ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 6.3-14
Ավետարան ըստ Մատթևոսի. 18:15-21
ՄԵՂԱՆՉՈՂ ԵՂԲԱՅՐԸ
15 «Եթէ քու եղբայրդ քեզի դէմ մեղանչէ, գնա յանդիմանէ զանիկա երբ դուն եւ ան մինակ էք. եթէ քեզի մտիկ ընէ, շահեցար քու եղբայրդ։ 16 Բայց եթէ մտիկ չընէ քեզի, քեզի հետ ուրիշ մը կամ երկուք ալ առ, որպէս զի երկու կամ երեք վկաներու բերնով ամէն բան հաստատուի։ 17 Եթէ անոնց ալ մտիկ չընէ, եկեղեցիին ըսէ. իսկ եթէ եկեղեցիին ալ մտիկ չընէ, հեթանոսի ու մաքսաւորի պէս թող ըլլայ քեզի»։
18 «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, ‘Երկրի վրայ ինչ որ կապէք, երկնքի մէջ կապուած պիտի ըլլայ ու երկրի վրայ ինչ որ արձակէք, երկնքի մէջ արձակուած պիտի ըլլայ’։ 19 Դարձեալ կ՚ըսեմ ձեզի. ‘Եթէ ձեզմէ երկու հոգի երկրի վրայ միաբանին, ամէն ինչ բանի համար որ խնդրեն, պիտի ըլլայ անոնց իմ Հօրմէս որ երկինքն է’։ 20Քանզի ուր երկու կամ երեք հոգի ժողուած ըլլան իմ անունովս, հոն եմ ես անոնց մէջ»։
21 Այն ատեն Պետրոս մօտեցաւ անոր ու ըսաւ. «Տէ՛ր, քանի՞ անգամ եթէ եղբայրս ինծի դէմ մեղանչէ, պէտք է ներեմ անոր. մինչեւ եօ՞թը անգամ»։ 22 Յիսուս ըսաւ անոր. «Քեզի չեմ ըսեր թէ մինչեւ եօթը անգամ, հապա մինչեւ եօթանասուն անգամ եօթը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ. Անսպառ աղբյուր է մեր Տէր Հիսուս Քրիստոս, որի պատգամները չեն ավարտվում երբեք: Ինքը զերծ լինելով մեղքից, այսքան դեղատոմսեր է տալիս մեզ՝ մեղավորներիս, ամեն պարագայի համար: Այսօր մի հրաշալի խորհուրդ է տալիս մեզ, այն մասին, թե ինչպես վարվենք, երբ մեկը մեղանչի մեր դեմ: մեր Տիրոջ տված պատգամը ամենևին նման չէ այն արարքին, որը մենք ենք կատարում, երբ տեղեկանում ենք, որ մեկը մեր դեմ մեղանչել է: Թե ինչպես են վարվում մեծամասնությունը, բոլորիս է հայտնի, հիմնականում՝ ակն ընդ ական:
Սակայն Տէր Հիսուս այլ բան է սովորեցնում:
Եթե մեկը մեր դեմ մեղք է գործել, և մենք իմացել ենք այդ մասին, մեր հաջորդ քայլը պետք է լինի հանդիպել նրան, երբ մենակ է; Հանգամանքները պարզելուց հետո կարող ենք հանդիմանել նրան, քանի որ մեր նպատակը պետք է լինի չկորցնել մարդուն՝ հարաբերությունների պատճառով; Եթե հասկանա, ուրեմն շահեցինք մեր նմանին; Այսպիսի պարագաներում հիմնականում հարթվում է խոսակցությունը, եթե երկուսն էլ գիտակից քրիստոնյա են:
Իսկ եթե հանդիմանությունը չի օգնում, ապա մենք ևս մեկ քայլ ունենք; Վերցնել մեկ կամ երկու ուրիշ քրիստոնյա, և նորից փորձել շտկել նրա արարքը: Գուցե այլոց ներկայությունից ամաչի և զղջա իր արարքը: Եթե այս տարբերակն էլ չօգնի, ուրեմն դեպքի մասին պետք է ասենք հավատացյալների հավաքի մեջ, այսինքն եկեղեցու հոգևորականին, որովհետև մեր նպատակը մեղանչողին մեղքից ազատելն է: Եթե այս տարբերակն էլ չօգնի նրան զղջման հասցնելու, ապա նա թող լինի մեզ համար ինչպես հեթանոս կամ մաքսավոր: Եկեղեցին այստեղ որպես հեղինակություն է ներկայացված, եթե եկեղեցուն չլսի, թող լինի ինչպես հեթանոսը, որը չի ենթարկվում եկեղեցուն: Այդպիսի չզղջացող մարդը ինքն է իրեն կամավոր զրկում Աստծու ողորմությունից, մնալով իր անզեղջ կամքի մեջ:
Փաստորեն մենք՝ քրիստոնյաներս, հակառակ ենք գործում նաև այս պատվիրանին: Այստեղ կա հստակ հերթականություն՝ նախ երկուսով, հետո մեկ կամ երկու մարդու ներկայությամբ, հետո եկեղեցու միջոցով:
Ի՞նչ ենք տեսնում մեք այսօր համացանցում, որևէ մեկի թույլ տված սխալի վերաբերյալ: Մեղանչումի բացահայտման հաջորդ պահից անմիջապես հետո այդ նյութը տեղ է գտնում համացանցի ակտիվ էջերում և սկսվում է տարածումը համայն աշխարհով: Ինչպե՞ս է, որ առաջին քրիստոնյա պետության մեջ այս պատվիրանից լուր չունեն ժողովուրդը: Մենք չենք ուզում, որ մեր դեմ մեղանչողը զղջա, այլ ուզում ենք վրեժխնդիր լինենք՝ ավելիով հատուցելով նրան: Մենք նրա մեջ թշնամի ենք տեսնում և ո՛չ թե մեղք ենք տեսնում, այլ՝ մեղավոր մարդ, որը անպայման պետք է պատժվի մեր կողմից, կամ հեղինակազրկվի մասսայաբար: Բայց Աստված ուրախանում է ամեն մեկ զղջացող մեղավորի համար:
Մենք Աստվածաշնչում մի լավ օրինակ ունենք այս առումով: Հովնանը կանչվել էր նինվեացիներին ապաշխարության կանչելու, սակայն Նինվեյի ժողովուրդը չէր արժանացել Հովնանի բարեհաճությանը և Հովհանը նրանց կործանումն էր ուզում: Սակայն Աստված այդպես չէր ուզում և եղավ այնպես ինչպես Աստված էր ուզում, ոչ թե Հովնանը: Մենք էլ շատ հաճախ հայտնվում ենք Հովնանի դերում, մոռանալով, որ Աստված խաչվել նաև նրա համար, որը մեր դեմ մեղանչել է: Այն մարդիկ, որոնք մեր աչքին թշնամիներ են, Աստծու աչքին կորած ոչխարներ են: Նրանց, որոնց կործանումն ենք կամենում մենք, Աստված նրանց փրկությունն է ուզում; Այստեղ է մեր սխալ մոտեցումը մեր դեմ մեղանչողի, որովհետև մենք պատվիրանները ուշ ուշ ենք լսում, կամ չենք լսում: Սա շատ դժվար քայլ է, քանի որ աշխարհում այլ հարաբերություններ են գործում, սակայն Աստծու խոսքը միանշանակ է այս հարցում:
Հաջորդ պարբերության մեջ աշակերտներին տալիս է կապելու և արձակելու իշխանությունը, որը առաքելական հաջորդականությամբ փոխանցվել է մինչև մեր օրերի եկեղեցուն: Եկեղեցին ստացել է իրավունք կամ իշխանություն՝ մեղավորի մեղքերը արձակելու և կապելու: Ինչին մասնակցում ենք ամեն կիրակի Պատարագից հետո հնչող մեղքերի խոստովանության ժամանակ: Այստեղ հստակ է Հիսուս Քրիստոսից փոխանցված իշխանությունը առաքյալներին, և այնուհետև՝ առաքյալներից իրենց հաջորդներին: Մեղքերի արձակումը խորհուրդ է Աստծուց, որը կատարվում է հոգևորականի ձեռքով;
Այսքան գեղեցիկ պատվիրանների շարքի մեջ աչքի է ընկնում մի պատվիրան, որը ավելի շատ վիճաբանության թեմա է դառնում, քան կատարելու անհրաժեշտություն: Խոսքը երկու հոգու միաբանության վրա է երկրի վրա որևէ խնդրանքի համար: Այստեղ շատ կարևոր է միաբան բառը: Բայց քանի որ մեր օրերում շատ դժվար է գտնել երեք միաբան մարդ, որոնք Քրիստոսի անունով հավաքված լինեն, դրա համար այս պատվիրանը միշտ քննարկման թեմա է: Բողոքականները ասում ենք մենք հավաքվում ենք, Աստված մեզ հետ է, ուղղափառ եկեղեցին ասում է ոչ, այդպես չէ:
Սակայն Ավետարանի խոսքը հստակ է՝ Իմ անունով և Իմ խոսքի շուրջ՝ միաբան: Միայն այս պարագայում է որ աղոթքը ուժ է ստանում և զորավոր է լինում: Իսկ ինչ է նշանակում այն խոսքը, որն ասում է,-Ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար Իմ Հոր կողմից, որ երկնքում է: Այստեղ է, որ այս տողերը կարդացողը չպետք է հասկանա, ինչպես որ ինքն է կամենում, այլ՝ ինչպես որ պետք է հասկանանք Ավետարանների համատեքստում: Այսինքն՝ նախ խնդրեք երկնքի արքայությունը, մնացածը ավելիով կտրվի: Հետևաբար կարող ենք խնդրել միայն մեր փրկությանը վերաբերող օգնություն ու ողորմություն: Մեր աղոթքները բոլորն են լսվում Աստծուց, սակայն բոլորը չեն բավարարվում մեր օգուտի համար, քանի որ երբեմն մենք էլ չենք հասկանում ինչ ենք խնդրում:
Իսկ Աստված տեսնում է, թե մեր խնդրածը ինչ կարող է բերել մեզ: Ավետարանից մենք տեղեկանում ենք աղոթքի ուժի մասին, երբ մեր Տէրը ասում է, - աղոթեք, որ այդ ժամանակ ձմեռ չլինի, կամ աղոթեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի, և այլն: Այսինքն մեր աղոթքը ուժ ունի պայմանով: Եթե միաբան ենք Աստծու խոսքի շուրջ և հավաքվել ենք Քրիստոսի անունով:
Սիրելիներ այսօրվա բոլոր պատվիրանները շատ կարևոր պատվիրաններ են գրեթե ամենօրյա գործածվող: Իսկ այժմ հասանք բոլորիս կողմից չհասկացված, չկիրառվող, բայց միևնույն ժամանակ թթվածնի պես անհրաժեշտ ներելու պատվիրանին: Կեցցե Պետրոսը, շատ լավ հարց է տվել Վարդապետին այն մասին, թե քանի՞ անգամ կարելի է ներել մեր դեմ մեղանչողին: Կարծես Պետրոսը արդեն հոգնել էր ներելուց, և ուզում էր իմանալ, դեռ ինչքան է ներելու: Իսկ պատասխանը եղավ՝ 70 անգամ 7, այսինքն՝ անվերջ: Ըստ մեկնաբանների առաջին զղջացողը Աստվածաշնչում եղել է Ղամեքը՝ Կայենի տոհմից, որն ասել է առաջին անգամ,- Եթե սպանության համար Կայենից յոթն անգամ վրեժ է պահանջվում, ապա Ղամեքից՝ յոթանասունյոթն անգամ: Քանի որ նա սպանել էր մի երիտասարդ: Այսինքն նաև,եթե հաշվենք Ադամից մինչև Քրիստոս բոլոր սերունդները կլինի յոթանասունյոթ: Իսկ սա նշանակում է որ փրկությունը լինելու է միայն Քրիստոսով: Ղամեքին Աստված հայտնեց, որ 77 րդ սերունդի Քրիստոս կների քեզ:
Ի՞նչ է նշանակում յոթ թվերը: Յոթ թվերը խորհրդանշում են անվերջություն: Այսինքն քանի անգամ, որ մեր դեմ մեղանչողը ասի,- ներիր, մենք պետք է ներենք: Օրական քանի անգամ կարդում ենք Հայր Մեր աղոթքի այդ տողերը, թե,- ներիր մեզ, ինչպես մենք ենք ներում: Իսկ եթե չենք ներում, պետք չէ խաբել Աստծուն, քանի որ ամեն ինչ գիտե Աստված, նույնիսկ մեր մտքերը:
Դրա համար Քրիստոս Պետրոսին ասում է անվերջ ներիր, քանի որ ես եկա ներելու 77 սերունդներին և նրանցից հետո եկողներին: Սիրելիներ, ներելը առաջին հերթին մեզ է պետք, քանի որ մենք ամեն վայրկյան կարիք ունենք ներվելու, և մեր հիմնական խնդրանքը այս է Աստծուց՝ ներում ստանալ: Հետևաբար երբ գալիս է պահը, որ մենք պետք է ներենք, առաջինը հիշենք մեր ներում հայցելու խնդրանքը Աստծուց և հեշտությամբ կներենք:
Հիմա միասին անդրադառնանք Տիրոջ կողմից հաստատված և վերը նշված պատվիրաններին և անկեղծորեն խոստովանենք, որ մենք ապրում ենք Աստծու պատվիրաններին հակառակ: Ես շատ պիտի ուզեմ, որ ամեն պատվիրան քննարկելիս մենք խոստովանենք, որ կամ չենք կատարում, կամ թերի ենք կատարում, կամ հակառակն ենք կատարում, կամ էլ լուր չունենք այդ պատվիրաններից: Այլ կերպ չենք կարող զգալ մեր կյանքի շեղությունը: Մենք պատրաստ չենք նկատողության: Մենք չենք սիրում, որ մեզ ուղղում են: Մենք չենք հանդուրժում մեր դեմ մեղանչողին: Մենք չափազանց դյուրագրգիռ ենք ներելու հարցում: Մենք այսօրվա դասից սովորեցինք, թե ինչպես պետք է անհիշաչարությամբ վերաբերվենք մեր դեմ մեղանչած մարդկանց հանդեպ: Ինչպես միաբանվենք Քրիստոսի անունով և Իր խոսքի շուրջ: Նաև քանի անգամ ներենք մարդկանց, որոնք ներում են հայցում մեզնից: Ավարտենք մեր բազմաշերտ սերտողությունը՝ վաղը շարունակելու ակնկալիքով: Մնացեք սիրով՝ 70 անգամ 7 ներելու պայմանով:
Հարց. Ո՞րն է պայմանը երկու կամ երեք մարդու աղոթքի կանգնելու ժամանակ:
Տեղեկութիւններ
Զղջումն
Այսօր ծանոթանանք մեղաների յոթներորդ պարբերության հետ, որը վերաբերում է մարմնի բոլոր մասերին.
Է. Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով՝ վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Միջնադարյան գիտնականների հաշվարկով՝ մարդու մարմինն ունի 248 ոսկոր, 12 անդամ և 5 զգայարան, և այս ամբողջի հանրագումարը կազմում է 365 մաս 80 (հոդված)։ Ս. Գրիգոր Նարեկացին, գիտենալով այս մասին, իր «Մատյան ողբերգության» աղոթագրքի 46 գլխում, սեփական անձին դիմելով, գրում է. «Երեք հարյուր վաթսուն հոդերով շաղկապվեցիր՝ նրանց միացնելով նաև 5 զգայարանների ազդողական պատշաճ մասերը»։
Մարդու տասներկու անդամներն են՝ 1. գլուխ, 2. վիզ, 3. ուսերից մինչև ձեռքերը ներառյալ, 4. կուրծք, 5. կողեր, 6. որովայն, 7.մեջք, 8. երանք (երիկամների հատվածը), 9. սեռական անդամներ,
10. ազդրեր, 11. սրունքներ և 12. ոտնաթաթեր։
Հինգ զգայարանների ու նրանց մեղքերի մասին արդեն խոսվել է 4րդ մասում:
Մարդու վեցյակ կամ վեց շարժումները (վերև, ներքև, աջ, ձախ,առաջ, հետ) տարբեր հայրերի կողմից մեկնվել են տարբեր կերպ։
Այստեղ դեպի վեր շարժումը վերամբարձ ոտնահարումն է,այսինքն՝ ոտքով դեպի վեր հարված հասցնելը, որը կարելի է հասկանալ որպես արհամարհանք կամ թշնամություն Աստծո և աստվածային ամեն ինչի հանդեպ։ Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հպարտություն ու ամբարտավանություն։ Դեպի վար շարժումը՝ վայրաքարշ մեղկությունը, նշանակում է երկրի վրա քարշ եկող, երկրահակ մեղկություն, այսինքն՝ տրտմության կամ ձանձրույթի պատճառով ծանրանալու և թուլանալու հետևանքով բարիք գործել
չկարողանալը, ուստի և տարատեսակ մեղքերի մեջ ընկղմվելը։ Ս.Եփրեմ Ասորին դեպի վար շարժում է համարում տրտմությունը, իսկ ս. Գ. Տաթևացին՝տրտմությունն ու ձանձրույթը (այսինքն՝ծուլությունը),
Աջ և ձախ խոտորումն ընդհանրապես նշանակում է որևէ առաքինության միջին ուղիղ շավղի վրա չմնալով մեղանչել։ վեցյակ շարժումների բացատրության մեջ, Տաթևացին դեպի աջ շարժում է համարում
արծաթսիրությունը (փողասիրությունը), իսկ դեպի ձախ շարժում՝պոռնկությունը։