ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Երկրորդ օրենք 7.11-8.1
Հոբի գիրքը 9.1-10.2
Եսայու մարգարեությունը 40.9-17
Ավետարան ըստ՝ Մատթևոսի 21:1-11
ՅԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ
1 Երբ Երուսաղէմի մօտեցան ու եկան Բեթփագէ՝ դէպի Ձիթենեաց լեռը՝ այն ատեն Յիսուս իր աշակերտներէն երկուքը ղրկեց 2 Եւ ըսաւ անոնց. «Գացէք այդ ձեր դիմացի գիւղը եւ հոն պիտի գտնէք կապուած էշ մը ու անոր հետ աւանակ մը. արձակեցէք զանոնք ու ինծի բերէք։ 3 Եթէ մէկը ձեզի բան մը ըսէ, ըսէք թէ ‘Տէրոջը պէտք են’. եւ շուտ մը զանոնք պիտի ղրկէ»։ 4 Այս ամէն բաները եղան, որպէս զի կատարուի մարգարէին խօսքը որ կ՚ըսէ. 5 «Ըսէք Սիօնի աղջկան. ‘Ահա քու Թագաւորդ քեզի կու գայ, հեզ ու իշու վրայ հեծած եւ իշու ձագի, աւանակի, վրայ’։ 6 Աշակերտները գացին եւ ինչպէս Յիսուս իրենց պատուիրեր էր՝ ըրին 7 Ու բերին էշն ու աւանակը, անոնց վրայ իրենց հանդերձները դրին ու նստաւ։ 8 Ժողովուրդէն շատեր իրենց հանդերձները ճամբուն վրայ փռեցին եւ ուրիշներ ծառերէն ճիւղեր կը կտրէին ու ճամբուն վրայ կը տարածէին։ 9 Ժողովուրդը առջեւէն ու ետեւէն կ՚երթար, կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Ովսա՛ննա, Որդի Դաւթի։ Օրհնեալ է ան որ Տէրոջը անունովը կու գայ. Ովսա՛ննա ի բարձունս»։
10 Երբ անիկա Երուսաղէմ մտաւ բոլոր քաղաքը շարժեցաւ ու ըսաւ. «Ո՞վ է աս»։ 11 Շատեր ըսին. «Ասիկա Յիսուս Մարգարէն է Գալիլիայի Նազարէթէն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մինչ սերտողությունը սկսելը կկարդամ ձեզ համար այսօրվա Ավետարանի թեմային վերաբերող մի մարգարեություն, որն արել է Զաքարիա մարգարեն՝ իր ժամանակին, և որին տեղյակ էին հրեա ժողովրդի գրագետ խավը, օրվա քահանայապետները, օրենսգետներ և փարիսեցիները; Որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե ինչո՞ւ չընդունեցին Քրիստոսին, և թե ինչո՞ւ խաչը հանեցին Նրան, քանի որ Քրիստոս իրե՛նց պատկերացրած փրկագործ թագավորը չէր:
Զաքարիա մարգարեն գրում է. «Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ»։ Զաք.9:9
Երեկվա սերտողությունը ավարտվեց Երիքովի ճանապարհի երկու կույրերի բժշկությամբ, երբ Հիսուս աշակերտների հետ շարժվում էր դեպի Երուսաղեմ՝ հանձն առնելու անարգանքն ու խաչի անպատիվ մահը: Ահա այսօր մոտենում են Երուսաղեմին և նշվում է նաև Բեթփագէ անունը, որը շատ մոտ էր Երուսաղեմին և այնտեղ էր պատրաստվում Տաճարին պատկանող հացը: Ձիթենյաց լեռան մոտ էին, երբ Հիսուս աշակերտներին ուղարկեց մոտակա գյուղը էշը իր քուռակով բերելու համար:
Եթե փարիսեցիները և օրենսգետները մարգարեությունները կարդացել էին ու չէին հասկացել, որ ամեն ինչ գրված է Օծյալ Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի մասին, ապա Տէր Հիսուս Ինքն էր այդ մարգարեությունները թելադրողը և գիտեր, թե որը՝ որին է հաջորդում: Ամբողջ երեք տարիների Իր հանրային ծառայության ժամանակ Հիսուս Քրիստոս չկարողացավ փարիսեցիներին հասկացնել, թե որտեղից է Իր իշխանությունը: Հաճախ էր Տէր Հիսուս նրանց ասում, որ Իր մասին վկայում է ո՛չ թե Ինքը, այլ՝ ուրիշը՝ որի մոտ որ մարդ ուղարկեցին և հարցրին; Հովհաննես Մկրտիչն էր այդ մարդը, որ վկայեց Քրիստոսի մասին: Եվ Հայրը վկայեց Իր Որդու մասին՝ Հորդանանի մկրտության ժամանակ, թե՝ դա է իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը:
Տէր Հիսուս ջանում էր ո՛չ թե Իր իշխանության մասին վկայելու և հաստատելու, այլ՝ կույր առաջնորդների փրկության համար էր անհանգստացած: Հիսուս Քրիստոսի կատարած բոլոր հրաշքներն ու բժշկությունները արդեն վկայում էին Նրա Աստծու Որդի լինելու մասին; Տէր Հիսուս ցավով էր նշում, որ օրվա հոգևոր առաջնորդները, որ իբրև ճանաչում էին Հայր Աստծուն, նույնիսկ Նրա խոսքերը չունեին իրենց սրտերի մեջ պահված: Այդ պատճառով էր նրանց ասում քննեցե՛ք գրքերը, որոնց վրա եք հույս դրել, այդ գրքերն իսկ պատմում են Իմ մասին; Հիսուս Քրիստոս կրոնական առաջնորդներին ավելի խիստ փաստարկներ էր բերում Իր աստվածության վերաբերյալ, քան՝ աշակերտներին, քանի որ նրանք էին ժողովրդին առաջնորդում: Միևնույն է նրանք մնացին Քրիստոսի խոսքին անհաղորդ, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց ասաց,- Մի՛ կարծեք, թե Ես Իմ Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ, այլ կա մեկը, որ ձեր դեմ կկանգնի որպես ամբաստանող, դա՛ Մովսեսն է, որի վրա դուք հույս եք դրել: Եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք նաև Ինձ, քանի որ Մովսեսը Իմ մասին է գրել: Իսկ եթե Մովսեսի գրածներին չեք հավատում, Իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք:
Սիրելիներ, ինչո՞ւ եմ ձեզ այսքան մանրամասն պատմում, որովհետև պետք է հիմնավորենք մեր գիտելիքը՝ մեր հիմնավոր հավատքի վրա: Միշտ էլ պարզ հավատքը մեզ առաջարկում է տրամաբանական լուծումներ: Եթե օրվա կրոնական առաջնորդները ունենային այդ պարզ հավատքը, ապա իրենց տրամաբանությունը կօգներ հասկանալու համար, որ Հիսուս Քրիստոս՝ Հովսեփի և Մարիամի որդին էր, և ուսում չուներ, ինչպե՞ս էր Նա Մովսեսի մարգարեություններից խոսում, կամ ամեն անգամ մի պատգամ տալուց, ասում էր, չե՞ք կարդացել, որ գրված այսպես: Կամ ասում էր քննեցե՛ք Գրքերը: Որտեղի՞ց Նա գիտեր բոլոր գրքերի մասին, եթե Աստծուց չէր եկած: Մի խոսքով, չհավատացին կրնական առաջնորդները Հիսուսին, և ժամանակը հասավ իր լրումին, որ պետք է մարդու Որդին խաչը բարձրանա հենց չհավատացողների ձեռքով;
Ես ձեզ սկզբում կարդացի Զաքարիայի մարգարեությունը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի մասին, որում գրված էր նույնիսկ էշի և էշի քուռակի մասին: Աշակերտները արեցին այն, ինչ Հիսուս իրենց պատվիրեց անել և բերեցին էշն ու իր քուռակը: Իրենց զգեստները գցեցին էշի վրա և Հիսուս նստեց նրա վրա: Մեկնաբաններն ասում են, որ այստեղ էշը խորհուրդն է մարդկային համառության, որը անպայման պետք է խոնարհվի մի օր, այլապես առանց խոնարհության Երուսաղեմի մուտքը փակ կլինի համառների համար: Ավետարանի այս դրվագը մեզ ծանոթ Ծաղկազարդ անունով տոնի միջոցով, որը տոնում ենք Հարության տոնի նախորդ կիրակին;
Մենք էլ այդ օրը ուռենու ճյուղերը վերցրած գնում ենք եկեղեցի՝ որպեսզի մեր ճյուղերը օրհնեն, առանց մանրամասն տեղեկություններ ունենալու տոնի խորհրդի մասին, և ժամանակ անց մոլորվում ենք այդ ճյուղերի պատճառով, վախենում ենք թափել, քանի որ օրհնված է, պահելն անիմաստ է: Մի խոսքով քրիստոնյաներիցս շատերի համար ծաղկազարդը պայմանավորված է այդ ճյուղերի օրհնությամբ միայն: Ճիշտ այնպես, ինչպես, որ Երուսաղեմ մուտքի ժամանակ ժողովրդի բազմությունը իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, որով Հիսուս պետք է անցներ: Տէր Հիսուսի առջևից ու հետևից գնացող ժողովուրդի բազմությունը աղաղակում էր, ու ասում,- Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, Օրհնեալ է, նա, որ գալիս է Տիրոջ անունով, Օրհնություն՝ բարձունքներում:
Բազմամարդ էր այդ ժամանակ Երուսաղեմը, քանի որ Բաղարջակերաց տոնը մոտ էր և աշխարհի բոլոր ծայրերից Երուսաղեմ էին եկել տոնին մասնակցելու համար; Այս ժողովրդի բազմության մեջ էին այն մարդիկ, որոնք Հիսուսի հետ շրջեցին երեք տարի, սովորեցին, բժշկվեցին, իրենց մեղքերից ազատվեցին, կույրը տեսնում էր, կաղը քայլում էր, անդամալույծը այլևս մահճի մեջ չէր և բորոտներն էին մաքրվել: Սրանք այն ազնիվ մարդիկ էին, որոնք հավատարիմ մնացին Հիսուս Քրիստոսին և հավանաբար ուժգին աղաղակողները այս մարդիկ էին, որ աղաղակում էին,- Օվսաննա Բարձրյալին, օրհնեալ լինի մեր Հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Այսինքն բոլորը Քրիստոսին որպես այդ պահին փրկող թագավոր էին ընդունում իրենց համար:
Ավետարանիչն ասում է,- Երբ նա մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և ասում էին,- Ո՞վ է սա:
Սիրելիներ, սխալ չենք լինի, որ ասենք, թե՝ այդ պահին Քրիստոսից բացի ո՛չ ոք ամենայն լրջությամբ չգիտեր իրական կատարվելիքը: Աշակերտները ճիշտ է, հավատարիմ էին, բայց իրենց հավատքը դեռ զորավոր չէր և Սուրբ հոգին դեռ չէին ընդունել, որպեսզի հաստատակամ հավատք ունենային, ինչը որ ունեցան հետո: Խաժամուժ ամբոխը՝ ինչպես որ քահանայապետն էր անվանում ժողովրդին, տգետ էր և զգացմունքային: Երբ պետք էր, ուրախանում էր, իսկ վտանգի պահին՝ փախչում: իսկ Փարիսեցիները, օրենսգետները, քահանայապետները արդեն ունեին նենգ որոշում, թե ինչ են անելու: Դրսից եկած և տոնակատարությանը մասնակցող բազմությունը լուր չուներ ո՛չ մի բանից, և այսօր Օվսաննա՛ գոռացողները, վաղը՝ խա՛չը հանիր,- պահանջեցին; Նայում էր Տէր Հիսուս ժողովրդի բազմությանը և ուրախանալու ոչինչ չկար:
Իսկ թե ինչո՞ւ Տէր Հիսուս էշի վրա նստեց՝ Երուսաղեմ մտնելիս, ո՛չ թե ձիու, Հովհան Ոսկեբերան Հայրապետն ասում է,- Ձիու վրա նստում էր պատերազմող և պատերազմով հաղթող զորավարը: Իսկ Քրիստոս էշի վրա նստեց, որովհետև խաղաղություն էր բերելու ժողովրդին ո՛չ արյունահեղ պատերազմի միջոցով, ինչպես այս աշխարհի ժամանակավոր խաղաղությունն է, այլ Իր խաղաղությունը, որը Ինքը խոստացավ:
Տվյալ ժամանակի մարդուն հայտնի էր նման բնութագրումները կենդանիների, թե որը ինչ համար էր նախատեսված:
Մենք էլ բոլոր զինվորական արձանների և նկարների միջոցով տեսնում ենք, որ պատերազմում հաղթող զինվորը ձիու վրա է, ո՛չ թե էշի, քանի որ էշը պատերազմի կենդանի չէր համարվում; Իսկ ձիավորը պատրաստ է սպանել իր առջև դուրս եկած հակառակորդին՝ իր սրով;
Սակայն Հիսուս Քրիստոս կատարում էր մարգարեությունների գրվածքները իր ողջ գործունեության ընթացքում: Միայն դժվար էր հանրությանը հասկացնել, որ իր խաչելությունը ո՛չ թե տկարության և անզորության նշան է, այլ մեծագույն հաղթանակի, որով պիտի ապահովեր մարդկության հավերժական փրկությունը մեղքի ճիրաններից:
Երուսաղեմի մուտքի նկարագրությունը գտնում ենք բոլոր չորս Ավետարաններում, բայց Ղուկաս ավետարանիչը նկատել է, որ այս բոլոր փառաբանությունները՝ ուղղված Հիսուս Քրիստոսին, զայրացրել է փարիսեցիներից շատերին, և նրանք Քրիստոսին ասել են,- Վարդապե՛տ, սաստի՛ր դրանց: Իսկ քրիստոս պատասխանել է,- Ասում եմ ձեզ, որ Եթե դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն: Սիրելիներ, եթե ամփոփելու լինենք մեր սերտողությունը, կստացվի մի պատկեր, որ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղավոր մարդուն ազատագրելու իր սեփական մեղքերի կապանքներից, ինչ պատճառով աշխարհը հայտնվել է ստրկության մեջ չարի ձեռքում: Ինչպես այն ժամանակ մարդիկ հրաշք ու նշան էին ուզում, այնպես էլ այսօր մարդը հրաշք է փնտրում ամենուր: Հիսուս Քրիստոս Բեթհեզդայի ավազանի մոտ պառկած անդամալույծի հայացքը կտրեց ավազանի հրաշքից և հայացքը ուղղել տվեց դեպի Իրեն, որովհետև Քրիստոսի նպատակը անդամալույծին ավազանի մեջ իջեցնելը չէր, այլ՝ հեռացնելը հրաշքից; Մենք էլ եթե մեր հայացքը հեռացնենք հրաշքների ակնկալությունից, անպայման կհանդիպենք Հիսուս Քրիստոսի հայացքին, որն ասում է,- Ո՛վ մարդ, քեզ վերստին ծնունդ է պետք, Աստծու Արքայությունը մտնելու համար: Մեզնից յուրաքանչյուրը գիտե, թե իր մեջ ի՞նչն է, որ պատկանում է սատանային և չի կարողանում ազատվել դրանից, ամբողջությամբ Քրիստոսին դառնալու համար;
Ավարտեցինք այս գեղեցիկ համարը Մատթևոսի Ավետարանից, և մեր դասն այսօր թող լինի այն, որ մեր կարդացածի բուն նպատակը հասկանանք, որպեսզի մենք էլ չվրիպենք, ինչպես սխալվեցին օրվա քահանայապետները իրենց կարդացածը չհասկանալու պատճառով: Մնացեք սիրով՝ պարզ հավատք ունեցեք, գլխավոր մտքերը վերլուծեք և նպատակը ընկալեք ամեն գրվածքի:
Հարց. Ո՞ր մարգարեն էր գրել Հիսուսի Երուսաղեմի մուտքի մասին;
Տեղեկութիւններ
Սիրելիներ այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել հաճախ հնչող հարցերից մեկը, թե՝, թե ինչո՞ւ այլևայլ Եկեղեցիներ կան։ Քանի որ մեր թեման եկեղեցին է, հիմնավոր ծանոթանանք մեր եկեղեցու պատմության հետ;
– Այլևայլ ասելով՝ պետք է հասկանալ ո՛չ թե իրար հակառակ, այլ հարանուն Եկեղեցիներ, որոնք ներկայացնում են քրիստոնեական մի Եկեղեցին։ Ուրիշ խոսքով, քրիստոնեական մի Եկեղեցին զանազան ճյուղավորումներ ունի՝ իբրև տրամաբանական հետևանք երկրների, միջավայրերի և լեզուների տարբերության։
Ուրեմն, իսկապես մի՞ են հարանուն Եկեղեցիները։
– Այո՛, Քրիստոսի Եկեղեցին մի է. սա անվիճելի է։ Հարանուն Եկեղեցիներն էլ, լինելով հանդերձ մի Եկեղեցու մասերը կամ անդամները, յուրաքանչյուրն իր սեփական գծերն ունի, որոնք նվիրագործվել են դարերի ընթացքում (խոսքը աղանդավորների մասին չէ)։ Այս սեփական գծերը երկրորդական են Եկեղեցու և հավատքի միության սկզբունքի նկատմամբ։
Հարց.- Բայց չէ՞ որ այս երկրորդական կետերը վեճի և բաժանման տեղիք են տվել։
– Այո՛, սա պատմական իրականություն է, և շատ ցավալի է, որ Քրիստոսի մի Եկեղեցու մեջ տեղի են ունեցել վեճեր ու բաժանումներ. բայց իրականություն է նաև, որ նույն այդ վեճերն
ու բաժանումներն են քրիստոնեության ծավալման պատճառ դարձել, որովհետև հարանվանությունները բազմացել և տարածվել են աշխարհի բոլոր կողմերում։ Սրանից զատ, հարանուն Եկեղեցիներն ազգային նկարագիր են ստացել, և այդ կերպով էլ Քրիստոսի մի Եկեղեցին պահպանվել և բարգավաճել է աշխարհի տարբեր անկյուններում։
Հարց.- Հնարավոր չէ՞ր, որ այս բոլոր Եկեղեցիները համաձայնեին երկրորդական և երրորդական կետերում։
– Պատմական փորձառությունը ցույց է տվել, որ եթե ոչ անկարելի, ապա շատ դժվարին մի խնդիր է այդ։ Իր զուտ կրոնական և հոգևոր բարձր սկզբունքներով Եկեղեցու միությունը հազիվ տևեց մինչև Ե դարի կեսը։ Այնուհետև յուրաքանչյուր ազգի քաղաքական, հասարակական և այլ հանգամանքները, ինչպես նաև եպիսկոպոսների և իշխանների ազգային և անձնական փառասիրությունը պատճառ դարձան
Եկեղեցու միության պառակտման և վեճերի ու անհամաձայնությունների շարունակության։
Սրանց վրա չպնդելու և հարանուն Եկեղեցիներում սեր ու միաբանություն հաստատելու համար սուրբ 0գոստինոսն ասել է. միություն՝ կարևոր բաներում, ազատություն՝
երկրորդականներում, սեր՝ ամեն ինչում։