ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ա Թագավորություններ 1.1-23
Առակներ 1.2-33
Երեմիայի մարգարեությունը 1.1-10
Ավետարան ըստ Մատթևոսի.19:23- 30
23 Այն ատեն Յիսուս ըսաւ աշակերտներուն. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ հարուստը դժուարաւ պիտի մտնէ երկնքի թագաւորութիւնը»։ 24 Դարձեալ կ՚ըսեմ ձեզի. «Դիւրին է որ ուղտը ասեղին ծակէն անցնի, քան թէ հարուստը Աստուծոյ թագաւորութիւնը մտնէ»։ 25 Աշակերտները երբ լսեցին, շատ զարմացան ու ըսին. «Ուրեմն ո՞վ կրնայ փրկուիլ»։ 26 Յիսուս անոնց նայելով՝ ըսաւ. «Ատիկա մարդոց կողմէ անկարելի է, բայց Աստուծոյ կողմէ ամէն բան կարելի է»։
27 Այն ատեն Պետրոս խօսեցաւ ու ըսաւ անոր. «Ահա մենք ամէն բան թողուցինք եւ քու ետեւէդ եկանք. ուստի մեզի ի՞նչ պիտի ըլլայ»։ 28 Ըսաւ անոնց Յիսուս. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ դուք որ իմ ետեւէս եկաք, միւս անգամ գալուստին երբ Որդին մարդոյ իր փառաց աթոռը նստի, դուք ալ տասներկու աթոռներու վրայ պիտի նստիք՝ Իսրայէլի տասներկու ցեղերը դատելու։ 29 Ով որ թողուց տուներ կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիներ կամ արտեր իմ անուանս համար, հարիւրապատիկ պիտի առնէ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգէ։ 30 Բայց շատ առաջիններ պիտի ըլլան յետին եւ յետիններ՝ առաջին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ. Աստծու համար չկա ոչ մի նոր բան երկրի երեսին, բայց մեզ համար նորություն է ամեն նոր սկսվող օրը, քանի որ մենք չգիտենք, թե ի՞նչ կբերի մեզ այս օրը՝ մինչև օրվա ավարտ: Հետևաբար մենք ամեն օր պետք է գոհություն հայտնենք մեր նոր օրվա համար և ամեն գործի սկզբի համար ունենանք Աստծու բարի կամքը: Քանի որ մենք սովորություն ունենք, նախապես խոստումներ տալ գալիք օրերի համար, և որոշ ծրագրեր կազմել հաջորդ ամիսների համար, առանց Աստծու կամք նկատի ունենալով: Բոլորս վաղուց համոզվել ենք, թե մեր կամքը մեզ ո՞ւր է տանում, երբ մեր հույսը դնում ենք մեր ուժերի վրա: Սա՛ մեր ամեն բացվող նոր օրվա համար, իսկ հիմա տեսնենք ի՞նչ է պատրաստել մեզ համար մեր սիրելի Մատթևոս ավետարանիչը:
Երեկվա սերտողությունը հարուստ երիտասարդի մասին էր, որը վստահ էր իր պատվիրանապահության վրա, և եկել էր Վարդապետից ճշտելու, թե էլ ի՞նչ է պետք հավիտենական կյանք ժառանգելու համար;
Բայց մենք տեսանք, որ նրա պատվիրանապահությունը չօգնեց իրեն՝ իր մտքում դրածին հասնելու համար՝ իր ներսում թաքցրած մի մոլության պատճառով, որ հարստության նկատմամբ ունեցած սերն էր:
Հարստության նկատմամբ ունեցած սերը ստվեր է գցում բոլոր առաքինությունների վրա, որ մարդ կարող է ունենալ իր կյանքի ընթացքում: Հայտնի առակը բոլորդ լսել եք, որ երեք տարբեր մարդկանց առանձին առանձին հարց են տալիս, թե ինչպես կտնօրինեիք, եթե մեծ հարստություն տանք ձեզ՝ ա՛յս պահին: Առաջինը ասում է տուն կգնեմ, մեքենա կգնեմ, ու կվայելեմ: Երկրորդն ասում է, երեխաներիս ուսման հարցը կլուծեմ, բիզնես կբացեմ և մի քիչ էլ ծերանոցին կտամ: Իսկ երրորդը, որը չէր լսել թե ինչ են ասել իրենից առաջ պատասխանողները, ասում է՝ նախ ես չգիտեմ, թե ես ո՛վ կդառնամ այդքան մեծ գումար ունենալու դեպքում, հետևաբար չեմ կարող ասել, թե ինչպես կտնօրինեմ եղածը:
Հաճելի պատասխան տվեց երրորդը, քանի որ մարդկային ցանկությունները անկառավարելի են երբեմն նույնիսկ պատվիրանապահների համար; Ժողովողն ասում է Աստված ամեն մարդու հարստություն, ունեցվածք, և դրանցից օգտվելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել: Դա ևս Աստծու պարգևն է: Բայց կան նաև շատ հարուստներ, որոնք կուտակում են հարստություն նեղ օրվա համար, բայց մի չար դիպվածով կորչում է նրա ողջ ունեցվածքը:
Ուրեմն երանելի է այն մարդը, որը կդիմանա բոլոր փորձություններին: Փորձությունները միայն հարստությամբ չեն, այլ նաև աղքատությամբ; Հարուստին էլ, աղքատին էլ Աստված է ստեղծել, և երկուսի վարմունքն էլ տեսնում է; Ինչպես հարուստը չի կամենում բաժանել իր ունեցվածքից, այնպես էլ աղքատը չի հարմարվում իր աղքատության հետ և անվերջ տրտնջում է: Աղքատին սատարող մեծահարուստի ունեցվածքը ավելանում է երկրի վրա, իսկ նրա որթատունկը պտուղ է տալիս հանդերձյալում; Հարստության մասին ավետարանական ուսուցումները բավական շատ են, և բոլորն էլ արդի են այսօրվա համար:
Աշակերտները ներկա էին երիտասարդի և Հիսուսի միջև տեղի ունեցած խոսակցությանը: Հատկապես հարց առաջացավ այն ժամանակ, երբ լսեցին, որ Հիսուս ասաց, -հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն: Կամ պարանը ավելի հեշտ կանցնի ասեղի անցքով, քան հարուստը՝ Աստծու Արքայությունը: Ասեղի անցքը որպես անհավանական չափման միավոր հաճախ է կրկնվում նույնիսկ մեր խոսակցությունների մեջ:
Հրեաների ավանդության մեջ ասվում է,- Աստված Իր ժողովրդին ասում է, դու բացիր քո սիրտը զղջման համար՝ ասեղի անցքի չափ, ես քեզ համար կբացեմ դռներ, որտեղով կանցնեն եզներ և սայլեր: Մեկ ուրիշ օրինակում ասվում է, որ ավելի հեշտ է, որ ուղտը անցնի ասեղի անցքով, քան հարուստը՝ երկնքի արքայություն; Ինչո՞ւ հատկապես ուխտը: Որպեսզի ուխտը կարողանար մի նեղ տեղից անցնել, պետք է նրա սապատները վերացնել, որպեսզի անցնի: Նրան խանգարողը իր սապատն է այնպես, ինչպես մարդուն՝ իր մոլությունը; Ասեղի անցք կոչվել է Երուսաղեմի դարպասներից մեկը, որը չափազանց նեղ է եղել և այս բոլոր առակները այդ դռան հետ են համեմատվում;
Քանի որ աշակերտներն էլ հրեական մշակույթին ծանոթ մարդիկ էին, նրանք գիտեին, որ հարուստ մարդկանց համար բոլոր դռները հասանելի են, և նրանք կարող են օգտվել ամեն ինչից; Իսկ երբ լսեցին, որ հարուստների համար մեծ խնդիր է արքայություն մտնելը, անմիջապես զարմացած հարց տվեցին,- Իսկ ո՞վ կարող է փրկվել: Այստեղ է, որ Տէր Հիսուսի տված պատասխանը պատասխանում է դարերով հնչած նմանատիպ հարցերին, թե,- Մարդկանց համար այդ անկարելի է, իսկ Աստծու համար ամեն ինչ կարելի է;
Մենք նորից վերադառնանք այն մտքին, որ մարդ արարածը իր էությամբ մեղանչող է, ագահ է, հակված է ամեն տեսակ մեղքի, եթե Աստծու շնորհը չունի իր վրա, ապա նրա համար ամեն բան անկարելի է:
Բավական է կապը կտրել Աստծու հետ, մեղքը պատրաստ է մարդուն իր հյուրընկալ գիրկն առնելու և նենգափոխելու:
Պետրոսը քննելով եղած խոսակցությունը, մի տրամաբանական հարց է տալիս իր Վարդապետին,- Ահա, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից, իսկ մենք ի՞նչ կունենանք: Իսկ Հիսուս պատասխանում է Պետրոսին: Ուշադիր լինենք Հիսուս Քրիստոսի պատասխանի յուրաքանչյուր բառին, որ ասում է: «Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ Ի՛մ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի»։
Քիչ առաջ կարդացինք, որ Տէրն ասաց մարդկանց համար այդ անկարելի է, Կամ նախորդ գլխում կարդացինք՝ թե՝ ինչը որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի: Ուրեմն ինչպե՞ս հասկանանք այս ամենը, որ թողել են կին, զավակ, և ծնող: Ամեն ինչ հասկանալի դառնում այն ժամանակ, երբ ուշադիր ենք կարդում, կամ լսում; Հանուն ինչի՞ ենք թողնում, հանուն ո՞ւմ ենք թողնում: Տէր Հիսուս ասում է, ով այս ամենը թողել է Ի՛մ անվան համար: Նախորդ գլխում մենք ներքինիների մասին կարդացինք, որ հանուն Քրիստոսի հրաժարվում են անձնական կյանքից, որը գրեթե մարդկային ուժերից վեր մի առաքինություն է; (խոսքը իրական կուսակրոնության մասին է), որ զարդն է Քրիստոսի եկեղեցու: Երբ կուսակրոնությունը վերանա, եկեղեցին կտկարանա: Քրիստոսի խոսքը վերաբերում է ո՛չ միայն կուսակրոնությանը, այլ ամուր և հավատարիմ ընտանիքին; Երբ զույգը իրենց գլխավերևում ունեն Հիսուս Քրիստոս և հանուն Նրա սիրո սիրում են միմյանց, ծառայում ենք միմյանց, նվիրված են միմյանց, դաստիարակում ենք բարեպաշտ երեխաներ, հարգալից են իրենց ծնողներին և այլն: Այսպիսիք են, որ Քրիստոսի անվան համար թողել են աշխարհի անբարոյականությունը և հավատարմորեն են կատարում այդ ամենը, ինչ որ Տիրոջ պատգամն է, ո՛չ թե սեփական փառքն ու հաճույքը: Եթե մեկն իր հեթանոսական ընտանիքը թողնի, որովհետև առավոտից երեկո կռապաշտությամբ են զբաղված և իրենց աստվածը իրենց որովայնն է ու իրենց փառքը, և թողնի Քրիստոսի անվան համար, ապա այսպիսին Աստծու Արքայության մեջ ներքինի կհամարվի: Այսպիսին կհամարվի առաջին: Իսկ նա որը խանդավառությամբ ընդունեց Քրիստոսին, բայց աշխարհի վայելքը ձգեց դեպի իրեն և նա թողեց Աստծուն, այսպիսին վերջին կկոչվի, թեկուզ առաջինն էր:
Պետրոսը բավարարված էր Քրիստոսի պատասխանից, քանի որ ինքը և մյուսները Քրիստոսի անվան համար էին թողել ամեն բան ու հետևել էին Նրան: Ավետարանում մենք ավելի կոշտ զգուշացում ենք լսում Քրիստոսից, որն ասում է,- Ո՛վ իր հորը կամ մորը ինձանից առավել է սիրում Ինձ արժանի չէ՛: Չնայած, որ նաև ասում է,- Պատվիր թո հորն ու մորը, որ բարիք գտնես Աստծուց: Ուրեմն մենք պետք է Աստծու խոսքը քննենք ո՛չ թե մեկ նախադասության մեջ, այլ՝ ողջ Ավետարանի մտքի մեջ:
Իսկ վերջին նախադասությունը, որ ասում է,- առաջիններ վերջիններ կլինեն և վերջիններ առաջիններ, այս միտքը այդ պահին վերաբերում էր ներկա գտնվող հրեաներին, որոնք ըստ տրամաբանության պետք էր, որ առաջինը լինեին հավատացողների մեջ, քանի որ իրեն՛ց ուղարկվեց մարգարեները, իրե՛նց մեջ ծնվեց Քրիստոս, նրանք կլինեն վերջիններ, եթե ժամանակին չուղղեն իրենց սխալը այդ ուղղությամբ;
Իսկ մենք, որ հեթանոս ենք եղել և դարձել ենք դեպի քրիստոնեություն, և չենք ապրում մեր կյանքը հանուն Քրիստոսի, դժվար է ասել, թե մենք ո՞ր տեղում կլինենք: Ուրեմն ո՞վ կարող է փրկվել:
Այս հարցը նույնպես միշտ ժամանակակից է, և միշտ պատասխանը գտնում ենք Սուրբ Գրքում, ոչ թե աստղագուշակների, կամ գրբացների ու մոմ թափողների մոտ: Փրկությունը Աստծու ձեռքի գործն է, ո՛չ մարդու:
Տասներկու աշակերտները Քրիստոսի Երկրորդ Գալուստին, երբ Մարդու Որդին նստի Իր փառքի աթոռին,նրանք էլ նստելու են տասներկու աթոռների վրա՝ դատելու Իսրայելի 12 ցեղերին; Քանի որ թերահավատության պատճառով չհավատացին Հիսուս Քրիստոսին՝ Իր բազում ուսուցումներից, ու հրաշքներից հետո, Իր մահվանից ու Հարությունից հետո, Իր համբարձումից ու երկրորդ անգամ գալու խոստումից հետո; Որովհետև չհիշեցին այն խոսքերը, թե՝ Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»։ Չենք հիշում նաև մենք, ինչի համար իրավունք չունենք մատնացույց անելու որևէ ազգի իր թերահավատության համար: Այսօրվա մեր դասի պատգամի մեջ մենք նույնպես թերի ենք, քանի որ հանուն Քրիստոսի չենք թողել ոչ մի բան: Ավարտեցինք նաև 19 րդ գլուխը Աստծու կամքով: Եթե Աստված մեզ կյանք պարգևի, կհանդիպենք վաղը՝ նույն ժամին, նույն հոգևոր թեմայով; Մնացեք սիրով և հանուն Քրիստոսի թողեք սերը աշխարհի վայելքների նկատմամբ, և ծառայեք միմյանց ի սեր Աստծո:
Այսօրվա հարցը՝ Ո՞վ կկարողանա փրկվել ըստ ձեզ:
Տեղեկութիւններ
«ՀՐԱԺԱՐԻՄՔ»
Այսօր փոքրիկ տեղեկություն տամ ձեզ հրաժարիմքի մասին, որ լսում եք եկեղեցում առավոտյան Պատարագից առաջ:
Հավատացյալները, քահանայի գլխավորությամբ, «Հրաժարիմքն» արտասանում են երեք անգամ՝ դեպի արևմուտք շրջված և ձեռքերն իջեցրած՝ ի կոր ։ Երեք անգամ «Հրաժարիմքն» ասելուց հետո դարձյալ շրջվում են դեպի արևելք։ Հիմա ես ձեզ համար կկարդամ աշխարհաբար, քանի որ գրաբարը դուք լսում եք եկեղեցում, որպեսզի բառերը հասկանալի դառնան;
Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար սպասավորներից, չար կամարարներից և նրա ամբողջ չար զորությունից՝ հրաժարվելով հրաժարվում ենք։
Ինչո՞ւ ենք շրջվում դեպի արևմուտք։
Քրիստոնյաներս հավատում ենք, որ մեր Տերն Իր երկրորդ գալստյանը հայտնվելու է արևելքից, ուստի և Նրա գալստյան մշտարթուն սպասումով՝ աղոթելիս հայացքներս ուղղում ենք դեպի արևելք։ Այս խորհրդով է, որ եկեղեցու խորանը, ուր զետեղված է ս. Սեղանը, գտնվում է եկեղեցու արևելյան կողմում, և
հավատացյալները եկեղեցում աղոթելիս կանգնում են դեմքով դեպի խորանը։ Այսպես իր միտքն ու սիրտը դեպի արևելք ուղղած հավատացյալին «թիկունքից» հարվածում է սատանան՝ ջանալով խափանել նրա աստվածահաճո ընթացքը։ Սատանայից և նրա ողջ զորությունից հրաժարվելիս դեպի արևմուտք շրջվելով՝
խորհրդանշաբար հակահարված ենք հասցնում՝ «ո՛չ» ենք ասում, մեզ թիկունքից հարվածողին և ապա դարձյալ շրջվում դեպի արևելք։ Ամեն անգամ «Հրաժարիմքն» ասելով՝ մենք դարձյալ ու դարձյալ հրաժարվում ենք սատանայի իշխանությունից և հավաստում Տիրոջ հանդեպ մեր հավատարմությունը։