ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Ա Թագավորություններ 1.23-2.26
Առակներ 2.1-3.10
Երեմիայի մարգարեությունը 1.11-2.3
Ավետարան ըստ Մատթևոսի 20:1-16
ԱՅԳԻԻՆ ԲԱՆՈՒՈՐՆԵՐԸ
1 «Երկնքի թագաւորութիւնը տանտէրի մը նման է, որ առտուն կանուխ ելաւ՝ իր այգիին համար բանուորներ բռնելու։ 2 Եւ բանուորներուն հետ օրը մէկ դահեկանի համաձայնեցաւ ու զանոնք ղրկեց իր այգին։ 3 Ժամը երեքին ատենները ելաւ՝ ուրիշներ տեսաւ, որոնք շուկային մէջ պարապ կայներ էին, 4 Ըսաւ անոնց. «Դուք ալ գացէք իմ այգիս եւ ինչ որ արժան է՝ կու տամ ձեզի»։ 5 Անոնք ալ գացին։ Ապա ժամը վեցին եւ ժամը իննին ատենները ելաւ՝ նոյնը ըրաւ։ 6 Ժամը տասնըմէկին ատենները ելաւ, ուրիշներ գտաւ՝ որոնք պարապ կայներ էին, անոնց ալ ըսաւ. «Ինչո՞ւ հոս բոլոր օրը պարապ կայներ էք»։ 7 Ըսին իրեն. «Անոր համար որ մէ՛կը մեզ վարձքով չբռնեց»։ Ըսաւ անոնց. «Դուք ալ այգին գացէք ու ինչ որ արժան է՝ պիտի առնէք»։ 8 Իրիկունը, այգիին տէրը իր տնտեսին ըսաւ. «Բանուորները կանչէ եւ անոնց վարձքը տուր՝ վերջիններէն սկսելով մինչեւ առաջինները»։ 9 Երբ եկան անոնք որ ժամը տասնըմէկին գացեր էին, մէյմէկ դահեկան առին։ 10 Առաջինները գալով՝ կը կարծէին թէ աւելի պիտի առնեն, բայց անոնք ալ առին մէյմէկ դահեկան։ 11 Երբ առին՝ տանտիրոջ դէմ տրտունջ ըրին ու ըսին. 12 «Այդ վերջինները մէկ ժամ գործեցին, բայց մեզի հաւասար ըրիր, որ օրուան ծանրութիւնը ու տաքութիւնը քաշեցինք»։ 13 Անիկա պատասխան տուաւ անոնցմէ մէկուն ու ըսաւ. «Ընկե՛ր, ես քեզ չեմ զրկեր. չէ՞ որ դուն ինծի հետ մէկ դահեկանի համաձայնեցար. 14 Ա՛ռ քուկդ ու գնա՛. կ՚ուզեմ որ այս վերջինին քեզի տուածիս չափ տամ։ 15 Միթէ ես իշխանութիւն չունի՞մ իմ բաներուս վրայ՝ ինչ որ ուզեմ ընելու. կամ թէ քու աչքդ չա՞ր է՝ որ ես բարերար եմ»։ 16 Այսպէս յետինները առաջին պիտի ըլլան եւ առաջինները յետին. վասն զի կանչուածները շատ են, բայց ընտրուածները քիչ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աղոթքի գեղեցիկ տողերով սկսենք մեր այսօրվա սերտողությունը. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ: Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծոյ նման արդար չկայ, եւ քեզնից բացի սուրբ չկայ»:
Այս խոսքերը տաճարում լսվում էր Աննայի շրթներից, որի խնդրանքի շնորհիվ Աստված նրան պարգևեց մի արու զավակ՝ հետագայի Սամուել մարգարեին:
Օրհնեալ է մեր Տէր Աստվածը, ով կերավ աշակերտների հետ, որպեսզի ցույց տա, որ մարմին է հագել:
19 րդ գլուխը սերտելիս բավական տեղեկություն և նորություն իմացանք հարուստի՝ երկնքի արքայություն մտնելու հավանական նշանների մասին: Առակի միտքը ավարտեց մի վճռական որոշումով, թե՝ շատ առաջիններ վերջի պիտի լինեն, և վերջիններ՝ առաջին՝ երկնքի արքայության մեջ: Երկնքի արքայության մասին մենք շատ համեմատություններ լսեցինք նախորդ սերտողությունների ժամանակ: Թթխմոր, մանանեխի հատիկ, թանկագին մարգարիտ, թագավոր և այլն: Այսօր Տէր Հիսուս պատմում է մի առավել ցայտուն առակ, հատկապես ներկա գտնվող հրեական կրոնական առաջնորդների և փարիսեցիներ համար: Հիշեցնելով նախորդ միտքը՝ թե առաջիններ վերջին են լինելու:
Այս առակի մեջ երկնքի արքայությունը նմանեցնում է տանուտերի, որը իր այգում աշխատելու համար մշակներ էր վարձում օրվա տարբեր ժամերի նրանց հետ պայմանավորվելով նույն վարձատրության չափը:
Տեսնենք , թե ի՞նչ է նշանակում օրվա տարբեր ժամերի հրավիրելը: Եթե տանուտերը նման է երկնքի արքայության, հետևաբար մենք վստահ կարող ենք ասել, որ տանուտերը մեր Տէր Հիսուս Քրիստոսն է, որը մարդկանց դեպի իրեն հրավիրում է իրենց կյանքի տարբեր տարիքներում: Մենք ականատեսն ենք, որ մարդիկ մկրտվում են տարբեր տարիքներում, սակայն ,մեծամասնությունը դարձի են գալիս մեկ այլ տարիքում: Եթե հարցում անցկացնենք մարդկանց մեջ, կհամոզվենք դրանում: Մարդկանց մի մասը վաղ մանկությունից է կապվում եկեղեցուն, մի մասը միջին տարիքում, բայց կա նաև մեկ այլ մաս, որը ծերության ժամանակ է կանչվում Աստծուց, ինչպես Աբրահամին 75 տարեկանում ասաց,- Հեռացիր քո երկրից, քո ցեղից, քո հոր տնից, և գնա այն երկիրը, որ ցույց կտամ քեզ;Կանչեց Աբրահամին այդ տարիքում Աստված:
Այսինքն այս առակում Աստված ասում է այն մասին, որ յուրաքանչյուր մարդ Աստծու նախախնամությամբ կանչվում է ծառայության տարբեր տարիքներում: Գուցե մեկը ծնվել է քահանայական ընտանիքում, նա աչք է բացել և տեսել է այլ կանոններ ու կյանք, սակայն մեծ տարիքում է կանչվել: Մեկը որ ծնվել է անհավատի ընտանիքում՝ միջին տարիքում է կանչվել: Մենք կարող ենք նաև ավազակների օրինակը վերցնել, որոնք Քրիստոսի խաչի աջ ու ձախ կողմերում էին; Երկուսն էլ կանչվեցին: Մեկը եկավ, մյուսը ոչ: Այնպես որ յուրաքանչյուրը ստանում է վարձատրություն կախված իր ծառայության մեջ՝ հավատարմությունից: Նույնպես և մարդը կարող է վաղ հասակից Աստծուն ճանաչել, սակայն խորը ծերության ժամանակ զղջալ և վարձատրվել:
Հիսուս Քրիստոս ասել է այդ մասին բոլորին, թե՝ ով իր խաչը չի վերցնում և չի հետևում ինձ, ինձ արժանի չէ: Մենք չենք կարող հետևել Քրիստոսին, առանց խաչ վերցնելու: Իսկ ի՞նչ է խաչը և ե՞րբ ենք այն վերցնում; Միայն մեկ պայման կա՝ զղջում սրտում, ցանկություն ծառայելու Աստծուն, փոփոխություն գիտակցության մեջ և փոփոխություն կյանքի մեջ: Այս պարագայում հասկանալի է դառնում, թե ի՞նչ է նշանակում առաջինները՝ վերջիններ կլինեն:
Յուրաքանչյուր մարդ կարող է ստանալ երկնքի արքայությունը, անկախ իր դարձի ժամանակից: Այս միտքը մեզ մեծ հույս է տալիս, որ ցանկացած ժամանակ մենք կարող ենք մեր ծառայությունը բերել Աստծու այգում աշխատելու համար: Սխալ է այն միտքը, որ հոգևոր կյանքը պետք է սկսել մանկուց: Տէր Հիսուս այս առակով հերքում է այդ տեսակետը: Քանի որ այն մարդը, որը կդառնա Տիրոջը՝ զղջումով թեկուզ ծեր տարիքում, կստանա վարձատրություն, այնպես, ինչպես մյուսները, որ եկել էին վաղ առավոտյան:Ապաշխարությունը բաց է բոլորի համար և Աստված օրվա բոլոր ժամերին կանչում է մարդկանց իր մոտ:
Մենք տեսանք, որ Տիրոջ այգին եկան աշխատելու տարբեր մարդիկ, տարբեր ժամերի՝ մինչև ուշ երեկո; Նաև մի տարօրինակ երևույթ ևս նկատեցինք Առակի մեջ, այն էր, որ երբ տանուտերը կանչեց գործավարին՝ մշակներին վարձատրելու համար, հրամայեց վարձատրել նախ՝ վերջիններից մինչև առաջիններ: Երբ առաջինները տեսան, որ իրենք էլ վարձատրվում են վերջինների նման, սկսեցին տրտնջալ տանուտերի հասցեին, քանի որ իրենք առաջինը գալով ակնկալում էին ավելին ստանալ; Այստեղ են առաջինները լինում վերջին, նույնիսկ երկրի վրա հոգևոր մարդու տեսանկյունից:
Մարդկայնորեն սա արդարացի ընդվզում է, քանի որ ութ ժամ աշխատողը վարձատրվում է երեք ժամ աշխատողի պես: Բայց Աստված մարդու պես չի խորհում և վճարում, Այլ՝ Աստծուն վայել անաչառությամբ և առատաձեռնությամբ; Կարո՞ղ եք հիշել մեկ ուրիշ առակ, որը իր բնույթով շատ նման է այս տրտնջացող տեսակին: Անառակ որդու առակը, երբ մեծ եղբայրը հանդիմանում է հորը, ասելով՝ քո այդ որդին, որ վատնեց իր ողջ ունեցվածքը և վերադարձավ, դու նրա համար պարարտ եզը մորթեցիր, իսկ ես որ միշտ քեզ մոտ եմ եղել, դու ինձ ոչինչ չես տվել: Իսկ հայրը ասում է,- ի՛նչ որ իմն է, բոլորը քո՛նն է: Կարծես հայրը ակնարկում է, որ ո՛չ թե միայն իմ որդին է, այլ նաև քո եղբայրը; Դու պետք է ուրախանաս, որ նա վերադարձավ անառակ կյանքից, ո՛չ թե տխրես, որ նրան շատ բաժին հասավ, իսկ քեզ՝ ոչ; Անառակ որդին էլ այդ տարիքում եկավ աշխատելու Տիրոջ այգին:
Նույնպես էլ այս մշակները նեղսրտեցին, որ վերջինն եկածները իրենց հավասար ստացան; Այսպես ենք մտածում նաև մենք, այս առակը կարդացողներս՝ նույնիսկ կարդալուց հետո; Իսկ տանուտերն ասում է, - սիրելի մշակ, քեզ չե՛մ զրկում, մի՞թե ես քեզ երկնքի արքայությունից ավելին էի խոստացել ու չեմ տվել, և դու հիմա նեղանում ես: Չէ՞ որ մենք նախապես այդպես էին պայմանավորվել: Ստացիր քո բաժինը և գնա: Վերջին եկածներին էլ տալու եմ նույնքան, որքան որ քեզ: Միթե ես իրավունք չունեմ իմ ունեցվածքի վրա իշխանություն բանեցնել ինչպես կամենամ: Նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ: Մի՞թե չգիտեիր, որ և վարձատրում եմ արժանավորին և վերցնում են նրանից, ով չի գնահատում իր ունեցվածքը:
Առակի վերջում Հիսուս Քրիստոս նորից է կրկնում նախորդ միտքը՝ որ վերջինները առաջին կլինեն և առաջինները՝ վերջիններ: Եվ հիմնավորում է իր ասածի բացատրությունը, ասելով,- Որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ՝ ընտրեալները:
Ի՞նչ է նշանակում բազում են կանչվածները: Այսինքն Քրիստոս բոլորին է հրավիրում Աստծու արքայություն՝ առանց բացառության, այնպես, ինչպես խաչվեց բոլորի համար՝ առանց բացառության, և հրեայի, և հեթանոսի, և կախարդի և աթեիստի, և պոռնիկի և հարբեցողի: Բոլորի համար խաչվեց ու Հարություն առավ; Բոլորին պարգևեց հավիտենական կյանք ունենալու հնարավորությունը:
Իսկ ովքե՞ր են ընտրեալները: Ընտրեալները նրանք են, որոնք լսեցին Քրիստոսի կանչի ձայնը և գնացին նրա հետևից, վերցրին իրենց խաչը և տարան պատվով: Բայց Տէր Հիսուս ասում, որ է սրանք սակավ են: մեկ այլ տեղում ասում է, - երբ գամ երկրի վրա հավատք կգտնե՞մ:
Այս առակը Տէր Հիսուս պատմեց հարուստ երիտասարդի հետ զրուցելուց հետո, որը հրեա հասարակության խորհրդանիշ էր, հրեաները կարծում էին, որ իրենք Աբրահամի սերունդ են, օրինապահ են, հարուստ են և արժան են մտնելու երկնքի արքայություն: Իսկ այս առակով Տէր Հիսուս այլ ճշմարտություն է փաստում, որ Ինքը եկավ և բոլոր մարդկանց տվեց հավասար իրավունքներ իր այգում աշխատելու համար:
Երկնքի արքայության մեջ տիրում է ողորմություն և սեր, բայց ո՛չ այնպես ինչպես որ մարդկային ողորմությունն ու սերն է; Այստեղ սխալվում են այն ծառաները, որոնք առավոտից երեկո հաշվում են իրենց բարի գործերը՝ երկնքի արքայության հետ փոխանակելու համար, կարծելով, որ բարի գործերի քանակը կարող է իրավիճակ փոխել: Առակը կարելի է հասկանալ տարբեր տեսանկյուններից: Կարելի է կարծել, որ առավոտյան կանչվածները հրեաներն էին, որոնց ո՛չ թե որպես ազգ կանչեց, այլ կանչեց Աբրահամի միջոցով, և Աստված ակնկալում էր որ նրանք կլինեն Աբրահամի կյանքի հետևորդները և կկոչվեն ընտրեալներ: Որովհետև ըստ Աստվածաշնչի հրեան նա չէ, ով արտաքնապես է հրեա, այլ նա, որը սրտի թլպատություն ունի, այսինքն վերստին ծնված է : Հետևաբար ընտրեալ կարող է հանդիսանալ ո՛չ միայն հրեան, այլ հույնը, հռոմեացին, հայը, ռուսը և հեթանոսը, եթե զղջումով դարձի գան: Խոսքը վերաբերում է նաև նրանց, որոնք կանչվեցին առաքյալների միջոցով և կանչվում են մինչև օրս Աստծու խոսքը քարոզողների միջոցով:
Սիրելիներ, առակի մեջ մենք տեսանք նաև մեկ ուրիշ փաստ, որ երբ երեկո եղավ, Տանուտերը կանչեց գործավարին՝ վարձատրելու համար: Երեկոն կարող ենք հասկանալ որպես աշխարհի վախճանը և վարձատրության ժամանակը: Իսկ ինչո՞ւ վերջիններից սկսեց վճարել: Որովհետև մենք տեսանք, որ առաջինները իրենց աշխատանքը շատ բարձր գնահատեցին, և այլ արդյունք էին սպասում: Մենք էլ հիմա հասկացանք առակի տրամաբանությունը և առավել հասկացանք երկու միտք. Վերջինները առաջին կդառնան և կանչվածներ շատ են, ընտրյալները՝ սակավ; Առաջինները վարվեցին անառակ որդու մեծ եղբոր պես, դրա համար դարձան վերջին; իսկ անառակ որդին, որ այդ տարիքում զղջաց սրտանց և վերադարձավ՝ արժանացավ պատվի: Հեռու մնանք նախանձ սրտից, որովհետև Աստծու համար բոլորս հավասար ենք:
Ավարտենք մշակների առակի մեկնությունը և յուրաքանչյուր մեզ համար հետևություն անենք: Կանչե՞լ է արդեն մեզ տանուտերը իր այգում աշխատելու համար: Ուրա՞խ ենք վերջին եկածների համար, թե՞ մենք էլ առաջինների պես նախանձով ենք լցվում; Փորձո՞ւմ ենք մեր գործերով կանչվածներից անցնել ընտրեալների շարքի մեջ՝ երբեք չգերագնահատելով մեր առավելությունները, որ Աստծու շնորհներն են, ո՛չ թե մեր հմտությունը: Մնացեք սիրով՝ ջանացեք երկնքի արքայության համար, առանց տեղի համար անհանգստանալու; Երկնքի արքայության մեջ բոլոր հավասար են առատաձեռն Աստծու շնորհիվ:
Հարց. Ինչո՞ւ առաջինները վերջին պիտի լինեն;
Տեղեկութիւններ
Սիրելիներ, այսօր մենք կծանոթանանք եկեղեցու յոթ խոհուրդների անունների հետ, իսկ հետո ամեն օր կխոսենք մի խորհրդի մասին, և առհասարակ եկեղեցի հասկացության մասին;
Դավանանքը Եկեղեցու հիմքն է, որից ծնվում է Եկեղեցու ճանաչողությունը: Առանց դավանանքի իմացության և ծիսարարողական կյանքին մասնակցության, գոյություն չունի ո՛չ ճշմարիտ անդամություն և ո՛չ իրական, եկեղեցական կյանք: Ավելորդ է նշել, որ եկեղեցական ներքին կյանքի խաթարումները, հիմնականում ծագել են թե մասնավորապես դավանանքի չիմացությունից և թե ընդհանրապես եկեղեցին
չճանաչելուց: Հարկ է նշել, որ դավանանքը կմնա սոսկ մեռած տառ կամ լավագույն դեպքում արվեստի, մտքի և փիլիսոփայական ձևակերպումների հիանալի դրսևորում, եթե այն կյանքի չկոչվի և կյանքի ընթացքը չշաղախվի նրա հետ, որպես կենցաղավարության և մտածողության չափանիշ:
Մեր կյանքը անմիջականորեն կապված է եկեղեցու յոթ խորհուրդների հետ, հետևանբար մենք պարտավոր ենք յուրաքանչյուր խորհրդի մասին բավարար տեղեկություն ունենալ: Ահա սրան են եկեղեցու յոթ խորհուրդները:
Մկրտություն
Դրոշմ
Ապաշխարություն
Հաղորդություն.
Պսակ
Ձեռնադրությւոն
Կարգ հիվանդների.