ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Եսայու մարգարեությունը 1.16-20
Ավետարան ըստ Մատթևոսի. 17:14-20
ՅԻՍՈՒՍ ԴԻՒԱՀԱՐ ՏՂԱՅ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
14 Երբ ժողովուրդին քով եկան, մարդ մը մօտեցաւ անոր եւ ծունկի վրայ գալով՝ ըսաւ. «Տէ՛ր, իմ որդիիս ողորմէ, որ կը լուսնոտի եւ չարաչար կը տանջուի, քանզի յաճախ կրակի մէջ կ՚իյնայ ու յաճախ ջուրի մէջ։ 15 Քու աշակերտներուդ բերի ու չկրցան զանիկա բժշկել»։ 16 Յիսուս ըսաւ. «Ով անհաւատ եւ խոտորեալ ա՛զգ, մինչեւ ե՞րբ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ ե՞րբ ձեզի պիտի համբերեմ. զանիկա հոս ինծի բերէք»։ 17 Յիսուս սաստեց ու դեւը անկէ ելաւ եւ տղան բժշկուեցաւ նոյն ժամուն։ 18 Այն ատեն աշակերտները առանձին Յիսուսի քով երթալով՝ ըսին. «Մենք ինչո՞ւ չկրցանք հանել»։ 19 Յիսուս ըսաւ. «Ձեր թերահաւատութեանը համար. քանզի ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս լերան ըսէք, ‘Ասկէ անդին փոխադրուէ’, պիտի փոխադրուի ու բան մը անհնարին պիտի չըլլայ ձեզի։ 20 Սակայն այս տեսակը ուրիշ բանով չելլեր, բայց միայն աղօթքով ու ծոմապահութեամբ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, մինչև սերտողությանն անցնելը հիշեցնեմ ձեզ, որ այսօր սկսվում է Մեծ Պահքը: Պահքի մասին շատ ենք խոսել, և դուք էլ այլ աղբյուրներից հավանաբար տեղեկացած եք: Եթե ընթացքում պահքի վերաբերյալ անհասկանալի հարցեր կառաջանան, գրեք կամ ուղիղ եթերի ժամանակ ուղղեք ձեր հարցը: Մեր եկեղեցում պահքը պարտադրված չէ,որովհետև այն բխում է միայն պահողի հոգևոր շահերից: Այնպես ինչպես պարտադրված չէ եկեղեցական որևէ արարողություն՝ ներառյալ Աստվածաշնչի սերտողությունը: Այն քրիստոնյան, որը մտահոգ է իր հոգու փրկության համար, նրան պետք չէ զգուշացնել Պահքի մասին, իսկ այն քրիստոնյան, որը մկրտության խաչից բացի ոչինչ չունի, նրան պարտադրենք էլ, չի՛ անելու: Պահքը շատ անհատական է, գիտակցված մոտեցում է պետք, առանց ծայրահեղությունների: Միայն մեկ դիտարկում. Նա ով պահում է պահքը, թող չմեղադրի նրան, որը չի պահում: Իսկ ով չի պահում պահք, թող արհամարհական չվերաբերվի նրան, որը պահում է: Մեր իրականության մեջ այնքան է աղավաղվել ամեն բան, որ երբեմն անհավատի արարքը ավելի քաջալերելի է քան քրիստոնյայինը: Հետևենք մեր Տիրոջ այն խոսքին, որը հաճախ է կրկնում, թե՝ ականջ ունեցողը կլսի, աչք ունեցողը կտեսնի, ոտք ունեցողը կգնա Տիրոջ հետևից: Քրիստոնյաներիս միակ պարտք այն է, որ ապրենք քրիստոնյայի կյանքով և մեր ապրած կյանքը լինի քարոզ այլոց համար: Գուցե գտնվի մեկը, որը կզգա տարբերություն իր խավարի և քո լույսի միջև: Պահք պահողներին թող Աստված ուժ կարողություն տա անցնելու ճշմարիտ ապաշխարության երկար ճանապարհը: Իսկ ովքեր չեն պահում, կամ լուր չունեն, Աստված իմաստություն տա, մտնելու համար հոգևոր կյանքից ներս, որովհետև դուրսը ապահով չէ: Բարի ընթացք բոլորիդ:
Մենք հասանք 17 րդ գլխի երկրորդ մասին, երբ Պայծառակերպության տեսիլքից զմայլված երեք աշակերտները իրենց Վարդապետի հետ իջնում են Լեռից: Ներքևում նրանց դիմավորում են մյուս աշակերտները, որոնց հետ վեճի էին բռնվել որոշ փարիսեցիներ: Այդ պահին ժողովրդի միջից մի մարդ տեսնելով Հիսուսին, ուրախությամբ առաջ եկավ և խնդրեց, որ օգնի իր որդուն, որը տառապում էր լուսնոտությունից:
Մերօրյա բժշկությունն էլ փաստում է այս հիվանդության վտանգավորությունը, քանի որ լուսնոտությամբ տառապող մեկը կարող է քնած ժամանակ իջնել անկողնուց և գնալ, առանց հասկանալու: Նույնիսկ պատահել են դեպքեր, երբ այդ հիվանդությամբ տառապող մեկը քայլել է տանիքների վրայով՝ նույն զգուշությամբ, ինչպես որ կքայլեր օրինակ արթուն մարդը: Այսօր այս հիվանդության պատճառները բացահայտված են, և բուժումներ կան, իսկ Քրիստոսի ժամանակ բնականաբար ով տառապում էր այդ հիվանդությամբ՝ ինչ որ կերպով վնասում էր իրեն, ինչպես որ այս հիվանդի հայրն է ասում, թե երբեմն կրակի մեջ է ընկնում, երբեմն՝ ջրի:
Բայց մնացած աշակերտները չէին կարողացել օգնել այդ հիվանդին, ինչի մասին հայրը տեղեկացրեց Հիսուսին: Ավետարանն ասում է, որ Հիսուս նրան սաստեց և դևը դուրս եկավ նրանից: Հավաքված բազմությունը ուշադրությամբ հետևում էր, թե ինչպե՞ս է բժշկվելու այդ հիվանդը: Տէր Հիսուս անհավատ սերունդ անվանեց ո՛չ թե իր աշակերտներին, այլ՝ այդ մարդկանց, որոնք առանց հավատի դարձյալ հրաշքի էին սպասում, որպեսզի բավարարեն իրենց հետաքրքրությունը և գնան ու պատմեն այս ու այ կողմում: Ուրիշ ոչինչ: Ամեն անգամ մի բժշկություն անելիս, Տէր Հիսուս հարցնում է ,- հավատո՞ւմ եք:
Նրանք գիտեին, որ ամեն ինչի հիմքում հավատքն է, սակայն ոչնչով չէին ձգտում հավատքի մեջ զորանալ:
Այս հատվածի մեկնաբանության մեջ կան տարբեր տեսակետներ, թե ո՞ւմ էր ուղղված ,,անհավատ սերունդՙՙ արտահայտությունը: Ոսկեբերան Հայրապետը կարծում է, որ խոսքը ուղղված է հենց երեխայի հորը՝ քանի որ Մարկոսի Ավետարանում արձանագրված է, որ երեխայի հայրը աղաղակում էր և ասում,- հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը: Այսինքն ինքը թերահավատ լինելով, միևնույն ժամանակ մեղադրում է աշակերտներին, որ չկարողացան օգնել և բուժել իր որդուն: Մեծ հավանականությամբ փարիսեցիների և աշակերտների միջև վեճի պատճառը աշակերտների չկարողանալն է եղել: Ըստ նկարագրության երեխան դեռահաս է, և ինչո՞ւ է հասել դիվահարության աստիճանի, դրա պատճառները առավել հայրը պետք է իմանար:Ի՞նչ կյանքով է ապրել երեխան, ի՞նչ միջավայրում, ի՞նչ զբաղմունքով: Հիվանդությունը հետևանք է:
Այստեղ մի պահ նայենք մեր կենցաղին, նայենք մեր երեխաներին, ու հիշենք այն հարցը, որ Տէր Հիսուս տվեց երեխայի հորը, թե,- Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրվանից, ինչ այդ նրան պատահել է:
Եթե այսօր մեր դեռահասների հետ կան խնդիրներ, և ես համոզվա՛ծ եմ, որ կան, այն էլ բազմաթիվ, ապա մենք էլ վերհիշենք, թե ինչքան ժամանակ է անցել այն օրից, որ մենք բավարարել ենք մեր երեխայի բոլոր քմահաճույքները, ենթարկվել ենք նրանց անհիմն պահանջներին, զբաղվել ենք մեր աշխատանքով և բաց ենք թողել նրանց իրենց ազատ կամքին՝ կախման մեջ մնալով ժամանակակից հաճույք պատճառող բոլոր միջոցներից: Մենք չեն հիշում, թե ինչքա՞ն ժամանակ է անցել այդ օրից, բայց մի օր տեսնում ենք, որ մեր սիրելի զավակը նույնպես դիվահարվել է՝ ժամանակակից դիվահարությամբ: Գուցե ոչ այնպես, ինչպես այս երեխան, բայց այսօրվա դիվահարությունը կարծում եմ ավելի վտանգավոր է: Մենք լսում ենք, թե ինչ քայլերի են դիմում ժամանակակից դեռահասները՝ մինչև իսկ ինքնասպանության: Որովհետև մենք չենք խոսում մեր երեխաների հետ, այլ ապահովում ենք ժամանակակից տեխնիկայով, որպեսզի ուրիշը խոսի մեր երեխայի հետ, ինչ որ կամենա, ոչ թե ինչ որ անհրաժեշտ է; Իսկ մեր ժամանակը զբաղված է մեր դրամ վաստակելու վրա:
Այսպես են ժամանակակից դևերը զբաղեցնում մեր երեխաներին՝ մեր միջամտությամբ: Իսկ երեխայի ներսի պարունակությունը դեռ դատարկ է, և հաջողությամբ լցվում է աղբով: Ժամանակ է անցնում, և որոմը հասունանում է: Պատահական հարց չտվեց Տէր Հիսուս երեխայի հորը: Այդ հարցը ուղղված է այսօր յուրաքանչյուրիս: Մենք էլ այն հոր նման աղաղակում ենք, երբ տեսնում ենք մեր զավակին դիվահարված:
Սիրելիներ, գուցե այն անհայտ ուժերը, որոնք մի աներևույթ տեղում նստած կառավարում են աշխարհը, հատուկ պայմաններ են ստեղծում, որպեսզի վնասեն մարդուն՝ ժամանակակից լավագույն գործիքներով սպանեն՝ հաճույք պատճառելով: Այսօրվա դեռահասի ներքին աշխարհը օտար է իր ծնողին: Նա այլ կերպ է մտածում և գործում: Մենք տեսնում ենք, թե որքան ծնողներ են տառապում իրենց զավակների՝ թվացյալ ժամանակակից ազատությունից: Ժամանակակից դևերն էլ ժամանակի պահանջի համեմատ են գործում: Փաստորեն երբ մեկը դիվահարվում է, նրա հիվանդությունները կարող են հանդես գալ տարբեր ձևերով: Ծնողները չափազանց ուշադիր պետք է լինեն երեխայի նկատմամբ՝ ծնվելու հաջորդ օրից սկսյալ: Երեխային փոքրուց պետք է ծանոթացնել բարոյական արժեքների հետ, որպեսզի համեմատելիս կարողանա աղբի մեջ մաքուր ընտրություն կատարել: Սա շատ ծավալուն թեմա է, ամեն ընտանիքին առնչվող թեմա է, և արագ լուծում պահանջող հարց է: Մե՛նք պետք է խոսենք մեր երեխաների հետ, մե՛նք պետք է տանք մեր երեխաներին, մե՛նք պետք է լցնենք նրանց դատարկությունը, այլապես օտարը՝ օտար մտքեր կլցնի այնտեղ: Աշխարհը ամեն ինչ սովորեցնում է մեր երեխաներին, բացի գլխավորից՝ բացի Աստվածաշնչյան պատվիրաններից, որը ազատ մտածելակերպի մարդու համար սահմանափակումների շարան է: Որովհետև այլ ազատություն է մատուցվում երեխաներին, այլ իրավունքներ են մեջտեղ եկել: Պարտականությունները իսպառ վերացել են: Ինչևէ: Վերադառնանք մեր թեմային, և տեսնենք ինչո՞վ ավարտվեց այդ հանդիպումը դիվահար երեխայի հետ:
Մատթևոս ավետարանիչը ուշադրություն է դարձրել աշակերտների հարցի վրա, թե ինչո՞ւ իրենք չկարողացան բուժել: Իսկ Մարկոս ավետարանիչը կարևոր է համարել հիվանդ երեխայի հոր գեղեցիկ խոստովանությունը, թե՝ հավատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհավատությանը: Այս արտահայտությունը երբեմն հարազատ է նաև մեզ, որովհետև պահեր են լինում, երբ գիտենք, որ հավատում են, բայց մեր գործը չի բխում մեր հավատից զորությունից: Դրա համար է աշակերտներին ասում,- եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենայիք, լեռներ կշարժեիք:
Իսկ Ղուկաս ավետարանիչը անդրադարձել է, որ այդ հիվանդ երեխան միակն էր իր հոր և նա ուրիշ երեխա չուներ: Դրա համար էր այդպես աղերսում, որ Հիսուս ողորմի իրեն և օգնի, եթե կարող է:
Իսկ աշակերտները առանձին մոտեցան ու հարցրին պատճառը, թե ինչո՞ւ իրենք չկարողացան հանել այդ դևը: Ձեր թերահավատության պատճառով,- ասաց Հիսուս Քրիստոս աշակերտներին;
Պատկերացնո՞ւմ եք, այդքան հրաշք ու բժշկություն տեսած աշակերտները դեռ թերահավատ էին: Ինչո՞ւ: Որովհետև աստվածային միջամտություն է պետք ամուր հավատք ունենալու համար, մաքուր սիրտ է պետք այն ընդունելու համար: Մենք հետագայում տեսանք, որ աշակերտները Հոգեգալուստից հետո փոխվեցին ամբողջությամբ և իրապես կրողն ու բնակարանը դարձան Սուրբ Հոգու:
Հիշենք այն գեղեցիկ ավանդազրույցը, որ մի վանական ճգնավոր ծոմ է պահում և աղոթքով խնդրում է Աստծուց լսել իր հարցի պատասխանը: Այսպիսին էր հարցը: Ինչո՞ւ 12 աշակերտները կարողացան հասնել մեծ հաջողության, և աշխարհով տարածեցին Քո անունը, իսկ աշխարհում բազմաթիվ քարոզողներ կան, բայց արդյունք չկա: Պատասխանը չի ուշանում,- որովհետև տասներկու մաքուր սիրտ չկա…ասում է Աստված:
Տէր Հիսուս աշակերտներին ևս մեկ պատճառ ասաց բուժել չկարողանալու վերաբերյալ: Այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով և ծոմապահությամբ: Պահք պահողների համար լավ լուր է ասում Հիսուս Քրիստոս: Ծոմապահության զորության մասին է խոսքը, երբ մարմինը տկարացնում ենք սնունդով և զորացնում ենք հոգին՝ աղոթքով, այդ ժամանակ զորանում է նաև հավատքը:
Այստեղ մի արտահայտություն է անում Տէր Հիսուս, ասելով,- Մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ:
Եթե մենք այսօր արժանի լինեինք լսելու Աստծու ձայնը, ապա այս հարցը կլսեինք նաև մենք, որ ունենք Տիրոջից հաստատված Մկրտություն, Տիրոջից հաստատված Սուրբ Հաղորդություն, Տիրոջից հաստատված պատվիրաններ, և անգնահատելի խոստում՝ կյանք, առավել ևս կյանք: Միթե այսքանն ունենալուց հետո մենք արժանի չենք այս հանդիմանական հարցին: Այո՛ արժանի ենք: Որովհետև ամեն դեղամիջոց ունենք, դարձյալ հիվանդ ենք: Ամեն ինչ ստացել ենք, բայց մեզ պահում ենք չստացողի նման: Այս է պատճառը, որ մեր մանանեխի հատիկը չի մեծանում, և մեր մեղքի լեռները մնում են անշարժ: Այսօր բավարարվենք այսքանով, վաղը հանդիպելու ակնկալիքով: Մնացեք սիրով՝ հիշեք, թե ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրից, երբ մեղք ունեք, և չեք ազատվում նրանից:
Հարց, Ինչո՞ւ աշակերտները չկարողացան բուժել հիվանդ երեխային:
Տեղեկութիւններ
Այսօր ծանոթանանք մեղաների չորրորդ պարբերության բացատրությանը.
Դ. Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ՝ հեշտասիրությամբ, պղերգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Ուրեմն, ինչպես արդեն ասվել է, ցանկացած մեղք նախ խորհուրդներով է գործվում և ապա՛ մարմնի անդամներով, և մարդու մարմնի ցանկությունների աղբյուրն էլ հոգու մեջ է թաքնված, իսկ մեր նյութական մարմինն ինքը՝ առանց հոգու մասնակցության, բնականաբար մեղանչել չի կարող, և նրա բնական ցանկություններն ու կրքերը (ինչպես, օրինակ, սնվելու կամ հագնվելու պահանջը) մեղք չեն։ Մեր մարմինը միջոց է, որով մարդու հոգում ծնված ցանկություններն ի կատար են ածվում։
Սակայն մարմինն էլ նպաստում է, որ հոգին ցանկություններ ծնի, քանի որ իր զգայարաններով հաղորդակցվելով արտաքին աշխարհի հետ՝ հոգուն «նյութ» է մատակարարում՝ բարի կամ չար խորհուրդներ ու ցանկություններ ծնելու համար։ Այսպիսով՝ հոգին ու մարմինը գործում են փոխշաղկապված, սակայն գլխավոր թե՛ «բարեգործը», թե՛
«չարագործը» և թե՛ «պատասխանատուն» մնում է հոգին, և ուրեմն մարմնով գործվող բոլոր մեղքերը նախևառաջ հոգու մեղքեր են։ Ուստի երբ ասվում է «մարմին» կամ «մարմնական» գործեր, ընդհանուր իմաստով նկատի է առնվում մեղքը՝ ի հակադրություն «հոգու» կամ «հոգևորի», որով ցույց է տրվում այն ամենն, ինչ բարի է, առաքինի ու աստվածային։
Մեր նյութական մարմինը կարիք ունի խնամքի՝ կենդանի մնալու և մեր հոգու փրկությանը ծառայելու համար, քանի դեռ այս աշխարհում ենք։ Սակայն այդ խնամքը պիտի չափավոր լինի, այլապես մարդու հոգին ու մարմինը կարող է տանել դեպի անմաքուր ցանկություններ ու մեղքեր։
Մարմինն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է իր զգայարանների միջոցով, որոնք հինգն են։ Սրանք պատկերավոր կերպով կոչվում են «մեր մարմնի տան դռներ՝ լավ և վատթար ամեն ինչի՝ դրսից ներս և ներսից դուրս գալու»։ Այդ «դռները» հինգն են՝ տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը)։ Մարդն իր այս զգայարաններով է գործում թե՛ բարին և թե՛ չարը։
Մարմնի մաքրության պահպանումը շատ կարևոր է քրիստոնյայի համար. իհարկե այստեղ խոսքը մեղքից ու արատավոր ցանկություններից, հիմնականում պոռնկությունից, մարմինը մաքուր պահելու մասին է։ Մեր մարմինը պոռնկության համար չի ստեղծված, այլ Տիրոջ։ Այն Սուրբ Հոգու տաճարն է, քանզի Աստծո Հոգին Իր շնորհներով մեր մարմնի ներսում է հանգրվանում, սակայն անմաքուր, անսուրբ մարմնի մեջ Սրբության համար տեղ լինել չի կարող։