ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Առակներ 11.2-11
Եսայու մարգարեությունը 61.3-7
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 4.1-8
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
Ավետարան ըստ Մատթևոսի. 21:12- 22
ՅԻՍՈՒՍ ՏԱՃԱՐԸ Կ՚ԵՐԹԱՅ
12 Յիսուս Աստուծոյ տաճարը մտաւ ու դուրս հանեց ամէն անոնք, որ տաճարին մէջ կը ծախէին ու կը գնէին եւ ստակ փոխողներուն սեղաններն ու աղաւնի ծախողներուն աթոռները կործանեց. 13 Եւ ըսաւ անոնց. «Գրուած է թէ ‘Իմ տունս աղօթքի տուն պիտի կոչուի’. բայց դուք ատիկա աւազակներու այր ըրիք»։
14 Տաճարին մէջ կոյրեր ու կաղեր եկան իրեն եւ ինք բժշկեց զանոնք։ 15 Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան անոր ըրած հրաշքները եւ տղաքը որոնք տաճարին մէջ կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Ովսա՛ննա, Որդի Դաւթի», բարկացան 16 Ու ըսին անոր. «Կը լսե՞ս ինչ կ՚ըսեն ատոնք»։ Յիսուս ըսաւ անոնց. «Այո՛, բնաւ չէ՞ք կարդացեր, թէ ‘Մանկանց ու կաթնկեր տղայոց բերնէն գովութիւն կատարեցիր’»։
17 Եւ թողուց զանոնք՝ քաղաքէն դուրս Բեթանիա գնաց ու գիշերը հոն կեցաւ։
18 Առտուն, երբ ինք քաղաքը կը դառնար, անօթեցաւ։ 19 Ճամբուն վրայ թզենի մը տեսնելով քովը գնաց։ Անոր վրայ տերեւներէն զատ բան մը չգտաւ. ու ըսաւ անոր. «Ասկէ յետոյ պտուղ պիտի չտաս յաւիտեան»։ Եւ իսկոյն թզենին չորցաւ։ 20 Աշակերտները երբ տեսան, զարմացան ու ըսին. «Թզենին ի՞նչպէս շուտ մը չորցաւ»։ 21 Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի. ‘եթէ հաւատք ունենաք ու չերկմտիք, ոչ միայն այդ թզենիին եղածը պիտի ընէք, հապա նաեւ եթէ այս լերանը ըսէք ‘Ելի՛ր ու ծովը ինկիր’, պիտի իյնայ։ 22 Ամէն ինչ որ աղօթքի մէջ հաւատքով կը խնդրէք, պիտի առնէք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծո խոսքի սերտողությունը սկսեցինք աղոթքով, իսկ այժմ թոթափենք մեր սրտերը կենցաղային հոգսերից և խնդրենք Տէր Հիսուս Քրիստոսին, որ բացի մեր միտքը՝ Ավետարանի պատգամները հասկանալու համար: Գնալով մենք մոտենում ենք Մատթևոսի Ավետարանի վերջին գլուխներին, ասել է թե մենք էլ մոտենում ենք Գողգոթային: Հետևաբար աղոթքն ու ուշադրությունը պարտադիր պայման է սերտողությունը լսելու, հասկանալու և օրվա թեման խոկման նյութ դարձնելու համար: Երեկ մենք էլ մտովի Հիսուս Քրիստոսի հետ մտանք Երուսաղեմ, ուր ժողովրդի բազմությունը ձիթենու ճյուղերով դիմավորեց Դավթի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին Գալիլեայի Նազարեթ քաղաքից: Կրոնական առաջնորդները խուճապի մեջ էին, քանի որ իրավիճակը դուրս էր ելնում իրենց հսկողությունից և ժողովրդի բազմությունը գնալով ավելանում էր նա՛և ուխտավորների պատճառով: Հովհաննես առաքյալը այս երևույթի մասին նկարագրության մեջ գրել է, որ փարիսեցիները մտահոգված ասում էին,- Տեսնո՞ւմ եք, որ ո՛չ մի օգուտ չենք ստանում, ահավասիկ ամբողջ աշխարհը Նրա հետևից գնաց: Իսկ այս խոսքերը նշանակում են, որ իրենք մինչ այդ ո՛չ մի ջանք չեն խնայել, որպեսզի մարդիկ Հիսուսին չհետևեն:
Տէր Հիսուս նախապես տեսել էր, թե ինչ կատարվում Տաճարի ներսն ու դուրսը, և այս անգամ արդեն ո՛չ թե խոսքով, այլ գործով կպավ քահանայապետների բիզնեսին, ինչը հարուցեց նրանց բարկությունը և նրանք ավելի արագ մեթոդներ էին փնտրում Հիսուսին վնասելու համար: Հիսուս Քրիստոս տեսավ, որ Իր աղոթքի տունը վերածել են ավազակների որջի: Շուռ տվեց սեղաններն ու աթոռները, և դուրս արեց նրանց այնտեղից: Աղավնեվաճառներին, լումայափոխներին և բոլոր նրանց, որոնք առևտրով էին զբաղված:
Ուշադրություն դարձրեք մի հանգամանքի վրա, որ սեղան շուռ տվողն ու խարազանով նրանց տաճարից դուրս հանողը, ըստ մեր պատկերացմամբ պետք է լինի բավական անհավասարակշիռ վիճակում և նյարդայնացած: Բայց Ավետարանն ասում է տաճարի ներսում կային կույրեր ու կաղեր, որոնք մոտեցան Հիսուսին և Նա նրանց բժշկեց: Նույնիսկ այսպիսի բաներ տեսնելուց հետո, դարձյալ քահանայապետները Հիսուսին ասում են ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդ բաները անելու: Ինչո՞ւ էին քահանայապետները այդքան վրդովված տաճարում պատահածի համար: Նախորդ սերտողությունների ժամանակ ձեզ ասել եմ, որ տաճարում կատարվող առևտրի բիզնեսը քահանայապետներին էր պատկանում, և տաճարը վերածվել էր առևտրական մեծ կազմակերպության: Զոհաբերության կենդանիների առք ու վաճառքը նույնպես իրենցն էր, և իրենց կնիքով էր հաստատվում կենդանիների գները, ընդ որում բավական բարձր՝ շուկայական գներից: Հետաքրքրականն այն էր, որ զոհաբերվող կենդանի անպայման պետք է գնեին տաճարից, ուրիշ տեղից բերած կենդանին թույլ չէին տալիս տաճար մտցնել, պատճառաբանելով, որ գուցե հիվանդ է կամ արատավոր:: Ճիշտ այնպես, ինչպես մեր եկեղեցիներում գրված է, որ դրսից մոմ չի կարելի ներս բերել: Տաճարի հետ կապված առևտրի մասին նախորդ անգամ էր ձեզ ասեցի, որ շատ բան չի փոխվել, այսօր էլ Երուսաղեմի տաճարը նույն վիճակում է՝ ներսի առևտրի պահով; Հիսուս Քրիստոս այսօր էլ ուզում է, որ Իր աղոթքի տունը աղոթքի տուն լինի, իսկ վաճառատունը՝ վաճառատուն լինի: Այս երկուսը չի համատեղվում: Կամ աղոթք է, կամ բիզնես:
Ձեզ մի պարզ օրինակ տամ, որ գրեթե բոլորիդ մոտ նույնն զգացողությունն է: Երբ մենք աղոթք ենք անում, անկախ մեր կամքից փակվում են մեր աչքերը: Ինչո՞ւ: Քանի որ աղոթքը զրույց է Աստծու հետ, իսկ Աստծու հետ խոսողը այլևս ոչինչ չի ուզում նկատել իր շուրջը: Ո՛չ մի բան չի կարող աղոթողի ուշադրությունը գրավել աղոթքի պահին, որպեսզի չկտրվի զրույցը Աստծու հետ: Հիմա հասկացա՛նք, թե ինչո՞ւ աղոթքի տունը պետք է մնա աղոթքի տուն՝ հնարավորինս՝ անաղմուկ: Իսկ բիզնեսը լավ կլինի, որ տաճարների հետ որևէ կապ չունենա;
Տաճարի մեջ մանուկներ կային, որ բարձրաձայն աղաղակում էին.- Օրհնություն Դավթի Որդուն: Ովքե՞ր էին այս մանուկները: Չէ՞ որ Հիսուս Քրիստոսի կատարած ամեն քայլ հիշեցնում էր մի մարգարեություն, որ արվել էր դարեր առաջ: Դավիթ մարգարեն իր 8 րդ սաղմոսում գրել է.- Մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թո՛ղ օրհնություն ելնի ընդդեմ Քո թշնամիների:
Երբ քահանայապետը բարկացած հարցնում է Քրիստոսին,- չե՞ս լսում, թե՝ մանուկներն ինչ են ասում, Հիսուս հանգիստ պատասխանեց,- Այ՛ո լսում եմ: Իսկ դուք չե՞ք կարդացել Դավթի սաղմոսը, որ իմ մասին է գրված, թե մանուկների բերանով օրհնություն պիտի լինի: Ավետարանն ասում է, և նրանց թողնելով ելավ քաղաքից ու գնաց Բեթանիա՝ այնտեղ գիշերելու: Մենք գիտենք, որ Բեթանիայում էր ապրում Քրիստոսի սիրելի բարեկամի ընտանիքը՝ Ղազարոսը իր քույրեր Մարիամի և Մարթայի հետ:
Սիրելիներ, եթե մենք մարդկայնորեն մի պահ մտածենք և մեզ պատկերացնենք այսպիսի իրավիճակում: Մեկը մեր ասած խոսքը ճիշտ չի հասկանում, կամ չի գնահատում, մենք դրանից սրտնեղում ենք, երբեմն խռովում ենք ու նեղանում ենք: Աշխարհի Լույսը շրջում է մարդկանց մեջ, մարդիկ չեն տեսնում, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այսօր: Ինչքան կարևոր է, որ քրիստոնյայի հոգևոր աչքերը բաց լինի, հավատքը պարզ լինի, գիտելիքը խորը լինի, որպեսզի գնահատի իրական Լույսը, որ մեր շուրջն է՝ շուրջօրյա, իսկ մենք չենք նկատում: Այս ավետարանական պատմությունները, որոնք մենք սերտելով անցնում ենք ամեն օր, սրանք կատարվել են ամիսների և տարիների ընթացքում: Ամեն ինչ չի՛ գրվել, ամեն ինչ չի՛ պահպանվել, բայց նույնիսկ այսքան համառոտ նկարագրության մեջ հայտնի են դառնում ժամանակի վարքերն ու բարքերը: Սակայն բոլոր ժամանակների համար մեր Տէրը ասում է, ձեր տաճարների ճոխությունը չե՛մ ուզում, ձեր զոհերն ու պատարագները չե՛մ ուզում, ինչպես որ Դավիթն է ասում,- Եթե ուզեիր, Պատարագ կմատուցեինք, բայց Դու ողջակեզներ չես սիրում: Խոնարհ հոգի, ու մաքուր սիրտ է ուզում Տէր Աստված:
Հովհաննես Ավետարանիչը մի փաստ էլ է արձանագրել տաճարում տեղի ունեցած իրադարձության ժամանակ: Երբ հրեաները Նրանցից նշան են հայցում, Տէր Հիսուս ասում է,- Քանդեցե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ; Այս արտահայտությունը հրեաներին գցեց մոլորության մեջ, քանի որ նրանք գիտեին, որ տաճարը կառուցվել է քառասունվեց տարում, և զարմացած հարցրին, թե ինչպե՞ս կարող է այդ հսկայական տաճարը երեք օրում վերականգնել: Լինելով հոգևոր առաջնորդներ, զուրկ էին մտքեր վերլուծելուց, կամ փոխաբերական իմաստներ հասկանալուց; Տէր Հիսուս նրանց համար միշտ ասում էր, որ նրանց տրված չէ հասկանալ առակները: Իսկ ե՞րբ մարդուն չի տրվում հասկանալ: Երբ որ նենգ կասկած կա սրտում, երբ որ հավատքը հիմնված է միայն աչքի տեսածի վրա, երբ որ հավատի աղբյուրը հրաշքն ու նշանն է: Այդպիսին էին օրվա քահանայապետները և օրենքի ուսուցիչները: Իսկ Հիսուս Քրիստոս Իր մարմնի տաճարի մասին էր խոսում, որ երրորդ օրը Հարություն պիտի առնի: Իսկ երբ Հարություն առավ, աշակերտները հիշեցին այս խոսքերը, որ ասել էր Հիսուս Քրիստոս: Որքան մեծ և հարուստ փորձառություն էր այս ամենը աշակերտների համար, որ անցնում էին իրենց Վարդապետի հետ: Այս երեք տարիները աշակերտների կյանքի լավագույն տարիներն էին, որ հետք թողեցին նրանց հետագա կյանքի ու գործերի վրա;
Տաճարում պատահած անկարգություններից և կրոնական առաջնորդների կուրությունից ու խստասրտությունից տրտմած Տէր Հիսուս աշակերտների հետ գնաց Բեթանիա: Հասկանալի է, որ այսպիսի միջադեպից հետո մեր Տէրը կամեցավ մի խաղաղ անկյուն, մի մաքուր միջավայր, ուր կասկած չկա, նենգություն չկա և հակառակը՝ իրեն շատ են սիրում այդ տանը: Շատ հետաքրքիր հանդիպում է կայացել այստեղ, բայց ցավոք Ավետարանը մեզ ոչինչ չի ասում; Գիշերեցին Ղազարոսի տանը և առավոտյան վերադարձան քաղաք: Ավետարանն ասում է, Հիսուս ճանապարհին քաղց զգաց, և մոտենալով մի թզենու, անպտուղ գտավ նրան, և թզենուն ասաց,- Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի: Այս խոսքերը հավանաբար ուղղված էր ներկա գտնվող հրեաներին, եթե հասկանային խոսքի խորիմաստ միտքը:
Երեք տարիների Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությունը իմանալով, մենք չենք զարմանում, թե ինչո՞ւ այդպես վարվեց թզենու հետ, հատկապես, որ քաջ գիտեր որ թզենին գարնանը պտուղ չի տալիս; Ուրեմն այստեղ էլ խորհուրդ կա հասկանալու: Մեկնաբաններն ասում են, որ թզենին խորհրդանշում է հրեա ազգը, որն այդպես էլ անպտուղ մնաց՝ չդավանելով Քրիստոսին որպես Մեսիա; Նաև ասում են, որ ,,քեզնից պտուղ չլինի արտահայտությունը այլ իմաստ ունի, այսինքն քեզնից այլևս մարգարեներ դուրս չեն գալու: Քանի որ Հիսուս տեսավ նրանց տաճարի ծառայության ձևը, որ մոռացել էին պարզ ժողովրդին և զբաղված էին իրենց սեփական բիզնեսով, ու իրենց եկամուտների պատճառով տաճարը դարձրել էին բիզնես կենտրոն;
Հրեական մի հին պահպանված ավանդություն ասում է, որ այդ նույն տաճարում մի զույգ աղավնին վաճառում էին մեկ ոսկի դինարով և ուխտավորներից մեկը ցանկություն ունի գնելու և չի կարողանում, իսկ վաճառողը ոչ մի սակարկություն չի ընդունում, ուխտավորն ասում է,- երդվում եմ այս տաճարով, որ տաճարից դուրս չեմ գա, մինչև մեկ արծաթ դրամով չվաճառեք ինձ այս աղավնին; Միթե սա տաճարին վայել խոսակցություն է; Իսկ այսպիսի վիճակը ստեղծվել էր առաջնորդների թեթև ձեռքով; Նրանք իրենց հեղինակությունից զատ, ոչինչ չէին տեսնում; Թզենու օրինակով էլ աշակերտներին է ասում, եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն կանեք թզենուն պատահածը, այլ թեկուզ լեռանն ասեք ելի՛ր ու ծովը ընկիր, այդ նույնպես կկատարվի: Տէր Հիսուս միտքն ավարտում է շեշտը դնելով հավատքի և աղոթքի վրա, թե՝ Ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ՝ հավատքով, կստանաք; Աղոթքի մեջ հավատք, ահա երկու կարևոր գործուն՝ աղոթքի պատասխանը ստանալու համար: Նորից անդրադառնանք վերը նշված ուշադիր աղոթքի վրա: Երբ մենք մեր աղոթքի մեջ այնքան ուշադիր ենք, որ գիտենք, թե Ում հետ ենք խոսում և ի՞նչ ենք խնդրում, մեր աղոթքը անպատասխան չի մնա երբեք;
Սիրելիներ մենք խոսեցինք հրեա ազգի անպտղության մասին, սակայն մեր ազգն էլ առանձնապես պտղատու չէ հավատքի հարցում; Հետևաբար յուրաքանչյուրս հսկենք մեր թզենուն, որ ամսին էլ փնտրի մերը Տերը, այնտեղ գտնի պտուղ; Մեզնից հավատք է պահանջվում, աղոթք ու խոնարհություն է պահանջվում, մնացածը Աստված է ապահովում առատորեն շնորհների տեսքով: Փառք Աստծուն իր տված բոլոր շնորհների համար, խնդրենք նաև իմաստություն, որպեսզի մեր ունեցած շնորհը օգտագործենք միայն Իր փառքի համար: Ավարտեցինք նաև այսօրվա մեր սերտողությունը, ինչի համար դարձյալ փառք Աստծուն;
Մնացեք սիրով՝ աղոթքի մեջ հավատքով և ուշադիր:
Հարց. Ի՞նչ ասաց թզենուն Տէր Հիսուս.
Տեղեկութիւններ
Այսօր տեսնենք թե ի՞նչ ընդհանուր կապ կա եկեղեցիների միջև.
Ուրեմն, որո՞նք են այն կարևոր կետերը, որոնցով միություն է հաստատվում հարանուն Եկեղեցիների միջև։
– Այն բոլոր կետերը, որ բանաձևված են Հավատամքում։
Այս կետերից ոմանց մասին տրված դավանաբանական ուրույն բացատրությունները, ինչպես նաև ծեսերի և վարչական կամ նվիրապետական դրության տարբերություններն են, որ Եկեղեցիների միջև բաժանություն են առաջացրել։ Սերը, որ լրումն է բոլոր օրենքների, ցանկալի է, որ տիրի բոլոր հարանուն Եկեղեցիների միջև և ամեն օր զորանա Քրիստոսի Եկեղեցում, որպեսզի իրագործվի մի Հովվի և մի հոտի տեսիլքը. Հովհ. 10:16։
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքը հարանուն Եկեղեցիների հանդեպ։
– Կատարելապես հարգալից։ Քրիստոնեական ոգուն բոլորովին հակառակ է այս կամ այն Եկեղեցին արհամարհելը՝ այնպես կարծելով, թե միայն իրենց Եկեղեցին է ճշմարիտը։
Հարանուն Եկեղեցիների անդամները հավատացյալի իրենց կյանքով պիտի ցույց տան, թե իրենց Եկեղեցիներն ինչ հաջողութեամբ են դաստիարակել իրենց ժողովրդին Հիսուս Քրիստոսի Ավետարանի ոգով և առաքելական շնչով։ Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարդ, հարգելով հանդերձ ուրիշ Եկեղեցիները, պարտավոր է ամեն գնով հավատարիմ մնալ իր ազգային Եկեղեցուն։ Եվ որպես հավատացյալ իր հավատարմությունը պիտի ցույց տա իր կյանքով և աշխատի իր Եկեղեցու բարեկարգության ու պայծառության համար բոլոր միջոցներով և զոհողություններով, որչափ ներում են իր բարոյական և
նյութական կարողությունները։