ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ. Այսօր հինգերորդ օր է Մեծ պահքի.
Երկրորդ օրենք 6.4-7.10
Հոբի գիրքը 6.2-7.13
Եսայու մարգարեությունը 40.1-8
Ավետարան ըստ Մատթևոսի. 18:23-35
ՉՆԵՐՈՂ ԾԱՌԱՅԻՆ ԱՌԱԿԸ
23 Ասոր համար երկնքի թագաւորութիւնը կը նմանի թագաւորի մը որ իր ծառաներէն հաշիւ առնել ուզեց։ 24 Երբ սկսաւ հաշիւ առնել, տասը հազար տաղանդի պարտական մը բերուեցաւ իրեն։ 25 Բայց անիկա վճարելու կարողութիւն չունենալով՝ իր տէրը հրաման ըրաւ որ զանիկա եւ անոր կինը ու որդիները եւ անոր բոլոր ունեցածը ծախուին ու պարտքը վճարուի։ 26 Իսկ ծառան անոր առջեւ իյնալով երկրպագութիւն ըրաւ ու ըսաւ. ‘Տէ՛ր, համբերէ ինծի եւ ամէնը քեզի վճարեմ’։ 27 Ծառային տէրը վրան խղճալով արձակեց զանիկա ու պարտքը շնորհեց անոր։ 28 Նոյն ծառան ելաւ, իր ծառայակիցներէն մէկը գտաւ որ իրեն հարիւր դահեկան պարտք ունէր ու զանիկա բռնելով կը խեղդէր ու կ՚ըսէր. ‘Վճարէ ինծի ունեցած պարտքդ’։ 29 Ուստի իր ծառայակիցը անոր ոտքը ինկաւ, կ՚աղաչէր անոր ու կ՚ըսէր. ‘Համբերէ ինծի ու քեզի վճարեմ’։ 30 Բայց ինք չէր ուզեր, հապա գնաց՝ բանտը դնել տուաւ, մինչեւ որ պարտքը վճարէ։ 31 Երբ իր ծառայակիցները տեսան եղած բաները, խիստ տրտմեցան ու եկան իրենց տիրոջը իմացուցին բոլոր եղածը։ 32 Այն ատեն անոր տէրը կանչեց զանիկա ու ըսաւ. ‘Չա՛ր ծառայ, այն բոլոր պարտքը ես քեզի շնորհեցի՝ ինծի աղաչելուդ համար. 33 Ուրեմն պէտք չէ՞ր որ դուն ալ քու ծառայակիցիդ ողորմէիր, ինչպէս ես քեզի ողորմեցայ’։ 34 Անոր տէրը բարկանալով՝ դահիճներուն մատնեց զանիկա, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ։ 35 Այսպէս իմ երկնաւոր Հայրս պիտի ընէ ձեզի եթէ ձեր սրտերէն չներէք ամէն մէկդ իր եղբօրը յանցանքները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ Քրիստոսասեր բարեկամներ և Աստծու խոսքի ուշադիր ունկնդիրներ: Եթե Աստված կամենա, մի ակնթարթում մարդկանց կվերածի հավատացյալների այնպես ինչպես որ կույրի աչքերը բացվեց և տեսավ: Ինչպես որ տասնութ տարվա կորացած կինը շտկվեց, և անդամալույծը քայլեց: Բայց մեր Տէրը ուզում է, որ մենք փնտրենք, հոգ տանենք և գտնենք գանձը, լույսը, հույսը, սերը, համբերությունը, և ամեն գտած դարձնենք մեր սեփականությունը և կրենք մեր մեջ ինչպես դեղը, որը օգտագործելով վերականգնվում է առողջությունը: Աստծու խոսքի նորոգիչ համբավի մասին շատերը գիտեն և գնում են Նրա հետևից:
Մենք ամեն օր փնտրում ենք, գտնում ենք, և սեփականացնում ենք այդ խոսքերը Ավետարանից: Մենք էլ Անդրեասի նման վստահ կարող ենք ասել,- գտա՛նք Մեսիային, և մեր հարազատին էլ տանենք Նրա մոտ:
Հովհաննես Մկրտչի երկու աշակերտները հազիվ լսեցին, որ նա Քրիստոսի մասին ասաց,- Ահավասի՛կ Քրիստոսը՝ Գառն Աստուծո, անմիջապես գնացին Նրա հետևից և գիշերեցին Նրա տանը:
Հաջորդ օրը եկան ու ասացին,- Գտանք Մեսիային: Ողջ գիշեր զմայլվել էին Նրա խոսքերի քաղցրությունից: Նրանցից մեկը Անդրեասն էր, որ շտապ գտավ իր եղբայր Պետրոսին և տարավ Հիսուսի մոտ: Նույնը արեց Փիլիպոսը՝ Նաթանայելին տարավ Հիսուսի մոտ: Նրանք գտել էին Լույսը և մենակ չվայելեցին, այլ իրենց հարազատներին էլ տարան դեպի լույսը: Սրանք լավագույն օրինակներ են, որոնց պետք է հետևենք մենք:
Շատ քիչ է ասել,- ես հավատում եմ: Կարծես կիսատ է մնում միտքը, քանի դեռ մենք չենք փաստել մեր հավատքի առարկան կամ անձը: Օրինակ երբ ասում ենք՝ հավատում եմ, որ այս աթոռը ամուր և կդիմանա իմ ծանրությանը: Հասկանալի է, և փաստում է հավատի առարկան: Կամ երբ ասում ենք՝ հավատում եմ Հիսուս Քրիստոսին, որը խաչվել է մարդկության փրկության համար, և գալու է դատելու աշխարհը: Միտքը արդեն ամբողջական է դառնում: Իսկ երբ նաև մեկի ենք ուղղորդում դեպի Քրիստոս, ըստ մեր կարողության, դա արդեն ամբողջական հավատք է:
Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է Հիսուս Քրիստոս առակներով, հրաշքներով, պարզ ուսուցմամբ բացատրում Երկնքի արքայության մասին, Իր գալու նպատակի մասին: Որպեսզի մե՛նք գնանք իր հետևից, մե՛նք փնտրենք Նրան մի բան հարցնելու համար; Երեկվա սերտողության մեջ Պետրոսի տված հարցին՝ ներելու վերաբերյալ մի լավ առակ պատմեց Տէր Հիսուս՝ Թագավորի և իր պարտապանների մասին:
Այսօրվա առակը, որի մասին պետք է խոսենք, լավագույն պատասխանն է մեզ՝ Հայր մեր աղոթքը օրական տասն անգամ կրկնողներիս համար: Ավելի լավ օրինակ, քան այս առակն է, չենք հանդիպի այլ տեղ:
Այսօրվա սերտողության մեջ երկնքի արքայությունը մի թագավորի է նման: Նախորդ գլուխներում թթխմոր էր, մանանեխի հատիկ էր, անգին մարգարիտ էր, այսօր թագավո՛ր է, որն իր ծառաների գործերն է քննում: Տէրը միայն չի տալիս, նա՛և պահանջում է, որ մենք էլ այդպես վարվենք: Մենք չենք կարող ամեն օր ներում հայցել Տիրոջից, ստանալ և չներել նրան, որը մեզնից է ներում հայցում: Կդադարի նաև մեզ ներելու գործընթացը: Մեր կենցաղի մեջ ե՞րբ են մեզ վստահում: Երբ որ պարտաճանաչ ենք: Երբ վերցրածը ժամանակին վերադարձնում ենք և շնորհակալություն ենք հայտնում; Չենք սպասում, որ մի քանի անգամ հիշեցնեն վերադարձնելու համար, ինչը չափազանց ընդունված վատ սովորություն է մեր իրականության մեջ: Վերցնելիս ավելի շատ պետք մտածել վերադարձնելու մասին, քան այն նպատակի մասին, որի վրա պետք ծախսվի գումարը: Եթե մարդիկ նախապես մտածեին վերադարձնելու մասին, այսօր ողջ ժողովուրդը բանկերի պարտապանը չէին լինի: Բանկերը թագավորից էլ խիստ են պահանջում ժամկետնանց պարտապաններից և վաճառել են տալիս իրենց ինչքերը, պարտքը փակելու համար: Սրա վառ օրինակը հազարավոր անտուն մարդիկ են, որոնք չեն կարողացել վճարել և զրկվել են իրենց ունեցվածքից:
Այսօրվա առակի մեջ պարտքը չվերադարձնելու համար տերը հրամայեց վաճառել պարտապանի կնոջն ու զավակներին՝ պարտքը վերադարձնելու համար: Պարտքը խնդրելիս չի մերժվել, հետևաբար եկել է վերադարձնելու ժամանակը: Պարտապանը սկսեց աղաչել, որ համբերի իր տերը, և տերը ներեց և շնորհեց նրան իր պարտքը: Սակայն ինքը իր պարտապանի հանդեպ համբերող չեղավ, և նրան դատի տվեց պարտքը չտալու համար: Այս առակը երևի հայերիս մասին է:
Այս առակով Տերը մեզ է ասում, - Ո՛վ մարդ ինչքան եմ քեզ ներել, հիշիր քեզ, երբ առաջին անգամ եկեղեցի եկար, հիշի՛ր թե ինչքան մարդ ես նեղացրել, ինչքանի ես խաբել, ինչքան ես չարախոսել, ինչքան ես բամբասել, ինչքան ես շնացել, ու հարբել, ստել ու կեղծել: Աստված մեզ ներել է, և համբերել, և նույնը անում է հիմա: Իսկ մենք նույնը չենք անում մեր դեմ մեղանչողներին: Մեղքերի խոստովանության ժամանակ, ինչքան ենք ուզում ներվենք հեշտությամբ: Բայց այնտեղից դուրս գալուց հետո չենք ներում մեկ ուրիշին, որը նույնպես ներելու կարիք ունի:
Մենք էլ մի նշանակված օր կկանգնենք տիեզերքի Տիրոջ առջև՝ հատուցելու մեր պարտքերը, որ տրվել է մեզ առանց տոկոսի, առատորեն, անժամկետ, որպես նվեր՝ մեր փրկության համար: Մենք էլ առակի պարտապանի նման չենք մտածել վերադարձնելու մասին և ամեն օր ասել ենք՝ վաղը: Բացի նրանից որ չենք մտածել վերադարձնելու մասին, նաև անգութ ենք գտնվել մեր պարտապանների հանդեպ:
Ուրախացանք բոլորս, երբ լսեցինք, որ թագավորը ներեց և շնորհեց պարտքը՝ պարտապանին: Բայց առակը երկրորդ մաս և հատկապես ավարտ ունի, այնպես, ինչպես որ մեր կյանքը ունի ավարտ և Տիրոջ առջև կանգնելու անհրաժեշտություն: Այդ ժամանակ Տէրը բարկանալով կհանձնի մեզ պատկան մարմիններին՝ մեր պարտքը ամբողջությամբ հատուցելու: Այն պարտքը, որ արդեն ներել է մեզ,: Բայց քանի որ մենք չէինք ներել նրան, որը մեզ էր պարտք, այդ պատճառով հարուցեցինք Տիրոջ բարկությունը:
Առակի վերջին տողը արժե մեկ անգամ ևս կարդալ, քանի որ այն Տիրոջ պատգամն է և Տիրոջ պատմած առակը: Նույնը պիտի անի ձե՛զ և Իմ Հայրը, որ երկնքում է- ասում է Հիսուս Քրիստոս,- եթե ձեզնից յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբորը՝ նրա հանցանքները: Առակն այստեղ ավարտվեց:
Այժմ պետք է սկսվի մեր ինքնաքննությունը՝ մեր ներողամտության վերաբերյալ: Արդեն երրորդ սերտողությունն է, որ մենք արձանագրում ենք, թե՝ մենք չենք ապրում Աստծու խոսքի համաձայն, այլ հակառակը՝ երեկվա վերնագրի նման ապրում ենք Ավետարանին հակառակ կյանքով: Վերջին մտքի մեջ մեր Տէրը նույնիսկ շեշտը դնում է սրտա՛նց ներելու վրա, ոչ թե ուղղակի ասել ներել եմ:
Ո՞րն է սրտանց ներելը: Երբ մոռանում ես հասցրած վիրավորանքը և այլևս չես ուզում հիշել:
Ինչո՞ւ մենք չենք կարողանում ներել մարդուն: Նախ՝ որ մենք ենթակային նկատում ենք որպես մեղավոր մարդ, և ո՛չ թե չարի ճանկում հայտնված Աստծու պատկեր: Երկրորդը՝ միշտ նույն բացթողումն, մենք չգիտենք Սուրբ Գրքի գլխավոր պատգամները մեր սրտի մեջ: Այդ պատճառով մեր սիրտը չի՛ ներում, այլ՝ լեզուն է ներում, և ամենահարմար պահին հիշում ենք և հիշեցնում ենք վիրավորանքը: Մեկ այլ պատճառ էլ կարող հանդիսանալ այն հանգամանքը, որ մենք Տերունական աղոթքը ուշադիր չենք աղոթում, քանի որ գլխավոր խնդրանքը մեր Երկնավոր Հորից այն է, որ մեզ ների այնպես, ինչպես մենք ենք ներում:
Շատ հաճախ ենք լսում, երբ մարդիկ ասում են, խոստովանել եմ իմ մեղքերը, սակայն ինձ թեթև չեմ զգում, մի բան ծանրացած է սրտիս: Սա հենց այդ երևույթն է, որ մենք մեկին չենք ներել իր մեղքերը այնպես, ինչպես մեզ է ներել մեր Երկնավոր Հայրը, այսինքն՝ սրտանց: Պատճառները շատ են ներել չկարողանալու, բայց նաև կարևոր պայման է ներելու պահին, ո՛չ թե մտքում հայհոյել մեղանչողին, այլ մտքում խոսել Աստծու հետ, և ասել,- Տէ՛ր իմ, ես ավելին կարող էի անել իմ դեմ մեղանչողին, սակայն Քո պատվիրանը փակում է իմ բերանը: Ես Քեզ եմ հանձնում իմ դեմ մեղանչողին, քանի որ դու ես իմ սրտի ճշմարիտ վերակացուն և դու գիտես ամեն բան Դու հատուցիր նրան ըստ նրա արած գործի, և ըստ Քո կամքի::
Սիրելիներ, կարծում եք Դավիթ թագավորը ինչո՞ւ կոչվեց Աստծու սրտի սիրելին, որովհետև թագավոր լինելով հանդերձ, ամեն ինչի մասին պատմում էր Աստծուն և իր թշնամիներին հանձնում էր Աստծու վրեժխնդրությանը և մի կողմ էր քաշվում: Աստված էր կռվում նրա թշնամիների դեմ: Աստվածաշնչյան էթիկան թույլ չի տալիս անձնական վրեժխնդրություն ցուցաբերել, քանի որ մեր երկնավոր Հոր կամքը չէ, որ որևէ մեկը կորստյան մատնվի: Առակում խոսվում էր տաս հազար տաղանդի մասին, որը շատ մեծ գումար է, բայց պայման չէ, որ միայն գումարը լինի պատճառ՝ չներելու համար: Հազարավոր կենցաղային հարցեր կան, որոնք նույնպես ներում են աղերսում:
Ձեզ մի իրական պատմություն պատմեմ ու ավարտենք այսօրվա մեր սերտողությունը: Դու լսել եք Մակար մեծ սրբի մասին, որին երկրի վրա աստված էին համարում: Իրենց գյուղում մի երիտասարդ աղջիկ խաբվում է մի երիտասարդից, և հղիանում է: Իսկ երիտասարդը հրաժարվում է նրանից: Չարի դրդմամբ աղջիկը լուր է տարածում, իբրև իրեն բռնաբարողը Մակար Մեծն է: Որպես պատիժ Սրբի վրա կախում են դատարկ տարաներ և ամեն տեսակ աղբ, և շրջել են տալիս գյուղով մեկ՝ խայտառակելու համար: Մինչ այդ պահը հարգանք վայելող մարդը նույն ժողովրդի կողմից արժանանում է մեծագույն պատժի և անպատվության: Մտքում հիշում է Օվսաննա գոռացող և խաչը հանող հրեա ժողովրդին: Լուռ կրում է իրեն հասցրած վիրավորանքը, բավական չէ, նրան պարտադրում են, որ իր եկամտով պահի այդ հղի կնոջը: Սուրբը աշխատում է և հոգում է հղի կնոջ հոգսերը, Աստծու հետ խոսելով: Նա գիտեր, որ չկա ծածուկ բան որ չհայտնվի: Լրացան հղության օրերը և կինը չի կարողանում ծննդաբերել, անասելի ցավերի մեջ է, սոսկալի տառապանք է, կնոջ ողբի ձայնը լսում է ողջ գյուղը: Հանկարծ կինը հիշում է, թե ինչը կարող էր պատճառ լինել իր այդ տանջանքին, և խոստովանում է մարդկանց առաջ, որ զրպարտել է Սուրբ Մակարին, և նա անմեղ է: Նույն Ժողովուրդը հավաքվում և բազմությամբ շարժվում են դեպի Մակարի խուցը: Իսկ Մակար Մեծը տեսնելով ժողովրդի բազմությունը, հասկանում է եղելությունը և թաքնվում է ժողովրդից՝ փառքի չարժանանալու համար: Սա է սրտանց ներել կարողանալը, և չչարանալը:
Մնացեք սիրով՝ սրտանց ներելու պատգամը առաջին տեղում դասելով:
Հարց. Ինչպիսի՞ ներում է ակնկալում մեզնից մեր Երկնավոր Հայրը:
Տեղեկութիւններ
Զղջումն.
Այսօրվա մեր տեղեկությունը յոթ մահացու մեղքերի մասին է, որի մասին օրերս խոսեցի ձեզ համար, իսկ հիմա մի փոքր տեղեկություն, որը նախորդ անգամ չէի ասել:
Ը. Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով՝ հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Յոթ մահացու մեղքերն այն գլխավոր մեղքերն են, որոնք մնալով մարդու մեջ և ապաշխարությամբ չքավվելով՝ մարդու հավիտենական մահվան պատճառ կարող են դառնալ, ուստի և «մահացու» են կոչվում։ Այս մահացու մեղքերը ծնողն են մյուս բոլոր մեղքերի։ Այս յոթ գլխավոր մեղքերից առաջին երեքը՝
հպարտություն, նախանձ, բարկություն, հոգեկան մեղքեր են համարվում, իսկ մնացած չորսը՝ ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն՝ մարմնական մեղքեր։
Հպարտության ծնունդները կամ տարատեսակներն են փառասիրությունը, սնափառությունը, ինքնահավանությունը, ինքնագովությունը, մեծամտությունը, պատվասիրությունը, կեղծավորությունը, ցուցադրամոլությունը, հանդգնությունը, անհնազանդությունը և այլն։ Հպարտությամբ էր, որ սատանան իրեն անչափ մեծ մեկը կարծեց և նախանձելով Աստծո մեծ փառքին՝ ցանկացավ Նրա տեղը գրավել։ Հպարտության հակադիր առաքինությունն է խոնարհությունը։