ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
մեղաների շարքը, տաս պարբերությունից
Սիրելիներ, ինչպես որ խոստացել էի, այսօր սկսում ենք մեղաների շարքը, որը բաղկացած է տաս պարբերությունից: Քանի որ դուք միշտ լսում եք մեղաների գրաբար տարբերակը, ես այստեղ կկարդամ աշխարհաբարը, որ առավել հասկանալի լինի ձեզ:
Ա. Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ։ Մեղանչել եմ Աստծո դեմ։ Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը։ Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ։
Մեղանչեցի Աստծո դեմ։
Քանի որ մարդու ցանկացած մեղք՝ գործված սեփական անձի դեմ, թե իր նման մարդու կամ Աստծո որևէ արարածի, ոտնահարումն է Աստծո կամքի և հաճելի չէ Նրան, ուստի և գործվում է Նրա դեմ։ Սա գիտակցելով՝ իր մեղքերը զղջացողը դրանք խոստովանում է Աստծո առաջ՝ որպես իր և Նրա միջև
միջնորդ ունենալով քահանային և բարեխոս՝ սբ. Աստվածածնին։
Մարդը մեղանչում է խորհուրդներով, խոսքերով և գործերով։ Այս մեղքերը կարող են գործվել կամովին, երբ մարդ դրանք սեփական հոժարությամբ ու առանց որևէ պարտադրանքի է գործում. ակամա, երբ մարդ անզգուշաբար, առանց չար դիտավորության, ինչպես նաև արտաքին կամ ներքին պարտադրանքի տակ է մեղանչում. գիտությամբ, այսինքն՝ քաջ գիտակցելով, որ իր արածը մեղք է,
սակայն չերկյուղելով ու արածի համար ցավ չզգալով. և անգիտությամբ, այսինքն՝ չիմանալով, որ այն, ինչ գործում է, մեղք է։ Ակամա և անգիտությամբ գործված մեղքերը համարվում են ներելի մեղքեր, իսկ գիտությամբ ու կամովին գործվածները՝ մահուչափ կամ մահացու։ Ներելի մեղքերը կարող են ներվել ու քավվել նաև առանց քահանայի առաջ կատարվող անհատական խոստովանության, միայն զղջմամբ, Աստծուց ներում հայցելով և ընդհանրական խոստովանությամբ, ինչպես նաև ողորմության գործերով, պահքով, հավատքով կատարվող խաչակնքումներով, ու Տերունական այլ աղոթքների արտասանությամբ որոնցով՝ ակամա մեղանչած անձը հավատքով ու Տիրոջ հանդեպ վստահությամբ հանգստացնում է իր խիղճը ։
Ցանկացած մեղք, նույնիսկ շատ փոքր կարծվածը, եթե գործվում է կամովին ու գիտությամբ, և գործողն այնուհետև չի զղջում դրա համար ու չի ապաշխարում, համարվում է մահացու մեղք և չի ներվում։
Եվ հակառակը՝ նույնիսկ ամենածանր մահուչափ, այսինքն՝ կամովին ու գիտությամբ գործված մեղքը դառնում է ներելի և թողության արժանանում, եթե այն գործած անձնավորությունն այնուհետև սրտանց զղջում է դրա համար, մեղքը խոստովանում ու ապաշխարում։ Այսինքն՝ մահացու մեղքի մեջ մնալու և չապաշխարելու պատճառով կարժանանա Տիրոջ դատաստանին ու հավիտենական պատժին։
Երկրորդ պարբերություն
Մեղանչեցի հոգովս և նրա զորություններով, մտքովս և նրա շարժումներով, մարմնովս և նրա զգայարաններով։ Մեղանչեցի հոգուս զորությամբ՝ խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Եկեղեցու վարդապետները սովորաբար որպես մարդ արարածի բաղկացուցիչ մասեր են նշում հոգին, միտքը և մարմինը։ Մարդը մեղանչում է թե՛ հոգով, թե՛ մտքով և թե՛ մարմնով, ուստի և այստեղ խոստովանում է դրանցով իր գործած մեղքերը։
Հոգին նույնպես բաղկացուցիչ մասերից է կազմված, որոնք կոչվում են «զորություններ»։ Հոգին եռամասնյա է։ Այսպիսով՝ հոգու երեք զորություններն են՝ բանական, ցասմնական,և ցանկական: Սրանց հակադիր առաքինություններն են՝ Հույս , հավատ, սեր, որոնցով պետք է պայքարել գործած մեղքերի դեմ:
Երրորդ պարբերություն
Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով՝ նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակնությամբ, թուլությամբ, պոռնկական խորհուրդով՝ արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական գիջությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Մտքի «շարժումները», ինչպես ներկայացված է այս խոստովանության նախորդ՝ հատվածում, նշանակում են մտքի (կամ, ինչպես ասվում է, սրտի) խորհուրդները։ Այստեղ ներկայացվող չար խորհուրդների շարքում դասված մեղքերը սրտի չար զգացումներ են և մտքում գործվող մեղքեր։ Սակայն պետք է գիտենալ, որ ցանկացած մեղք էլ՝ «Մեղայի» որ հատվածում էլ ներկայացվի, նախ խորհուրդներով է գործվում և ապա՛ միայն արտաքին գործով։
Նենգությունը ատելության ու կեղծավորության մի խառնուրդ է, որ գիտի արտաքին բարեկրթության ու բարեկամության քողի տակ դավեր նյութել, իսկ ատելությունը, պարզ է, որ սիրո հակադիր մոլությունն է։
«Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է»:Ա Հովհ.3:15, մինչդեռ մեր Տերը մեզ պատվիրել է սիրել անգամ մեր թշնամիներին։
Հիշաչարությունը (կամ խեթը, ինչպես գրաբար բնագրում) մարդու սրտում թաքնված ոխն է, որի դեղը սրտանց ներելն է.
«Եթե դուք մարդկանց չներեք նրանց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների»(Մատթ. 6:15)։
Մախանքն ու չարակնությունը (հաչաղանք) ըստ էության նույն բանն են. մախանքը նախանձն է, իսկ չարակնությունը՝ մեկին չար ու նախանձոտ աչքով նայելը՝ ասես նրան չարիք մաղթելով։
Թուլությունը և սրան հաջորդող մեղքերը պոռնկության տարատեսակներ են։ Զգոնության ու ժուժկալության մեջ թուլանալը և անմաքուր ցանկական զգացումներին ու խորհուրդներին տրվելը հենց այս հատվածում նշվող թուլությունն է, որի արգասիքն են ամեն տեսակ պոռնկական խորհուրդները՝ արվամոլական, իգամոլական, ինչպես նաև անասնական, գրաստական ու գազանական, որոնք միևնույն բանն են նշանակում, միայն այն տարբերությամբ, որ անասնական ու գրաստական պոռնկական խորհուրդներն ընտանի կենդանիների հետ խառնակումն են ցույց տալիս, իսկ գազանականը՝ վայրի գազանների հետ։ Այս խորհուրդները մարդ կարող է ունենալ թե՛ գիշերը և թե՛ ցերեկը՝ ընկնելով երազային անսթափ ու անմաքուր վավաշոտ վիճակի՝ գիջության, և անրջական (դարձյալ նշանակում է երազային) գարշելի աղտեղության (աղտեղություն=կեղտոտություն, անմաքրություն) մեջ։ Այսքանը մտքի չար խորհուրդների մասին;
Չորրորդ պարբերություն
Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ՝ հեշտասիրությամբ, պղերգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Ուրեմն, ինչպես արդեն ասվել է, ցանկացած մեղք նախ խորհուրդներով է գործվում և ապա՛ մարմնի անդամներով, և մարդու մարմնի ցանկությունների աղբյուրն էլ հոգու մեջ է թաքնված, իսկ մեր նյութական մարմինն ինքը՝ առանց հոգու մասնակցության, բնականաբար մեղանչել չի կարող, և նրա բնական ցանկություններն ու կրքերը (ինչպես, օրինակ, սնվելու կամ հագնվելու պահանջը) մեղք չեն։ Մեր մարմինը միջոց է, որով մարդու հոգում ծնված ցանկություններն ի կատար են ածվում։ Սակայն մարմինն էլ նպաստում է, որ հոգին ցանկություններ ծնի, քանի որ իր զգայարաններով հաղորդակցվելով արտաքին աշխարհի հետ՝ հո-
գուն «նյութ» է մատակարարում՝ բարի կամ չար խորհուրդներ ու ցանկություններ ծնելու համար։ Այսպիսով՝ հոգին ու մարմինը գործում են փոխշաղկապված, սակայն գլխավոր թե՛ «բարեգործը», թե՛«չարագործը» և թե՛ «պատասխանատուն» մնում է հոգին, և ուրեմն մարմնով գործվող բոլոր մեղքերը նախևառաջ հոգու մեղքեր են։ Ուստի երբ ասվում է «մարմին» կամ «մարմնական» գործեր, ընդհանուր իմաստով նկատի է առնվում մեղքը՝ ի հակադրություն «հոգու» կամ «հոգևորի», որով ցույց է տրվում այն ամենն, ինչ բարի է, առաքինի ու աստվածային։
Մեր նյութական մարմինը կարիք ունի խնամքի՝ կենդանի մնալու և մեր հոգու փրկությանը ծառայելու համար, քանի դեռ այս աշխարհում ենք։ Սակայն այդ խնամքը պիտի չափավոր լինի, այլապես մարդու հոգին ու մարմինը կարող է տանել դեպի անմաքուր ցանկություններ ու մեղքեր։
Մարմինն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է իր զգայարանների միջոցով, որոնք հինգն են։ Սրանք պատկերավոր կերպով կոչվում են «մեր մարմնի տան դռներ՝ լավ և վատթար ամեն ինչի՝ դրսից ներս և ներսից դուրս գալու»։ Այդ «դռները» հինգն են՝
տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը)։
Մարդն իր այս զգայարաններով է գործում թե՛ բարին և թե՛ չարը։
Մարմնի մաքրության պահպանումը շատ կարևոր է քրիստոնյայի համար. իհարկե այստեղ խոսքը մեղքից ու արատավոր ցանկություններից, հիմնականում պոռնկությունից, մարմինը մաքուր պահելու մասին է։ Մեր մարմինը պոռնկության համար չի ստեղծված, այլ Տիրոջ։ Այն Սուրբ Հոգու տաճարն է, քանզի Աստծո Հոգին Իր շնորհներով մեր մարմնի ներսում է հանգրվանում, սակայն անմաքուր, անսուրբ մարմնի մեջ Սրբության համար տեղ լինել չի կարող։
Հինգերորդ պարբերություն
Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ՝ ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգմոգությամբ, քսությամբ (բամբասանք, չարախոսություն) դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով։ Մեղանչեցի Աստծո դեմ։
«Եթե մեկը խոսքով չի մեղանչում, կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ողջ մարմինը»,- ասում է Հակոբոս առաքյալը։ Ապա ասում է. «Լեզուն մի փոքրիկ անդամ է, բայց մեծ-մեծ բաներ է խոսում։ Ահա մի փոքր կրակը ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ Լեզուն էլ է կրակ, անիրավության մի աշխարհ....» (Հակոբ.3: 2)։
Մեր լեզուն՝ «այդ փոքրիկ անդամը», գործածելիս մեծ զգուշության ու զգոնության կարիք ունենք, որովհետև նրանով՝ որպես գործիքով, կարող ենք շատուշատ և՛ բարի, և՛ չար գործեր կատարել. թե՛ վերքեր բուժել և թե՛ վիրավորել, թե՛ կենդանացնել և թե՛ սպանել, թե՛ մարդկանց մեղքից հետ պահել ու դեպի առաքինությունները մղել և թե՛ դեպի մեղքը գայթակղեցնել, ինչպես նաև թե՛ մեր փրկությունն ապահովել և թե՛ ինքներս մեզ դատապարտել։ Քանզի լեզուն ինքնագլուխ՝ առանց հոգուն հնազանդվելու,չի գործում: ինչպես Տեր Հիսուսն է ասում.
«Բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձրից չարն է հանում։ Ասո՛ւմ եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն դատարկ խոսքի համար պատասխան պիտի տան դատաստանի օրը, որովհետև քո խոսքերո՛վ ես արդարանալու և քո խոսքերո՛վ դատապարտվելու»(Մատթ. ԺԲ 34-37)։
Ուրեմն՝ «Մեղայի» այս հատվածում ներկայացված են մեր սրտի
չար գանձերից ելած չար խոսքերը՝ չարաբանությունները, որոնք
վերաբերում են մարմնի հինգ զգայարաններից մեկին՝ բերանին, և չարաբանությունների շարքում առաջինը դասվել են ստախոսությունն ու նրա տարատեսակներ սուտ երդումը և երդմնազանցությունը։
Վեցերորդ պարբերություն
Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Այս հատվածում ներկայացված են մարմնի հինգ զգայարաններից մեկի՝ շոշափելիքի միջոցով գործվող որոշ մեղքեր։ Տասնաբանյա պատվիրաններից ութերորդը վերաբերում է գողությանը.
«Մի՛ գողացիր» Գողությունը պատկանում է այն մեղքերի թվին, որոնց թողություն ստանալու համար միայն զղջումն ու խոստովանությունը բավական չեն. Անհրաժեշտ է նաև գործով փոխհատուցում՝ կամ գողացվածը վերադարձնել տիրոջը, կամ, եթե վերադարձնելն այլևս անհնար է, հասցված վնասը որևէ այլ կերպ հատուցել։
Ագահելն ագահությամբ լցվելն է, և թեպետ սա չի պատկանում մարմնի անդամներով կատարվող մեղքերի թվին, սակայն ծնում է դրանք՝ գողություն, զրկողություն, սպանություն և այլն։
Զրկելու կամ զրկողության մեղքն են գործում նրանք, ովքեր իրենց իշխանությունից ու դիրքից օգտվելով՝ ուրիշներին զրկում են նրանց արդար վաստակից, աշխատանքի դիմաց չեն վճարում կամ պակաս են վճարում, անիրավ միջոցներով հափշտակում են նրանց ունեցվածքը և այլն։
Ուրեմն՝ զրկողները նույնպես միայն զղջմամբ ու խոստովանությամբ իրենց մեղքերին թողություն ստանալ չեն կարող, եթե զրկանքի դիմաց հատուցելու, բարիք գործելու հնարավորությունն ունեն, սակայն զլանում են սա կատարել։ Զրկողության մի տեսակ է վաշխառությունը, երբ փոխատուն փոխառուի վրա մեծ տոկոսներ է դնում։ Աստվածաշունչն ընդհանրապես տոկոսով փոխատվությունն ազգակիցներին, մանավանդ աղքատներին, անօրինություն է համարում (Ելք 22: 25)
Հարվածելու մեղքը ծնվում է բարկությունից, և պարզ հարվածն անգամ կարող է վերաճել ծեծկռտուքի, իսկ երբեմն էլ պատճառ դառնալ դիմացինի մահվան՝ այսպիսով վերածվելով սպանության։ Որևէ կենդանու անգթաբար հարվածելը կամ ծեծելը նույնպես մեղք է, քանի որ արդար մարդուն հատուկ է գութ ունենալ ոչ
միայն մարդկանց, այլև Աստծո բոլոր արարածների, մանավանդ այն կենդանիների հանդեպ, որոնք օգուտ են տալիս մարդուն և հանձնված են նրա խնամքին.
Կարիք չկա բացատրելու, թե որքան մեծ մեղք է սպանությունը, որն արգելված է տասնաբանյա պատվիրաններից վեցերորդով. «Մի՛ սպանիր» (Ելք 20: 13)։
Սպանության մեղք են գործում թե՛ ուրիշին կյանքից զրկողները, թե՛ ինքնասպանները և թե՛ իրենց արգանդի պտուղը ոչնչացնող կանայք։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմների ժամանակ գործվող սպանություններին, ապա այսպիսի սպանությունը մեղք չի համարվում, քանի որ կատարվում է հայրենասիրությունից ու ազգասիրությունից մղված։
Գարշելի գործեր ասելով կարող ենք հասկանալ մարմնի անդամներով, մանավանդ ձեռքերի ու ոտքերի միջոցով կատարվող մնացած բոլոր գարշելի գործերը, որոնք մարդ կարող է կատարել,ինչպես օրինակ՝ կաշառք տալ կամ պահանջել, խաբեբայությամբ զբաղվել, մեկին տանջել, չարչարել, բռնաբարել, ծաղրուծանակի ենթարկել և այլն։
Յոթներորդ պարբերություն
Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով՝ վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Միջնադարյան գիտնականների հաշվարկով՝ մարդու մարմինն ունի 248 ոսկոր, 12 անդամ և 5 զգայարան, և այս ամբողջի հանրագումարը կազմում է 365 մաս 80 (հոդված)։ Ս. Գրիգոր Նարեկացին, գիտենալով այս մասին, իր «Մատյան ողբերգության» աղոթագրքի 46 գլխում, սեփական անձին դիմելով, գրում է. «Երեք հարյուր վաթսուն հոդերով շաղկապվեցիր՝ նրանց միացնելով նաև 5 զգայարանների ազդողական պատշաճ մասերը»։
Մարդու տասներկու անդամներն են՝ 1. գլուխ, 2. վիզ, 3. ուսերից մինչև ձեռքերը ներառյալ, 4. կուրծք, 5. կողեր, 6. որովայն, 7.մեջք, 8. երանք (երիկամների հատվածը), 9. սեռական անդամներ,
10. ազդրեր, 11. սրունքներ և 12. ոտնաթաթեր։
Հինգ զգայարանների ու նրանց մեղքերի մասին արդեն խոսվել է 4րդ մասում:
Մարդու վեցյակ կամ վեց շարժումները (վերև, ներքև, աջ, ձախ,առաջ, հետ) տարբեր հայրերի կողմից մեկնվել են տարբեր կերպ։
Այստեղ դեպի վեր շարժումը վերամբարձ ոտնահարումն է,այսինքն՝ ոտքով դեպի վեր հարված հասցնելը, որը կարելի է հասկանալ որպես արհամարհանք կամ թշնամություն Աստծո և աստվածային ամեն ինչի հանդեպ։ Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հպարտություն ու ամբարտավանություն։ Դեպի վար շարժումը՝ վայրաքարշ մեղկությունը, նշանակում է երկրի վրա քարշ եկող, երկրահակ մեղկություն, այսինքն՝ տրտմության կամ ձանձրույթի պատճառով ծանրանալու և թուլանալու հետևանքով բարիք գործել
չկարողանալը, ուստի և տարատեսակ մեղքերի մեջ ընկղմվելը։ Ս.Եփրեմ Ասորին դեպի վար շարժում է համարում տրտմությունը, իսկ ս. Գ. Տաթևացին՝տրտմությունն ու ձանձրույթը (այսինքն՝ծուլությունը),
Աջ և ձախ խոտորումն ընդհանրապես նշանակում է որևէ առաքինության միջին ուղիղ շավղի վրա չմնալով մեղանչել։ վեցյակ շարժումների բացատրության մեջ, Տաթևացին դեպի աջ շարժում է համարում
արծաթսիրությունը (փողասիրությունը), իսկ դեպի ձախ շարժում՝պոռնկությունը։
Ութերորդ պարբերությունը յոթ մահացու մեղքերի մասին է, որի մասին օրերս խոսեցի ձեզ համար, իսկ հիմա մի փոքր տեղեկություն, որը նախորդ անգամ չէի ասել:
Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով՝ հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Յոթ մահացու մեղքերն այն գլխավոր մեղքերն են, որոնք մնալով մարդու մեջ և ապաշխարությամբ չքավվելով՝ մարդու հավիտենական մահվան պատճառ կարող են դառնալ, ուստի և «մահացու» են կոչվում։ Այս մահացու մեղքերը ծնողն են մյուս բոլոր մեղքերի։ Այս յոթ գլխավոր մեղքերից առաջին երեքը՝
հպարտություն, նախանձ, բարկություն, հոգեկան մեղքեր են համարվում, իսկ մնացած չորսը՝ ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն՝ մարմնական մեղքեր։
Հպարտության ծնունդները կամ տարատեսակներն են փառասիրությունը, սնափառությունը, ինքնահավանությունը, ինքնագովությունը, մեծամտությունը, պատվասիրությունը, կեղծավորությունը, ցուցադրամոլությունը, հանդգնությունը, անհնազանդությունը և այլն։ Հպարտությամբ էր, որ սատանան իրեն անչափ մեծ մեկը կարծեց և նախանձելով Աստծո մեծ փառքին՝ ցանկացավ Նրա տեղը գրավել։ Հպարտության հակադիր առաքինությունն է խոնարհությունը։
Իններորդ պարբերույթուն
Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ՝ հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա։ Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի,բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով՝
կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ։ Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոստովանեմ.հանցանքներս անթիվ են, անօրենություններս՝ անպատմելի, ցավերս՝ աններելի, և վերքերս՝ անբժշկելի։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Տաս պատվիրաններից առաջին հինգը պատվիրում էին հանձն առնել այս կամ այն բանը կատարել, իսկ հաջորդ հինգն արգելում էին կամ հրաժարեցնում այս կամ այն բանը կատարելուց։ Այս պատճառով առաջին հինգը կոչվում են հանձնառելի պատվիրաններ, իսկ մյուս հինգը՝ հրաժարելի պատվիրաններ։«Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա»-ն և «քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի»-ն ըստ էության նույն իմաստն են արտահայտում, որ է՝ «Միայն անունով եմ քրիստոնյա և ո՛չ թե գործերով»։
Այնուհետև խոսվում է գիտակցաբար ու կամովին գործված մեղքերի մասին, որոնց անդրադարձել ենք առաջին պարբերության մեջ և ապա հետևում են խոստովանողի մեծ զղջումը հավաստող, ինքնախարազանող խոսքեր, որոնք, չափազանցություն լինելով, կարելի է ասել, չեն համապատասխանում ճշմարտությանը, որովհետև սրտանց զղջացողի, անկեղծ խոստովանողի ու ապաշխարողի համար չկա ոչ աններելի ցավ և ոչ էլ անբժշկելի վերք, քանի որ թե՛ ներողը և թե՛ բժշկողն ամենագութ ու ամենակարող Աստված է։
վերջին՝ տասներորդ պարբերություն
Հա՛յր սուրբ, դո՛ւ ես Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակի՛ր իմ մեղքերի կապանքները, աղաչո՛ւմ եմ քեզ։
Մենք արդեն գիտենք Քահանաներին Աստծուց տրված այն իշխանության մասին, որով նրանք կարող են մարդկանց մեղքերին թողություն տալ, ինչի շնորհիվ մեղքերի պատճառով Աստծուն դառնացրածներս նորից հաշտվում ենք Նրա հետ։ Ինչպես ասում է Եսայի մարգարեն,
«Ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծո միջև» (Եսայի 59:2 ), իսկ անկեղծ խոստովանությունն ու քահանայի միջոցով տրված թողությունը քանդում են այդ պատնեշն ու հաշտեցնում և միավորում մեզ՝ մեր
երկնավոր Հոր հետ։
Այնուհետև քահանան՝ որպես Աստծո և մարդու միջև միջնորդ, արձակում է մարդու մեղքերի կապանքները և ապա նրան դարձյալ հանձնում Եկեղեցու խորհուրդներին։
Արձակում
Մարդասեր Աստված թող քեզ ողորմի և թողություն շնորհի քո բոլոր հանցանքներին՝ թե՛ խոստովանված և թե՛ մոռացված։ Եվ ես քահանայական իշխանության կարգով և աստվածային հրամանով, թե՝ «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում», այդ նույն խոսքով, Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, արձակում եմ խորհուրդներով, խոսքերով և գործերով քո կատարած բոլոր մեղքերը։ Այլև քեզ դարձյալ հանձնում եմ սուրբ Եկեղեցու խորհուրդներին, որպեսզի ինչ բարիք էլ գործում ես, բարեգործություն համարվի և քեզ հանդերձյալ կյանքի փառքին արժանացնի։ Ամեն։
Սիրելիներ ավարտեցինք նաև մեղքերի խոստովանության աղոթքի բացատրությունը:
Աստված թող ձեզ պարգևի մեղքի գիտակցություն և անկեղծ զղջում՝ ցանկացած մեղքի համար: