ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Իմաստություն Սողոմոնի 8.19-9.5
Եսայու մարգարեությունը 62.6-9
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 8.28-39
Ավետարան ըստ Մատթեոսի 10.16-22
Ավետարան ըստ Մատթեոսի 19:1-12
ՅԻՍՈՒՍ ԱՊԱՀԱՐԶԱՆԻ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
1 Ու երբ Յիսուս այս խօսքերը լմնցուց, Գալիլիայէն ելաւ ու գնաց Հրէաստանի սահմանները՝ Յորդանանու անդիի կողմը։ 2 Անոր ետեւէն շատ ժողովուրդ գնաց։ Հոն շատեր բժշկեց։
3 Փարիսեցիները անոր մօտենալով՝ զանիկա փորձեցին ու հարցուցին. «Արժա՞ն է, որ մարդ մը իր կինը արձակէ ամէն պատճառի համար»։ 4 Անիկա ալ անոնց ըսաւ. «Չէ՞ք կարդացեր թէ ան որ սկիզբէն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց զանոնք», ու աւելցուց. 5 «Ասոր համար մարդ իր հայրը ու մայրը պիտի ձգէ եւ իր կնոջ պիտի յարի ու երկուքը մէկ մարմին պիտի ըլլան։ 6 Ուստի ա՛լ երկուք չեն, հապա մէկ մարմին. ուրեմն զայն որ Աստուած միաւորեց՝ մարդ թող չզատէ»։ 7 Ըսին իրեն. «Հապա ինչո՞ւ Մովսէս պատուիրեց արձակման թուղթ տալ եւ արձակել»։ 8 Ըսաւ անոնց. «Մովսէս ձեր սրտերուն կարծրութեանը համար ձեզի հրաման տուաւ կիներնիդ արձակել, բայց սկիզբէն այնպէս չէր։ 9 Սակայն ձեզի կ՚ըսեմ. ‘Ով որ առանց պոռնկութեան պատճառի իր կինը արձակէ եւ ուրիշ մը առնէ, շնութիւն կ՚ընէ։ Եւ ով որ արձակուածը առնէ, շնութիւն կ՚ընէ’»։ 10 Իր աշակերտները ըսին իրեն. «Եթէ այդպիսի բան կայ էրկան ու կնոջ մէջտեղ, չամուսնանալը աւելի աղէկ է»։ 11 Ինք անոնց ըսաւ. «Ամենուն չի յարմարիր ատիկա, հապա անոնց՝ որոնց տրուած է։ 12 Վասն զի կան ներքինիներ՝ որոնք իրենց մօրը որովայնէն այնպէս ծնան եւ կան ներքինիներ՝ որոնք մարդոցմէ ներքինի եղան եւ կան ներքինիներ որոնք ինքզինքնին ներքինի ըրին երկնքի թագաւորութեանը համար։ Ով որ կրնայ տանիլ՝ թող տանի»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Երեկվա մեր սերտողությունը ներելու առակի մասին էր, և մենք համոզվեցինք, որ նա՛և այդ պատվիրանի մեջ ենք անկատար; Տեսնենք, թե այսօր ի՞նչ գեղեցիկ պատվիրան է մատուցում մեզ Մատթևոս ավետարանիչը և ինչպե՞ս ենք պահում մենք այդ պատվիրանը մեր կյանքում:
Տէր Հիսուս Գալիլիայից տեղափոխվեց Հորդանանի մյուս կողմը, և դարձյալ նրան շրջապատեցին իրեն փնտրող ժողովուրդն ու փարիսեցիները, որոնք կարծես իրենց ժողովարանում որոշում են, թե ամեն անգամ ինչ հարց տա Հիսուսին: Ուշադրություն դարձրեք, որ Տէր Հիսուս հավասար շրջում է և հեթանոսների, և հույների և հրեաների շրջաններում, քանի որ Նրա համար ազգությունը չէր կարևորը, այլ՝ փրկությունը:
Այսօրվա մեր թեման ամուսնալուծության մասին է, որը հետաքրքիր է նաև փարիսեցիներին: Ավետարանում հիմնականում ասվում է Հիսուսին փորձելու համար էին փարիսեցիները հարց տալիս, որպեսզի ծուղակը գցեն; Բայց կարելի է նաև այլ տեսանկյունից նայել այս հարցին: Փարիսեցիները ամեն անգամ հարց էին տալիս և ստանում էին իրենց ակնկալածից ավելի իմաստուն պատասխան և հակադարձել չէին կարողանում: Հետևաբար կարելի է կարծել, որ նրանք հարց էին տալիս նաև սովորելու համար, այլ տեսակետ լսելու համար: Ուղղակի քանի որ հպարտ էին, չէին ուզում անգետ երևալ: Բայց նաև չէին հանդուրժում Հիսուսին, որը ստվեր է գցել իրենց հեղինակության վրա, Նրա խոսքը ավելի արժեքավոր էր դարձել մարդկանց համար, քան իրենցը և գնալով Նրա համբավը տարածվում է ողջ Հրեաստանի տարածքում: Մի խոսքով Տէր Հիսուս իրենց համար հայտնված մեծագույն չլուծված խնդիրն էր, որին հետապնդում էին ստվերի պես:
Չնայած, որ ամեն անգամ հարց տալիս, Հիսուս նրանց հիշեցնում էր, որ իրենց օրենքում գրված է: Այս անգամ էլ հարց տվեցին փարիսեցիները Հիսուսին, թե՝ «Արժա՞ն է, որ մարդ մը իր կինը արձակէ ամէն պատճառի համար»։ Թեպետ իրենք գիտեին Մովսեսի օրենքը՝ ամուսնալուծության վերաբերյալ և այդպես էլ անում էին, այնուամենայնիվ հարց տվեցին: Նույն հարցը մի անգամ էլ էին տվել Հիսուսին:
Սիրելիներ, շատ հստակ է օրենքը ամուսնության վերաբերյալ՝ Ծննդոց Գրքում: Աստված ստեղծեց նախ տղամարդուն, հետո կնոջը և ասաց, որ երկուսը պետք է լինեն մի մարմին, և ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի; Առաքելական թղթերը ավելի հստակ են դարձնում ամուսնության պարագան: Ընտանիքը փոքր եկեղեցի է, որտեղ խորհրդաբար՝ ամուսինը որպես Քրիստոս է, իսկ կինը՝ որպես եկեղեցի:
Ուրեմն յուրաքանչյուր ընտանիք պետք է սրբությամբ պահի այն ինչ իրեն պատվիրված է: Սակայն մարդ արարածը միշտ փորձում է ո՛չ թե ենթարկվել պատվիրանին, որը Աստված տվեց, այլ՝ պատվիրանը ենթարկել իրեն: Նույնիսկ հարցը, որ տվեցին փարիսեցիները, արդեն չի բխում Աստծու պատվիրանից: Հարցի մեջ մի անորոշ միտք կա, եթե ուշադիր եղաք, ասում, կարո՞ղ է բաժանվել ,,ամե՛ն պատճառի համար: Ի՞նչ է նշանակում ամեն պատճառ: Մովսեսի օրենքում գրված էր, որ կնոջը կարող են արձակել միայն այն պարագայում, երբ ամուսին նրանում անբարոյականություն է նկատում; Իսկ հրեաները ամեն պատահած թերության պատճառով կարող էին սպանել իրենց կանանց, նոր կին առնելու համար: Դրա համար Մովսեսը ստիպված եղավ նրանց խստասրտության պատճառով նոր պատվեր տալ՝ ապահարզանի թուղթ գրելու վերաբերյալ:
Քրիստոսի խոսքից էլ կարելի է հասկանալ, որ արձակումը կարող է տեղի ունենալ միայն պոռնկության պատճառով, մնացած դեպքերում բաժանությունը համարվում էր շնություն; Եթե կինը կամ ամուսինը բռնվել են շնության մեղքի մեջ, ապա այդ դեպքում ամուսնալուծությունը համարվում է վավեր: Այս մասին մանրամասն գրված է Երկրորդ Օրենք գրքի 24 րդ գլխում:
Ամուսնալուծության պատճառները հիմնականում երեքն են: Առաջին կարևոր պատճառը կարող է հանդիսանալ կողմերից մեկի մահը, սակայն ողջ մնացածը եթե նորից ամուսնանա, մեղք գործած չի լինի: Կարող է նաև չամուսնանալ և իրեն նվիրել Աստծուն: Ընտրությունը ազատ է:
Երկրորդ պատճառը արդեն նշեցինք, պոռնկությունն է ամուսիններից մեկի կողմից: Բայց սա էլ իր օրենքն ունի: Պատահական կասկածից չի կարող տեղի ունենալ ամուսնալուծություն: Պետք է որ լինի երկու կամ երեք վկա, որոնք կփաստեն պոռնկությունը: Այլապես կարող է զրպարտության միտումով լինի, այդ ընտանիքը քանդելու համար, ինչը բավական տարածված երևույթ է:
Իսկ երրորդ հիմնավոր պատճառը կարող է հանդիսանալ կողմերից մեկի հոգեկան խանգարումը, որը կարող է վնաս հասցնել ընտանիքի անդամներին:
Այս երեք հիմնավոր պատճառներն են, որոնք կարող են հիմք ծառայել ամուսնական զույգի բաժանման համար: Մնացած դեպքերում Հիսուս Քրիստոս այդ բաժանությունը անվանում է շնություն:
Այս խոսակցությունը կամ ամուսնության մասին բացատրությունը ոչ միայն փարիսեցիների համար էր, այլ նաև պարզ մարդկանց և հատկապես աշակերտների, որոնք հետագայում առնչվելու էին այս հարցերին:
Եվ աշակերտների մոտ ևս հարց առաջացավ այդ թեմայի վերաբերյալ և նրան Վարդապետին ասացին,- Եթե այդպիսին է պարագան ամուսնու և կնոջ միջև, լա՛վ է չամուսնանալ:
Այս հարցի վերաբերյալ էլ Տէր Հիսուս բերեց դարձյալ երեք պատճառ՝ ներքինիների վերաբերյալ, թե ովքեր կարող են չամուսնանալ, քանի որ դա բոլորին հասանելի չէ, այլ նրանց՝ ում տրված է:
Ո՛վ կարող է տանել, թող տանի: Իսկ ովքե՞ր են ներքինիները: Սրանք այն մարդիկ են, որոնք կամավոր հրաժարվում են ամուսնությունից և հրաժարվում են սեռական կյանքից: Սրանք երեք տեսակներ են:
Առաջինը այն ներքինիներն են, որոնք այդպես ծնվել են, բնությամբ այդպիսին են և ամենևին հակում չունեն հակառակ սեռի նկատմամբ:
Երկրորդ տեսակը նրանք են, որ մարդկային փառասիրությունից ելնելով չեն ուզում ամուսնանալ, հոգսի տակ մտնել և կորցնել փառքը, բայց ո՛չ Աստծու փառքի համար ;
Երրորդ տեսակը նրանք են, որոնք ընտրված են երկնքի արքայության համար: Սրանք ուխտ են անում չամուսնանալու՝ Աստծուն ծառայելու համար: Սա կուսակրոնությունն է:
Նորից վերհիշենք Հիսուս Քրիստոսի արտաբերած շատ կարևոր միտքը, թե՝ Ով կարող է տանել, թող տանի: Բայց ուխտել կուսակրոնություն և ծածուկ ապրել այդ կյանքով, մեծագույն մեղք է:
Այսինքն ով չի կարող, թող չվերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, քանի որ եթե ամուսնանար մեղք չէր գործի, իսկ եթե ընտրել է չամուսնանալ և ծառայել Աստծուն, ուրեմն խախտելը մեծագույն մեղք է:
Պողոս առաքյալը պարզ ասում է, լավ է, եթե մնաք ինձ պես, եթե կարող եք, իսկ եթե պետք այրվեք կրքերից, ուրեմն լավ է ամուսնանալ: Իսկ ինչո՞վ է լավ լինել Պողոսի նման՝ չամուսնացած: Դա այն վարձատրությունն է, որը կստանա այն հավատարիմ սպասավորը, որը նախընտրեց ծառայել Աստծուն և իր ողջ ուշադրությունն ու սերը նվիրել Աստծուն, քան ամուսնությանը:
Նորից հիշեցնենք, որ ամուսնությունը Սուրբ է համարում Աստված, բայց նաև բարձր է գնահատում Իր համար արված թանկ զոհաբերությունը:Երկուսն էլ ընդունված են՝ բացառապես հավատարմության մեջ:
Մենք ծանոթացանք Մովսեսի օրենքի կետերին, իմացանք Հիսուս Քրիստոսի կարծիքը՝ ամուսնալուծության վերաբերյալ, և իմացանք նաև առհասարակ չամուսնացողների մասին:
Հիմա վերադառնանք մեր իրականություն և հայտնվենք խայտաբղետ իրավիճակի մեջ: Եթե պատահաբար Մովսեսը մի առիթով Հայաստան գար ու ներկա գտնվեր դատարաններում ապահարզանների նիստերին, ապա ավելի ծանր կլիներ իր համար, քան քառասուն տարին անապատում: Ո՛չ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ամուսնությունն ու ամուսնալուծությունը չեն համապատասխանում Աստվածաշնչյան պատվիրաններին: Խոսքը բացառությունների մասին չէ, ավանդական ընտանիքների մասին չէ:
Ամուսնալուծությունը մեր օրերում ահռելի թիվ է կազմում, պատճառները հազարավոր են, հիմնականում՝ չարդարացված: Շնության պատճառով ամուսնալությունների թվի ցուցանիշը ամենաբարձրն է:
Մխիթարիչ չէ նաև ուխտ արած կուսակրոնության պարագան, որը ցավոք միայն հագուստով չէ որոշվում, այլ ներաշխարհի փոփոխությամբ, կյանքի շրջադարձով, ողջախոհության սկզբունքով:
Այսօրվա սերտողությունը նույնպես մեզ փաստեց, որ այս պատվիրանն էլ հեռու է մեզնից առայժմ:
Սիրելիներ, դուք ձեր մոտ նշեք, թե ո՞ր պատվիրանն է, որ մենք պահում ենք ամբողջությամբ: Առայժմ չկա՛ մեկ պատվիրան, որի մեջ մենք հավատարիմ եղած լինենք:
Աստված չի արտոնում, որ լինի ամուսնալուծություն անհիմն պատճառներով; Սակայն այս աշխարհի օրենքներն ու էթիկայի կանոնները ամենևին չեն համապատասխանում Աստվածաշնչի էթիկային:
Աշխարհում ընդունված է այն տեսակետը, որ բնավորությունները չհամընկնելու դեպքում կարող են բաժանվել: Կա մի ավելի նողկալի իրավիճակ, երբ տղամարդը հոգնում է իր կնոջից և փնտրում է ավելի երիտասարդ ու գեղեցիկ կին; Աստծու խոսքն ասում է, որ սա մեծ մեղք է և չի կարելի: Աստված հավատարմություն է պահանջում բոլորից, ո՛չ միայն Իր, այլ նաև միմյանց նկատմամբ, որոնք Պսակի խորհրդի ժամանակ խոստացել են տեր և հնազանդ լինել՝ Աստծու առջև: Նայե՛ք աշխարհին, երկրները տարբեր են, լեզուները տարբեր են, մշակույթը տարբեր է, ուտելիքը տարբեր է, նույնիսկ կրոնը տարբեր է, բայց ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև՝ բոլոր ազգերի մոտ նույնն է:(չհաշված ժամանակակից աննորմալ երևույթները): Որովհետև ստեղծված աշխարհում առաջին բանական զույգը ամուսիններ էին:
Սա օրենքից էլ առաջ էլ, ուղղակի օրենքը ճանաչեց ամուսնության վավերականությունը: Ամուսնության փաստը մարդկային բնության մաս է կազմում: Տղամարդ, կին, երեխաներ, ընտանիք: Սա է աստվածաստեղծ այն օրինական հրաշքը, որ տարբեր մտածելակերպի երկու հոգի կարող են միանալ, հանդուրժել միմյանց, զավակներ ունենալ, և պաշտել Աստծուն ու միասին ապրել երկար տարիներ: Իսկ ամուսնալուծությունների հիմնական պատճառն այն է, որ մարդը եսակենտրոն է և չի ուզում հաճեցնել Աստծուն, այլ միայն իր անձի փառքն է փնտրում: Ամուսնության ուխտը խախտված է մեզանում; Կուսակրոնության ուխտը խախտված է մեզանում. Ընտանիք գաղափարը խախտված է մեզանում: Մենք անտեսել ենք Աստծու ամեն պատվիրան և ապրում ենք մեր քմահաճույքների թելադրությամբ; Աստված ողորմի մեզ, մեր անհնազանդության համար; Ավարտեցինք ամուսնալուծության թեման, որը ցավ է պատճառում գրեթե ընտանիքների մեծամասնությանը:
Մնացեք սիրով՝ Եթե ամուսնացած եք, հավատարիմ եղեք միմյանց, եթե նախընտրել եք չամուսնանալ, Աստծուն ծառայելու համար, մնացեք ձեր ուխտին հավատարիմ; Աստված երկու դեպքում էլ օրհնում է միայն հավատարմությունը:
Ի՞նչ ասացին աշակերտները, երբ լսեցին ամուսնալուծության թեման.
Տեղեկութիւններ
Մեղաների նախավերջին պարբերությունը տաս պատվիրանների և բոլոր թերացումների մասին է, որոնք քրիստոնյան բաց է թողնում:
Թ. Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ՝ հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա։ Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի,բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով՝
կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ։ Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոստովանեմ.հանցանքներս անթիվ են, անօրենություններս՝ անպատմելի, ցավերս՝ աններելի, և վերքերս՝ անբժշկելի։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Տաս պատվիրաններից առաջին հինգը պատվիրում էին հանձն առնել այս կամ այն բանը կատարել, իսկ հաջորդ հինգն արգելում էին կամ հրաժարեցնում այս կամ այն բանը կատարելուց։ Այս պատճառով առաջին հինգը կոչվում են հանձնառելի պատվիրաններ, իսկ մյուս հինգը՝ հրաժարելի պատվիրաններ։
«Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա»-ն և «քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի»-ն ըստ էության նույն իմաստն են արտահայտում, որ է՝ «Միայն անունով եմ քրիստոնյա և ո՛չ թե գործերով»։
Այնուհետև խոսվում է գիտակցաբար ու կամովին գործված մեղքերի մասին, որոնց անդրադարձել ենք առաջին պարբերության մեջ և ապա հետևում են խոստովանողի մեծ զղջումը հավաստող, ինքնախարազանող խոսքեր, որոնք, չափազանցություն լինելով, կարելի է ասել, չեն համապատասխանում ճշմարտությանը, որովհետև սրտանց զղջացողի, անկեղծ խոստովանողի ու ապաշխարողի համար չկա ոչ աններելի ցավ և ոչ էլ անբժշկելի վերք, քանի որ թե՛ ներողը և թե՛ բժշկողն ամենագութ ու ամենակարող Աստված է։