ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածներ
Ելք 1.1-2.10
Հովելի մարգարեությունը 1.14-20
Ավետարան ըստ Մատթևոսի. 18:1-14
Ո՞Վ Է ՄԵԾԸ
1 Նոյն ժամանակ աշակերտները Յիսուսին քով եկան ու ըսին. «Ո՞վ է մեծ երկնքի թագաւորութեանը մէջ»։ 2 Եւ Յիսուս տղայ մը կանչեց իրեն, զանիկա անոնց մէջտեղը կայնեցուց 3 Ու ըսաւ. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, ‘Եթէ դարձի չգաք եւ տղոց պէս չըլլաք, երկնքի թագաւորութիւնը բնաւ պիտի չմտնէք’։ 4 Ուստի ով որ իր անձը այս տղուն պէս խոնարհեցնէ, անիկա է մեծ երկնքի թագաւորութեանը մէջ, 5 Եւ ով որ այսպիսի տղայ մը կ՚ընդունի իմ անունովս, զիս կ՚ընդունի»։
6 «Ով որ գայթակղեցնէ այս պզտիկներէն մէկը, որոնք ինծի կը հաւատան, աղէկ է անոր՝ որ իր պարանոցէն իշու աղացքի քար մը կախուի ու ծովուն անդունդը ընկղմի»։
7 «Վա՜յ աշխարհի՝ գայթակղութիւններուն պատճառաւ, վասն զի հարկ է որ գայթակղութիւնները գան, բայց վա՜յ այն մարդուն՝ որուն ձեռքով գայթակղութիւնը կու գայ։ 8 Արդ՝ եթէ քու ձեռքդ կամ ոտքդ քեզ կը գայթակղեցնէ, կտրէ զանիկա ու քեզմէ ձգէ. աղէկ է քեզի կաղ կամ պակասաւոր մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք կամ երկու ոտք ունենալ ու յաւիտենական կրակին մէջ ձգուիլ։ 9 Եթէ աչքդ քեզ կը գայթակղեցնէ, հանէ զանիկա եւ քեզմէ ձգէ. աղէկ է քեզի մէկ աչքով կեանքը մտնել, քան թէ երկու աչք ունենալ ու կրակին գեհեանը ձգուիլ»։
10 «Զգոյշ կեցէք որ չանարգէք այս պզտիկներէն մէկը. քանզի կ՚ըսեմ ձեզի թէ երկնքի մէջ անոնց հրեշտակները միշտ կը տեսնեն իմ Հօրս երեսը՝ որ երկինքն է։ 11 Վասն զի Որդին մարդոյ եկաւ կորսուածը փրկելու։ 12 Ի՞նչպէս կ՚երեւնայ ձեզի, ‘Եթէ մարդ մը հարիւր ոչխար ունենայ եւ անոնցմէ մէկը մոլորի, իննսունըինը ոչխարը լեռները չի՞ ձգեր ու երթար մոլորածը փնտռեր։ 13 Եթէ գտնելու ըլլայ, ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, որ աւելի ուրախ կ՚ըլլայ անոր վրայ, քան թէ իննսունըիննին՝ որոնք մոլորած չէին։ 14 Այսպէս, ձեր երկնաւոր Հայրը չի հաճիր որ այս պզտիկներէն մէկը կորսուի’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, վստահ եմ, որ համբերությամբ մտաք պահոց շրջանի ապաշխարության օրերի մեջ: Աստված թող իմաստություն տա ձեզ, դաս քաղելով յուրաքանչյուր օրվանից հասնեք Հարության բարի ավետիսին: Մեր համակ կյանքը ապաշխարության գեղեցիկ շղթա է միահյուսված պահոց խորհրդավոր կիրակիներով; Շատերս էլ մեր կյանքում ունեցել ենք Բուն Բարեկենդան, ունեցել ենք նաև դրախտից արտաքսում, վերադարձել ենք անառակ որդու պես, ունեցել ենք մեր տնտեսությունը, այրի կնոջ դերում ենք եղել երբեմն, բայց Գալստյան Կիրակին բոլորիս է հանդիպելու մի օր: Ուրեմն ապրենք մեր կյանքը Հարություն խոստացողի առջև՝ հաշվետու ձևով:
Իսկ այժմ տեսնենք, թե ի՞նչ է պատմում մեզ Մատթևոսի Ավետարանի 18 րդ գլուխը այսօր:
Նախորդ գլխում մենք ծանոթացանք մի զարմանահրաշ դեպքի, երբ Տէր հիսուս կարգադրեց, որ ձկան փորում հայտնվի արծաթ դրամ և այդ դրամով վճարվի Իր և Պետրոսի երկդրամյանի տուրքը: Այս լուրը անշուշտ իմացան նաև մյուս աշակերտները, որոնք այդ պահին իրենց հետ չէին; Թե ի՞նչ մտածեցին մյուս աշակերտները, ի՞նչ վերլուծություններ արեցին այդ երևույթի շուրջ, Ավետարանը մեզ ոչինչ չի ասում: Բայց այն հարցը, որ նրանք տվեցին Քրիստոսին՝ թե, ո՞վ է իրենցից մեծը երկնքի արքայության մեջ, պարզ է դառնում, որ նրանց մեջ հավանաբար քննարկում էր եղել այդ թեմայով:
Օրեր առաջ նրանք լսեցին, որ Տէր Հիսուս Պետրոսին խոստացավ Երկնքի արքայության բանալիները: Այսօր լսեցին, որ Վարդապետը վճարել է նաև Պետրոսի երկդրամյան տուրքը՝ Պետրոսին դասելով Իրեն հավասար: Ինչո՞ւ չի վճարել բոլորինը, այլ միայն Պետրոսի տուրքը: Գուցե իրենց էլ հետաքրքիր եղավ Պետրոսի հատուկ կարգավիճակը և նրանք որոշեցին այսպիսի հարց տալ առանց խորը վերլուծելու նախորդ հանդիպումը, երբ Տէր Հիսուս իրենց բացահայտ ասաց, որ մարդու Որդուն մահվան են դատապարտելու և երրորդ օրը հարություն է առնելու, և իրենք տխրել էին այդ կապակցությամբ: Սրանք ոչ թե բացասական երևույթներ են, այլ զուտ մարդկային տկարություններ, որոնցով լցված ենք մենք՝ ժամանակակից մարդիկս:
Աշակերտների մտածումները քննարկելիս, ամենևին չենք մեղադրում աշակերտներին, այլ հակառակը համեմատում ենք մեր մարդկային մտածելակերպի հետ, որ մենք էլ ենք այդպես մտածում, այնքան ժամանակ, մինչև որ հոգով ու սրտով ենք ճանաչում Հիսուս Քրիստոսին, այնպես ինչպես աշակերտները սուրբ հոգին ստանալուց հետո այլևս այդպիսի խոսակցություններ չունեցան:
Աշակերտների հարցը չզարմացրեց Հիսուսին, որովհետև հարցից հասկացավ, որ նրանց մեջ խոսակցություն է եղել: Այլ մի մանուկ կանչեց իր մոտ, կանգնեցրեց նրանց մեջ և ասաց,- Եթե չդառնաք ու չլինեք այս մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Իմիջիայլոց այդ երեխան, որին Հիսուս մեջտեղ բերեց, ըստ ավանդության Իգնատիոս Անտիոքացին էր, ծնված 35 թ, որը հետագայում դարձավ Անտիոքի եպիսկոպոսը: Ինչո՞ւ համեմատեց երեխայի հետ, բոլորս կարող ենք հասկանալ երեխայի հատկությունները մտաբերելով: Երեխան հիշաչար չէ, երկար ոխ չի պահում, պարզ է, հասարակ է, ամաչկոտ է, մեծերի խնամքի տակ է, ունեցածը հեշտության կիսում է, նույնիսկ ծնողի հանդիմանությունից անմիջապես հետո գրկում է ծնողին, երեխան մեծ վստահություն ունի ծնողի հանդեպ: Հետևաբար եթե մարդը ձեռք բերի այս հատկությունները, կարող է նաև երկրի վրա զգալ երկնքի արքայության քաղցրությունը, և ով այս մանկան խոնարհությունը ունենա, նա մեծ կլինի երկնքի արքայության մեջ: Այստեղ տեր Հիսուս հավասարման նշան դրեց աշակերտների մեջ, քանի որ պայմանը մեկն է՝ մանկան խոնարհություն ունենալ, բայց պարտադիր չէ անպայման մանուկ լինել: Երկնքի արքայությունը բոլորին է առաջարկված՝ մանկան մաքրությամբ:
Այս օրինակով Քրիստոս կամեցավ բուժել աշակերտների փառքի ձգտումը, որը առաջացել էր գուցե Պետրոսի հանդեպ ունեցած կասկածից ու նախանձից և նրանց առաջնորդեց դեպի խոնարհություն: Այս է սերը աշակերտների նկատմամբ, որ բուժում է նրանց, առանց ցավ պատճառելու, որովհետև ինչպես որ հետագայում Պողոս առաքյալը գրեց,- սերը չի նախանձում և իրենը չի փնտրում:
Միևնույն ժամանակ աշակերտներին ուսուցանում աշխարհի գայթակղությունների մասին, որ գալու են: Չի բացառում գայթակղությունները, այլ պատվիրում է հեռու մնալ նրանից: Մենք երեկվա սերտողության մեջ հանդիպեցինք մի դրվագի, երբ Հիսուս կարող էր հրաժարվել տուրք տալուց, բայց չուզեց գայթակղություն լինել նրանց համար: Այստեղ էլ ասում է վա՛յ նրան, ում ձեռքով կգա: Հայրերի գրվածքներում կարդում ենք, որ եթե գայթակղությունները չլինեին, ոչ ոք չէր կարող փրկվել, քանի որ երբ գայթակղությունը մտնում է սրտի մեջ, ի հայտ է գալիս մարդու տկարությունը այդ թուլության նկատմամբ; Իսկ խորագետ մարդը միշտ հեռու է գայթակղությունից, մտածելով, որ գուցե չկարողանա հաղթահարել:
Տէր Հիսուս խոսում է նաև ձեռքի և ոտքի գայթակղության մասին, որը անմիջական կապ չունի մարմնի անդամ ձեռքի կամ ոտքի հետ, որովհետև մարդու մարմինը Աստծու ստեղծագործությունն է և չէր կարող Աստված պահանջել, որ մարդը իր մարմնի անդամները հատի ու մի կողմ նետի: Այլ՝ խորհրդաբար՝ այն անձը որը քեզ մոտ է ինչպես քո ձեռքը՝ քեզ, և քեզ համար գայթակղության պատճառ է, նրան հեռացրու քեզնից: Չլինի որ նրա պատճառով հավիտենական կրակի մեջ հայտնվեք: Նույնը ասում է աչքի տեսածի մասին, ո՛չ թե աչք օրգանի: Մեր աչքը օրական քանի գայթակղություն է տեսնում, որ չենք հեռացնում մեզնից, չվախենալով հավիտենական կրակից: Գայթակղություն կարող է հանդիսանալ նաև սխալ ուսմունքը, սխալ վարդապետությունը, Աստվածաշնչի սխալ մեկնությունը և այլն, այսինքն այն, ինչը կարող է մարդուն հեռացնել երկնքի արքայություն տանող ճանապարհից և փրկությունից: Ինչպես որ սաղմոսագիրն է ասում, երանելի է այն մարդը, որը ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում, կամ չարագործների հետ համախոհ չի լինում: Բոլոր այն կասկածելի երևույթները, որոնք կարող են մարդուն հեռացնել ճշմարիտ ճանապարհից, պետք է կտրել և դեն նետել, անկախ նրանց պատճառած հաճույքից; Մարդու հոգու փրկությունը գերազանցում է ցանկացած մեղքի քաղցրությանը:
Վերջին պարբերության մեջ Տէր Հիսուս մի նոր բացահայտում է անում: Առաջին անգամ Նոր Կտակարանում ասում է, որ ամեն մարդ ունի պահապան հրեշտակ, որը մշտապես տեսնում է Երկնավոր Հոր երեսը; Հետևաբար զգույշ եղեք որևէ մեկ փոքրիկի արհամարհելուց, քանի որ մարդու Որդին եկել է փրկելու կորածը, եթե նույնիսկ հարյուրից մեկն է կորել: Ո՛չ թե արդարներին գովելու համար է եկել Հիսուս Քրիստոս, այլ հատկապես կորստյան մատնված մեղավորի համար: Փոքրիկ ասելով Հիսուս նկատի ունի անփորձ մեկին, որը գուցե տարիքով է, բայց մանկան պես է, տկար մտածելակերպով, և եթե այդպիսին մոլորվել է, պետք է հոգ տանել նրա համար; Պետք է հոգ տանել յուրաքանչյուր մոլորվածի համար, ինչպես որ այն մեկ ոչխարը, որը 99 ից շեղվել և մոլորվել էր:
Այստեղ խոսքը կարող է վերաբերել մեր հազարավոր հայրենակիցներին, որոնք լսած չլինելով ուղղափառության մասին, առաջին անգամ հանդիպել են Եհովայի վկայի և դարձել են Եհովայի վկա: Հանդիպել են հոգեգալստականի, անդամագրվել են նրան և համարել են որ իրենք ճիշտ տեղում են և այլն: Հիսուս Քրիստոս տալիս է հանձնարարություն, որպեսզի հոգ տանել այդպիսիների համար: Եվ այդ մարդկանց համար ավելի շատ ուրախություն կլինի քան այն 99 ի համար, որ կարծում են թե ուղղափառ են, բայց չե՛ն: Որովհետև չկա մեկ արդար, բոլորը խոտորվեցին և անպիտան դարձան,- ասում է Սուրբ Գիրքը:
Աստված չի կամենում ո՛չ մեկի կորուստը և մահը, դա Աստծու կամքը չէ, այլ մարդն է ինքնակամ հայտնվում մոլորության մեջ: Իսկ նա ով իրեն արդար է կարծում, չի օգնում մոլորվածին, այլ հակառակը ծաղրում է նրան մոլորության մեջ: Այսպիսին մեկ այլ մոլորության մեջ է, և ինքը իրեն արդար է կարծում:
Հովհան Ոսկեբերան հայրապետը նամակ է ստանում մի ուղղափառ հոգևորականից այն բովանդակությամբ, որ մենք որևէ ընդհանուր բան չունենք հերետիկոսների հետ, և նրանց պետք չէ լսել և նրանց հետևից պետք չէ գնալ ինչպես այն կորած մեկ ոչխարի հետևից, քանի որ նրանք երկնքի արքայությանը արժանի չեն:
Իսկ Ոսկեբերան Հայրապետը պատասխանում է նրան, ասելով,- Մի՛ կրկնիր այլևս այդ անհոգի խոսքերը, թե՝ մենք նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունենք: Մենք նրանց հետ շատ ընդհանուր բաներ ունենք, մենք նրանց հետ քայլում ենք նույն արևի տակ, շնչում ենք նույն օդը, քայլում ենք նույն հողի վրա և ուտում ենք նույն պտուղը, որ տալիս է նույն հողը: Մենք ո՛չ մի ընդհանուր բան չունենք միայն սատանայի հետ: Իսկ բոլոր մարդկանց հետ մենք շատ ընդհանուր բաներ ունենք, քանի որ Աստված բոլորի համար խաչվեց:
Սիրելիներ, Հիսուս Քրիստոս ինչո՞ւ ընտրեց մանկան մաքրությունը՝ երկնքի արքայության մեջ մեծը լինելու համար, որովհետև մարդը տարիք առնելով կորցնում է մանկան այդ լավագույն հատկությունները, միամտությունը կորցնում է, և երկփեղկվում է: Պարզությունից դառնում է երկերեսանի: Երեխան պարզ է՝ երբ ցավում է, լացում է, երբ ուրախ է ծիծաղում է, իսկ մարդը թաքցնում է իր իրական կերպարը, և իր կյանքը խաղում է աշխարհի բեմի վրա, ինչը ընդունելի չէ Աստծուն; Երեխաները գիտեն, որ սիրող ծնող ունեն, իսկ մեծ մարդիկ չգիտեն, որ սիրող Հայր ունեն, որ երկնքում է: Այս սխալը շարունակվում է մինչև մեր օրերը: Անուս կամ հոգևոր անտեղյակ մարդը ծաղրվում է նույնիսկ եկեղեցում, չասելու համար հասարակության մեջ: Մեծը լինելու փառասիրության ձգտումը ամուր հիմքերի վրա է մեր եկեղեցում, մեր կառավարության մեջ և ամենուր՝ նաև այսօր: Ուշադիր կարդացեք Ավետարանը և կտեսնեք, որ մեր ազգը ապրում է Ավետարանին հակառակ: Իսկ Աստված համբերում է, որպեսզի մենք դառնանք ու ապաշխարենք, կորստյան չմատնվելու համար: Ավարտենք այստեղ՝ վաղը շարունակելու ակնկալիքով:
Մնացեք սիրով՝ երբեք մի ձգտեք մեծ լինելու ո՛չ երկնքի արքայության մեջ, ո՛չ էլ երկրի վրա: Քանի որ մենք տեսնում ենք ձգտողների հեղինակության անկումը՝ ամեն օր:
Հարց. Ի՞նչ է Երկնավոր Հոր կամքը՝ այսօրվա նյութից:
Տեղեկութիւններ
Այսօր կծանոթանանք մեղաների վեցերորդ պարբերությանը, որը վերաբերում է ձեռքին:
Զ. Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Այս հատվածում ներկայացված են մարմնի հինգ զգայարաններից մեկի՝ շոշափելիքի միջոցով գործվող որոշ մեղքեր։ Տասնաբանյա պատվիրաններից ութերորդը վերաբերում է գողությանը.
«Մի՛ գողացիր» Գողությունը պատկանում է այն մեղքերի թվին, որոնց թողություն ստանալու համար միայն զղջումն ու խոստովանությունը բավական չեն. Անհրաժեշտ է նաև գործով փոխհատուցում՝ կամ գողացվածը վերադարձնել տիրոջը, կամ, եթե վերադարձնելն այլևս անհնար է, հասցված վնասը որևէ այլ կերպ հատուցել։
Ագահելն ագահությամբ լցվելն է, և թեպետ սա չի պատկանում մարմնի անդամներով կատարվող մեղքերի թվին, սակայն ծնում է դրանք՝ գողություն, զրկողություն, սպանություն և այլն։
Զրկելու կամ զրկողության մեղքն են գործում նրանք, ովքեր իրենց իշխանությունից ու դիրքից օգտվելով՝ ուրիշներին զրկում են նրանց արդար վաստակից, աշխատանքի դիմաց չեն վճարում կամ պակաս են վճարում, անիրավ միջոցներով հափշտակում են նրանց ունեցվածքը և այլն։
Ուրեմն՝ զրկողները նույնպես միայն զղջմամբ ու խոստովանությամբ իրենց մեղքերին թողություն ստանալ չեն կարող, եթե զրկանքի դիմաց հատուցելու, բարիք գործելու հնարավորությունն ունեն, սակայն զլանում են սա կատարել։ Զրկողության մի տեսակ է վաշխառությունը, երբ փոխատուն փոխառուի վրա մեծ տոկոսներ է դնում։ Աստվածաշունչն ընդհանրապես տոկոսով փոխատվությունն ազգակիցներին, մանավանդ աղքատներին, անօրինություն է համարում (Ելք 22: 25)
Հարվածելու մեղքը ծնվում է բարկությունից, և պարզ հարվածն անգամ կարող է վերաճել ծեծկռտուքի, իսկ երբեմն էլ պատճառ դառնալ դիմացինի մահվան՝ այսպիսով վերածվելով սպանության։ Որևէ կենդանու անգթաբար հարվածելը կամ ծեծելը նույնպես մեղք է, քանի որ արդար մարդուն հատուկ է գութ ունենալ ոչ միայն մարդկանց, այլև Աստծո բոլոր արարածների, մանավանդ այն կենդանիների հանդեպ, որոնք օգուտ են տալիս մարդուն և հանձնված են նրա խնամքին.
Կարիք չկա բացատրելու, թե որքան մեծ մեղք է սպանությունը, որն արգելված է տասնաբանյա պատվիրաններից վեցերորդով. «Մի՛ սպանիր» (Ելք 20: 13)։
Սպանության մեղք են գործում թե՛ ուրիշին կյանքից զրկողները, թե՛ ինքնասպանները և թե՛ իրենց արգանդի պտուղը ոչնչացնող կանայք։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմների ժամանակ գործվող սպանություններին, ապա այսպիսի սպանությունը մեղք չի համարվում, քանի որ կատարվում է հայրենասիրությունից ու ազգասիրությունից մղված։
Գարշելի գործեր ասելով կարող ենք հասկանալ մարմնի անդամներով, մանավանդ ձեռքերի ու ոտքերի միջոցով կատարվող մնացած բոլոր գարշելի գործերը, որոնք մարդ կարող է կատարել,ինչպես օրինակ՝ կաշառք տալ կամ պահանջել, խաբեբայությամբ զբաղվել, մեկին տանջել, չարչարել, բռնաբարել, ծաղրուծանակի ենթարկել և այլն։