ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Առակներ 8.22-34
Եզեկիելի մարգարեությունը 44.1-2
Մաղաքիայի մարգարեությունը 3.1-4
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 3.24-29
Ավետարան ըստ Ղուկասի 2.22-40
Ավետարան ըստ Մատթևոսի 17:1- 13.
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
1 Վեց օր յետոյ Յիսուս իրեն հետ առաւ Պետրոսը ու Յակոբոսը եւ անոր եղբայրը Յովհաննէսը ու զանոնք բարձր լեռ մը հանեց առանձին։ 2 Անոնց առջեւ այլակերպեցաւ ու իր երեսը փայլեցաւ արեգակի պէս ու իր հանդերձները ճերմկցան լոյսի պէս։ 3 Եւ ահա երեւցան անոնց Մովսէսն ու Եղիան ու իրեն հետ կը խօսակցէին։ 4 Խօսեցաւ Պետրոս ու ըսաւ Յիսուսի. «Տէ՛ր, աղէկ է որ հոս կենանք. եթէ կ՚ուզես, երեք խրճիթ շինենք հոս, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսին ու մէկը՝ Եղիային»։ 5 Երբ անիկա կը խօսէր, լուսաւոր ամպ մը անոնց վրայ հովանի եղաւ եւ ամպէն ձայն մը եկաւ՝ ըսելով. «Ատիկա է սիրելի Որդիս, որուն հաւներ եմ, ատոր մտիկ ըրէք»։ 6 Աշակերտները երբ լսեցին, երեսնուն վրայ ինկան ու խիստ վախցան։ 7 Յիսուս մօտենալով դպաւ անոնց ու ըսաւ. «Ելէ՛ք, մի՛ վախնաք»։ 8Աչքերնին վերցուցին ու մէկը չտեսան, բայց միայն Յիսուսը։
9 Երբ լեռնէն վար կ՚իջնէին, Յիսուս պատուիրեց անոնց ու ըսաւ. «Այդ տեսիլքը մարդու մի՛ պատմէք, մինչեւ Որդին մարդոյ մեռելներէն յարութիւն առնէ»։ 10Աշակերտները իրեն հարցուցին. «Ինչո՞ւ համար դպիրները կ՚ըսեն թէ ‘Պէտք է որ առաջ Եղիան գայ’»։ 11 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց. «Յիրաւի առաջ Եղիան կու գայ եւ ամէն բան կարգի կը դնէ։ 12 Բայց ձեզի կ՚ըսեմ թէ Եղիան արդէն եկած է եւ զանիկա չճանչցան, հապա ինչ որ ուզեցին ըրին անոր. նոյնպէս ալ Որդին մարդոյ անոնցմէ պիտի չարչարուի»։ 13 Այն ատեն հասկցան աշակերտները թէ Յովհաննէս Մկրտչին համար ըսաւ անոնց։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի հավատացյալ համայնք, բարի լույս, բարի կիրակի եմ մաղթում բոլորիդ և շնորհավորում եմ ամենքիդ Տեառնընդառաջի տոնի առթիվ: Թող ձեր սրտերն ու հոգիները նույնպես արժանանան Տիրոջ տեսությանը և ձեր աչքերը տեսնեն բոլոր ազգերի Փրկչի բերած ուրախությունը:
Այսօր մեր եկեղեցին տոնում է քառասնօրյա Մանուկ Հիսուսին տաճար բերելու տոնը: Տեառնընդառաջը համարվում է մեր եկեղեցու անշարժ տոներից: Այժմ համառոտակի ձեզ հիշեցնեմ տոնի խորհուրդը և սկսենք մեր այսօրվա սերտողությունը, որը մեկ այլ տերունական տոնի՝ Պայծառակերպության մասին է:
Հիսուսի ծննդից 40 օր անց, համաձայն մովսիսական օրենքի, ծնողները Նրան բերեցին Երուսաղեմի Տաճար՝ Տիրոջը ներկայացնելու համար:
Այստեղ նրանց ընդառաջ եկավ Սիմեոն անունով մի ծերունի, որին Սուրբ Հոգու կողմից հրամայված էր, որ նա չմահանա, մինչև որ տեսնի Տիրոջ Օծյալին: Նա գիրկն առավ Մանկանը և օրհնելով Աստծուն՝ ասաց. «Այժմ, ո՜վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի: Որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» Մինչ Հովսեփը և Մարիամը զարմացած լսում էին այս խոսքերը, ծերունին օրհնեց նրանց և ասաց Մարիամին. «Ահա, սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելում շատերի անկման ու բարձրացման և լինելու է նշան հակառակության: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»:
Այնտեղ գտնվում էր Աննա անունով մի մարգարեուհի, որ մոտ 84 տարեկան այրի էր, չէր հեռանում տաճարից և գիշեր ու զօր ծառայում էր Տիրոջը: Այդ պահին նա ևս մոտեցավ նրանց, սկսեց փառաբանել Աստծուն և վկայել, որ այս Մանկան միջոցով է տրվելու փրկությունը:
Սիմեոն Ծերունին և Աննա մարգարեուհին ոչ միայն կարևոր վկայություններ տվեցին Փրկչի մասին, այլև կենդանի խորհրդանիշը եղան Ադամի և Եվայի նրանց մեղքով ծերացած մարդկության, որն ի դեմս իրենց ընդառաջ եկավ Քրիստոսին՝ իր գիրկն ընդունելու Նրան և արձակվելու մեղքի կապանքներից, անցնելու հին ուխտից դեպի նորը, մահկանացու կյանքից դեպի հավիտենականը: Ուստի այս օրվա հիշատակն անվանում ենք Տյառնընդառաջ՝ խորհրդանշելով Տիրոջն ընդառաջ գալով Նրան մեր սրտում ընդունելը: Հնում Տյառնընդառաջը տոնում էին Աստվածահայտնության տոնախմբական շրջանում, իսկ այժմ Հայ Եկեղեցում այն տոնվում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի ծննդից 40 օր հետո: Այսօրվա տոնի առթիվ եկեղեցին կատարում է նորապսակների օրհնություն:
Սիրելիներ, եթե ուշադրություն դարաձրիք, Սիմեոն Ծերունին Մարիամ Աստվածածնին մի պատգամ հաղորդեց, թե՝ «Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»:
Գիտենք, որ սրտի սուրը նրա Որդու խաչելությունն էր, իսկ ի՞նչ է նշանակում, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան: Մեկնաբաններն ասում են, որ հազարավոր որդեկորույս մայրեր են եղել, կան և դեռ կլինեն բոլոր ժամանակներում: Նրանց սրտերը նույնպես խոցված է եղել իրեն զավակների մահով, հետևաբար Սուրբ Մարիամ Աստվածածինը տեսնելով իր որդու խաչելության ցավը պետք է դառնար համայն մարդկության և որդեկորույս մայրերի համար բարեխոս իր Որդու առջև, որպես նույն ցավը կրած մայր: Այսինքն՝ իր որդու խաչելությամբ ինքը առավել կզգար այլոց ցավը և բազում սրտերի խորհուրդներ իրեն հայտնի կդառնար: Այսքանը մեր այսօրվա՝ Տեառնընդառաջի տոնի վերաբերյալ: Անհատակ ծով է Աստվածաշունչը, և խորհուրդները անսահման: Դժվար է լողալ չիմացողի համար:
Սիրելիներս, երեկվա մեր սերտողությունը ավարտվեց Տէր Հիսուսի և Պետրոսի երկխոսությամբ և մենք ենթադրեցիք, որ այն մարդիկ, որոնք մահ չեն ճաշակելու, գուցե նրանք են, որոնք Տիրոջ հետ բարձր Լեռը պիտի բարձրանան և տեսնեն Նրա Այլակերպության հրաշքը և Նրա աստվածային զորությունը, ինչի մասին կարդացի ձեզ: Բարձրացան աշակերտները բարձր լեռը և տեսան մարդու Որդուն՝ Իր արքայությամբ:
Առաջին տողը կարդալիս հարց է ծագում, ինչո՞ւ Տէր Հիսուս իր հետ Լեռ չի տանում իր տասներկու աշակերտներին, այլ՝ վերցնում է միայն երեքին՝ Հակոբոսին, Հովհաննեսին և Պետրոսին: Վերհիշենք, Լեռան քարոզի մեջ Տէր Հիսուս ասում է, Ես չեկա օրենքը փոխելու, այլ լրացնելու: Քանի որ օրենքի պահանջով որևէ վկայություն վավեր էր միայն երկու կա երեք անձ վկայությամբ, այդ պատճառով իր հետ վերցնում է երեքին՝ հետագայում Իր Պայծառակերպության փաստը հանրության համար արձանագրելու նպատակով; Ինչո՞ւ պետք եղավ Հիսուսին՝ իրեն հավատացող աշակերտների համար Պայծառակերպվել:
Որպեսզի նրանց ցույց տա Իր խոստումը, որ խոստացավ բոլոր մարդկանց մեռելների հարությունից հետո ունեցած իրենց փառավոր տեսքը: Որի մասին Հովհաննես առաքյալը իր թղթերում գրել է,- Չգիտենք ինչպիսին կլինենք հետո, բայց միայն գիտենք, որ կնմանվենք մեր Տիրոջը: Լեռան վրա մենք տեսնում ենք ևս երկու վկաներ երկնքից՝ Եղիա և Մովսես մարգարեներին: Երեք վկա երկրից և երկու վկա երկնքից: Այսինքն Մովսեսը վկա էր օրենքից, Եղիան՝ մարգարեություններից: Մովսեսը մահացել է. Իսկ Եղիան մահ չի տեսել, այլ երկինք է տեղափոխվեն հրեղեն կառքով՝ իր աշակերտ Եղիսեի աչքի առջև: Այսինքն հինգ վկաներ կային Պայծառակերպության ժամանակ, Մովսեսը և Եղիան օրենքի ու մարգարեության ներկայացուցիչները, իսկ երեք աշակերտները՝ երկրից՝ վկայելու համար: Երբ Պետրոսը տեսավ մարգարեների խոսակցությունը Քրիստոսի հետ, անմիջապես առաջարկեց տաղավարներ պատրաստել նրանց համար: Անշուշտ Պետրոսը շփոթմունքից չէր հասկանում ինչ էր ասում: Աստվածաշնչի մեկնաբանները Պետրոսի այս խոսքերը անվանում է ,,սուրբգրային ցնորքՙՙ: Քանի որ այնքան էր տպավորված տեսիլքով, որ կամեցավ նրանց հետ տաղավարներում ապրել այդ լեռան վրա: Եվ մինչ Պետրոսը իր վառ երևակայությունների մեջ էր, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ, և ամպից լսվեց մի ձայն, որն ասում էր,- Դա է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք: Ամպը Աստվածաշնչում Աստծու ներկայությունն է խորհրդանշում;
Եթե հիշում եք, մենք այս ձայնը լսել ենք նաև Հորդանանում՝ մեր Տիրոջ մկրտության ժամանակ՝ դարձյալ երկնքից, բայց այլ բովանդակությամբ: Այստեղ ասում է Դրա՛ն լսեցեք, իսկ մկրտության ժամանակ չի ասում Դրան լսեցեք, քանի որ Հիսուս դեռ չէր քարոզում մինչև մկրտություն: Այլ ասում է,- Նա ունի Իմ ամբողջ բարեհաճությունը: Աշակերտները սաստիկ վախեցան այդ ձայնից և երեսի վրա ընկան: Այս երևույթը մեզ ծանոթ նաև Ծննդոց գրքից, երր ժողովուրդը Մովսեսին ասում էր մենք էլ ենք ուզում լսենք Աստծու ձայնը՝ պատվիրանները փոխանցելու ժամանակ, իսկ երբ Աստված խոսեց, բոլորը երեսի վրա ընկան սարսափից և խնդրեցին, որ Մովսեսը իրեն փոխանցի Աստծու պատվիրանները:Իրենք չեն կարողանում լսել և սարսափում են այդ ձայնից:
Երբ Հիսուս մոտեցավ աշակերտներին գոտեպնդելու, երբ նրանք իրենց գլուխները բարձրացրին, տեսիլքը այլևս չկար, այլ տեսան միայն Հիսուս Քրիստոսին մենակ կանգնած: Մի վախեցեք,- ասաց նրանց Հիսուս Քրիստոս՝ Սկիզբն ու վերջը, Ալֆան և Օմեգան:
Իջան բոլորը լեռից, և Հիսուս զգուշացրեց, որ այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեն, մինչև մարդու Որդին մեռելներից Հարություն առնի: Ինչո՞վ էր կարևոր, որ աշակերտները տեսնեին այդ Պայծառակերպության տեսիլքը մինչև հարություն: Աշակերտները չգիտեին, բայց Հիսուս գիտեր, թե ի՞նչ մահ է իրեն սպասում, և ինքը Պայծառակերպվելու զորություն ունենալով հանդերձ, ինքնակամ գնում է խաչելության: Որպեսզի երբ աշակերտները տեսնեին իր տանջանքները խաչի վրա հասկանային, որ կամավոր է խաչը բարձրացել մարդու փրկության համար: Եթե չկամենար, կարող էր խաչողների աչքի առջև պայծառակերպվել և բոլորը կուրանային այդ լույսից:: Աշակերտները Հիսուսին հարցնում են նաև Եղիայի գալստյան մասին և Հիսուս տալիս է նույն պատասխանը, թե Եղիան արդեն իսկ եկել է, բայց նրան չճանաչեցին և արեցին ինչ կամեցան; Նկատի ուներ Հովհաննես Մկրտչին, որ Եղիայի հոգով էր եկել: Սակայն Եղիան կգա և կվերահաստատի ամեն բան, ըստ Մաղաքիա մարգարեի, որն ասում է,- Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան, որ կգա Տիրոջ մեծ ու երևելի օրը: Մաղ.5:4
Բայց մարդու Որդին ևս նրանց ձեռքով է չարչարվելու: Աշակերտները հասկացան, թե ինչ էր ասում այն ժամանակ Հովհաննես Մկրտչի մասին: Քանի որ Հովհաննես Մկրտիչը եկավ Քրիստոսի առաջին Գալուստից առաջ, իսկ Եղիա մարգարեն կգա Երկրորդ Գալուստից առաջ: Սիրելիներ, ավարտեցինք Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության մասին Մատթևոսի Ավետարանի 17 րդ գլխի սկիզբը: Այսօրվա տեղեկությունները մի փոքր բազմաշերտ էր և ծավալուն, բայց դուք էլ արդեն կաթնակեր չեք, ինչպես Պողոս առաքյալն է ասում, այլ կարող եք մի քիչ պինդ կերակուր ուտել: Մնացեք սիրով՝ թող այսօրվա տոնը օրհնություն լինի ձեզ համար, իսկ սերտողությունը թող ավելացնի ձեր հավատքն առ Աստված:
Հարց. Ո՞ր աշակերտները Լեռը բարձրացան Հիսուսի հետ.
Տեղեկութիւններ
Զղջումն
Այսօր կծանոթանանք մեղաների երրորդ բաժնի հետ, որը կապված է մարդու մտքի չար խորհուրդների հետ:
Գ. Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով՝ նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակնությամբ, թուլությամբ, պոռնկական խորհուրդով՝ արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական գիջությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Մտքի «շարժումները», ինչպես ներկայացված է այս խոստովանության նախորդ՝ Բ հատվածում, նշանակում են մտքի (կամ, ինչպես ասվում է, սրտի) խորհուրդները։ Այստեղ ներկայացվող չար խորհուրդների շարքում դասված մեղքերը սրտի չար զգացումներ են և մտքում գործվող մեղքեր։ Սակայն պետք է գիտենալ, որ ցանկացած մեղք էլ՝ «Մեղայի» որ հատվածում էլ ներկայացվի, նախ խորհուրդներով է գործվում և ապա՛ միայն արտաքին գործով։
Նենգությունը ատելության ու կեղծավորության մի խառնուրդ է, որ գիտի արտաքին բարեկրթության ու բարեկամության քողի տակ դավեր նյութել, իսկ ատելությունը, պարզ է, որ սիրո հակադիր մոլությունն է։
«Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է»:Ա Հովհ.3:15, մինչդեռ մեր Տերը մեզ պատվիրել է սիրել անգամ մեր թշնամիներին։
Հիշաչարությունը (կամ խեթը, ինչպես գրաբար բնագրում) մարդու սրտում թաքնված ոխն է, որի դեղը սրտանց ներելն է.
«Եթե դուք մարդկանց չներեք նրանց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների»(Մատթ. 6:15)։
Մախանքն ու չարակնությունը (հաչաղանք) ըստ էության նույն բանն են. մախանքը նախանձն է, իսկ չարակնությունը՝ մեկին չար ու նախանձոտ աչքով նայելը՝ ասես նրան չարիք մաղթելով։
Թուլությունը և սրան հաջորդող մեղքերը պոռնկության տարատեսակներ են։ Զգոնության ու ժուժկալության մեջ թուլանալը և անմաքուր ցանկական զգացումներին ու խորհուրդներին տրվելը հենց այս հատվածում նշվող թուլությունն է, որի արգասիքն են ամեն տեսակ պոռնկական խորհուրդները՝ արվամոլական,իգամոլական, ինչպես նաև անասնական, գրաստական ու գազանական, որոնք միևնույն բանն են նշանակում, միայն այն
տարբերությամբ, որ անասնական ու գրաստական պոռնկական խորհուրդներն ընտանի կենդանիների հետ խառնակումն են ցույց տալիս, իսկ գազանականը՝ վայրի գազանների հետ։ Այս խորհուրդները մարդ կարող է ունենալ թե՛ գիշերը և թե՛ ցերեկը՝ ընկնելով երազային անսթափ ու անմաքուր վավաշոտ վիճակի՝ գիջության, և անրջական (դարձյալ նշանակում է երազային) գարշելի աղտեղության (աղտեղություն=կեղտոտություն, անմաքրություն) մեջ։
Այսքանը մտքի չար խորհուրդների մասին;