ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Այսօրվա ընթերցվածքներ.
Պողոս առաքյալի թուղթը Տիտոսին 3.1-15
Ավետարան ըստ Հովհաննեսի 8.21-30
Ավետարան ըստ Մատթևոսի. 16: 13-20
ՊԵՏՐՈՍԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՅԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ
13 Յիսուս Փիլիպպոսի Կեսարիայի կողմերը երթալով՝ իր աշակերտներուն հարցուց ու ըսաւ. «Մարդիկ ո՞վ կ՚ըսեն թէ եմ ես Որդին մարդոյ»։ 14 Անոնք ըսին. «Ոմանք կ՚ըսեն թէ Յովհաննէս Մկրտիչն ես, ուրիշներ՝ Եղիան, ուրիշներ ալ՝ Երեմիան կամ մարգարէներէն մէկը»։ 15 Ըսաւ անոնց. «Հապա դո՞ւք ինծի համար ո՞վ կ՚ըսէք թէ եմ»։ 16 Սիմոն Պետրոս պատասխան տուաւ ու ըսաւ. «Դուն ես Քրիստոսը, կենդանի Աստուծոյ Որդին»։ 17 Յիսուս ըսաւ անոր. «Երանի՜ քեզի, Սիմոն, Յովնանի որդի. վասն զի մարմինը եւ արիւնը քեզի չյայտնեցին ասիկա, հապա իմ Հայրս որ երկինքն է։ 18 Ես քեզի կ՚ըսեմ թէ դուն Պետրոս ես ու այս վէմին վրայ պիտի շինեմ իմ եկեղեցիս եւ դժոխքին դռները անոր պիտի չյաղթեն։ 19 Երկնքի թագաւորութեան բանալիները քեզի պիտի տամ եւ ինչ որ երկրի վրայ կապես, երկնքի մէջ կապուած պիտի ըլլայ ու ինչ որ երկրի վրայ արձակես, երկնքի մէջ արձակուած պիտի ըլլայ»։ 20 Ապա աշակերտներուն պատուիրեց, որ մարդո՛ւ չըսեն թէ ինք Քրիստոսն է։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ աշխարհի բոլոր ծայրերում: Հիսուս Քրիստոսի խոսքերը թող թթխմորի պես խմորի բոլոր հայերին, որոնք փնտրում են Աստծու խոսքը: Բայց մեր թթխմորը թող լինի երկնքի արքայությունը հիշեցնողը, ո՛չ թե փարիսեցիների ուսմունքը:
Այսօրվա ընթերցվածքը մեզ պատմում է Տէր Հիսուսի ճամփորդությունը Կեսարիա՝ աշակերտների հետ միասին: Մենք տեսնում ենք, որ նրանք նույնիսկ ճանապարհը պարապ չեն քայլում, այլ հարցեր է տալիս աշակերտներին: Ինչո՞ւ է հարցեր տալիս Իր մասին տեղեկություն իմանալու համար: Մի՞թե չգիտեր, թե ի՞նչ են մտածում.
Հիսուս Քրիստոս արդեն համոզվել էր, որ Իր գալուստով չի արդարացրել շատերի երազանքը, թե Մեսիան կգա և կփրկի Իսրայելը հռոմեական կայսրության լծից: Նախորդ հանդիպումների ժամանակ ևս համոզվեց, որ այդ ժամանակվա գրագետ մարդիկ, որոնք մարգարեությունները գիտեին, նրանք նույնպես չընդունեցին Քրիստոսին որպես Մեսիա, որին սպասում էին բոլորը:
Պետրոսի տված պատասխանը շատ կարևոր է, քանի որ աշակերտներն էլ դեռ վստահ չէին դավանում Հիսուսին որպես Մեսիա, որպես Փրկիչ: Որովհետև Տէր Հիսուս չի ներկայանում բացահայտ, թե Ի՛նքն է, որին սպասում էին: Բայց մարդիկ իրոք սպասում էին Մեսիային այդ ժամանակ: Ո՛չ թե Փրկիչ էին սպասում, որ իրենց մեղքերից ազատեր, այլ մի զորավոր փրկիչ, որը կվռնդեր հեթանոսներին և կհաստատեր իր թագավորությունը, քանի որ նախկինում ունեցել են մի ժամանակահատված, երբ Իսրայելը ազատագրվել է հեթանոսներից և անկախ է եղել: Նրանք Հիսուսին որպես ազատարար թագավոր էին ուզում: Վերհիշենք հացի առաջին բազմացման հրաշքից հետո բազմությունը հավաքվել էին, որ Հիսուսին թագավոր դարձնեն: Իսկ Տէր Հիսուս արագ հեռացավ նրանցից: Այդ էր պատճառը որ շատերին ասում էր մի բացահայտեք իմ ինքնությունը, քանի որ դեռ ժամանակը չէր հասել: Ինքը ավելի գնահատելի առաքելությամբ էր եկել, քան թագավորի գահ էր: Բայց ժամանակ էր պետք, որ մարդիկ հասկանային:
Սիրելիներ, մենք, որ շատ անգամներ ենք կարդացել Ավետարանը և արդեն գիտենք, թե ինչ է լինելու հետագայում, մեզ համար հասկանալի են Հիսուս Քրիստոսի բոլոր խոսքերը, թե՝ որ խոսքը ի՞նչի համար է ասվում: Վարդապետը գիտեր որ գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են և ինքը շատ զորավոր գործեր պետք է անի Իսրայելի մեջ, բայց ժողովուրդը պատրաստ չէ ընկալելու, քանի որ տարակարծություններ կան մարդկանց մեջ՝ Մարդու Որդու ինքնության հարցում: Այս հարցերը, որ տալիս էր աշակերտներին, նրանց նախապատրաստելու համար էր: Քանի որ ժողովրդի կարծիքը իմանալուց հետո, կամեցավ իմանալ աշակերտների կարծիքը Իր մասին; Այս հարցը իրատեսական է նաև այսօր, աշխարհի համար, և ամեն քրիստոնյայի համար, որպես մեկական աշակերտ: Քրիստոնյայի հավատքի հիմքը իր ճշմարիտ դավանությունն է, որից հետո կառուցվում է ողջ շինությունը: Մի՞թե մեր օրերում բոլորը որպես Փրկիչ են դավանում Քրիստոսին: Անշուշտ ո՛չ: Հետևաբար այս հարցը կախված է օդում նաև մեր օրերում;
Ժողովուրդը կարծում էր, որ Հիսուս Հովհաննես Մկրտիչն է, որին մարդիկ հիշում էին և ընդունում, որպես մարգարե: Կամ ասում էին Եղիան է, որին շատ լավ էին ճանաչում և նրա գալու մասին էլ գիտեին:
Եղիան խստաշունչ մարգարե էր, Հովհաննեսը՝ նույնպես, Երեմիան էլ պակաս չէր սրանցից իր խստությամբ: Ինչո՞ւ էին մարդիկ Հիսուսին համեմատում այսքան խիստ մարգարեների: Այստեղից կարելի է հետևություն անել, որ Քրիստոս Իր մեծ ողորմության հետ մեկտեղ չափազանց կարգապահ և խստապահանջ է եղել խրատների և դաստիարակության հարցում:
Հետաքրքիր էր իմանալ նաև աշակերտների կարծիքը՝ Իր մասին: Առաջինը Սիմոն Պետրոսը պատասխանեց, թե Դո՛ւ Քրիստոսն ես՝ Կենդանի Աստծու Որդին: Երանի է քեզ, Սիմոն, որդի Հովնանի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է:
Տէր Հիսուսի տված այս պատասխանը մեծագույն ուրախություն է, և չափազանց կարևոր լուր՝ այն քրիստոնյայի համար, որը սրտով հավատում է, և լեզվով դավանում է, որ Քրիստոս Աստծու միածին Որդին է և Փրկիչն է աշխարհի: Ինչո՞ւ է ուրախ լուր մեզ համար, որովհետև Հայրն է հայտնում մեզ, ո՛չ թե մենք ենք մեր ուժերով հավատում և դավանում մեր Տիրոջը՝ որպես մեր Փրկիչ: Դառնանք Պետրոսի և Տէր Հիսուսի երկխոսությանը, որ շատ կարևոր նշանակություն ունի բոլորիս համար, այնպես, ինչպես շատ կարևոր էր մյուս աշակերտների համար: Նախ իմանանք, որ Պետրոս՝ հունական անուն է, որը նշանակում է քար, վեմ: Քրիստոս ասում է Պետրոսին, դու վեմ ես և այդ վեմի վրա պիտի շինեմ Ի՛մ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն: Այստեղ ևս մեկ ուրախ լուր՝ եկեղեցու անսասանության վերաբերյալ:
Այստեղ Տիրոջ իրավունքով և իշխանությամբ է ասում այս խոսքերը: Սա արդեն պատվիրան չէ, որ աշակերտները պետք է քարոզեն ու բացատրեն, սա բացառիկ իշխանություն է երկրի վրա Եկեղեցի հիմնելու:
Ասում է Ի՛մ եկեղեցին երկրի վրա, քո ամո՛ւր հավատքի և հաստատ դավանանքի վրա պիտի կառուցեմ: Հիսուս Քրիստոս Իր եկեղեցին որևէ անձի անվան հետ չկապեց երկրի վրա, այլ հավատացյալ ժողովրդի հզոր հավատքի և անկեղծ դավանության վրա: Իր Եկեղեցին հաստատեց, որպեսզի Ավետարան քարոզվի և ապաշխարության հրավեր կատարվի Քրիստոսի հոտի համար:
Չի ասում Պետրոսին, թե՝ դո՛ւ ես տերը երկրի եկեղեցու, այլ հստակ նշում է ամուր հավատքը և դավանությունը: Քանի որ Քրիստոս այդ եկեղեցու միջոցով է, որ պետք է գործի երկրի վրա: Այն հավաքական հավատքի ու դավանության վրա է, որ պետք է հիմնվի քրիստոնեությունը: Եվս մեկ կարևոր լուր մեզ համար, որ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն: Այդ նույն Քրիստոսի Եկեղեցին կամեցել են ոչնչացնել ինչպես Հռոմեական կայսրությունը, այնպես էլ հետագայում բոլշևիկները: Բայց հուրախություն բոլորիս՝ եկեղեցին կանգուն է, որովհետև Քրիստոսահաստատ է, ո՛չ թե մարդահաստատ:
Պետրոսի հավատը կարելի է համեմատել Նոյի, Աբրահամի, նրա զավակների, այնուհետև Մովսեսի հավատի հետ, որոնց հավատին հետևեցին ազգեր ու ժողովուրդներ:
Հետագայում մենք տեսանք Պետրոսի քարոզությունը երեք հազար մարդու առջև, որը իրեն չէր ներկայացնում որպես Քրիստոսի հաջորդ, այլ ներկայացնում էր Քրիստոսին, որին ժողովուրդը մերժել էր:
Քրիստոսն է հիմքը և Հիմնադիրը Եկեղեցու՝ որը ամուր հավատքի տեր հավատացյալների բազմությունն է: Ինչպես որ Պողոս առաքյալն է Եփեսացիներին գրում,- Մեկ Տէր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված, Հայր բոլորի, որ է բոլորի վրա, բոլորի հետ, և մեր բոլորի մեջ: Եփես.4:5
Այդ մեկ եկեղեցին հիմնեց Քրիստոս երկրի վրա, որը պահպանում է առաքելական հաջորդականությունը, Տիեզերական ժողովները՝ հավատքի դավանության վերաբերյալ,Աստվածաշունչը և Սուրբ Հաղորդությունը: Ովքեր այս միաբանության մեջ են, նրանք էլ Քրիստոսի եկեղեցու մեջ են: Պողոս առաքյալը պարզ լեզվով գրել է,- Որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված է այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է: Սիրելիներ բազում օրինակներ կարելի է բերել Ավետարանից, բայց մենք բավարարվենք այսքանով:
Հաջորդ համարում Տէր Հիսուս ասում է Պետրոսին,- Ես քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում: Ինչ որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում: Այստեղ քահանայության հաստատումն է, որ հանձնարարեց առաքյալներին հավասարապես և այն հաջորդաբար փոխանցվեց մինչև մեր օրերը: Քանի որ Հիսուս Քրիստոս մարդուն տվեց այդ իշխանությունը՝ կապելու և արձակելու, ո՛չ թե հրեշտակներին: Այդ պատճառով քահանան վկա է, միջնորդ է մարդու և Աստծու միջև: Շատերը այս հարցը դարձնում են քննարկման թեմա և ասում են որ մարդու և Աստծու միջև չի կարող միջնորդ լինել: Ինչպես որ ասվում է Միակ Միջնորդը Հիսուս Քրիստոսն է, այո, այդպես է: Որովհետև որպես Մարդ- Աստված՝ միակն է Հիսուս Քրիստոս, որպես միջնորդ, այլ Մեսիա չի կարող լինել: Եթե մեկը գա և ասի, որ ինքը Քրիստոսն է, դա կլինի արդեն հակաքրիստոսը: Բայց քահանայությունը հաստատված է Քրիստոս Հիսուսի խոսքով, որը վերջնականապես հաստատեց Իր Համբարձման ժամանակ, տալով պատվեր՝ քարոզելու և մկրտելու: Մեղքերը թողնում է ո՛չ թե քահանան, այլ Աստված՝ քահանայի միջոցով: Հավատացյալը խոստովանում է իր մեղքերը քահանայի առջև՝ Աստծուն միանալու համար: Քահանան միջնորդ է ա՛յս առումով, մեղավոր մարդուն արձակելով մեղքից, և Աստծուն միացնելու համար: Եկեղեցին երկրի վրա երկու մեծ առաքելություն ունի, Ավետարանի ուսուցում և ապաշխարության հրավեր՝ մեղքերից ազատվելու և Աստծուն միանալու: Քրիստոսից անմիջապես հետո ժողովուրդը ընդունում և սիրում էին Պողոսին, Պետրոսի և մյուսներին, ո՛չ թե նրանց իշխանության համար, այլ, որ նրանք Քրիստոսին էի քարոզում իրենց մեջ:
Այն թյուրիմացությունը, որը դարերով փոխանցվել է, թե իբրև Քրիստոս Պետրոսին է հանձնել այդ իշխանությունը միայն, զուտ մարդկային մտքի և իշխանատենչության երևակայություն է, քանի որ Եսայի մարգարեն գրություն ունի այդ մասին, թե,- այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան՝ չի ամաչի։ Եսայի 28:16 Այստեղ հասկանալի է, որ մարդիկ քարին չէին հավատալու, այլ Հիսուս Քրիստոսին: Եսայի մարգարեն այն խիստ մարգարեն էր որ պայքարում էր կռապաշտության դեմ և մարգարեն ասում էր անիծյալ լինի նա, որ հույսը դնում է մարդու վրա: Ուրեմն նաև մարդուն չէ, որ պետք է հավատալ, այլ Հիսուս Քրիստոսին: Քրիստոս ինքն էր փարիսեցիներին մեղադրում միմյանցից փառք առնելու և մեծարանք փնտրելու համար:
Ուրեմն մեկ անգամ էլ անդրադառնանք այն հանգամանքին, որ Քրիստոսի Եկեղեցին հիմնված է ո՛չ թե որևէ անձի, այլ հավատքի ու դավանության վրա, և առաքելություն ունի երկրի վրա:
Սիրելիներ, շատ է ասելիքը, կարճ է ժամանակը, և չեմ ուզում ձեզ շատ ծանրաբեռնել: Մնացեք սիրով՝ մնացեք Քրիստոսի եկեղեցում և հավատացեք սրտով: Անհոգ եղեք եկեղեցին Քրիստոսինն է, և դժոխքի դռները անզոր են նրա առջև: Բայց եկեղեցին ամուր է՝ երբ հավատացյալը ամուր հավատքով:
Հարց. Ինչո՞ւ Հիսուս թույլ չէր տալիս, որ խոսեն Իր ինքնության մասին:
Տեղեկութիւններ
«ԶՂՋՈՒՄՆ»
«Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն»
Սիրելիներ, ինչպես որ խոստացել էի, այսօր սկսում ենք մեղաների շարքը, որը բաղկացած է տաս պարբերությունից: Քանի որ դուք միշտ լսում եք գրաբար, ես այստեղ կկարդամ աշխարհաբար, որ առավել հասկանալի լինի ձեզ::
Ա. (1) Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ։ Մեղանչել եմ Աստծո դեմ։ Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը։
(2) Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ։
Մեղանչեցի Աստծո դեմ։
Ա1. Քանի որ մարդու ցանկացած մեղք՝ գործված սեփական անձի դեմ, թե իր նման մարդու կամ Աստծո որևէ արարածի, ոտնահարումն է Աստծո կամքի և հաճելի չէ Նրան, ուստի և գործվում է Նրա դեմ։ Սա գիտակցելով՝ իր մեղքերը զղջացողը դրանք խոստովանում է Աստծո առաջ՝ որպես իր և Նրա միջև
միջնորդ ունենալով քահանային և բարեխոս՝ սբ. Աստվածածնին։
Ա 2. Մարդը մեղանչում է խորհուրդներով, խոսքերով և գործերով։ Այս մեղքերը կարող են գործվել կամովին, երբ մարդ դրանք սեփական հոժարությամբ ու առանց որևէ պարտադրանքի է գործում.
ակամա, երբ մարդ անզգուշաբար, առանց չար դիտավորության, ինչպես նաև արտաքին կամ ներքին պարտադրանքի տակ է մեղանչում. գիտությամբ, այսինքն՝ քաջ գիտակցելով, որ իր արածը մեղք է,
սակայն չերկյուղելով ու արածի համար ցավ չզգալով. և անգիտությամբ, այսինքն՝ չիմանալով, որ այն, ինչ գործում է, մեղք է։
Ակամա և անգիտությամբ գործված մեղքերը համարվում են ներելի մեղքեր, իսկ գիտությամբ ու կամովին գործվածները՝ մահուչափ կամ մահացու։ Ներելի մեղքերը կարող են ներվել ու քավվել
նաև առանց քահանայի առաջ կատարվող անհատական խոստովանության, միայն զղջմամբ, Աստծուց ներում հայցելով և ընդհանրական խոստովանությամբ, ինչպես նաև ողորմության գործերով, պահքով, հավատքով կատարվող խաչակնքումներով, ու Տերունական այլ աղոթքների արտասանությամբ որոնցով՝ ակամա մեղանչած անձը հավատքով ու Տիրոջ հանդեպ վստահությամբ հանգստացնում է իր խիղճը ։
Ցանկացած մեղք, նույնիսկ շատ փոքր կարծվածը, եթե գործվում է կամովին ու գիտությամբ, և գործողն այնուհետև չի զղջում դրա համար ու չի ապաշխարում, համարվում է մահացու մեղք և չի ներվում։
Եվ հակառակը՝ նույնիսկ ամենածանր մահուչափ, այսինքն՝ կամովին ու գիտությամբ գործված մեղքը դառնում է ներելի և թողության արժանանում, եթե այն գործած անձնավորությունն այնուհետև սրտանց զղջում է դրա համար, մեղքը խոստովանում ու ապաշխարում։ Այսինքն՝ մահացու մեղքի մեջ մնալու և չապաշխարելու պատճառով կարժանանա Տիրոջ դատաստանին ու հավիտենական պատժին։