբանում են Քո Սուրբ Անունը՝ Հոր, և Սուրբ Հոգու հետ միասին Հավիտյանս հավիտենից: Ամեն
Սիրելիներ, մենք ավարտեցինք այսօրվա սերտողությունը Աստծու կամքով: Մեր այսօրվա դասը թող լինի շիտակությունը: Եթե գիտենք ճշմարտությունը, չլռենք մեկին հաճոյանալու համար: Եթե գիտենք Աստծո խոսքը, չլռենք մեր կաշին փրկելու համար: Աշխարհում ոչինչ ծածուկ չի մնացել, քանի որ Ավետարանն է ասել այդ մասին: Ուրեմն ճշմարտությունը թաքցնելը բաժանում է մարդուն երկու մասին: Իսկ բաժանված ամեն ինչ քանդվում է դարձյալ ըստ Ավետարանի: Մնացեք սիրով, եղեք այն երրորդ զավակը, որը և՛ լսում է և՛ կատարում է հոր կամքը:
Հարց. Ո՞վ էր տվել Հիսուսին այդ իշխանությունը:
Տեղեկութիւններ
Սիրելիներ, ձեզ լրացուցիչ ներկայացնում եմ պարզ հարցերի պատասխաններ, որ եթե ձեր միջավայրում մեկը ձեզ հարցնի, դուք կարողանաք հստակ պատասխան տալ մեր եկեղեցու վերաբերյալ, քանի որ մեր օրերում մարդիկ խառնում են եկեղեցին եկեղեցականի հետ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի:
Ի՞նչ է նշանակում Հայաստանյայց Եկեղեցի։
– Հայաստանյայց Եկեղեցի նշանակում է հայաստանցիների Եկեղեցի, այսինքն՝ հայ ազգի կամ հայ ժողովրդի Եկեղեցի։ Ահա թե ինչու կոչվում է նաև Հայոց Եկեղեցի, Հայ Եկեղեցի կամ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի, քանի որ հիմնադրվել է առաքյալների կողմից ։
Ի՞նչ է նշանակում մայր Եկեղեցի։
– Հայաստանյայց Եկեղեցին իր ժողովրդի հոգևոր մայրն է, և ժողովուրդն էլ նրա հոգևոր զավակն է։ Որովհետև Մկրտությամբ ժողովուրդը հոգևորապես ծնվում է նրա ծոցից, նրանից ստանում իր հոգևոր սնունդը և պաշտպանվում նրա հովանու տակ ընդդեմ իր հավատքի և բարոյականի թշնամիների։ Այս
պատճառով ասվում է մայր Եկեղեցի։
Հայ ժողովուրդը որչա՞փ է սիրում իր մայր Եկեղեցին։
– Սկզբից ի վեր հայ ժողովուրդը ջերմորեն սիրել է իր մայր Եկեղեցին՝ նրա համար զոհելով իր ամենաթանկ բաները և,եթե հարկ է եղել, անգամ իր կյանքը։ Վարդանանց պատմիչը՝ Եղիշեն, պատմում է, որ ամբողջ
ժողովուրդը՝ այր, թե կին, աղաղակում և ասում էր պարսիկներին. «Պատրա՛ստ ենք հալածվելու, մեռնելու, ամեն տեսակ նեղությունների և չարչարանքների սուրբ Եկեղեցիների համար, որ ավանդեցին մեզ մեր նախահայրերը… Որովհետև մեզ հայր ճանաչում ենք սուրբ Ավետարանը և մայր՝ Առաքելական
Կաթողիկե Եկեղեցին. թող որևէ չար անջրպետ մեջ ընկնելով չբաժանի՛ մեզ սրանից»։ Եվ արդեն իսկ Վարդանանց պատերազմը մղվեց՝ պահպանելու համար սուրբ Ավետարանը և մայրենի Եկեղեցին։