ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Ա Թագավորություններ 3.21-4.18
Առակներ 3.11-4.14
Երեմիայի մարգարեությունը 2.31-3.16
Ավետարան ըստ Մատթևոսի. 20:29 -34
ՅԻՍՈՒՍ ԵՐԿՈՒ ԿՈՅՐԵՐ ԿԸ ԲԺՇԿԷ
29 Երբ անոնք Երիքովէն ելան, մեծ բազմութիւն անոր ետեւէն գնաց։ 30 Ճամբուն քով երկու կոյր նստած էին. երբ լսեցին թէ Յիսուս կ՚անցնի, աղաղակեցին ու ըսին. «Ողորմէ մեզի, Տէ՛ր, Դաւիթի Որդի»։ 31 Բազմութիւնը կը յանդիմանէր զանոնք, որ լռեն, բայց անոնք՝ ա՛լ աւելի կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Ողորմէ մեզի, Տէ՛ր, Դաւիթի Որդի»։ 32 Յիսուս կանգ առնելով կանչեց զանոնք ու ըսաւ. «Ի՞նչ կ՚ուզէք որ ձեզի ընեմ»։ 33 Ըսին անոր. «Տէ՛ր, աչքերնիս բաց»։ 34 Յիսուս խղճալով անոնց աչքերուն դպաւ։ Շուտ մը անոնց աչքերը բացուեցան ու անոր ետեւէն գացին
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Եթե Ավետարանի սերտողությունը չի տեղափոխվում կյանքի մեջ և մեր կյանքը չի մտնում Ավետարանի մեջ, ամեն ինչ դառնում է ձևական; Քանի որ Աստված ասում է,- լսեցի՞ր, կարդացի՞ր Իմ խոսքերը, հիմա փորձիր քո կյանքում և երջանիկ ապրիր: Մեր կյանքը կազմված է ուրախությունից, տխրությունից, զարմանքից, հիացմունքից, բարկությունից, հիասթափությունից; Մենք երբեք չենք կարող բոլորին գոհացնել, բայց եթե գոհացնենք Աստծուն, ժամանակի ընթացքում գոհացրած կլինենք շատերին: Քանի որ Աստծուն իրապես ճանաչելուց հետո մարդը սկսում է փոխել իրեն, ո՛չ թե որևէ մեկին: Եթե մեր հոգևոր աչքերը բաց են, ապա մենք ամեն ինչ կնկատենք, բայց մեզ շատ բան չի խանգարի: Բայց շատ կարևոր է, մեր հոգևոր աչքերը բա՞ց են թե ո՛չ:
Այսօրվա մեր սերտողությունը երկու կույրերի մասին է, որոնք ֆիզիկապես կույր էին և մուրալու համար նստած էին Երիքովի ճանապարհի եզրին, որը տանում է դեպի Երուսաղեմ:
Հին Կտակարանից մենք գիտենք, որ Երիքովը նզովյալ քաղաք էր՝ մեղքերի պատճառով : Սովորաբար կույրերը նստում են քաղաքի բանուկ մասում, որտեղ ժողովրդի շարժը մեծ է: Իսկ Երուսաղեմ տանող ճանապարհին դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ուխտավորներ կարող էր լինել: Երկու կույր նստած էին այդ ճանապարհի եզրին: Նաև չի բացառվում, որ նրանք լսել էին, որ այդտեղով անցնելու է Հիսուս Քրիստոս, որի գործած հրաշքների մասին լսել էին ո՛չ միայն կույրերը, այլ համրերն ու անդամալույծները, բորոտներն ու կաղերը, և ամեն հիվանդության տեր մարդիկ: Նախորդ գլխից մենք հիշում ենք, որ Տէր Հիսուս աշակերտներին զգուշացրեց, որ գնում են Երուսաղեմ, և թե՝ ինչ է պատահելու Իր հետ; Հավանաբար այս այցը վերջինն էր դեպի Երուսաղեմ, որից հետո Իր առաքելությանը ընթացքը մոտենալու էր ավարտին;
Հիսուս Քրիստոս քայլում էր, և նրա հետևից բազում ժողովուրդ: Երբ կույրերը զգացին, որ բազմության աղմուկը մոտենում է իրենց, հասկացան, որ Հիսուսն է գալիս, Դավթի Որդին;
Ավետարանիչն ասում է, և կույրերը սկսեցին աղաղակել ու ասել,- Ողորմի՛ր մեզ, Հիսուս, Դավթի Որդի: Մատթևոս ավետարանիչը անկեղծորեն գրել է, որ ժողովուրդը հանդիմանեց կույրերին, որ լռեն:
Սիրելիներ, այստեղ մի պահ կանգ առնենք կույրերի մոտ և տեսնենք, թե ի՞նչ կատարվեց: Քանի որ այս երևույթը մեզ էլ անծանոթ չէ, հետևաբար մենք էլ դաս ունենք սովորելու այս պահից: Հիսուս Քրիստոսի հետևից գնում էր բազմություն, որը տեսողություն ուներ: Հիսուս Քրիստոսի հետ էին նաև Իր աշակերտները, որոնք նույնպես տեսնում էին, և փոքրիշատե գիտեին Քրիստոսի աշխարհ գալու նպատակը: Ուրեմն ի՞նչ տարբերություն կույրերի և այդքան տեսնողների միջև, որոնց ֆիզիկական աչքերը բաց էին, բայց փակ էր իրենց հոգու աչքերը: Հիսուս Քրիստոս աշխարհ էր եկել որպեսզի ով չի՛ տեսնում, տեսնի, իսկ ով տեսնում է, կուրանա: Այս բազմությունը տեսնում էր Քրիստոսին, բայց իր սրտում չկար Նրան որպես Փրկիչ ընդունելու հաստատակամությունը: Այլապես ինչո՞ւ պետք է արգելեին, որպեսզի կույրերը աղաղակեն; Իրենք հազարավոր բժշկություններ էին տեսել, որ արել էր Հիսուս իրենց տեսնող աչքերի առջև: Այս երկու կույրերը նույնպես ունեին օգնության կարիք, և աղաղակում էին, քանի որ չէին տեսնում, թե ինչ հեռավորության վրա է իրենցից գտնվում Դավթի Որդին; Կույրերի աչքերը չէր տեսնում, բայց նրանք ուզում էին լսել Հիսուսին: Ուրեմն կարևորը աչքի տեսողությունը չէ, այլ ստի փափագը՝ Հիսուսի ձայնը լսելու համար: Երբ Աստծու խոսքի բուն նպատակը չունենք մեր սրտում, մենք էլ կարող ենք այսպես վարվել, ինչպես որ բազմությունը: Մենք, որ տեսնում ենք, քանի՞ չտեսնող ենք կարողացել բերել Քրիստոսի մոտ, կամ ասել, որ կիրակի օրը Քրիստոսին կարող ես հանդիպել եկեղեցում: Մենք էլ չենք անում:
Տէր Հիսուս հաշվի չառավ այն հանգամանքը, որ ամբոխը արգելում էր կույրերին՝ Իրեն մոտենալ: Հաշվի չառավ նաև այն հանգամանքը, թե ի՛նչ նպատակով է գնում Երուսաղեմ, այլ կանգ առավ կույրերի մոտ և հարցրեց,- Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար:
Պատկերացրեք, որ մեկին տանում են մահապատժի և ճանապարհին մի մուրացկան նրանից ողորմություն է խնդրում: Մահապատժի ենթարկվածը գուցե չշրջվի դեպի մուրացկանը, մտքում մտածելով, որ, եթե դու իմանայիր, թե ինձ ո՞ւր են տանում, լաց կլինեիր, ո՛չ թե դրամ կխնդրեիր:
Տէր Հիսուս գուցե ներքուստ մխիթարվեր, եթե ժողովուրդը կույրերին դեպի իրեն առաջնորդեին, բայց չտեսավ այդպիսի բան, այլ հակառակը՝ հանդիմանում էին նրանց: Ուրեմն դեռ ամբողջությամբ հասկանալի չէր Ինքը և Իր գալու նպատակը՝ մարդկանց համար:
Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար, - ասաց կույրերին: - Ուզում ենք, որ մեր աչքերը բացվեն, պատասխանեցին կույրերը: Կույրերի պատասխանը գոհացրեց Հիսուսին, և Նա գթալով դիպավ նրանց աչքերին, և նրանք իսկույն տեսան, ու գնացին Նրա հետևից;
Ո՞վ կարող է կույրի պես խնդրել: Այս կույրերի խնդրանքը աղոթքի լավագույն օրինակն է: Երբ մենք աղոթքի ենք կանգնում, լավ է ,որ այս կույրերի պես խնդրենք Տէր Հիսուս Քրիստոսին: Նրանց արգելում են, իսկ նրանք հակառակը՝ ավելի թախանձագին են խնդրում, որ իրենց աչքերը բացվեն: Մենք մի նախադասությամբ բնութագրում ենք այս երևույթը, բայց դուք պատկերացրեք այդքան մարդ, շոգ Պաղեստին, իրարանցում, և այդքանի մեջ կույրերը հասան իրենց նպատակին: Սա այն նպատակն է, որի համար որ եկել էր Քրիստոս, որպեսզի մեր աչքերը բացվեն, ու մենք տեսնենք, որ կույր էինք, ու հիմա տեսնում ենք: Անդամալույծ էինք, հիմա քայլում ենք: Բորոտ էինք, մաքրվեցինք:
Իսկ ժողովուրդը թիկնապահի դեր էր տանում և թույլ չէր տալիս, որ կույրերը մոտենան: Իրենք աչքի տեսողություն ունենալով չէին տեսնում ամեն բան: Այսօր մենք էլ եկեղեցու մեջ ամեն բան տեսնում ենք, ամեն մեկի շարժ ու ձևը, ամեն մեկի ներկայությունը, բայց ոչ Հիսուս Քրիստոսին: Շատ խանգարող երևույթներ կան եկեղեցիներում, բայց եթե մենք ուզում ենք տեսնել Քրիստոսին մեր հոգու աչքերով, մեզ ոչինչ չի կարող խանգարել: Ինչպես որ կույրերին ոչինչ չխանգարեց՝ սրտով զգալու մոտեցող Քրիստոսին:
Եկեղեցու մեծագույն Հայրերից՝ Կյուրեղ Ալեքսանդրացուն հարցնում են, թե ի՞նչ է արդյոք խորհուրդը այս երկու կույրերի, նա պատասխանում է,- Ծննդոց գրքում մենք կարդում ենք, որ Նոյը իր երեք որդիներ՝ Սեմի, Քամի, Հաբեթի հետ մտավ Տապան ջրհեղեղի ժամանակ; Նրա երեք որդիներից առաջացան տարբեր ժողովուրդներ; Առաջին որդուց աշխարհ եկավ Աբրահամը, որից առաջացավ հրեա ազգը: Նոյի երկու որդիներից առաջացան մնացած ազգերը: Այս երկու կույրերը օրինակն են Նոյի երկու որդիների: Նրանք լսեցին, որ Հիսուս անցնում է իրենց մոտով և հեթանոսները հավատացին, որ Հիսուս Փրկիչն է, առանց տեսնելու՝ ինչպես որ հրեաները տեսան, այլ՝ միայն լսեցին; Հավատացին միայն լսելով՝ առանց տեսնելու: Իսկ Հիսուս անցավ հրեաների միջով և գնաց հեթանոսների մոտ, որպեսզի տեսնեն: Որպեսզի կատարվի այն խոսքը, որ Տէր Հիսուս ասաց,- «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»։ Հովհ.9:39
Այո հրեաները չկամեցան լսել այս խոսքերը, չկամեցան լսել նաև ապաշխարության պատգամը: Իսկ մենք՝ մեզ հետ ունենք չորս Ավետարանները, որոնք աղաղակում են, թե՝ ականջ ունեք չե՛ք լսում, աչքեր ունեք, չե՛ք տեսնում: Առանց Աստծո խոսքի չի բացվի մեր ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ հատկապես մեր հոգևոր աչքերը: Թող երբեք Աստված չկամենա, որ մեր ազգը հայտնվի կանչվածների մեջ, այլ ապաշխարությամբ տեղ գտնի ընտրյալների մեջ: Որովհետև մենք հետևում ենք Քրիստոսին երբ լուսավորվում են մեր հոգու աչքերը: Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնք չեն ուզում լուսավորվել, նրան սիրում են խավարը: Այսպիսիների համար Տէր Հիսուս ասում է, նրանք չեն գալիս դեպի լույսը, որպեսզի իրենց չար գործերը չերևա: Սա է միակ պատճառը, որ մարդիկ չեն ուզում հետևել քրիստոնեությանը, որովհետև եթե դավանեն Քրիստոսի վարդապետությանը, ապա պետք է խոստովանեն իրենց մեղավոր լինելը: Սա նույնպես բոլորին տրված չէ, տեսնել սեփական մեղքը և հետևել Քրիստոսին:
Այստեղ գլխավորը Հիսուսի տված հարցն է,- Ի՞նչ եք ուզում որ անեմ ձեզ համար:
Քչերն են իրենց ՙՙ կուրությունըՙՙ բերում և ներկայացնում Քրիստոսին: Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում, որ բացվեն իրենց աչքերը, որովհետև վարժվել են այդ մեղքի հետ, և իրենց հարմարավետ են զգում: Իսկ բուժել կուրությունը նշանակում է սկսել նոր կյանք, դառնալ նոր մարդ, գրել մաքուր թղթի վրա մնացած կյանքը: Այն մարդիկ, որոնք հեռու են Աստծու կենդանարար խոսքը լսելուց, Աստվածաշունչը նրանց անվանում է կույր: Այսօր խնդրենք, որ Հիսուս Քրիստոս բացի մեր հոգևոր աչքերը, որովհետև Աստված բռնի կերպով չի գործում ո՛չ մեկի վրա, այլ սպասում է, որ դիմենք: Աստված հարգում է մեր ազատ ու անկախ իրավունքը, որը դարձյալ Իր պարգևն է: Այսօրվա կույրերի օրինակը գեղեցիկ դաս է մեզ համար՝ անկեղծ աղոթքի համար, առանց հաշվի առնելու շրջապատի խանգարող հանգամանքները: Ամեն առավոտ երբ արթնանում ենք, Տէր Հիսուս հարցնում է,- Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար:
Իսկ մենք ականջակալները միացրած մխրճված ենք կամ քաղաքական դաշտի մեջ, կամ աշխարհի անկանոն անցուդարձի մեջ, կամ էլ մեր ականջները շոյող ու զվարճացնող թեմաներով: Այս պատգամի կատարման մեջ էլ մենք փորձառու և պատրաստակամ չենք: Ավարտեցինք Մատթևոսի Ավետարանի 20 րդ գլուխը: Աստված թող լուսավորի մեր միտքը՝ սկսելու համար 21 րդ գլուխը:
Մնացեք սիրով՝ կույրերի պես եղեք աղոթքի մեջ, ո՛չ թե արգելողների:
Հարց. Ի՞նչի համար էր Հիսուս այս անգամ գնում Երուսաղեմ :
Տեղեկութիւններ
Այսօր Երկու խոսքով ձեզ ներկայացնեմ եկեղեցու բանաձևումը Հավատամքի մեջ:
Հավատամք նշանակում է հավատում ենք: Այն արտասանվում է Սբ.պատարագի ժամանակ և եկեղեցու դավանանքի բանաձևումն է:
Հավատամքի մեջ ի՞նչ նշաններով է նկարագրված Եկեղեցին։
– «Հաւատամք և ի մի միայն Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցի»։ Այսինքն՝ քրիստոնեական Եկեղեցին մի է՝ այսինքն միություն է, և այդ մի Եկեղեցին Ընդհանրական է, Առաքելական և Սուրբ։
– Այո՛. մի է Քրիստոս, հետևաբար մի է Քրիստոսի հավատացյալների հավատքը։ Սրա համար մի է Եկեղեցին, որ կազմված է աշխարհի բոլոր քրիստոնյա հավատացյալներից։
Ուրիշ խոսքով, այլևայլ Եկեղեցիներ չկան, և պետք չէ, որ լինեն, քանի որ մի է Քրիստոս, մի է հավատքը, և մի է այդ հավատքի վրա շինված Եկեղեցին։ Գրիգոր Տաթևացին ասում է. «Մի՛ կոչի Եկեղեցի ոչ տեղեաւ, այլ միով հաւատով և յուսով կոչմանն» «Գիրք հարցմանց»։ Եկեղեցին մի է կոչվում ոչ թե տեղով, այլ միով հավատով և կոչման հույսով:
Այդ մի Եկեղեցին Ընդհանրական է կամ Կաթողիկե, այսինքն՝ այս աշխարհում սփռված քրիստոնեական Եկեղեցին կազմվում է քրիստոնյա հավատացյալներից՝ առանց ցեղի և լեզվի խտրության։
Այդ մի և Ընդհանրական Եկեղեցին Առաքելական է, որովհետև բոլոր առաքյալները Տեր Հիսուս Քրիստոսի հրամանով գնացին ամեն կողմ՝ քարոզելու բոլոր ազգերին, նրանց Ավետարանի աշակերտ դարձնելու և մկրտելու հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո։
Այդ մի, Ընդհանրական և Առաքելական Եկեղեցին Սուրբ է, որովհետև Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոս սուրբ է. սուրբ է նաև հավատքը, որի վրա հիմնված է Եկեղեցին։
Սուրբ Սահակ հայրապետն ասում է. «Մենք սովորեցինք սրան ասել Կաթողիկե Առաքելական Եկեղեցի, որովհետև ամբողջ աշխարհում Քրիստոսին հավատացողները Եկեղեցի են հորջորջվում՝ համաձայն առաքյալներին տրված տերունական հրամանի, թէ՝ «Գնացե՛ք բոլոր երկրները, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել, ինչ որ պատվիրեցի ձեզ»: