ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ելք 2.11-22
Հովելի մարգարեությունը 2.1-11
Միքիայի մարգարեությունը 4.1-7
Ավետարան ըստ Մատթևոսի. 20:17-28
ՄՕՐ ՄԸ ԽՆԴՐԱՆՔԸ
20 Այն ատեն Զեբեդէոսի որդիներուն մայրը որդիներուն հետ եկաւ անոր, երկրպագութիւն կ՚ընէր ու բան մը կը խնդրէր անկէ։ 21 Ան ալ ըսաւ անոր. «Ի՞նչ կ՚ուզես»։ Ըսաւ անոր. «Ըսէ՛ որ այս իմ երկու որդիներս մէկը աջ կողմդ եւ միւսը ձախ կողմդ նստին քու թագաւորութեանդ մէջ»։ 22 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ. «Չէք գիտեր թէ ի՛նչ կը խնդրէք։ Կրնա՞ք խմել այն գաւաթը որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտութիւնով մկրտուիլ, որով ես պիտի մկրտուին»։ Ըսին իրեն. «Կրնանք»։ 23 Յիսուս ըսաւ անոնց. «Իմ գաւաթս պիտի խմէք եւ այն մկրտութիւնով որ ես մկրտուելու եմ, պիտի մկրտուիք. բայց իմ աջ ու ձախ կողմս նստիլը ես չեմ կրնար որոշել, հապա անոնց որ պատրաստուած է իմ Հօրմէս»։ 24 Երբ միւս տասը աշակերտները լսեցին՝ այն երկու եղբայրներուն նեղուեցան։ 25 Իսկ Յիսուս իրեն կանչեց զանոնք ու ըսաւ. «Գիտէք թէ ազգերուն իշխանները կը տիրեն անոնց եւ մեծամեծները կ՚իշխեն անոնց. 26 Բայց ձեր մէջ այնպէս պէտք չէ ըլլալ, հապա ձեզմէ ով որ մեծ ըլլայ կ՚ուզէ, թող անիկա ձեր սպասաւորը ըլլայ 27 Ու ձեզմէ ով որ առաջին ըլլալ կ՚ուզէ, թող անիկա ձեր ծառան ըլլայ. 28 Ինչպէս Որդին մարդոյ չեկաւ սպասաւորութիւն ընդունելու, հապա սպասաւորութիւն ընելու եւ իր կեանքը շատերու համար փրկանք տալու»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ՝ աշխարհի բոլոր ծայրերում: Գոհություն հայտնենք Աստծու մեր նոր օրվա համար, և շարունակենք մեր սերտողությունը: Նախորդ գլխում մենք իմացանք, որ Տէր Հիսուս Իր աշակերտների հետ գտնվում էր Գալիլիայում: Այդտեղ Իր գործերն ավարտելուց հետո Տէր Հիսուս որոշեց աշակերտների հետ բարձրանալ Երուսաղեմ քաղաք: Ճանապարհին արդեն երրորդ անգամ, բոլորից առանձին, զգուշացրեց աշակերտներին, որ Ինքը պետք է մատնվի քահանայապետերի և օրենսգետների ձեռքը և մարդու Որդուն մահվան պիտի դատապարտեն: Պիտի հանձնեն հեթանոսներին՝ Իրեն ծաղրելու, ծեծելու, և խաչը հանելու համար: Սակայն Նա երրորդ օր Հարություն պիտի առնի: Աշակերտների համար հավանաբար Երուսաղեմ գնալը ցանկալի մի բան չէր, քանի որ այնտեղ պետք է պատահեր եղածը:
Ինչո՞ւ էր հաճախ զգուշացնում աշակերտներին այդ մասին: Ի՛նչ որ պիտի պատահեր, Քրիստոսի համար անակնկալ չէր, այլ Նա ուզում էր աշակերտներին նախապատրաստել, որ իրենց համար անակնկալ չլինի:
Կատարվելիքը ողբերգական պատահար չէր՝ չար մարդկանց պատճառով, այլ Քրիստոս կամավոր էր հանձն առնում այդ չարչարանքը և անասելի անպատվությունը՝ որպես Աստված՝ իր արարածների կողմից:
Առաջին անգամ, երբ զգուշացրեց կատարվելիքի մասին, Պետրոսը սկսեց Նրա հետ վիճել ու ասել,- քավ լիցի, այդ Քեզ չի պատահի: Երկրորդ անգամ երբ զգուշացրեց, այդ պահին աշակերտները տխրեցին, սակայն քիչ հետո մոտեցան և հարցրին, թե իրենցից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ: Տէր Հիսուս տեսնում էր, որ աշակերտները Իր ասածը ամենայն լրջությամբ և վտանգավորությամբ չէին ընկալում: Լսում էին այդ պահին ու մոռանում, այնպես, ինչպես մենք ենք կարդում ու մոռանում՝ որևէ գործով զբաղվելիս: Սակայն Քրիստոսի խաչելությունն ու Հարությունը առավել պետք է հիշենք քան մեր անունը: Գուցե մենք փորձության պահին չկարողանանք Քրիստոսի անվան համար զոհվել, դա ամենքին տրված չէ, սակայն կարող ենք մի փոքր զոհողություն անել հանուն Նրա Սուրբ անվան: Դրա համար է պետք միշտ սրտում ունենալ Հիսուս Քրիստոսին;
Այժմ տեսնենք, թե ի՞նչ պատահեց Իր խաչելության մասին երրորդ անգամ հիշեցնելուց հետո; Այս անգամ էլ Հակոբոսը, Հովհաննեսը և նրանց մայրը մոտեցան Հիսուս Քրիստոսին, և Նրան երկրպագելով նրանից մի բան էր ուզում նրանց մայրը: Ի՞նչ էր խնդրում երկու աշակերտների մայրը: Եթե մեր օրերի իրադարձությունների լույսի ներքո վերլուծենք, ապա նա Քրիստոսից նախարարական աթոռներ էր խնդրում իր որդիների համար, Քրիստոսի աջ ու ձախ կողմերում նստելու նպատակով: Առանց աշակերտներին մեղադրելու մի վերլուծություն անենք, որպեսզի նաև հասկանանք, թե մե՛նք ինչո՞ւ ենք այդպես վարվում մեր օրերում;
Հիշո՞ւմ եք, որ Հակոբոսն ու Հովհաննեսը այն աշակերտներն էին, որ Տէր Հիսուսի հետ լեռը բարձրացան և Հիսուս նրանց աչքի առջև պայծառակերպվեց, ցույց տալով նրանց Իր փառքը: Նրանք տեսան Քրիստոսի այս կարողությունն ու զորությունը: Նաև իրենց ականջով լսեցին, որ Երուսաղեմ են բարձրանում և մարդու Որդին խաչը պիտի բարձրանա: Ի՞նչը ստիպեց նրանց, իրենց մոր հետ գնալու Քրիստոսի մոտ և խնդրելու աթոռներ, այն բանից հետո, երբ իմացան, որ Քրիստոս գողգոթայի խաչին պիտի գամվի, իսկ իրենք Նրա արքայության մեջ կայուն տեղեր են ակնկալում;
Գուցե մարդկային տկար հանգամանքն որ մարդուն ստիպում է միայն իր սեփական անձի մասին մտածել: Ենթադրենք աշակերտները անփորձ էին, և չհասկացան, թե ինչ են խնդրում, չնայած որ Քրիստոսի բոլոր ուսուցումները այդ մասին էին: Իսկ ինչո՞ւ է մեր օրերում այդպես: Եկեղեցական իշխանությունը սիրում է պատվավոր աթոռը ավելի, քան Քրիստոսի խաչի ծանրությունը, կամ այն դառը բաժակի պարունակությունը, կամ այն մկրտությունը, որով Քրիստոս մկրտվեց; Դրա համար է Քրիստոս ասում,- Ով չի վերցնում իր խաչը և չի գալիս Իմ հետևից, Ինձ արժանի չէ:
Քրիստոս հարցնում է երկու աշակերտներին այն դժվարությունների մասին, որ ինքը կրելու է: Նրանք վստահաբար ասում են,- կարո՛ղ ենք տանել այն ամենը, ինչ որ պատահելու է: Չի հանդիմանում նրանց՝ իրենց անմիտ պահանջի համար, այլ ասում է,- չե՛ք իմանում ինչ եք խնդրում: Գուցե աշակերտները մտածում էին, որ ժողովուրդը Քրիստոսին թագավոր կկարգի երկրի վրա, և իրենք Նրա թագավորության մեջ առաջին օգնականները կլինեն: Աշակերտները այդքան հրաշք ու այդքան զորություն էին տեսել իրենց Վարդապետից: Բայց Տէր Հիսուս հանդարտեցնում է նրանց, ասելով,- այդ տեղերը նրա՛նց համար է, որոնց տրված է Իր Հորից: Ոչ թե Իրեն է նսեմացնում, այլ Իր նույնությունն է ցույց տալիս Հայր Աստծու հետ: Իսկ ո՞ւմ համար է նախատեսված այդ տեղերը, մենք կարող ենք ըստ մեր մարդկային տրամաբանությամբ եզրակացնել:
Օրինակ այդ տեղերի համար շա՛տ արժանավոր թեկնածուներ կան: Օրինակ Մարիամ Աստվածածինը, Հովհաննես Մկրտիչը, Եղիան, Ենովքը, Աբրահամը, Մովսեսը, Դավիթը և էլի շատ ուրիշներ, բայց դա մեր որոշելու բանը չէ: Կարևորը մե՛նք իրավունք ունենանք այդ արքայության դռանը մոտենալու, և հարսանիքին վայել զգեստ ունենալու մինչ այդտեղ հասնելը:
Հրեական ավանդության մեջ կա այսպիսի սովորություն՝ ըստ ավագության նստել սեղանի շուրջ: Մենք այսպիսի երևույթ հանդիպել ենք Հովսեփի եղբայրների մոտ, երբ նրանց համար ընթրիքի սեղան էր պատրաստվել, և նրանք զարմացան, թե ինչպես ճիշտ էր դրված սպասքը՝ ըստ ավագության: Կամ կարդում ենք, որ Ահարոնը միշտ քայլում էր Մովսեսի աջ կողմից: Այսինքն՝ ավագը նստում է մեջտեղում, ըստ հանգամանքի, ավելի մեծը նստում է աջում, իսկ նրանից կրտսերը՝ ձախում: Նաև 110 սաղմոսում ենք կարդում, որ սաղմոսերգուն ասում է,- Տէրն իմ Տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ: Այնպես որ այդ աջ ու ձախ կողմերում նստելու սովորությունը աշակերտների համար անծանոթ բան չէր: Ուղղակի իրենք կարիք չունեին այդ անելու, քանի որ Իրենց Վարդապետը գերազանց օրինակ էր իրենց համար՝ ծառայության հարցում: Առհասարակ աշխարհում շատ չեն կատարյալ օրինակներ, այլ՝ միայն մեկը՝ Հիսուս Քրիստոս կատարյալը, որին պետք է հետևենք բոլորս, բայց մենք սովոր չենք դրան, այլ ամենքս մեզ կատարյալ ենք կարծում :
Այնուհետև մյուս աշակերտները, որ լսեցին, թե ինչ են պահանջում այս երկուսը, բարկացան նրանց վրա:
Այս երևույթը պատճառ հանդիսացավ, որ Քրիստոս նորից ուսուցանի նրանց և նորից հաստատի նրանց իրենց առաքելության մեջ: Ինչո՞ւ Քրիստոսի խոսքը չի ապրում մարդու սրտի մեջ: Ինչո՞ւ ժամեր անց մոռանում են Նրա խոսքերի իմաստը: Չէ՞ որ դրանից քիչ առաջ խոսել էր հարուստ երիտասարդի մասին, թե ո՞վ կարող է փրկվել, կամ մշակների առակն էր պատմել և վերջում ասել էր, սակավ են ընտրեալները: Բայց իրական խաչը, որպես փրկության խորհրդանիշ, ո՛չ ոք չի ուզում վերցնել ու գնալ Գողգոթա: Իսկ Քրիստոսի աջ ու ձախ կողմերի հավակնորդները չափազանց շատ են:
Բացատրության մեջ աշակերտներին ասում է, թե Ինքը ինչի՛ համար է եկել, ո՛չ թե ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու: Ո՛չ թե անձը նախապատրաստել մեծարելու, այլ՝ այն տալու այլոց փրկության համար: Պետք չէ, որ Աստծու սպասավորը նմանվի երկրի ղեկավարին՝ իշխանության հարցում; Աստծու սպասավորների մեջ պետք է հակառակը լինի՝ միմյանց ծառայելու հարցում: Երկնքի թագավորության օրենքները նման չեն երկրի թագավորության օրենքներին, հետևաբար Աստծու խոսքի օրենսգետները չեն կարող նմանվել երկրի օրենքները իրագործողներին: Աշխարհիկ իշխանության մեջ իշխանավորները տիրում են ժողովրդին և իշխում են նրանց վրա: Բայց հոգևոր դաշտում պետք է բացառվի այս երևույթը: Սա Տէր Հիսուս Քրիստոսի պատգամն է ուղղված իր աշակերտներին: Իր աշակերտները դարձան առաքյալներ և պահեցին այդ խոսքը, այնուհետև փոխանցեցին հաջորդաբար: Որքան որ այդ փոխանցումը մոտեցավ մինչև մեր օրերը, այնքան կորցրեց իր ծառայության ուժը, և մնաց միայն իշխելու՝ իշխանատենչությունը, ինչպես որ երկրի իշխանները: Մարդ արարածը փառասեր է իր բնույթով: Իսկ երբ Աստծու խոսքով չի ապրում, այդ փառասիրությունը կրկնապատկվում է, հատկապես պաշտոն ձեռք բերելիս:
Լսելու ականջներ պետք են եղել ինչպես Քրիստոսի ժամանակ, այնպես էլ մեր օրերում; Քրիստոս խոսում է իր չարչարանքների և խաչելության մասին, աշակերտները Նրա թագավորության մեջ տեղեր են փնտրում իրենց համար: Այսօր էլ եկեղեցու խորաններից քարոզվում է Աստծու թագավորության մեջ մաս ու բաժին ունենալու մասին, մարդիկ իշխանական աթոռների համար պատերազմներ են մղում միմյանց դեմ:
Քրիստոսի այն խոսքը, թե՝ չե՛ք հասկանում ինչ եք խնդրում, այսօր էլ արդիական է: Քանի որ ամեն ինչ խնդրում ենք Աստծուց մեր նյութական բարիքների համար, բացի Աստծու արքայությունից:
Մենք էլ Աստվածաշունչ կարդալիս քնում ենք, հորանջում ենք, կամ ուզում ենք լսել այն, ինչը ուզում ենք լսել, ո՛չ թե այն, ինչը մեզ է պետք: Իսկ տարածված երևույթ է չկարդալը: Իսկ ով Աստվածաշունչ չի՛ կարդում, նա չի՛ կամենում իմանալ Աստծու կամքը: Այսպիսին բավարարվում է իր կամքով: Իսկ Աստծու կամքը չիմացողի համար, ըստ Ավետարանի՝ երկնքի արքայության դուռը փակ է նրա առջև:
Հետագայում մենք տեսանք, որ բոլոր աշակերտները, բացի Հովհաննեսից, խմեցին այդ բաժակից և մկրտվեցին այդ մկրտությամբ: Չնայած Հովհաննես էլ շատ չարչարանքների արժանացավ, աքսորվեց, հալածվեց, սակայն այս մի աշակերտն էր, որ իր մահով մահացավ ծեր տարիքում; Մեկնաբաններն ասում են, որ տասը աշակերտները այդ երկուսի վրա բարկացան ո՛չ թե նրա համար, որ նրանք նեղացրին Քրիստոսին, այլ՝ որովհետև իրենք էլ էին կամենում տեղեր զբաղեցնել Քրիստոսի թագավորության մեջ, որին սպասում էին, թե պիտի կատարվի Երուսաղեմում; Այսօրվա մեր դասի մեջ հիշենք երկու կարևոր միտք: Քրիստոս եկավ, ոչ՛ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու: Երկրորդը՝ ով կամենում է մեծը լինել, թող բոլորի ծառան լինի: Այս երկու կարևոր պատվիրանը ևս մեր օրերի կյանքի ու կենցաղի մեջ փնտրելիս, չենք գտնում, քանի որ իշխանատենչությունը և փառամոլությունը վարակի պետ տարածվում է ամենուր՝ անմասն չթողնելով նաև եկեղեցական իշխանությանը: Այս մտքերը այսօր միասին վերլուծեցինք, և թող այն դառնա յուրաքանչյուրի համար խոկալու թեմա այսօրվա ընթացքում՝ որ ապաշխարության շրջան է;
Մնացեք սիրով՝ ծառայասիրության ձգտումով և նախապատիվ տեղերում՝ վերջինը լինելու խոնարհությամբ:
Հարց. Ի՞նչ էր խնդրում Քրիստոսից՝ աշակերտների մայրը:
Տեղեկութիւններ
Ի՞նչ ենք հասկանում՝ եկեղեցի ասելով։
– Հասկանում եմ այն տեղը, որտեղ հավաքվում են հավատացյալները և աղոթում։ Սրա համար է, որ եկեղեցին կոչվում է նաև աղոթքի տուն, աղոթավայր։
Ինչպե՞ս է սահմանում Եկեղեցին Պողոս առաքյալը։
– Իր Տիմոթէոս աշակերտին նա գրում է. «Քեզ գրում եմ սա, քանզի հույս ունեմ շուտով գալ։ Իսկ եթե ուշանամ, որպեսզի գիտենաս, թե ինչպես պետք է շրջել Աստուծո տան մեջ, որ կենդանի Աստուծո Եկեղեցին է՝ ճշմարտության սյունը և հաստատությունը.Ա Տիմոթ. 3:14 ։
Ուրեմն, Եկեղեցին միայն շենք չէ՞։
– Անշուշտ. Եկեղեցի է նաև հավատացյալ ժողովուրդը, որովհետև մեր Տերն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»Մատթ. ԺԸ 20։ Սրա համար էլ սուրբ Սահակ հայրապետն այսպես է սահմանում Եկեղեցին. «Աստուծո պատվիրանները մեզ չեն ասում, թե քարերից և փայտերից շինվածքն է Եկեղեցին, այլ հաստատուն վեմի վրա հավատքով շինված մարդկային ցեղը։ Ուրեմն, Եկեղեցին ճշմարիտ հավատքն է, որ հավաքում է մեզ մեկտեղ՝ ճանաչելու համար Աստուծո Որդուն»։ Նույն հայրապետը, շեշտելով անբիծ հավատքի կարևորությունը, ասում է. «Իսկապես այս է Քրիստոսի հավատացյալների մայր Եկեղեցին։ Միայն թե աներկմիտ պահենք այդ հավատքը, որով բանավոր և մտավոր Եկեղեցի շինվեցինք առաքյալների և մարգարեների հիման վրա»։