ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվաք.
Եզեկիելի մարգարեությունը 18.20-23
Ավետարան ըստ Մատթևոսի 17:21-26
21 Երբ անոնք Գալիլիայի մէջ կը պտըտէին, Յիսուս ըսաւ անոնց. «Որդին մարդոյ պիտի մատնուի մարդոց ձեռքը 22 Եւ զանիկա պիտի մեռցնեն, բայց երրորդ օրը յարութիւն պիտի առնէ»։ Անոնք խիստ տրտմեցան։
23 Երբ անոնք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը առնողները Պետրոսին եկան ու ըսին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ հատուցաներ»։ Անիկա ըսաւ. «Այո՛, կը հատուցանէ»։ 24 Երբ տունը մտաւ, առաջ Յիսուս խօսեցաւ անոր ու ըսաւ. «Քեզի ի՞նչպէս կ՚երեւնայ, Սի՛մոն, երկրի թագաւորները որմէ՞ կ՚առնեն հարկը կամ տուրքը. իրենց որդիներէ՞ն թէ օտարներէն»։ 25 Պետրոս ըսաւ. «Օտարներէն»։ Յիսուս անոր ըսաւ. «Ուրեմն որդիները ազատ են, 26 Բայց չըլլայ թէ զանոնք գայթակղեցնենք, գնա՛ ծովը եւ կարթը ձգէ ու առաջին ձուկը որ կ՚ելլէ՝ ա՛ռ եւ անոր բերանը բանալով սատեր մը պիտի գտնես։ Անոնց տուր ինծի եւ քեզի համար»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօրվա ընթերցվածքը միայն Եզեկիել մարգարեից է և այնքան հարազատ տողեր են՝ ուղղված մեզ, որ ուզեցի կարդալ ձեզ, մինչև սերտողությունը սկսելը; Աստծու բարի նպատակն է արտահայտված այս տողերում, որ բոլոր ժամանակների համար է արդիական է և ճիշտ: Ճիշտ այսօր այս տողերը պետք գրվեն կենտրոնական հրապարակներում՝ ի տես մարդկանց:
«Արդարի արդարութիւնն է իր վրայ ընկնելու, անօրէնի անօրինութիւնը՝ իր վրայ: Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրինութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու: Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու է: Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում,– ասում է Տէր Աստուած,– եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի»:
Տէր Հիսուսն էլ նույն մտքերն էր արտահայտում ամեն հանդիպման ժամանակ, որպեսզի հասկանալի լինի իր աշխարհ գալու նպատակը: Ամեն բժշկությունից և ամեն մի հրաշք կատարելուց հետո կարծես կամենում էր աղաղակել և ասել, որ Ես չե՛մ եկել ձեզ հրաշքներ ցույց տալու համար: Եթե դուք ձեզ մաքրեք ձեր մեղքերից, կազատվեք նաև այս բոլոր ցավերից ու հիվանդություններից: Նախորդ համարում ասված հանդիմանական խոսքը, թե՝ մինչև եր՞բ պիտի ձեզ հանդուրժեմ, կարծես նույն միտքն է արտահայտում, թե ինչքա՞ն կարող եմ ձեզ սովորեցնել, որ ազատվեք ձեր մեղքերից:
Դեռահասից դևը հանելուց հետո, երբ շրջում էին Գալիլիայում, նորից աշակերտներին հիշեցրեց Իր գալու նպատակը, և բացահայտ ասաց, որ մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը և Նրան պիտի սպանեն, և Նա երրորդ օր պիտի հարություն առնի: Ավետարանն ասում է,- Եվ նրանք շատ տխրեցին;
Ինչո՞ւ տխրեցին աշակերտները: Չէ որ երկու օր առաջ Պետրոսին սատանա էր անվանել, նույն բանի համար, որ Պետրոս ասաց այդ քեզ չի պատահի: Ինչո՞ւ են տխրում, երբ ասում է, որ երրորդ օրը հարություն է առնելու: Չէ որ իրենք տեսել էին զարմանահրաշ դեպքեր: Ինչո՞ւ չէր տպավորվում իրենց մեջ այդ բոլոր բաները, հատկապես, որ Տէր Հիսուս նրանց չի հուսահատեցնում, այլ ասում է՝ երրորդ օրը հարություն պիտի առնի: Կարելի է կարծել, որ նրանք այնքան էին մարդկայնորեն կապվել իրենց վարդապետի հետ, որ նույնիսկ երեքօրյա բաժանումը նրանց տխրեցնում էր; Հիսուս նախապատրաստում էր աշակերտներին ո՛չ միայն Իր չարչարանքն ու մահը տեսնելուն, այլ նաև նախապատրաստում էր նրանց հոգեպես, որ իրենք էլ են նույն հալածանքներին արժանանալու, քանի որ այդ անհավատ սերունդը այլ հույսեր ուներ կապած սպասվող Մեսիայի հետ: Նրանց հոգսը իրենց մեղքերը չէին, այլ մեղքերով ձեռք բերածը վայելելը:
Դրա համար մի խումբ փարիսեցիներ չէին հասկանում և նաև չէին հավատում, որ Հիսուսն է Քրիստոսը, քանի որ գիտեին, որ Հիսուսի գալուց առաջ նախ՝ Եղիան է գալու: Իսկ իրենք չէին տեսել, որ Եղիան եկած լինի: Վերադարձան Կափառնայում քաղաքը և հարկահավաքները մոտեցան Պետրոսին և պահանջեցին երկդրամյան տուրքը: Այս երկդրամյան տուրքը պատկանում էր տաճարին, և ոչ ոք չէր առարկում այդ տուրքը տալիս: Պետրոսը նույնպես չառարկեց և ասաց, ա՛յո: Դեռ չէր հասցրել տուն մտնել ու տեղեկացնել Վարդապետին , որ տուրք են ուզում, Հիսուս Պետրոսին հարց տվեց տուրքի մասին; Պետրոսը ճիշտ պատասխանեց, քանի որ ծանոթ էր օրենքի կարգին, թե հարկերը հավաքում են օտարներից, ո՛չ թե որդիներից: Սակայն հավանաբար չհասկացավ Հիսուսի այն ակնարկը, որ Ինքն է Որդին տաճարի Տիրոջ և հարկ չէ, որ իրենից տուրք վերցնեն, քանի որ որդիները ազատ են տուրք տալուց, բայց որպեսզի օրենքը խախտած չլինենք և գայթակղության առիթ չլինի, կտանք, -ասաց Հիսուս Պետրոսին:
Բայց ինչպե՞ս կտան տուրքը և որտեղից: Սա ևս մեկ խենթացուցիչ հրաշք էր, որը երկարամյա փորձառու ձկնորս Պետրոսին ապշեցրեց:
Իր փորձառության մեջ այսպիսի դեպք չէր եղել, որ ձուկ բռի և նրա փորի մեջ դրամ լինի:
Հրեական ավանդությունը պատմում է, որ մի շաբաթապահ հրեա հարգելով շաբաթը, պարտքով գումար է վերցնում և շաբաթ օրվա համար գնում է ամենաթանկ ձուկը; Տուն բերելուց հետո ձկան փորից դուր է գալիս մի մարգարիտ: Այստեղ հրեան ասում է,- ով պարտք է վերցնում շաբաթ օրվա համար, շաբաթը վերադարձնում է նրա պարտքը: Սա ավանդազրույց է, որ պատմեցի ձեզ, հիմա վերադառնանք Պետրոսի իրական դեպքին: Պատկերացրեք Պետրոսի հոգեվիճակը, երբ մոտենում էր ծովին: Ընդ որում մեկ արծաթ դրամ պետք է վերցներ ձկան փորից՝ իր և իր Վարդապետի փոխարեն վճարելու համար: Անբնական երևույթ է արծաթը ձկան փորի մեջ: Արծաթը ձկան կեր չէ: Մենք մի դեպք էլ ենք հիշում, դարձյալ անբնական երևույթ, երբ Հովնան անունով մարդն էր հայտնվել ձկան փորում:
Ձկան փորում կարող էր հայտնվել նաև Պետրոսը, եթե դա պետք լիներ մեկի փրկության համար: Այնպես հանձնարարեց Պետրոսին գնալ արծաթ դրամը վերցնել, կարծես թե դրամապանակն էր ցույց տալիս, որ Պետրոսը արծաթը վերցնի: Պետրոսը կրկին հասկացավ, որ իր Վարդապետը իշխանություն ունի ոչ միայն փոթորկող ծովի ալիքների, այլ նաև նրանում գտնվող ամեն մի ձկան վրա:
Ափսոս, որ մյուս ավետարանիչները չեն արձանագրել այս հրաշքի մասին, հետաքրքիր կլիներ կարդալ Պետրոսի արձագանքը՝ որպես ձկնորս:
Այստեղ մենք մի ուրիշ գեղեցիկ դաս էլ տեսանք, որ Տէր Հիսուս ասում է,- բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք: Մեծագույն հարգանք ունենալով օրենքի հանդեպ, դարձյալ օրինակ եղավ Պետրոսի համար, որ օրենքը պետք է պահել: Չէ որ ինքն էր սովորեցրել, թե կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն:
Պատմում են, որ մի թագավոր շրջում է քաղաքում իր ծառաների հետ, երբ հասնում է հարկահավաքներին, հրամայում է իր ծառաներին, որ իր հարկը վճարեն մաքսավորին: Ծառաները հարցնում են,- մի՞թե բոլոր հարկերը քոնը չեն, ի՞նչի համար է պետք վճարել քեզ համար: Բոլոր հարկերը իմն էն,- ասաց թագավորը,- բայց որպեսզի օրենքը խախտած չլինենք մարդկանց աչքի առջև, պետք է վճարել անպայման:
Սիրելիներ, այստեղ Հիսուս կարող էր պնդել, որ Ինքը պարտավոր չէ տուրք տալ տաճարին, հատկապես, որ իրեն հայտնի չէ, թե այդ գումարները տաճարում ինչ նպատակներով է ծախսվում: Բայց որպեսզի գայթակղություն չհանդիսանա շատերի համար, ասում է այո կտանք: Այս օրինակով մենք էլ կարող ենք ուղղորդվել ողորմություն անելիս, կամ տասանորդ տալիս:
Երբեմն մեզ մոտ էլ հարց է առաջանում, արդյո՞ք այդ դրամը որ տվեցինք, նպատակին ծախսվեց թե՞ ոչ:
Նկատի ունեմ մի մուրացկանի, որ դրամ է հավաքում: Մենք պետք է տանք մեր կարողության չափով, մեր պարտքը տալն է: Անշուշտ եթե բացահայտ հարբեցող է, այդ դրամով խմիչք է առնելու և այդ հարբած վիճակի մեջ ավելի երկար է մնալու:Այս պարագայում կարող եք նրա համար սնունդ գնել: Բայց անտարբեր անցնել մուրացկանի կողքով, եթե գրպանումդ բավարար դրամ կա, ճիշտ չէ:
Հետևաբար, սիրելիներ ուշադիր կարդալով Սուրբ Գիրքը, մենք գտնում ենք շատ ու շատ պատասխաններ մեր հարցերին: Աստծու խոսքով լուսավորենք մեր միտքը, իսկ մեր մտքի եղածով լուսավորենք մեր կյանքի ամեն օրը: Աստվածաշունչը մեծագույն Բժիշկ է, եկեղեցին հոգևոր հիվանդանոց է: Այնտեղ կարող են հայտնվել ամենատարբեր հիվանդության տեր մարդիկ: Բոլորի համար դեղ կա այդ հիվանդանոցում, եթե ախտորոշողը հմուտ է, իսկ հիվանդը՝ լսող: Մեզնից ոչ ոք չգիտե, թե ե՞րբ կպահանջվի իր տնտեսության հաշիվը: Բայց որ մի օր պահանջվելու է, բոլորս ենք դրանում համոզված:
Վերջապես մենք պետք է հասկանանք, ո՞վ է Աստված, ո՞վ ենք մենք: Ի՞նչ պարտականություն ունենք Աստծու հանդեպ և ի՞նչի համար: Որքանո՞վ ենք մենք հավատարիմ մեր տնտեսության մեջ և որքանով ենք ճանաչում մեր չափը մեր նմանի հանդեպ: Նայելով մեր իրականությանը, քաջալերող ոչինչ չենք հայտնաբերում: ինչպես առակողն է ասում,- օրը օրվան միտք է տալիս: յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի անորոշ է, քան նախորդը: Իրադարձությունները մեկը մյուսի հետևից գալիս են մեզ փաստելու, որ մեր տնտեսությունը բարվոք վիճակում չէ: Իսկ մեր ժողովուրդը միայն ակնապիշ հետևում է աշխարհում տեղի ունեցող ահագնացող լուրերին և հայտնվում փակուղու առջև՝ վախը սրտում:
Սիրելիներ ես ուզում եմ զգուշացնել նրանց, որոնք դեռ չեն սկսել կարդալ Աստվածաշունչը, թող սկսեն կարդալ: Աստվածաշունչը գեղարվեստական գիրք չէ, որ կարդաս, միանգամից հասկանաս ու փակես: Աստվածաշունչը մի գիրք է, որը պատմում է քո մասին, քո ծննդյան օրից սկսյալ: Քո կատարած բոլոր գործերի մասին, որ ծածուկ է, կամ բացահայտ: Նաև ծանոթացնում է քեզ քո Փրկչի հետ, որը ստեղծել է քեզ, և համբերատար հետևում է քո կյանքի ընթացքին, բայց խոստացել է, որ մի օր գալու է և քեզ հարց է տալու:
Տո՛ւր,- ասելու է,- քո տնտեսության հաշիվը, քանի որ քո մասին շատ ամբաստանություն լսվեց և դու այլևս չե՛ս կարող տնտես լինել:
Կամ ասելու է,- ապրես, բարի և հավատարիմ ծառա, քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատը կվստահեմ: Մեր կյանքը երբեք ինքնանպատակ չէ, որ ծնվենք, ապրենք ինչպես ուզում ենք և մեռնենք՝ առանց պատասխանատվության: Այս կացարանը մեզ ժամանակավոր է տված: Տված չէ, որ ձևափոխենք և սարքենք այնպես, ինչպես որ մենք ուզում, այլ տրված է որ վերանորոգենք ամեն վնասված հատված և ապրենք: Մեր մարմինները նրա համար չեն, պլաստիկ վիրահատություններով գեղեցկացնենք՝ անտեսելով, կամ չհավանելով Աստծու ստեղծածը: Խոսքս անհրաժեշտ վիրահատական միջամտությունների մասին չէ:
Խոսքս ուզում եմ ավարտել Ժողովողի վերջին խոսքով, թե՝ . «Եւ ահա լսի՛ր իմ բոլոր խօսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց եւ պահի՛ր նրա պատուիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, որովհետեւ Աստուած պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի»։ Ավարտեցինք Մատթևոսի Ավետարանի 17 րդ գլուխը: Աստված կամենա, վաղը կսկսենք 18 րդ գլխի սերտողությունը: Փառք Աստծուն Իր կատարյալ բարիքների համար, որով կրթում ու վերանորոգում է մեր տաճարում ապրող հոգին: Մնացեք սիրով՝ հավատարիմ ձեր տնտեսությանը և հոգատար՝ ձեր տաճարին, որում ապրում է Աստծու Սուրբ հոգին:
Հարց. Ովքե՞ր էին պարտավոր տուրք տալ, որդինե՞րը, թե՞ օտարները:
Տեղեկութիւններ
Սիրելիներ, այսօր ծանոթանանք մեղաների հինգերորդ պարբերության հետ, որը վերաբերում է մեր լեզվին;
Ե. Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ՝ ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգմոգությամբ, քսությամբ (բամբասանք, չարախոսություն) դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով։ Մեղանչեցի Աստծո դեմ։
1. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ողջ մարմինը»,- ասում է Հակոբոս առաքյալը։ Ապա ասում է.
«Լեզուն մի փոքրիկ անդամ է, բայց մեծ-մեծ բաներ է խոսում։ Ահա մի փոքր կրակը ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ Լեզուն էլ է կրակ, անիրավության մի աշխարհ….» (Հակոբ.3: 2)։
Մեր լեզուն՝ «այդ փոքրիկ անդամը», գործածելիս մեծ զգուշության ու զգոնության կարիք ունենք, որովհետև նրանով՝ որպես գործիքով, կարող ենք շատուշատ և՛ բարի, և՛ չար գործեր կատարել. թե՛ վերքեր բուժել և թե՛ վիրավորել, թե՛ կենդանացնել և թե՛ սպանել, թե՛ մարդկանց մեղքից հետ պահել ու դեպի առաքինությունները մղել և թե՛ դեպի մեղքը գայթակղեցնել, ինչպես նաև թե՛ մեր փրկությունն ապահովել և թե՛ ինքներս մեզ դատապարտել։ Քանզի լեզուն ինքնագլուխ՝ առանց հոգուն հնազանդվելու,չի գործում: ինչպես Տեր Հիսուսն է ասում. «Բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարինէ հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձրից չարն է հանում։ Ասո՛ւմ եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն դատարկ խոսքի համար պատասխան պիտի տան դատաստանի օրը, որովհետև քոխոսքերո՛վ ես արդարանալու և քո խոսքերո՛վ դատապարտվելու»: (Մատթ. ԺԲ 34-37)։
Ուրեմն՝ «Մեղայի» այս հատվածում ներկայացված են մեր սրտի չար գանձերից ելած չար խոսքերը՝ չարաբանությունները, որոնք վերաբերում են մարմնի հինգ զգայարաններից մեկին՝ բերանին, և չարաբանությունների շարքում առաջինը դասվել են ստախոսությունն ու նրա տարատեսակներ սուտ երդումը և երդմնազանցությունը։