ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Եզեկիելի մարգարեությունը 3.16-19
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.1-14
Ավետարան ըստ Մատթեոսի 12.22-32
Ավետարան ըստ Մատթևոսի.16:21-28
ՅԻՍՈՒՍ ԻՐ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
21 Անկէ յետոյ Յիսուս իր աշակերտներուն ցուցուց թէ՝ պէտք է որ ինք Երուսաղէմ երթայ ու շատ չարչարանքներ կրէ ծերերէն եւ քահանայապետներէն ու դպիրներէն եւ սպաննուի ու երրորդ օրը յարութիւն առնէ։ 22 Պետրոս մէկդի առաւ զանիկա եւ սկսաւ յանդիմանել զանիկա ու ըսել. «Քաւ լիցի, Տէ՛ր, այդ բանը քեզի չըլլայ»։ 23 Ինք դառնալով՝ Պետրոսին ըսաւ. «Ետիս գնա՛, Սա՛տանայ, ինծի գայթակղութիւն ես դուն. վասն զի Աստուծոյ բաները չես մտածեր, հապա մարդոց բաները»։
24 Այն ատեն Յիսուս իր աշակերտներուն ըսաւ. «Եթէ մէկը իմ ետեւէս գալ կ՚ուզէ, թող իր անձը ուրանայ եւ իր խաչը վերցնէ ու իմ ետեւէս գայ։ 25 Վասն զի ով որ կ՚ուզէ իր անձը ապրեցնել, պիտի կորսնցնէ զանիկա եւ ով որ ինծի համար իր անձը կը կորսնցնէ, պիտի գտնէ զանիկա, 26 Քանզի ի՞նչ կը շահի մարդ եթէ բոլոր աշխարհը վաստկի եւ իր անձը կորսնցնէ, կամ իր անձին համար ի՞նչ ազատչէք պիտի տայ մարդ։ 27 Վասն զի Որդին մարդոյ իր Հօրը փառքովը պիտի գայ իր հրեշտակներուն հետ եւ այն ատեն ամէն մէկուն իր գործերուն համեմատ հատուցում պիտի ընէ։ 28 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ՝ Հոս ներկայ եղողներէն մէկ քանիները կան՝ որոնք մահուան համը պիտի չառնեն, մինչեւ տեսնեն Որդին մարդոյ իր թագաւորութիւնովը եկած»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի ունկնդիրներ, բարի լույս ձեզ, Աստծու ողորմությամբ մենք դարձյալ միասին ենք, ծանոթանալու համար այսօրվա սերտողության նյութին և սքանչանալու մեր Ամենարվեստն Տիրոջ կյանքի պատմությանը:
Նախորդ սերտողության մեջ մետ տեսանք, որ Հիսուս հարց ու փորձ է անում աշակերտներին՝ իմանալու համար, թե ի՞նչ են կարծում մարդիկ Իր մասին, և թե ի՞նչ են կարծում հենց աշակերտները: Տէր Հիսուս գիտեր երկրի վրա ունեցած Իր սահմանափակ ժամանակահատվածը, և պետք է հասցներ ծանոթացնել աշակերտներին Իր փրկչական բոլոր ծրագրերի հետ, հետևաբար նրանց կարծիքը իմանալուց հետո, սկսեց ավելի հստակորեն հայտնել աշակերտներին՝ կանխասացություններ Իր մահվան և հարության մասին, որոնք պետք է տեղի ունենան Երուսաղեմում: Ինչի մասին Ավետարանից կարդացի քիչ առաջ ձեզ համար:
Պետրոսին մենք արդեն ճանաչում ենք, իր զգացմունքային բնավորությամբ և Տիրոջ հանդեպ ունեցած իր հավատարմությամբ, սակայն Պետրոսը Տիրոջը հավատարիմ լինելով հանդերձ, մեզ պես երերուն է, ավելի շատ մարդկային մտածելակերպով է մոտենում հարցերին, քան հոգևոր: Բայց ժամանակ է, պետք որպեսզի Սուրբ Հոգին գա և Պետրոսին դարձնի ծանրակշիռ առաքյալ և Քրիստոս քարոզող: Դարձնի Քրիստոսի համար սիրով նահատակվող, քանի որ նահատակության Նպատակը վեր պիտի համար իր ապրած կյանքից: Այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսի խաչելության նպատակը վեր է ամեն մի գայթակղությունից, կամ մարդկային խղճմտանքից, որ մարդիկ ունենում Իր խաչելության հանդեպ:
Այդպիսի մի զգացողություն էլ ունեցավ Պետրոսը, երբ իմացավ, որ իրենց Վարդապետին մահ է սպասվում: Խանդավառվելով Քրիստոսի երեկվա գովեստից, մի կողմ տանելով Հիսուսին ասաց,- Քավ լիցի, Տէր, այդ քեզ չի՛ պատահի:
Սիրելիներ, այստեղ մի պահ ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մեր անձերի վրա: Ինչքան նման ենք մենք Պետրոսին՝ որևէ միտք արտահայտելիս: Մարդ արարածը կայուն չէ, և երբեք իրեն ամբողջությամբ չի ճանաչում, և երբեք չգիտե, թե որ իրավիճակում ինչպե՞ս կպահի իրեն: Այս հատվածները լավագույն դասեր են մեզ համար, մեր կյանքի իրադարձությունների մեջ անհրաժեշտաբար կիրառելու համար:
Մենք տեսանք, որ երեկ Պետրոսը նույն խանդավառությամբ Քրիստոսին դավանեց որպես Կենդանի Աստծո Որդի: Քրիստոս հավանեց Պետրոսի քաջությունը, Իրեն, որպես Աստծո Որդի դավանելու համար: Նույնիսկ խոստացավ Իր Եկեղեցին կառուցել Պետրոսի հավատքի վրա: Այստեղ Պետրոսն ասում է, թե անկարելի է, որ դա Քեզ պատահի: Իսկ օրեր հետո, երբ այդ բոլորը պատահի, երեք անգամ ուրանալու է իր Վարդապետին, ասելով չեմ ճանաչում դրան: Սա՛ է մարդկային իրական բնությունը՝ առանց աստվածային մասնավոր միջամտությամբ:
Պետրոսը հայտնվել էր Հմուտ Դարբնի ձեռքում և ժամանակի ընթացքում այդ դպրոցը նրանից պատրաստվում էր աներեր հավատքի տեր մի մշակ, որը ցանելու էր Աստծու խոսքը աշխարհով մեկ:
Այսպես էր կրթվում Պետրոսը իր Վարդապետից: Նախորդ օրը երանելի համարեց Պետրոսին՝ իր հավատքի համար, այսօ՛ր սատանա է համարում գայթակղության համար: Սատանա նշանակում է հակառակորդ:
Ընտիր սովորելու դասեր են մեզ համար: Տեսեք, սիրելիներ, մեր Տէրը ինչքան կայուն վերաբերմունք ունի ցանկացած գայթակղության պահին: Նրան, ում երեկ երկնքի արքայության բանալիներն էր խոստանում, այսօր չի ափսոսում սատանա անվանել, քանի որ Իր նպատակը վեր է այս բոլոր մարդկային զգացողություններից: Մարդկային խորհուրդը նման չէ աստվածային խորհուրդներին:
Այստեղ է որ մենք սայթաքում ենք գայթակղության պահին, լսելով մեր ականջին հաճելի մարդկային խորհուրդներ, քան՝ աստվածային խորհուրդներ; Եթե մենք կարողանանք այս պահը մտապահել փորձության ժամին, շատ փորձություններից զերծ կմնանք: Որովհետև մարդու խորհուրդների նպատակը այլ է, Աստծո խորհուրդների նպատակը՝ այլ: Իսկ Պետրոսին մեր Տէրը ընտրել էր նրա՝ թերևս մի լավագույն հատկության համար: Պետրոսը արագ վեր էր կենում ամեն անգամ, երբ ընկնում էր, չվախենալով հաջորդ ընկնելուց: Այս հատկությունը բացակայում է մեզ մոտ, դրա համար մենք համերաշխ ապրում ենք մեր մեղքերի հետ, մոռանալով աստվածային խորհուրդները:
«Ետև՛ս գնա սատանա՛,(հակառակորդ) դու գայթակղություն ես ինձ համար»: Այս խոսքերը ուղղված են յուրաքանչյուրիս՝ երբ առաջին տեղում չենք դնում Աստծու ծառայությունը, այլ՝ մեր մարդկային մեր շահերը, գտնվելով նույն Քրիստոսի հաստատած եկեղեցում: Աստված չկամենա, որ այս խոսքերը հնչեն մեր հասցեին, ուր էլ որ գտնվենք::
Տէր Հիսուս Պետրոսին հաստատում է այն գաղափարի մեջ, որ, մարմինն ու արյունը չեն կարող աստվածային մտքեր ունենալ, եթե Աստված չհայտնի, ինչպես որ Երկնավոր Հայրը հայտնեց Պետրոսին՝ Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելու մասին: Այսինքն Տէրը Պետրոսին ցույց տվեց, թե ո՞ր դեպքում է, որ իր հավատի վեմի վրա կարող է կառուցել Իր Եկեղեցին: Որովհետև եկեղեցին էլ զերծ չէ գայթակղություններից ու հարձակումներից՝ հատկապես մեր օրերում:
Այստեղ էր, որ աշակերտները պետք է որոշում կայացնեին՝ հետևել Վարդապետին, թե ո՛չ: Նրանք, որոնք պետք է հետևեին, ինքնանպատակ չէր, այլ հստակ պայման ուներ՝ անձը ուրանալու: Անձ ասելով Տէր Հիսուս նկատի ունի մարմինն ու արյունը, որի մտածումները մարդկային են, որը ձգտում է մարմնական վայելքների, աշխարհի հաճույքների: Այդ ցանկասեր անձն է, որ պետք է պետք է կորցնել Հիսուս Քրիստոսի համար: Իսկ ի՞նչ է խաչը վերցնել և հետևել, եթե ոչ հաշտվել կյանքի այն դժվարությունների հետ, որոնք առաջացել են հենց այդ (գտած անձի) մեղքերի պատճառով: Մենք մեր գործած մեղքերի պատճառով որակազրկում ենք մեր կյանքը, հետո սկսում ենք բողոքել այդ վատ կյանքից:
Սիրելիներ, շատ հաճախ մարդիկ հարցնում են,- ինչո՞ւ է կյանքը գնալով ավելի չար դառնում: Ինչո՞ւ Աստված թույլ է տալիս, որ չարը մեզ փորձության ենթարկի: Իսկ Աստված հարցով դիմում է մարդուն,- Ով մարդ արարած, ապա նայիր քո մտքի մեջ որքան չար մտածումներ կան, մի՞թե դրանք իմ արտոնությամբ են: Ո՛չ: Չէ՞ որ դու ես մտածում չար ծրագրեր և ընթացք ես տալիս այդ ծրագրերին; Ո՛չ թե չարն է քո ընթացքը փոխում, այլ՝ դո՛ւ ինքնակամ հետևում ես չարին: Իսկ Ես քեզ ասում եմ, ուրացի՛ր այդ չար ծրագրեր արտադրող անձդ և հետևիր Ինձ, որպեսզի գտնես անմահ հոգիդ: Գուցե ծանր է խաչը, բայց տանում է Գողգոթա, որտեղ փրկություն եղավ: Իսկ դատաստանի օրը եղծանելի մարմինը կորսված հոգու համար ոչինչ անել չի կարող; Մարդն իր հոգու փոխարեն ի՞նչ փրկանք կարող է տալ պատասխանատվության օրը: Ավետարանը մեզ սովորեցնում է, որ եթե մեկը իր հոգին վնասվի աշխարհում, կվնասվի ողջ աշխարհը: Իսկ եթե մեկը փրկի իր հոգին, կփրկի ողջ աշխարհը:
Սիրելիներ, այսքանը ճիշտ հասկանալու համար, ձեզ մի հետաքրքիր հարց ու պատասխանի մասին պատմեմ:
Ավանդությունը մի գեղեցիկ զրույցի մասին է պատմում, որը տեղի է ունեցել Ալեքսանդր Մակեդոնացու և իմաստուն ծերի միջև: Ալեքսանդրին իր կյանքում մի քանի հարց է հետաքրքրել, և նա հրավիրել իմաստունին, որպեսզի պատասխանի իրեն հետաքրքրող հարցերին: Այսպիսին են հարցերը և պատասխանները:
1.Ո՞վ կարող է կոչվել իմաստուն. Նա՛, որը կարող է կանխատեսել ապագան:
2. Ո՞վ կարող է կոչվել հերոս. Նա, որը կարողանում է զսպել իր կրքերը:
3. Ո՞վ կարող է կոչվել հարուստ. Նա, որը բավարարվում է իր ունեցածով:
4. Ի՞նչ պետք է անի մարդը՝ հավիտյան ապրելու համար: Պետք է ուրանա իր անձը:
5 Ի՞նչ պետք է մարդը՝ արժանապատիվ մեռնելու համար: Պետք է ապրել անձնուրաց կյանքով:
Իսկ Տէր Հիսուս ասում է, եթե ամբողջ աշխարհն էլ շահի մարդը, իր կորցրած հոգու համար վճարելու ոչինչ չի ունենա դատաստանի ժամանակ, ինչպես որ անում են նյութական վնասները հատուցելու ժամանակ:
Ավարտին Տէր Հիսուս հիշեցնում է, որ մարդու Որդին գալու է Հոր փառքով՝ Իր հրեշտակների հետ միասին, և հատուցելու է յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Ուրեմն սիրելիներ, եթե մենք մեր հոգու զորություններով կարողանանք ուրանալ մեր անձը, որը մարմնի ցանկությունների գերին է, Տիրոջ Գալուստին մենք էլ կարժանանանք տեսնել մարդու Որդուն եկած Իր Արքայությամբ:
Իսկ ի՞նչ նշանակում է այն վերջին տողերը, որ ասում է, ձեր մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն՝ եկած արքայությամբ: Մահ չճաշակել պետք չէ հասկանալ ուղիղ իմաստով, թե՝ այդ մարդիկ անմահ են: Այս խոսքը վերաբերում է այն արդարներին, որոնք գտնվում են առանձնահատուկ հոգևոր վիճակում, այսինքն ներկաների մեջ կան ոմանք, որոնց կհաջողվի պահպանել իրենց հոգին մաքրաքմաքուր՝ մինչև դատաստանի օրը; Բայց սա չի նշանակում, որ նրանք անմահ կլինեն: Մենք գիտենք, որ բոլոր մարդիկ պետք է մահանան և հարություն առնեն՝ դատաստանի համար: Այս խոսքերը կարող է վերաբերել նաև Սուրբ Հոգու ստացմանը՝ Հոգեգալուստին, երբ աշակերտները ստացան և սրբվեցին: Կարող է վերաբերել նաև Հիսուսի Պայծառակերպությանը, որի նյութը կսերտենք վաղը: Այսօր այսքանը: Մնացեք սիրով՝ Քրիստոսին միանալու գաղափարի համար անձը ուրացող և հոգին շահող քրիստոնյաներ:
Հարց. Ո՞րն է պայմանը՝ Քրիստոսին հետևելու.
Տեղեկութիւններ
Սիրելիներ, Մեղաների երկրորդ հատվածը վերաբերում է հոգով և նրա զորությամբ գործած մեղքերին:
Բ. Մեղանչեցի հոգովս և նրա զորություններով, մտքովս և նրա շարժումներով, մարմնովս և նրա զգայարաններով։ Մեղանչեցի հոգուս զորությամբ՝ խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ։
Եկեղեցու վարդապետները սովորաբար որպես մարդ արարածի բաղկացուցիչ մասեր են նշում հոգին, միտքը և մարմինը։ Մարդը մեղանչում է թե՛ հոգով, թե՛ մտքով և թե՛ մարմնով, ուստի և այստեղ խոստովանում է դրանցով իր գործած մեղքերը։ Հոգին նույնպես բաղկացուցիչ մասերից է կազմված, որոնք կոչվում են «զորություններ»։ Հոգին եռամասնյա է։ Այսպիսով՝ հոգու երեք զորություններն են՝ բանական, ցասմնական,և ցանկական: Սրանց հակադիր առաքինություններն են՝ Հույս , հավատ, սեր, որոնցով պետք է պայքարել գործած մեղքերի դեմ: