ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Ավետարան ըստ Ղուկասի 4.43-5.11
Եսայու մարգարեությունը 33.2-22
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 12.1-13.10
Ավետարան ըստ Մատթեոսի 5.17-48
Ավետարան ըստ Մատթեոսի 19:13- 22
ՅԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ Կ՚ՕՐՀՆԷ
13 Այն ատեն մանր տղաք բերուեցան իրեն, որպէս զի անոնց վրայ ձեռք դնէ եւ աղօթք ընէ, իսկ աշակերտները կը յանդիմանէին զանոնք։ 14 Յիսուս ըսաւ. «Թո՛ղ տուէք այդ մանր տղոցը եւ մի արգիլէք ատոնք ինծի գալէն, վասն զի երկնքի թագաւորութիւնը այդպիսիներունն է»։ 15 Անոնց վրայ ձեռք դնելէ յետոյ գնաց անկէ։
16 Մէկը մօտենալով՝ ըսաւ անոր. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ, որպէս զի յաւիտենական կեանքը ընդունիմ» 17 Անիկա ըսաւ անոր. «Ինչո՞ւ զիս բարի կ՚անուանես. մէկէն զատ բարի չկայ, որ է Աստուած։ Եթէ կ՚ուզես յաւիտենական կեանքը մտնել, պատուիրանքները պահէ»։ 18 Պատանին հարցուց. «Որո՞նք»։ Յիսուս ըսաւ. «Ասոնք. Սպաննութիւն մի ըներ, Շնութիւն մի՛ ըներ, Գողութիւն մի՛ ըներ, Սուտ վկայութիւն մի՛ ըներ, 19 Քու հայրդ ու մայրդ պատուէ եւ քու ընկերդ քու անձիդ պէս սիրէ»։ 20 Պատանին ըսաւ. «Ատոնք ամէնքը մանկութենէս ի վեր պահեր եմ. ալ ի՞նչ բան կը պակսի»։ 21 Յիսուս ըսաւ. «Եթէ կ՚ուզես կատարեալ ըլլալ, գնա ունեցածդ ծախէ, տուր աղքատներուն ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ եկուր իմ ետեւէս»։ 22 Երբ պատանին այս խօսքը լսեց՝ տրտմած գնաց, վասն զի շատ ստացուածք ունէր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Այսօր մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որ կոչվում է (Արտաքսման): Վստահ եմ, որ բոլորդ ծանոթ եք թեմային, քանի որ շատ ենք խոսել այս մասին; Բացի խոսելուց նաև շատ անգամներ մեր կյանքում արժանացել ենք դրախտից արտաքսումի՝ մեր գործած մեղքերի պատճառով: Թող ողորմի մեզ Տէրը, մեր անգիտության պատճառով:
Մեր նախորդ սերտողության միտքը ավարտվել էր ամուսնալուծության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետների ուսումնասիրության վրա: Նաև հիշենք, որ այդ պատվիրանի կատարման մեջ մենք նույնպես թերի ենք, չասելու համար կատարյալ՝ անկատար:
Ժողովրդի հետ հանդիպումը անվերջ շարունակվում է, և նոր մարդիկ են միանում իրենց հարցերով ու հիվանդություններով; Ոմանք իրենց երեխաներին էին բերել՝ օրհնություն ստանալու համար, այնպես ինչպես շատ ու շատ ծնողներ են անում երբ տեսնում են իրենց քահանային, անպայման ուզում են որ իրենց երեխան օրհնություն ստանա, ինչը բարեպաշտական գեղեցիկ սովորություն է, և շատ լավ է;
Քրիստոսի աշակերտները սաստում էին երեխաների ծնողներին, որպեսզի չմոտենային Հիսուսին, ըստ իրենց՝ որպեսզի չհոգնեցնեն Վարդապետին: Ինչո՞ւ չէին թողնում;
Ավետարանում մենք կարդում ենք այսպիսի տողեր. «Չհաշված կանայք և երեխաները»: Այստեղից կարելի է ենթադրել, որ վաղ ժամանակներում երեխաները այսօրվա պես երկրպագության առարկա չեն եղել: Նախ կյանքը շատ դժվար է եղել, երեխաները շատ են եղել, մահացությունը նույնպես շատ է եղել: Հետևաբար երեխաների վրա այդքան ուշադրություն չեն դարձրել, ինչպես անում ենք մենք մեր երեխաներին:
Բայց Հիսուս Իր մոտ կանչեց այդ մանուկներին, օրհնեց, քանի որ մանուկներին որպես օրինակ էր բերում իրենց մաքրության համար երկնքի արքայություն մտնելու համար:
Այնուհետև մենք ականատես ենք լինում մեկ այլ՝ շատ ուսուցողական մի երևույթի, երբ հարուստ երիտասարդն է մոտենում Հիսուսին՝ հարցումով: Այստեղ ուշադիր լինենք, գեղեցիկ հարց ու պատասխան է:
-Բարի Վարդապետ է ասում Հիսուս Քրիստոսին երիտասարդը: Գուցե ուշադրություն գրավելու համար է ասում, գուցե հաճոյանալու համար է ասում, մենք չգիտենք, բայց անմիջապես տեսնում ենք, թե ինչպես է Հիսուս պատասխանում նրան, ասելով՝- Ինչո՞ւ ես Ինձ բարի կոչում, բարի չէ՛ ոչ ոք, այլ միայն Աստված:
Այստեղ Տէր Հիսուս ո՛չ թե հերքում է իր աստվածությունը, այլ երիտասարդին միանգամից պատասխանում է, նրա դիմելու ձևին համապատասխան: Հարուստը չասեց Հիսուս Քրիստոս, կամ Աստծո Որդի, կամ փրկիչ, այլ վարդապետ անվանեց, իսկ վարդապետներ շատ կային այդ ժամանակ: Իր աստվածությունը այլ տեղերում փաստել է Տէր Հիսուս, ասելով՝ որ Ինքը միայն Իր Երկնավոր Հոր կամքն է կատարում, կամ ո՞վ կարող է Իրեն մեղադրել որևէ մեղքի մեջ: Իսկ այս պարագայում կամեցավ երիտասարդին փաստել, որ ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված:
Հիսուս Քրիստոս խուսափում էր մեծարանքի խոսքեր լսելուց, և հաճախ էր հեռանում այդպիսի միջավայրից գովեստի պարագայում:
Այս հատվածի մեջ մենք մի դաս ունենք սովորելու, որը միշտ բաց ենք թողնում, չարժանացնելով ուշադրության: Մենք էլ շատ հաճախ մեր միջոցառումներին, տարեդարձներին շատ ենք լսում մեր հասցեին փաղաքշական, կամ գովեստի չափազանցված խոսքեր: Օրինակները շատ են, երբ ենթական մեծ հրճվանքով է լսում գովեստի խոսքերը, սակայն մտքում իմանալով, որ այդ բարձրաձայնած դրական հատկությունները աղերս չունեն իր իրական կերպարի հետ: Տկար մարդու համար սա կարող է գայթակղություն հանդիսանալ:Իսկ հաճոյացողներ միշտ գտնվում են; Քաղաքավարության համար պետք է լսել և մտքում համեմատել իրականի հետ և խոնարհաբար ձեռք բերել այդ լսած բարի հատկությունները, որոնք վերագրել էին մեզ:
Հարուստ երիտասարդը ուզում էր հավիտենական կյանքը ժառանգել, իսկ Բարի Վարդապետը նրան պատվիրանները պահել առաջարկեց: Երբ երիտասարդը կամեցավ իմանալ, թե որո՞նք պետք է պահի, Տէր Հիսուս զարմանալի հերթականություն սահմանեց պատվիրաններին, ոչ այնպես, ինչպես որ գրված է: Հանձնառելի պատվիրաններից ո՛չ մեկը չառաջարկեց երիտասարդին, այլ հրաժարելիները՝ միայն: Իսկ հարուստ երիտասարդը ասաց, որ մանկությունից պահում է դրանք: Ի՞նչ էր ակնկալում երիտասարդը իր պատվիրանապահության դիմաց:
Սովորաբար երբ մենք մեզ տրված հանձնարարությունը կատարում ենք, ակնկալում ենք հանգիստ: Հավանաբար երիտասարդն էլ սպասում էր, որ կգովեն իրեն՝ պատվիրանները պահելու համար: Բայց հոգևոր կյանքում այդպես չէ: Պահեցինք մեկ պատվիրան, մեզ տրվում է հաջորդը, հաջորդն էլ պահեցինք, տրվում է երրորդը, ու այդպես շարունակ՝ առանց հանգստի: Պատվիրանները անվերջանալի են Աստվածաշնչի մեջ և յուրաքանչյուր հաջորդ պատվիրանի կատարման ժամանակ մի քայլ մոտենում ես Աստծուն; Մարդկային բնությունը կամավոր չի կամենում կատարել պատվիրանները, և հանդիպում է ներքին խոչնդոտների: Այդ խոչնդոտներն են, որ պետք է հաղթահարել, առաջ գնալու համար:
Ի՞նչ խոչնդոտ ուներ հարուստ երիտասարդը, որ պահում էր պատվիրանները, բայց զգացել էր, որ մի բան պակասում է իրեն; Նրա խոչնդոտը նրա հարստությունն էր, որ պետք է հրաժարվեր նրանից: խոժոռվեց երիտասարդի դեմքը, երբ լսեց որ պետք է հրաժարվի իր ունեցվածքից, և Ավետարանն ասում է, տրտում գնաց; Հրաժարվե՞ց արդյոք հավիտենական կյանք ժառանգելու ցանկությունից հանուն հարստության, Մենք չգիտե՛նք: Բայց կիմանանք, երբ մեզ հետ պատահի նման մի առաջարկ: Պարտադիր չէ հարստության և ունեցվածքի, այլ մեր սիրած որևէ մեղքի, մոլության, կամ ցանկացած մի խոչնդոտի:
Երիտասարդը չէր ուզում կատարյալ լինել, նա ուզում էր հավիտենական կյանք ժառանգել: Բայց Քրիստոս ասում է,-կատարյալ եղե՛ք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Կատարյալ : Ինչպե՞ս կարելի է անկատար վիճակով մեկը հայտնվել Կատարյալի մոտ: Ուրեմն հարթենք մեր ներքին խոչնդոտները, որոնք արգելք են պատվիրանապահության և կատարելության հասնելու համար;
Ճանապարհ կա դեպի երկնքի արքայություն և հավիտենականություն, և այդ ճանապարհը կանգառներով է անցնում: Պետք է բեռներից ազատվել ամեն կանգառում: Երիտասարդին իր հարստության բեռն էր խանգարում՝ Քրիստոսի մեջ Աստված տեսնելը՝ վերջին կանգառ հասնելու համար՝ ուր Հիսուս Քրիստոսն է:
Եթե նա պահած լիներ բոլոր պատվիրանները փոքրուց, ապա նրան ծանոթ պետք է լիներ ,,Սիրիր մերձավորիդ քո անձի պեսՙՙ պատվիրանը: Այս դեպքում նրան ափսոս չէր լինի իր հարստությունը բաժանել մարդկանց և հավիտենական կյանքը ժառանգել: Ո՛չ թե հարստությունն է բուն խոչնդոտը, այլ հարստության նկատմամբ ունեցած սերը և կախումը:
Այսօրվա իրականության հետ առնչվելիս երևում է, որ իշխանատենչությունը կուրացրել է մարդկանց, տեսնելու համար հավիտենական կյանքը: Մյուսի մոտ արծաթասիրությունն է կուրացրել աչքերը: Երրորդին շնության ու պոռնկության մեղքն է գամել կախման վիճակում: Մենք այսօր չունենք գեթ մեկ պատվիրան, որը ամբողջությամբ պահվում է ազգի մակարդակով, նույնիսկ անհատի մակարդակով:
Եթե այսօր մեզ մենք լինենք երիտասարդի փոխարեն, և մեզ մեր Տէրը ասեր,- պահիր պատվիրանները, մենք ամոթով պետք է մնայինք, քանի որ ոչ ոք մանկությունից չի պահել պատվիրանները: Իսկ հասուն տարիքում երբ հետ ենք նայում, միանգամից տեսնում ենք Աստծու ողորմությունը, որ մեզ մեր մեղավոր կյանքի մեջ ողջ և առողջ է թողել, որպեսզի համեմատենք պատվիրանների հետ մեր կյանքը և զղջանք մեր ապրած կյանքը:
Ես միշտ ձեզ պետք է բերեմ այս օրինակը, որ Ժողովողն ասում է վայելիր կյանքը, բայց իմացիր որ Աստծու առջև պատասխան ես տալու: Երբեմն ցանկություն է առաջանում երիտասարդներին կանգնեցնել իրենց վատ ճանապարհից, ասել որ այդ հաճելի մեղքի համար մեծ զղջում եք ունենալու և թանկ եք վճարելու: Բայց անկարելի է սեփական փորձը այլոց փոխանցել, եթե ծանոթ չեն Աստվածաշնչին;
Այս երիտասարդի լավագույն օրինակը թող մնա մեր մտքերում, և հիշենք, որ մի քանի պատվիրան գիտենք, դեռ չի նշանակում որ կարող ենք ժառանգել հավիտենական կյանքը: Եթե հարստության ենք ձգտում, ապա թող այդ հարստությունը լինի Աստվածաշնչի իմացություն; Եթե հարուստ ենք ուզում երևալ, թող մեր խոնարհությունը փայլի որպես հարստություն.Մեր միակ հենման կետը, որը ապահով է, դա Աստծու խոսքն է, որ դարերով եկավ ու հասավ մեզ: Այսօրվա մեր դասից սովորեցինք, որ մեր ապրած հոգևոր կյանքը կարող է ստուգվել միայն Հիսուս Քրիստոսի մեկ հարցով; Գնա՛ ազատվիր քեզ խանգարող հարստությունից և հետևիր Ինձ: Եթե մենք էլ տրտմենք, ինչպես որ երիտասարդը տրտմեց, ուրեմն դեռ պատրաստ չենք ճամփա ելնելու: Իսկ ժամանակը մեզ չի սպասում: Այստեղ ավարտենք մեծահարուստի հետ կապված պատմությունը, և վաղը շարունակենք, ու տեսնենք թե աշակերտները ինչպես արձագանքեցին այս երևույթին, քանի որ իրենց ներկայությամբ եղավ; Մնացեք սիրով՝ ձեր հարստությունը թող ձեր հոգու աղքատությունը լինի, որպեսզի Աստված ձեզ հարստացնի Իր շնորհներով;
Հարց, Ինչո՞ւ երիտասարդը տրտում գնաց.
Տեղեկութիւններ
Այսօր ծանոթանանք մեղաների վերջին՝ տասներորդ պարբերության հետ.
Ժ. Հա՛յր սուրբ, դո՛ւ ես Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակի՛ր իմ մեղքերի կապանքները, աղաչո՛ւմ եմ քեզ։
Մենք արդեն գիտենք Քահանաներին Աստծուց տրված այն իշխանության մասին, որով նրանք կարող են մարդկանց մեղքերին թողություն տալ, ինչի շնորհիվ մեղքերի պատճառով Աստծուն դառնացրածներս նորից հաշտվում ենք Նրա հետ։ Ինչպես ասում է Եսայի մարգարեն,
«Ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծո միջև» (Եսայի 59:2 ), իսկ անկեղծ խոստովանությունն ու քահանայի միջոցով տրված թողությունը քանդում են այդ պատնեշն ու հաշտեցնում և միավորում մեզ՝ մեր
երկնավոր Հոր հետ։
Այնուհետև քահանան՝ որպես Աստծո և մարդու միջև միջնորդ, արձակում է մարդու մեղքերի կապանքները և ապա նրան դարձյալ հանձնում Եկեղեցու խորհուրդներին։
Մարդասեր Աստված թող քեզ ողորմի և թողություն շնորհի քո բոլոր հանցանքներին՝ թե՛ խոստովանված և թե՛ մոռացված։ Եվ ես քահանայական իշխանության կարգով և աստվածային հրամանով, թե՝ «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում», այդ նույն խոսքով, Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, արձակում եմ խորհուրդներով, խոսքերով և գործերով քո կատարած բոլոր մեղքերը։ Այլև քեզ դարձյալ հանձնում եմ սուրբ Եկեղեցու խորհուրդներին, որպեսզի ինչ բարիք էլ գործում ես, բարեգործություն համարվի և քեզ հանդերձյալ կյանքի փառքին արժանացնի։ Ամեն։
Սիրելիներ ավարտեցինք նաև մեղքերի խոստովանության աղոթքի բացատրությունը: